Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.03.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.07.04/32(906).1 Հոդ.822.22
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
30.03.2012
Подписан
Նախագահող
Дата подписания
30.03.2012
Дата вступления в силу
30.03.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵԿԴ/0094/01/09  

Գործ թիվ ԵԿԴ/0094/01/09

Նախագահող դատավոր՝ Հ. Տեր-Ադամյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Օհանյանի

Հ. Ասատրյանի

 

Ե. Դանիելյանի

Ա. Պողոսյանի

Հ. Ղուկասյանի

 

քարտուղարությամբ

Մ. Պետրոսյանի

 

մասնակցությամբ տուժողի ներկայացուցիչ

 

Հ. Հարությունյանի

 

2012 թվականի մարտի 30-ին

Երևան քաղաքում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2011 թվականի նոյեմբերի 14-ի որոշման դեմ տուժողներ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ, «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ, «Արցախբանկ» ՓԲԸ և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ներկայացուցիչների վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

1. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան) 2009 թվականի հոկտեմբերի 12-ի դատավճռով Կոռնել Կոնստանտին Ռոմիկայի Ստենգաչուն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել. ՀՀ քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ազատազրկման 5 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով` ազատազրկման 6 տարի ժամկետով` ամբողջ գույքի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի 64.142.000 ՀՀ դրամից, ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ազատազրկման 8 տարի ժամկետով` ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված` հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագրավմամբ: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի հիման վրա Կոռնել Կոնստանտին Ռոմիկայի Ստենգաչուի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում 12 տարի ժամկետով` ամբողջ գույքի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի 64.142.000 ՀՀ դրամից, ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված` հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագրավմամբ:

Անդրադառնալով հարուցված քաղաքացիական հայցերին՝ Առաջին ատյանի դատարանը որոշել է.

Քաղաքացիական հայցվոր «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲ ընկերության հայցը բավարարել` ամբաստանյալ Կ.Ստենգաչուից հօգուտ տուժող «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲ ընկերության բռնագանձել 6.400.000 ՀՀ դրամ գումար` որպես հանցագործության հետևանքով պատճառված վնասի հատուցում:

Քաղաքացիական հայցվոր «Ակբա-Կրեդիտ-Ագրիկոլ Բանկ» ՓԲ ընկերության հայցը բավարարել` ամբաստանյալ Կ.Ստենգաչուից հօգուտ տուժող «Ակբա-Կրեդիտ-Ագրիկոլ Բանկ» ՓԲ ընկերության բռնագանձել 1.500.000 ՀՀ դրամ գումար` որպես հանցագործության հետևանքով պատճառված վնասի հատուցում:

Քաղաքացիական հայցվոր «Արցախբանկ» ՓԲ ընկերության հայցը բավարարել` ամբաստանյալ Կ.Ստենգաչուից հօգուտ տուժող «Արցախբանկ» ՓԲ ընկերության բռնագանձել 2.270.000 ՀՀ դրամ գումար` որպես հանցագործության հետևանքով պատճառված վնասի հատուցում:

Քաղաքացիական հայցվոր «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերության հայցը բավարարել մասնակիորեն. ամբաստանյալ Կ.Ստենգաչուից հօգուտ տուժող «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերության բռնագանձել 15.287.000 ՀՀ դրամ գումար` որպես հանցագործության հետևանքով պատճառված վնասի հատուցում, իսկ մնացած մասով հայցը մերժել:

Առաջին ատյանի դատարանը որոշել է նաև իրեղեն ապացույցներ ճանաչված 25.200 եվրոն և 4.040.000 ՀՀ դրամ գումարները, բջջային հեռախոսները և ակնոցը, դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, որպես ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված՝ հանցավոր ճանապարհով ստացված գույք, բռնագրավել:

Դատավճռով որոշվել է նաև ամբաստանյալ Կ.Ստենգաչուից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 477.300 ՀՀ դրամ գումար` որպես դատական ծախսեր:

 2. Վերաքննիչ դատարանի 2010 թվականի հունվարի 11-ի որոշմամբ ամբաստանյալ Կ.Ստենգաչուի, նրա պաշտպան Անժելա Հոբոսյանի և մեղադրող Հովսեփ Սարգսյանի վերաքննիչ բողոքները մերժվել են, իսկ Կոռնել Կոնստանտին Ռոմիկայի Ստենգաչուի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 12-ի դատավճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

3. Վճռաբեկ դատարանի 2010 թվականի մարտի 23-ի որոշմամբ ամբաստանյալ Կ.Ստենգաչուի և վերջինիս պաշտպան Ա.Հոբոսյանի վճռաբեկ բողոքները վերադարձվել են:

 4. Դատավճռի կատարման փուլում քաղաքացիական հայցվորներ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ, «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ, «Արցախբանկ» ՓԲԸ, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ներկայացուցիչները դիմումներ են ներկայացրել Առաջին ատյանի դատարան` քաղաքացիական հայցի մասով դատավճռում առկա անհստակությունը մեկնաբանելու խնդրանքով:

Առաջին ատյանի դատարանը, քննության առնելով անհստակությունը մեկնաբանելու վերաբերյալ վերոնշյալ դիմումները, 2010 թվականի հունիսի 3-ին որոշում է կայացրել դատավճռի անհստակությունը մեկնաբանելու վերաբերյալ:

5. Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի հունիսի 3-ի որոշման դեմ քաղաքացիական հայցվորներ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ, «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ, «Արցախբանկ» ՓԲԸ և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ներկայացուցիչների վերաքննիչ բողոքները Վերաքննիչ դատարանի 2010 թվականի հուլիսի 15-ի որոշմամբ մերժվել են:

Վերաքննիչ դատարանի 2010 թվականի հուլիսի 15-ի որոշման դեմ քաղաքացիական հայցվորներ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ, «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ, «Արցախբանկ» ՓԲԸ և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ներկայացուցիչների վճռաբեկ բողոքները Վճռաբեկ դատարանի 2010 թվականի սեպտեմբերի 2-ի որոշմամբ վերադարձվել են` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով սահմանված հիմքերի առկայությունը հիմնավորված չլինելու պատճառաբանությամբ:

6. «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ, «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ, «Արցախբանկ» ՓԲԸ և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ներկայացուցիչները 2011 թվականի մարտի 2-ին դիմում են ներկայացրել ՀՀ սահմանադրական դատարան` ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու վերաբերյալ:

ՀՀ սահմանադրական դատարանի 2011 թվականի հուլիսի 12-ի ՍԴՈ-983 որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի` «Այդ գույքը ենթակա է բռնագրավման` անկախ դատապարտյալի կամ որևէ երրորդ անձի սեփականությունը հանդիսանալու կամ նրանց կողմից տիրապետելու հանգամանքից» դրույթն իրավակիրառական պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ` այն մասով, որով բռնագրավումից հետո չի երաշխավորում տուժողի (օրինական տիրապետողի) գույքային շահերի և սեփականության իրավունքի անհրաժեշտ պաշտպանություն, ճանաչվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 20-րդ հոդվածի 5-րդ մասի և 31-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին հակասող և անվավեր:

7. «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ, «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ, «Արցախբանկ» ՓԲԸ և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ներկայացուցիչները 2011 թվականի հոկտեմբերի 14-ին նոր հանգամանքի հիմքով վերաքննիչ բողոք են ներկայացրել Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 12-ի դատավճռի դեմ՝ խնդրելով քաղաքացիական հայցի մասով վերանայել այն:

Վերաքննիչ դատարանը 2011 թվականի նոյեմբերի 14-ի որոշմամբ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ, «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ, «Արցախբանկ» ՓԲԸ և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ներկայացուցիչների վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը մերժել է:

8. Վերաքննիչ դատարանի 2011 թվականի նոյեմբերի 14-ի որոշման դեմ տուժողներ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ, «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ, «Արցախբանկ» ՓԲԸ և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ներկայացուցիչները բերել են վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2012 թվականի հունվարի 13-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Գործի փաստական հանգամանքները.

9. Բողոքի հեղինակները վերաքննիչ բողոքում խնդրել են Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 12-ի դատավճիռը (այդ դատավճռի անհստակությունը մեկնաբանելու մասին նույն դատարանի 2010 թվականի հունիսի 3-ի որոշմամբ տրված մեկնաբանությամբ) մասնակիորեն բեկանել` հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքն առաջնահերթ կարգով տուժողներին վերադարձնելու երաշխիքներ չնախատեսելու պատճառաբանությամբ (տե՛ս քրեական գործ, հատոր 11, էջ 6-15):

10. Վերաքննիչ դատարանի 2011 թվականի նոյեմբերի 14-ի որոշմամբ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ, «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ, «Արցախբանկ» ՓԲԸ և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ներկայացուցիչների վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է հետևյալ պատճառաբանությամբ. «(...) Ինչպես երևում է գործի նյութերից, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 12-ի դատավճիռը, այդ դատավճռի անհստակությունը մեկնաբանելու մասին որոշումը բողոքարկվել են վերաքննիչ դատարան և այդ ակտերի բողոքարկման արդյունքում վերաքննիչ դատարանը կայացրել է համապատասխան որոշումներ, որոնք մտել են օրինական ուժի մեջ:

 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4261-րդ հոդվածի համաձայն`

 1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման ենթակա է միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը.

 2. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` Վճռաբեկ դատարանը:

 Ելնելով վերոգրյալներից և նկատի ունենալով, որ վերաքննիչ բողոքի հեղինակների կողմից մատնանշված դատական ակտերի բողոքարկման արդյունքում վերաքննիչ դատարանը կայացրել է համապատասխան որոշումներ, որոնք մտել են օրինական ուժի մեջ, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4261-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը նոր հանգամանքներով վերանայում է Վճռաբեկ դատարանը, գտնում եմ, որ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը պետք է մերժել» (տե՛ս քրեական գործ, հատոր 11, էջ 37-43):

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

11. Բողոքի հեղինակների պնդմամբ Վերաքննիչ դատարանի 2011 թվականի նոյեմբերի 14-ի դատական ակտն անօրինական է, չհիմնավորված և չպատճառաբանված, կայացվել է ՀՀ սահմանադրության, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի խախտումներով:

12. Ի հիմնավորումն վերոնշյալ պնդման՝ բողոքաբերները նշել են, որ Վերաքննիչ դատարանի 2011 թվականի նոյեմբերի 14-ի որոշման մեջ արձանագրված է, թե Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 12-ի դատավճիռը բողոքարկված է եղել վերաքննության կարգով, ուստի նոր հանգամանքով վերանայման խնդրանքը պետք է ներկայացվեր Վճռաբեկ դատարան: Մինչդեռ, բողոք բերած անձանց համար իրավական հետևանքներ առաջացրել է Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 12-ի դատավճիռը, քանի որ ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հովածի 4-րդ մասը կիրառվել է հենց այդ դատական ակտով: Այս կապակցությամբ բողոքաբերները վկայակոչել են ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմի 2011 թվականի մարտի 18-ի ՍԴԴԿՈ/1-9 որոշումը, ըստ որի` «դիմողների նկատմամբ իրավական հետևանքներ առաջացրել է 2009 թվականի հոկտեմբերի 12-ի դատավճիռը, իսկ մնացած դատական ակտերը ուղղված են նշյալ դատավճռի մեկնաբանմանը»:

 Բողոք բերած անձինք փաստարկել են նաև, որ դատավճռի անհստակությունը մեկնաբանելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշման բողոքարկումը չի նշանակում դատավճռի բողոքարկում: Անհստակությունը մեկնաբանելու վերաբերյալ որոշման օրինականության և հիմնավորվածության դատական ստուգման արդյունքում Վերաքննիչ դատարանը չի կարող բեկանել Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, քանի որ կխախտվի դատական ակտը վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում վերանայելու օրենսդրական պահանջը:

Վերոգրյալի հիման վրա բողոքաբերները գտել են, որ վերաքննության կարգով բողոքարկված է եղել միայն Առաջին ատյանի դատարանի դատավճռի անհստակությունը մեկնաբանելու վերաբերյալ 2010 թվականի հունիսի 3-ի որոշումը, այլ ոչ թե վերոնշյալ դատավճիռը: Հետևաբար, դատավճիռը բողոքարկված չլինելու պարագայում անհիմն է Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ դատական ակտը նոր հանգամանքով վերանայելու բողոքը պետք է ներկայացվեր ոչ թե Վերաքննիչ, այլ Վճռաբեկ դատարան:

13. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոքի հեղինակները խնդրել են ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 2011 թվականի նոյեմբերի 14-ի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. օրինական և հիմնավորվա՞ծ է արդյոք Առաջին ատյանի դատարանի դատավճիռը նոր հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ վերաքննիչ բողոքի վարույթ ընդունելը մերժելու մասին Վերաքննիչ դատարանի 2011 թվականի նոյեմբերի 14-ի որոշումը:

15. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4261 -րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման ենթակա է միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4261-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4264 -րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` «Նոր հանգամանքների հետևանքով դատական ակտերը վերանայվում են [այն դեպքում, երբ] Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը տվյալ քրեական գործով դատարանի կիրառած oրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը՝ գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ»:

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 12-րդ մասի համաձայն` «(...) դիմողի նկատմամբ կիրառված օրենքի դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ սահմանադրական դատարանը, որոշման եզրափակիչ մասում բացահայտելով օրենքի դրույթի սահմանադրաիրավական բովանդակությունը, այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող և միաժամանակ գտել է, որ այդ դրույթը նրա նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով»:

Վերոշարադրյալ իրավական դրույթների վերլուծությունից երևում է, որ նոր հանգամանքի հիմքով վերանայման ենթակա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտը:

16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 12-ի դատավճռով քաղաքացիական հայցվորների հայցերը բավարարվել են: Վերոնշյալ դատավճռով որոշվել է նաև իրեղեն ապացույց ճանաչված 25.200 եվրոն և 4.040.000 ՀՀ դրամ գումարները, բջջային հեռախոսները և ակնոցը՝ որպես ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցավոր ճանապարհով ստացված գույք, բռնագրավել: Առաջին ատյանի դատարանի դատավճիռը քաղաքացիական հայցվորների կողմից չի բողոքարկվել:

Դատավճռի կատարման փուլում քաղաքացիական հայցվորները դիմումներ են ներկայացրել Առաջին ատյանի դատարան` քաղաքացիական հայցի մասով դատավճռում առկա անհստակությունը մեկնաբանելու խնդրանքով: 2010 թվականի հունիսի 3-ին Առաջին ատյանի դատարանը կայացրել է դատավճռի անհստակությունը մեկնաբանելու վերաբերյալ որոշում, որը քաղաքացիական հայցվորները բողոքարկել են վերաքննության կարգով: Վերաքննիչ դատարանի 2010 թվականի հուլիսի 15-ի որոշմամբ քաղաքացիական հայցվորների վերաքննիչ բողոքները մերժվել են:

Վերաքննիչ դատարանի որոշման դեմ քաղաքացիական հայցվորների կողմից բերված վճռաբեկ բողոքները Վճռաբեկ դատարանի 2010 թվականի սեպտեմբերի 2-ի որոշմամբ վերադարձվել են:

2011 թվականի մարտի 2-ին քաղաքացիական հայցվորները դիմում են ներկայացրել ՀՀ սահմանադրական դատարան` ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու վերաբերյալ: ՀՀ սահմանադրական դատարանը 2011 թվականի հուլիսի 12-ին որոշել է ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի` «Այդ գույքը ենթակա է բռնագրավման` անկախ դատապարտյալի կամ որևէ երրորդ անձի սեփականությունը հանդիսանալու կամ նրանց կողմից տիրապետելու հանգամանքից» դրույթն իրավակիրառական պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ` այն մասով, որով բռնագրավումից հետո չի երաշխավորում տուժողի (օրինական տիրապետողի) գույքային շահերի և սեփականության իրավունքի անհրաժեշտ պաշտպանություն, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 20-րդ հոդվածի 5-րդ մասի և 31-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին հակասող և անվավեր:

Քաղաքացիական հայցվորները 2011 թվականի հոկտեմբերի 14-ին վերաքննիչ բողոք են ներկայացրել՝ խնդրելով նոր հանգամանքի հիմքով, քաղաքացիական հայցի մասով վերանայել Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 12-ի դատավճիռը: Վերաքննիչ դատարանի 2011 թվականի նոյեմբերի 14-ի որոշմամբ քաղաքացիական հայցվորների վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է (տե՛ս սույն որոշման 1-10-րդ կետերը):

17. Սույն որոշման 15-րդ կետում շարադրված և վերլուծված իրավական դրույթների լույսի ներքո մեկնաբանելով սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը նոր հանգամանքով վերանայելու վերաբերյալ բողոքաբերների խնդրանքը մերժելիս Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 12-ի դատավճիռը վերաքննության կարգով բողոքարկվել է ամբաստանյալի, պաշտպանի և մեղադրողի կողմից, իսկ քաղաքացիական հայցվորները վերաքննության կարգով բողոքարկել են ոչ թե Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ դատավճիռը, այլ դրանում առկա անհստակությունը մեկնաբանելու վերաբերյալ նույն դատարանի 2010 թվականի հունիսի 3-ի որոշումը: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև դատավճռի անհստակությունը մեկնաբանելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումը ածանցյալ է սույն գործով նույն դատարանի կողմից կայացված դատավճռից այն առումով, որ դրանում մեկնաբանված է դատավճռի բովանդակությունը, սակայն, ի տարբերություն դատավճռի, անհստակությունը մեկնաբանելու վերաբերյալ որոշման մեջ սահմանված չեն քաղաքացիական հայցվորների իրավունքները և պարտականությունները:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 12-ի դատավճիռը քաղաքացիական հայցի, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառման իրավաչափության մասով Վերաքննիչ դատարան բողոքարկված չի եղել: Այլ կերպ ասած, բողոքաբերների կողմից Վերաքննիչ դատարան ներկայացված խնդրանքը վերաբերել է մի հարցի, որը, լուծված լինելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտով, բողոքարկված և վերստին քննված չի եղել վերադաս դատական ատյանի կողմից, ուստի, տուժողներն իրավամբ նոր հանգամանքով Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 12-ի դատավճիռը վերանայելու վերաբերյալ բողոքը ներկայացրել են Վերաքննիչ և ոչ թե Վճռաբեկ դատարան:

18. Հիմք ընդունելով սույն որոշման 14-17-րդ կետերում շարադրված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը նոր հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին Վերաքննիչ դատարանի 2011 թվականի նոյեմբերի 14-ի որոշումն օրինական և հիմնավորված չէ:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տուժողներ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ, «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ, «Արցախբանկ» ՓԲԸ և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ներկայացուցիչների վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին 2011 թվականի նոյեմբերի 14-ի դատական ակտով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ դատավարական իրավունքի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա:

Վերոնշյալ հանգամանքը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ և 419-րդ հոդվածների համաձայն, հիմք է դատական ակտը բեկանելու և գործը Վերաքննիչ դատարան՝ նոր քննության ուղարկելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Տուժողներ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ, «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ, «Արցախբանկ» ՓԲԸ և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ներկայացուցիչների վերաքննիչ բողոքի վարույթ ընդունելը մերժելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2011 թվականի նոյեմբերի 14-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

 

Ս. Օհանյան

 

Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

 

Հ. Ղուկասյան