Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.03.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.05.23/26(900) Հոդ.673
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
23.03.2012
Подписан
Նախագահող
Дата подписания
23.03.2012
Дата вступления в силу
23.03.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական վերաքննիչ

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/4519/05/10

2012թ.   

Վարչական գործ թիվ ՎԴ/4519/05/10

Նախագահող դատավոր՝ Ա. Սարգսյան

Դատավորներ` Լ. Սոսյան

                    Հ. Բեդևյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը

(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Բարսեղյանի

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

 

Ե. Սողոմոնյանի

 

2012 թվականի մարտի 23-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ՝ Ոստիկանություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 20.10.2011 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Վլադիմիր Սալիբեկյանի ընդդեմ Ոստիկանության՝ 11.11.2010 թվականի թիվ ԱԲ 988996 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Վլադիմիր Սալիբեկյանը պահանջել է անվավեր ճանաչել Ոստիկանության 11.11.2010 թվականի թիվ ԱԲ 988996 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ռ. Հակոբյան) (այսուհետ` Դատարան) 27.07.2011 թվականի վճռով հայցը մերժվել է։

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20.10.2011 թվականի որոշմամբ Դատարանի 27.07.2011 թվականի վճռի դեմ Վլադիմիր Սալիբեկյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, բեկանվել է Դատարանի 27.07.2011 թվականի վճիռը, և այն փոփոխվել է՝ հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ոստիկանությունը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 2-րդ մասը, կիրառել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասը, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքը, որոնք չպետք է կիրառեր, չի կիրառել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123.4-րդ հոդվածի 2-րդ մասը, որը պետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ, 117.12-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ վարչական իրավախախտում կատարած անձին իր իրավունքներն ու պարտականությունները բացատրված լինելու պայմաններում արձանագրությունում նշում կատարելուց և ստորագրելուց, բացատրություն տալուց, ինչպես նաև որոշումը ստորագրել և ստանալուց հրաժարվելու հանգամանքները չեն կարող հիմք հանդիսանալ եզրահանգելու, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննվել է անձի բացակայությամբ:

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ անձը վարչական պատասխանատվության ենթարկվում է ոչ թե տրանսպորտային միջոցը սահմանված ժամկետում տեխնիկական զննության չներկայացնելու համար, այլ սահմանված ժամկետում տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոց վարելու համար:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 20.10.2011 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի վճռին։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) 11.11.2010 թվականի վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության համաձայն՝ «… ուղիղ նշանի ազդման գոտուց կատարեց ձախ շրջադարձ, ստուգումից պարզվեց, որ վարորդ Վլադիմիր Սալիբեկյանն օրենքով սահմանված ժամկետում տրանսպորտային միջոցը չէր ներկայացրել 2010 թվականի տեխնիկական զննությանը և բացակայում էր տեխնիկական զննության կտրոնը»: Նույն արձանագրությունում նշվել է, որ «վարորդը հրաժարվեց բացատրություն տալուց և որոշումը ստանալուց» (գ.թ. 20)։

2) 11.11.2010 թվականի թիվ ԱԲ 988996 որոշմամբ Վլադիմիր Սալիբեկյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123.4-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառմամբ ենթարկվել է 50.000 ՀՀ դրամ տուգանքի (գ.թ. 7)։

3) 11.11.2010 թվականի թիվ ԱԲ 988996 որոշումը Վլադիմիր Սալիբեկյանին փոստային ծառայության միջոցով հանձնվել է 15.11.2010 թվականին (գ.թ. 20)։

4) Ոստիկանության հաշվառման-քննական և տրանսպորտային միջոցների տեխնիկական փորձաքննության բաժնի պետի 20.12.2010 թվականի տեղեկանքի համաձայն՝ ՎԱԶ-21063 մակնիշի 61 ՍՍ 786 հաշվառման համարանիշի ավտոմոբիլը համաձայն Ոստիկանությունում առկա, ինչպես նաև ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից էլեկտրոնային կրիչով տրամադրված տեղեկատվության, տեխնիկական զննություն անցել է 26.10.2009 թվականին, որից հետո մինչև վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու օրը՝ 11.11.2010 թվականը, տեխնիկական զննություն չի անցել: Տեխնիկական զննություն անցել է 12.11.2010 թվականին (գ.թ. 21)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի համաձայն` դատարանը ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները, որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել, որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը։

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով, ինչպես նաև գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը պարզում է գործում եղած բոլոր վերաբերելի և թույլատրելի ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։

«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն՝ ոստիկանությունը վարչական իրավախախտումները կանխելիս և բացահայտելիս իրավունք ունի՝ 1) կազմել վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ. 2) իրականացնել վարչական ձերբակալում, կիրառել վարչական իրավախախտումների մասին օրենքով նախատեսված այլ միջոցներ …:

«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի համաձայն՝ ճանապարհային երթևեկության անվտանգությանն սպառնալու կամ ճանապարհային երթևեկության կանոնները խախտվելու դեպքերում, ինչպես նաև տրանսպորտային միջոցների հետախուզման, տրանսպորտային միջոցներով ապօրինի բեռներ, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք, առարկաներ, հանցագործության գործիքներ և հանցագործության հետքեր կրող այլ առարկաներ, ինչպես նաև հետախուզվող անձանց տեղափոխման մասին տեղեկություններ կամ հիմնավոր կասկածներ առկա լինելու դեպքերում ոստիկանությունն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով՝ 1) կանգնեցնել տրանսպորտային միջոցները, ստուգել ճանապարհային երթևեկությանը մասնակցելու իրավունք վերապահող և փոխադրվող բեռի փաստաթղթերը …:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1234 -րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սահմանված ժամկետում տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոց վարելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 224-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ ներքին գործերի մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն` նույն օրենսգրքի 123, 1231 , 1232 , 1233  հոդվածներով, 1234  հոդվածի առաջին և երկրորդ մասերով, 1235 , 124 (բացառությամբ երեսունյոթերորդ և երեսունութերորդ մասերով նախատեսված իրավախախտումների), 1241 , 1242 , 125, 128, 129, 1291 , 1292 , 131, 132, 133 և 140 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների համար` ճանապարհապարեկային ծառայության տեսուչները:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 279-րդ հոդվածը սահմանում է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս մարմինը (պաշտոնատար անձը) պարտավոր է պարզել` կատարվել է արդյոք վարչական իրավախախտում. արդյոք տվյալ անձը մեղավոր է այն կատարելու մեջ. արդյոք նա ենթակա է վարչական պատասխանատվության. կան արդյոք պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքներ. պատճառվել է արդյոք գույքային վնաս, ինչպես նաև պարզել գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված դեպքերում վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ կազմելու, ինչպես նաև վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունքը վերապահված է ճանապարհապարեկային ծառայության տեսուչներին, ինչը ենթադրում է վարչական վարույթ իրականացնելու լիազորությամբ օժտված պաշտոնատար անձի կողմից իրականացվող վարչական վարույթի առանձնահատուկ բնույթը և դրա արդյունավետ իրականացումն ապահովելու համար որոշ պայմանների պարտադիր առկայության և վարչական վարույթի իրականացման հետ կապված համապատասխան գործողություններն արագ իրականացնելու և գործելու, այսինքն՝ վարչական իրավախախտման տեղում վարչական իրավախախտման արձանագրություն կազմելու, վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելու, ինչպես նաև իրավախախտման տեղում վարչական տույժ նշանակելու անհրաժեշտությունը:

Սույն գործով հայցը մերժելիս Դատարանը պատճառաբանել է, որ «հայցվորի նկատմամբ տուգանք նշանակելու իրավական հիմքը հանդիսացել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1234 -րդ հոդվածի 2-րդ մասը», «…վարչական իրավախախտման վերաբերյալ 11.11.2010 թվականի արձանագրության, Ճանապարհային ոստիկանության ՏՄՏՓ բաժնի պետի 20.12.2010 թվականի տեղեկանքի հետազոտմամբ հաստատվեց, որ իրավախախտումն արձանագրելու պահին, այն է՝ 11.11.2010 թվականին հայցվորի վարած ՎԱԶ-21063 մակնիշի 61 ՍՍ 786 հաշվառման համարանիշի ավտոմեքենան տեխնիկական զննություն անցած չի եղել, ինչը նշանակում է, որ տվյալ պահին իրավախախտման փաստն առկա է եղել»:

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը բավարարելիս և Դատարանի վճիռը փոփոխելիս պատճառաբանել է, որ «արձանագրության «վարչական իրավախախտում կատարած անձի բացատրությունը, դիտողությունը, ստորագրությունը» հատվածում առկա է հետևյալ գրառումը. «Վարորդը հրաժարվեց բացատրություն տալուց, ստորագրելուց և որոշումը ստանալուց»: Սակայն, տվյալ գրառումը չի վկայում այն մասին, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննվել է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ, և ապահովվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված իրավունքները»:

Վերոգրյալից ելնելով և սույն գործի փաստերի համադրման արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը բավարարելու և դատական ակտը փոփոխելու հիմքում դնելով այն հանգամանքը, որ արձանագրությունում առկա գրառումը չի վկայում, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննվել է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ, և ապահովվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված իրավունքները, հաշվի չի առել, որ վարչական իրավախախտման գործի վերաբերյալ արձանագրությունը վարչական պատասխանատվության ենթարկվող անձի կողմից ստորագրված չլինելու հանգամանքը բավարար չէ փաստելու, որ վարչական իրավախախտման գործը քննվել է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացակայությամբ, և որ խախտվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված իրավունքները:

Ավելին, Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ գործի ապացույցներով, մասնավորապես՝ Ոստիկանության հաշվառման-քննական և տրանսպորտային միջոցների տեխնիկական փորձաքննության բաժնի պետի 20.12.2010 թվականի տեղեկանքով հաստատվում է, որ ՎԱԶ-21063 մակնիշի 61 ՍՍ 786 հաշվառման համարանիշի ավտոմոբիլը տեխնիկական զննություն անցել է 26.10.2009 թվականին, որից հետո մինչև վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու օրը՝ 11.11.2010 թվականը, տեխնիկական զննություն չի անցել, այլ տեխնիկական զննություն անցել է 12.11.2010 թվականին: Այսինքն՝ իրավախախտումն արձանագրելու պահին իրավախախտման փաստն առկա է եղել:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։

 

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված՝ Դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։

Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով՝ Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-118.18-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 20.10.2011 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 27.07.2011 թվականի վճռին։

2. Վլադիմիր Սալիբեկյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա պետական տուրքի գումար։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ա. Բարսեղյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան