ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հունիսի 2012 թվականի N 798-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1380-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 6-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման լիցենզիաներ տալու և պայմանագրեր կնքելու կարգը հաստատելու մասին» N 1380-Ն որոշումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 օգոստոսի 2002 թվականի N 1380-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման մասին պայմանագրեր կնքելու կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված ՀՀ կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի N 1380-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի հետևյալ օբյեկտների՝ վայրի կենդանիների (ողնաշարավոր և անողնաշարավոր) տեսակների և դրանց արգասիքների (այսուհետ՝ բնական կենդանական պաշարներ)՝ գյուղատնտեսական (սելեկցիա) ու արդյունագործական նպատակներով օգտագործման (որսորդություն, ձկնորսություն և հավաք) մասին պայմանագրեր կնքելու հետ կապված հարաբերությունները:
2. Գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով բնական կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրեր (այսուհետ՝ պայմանագիր) կնքելու համար հիմք են բնության մեջ առկա բնական կենդանական պաշարների պետական հաշվառման տվյալները՝ հաշվի առնելով դրանց օգտագործման գիտականորեն հիմնավորված թույլատրելի չափաքանակները:
II. ԲՆԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼԸ
3. Բնական կենդանական պաշար օգտագործել ցանկացողները (այսուհետ՝ հայտատու) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն (այսուհետ՝ լիազորված մարմին) են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝
1) հայտ պայմանագիր կնքելու մասին.
2) օգտագործման ենթակա տարածքը տնօրինողի գրավոր համաձայնությունը:
4. Լիազորված մարմինը հայտը և դրան կից ներկայացված փաստաթղթերն ստանալուց հետո տասնհինգօրյա ժամկետում հայտատուի հետ կնքում է պայմանագիր կամ մերժում է հայտը:
5. Հայտի մերժման հիմք են`
1) հայտում և դրան կից ներկայացված փաստաթղթերում իրականությանը չհամապատասխանող տվյալների առկայությունը.
2) հայտում ներկայացված վայրի կենդանու տեսակի համար սահմանված չափաքանակների սպառումը կամ վայրի կենդանու տեսակի համար նախատեսված չափաքանակից ավելի ներկայացնելը.
3) հայտում ներկայացված վայրի կենդանու տեսակը Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում գրանցված լինելը:
6. Բնական կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրի և հայտի ձևերը հաստատում է լիազորված մարմինը:
7. Պայմանագրում նշվում են օգտագործողի տվյալները, օգտագործման ենթակա տարածքի տեղադիրքը, չափերը, օգտագործման նպատակը, եղանակը, օգտագործման ժամանակահատվածը, բնական կենդանական պաշարների տեսակը, քանակը, բնօգտագործման վճարի չափը և կողմերի իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև պայմանագիրը վաղաժամկետ դադարեցվելու հիմքերը:
8. Պայմանագիրը կնքվում է 3 օրինակից, որոնցից մեկը մնում է օգտագործողի, մյուսը՝ տարածքը տնօրինողի, իսկ երրորդը՝ լիազորված մարմնի մոտ: Պայմանագրի մեկ օրինակը տարածքը տնօրինողին տրամադրում է օգտագործողը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հուլիսի 2 Երևան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|