Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.03.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.05.23/26(900) Հոդ.657
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
23.03.2012
Подписан
Նախագահող
Дата подписания
23.03.2012
Дата вступления в силу
23.03.2012

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0688/02/10
2012թ.
  

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0688/02/10

Նախագահող դատավոր՝ Ա. Թումանյան

Դատավորներ` Լ. Գրիգորյան

                   Գ. Մատինյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը

(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Տ. Պետրոսյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Ե. Սողոմոնյանի

2012 թվականի մարտի 23-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Երևանի քաղաքապետի (այսուհետ` Քաղաքապետ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.09.2011 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Քաղաքապետի ընդդեմ «Թրու Ֆրենդս» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` տարածքի վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ լուծելու, վարձավճարը բռնագանձելու պահանջների մասին, և հակընդդեմ հայցի` պայմանագրային պարտավորությունը կատարելուն, այն է` վարձակալած տարածքն իր փաստաթղթերով, ներառյալ` շինարարության թույլտվությամբ տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Քաղաքապետը պահանջել է վաղաժամկետ լուծել 05.05.2003 թվականի վարձակալության պայմանագիրը, ինչպես նաև բռնագանձել Ընկերությունից 10.614.671 ՀՀ դրամ` որպես չվճարված վարձավճարի և գոյացած տույժի գումար։

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է պարտավորեցնել Երևանի քաղաքապետարանին կատարելու վարձակալության պայմանագրով սահմանված պարտավորությունը, այն է` տրամադրել վարձակալած տարածքն իր փաստաթղթերով, ներառյալ` շինարարության թույլտվությամբ:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (նախագահող դատավոր` Ա. Սուքոյան) (այսուհետ՝ Դատարան) 26.04.2011 թվականի վճռով հայցը և հակընդդեմ հայցը մերժվել են:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 09.09.2011 թվականի որոշմամբ Քաղաքապետի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 26.04.2011 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քաղաքապետը։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 123-րդ, 130-րդ, 131-րդ, 132-րդ հոդվածները, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 606-րդ, 613-րդ հոդվածները, չի կիրառել նույն օրենսգրքի 345-րդ, 448-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանի այն հետևությունը, որ վարձակալությամբ տրված տարածքն օդային տարածություն է, չի համապատասխանում գործով ձեռք բերված ապացույցներին, քանի որ գործում առկա է անշարժ գույքի վարձակալության իրավունքի գրանցման վկայական, որն անվավեր կամ առոչինչ չի ճանաչվել, իսկ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի համաձայն` գրանցման են ենթակա միայն անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքները, այսինքն` տվյալ դեպքում վարձակալի իրավունքը գրանցված է անշարժ գույքի նկատմամբ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 09.09.2011 թվականի որոշման` հայցը մերժելու մասը և այդ մասով այն փոփոխել` հայցը բավարարել։

 

 2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

 Բողոք բերած անձը բողոքում նշել է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 123-րդ, 130-132-րդ հոդվածները, սակայն չի բերել այդ խախտումների վերաբերյալ հիմնավորումներ:

 Անհիմն է բողոք բերած անձի այն պատճառաբանությունը, որ Ընկերության իրավունքը գրանցված լինելու պայմաններում գույքը համարվում է վարձակալին հանձնված, քանի որ վարձակալության առարկան օդային տարածություն է, որտեղ Ընկերությունը պետք է կառուցեր հարթակներ, իսկ դրանց վրա` առևտրի սրահներ, սակայն այդ հարթակները կառուցելու հնարավորություն չի ունեցել շինարարական թույլտվություն չստանալու պատճառով:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Քաղաքապետի 21.02.2002 թվականի «Երևան քաղաքի ստորգետնյա անցումների վերակառուցման և վերին հարթակում առևտրի սրահների շինարարության թույլտվություն տալու մասին» թիվ 268 որոշմամբ Ընկերությանը թույլատրվել է սեփական միջոցների հաշվին Աբովյան և Իսահակյան փողոցների հատման մասում գտնվող չորս ստորգետնյա անցումների մուտքի և ելքի աստիճանների վրա, ծածկի նիշի մակարդակում կառուցել հարթակներ` առևտրի սրահների տեղադրման նպատակով (հատոր 1-ին, գ.թ. 7-8)։

2) Երևանի քաղաքապետարանի (վարձատու) և Ընկերության (վարձակալ) միջև 05.05.2003 թվականին կնքված թիվ 139 վարձակալության պայմանագրի համաձայն` վարձատուն պարտավորվել է վճարի դիմաց վարձակալի ժամանակավոր տիրապետմանը և օգտագործմանը հանձնել Երևան քաղաքի Աբովյան և Մոսկովյան փողոցների հատման մասում ստորգետնյա անցման երկու մուտքերի և ելքերի աստիճանահարթակների վերնամասում 90 քմ մակերեսով տարածք` առևտրի և սպասարկման սրահների տեղադրման նպատակով։ Պայմանագրի գործողության ժամկետը սահմանվել է 25 տարի` մինչև 05.05.2028 թվականը (հատոր 1-ին, գ.թ. 13-17)։

3) 14.05.2003 թվականի անշարժ գույքի վարձակալության իրավունքի գրանցման թիվ 0035575 և 0035576 վկայականների համաձայն` նշված վարձակալության պայմանագրից ծագած իրավունքները ենթարկվել են պետական գրանցման (հատոր 1-ին, գ.թ. 11-12)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական իրավունքների օբյեկտ է գույքը` ներառյալ դրամական միջոցները, արժեթղթերը և գույքային իրավունքները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անշարժ գույք են համարվում հողամասերը, ընդերքի մասերը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը, այսինքն՝ այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել՝ առանց այդ գույքին կամ հողամասին վնաս պատճառելու կամ դրանց նշանակության փոփոխման, դադարման կամ նպատակային նշանակությամբ հետագա օգտագործման անհնարինության:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը տարածվում է դրա սահմաններում գտնվող վերգետնյա և ստորգետնյա տարածքի վրա, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ ի թիվս այլոց քաղաքացիական իրավունքների օբյեկտ է նաև հողամասի սահմաններում գտնվող վերգետնյա տարածքը, որի նկատմամբ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, հնարավոր է ազատորեն գործարք կնքել:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 606-րդ հոդվածի համաձայն՝ վարձակալության պայմանագրով վարձատուն պարտավորվում է վճարի դիմաց վարձակալի ժամանակավոր տիրապետմանը և (կամ) օգտագործմանը հանձնել գույք:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 608-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ վարձակալության կարող են հանձնվել հողամասեր և մեկուսի բնական այլ օբյեկտներ, շենքեր, շինություններ, սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ և այլ գույք, որոնք օգտագործման ընթացքում չեն կորցնում իրենց բնական հատկությունները (չսպառվող գույք): Օրենքով կարող են սահմանվել գույքի տեսակներ, որոնց վարձակալության հանձնելը չի թույլատրվում կամ սահմանափակված է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 613-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ վարձատուն պարտավոր է գույքը վարձակալին տրամադրել վարձակալության պայմանագրի պայմաններին և գույքի նշանակությանը համապատասխանող վիճակում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը և այլ գույքային իրավունքները, այդ իրավունքների սահմանափակումները, դրանց ծագումը, փոխանցումն ու դադարումը ենթակա են պետական գրանցման:

Գրանցման ենթակա են անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը, օգտագործման իրավունքը, հիփոթեքը, սերվիտուտները, ինչպես նաև նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում` այլ իրավունքները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն՝ վերաքննիչ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչպես նաև այն օրենքը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս։

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին։

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը։

Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին։

Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլև պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը։

Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը։

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը ոչ միայն պետք է նշի այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում։ Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե`ս ըստ հայցի Ռազմիկ Մարությանի ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների, ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի՝ ժառանգական գույքի ընդունման փաստի ճանաչման և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին, Ստեփան և Անահիտ Մարությանների հակընդդեմ հայցի՝ սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան և հողամասի բաժանման պահանջի մասին քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի թիվ 3-54 (ՎԴ) որոշումը)։

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Դատարանի դատական ակտը, պատճառաբանել է, որ 05.05.2003 թվականի վարձակալության պայմանագրով Երևանի քաղաքապետարանն Ընկերությանը վարձակալության է հանձնել Երևան քաղաքի Աբովյան և Մոսկովյան փողոցների հատման մասում ստորգետնյա անցման երկու մուտքերի և ելքերի աստիճանահարթակների վերնամասում 90 քմ մակերեսով տարածք, որն օդային տարածություն է և անհատականորեն որոշվող գույք հանդիսանալ չի կարող: Ավելին, այն չի համարվում անշարժ գույք, որից ելնելով վարձակալության պայմանագրից ծագած իրավունքները ենթակա չեն պետական գրանցման: Նշված տարածությունը կարող էր դառնալ օգտագործման համար պիտանի, վարձակալության օբյեկտ միայն Քաղաքապետի 21.02.2002 թվականի թիվ 268 որոշման 1-ին կետով արձանագրված ծածկի նիշի մակարդակում հարթակները կառուցելուց հետո:

Մինչդեռ սույն գործի փաստերի համաձայն` Քաղաքապետի 21.02.2002 թվականի «Երևան քաղաքի ստորգետնյա անցումների վերակառուցման և վերին հարթակում սրահների շինարարության թույլտվություն տալու մասին» թիվ 268 որոշմամբ Ընկերությանը թույլատրվել է սեփական միջոցների հաշվին Աբովյան և Իսահակյան փողոցների հատման մասում գտնվող չորս ստորգետնյա անցումների մուտքի և ելքի աստիճանների վրա, ծածկի նիշի մակարդակում կառուցել հարթակներ` առևտրի սրահների տեղադրման նպատակով: 05.05.2003 թվականի թիվ 139 վարձակալության պայմանագրով Երևանի քաղաքապետարանը պարտավորվել է վճարի դիմաց Ընկերության ժամանակավոր տիրապետմանը և օգտագործմանը հանձնել Երևան քաղաքի Աբովյան և Մոսկովյան փողոցների հատման մասում ստորգետնյա անցման երկու մուտքերի և ելքերի աստիճանահարթակների վերնամասում 90 քմ մակերեսով տարածք` առևտրի և սպասարկման սրահների տեղադրման նպատակով, ընդ որում, նշված վարձակալության պայմանագրից ծագած իրավունքները ենթարկվել են պետական գրանցման:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 05.05.2003 թվականի վարձակալության պայմանագրի առարկա է հանդիսացել Երևան քաղաքի Աբովյան և Մոսկովյան փողոցների հատման մասում ստորգետնյա անցման երկու մուտքերի և ելքերի աստիճանահարթակների վերնամասում 90 քմ մակերեսով տարածքը, այսինքն` Երևանի քաղաքապետարանին պատկանող հողամասի սահմաններում գտնվող վերգետնյա տարածքը, որի նկատմամբ վարձակալության իրավունքը ստացել է պետական գրանցում: Հետևաբար, անկախ Քաղաքապետի 21.02.2002 թվականի թիվ 268 որոշմամբ նշված հարթակները կառուցելու հանգամանքից, նշված տարածքը կարող էր դառնալ վարձակալության առարկա:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը չի հիմնավորել իր եզրահանգումները և պատշաճ իրավական գնահատական չի տվել գործում առկա ապացույցներին, մասնավորապես` 05.05.2003 թվականին կնքված թիվ 139 վարձակալության պայմանագրին և դրա հիման վրա 14.05.2003 թվականին տրված անշարժ գույքի վարձակալության իրավունքի գրանցման թիվ 0035575 և 0035576 վկայականներին:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների կողմից անտեսվել է նաև այն հանգամանքը, որ Քաղաքապետարանի հայցապահանջը հիմնված է Ընկերության հետ կնքված անշարժ գույքի վարձակալության պայմանագրի վրա, որից ծագած իրավունքները ենթարկվել են պետական գրանցման, իսկ վերոնշյալ պայմանագիրը և դրանից ծագող իրավունքի պետական գրանցումը վիճարկված չլինելու պայմաններում ստորադաս դատարանների կողմից վարձակալության պայմանագրի վավերականության հարցին անդրադառնալն օրինաչափ չէ:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում նշված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով։

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.09.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության։

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Տ. Պետրոսյան

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Ե. Սողոմոնյան