ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 օգոստոսի 2012 թվականի N 1079-Ն
ԲՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱԳԼԽԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ի N 1128-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 69-րդ և 81-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
1) բնության և շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի օգտագործման և հատկացումների չափերի հաշվարկման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) մասնագիտական հանձնաժողովի կազմը` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝
1) եռամսյա ժամկետում հաստատել ռեկուլտիվացիոն աշխատանքների նախահաշվային արժեքների հաշվարկման և ինդեքսավորման կարգը.
2) երկամսյա ժամկետում հաստատել սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված մասնագիտական հանձնաժողովի աշխատակարգը և անհատական կազմը՝ սահմանելով, որ մասնագիտական հանձնաժողովի գործունեության նպատակը ընդերքօգտագործողներին դրամագլխից հատկացումներ կատարելու համար լիազոր մարմնի ղեկավարի կողմից որոշում ընդունելու համար ընդերքօգտագործողների կողմից կատարված ռեկուլտիվացիոն աշխատանքների վերաբերյալ մասնագիտական եզրակացություն տրամադրելն է:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝ բնության և շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի գումարների պահման նպատակով կենտրոնական գանձապետարանում բացել լիազոր մարմնի արտաբյուջետային հաշիվ:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 14-ի «Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի օգտագործման և հատկացումների չափերի որոշման կարգը հաստատելու մասին» N 1128-Ն որոշումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. օգոստոսի 29 Երևան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 23-ի N 1079-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԲՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱԳԼԽԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 69-րդ հոդվածով սահմանված՝ բնության և շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի (այսուհետ` դրամագլուխ) օգտագործման և հատկացումների չափերի հաշվարկման հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն են`
1) ռեկուլտիվացիոն աշխատանքներ` օգտակար հանածոների արդյունահանման նախագծով (այսուհետ՝ նախագիծ) կամ օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության ծրագրով (այսուհետ՝ ծրագիր) բնության և շրջակա միջավայրի պահպանության նպատակով նախատեսված ընդերքօգտագործման արդյունքում խախտված հողերի վերականգնմանն ուղղված (անվտանգ կամ օգտագործման համար պիտանի վիճակի բերելու) միջոցառումներ.
2) հաշվարկման բազային չափ` նախագծով և (կամ) ծրագրով և (կամ) ընդերքօգտագործման պայմանագրով (այսուհետ՝ պայմանագիր) նախատեսված ռեկուլտիվացիոն աշխատանքների նախահաշվային արժեք.
3) սույն կարգում օգտագործվող մյուս հասկացությունները կիրառվում են այն իմաստով, որոնք սահմանված են օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի «Հողերի ռեկուլտիվացմանը ներկայացվող պահանջների և ռեկուլտիվացման ենթակա` խախտված հողերի դասակարգման տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 750-Ն որոշմամբ:
II. ԴՐԱՄԱԳԼԽԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԸ
3. Սույն կարգի համաձայն դրամագլխին հատկացումներ կատարողներ են օրենսգրքով սահմանված ընդերքօգտագործողները:
III. ԴՐԱՄԱԳԼԽԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
4. Դրամագլխին հատկացման ենթակա գումարներն ընդերքօգտագործողի կողմից հատկացվում են նախնական հատկացման և ընթացիկ հատկացումների ձևով:
5. Դրամագլխին նախնական հատկացումն ընդերքօգտագործողի կողմից կատարվում է համապատասխան պայմանագրի ստորագրման օրվանից հետո մեկ ամսվա ընթացքում:
6. Ընթացիկ հատկացումները կատարվում են համապատասխան ընդերքօգտագործման պայմանագրով ռեկուլտիվացիոն աշխատանքների կատարման համար սահմանված ժամանակահատվածի ընթացքում` այդ պայմանագրով սահմանված ժամանակացույցով նախատեսված ժամկետներում:
7. Պայմանագրով ընթացիկ հատկացումների կատարման ժամանակացույց սահմանված չլինելու դեպքում հատկացումները կատարվում են ընդերքօգտագործման իրավունքով սահմանված ժամանակահատվածի յուրաքանչյուր տարվա համար` մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 30-ը՝ հատկացումների չափը հաշվարկելով սույն կարգի 13-րդ կետում նշված կարգով (բանաձևով)` Ժ-ն հաշվարկելով կամ ընդունելով որպես ընդերքօգտագործման իրավունքով սահմանված ժամկետ՝ տարիներով։
8. Ընթացիկ հատկացումները կատարվում են ռեկուլտիվացիոն աշխատանքների կատարման համար սահմանված ժամանակահատվածի յուրաքանչյուր տարվա համար:
9. Վերջին տարվա համար ընթացիկ հատկացումներ չեն կատարվում:
10. Ընդերքօգտագործողի կողմից իր պարտավորությունների կատարումից հետո մեկ ամսվա ընթացքում լիազոր մարմնի և ընդերքօգտագործողի կողմից կազմվում է դրամագլխին ընդերքօգտագործողի կողմից կատարված հատկացումների և դրամագլխից ընդերքօգտագործողին տրամադրված գումարների փոխադարձ հաշիվների մասին ակտ (այսուհետ` վերջնահաշվարկ), որի հիման վրա դրամագլխին հատկացված գումարի մնացորդը` վերջնահաշվարկը, կողմերի կողմից ստորագրվելուց հետո 20 բանկային օրվա ընթացքում վերադարձվում է ընդերքօգտագործողին։
IV. ԴՐԱՄԱԳԼԽԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ ՈՐՈՇԵԼԸ
11. Դրամագլխին հատկացումները կատարվում են Հայաստանի Հանրապետության դրամով:
12. Նախնական հատկացման չափը սահմանվում է համապատասխան ընդերքօգտագործման պայմանագրով, և այն չպետք է պակաս լինի դրամագլխին կատարվող հատկացումների հաշվարկման բազային չափի 15 տոկոսից:
13. Հատկացման ժամանակահատվածի յուրաքանչյուր տարվա կտրվածքով դրամագլխին հատկացման ենթակա ընթացիկ հատկացումների գումարը չպետք է պակաս լինի հատկացումների նվազագույն չափից, որը հաշվարկվում է հետևյալ կերպ`
ԴՎ = (ՀԲ-ՆՎ)/Ժ,
որտեղ`
1) ԴՎ-ն դրամագլխին կատարվող տարեկան հատկացումների նվազագույն չափն է` հազ. դրամներով, ստորակետից հետո մեկ նիշի ճշտությամբ.
2) ՀԲ-ն դրամագլխին կատարվող հատկացումների հաշվարկման բազային չափն է` հազ. դրամներով.
3) ՆՎ-ն դրամագլխին կատարվող նախնական հատկացման չափն է` հազ. դրամներով.
4) Ժ-ն ռեկուլտիվացիոն աշխատանքների կատարման ժամկետն է` տարիներով:
14. Եթե հաշվետու տարվա արդյունքներով ընդերքօգտագործողի կողմից կատարված և համապատասխան կատարողական ակտերով հավաստված ռեկուլտիվացիոն աշխատանքների ծավալը գումարային առումով գերազանցում է տվյալ ընդերքօգտագործողի ենթահաշվում առկա մնացորդի գումարը, ապա այդ գերազանցող տարբերության չափով պակասեցվում է հաշվետու տարվան հաջորդող տարվա ընթացիկ հատկացման չափը:
V. ԴՐԱՄԱԳԼԽԻՑ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՈՂԻՆ ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ ՈՐՈՇԵԼԸ
15. Սույն կարգի համաձայն ընդերքօգտագործողի դրամագլխից հատկացումներ են կատարվում լիազոր մարմնի ղեկավարի որոշմամբ, որի ընդունման համար հիմք է ծառայում լիազոր մարմնին կից ստեղծված մասնագիտական հանձնաժողովի եզրակացությունը:
16. Ընդերքօգտագործողին դրամագլխից հատկացումներ են կատարվում տարեկան կտրվածքով:
17. Դրամագլխից հաշվետու տարվա համար հատկացումներ ստանալու նպատակով ընդերքօգտագործողը լիազոր մարմին է ներկայացնում հաշվետու տարվա ընթացքում ռեկուլտիվացիոն աշխատանքների գծով կատարված ծավալները՝ համաձայն կազմված կատարողական ակտերի:
18. Լիազոր մարմինը սույն կարգի 17-րդ կետում նշված կատարողական ակտերն ստանալու օրվանից հետո 15-օրյա ժամկետում՝
1) իրականացնում է ուսումնասիրություն՝ ռեկուլտիվացիոն աշխատանքների կատարման հավաստիությունն ու որակը կատարողական ակտերին համապատասխանությունը որոշելու նպատակով, ուսումնասիրման արդյունքները ներկայացնում է մասնագիտական հանձնաժողովին՝ կարծիքի.
2) մասնագիտական հանձնաժողովի կողմից ընդերքօգտագործողների կատարած ռեկուլտիվացիոն աշխատանքների վերաբերյալ մասնագիտական եզրակացությունն ստանալուց հետո, դրա հիման վրա, ընդունում է որոշում ընդերքօգտագործողին դրամագլխից գումար հատկացնելու կամ չհատկացնելու մասին: Ընդունված որոշման մեկ օրինակը լիազոր մարմնի կողմից 5-օրյա ժամկետում տրամադրվում է ընդերքօգտագործողին:
19. Ընդերքօգտագործողին դրամագլխից գումար հատկացնելու մասին որոշման ընդունման դեպքում այդ որոշման մեջ նշվում է հատկացման գումարը, որը մասնագիտական հանձնաժողովի՝ ռեկուլտիվացիոն աշխատանքների վերաբերյալ դրական եզրակացության առկայության դեպքում պետք է հավասար լինի հաշվետու ժամանակահատվածում կատարված և համապատասխան կատարողական ակտերով ընդունված աշխատանքների նախահաշվային արժեքներին:
20. Հաշվետու ժամանակահատվածի ընթացքում կատարված ռեկուլտիվացիոն աշխատանքները ոչ լրիվ ծավալով ընդունվելու դեպքում` դրամագլխից ընդերքօգտագործողին գումարները հատկացվում են ընդունված կատարողական ակտերին համապատասխանող չափերով:
21. Լիազոր մարմնի համար հաշվետու տարվա արդյունքներով դրամագլխից ընդերքօգտագործողին գումար չհատկացնելու մասին որոշում ընդունելու հիմք է մասնագիտական հանձնաժողովի բացասական եզրակացությունը, մասնավորապես`
1) ռեկուլտիվացիոն աշխատանքների կատարման ցածր որակը.
2) դրանց անհամապատասխանությունը նախագծին և (կամ) ծրագրին և (կամ) պայմանագրին:
22. Ընդերքօգտագործողին դրամագլխից գումար հատկացնելու մասին որոշման ընդունման դեպքում լիազոր մարմինը 10 բանկային օրվա ընթացքում, նշված որոշման համաձայն, դրամագլխից ընդերքօգտագործողին հատկացման ենթակա գումարը փոխանցում է նրա բանկային հաշվին:
23. Լիազոր մարմնի և ընդերքօգտագործողի փոխադարձ համաձայնությամբ` փոխադարձ հաշվարկների ակտի ստորագրման միջոցով դրամագլխից ընդերքօգտագործողին հաշվետու տարվա արդյունքներով հատկացման կամ վերադարձման ենթակա գումարը կարող է հաշվանցվել որպես հաշվետու տարվան հաջորդող տարվա (տարիների) համար դրամագլխին հատկացման ենթակա ընթացիկ հատկացման գումար:
VI. ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՍԵՓԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑԻՈՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
24. Լիազոր մարմինը, հիմք ընդունելով օրենսգրքի 70-րդ հոդվածը և ընդերքօգտագործողին դրամագլխից գումար չհատկացնելու մասին որոշումը, սեփական նախաձեռնությամբ դրամագլխի միջոցների հաշվին ձեռնարկում է ընդերքօգտագործողի կողմից չկատարված ռեկուլտիվացիոն աշխատանքների համար անհրաժեշտ միջոցառումները` դրա մասին նախապես` առնվազն մեկ ամիս առաջ ծանուցելով ընդերքօգտագործողին:
25. Համաձայն օրենսգրքի 70-րդ հոդվածի` լիազոր մարմինն իր նախաձեռնությամբ ռեկուլտիվացիոն աշխատանքների կատարումն սկսելու կամ շարունակելու մասին որոշում ընդունելուց հետո`
1) եռամսյա ժամկետում, մասնագիտական հանձնաժողովի եզրակացության հիման վրա, ճշտում է ընդերքօգտագործողի կողմից չկատարված ռեկուլտիվացիոն աշխատանքների ծավալները.
2) եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատում (վերահաստատում) է ռեկուլտիվացիոն աշխատանքների կատարման նոր տեխնիկական բնութագրերը.
3) 5-ամսյա ժամկետում` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընթացակարգերով կազմակերպում է ռեկուլտիվացիոն աշխատանքների գնման գործընթացը:
26. Լիազոր մարմնի նախաձեռնությամբ ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման դեպքում այդ աշխատանքները ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգին համապատասխան:
27. Ռեկուլտիվացիոն աշխատանքների ավարտից հետո լիազոր մարմինը մեկամսյա ժամկետում ճշտում է դրանց իրականացման համար դրամագլխից կատարված հատկացումների ծավալները և սահմանված կարգով համապատասխան հայցադիմում ներկայացնում` ընդերքօգտագործողից դատական կարգով` լիազոր մարմնի նախաձեռնությամբ իրականացված ռեկուլտիվացիոն աշխատանքների վրա կատարված ծախսերին համապատասխանող գումարների չհատուցված մասի վերականգնման համար:
28. Ռեկուլտիվացիոն աշխատանքների մեծ ծավալների, ինչպես նաև տվյալ ընդերքօգտագործողի ենթահաշվում անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայության կամ սակավության դեպքերում լիազոր մարմինը դատական կարգով հայցադիմում է ներկայացնում, ըստ անհրաժեշտության, ռեկուլտիվացիոն աշխատանքների հերթական փուլի ավարտից հետո` ելնելով փաստացի կատարված աշխատանքների ծավալից:
VII. ԴՐԱՄԱԳԼԽԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
29. Դրամագլխի գումարները Հայաստանի Հանրապետության կենտրոնական գանձապետարանի լիազոր մարմնի արտաբյուջետային հաշվում պահվում են ըստ ընդերքօգտագործողների` նրանցից յուրաքանչյուրի համար սահմանված կարգով բացված ենթահաշիվներում:
30. Դրամագլխից կատարվող հատկացումների գլխավոր կարգադրիչ է համարվում լիազոր մարմնի ղեկավարը:
31. Դրամագլխի գումարների հաշվառումը, սպասարկումը և վերահսկողությունն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 404 որոշմամբ հաստատված կարգին համապատասխան:
VIII. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
32. Սույն կարգի կիրառման հետ կապված վեճերը լուծվում են դատական կարգով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 23-ի N 1079-Ն որոշման |
Կ Ա Զ Մ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի առաջին
տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության
աշխատակազմի երեք ներկայացուցիչ
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ներկայացուցիչ
Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների
նախարարության աշխատակազմի երկու ներկայացուցիչ
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ներկայացուցիչ
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության
աշխատակազմի ներկայացուցիչ
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության
աշխատակազմի ներկայացուցիչ
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության
«Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության ներկայացուցիչ
(համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի
կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ներկայացուցիչ
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ներկայացուցիչ
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ներկայացուցիչ
Հայաստանի Հանրապետության հանրային խորհրդի ներկայացուցիչ
(համաձայնությամբ)
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Համապատասխան մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |