ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
8 հունիսի 2012 թ. |
2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԹԻՎ 3 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի ԹԻՎ 23-Ա ՈՐՈՇՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ՝
դիմող կողմի` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 3 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Մ. Գասպարյանի ներկայացուցիչ Ա. Գասպարյանի,
գործով որպես պատասխանող կողմ ներգրավված՝ թիվ 3 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչներ` թիվ 3 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վ. Զեյնալյանի և ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ն. Հովհաննիսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 3.1-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25 և 74-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2012 թվականի մայիսի 6-ի ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրության արդյունքներով թիվ 3 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2012 թվականի մայիսի 11-ի թիվ 23-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 3 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Մ. Գասպարյանի` 16.05.2012թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը 2012թ. մայիսի 21-ի աշխատակարգային նիստում քննարկելով վերոհիշյալ դիմումի ընդունելիության հարցը` որոշում է կայացրել «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ, 5-րդ մասերի և 74-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին համապատասխան գործն ընդունել քննության և որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավել թիվ 3 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին: Նշված որոշմամբ գործով զեկուցող է նշանակվել ՀՀ սահմանադրական դատարանի անդամ Կ. Բալայանը:
Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, կողմերի և նրանց ներկայացուցիչների գրավոր բացատրությունները, հետազոտելով դիմումը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններն անցկացվել են 2012 թվականի մայիսի 6-ին՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 68-րդ հոդվածում նախատեսված ժամկետում: Ընտրությունների կազմակերպման և անցկացման նպատակով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածով նախատեսված հիմքերով կազմավորվել է թիվ 3 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը: Ընտրատարածքը ներառում է թվով 35 ընտրական տեղամաս:
Թիվ 3 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով գրանցվել ու քվեաթերթիկներում ընդգրկվել են Ազգային ժողովի պատգամավորի 4 /չորս/ թեկնածու: Ըստ թիվ 3 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ամփոփիչ արձանագրության՝ ընտրողների ընդհանուր թիվը 64027 է, իսկ ընտրություններին մասնակցել է 37596 ընտրող: Թեկնածուների օգտին տրված ձայների թիվը 35035 է, որը բաշխվել է հետևյալ կերպ. Գասպարյան Մանուել Մանուկի` 5145, Շահգելդյան Մհեր Լևոնի` 2272, Ստեփանյան Արթուր Արսենի` 14332, Տոնոյան Աշոտ Ռոբերտի` 13286: Անճշտությունների թիվը կազմել է 214:
Թիվ 3 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2012թ. մայիսի 11-ի թիվ 23-Ա որոշումով թիվ 3 ընտրատարածքից Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավոր է ընտրվել Ա. Ստեփանյանը:
2. Դիմելով սահմանադրական դատարան՝ դիմողը խնդրել է.
- անվավեր ճանաչել «Թիվ 3 ընտրատարածքի մեծամասնական պատգամավորի թեկնածու Մանուել Գասպարյանի դիմումների քննարկման մասին» թիվ 3 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2012թ. մայիսի 11-ի թիվ 20-Ա որոշումը,
- անվավեր ճանաչել «Թիվ 3 ընտրատարածքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու մասին» թիվ 3 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2012թ. մայիսի 11-ի թիվ 23-Ա որոշումը,
- չկայացած ճանաչել 2012թ. մայիսի 6-ի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրությունների թիվ 3 ընտրատարածքի մեծամասնական ընտրակարգով ընտրությունները:
Սահմանադրական դատարանն իր` 21.05.2012թ. ՍԴԱՈ-32 աշխատակարգային որոշմամբ գործը քննության է ընդունել «Թիվ 3 ընտրատարածքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու մասին» թիվ 3 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2012թ. մայիսի 11-ի թիվ 23-Ա որոշումը վիճարկելու մասով:
Դիմող կողմը թիվ 3 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի թիվ 20-Ա որոշման առնչությամբ նշում է, որ թիվ 3 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը, 2012թ. մայիսի 6-ի քվեարկության օրը տեղամասային ընտրական հանձնաժողովներին հանձնարարելով ՀՀ ընտրական օրենսգրքի 66-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հատուկ նյութի փոխարեն օգտագործել սովորական թանաք, խախտել է ՀՀ ընտրական օրենսգրքի 66-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը:
Ինչ վերաբերում է թիվ 3 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի` «Թիվ 3 ընտրատարածքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու մասին» 2012թ. մայիսի 11-ի թիվ 23-Ա որոշմանը, ապա դիմողն այդ որոշումը դիտարկում է որպես ՀՀ ընտրական օրենսգրքի 66-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջի վերոհիշյալ խախտման «տրամաբանական անօրինական շարունակություն»:
3. Պատասխանող կողմը թիվ 3 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի` «Թիվ 3 ընտրատարածքի մեծամասնական պատգամավորի թեկնածու Մանուել Գասպարյանի դիմումների քննարկման մասին» 2012թ. մայիսի 11-ի թիվ 20-Ա որոշման առնչությամբ գտնում է, որ վերջինս չի կարող վիճարկվել սահմանադրական դատարանում` ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 3.1-րդ կետի հիմքով ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերի շրջանակում, քանի որ չի հանդիսանում ընտրության արդյունքներով կայացված որոշում: Դիմող կողմը զրկված չի եղել այդ որոշումը վերադասության կամ դատական կարգով բողոքարկելու իրավունքից: Սահմանադրական դատարան ներկայացված դիմումի միակ հիմքը վերաբերում է ընտրողի անձը հաստատող փաստաթղթի դրոշմակնքման համար տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված նյութին: Այս խնդրի առնչությամբ պատասխանողը նշում է, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը և թիվ 3 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը, ՀՀ ընտրական օրենսգրքի 47-րդ հոդվածի 6-րդ մասով իրենց վերապահված իրավունքից օգտվելով, լուծում են տվել խնդրին` հանձնարարելով հատուկ նյութի փոխարեն օգտագործել սովորական թանաք:
Պատասխանողը հիմնազուրկ և մերժման ենթակա է համարում նաև պատգամավորի ընտրությունը չկայացած ճանաչելու` դիմողի խնդրանքը, քանի որ առկա չէ ՀՀ ընտրական օրենսգրքի 126-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված` պատգամավորի ընտրությունը չկայացած համարելու հիմքերից որևէ մեկը:
4. Քննության առարկա դիմումի ուսումնասիրության արդյունքներով սահմանադրական դատարանն արձանագրում է.
նախ` դիմողն ըստ էության վիճարկում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի և թիվ 3 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի` 2012թ. մայիսի 6-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ քվեարկության ընթացքում ընտրողների անձը հաստատող փաստաթղթերում ՀՀ ընտրական օրենսգրքի 66-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հատուկ նյութի փոխարեն սովորական (չանհետացող) թանաք օգտագործելու հանձնարարության (գործողության) իրավաչափությունը և ըստ այդմ սահմանադրական դատարանին ներկայացրել է թիվ 3 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի` «Թիվ 3 ընտրատարածքի մեծամասնական պատգամավորի թեկնածու Մանուել Գասպարյանի դիմումների քննարկման մասին» 2012թ. մայիսի 11-ի թիվ 20-Ա որոշումն անվավեր ճանաչելու խնդրանք:
Երկրորդ` դիմողը ներկայացնելով նաև թիվ 3 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի` «Թիվ 3 ընտրատարածքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու մասին» 2012թ. մայիսի 11-ի թիվ 23-Ա որոշումն անվավեր ճանաչելու խնդրանք` վերջինս հիմնավորելու համար չի ներկայացրել որևէ այլ փաստարկ: Ավելին` այդ որոշման ենթադրյալ ոչ իրավաչափությունը դիմողն ածանցյալ է համարում թիվ 3 ԸԸՀ-ի 2012թ. մայիսի 11-ի վերոհիշյալ թիվ 20-Ա որոշման ենթադրյալ ոչ իրավաչափությունից և պայմանավորում է ընտրատարածքում տեղամասային ընտրական հանձնաժողովների կողմից ՀՀ ընտրական օրենսգրքի 66-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հատուկ նյութի փոխարեն սովորական (չանհետացող) թանաք օգտագործելու փաստով:
Երրորդ` ներկայացնելով նաև 2012թ. մայիսի 6-ի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրությունների թիվ 3 ընտրատարածքի մեծամասնական ընտրակարգով ընտրությունները չկայացած ճանաչելու պահանջ` դիմողը չի վկայակոչել որևէ փաստ, որը կհիմնավորեր պատգամավորի ընտրությունը չկայացած ճանաչելու համար ՀՀ ընտրական օրենսգրքի 126-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված որևէ հիմքի առկայություն, համաձայն որի` «Պատգամավորի ընտրությունը համարվում է չկայացած, եթե`
1) քվեարկված միակ թեկնածուին կողմ չեն քվեարկել անհրաժեշտ թվով ընտրողներ.
2) առավելագույն թվով կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած թեկնածուն մահացել է մինչև ընտրությունների արդյունքներն ամփոփելը.
3) սույն օրենսգրքով թեկնածուների գրանցման համար սահմանված ժամկետում և կարգով թեկնածու չի գրանցվել, կամ նույն ժամկետում գրանցվել է 2-ից պակաս թեկնածու»:
Չորրորդ` դիմողը միջնորդել է սահմանադրական դատարանին` «դիմել համապատասխան իրավասու պետական մարմնին /քանի որ մեզ համար պարզ չէ, թե ՀՀ օրենսդրությամբ ո՞ր պետական մարմինն է իրավասու/` տալու պարզաբանում, թե ինչպիսի ակտ է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը», ինչը սահմանադրական դատարանը համարել է իրավաբանորեն անհիմն ու մերժելի, նկատի ունենալով նաև «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորումները:
5. ՀՀ սահմանադրական դատարանը նաև արձանագրում է, որ իր պասիվ ընտրական իրավունքի խախտումը դիմողը պայմանավորում է միայն ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործողություններով` կապված չանհետացող թանաքի փոխարեն անձը հաստատող փաստաթղթի դրոշմակնքման համար սովորական թանաքի օգտագործման վերաբերյալ տրված հանձնարարականի հետ: ՀՀ ընտրական օրենսգրքի 66-րդ հոդվածի 5-րդ կետի վերաբերյալ սահմանադրական դատարանն իրավական դիրքորոշում արտահայտել է 2012թ. մայիսի 31-ի ՍԴՈ-1028 որոշման մեջ: Սահմանադրական դատարանը գտնում է, որ իրոք տվյալ հարցը ՀՀ ընտրական օրենսգրքում լավագույն լուծումը չի ստացել, և նախատեսվող նյութը, գործնականում չպահպանելով ակնկալվող քիմիական հատկությունները, անձը հաստատող փաստաթղթի դրոշմակնքումից հետո նախատեսված ժամկետից շուտ է անհետացել` անվստահություն առաջացնելով ընտրական գործընթացի նկատմամբ: Ընտրական հանձնաժողովները պարտավոր էին ՀՀ ընտրական օրենսգրքի 47-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն օպերատիվ լուծում գտնել տվյալ իրավիճակում` հանձնարարելով հատուկ նյութին խառնել սովորական թանաք, որպեսզի անձը հաստատող փաստաթղթի դրոշմակնքումից հետո այն նախատեսված ժամկետից շուտ չանհետանա: Որքանով էր իրավաչափ այդ լուծումը, կարող էր բողոքարկվել ու դատական կարգով գնահատվել նույն օրենսգրքով սահմանված կարգով: Այլ հարց է, թե այդ լուծումն ինչպես կարող էր ազդել կամ ազդել է այս կամ այն թեկնածուի ընտրվելու իրավունքի իրացման վրա:
Սույն գործի շրջանակներում սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմողը որևէ փաստարկ չի ներկայացնում, որով հիմնավորվի, որ թանաքի բնույթի փոփոխությունն այս կամ այն կերպ ազդել է ընտրության արդյունքներով թեկնածուներին տրված ձայների հարաբերակցության վրա և խախտվել է իր պասիվ ընտրական իրավունքը: Գործնականում դիմումի հիմնական էությունը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հանձնարարականի /գործողության/ և վերջինիս` ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից կիրառման իրավաչափության գնահատման պահանջն է: Ընդ որում, համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի 46-րդ հոդվածի 6-րդ մասի` «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողությունները (անգործությունը) (բացառությամբ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի և համայնքի ղեկավարի ու ավագանու անդամների ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումների) կարող են բողոքարկվել կենտրոնական ընտրական հանձնաժողով: Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումները կարող են բողոքարկվել սահմանադրական դատարան»: Իսկ նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն` «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողությունները (անգործությունը) (բացառությամբ համապետական ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումների) կարող են բողոքարկվել վարչական դատարան»:
6. Համաձայն ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 3.1-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի, ՀՀ ընտրական օրենսգրքի 46-րդ հոդվածի 6-րդ մասի` օրենքով սահմանված կարգով ՀՀ սահմանադրական դատարանի քննությանն են ենթակա բացառապես ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերը: Ըստ այդմ` ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրությունների առնչությամբ սահմանադրական դատարանում կարող է վիճարկվել միայն տվյալ ընտրատարածքում պատգամավոր ընտրվելու մասին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը` վերջինիս ոչ իրավաչափությունը հիմնավորող կոնկրետ փաստարկների հիման վրա: Իրավական այս պահանջներից ելնելով` սահմանադրական դատարանն իր` 21.05.2012թ. ՍԴԱՈ-32 աշխատակարգային որոշմամբ սույն գործն ընդունել էր քննության, ինչը` 24.05.2012թ. սահմանադրական դատարան ներկայացված գրությամբ, դիմողի կողմից բնորոշվել է որպես իր դիմումում «ընդգրկված խնդրանքի», այսպես կոչված, աղավաղում:
Դիմողը, ինչպես նշվեց, չի ներկայացրել որևէ այլ փաստարկ կամ հիմնավորում թիվ 3 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի` 2012թ. մայիսի 11-ի թիվ 23-Ա որոշման ոչ իրավաչափությունը հիմնավորելու վերաբերյալ: Այն բացառապես պայմանավորում է ընտրատարածքում տեղամասային ընտրական հանձնաժողովների կողմից ՀՀ ընտրական օրենսգրքի 66-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հատուկ նյութի փոխարեն ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ցուցումով անձը հաստատող փաստաթղթի դրոշմակնքման համար սովորական (չանհետացող) թանաք օգտագործելու փաստով: Արդյունքում` դիմողը խնդիր է առաջադրում գնահատել ՀՀ կենտրոնական ու թիվ 3 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների գործողությունների իրավաչափությունը: Ավելին, դիմողը թիվ 3 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի բացատրության կապակցությամբ ներկայացրած նկատառումների մեջ շեշտում է. «Պատասխանող կողմը չի հասկացել, որ դիմումով չի վիճարկվել ընտրությունների արձանագրված արդյունքները»:
Դիմումում նաև առաջադրվում է որևէ իրավական հիմնավորում չունեցող պահանջ` ընտրությունը չկայացած ճանաչելու վերաբերյալ:
ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ, նախ` ՀՀ Ազգային ժողովի 2012թ. մայիսի 6-ի ընտրություններում թիվ 3 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքներով միայն դիմողի ներկայացրած փաստարկը հաշվի առնելով այլ որոշման կայացումն իրավաչափ համարվել չէր կարող` ոչ միայն պատգամավորության թեկնածուների, այլև ընտրողների իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Երկրորդ` գործի նյութերի համադրված վերլուծությունը վկայում է նաև, որ որքան էլ գնահատելի լինի դիմողի քայլը, ինչպես ինքն է նշում, ցուցաբերելով «ՀՀ քաղաքացուն արժանավայել վարքագիծ ՀՀ օրենսդրությանը նպաստելու առումով», այսուամենայնիվ, իր հարցադրումներով առաջադրում է ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 3.1-րդ կետի և 101-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի պահանջներին չհամապատասխանող իրավական վեճ:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 3.1-րդ կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. «Թիվ 3 ընտրատարածքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու մասին» թիվ 3 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2012 թվականի մայիսի 11-ի թիվ 23-Ա որոշումը թողնել ուժի մեջ:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
8 հունիսի 2012 թ. ՍԴՈ-1030 |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|