Գլխավոր տեղեկություն
Номер
N 1588-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (05.07.2012-24.10.2015)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2002.10.30/46(221) Հոդ.1073
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.09.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.10.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.10.2002
Дата вступления в силу
31.10.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
21.09.2017

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 հոկտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 սեպտեմբերի 2002 թվականի N 1588-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ   ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(Վերնագիրը լրաց. 27.11.03 N 1555-Ն, փոփ. 15.05.08 N 653-Ն)

 

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերին, 11-րդ հոդվածի 1-ին կետին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրով սահմանված Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգի 4-րդ կետին համապատասխան և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի N 199 որոշման 2-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

ա) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի օգտակար հանածոների պաշարների գործակալության կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի օգտակար հանածոների պաշարների գործակալության կառուցվածքը՝ համաձայն N 2 հավելվածի:

(1-ին կետը լրաց. 27.11.03 N 1555-Ն, փոփ. 15.05.08 N 653-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հոկտեմբերի 9
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 26-ի N 1588-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ էներգետիկայի ԵՎ բնական պաշարների ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

(Վերնագիրը լրաց. 27.11.03 N 1555-Ն, փոփ. 15.05.08 N 653-Ն)

 

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի օգտակար հանածոների պաշարների գործակալությունը (այսուհետ` գործակալություն) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, մատուցում է պետական ընդերքաբանական փորձաքննության (այսուհետ` փորձաքննություն) ծառայություններ ընդերքի ուսումնասիրման, երկրաբանատնտեսագիտական գնահատման և շահագործման բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:

(1-ին կետը լրաց., փոփ. 27.11.03 N 1555-Ն, փոփ. 15.05.08 N 653-Ն, խմբ. 28.07.11 N 1039-Ն)

2. Գործակալությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Գործակալությունը գործում է սույն կանոնադրության համաձայն, որը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(2-րդ կետը փոփ. 15.05.08 N 653-Ն)

3. Գործակալության լիազորությունները սահմանվում են օրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

(3-րդ կետը խմբ. 27.11.03 N 1555-Ն)

4. Գործակալությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Գործակալությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

6. Գործակալությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

Գործակալության կրճատ անվանումն է՝ ՀՀ ՕՀՊԳ:

 

II. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

7. Գործակալության նպատակն ու խնդիրը երկրաբանական տեղեկության արժանահավատությունը գնահատելը, կոնդիցիաներն ու պաշարները հաստատելը, պաշարների դուրսգրման հիմնավորվածության մասին եզրակացություն տալն են:

(7-րդ կետը խմբ. 28.07.11 N 1039-Ն, 22.06.12 N 770-Ն)

 

III. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

8. Գործակալությունն իր նպատակների և խնդիրների լուծման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) օգտակար հանածոների հանքավայրերի հետախուզման տարբեր փուլերում և շահագործման ժամանակ դրանց երկրաբանատնտեսագիտական գնահատման նյութերի փորձաքննություն` համապատասխան կոնդիցիաների պարամետրերի հաստատմամբ,

բ) հանքավայրերի մանրազնին հետախուզման ու վերագնահատման արդյունքներով ընդերքում օգտակար հանածոների պաշարների հաշվարկման նյութերի փորձաքննություն` այդ պաշարների հաստատմամբ կամ վերահաստատմամբ,

գ) շահագործվող հանքավայրերում պաշարների շարժի հաշվառման նյութերի փորձաքննություն` համապատասխան եզրակացությունների տրամադրմամբ:

(8-րդ կետը փոփ., լրաց., խմբ. 27.11.03 N 1555-Ն, խմբ. 28.07.11 N 1039-Ն)

 

IV. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

9. Գործակալությունը կառավարում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարը (այսուհետ՝ նախարար): Գործակալության անմիջական ղեկավարումն իրականացնում է գործակալության պետը, որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է օրենքով սահմանված կարգով:

Իր գործունեության ընթացքում գործակալության պետն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, նախարարության և սույն կանոնադրություններով, ինչպես նաև այլ իրավական ակտերով ու Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

(9-րդ կետը խմբ. 27.11.03 N 1555-Ն, փոփ. 15.05.08 N 653-Ն)

10. Գործակալության պետը պատասխանատու է գործակալությանը վերապահված խնդիրներն ու գործառույթները ժամանակին և որակով իրականացնելու, ինչպես նաև դրանց՝ օրենքներին ու այլ իրավական ակտերին համապատասխանության համար:

11. Գործակալության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին, նախարարին, գործակալության գործունեությունը համակարգող նախարարի համապատասխան տեղակալին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին:

12. Գործակալության պետը`

ա) ղեկավարում է գործակալության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է գործակալության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

բ) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին ներկայացնում է առաջարկություններ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների ու խնդիրների վերաբերյալ.

գ) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և գործակալության անունից, ինչպես նաև տալիս է գործակալության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) ի պաշտոնե նախագահում է նախարարի հրամանով կազմավորվող Հայաստանի Հանրապետության պետական ընդերքաբանական փորձաքննության հանձնաժողովի լիագումար նիստը.

ե) (ենթակետն ուժը կորցրել է 28.07.11 N 1039-Ն)

զ) (ենթակետն ուժը կորցրել է 28.07.11 N 1039-Ն)

է) իր իրավասության սահմաններում գործակալության աշխատողներին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին ներկայացնում է առաջարկություններ այդ աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.

ը) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն գործակալության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.

թ) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, ինչպես նաև նախարարի համապատասխան տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին.

ժ) նախարարության և սույն կանոնադրություններին համապատասխան սահմանում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.

ժա) (ենթակետն ուժը կորցրել է 28.07.11 N 1039-Ն)

ժբ) լսում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.

ժգ) իրականացնում է վերահսկողություն գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

ժդ) նախարարին ներկայացնում է առաջարկություններ գործակալության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև գործակալության խորհրդակցական մարմիններ ստեղծելու մասին.

ժե) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.

ժզ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

(12-րդ կետը խմբ. 27.11.03 N 1555-Ն, փոփ. 28.07.11 N 1039-Ն)

13. Գործակալության պետն ունի տեղակալ:

Գործակալության պետի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում հարցը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

 

V. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

14. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության և սույն կանոնադրություններով գործակալությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:

15. Գործակալությունն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ:

(15-րդ կետը փոփ. 28.07.11 N 1039-Ն)

16. Գործակալության պետի ներկայացմամբ՝ նախարարի հրամանով գործակալությունում ստեղծվում և գործում է պետական ընդերքաբանական փորձաքննության հանձնաժողով, որը գործում է նախարարի կողմից հաստատված կանոնակարգով:

17. Գործակալությունը պատասխանատվություն է կրում միայն ներկայացված նյութերի հիման վրա իր կողմից ընդունված որոշումների հավաստիության և արժանահավատության համար:

18. Գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:

19. Գործակալության վերակազմակերպման ու նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:

(Հավելվածը լրաց., փոփ., խմբ.  27.11.03 N 1555-Ն, փոփ. 15.05.08 N 653-Ն, խմբ., փոփ. 28.07.11 N 1039-Ն, խմբ. 22.06.12 N 770-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 26-ի N 1588-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ Հանրապետության էներգետիկայի եվ բնական պաշարների նախարարություն ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

(Վերնագիրը լրաց. 27.11.03 N 1555-Ն, փոփ. 15.05.08 N 653-Ն)

 

Հանքավայրերի արդյունաբերական գնահատման բաժին

 

Օգտակար հանածոների պաշարների բաժին

 

Օգտակար հանածոների պաշարների շարժի բաժին

 

(Հավելվածը լրաց. 27.11.03 N 1555-Ն, փոփ. 15.05.08 N 653-Ն, լրաց. 28.07.11 N 1039-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան