Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.12.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.07.24/35(909).1 Հոդ.880.4
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
22.12.2011
Подписан
Նախագահող
Дата подписания
22.12.2011
Дата вступления в силу
22.12.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵՔՐԴ/0341/01/08

գործ թիվ ԵՔՐԴ/0341/01/08

 
Նախագահող դատավոր՝ Հ. Տեր-Ադամյան  
 

 

 

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Դանիելյանի

Հ. Ասատրյանի

Հ. Ղուկասյանի

 

Ա. Պողոսյանի

   

Ս. Օհանյանի

քարտուղարությամբ

Մ. Պետրոսյանի

 

2011 թվականի դեկտեմբերի 22-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2011 թվականի սեպտեմբերի 6-ի որոշման դեմ դատապարտյալ Խոսրով Հայրապետի Ավագյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2007 թվականի օգոստոսի 7-ին հարուցվել է թիվ 62205807 քրեական գործը:

Նախաքննության մարմնի 2007 թվականի սեպտեմբերի 26-ի որոշմամբ Խոսրով Հայրապետի Ավագյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 8-րդ, 15-րդ կետերով:

2008 թվականի հուլիսի 8-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի քրեական դատարան:

 2. Երևանի քրեական դատարանի 2008 թվականի հոկտեմբերի 21-ի դատավճռով ամբաստանյալ Խ.Ավագյանը ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ճանաչվել է անպարտ և արդարացվել է, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 8-րդ, 15-րդ կետերով մեղավոր է ճանաչվել և դատապարտվել է ցմահ ազատազրկման:

Տուժողի իրավահաջորդ Թամարա Հարությունյանի կողմից ներկայացված քաղաքացիական հայցը թողնվել է առանց քննության:

3. Ամբաստանյալ Խ.Ավագյանի պաշտպան Կ.Մանուչարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2009 թվականի փետրվարի 12-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Երևանի քրեական դատարանի 2008 թվականի հոկտեմբերի 21-ի դատավճիռը:

4. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի փետրվարի 12-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել դատապարտյալ Խ.Ավագյանը, որը Վճռաբեկ դատարանի 2009 թվականի հուլիսի 28-ի որոշմամբ վերադարձվել է:

5. 2011 թվականի հունիսի 14-ին դատապարտյալ Խ.Ավագյանը դիմում է ներկայացրել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)` խնդրելով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2011 թվականի մայիսի 23-ի ՀՕ 143-Ն օրենքի հիման վրա վերանայել Երևանի քրեական դատարանի 2008 թվականի հոկտեմբերի 21-ի դատավճիռը:

Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի հուլիսի 14-ի որոշմամբ դատապարտյալ Խ.Ավագյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 8-րդ, 15-րդ կետերով Երևանի քրեական դատարանի 2008 թվականի հոկտեմբերի 21-ի դատավճիռը համապատասխանեցվել է «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2011 թվականի մայիսի 23-ի ՀՕ 143-Ն օրենքին, արարքը որակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետերով, իսկ մնացած մասով դատավճիռը թողնվել է անփոփոխ:

6. Դատապարտյալ Խ.Ավագյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2011 թվականի սեպտեմբերի 6-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի հուլիսի 14-ի որոշումը:

7. Վերաքննիչ դատարանի 2011 թվականի սեպտեմբերի 6-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել դատապարտյալ Խ.Ավագյանը, որը Վճռաբեկ դատարանի 2011 թվականի հոկտեմբերի 21-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

8. Դատապարտյալ Խ.Ավագյանը դատապարտվել է այն բանի համար, որ 2006 թվականի դեկտեմբերի վերջին, շահադիտական դրդումներից ելնելով, Երևանի Լենինգրադյան փողոցի 6-րդ շենքի 38-րդ հասցեի բնակարանին փաստացիորեն տիրապետելու նպատակով, Խ.Ավագյանը ԲԻ-58 տեսակի թունաքիմիկատով թունավորելու եղանակով կյանքից զրկել է քույրեր Վարսենիկ և Մարգո Գյուրջինյաններին (տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, էջ 280):

9. Գործի նյութերում առկա է դատապարտյալ Խ.Ավագյանի դիմումը հետևյալ բովանդակությամբ. «Ես` ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Խոսրով Հայրապետի Ավագյանը, 21.10.2008 թ-ին Երևանի քրեական դատարանի կողմից դատապարտվել եմ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 8-րդ, 15-րդ կետերով ցմահ ազատազրկման: Խնդրում եմ վերանայել դատարանի կողմից իմ նկատմամբ կայացրած դատավճիռը` նկատի ունենալով ՀՀ քրեական օրենսգրքում ՀՀ Ազգային ժողովի կողմից 25.04.2011թ. կատարված փոփոխությունները» (տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, էջ 131):

10. Դատապարտյալ Խ.Ավագյանի դիմումն Առաջին ատյանի դատարանում քննության է նշանակվել 2011 թվականի հուլիսի 14-ին (տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, էջ 135), իսկ Վերաքննիչ դատարանում` 2011 թվականի օգոստոսի 22-ին (տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, էջեր 21-22):

11. Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ թե՛ Առաջին ատյանի և թե՛ Վերաքննիչ դատարանների կողմից նշանակված դատական նիստերի տեղի և ժամանակի մասին ծանուցագրերը դատավարության մասնակիցներից ուղարկվել է միայն մեղադրող կողմին (տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, էջ 135 և հատոր 6-րդ, էջեր 23-24ա):

Քրեական գործում բացակայում է դատապարտյալ Խ.Ավագյանին դատական նիստերի տեղի և ժամանակի մասին ծանուցելու վերաբերյալ որևէ ապացույց:

12. Վերաքննիչ բողոքում դատապարտյալ Խ.Ավագյանը փաստարկել է, որ Առաջին ատյանի դատարանում վերջինս ներկա չի գտնվել իրեն մեղսագրված արարքի քրեաիրավական որակումը ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխություններին համապատասխանեցնելու հարցի քննարկմանը (տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, էջեր 5-6):

13. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ. «Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել նաև, որ օրենքի ուժով դատապարտյալ Խոսրով Հայրապետի Ավագյանի վերաբերյալ դատական ակտը վերանայելու` համապատասխանեցնելու արդյունքում, ընդհանուր իրավասության դատարանն իրավացիորեն Երևան քաղաքի քրեական դատարանի 2008 թվականի հոկտեմբերի 21-ի դատավճռով Խոսրով Հայրապետի Ավագյանին մեղսագրված ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 8-րդ և 15-րդ կետերով հանցավոր արարքը համապատասխանեցրել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 8-րդ կետերին` առաջին ատյանի դատարանի դատավճռով նշանակված պատիժը` ցմահ ազատազրկումը, թողնելով անփոփոխ» (տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, էջ 35):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

14. Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից խախտվել են ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ և 61-րդ հոդվածների պահանջները: Մասնավորապես, ստորադաս դատարանների կողմից քննության չեն առնվել արարքի հանրային վտանգավորության աստիճանը` արդեն իսկ փոփոխված մեղադրանքի շրջանակներում, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացող հանգամանքները, անձը բնութագրող տվյալները, ինչի արդյունքում իր նկատմամբ նշանակված պատիժը թողնվել է անփոփոխ:

15. Բողոքաբերը փաստարկել է նաև, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել վերաքննիչ բողոքում բարձրացված բոլոր պահանջներին` Առաջին ատյանի դատարանի որոշման իրավաչափությանը, դատավճիռը գործող օրենսդրությանը համապատասխանեցնելուն առնչվող դիմումների քննության կարգին, մասնավորապես, այն հարցին, որ Առաջին ատյանի դատարանում դատավճռի վերանայումը տեղի է ունեցել դատապարտյալ Խ.Ավագյանի բացակայությամբ, ինչպես նաև դատավճռի համար օրենքով սահմանված պահանջների պահպանմանը: Վերոշարադրյալից բողոքաբերը հետևություն է արել այն մասին, որ Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով երաշխավորված՝ արդար դատաքննության իրավունքը:

16. Ըստ բողոքի հեղինակի` Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը: Մասնավորապես, Առաջին ատյանի դատարանի դատավճիռը գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու վերաբերյալ բողոքի քննությունը կատարվել է առանց իր մասնակցության, ինչի հետևանքով ինքը հնարավորություն չի ունեցել ներկայացնել հիմնավորումներ, տեղեկանալ մեղադրանքի կողմի փաստարկներին և դրանց տալ մեկնաբանություններ: Վերոշարադրյալից բողոքաբերը հետևություն է արել նաև այն մասին, որ Վերաքննիչ դատարանի կողմից չի պահպանվել մրցակցության սկզբունքը:

17. Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ բողոքաբերը խնդրել է բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2011 թվականի սեպտեմբերի 6-ի որոշումը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

18. Նախքան վճռաբեկ բողոքում բարձրացված հարցերին անդրադառնալը` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում դիրքորոշում հայտնել բողոքաբերի կողմից բարձրացված հարցերի միջև առկա կապի վերաբերյալ: Այսպես` բողոքաբերն ըստ էության երկու իրավական հարց է բարձրացրել, որոնցից առաջինը վերաբերում է իր նկատմամբ նշանակված պատժի արդարացիությանը, երկրորդը` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով նախատեսված մի շարք դրույթների ենթադրյալ խախտմանը: Այլ կերպ` բողոքաբերի առաջին հարցն առնչվում է նյութական իրավունքի ենթադրյալ խախտմանը, որը դրսևորվել է ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ հոդվածների պահանջների չկիրառմամբ (տե՛ս սույն որոշման 14-րդ կետը), իսկ երկրորդը` դատավարական իրավունքի ենթադրյալ խախտմանը, որը դրսևորվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ և 390-րդ հոդվածների, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջների խախտմամբ (տե՛ս սույն որոշման 15-16-րդ կետերը):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքաբերի կողմից փաստարկված ենթադրյալ խախտումները փոխկապակցված են` նյութական իրավունքի խախտումը կարող է հետևանք լինել դատարանների կողմից սույն գործի քննության ժամանակ թույլ տրված քրեադատավարական նորմերի ենթադրյալ խախտման, ուստի անհրաժեշտ է համարում առաջին հերթին քննության առնել դատավարական իրավունքի ենթադրյալ խախտման հարցը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ դատապարտյալի՝ իրեն մեղսագրված արարքի քրեաիրավական որակումը քրեական օրենքում կատարված փոփոխություններին համապատասխանեցնելու հարցի քննարկմանը ներկա գտնվելու իրավունքի իրացման երաշխիքների առումով առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:

19. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք Վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտն այն պայմաններում, երբ Առաջին ատյանի դատարանը դատապարտյալ Խ.Ավագյանին մեղսագրված արարքի քրեաիրավական որակումը ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխություններին համապատասխանեցնելու հարցը քննարկել դատապարտյալի բացակայությամբ:

20. Արարքի քրեաիրավական որակումը նոր ընդունված օրենքին համապատասխանեցնելու քրեադատավարական ընթացակարգին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Ա.Արծրունու վերաբերյալ որոշման մեջ, որով Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(…) անձի կատարած արարքի քրեաիրավական որակումը նոր ընդունված քրեական օրենքին համապատասխանեցնելը, նրան պատժից ազատելը, պատիժը մեղմացնելը և վիճակն այլ կերպ բարելավելն իրականացվում է ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան նորմերի համաձայն և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 437-րդ և 438-րդ հոդվածներով սահմանված ընթացակարգով:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հանցանք կատարած անձի վիճակը նոր քրեական օրենքի ուժով բարելավելու հիմքով դատավճիռը վերանայելու, մասնավորապես` անձի կատարած արարքի քրեաիրավական որակումը նոր ընդունված քրեական օրենքին համապատասխանեցնելու հարցը լուծելով` դատարանը կայացնում է որոշում, որտեղ իրենց լուծումն են ստանում դատավճռին վերաբերող հարցեր (օրինակ` արարքի քրեաիրավական որակում, պատժատեսակի և պատժաչափի որոշում): Հետևաբար, այդ որոշումը ևս հանդիսանում է գործն ըստ էության լուծող դատական ակտ (…)» (տե՛ս mutatis mutandis Արսեն Արայի Արծրունու վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ՎԲ-16/11 որոշման 11-րդ կետը):

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 438-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Դատական որոշման հետ կապված հարցերը դատարանի կողմից քննվում են դատական նիստում՝ դատապարտյալի մասնակցությամբ»:

Վճռաբեկ դատարանի վերոշարադրյալ դիրքորոշման և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 438-րդ հոդվածի 1-ին մասի համակարգային վերլուծությունից երևում է, որ անձի կատարած արարքի քրեաիրավական որակումը ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխություններին համապատասխանեցնելու հարցի քննարկմանը դատապարտյալի մասնակցությունն Առաջին ատյանի դատարանում պարտադիր է:

Ա.Ղարիբյանի վերաբերյալ որոշման մեջ Վճռաբեկ դատարանն անդրադարձել է դատական քննությանը մասնակցելու՝ անձի իրավունքին և դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ. «(…) դատական քննությանը մասնակցելը կողմերի` քրեադատավարական օրենքով երաշխավորված իրավունքն է, իսկ նշված իրավունքի ապահովման պարտականությունը կրում է դատարանը: Գործի քննությանը մասնակցելու կողմերի իրավունքը, ի թիվս այլոց, դատարանն ապահովում է գործի քննության տեղի և ժամանակի մասին նրանց ծանուցելու միջոցով, ուստի կարևոր իրավական նշանակություն ունի այն, որ այդ ծանուցումը կրի պատշաճ բնույթ» (տե՛ս mutatis mutandis Ամալյա Սերժիկի Ղարիբյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԿԴ/0008/06/11 որոշման 16-րդ կետը):

21. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 386-րդ հոդվածի համաձայն` «Վերաքննիչ բողոքի հիման վրա վերաքննիչ դատարանը ստուգում է գործի փաստական հանգամանքների բացահայտման և քրեական օրենքի կիրառման ճշտությունը, ինչպես նաև գործը քննելիս և լուծելիս քրեական դատավարական օրենքի նորմերի պահպանումը»:

Վերը նշված նորմի վերլուծությունից երևում է, որ վերաքննիչ վարույթում Վերաքննիչ դատարանի գործառույթն է նաև ստուգել ստորադաս դատարանի գործողությունների իրականացման քրեադատավարական պատշաճ ձևի պահպանումը:

22. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ դատապարտյալ Խ.Ավագյանի դիմումն Առաջին ատյանի դատարանում քննության է նշանակվել 2011 թվականի հուլիսի 14-ին: Մինչդեռ, դատապարտյալ Խ.Ավագյանն Առաջին ատյանի դատարանում իր վերաբերյալ գործի քննությանը ներկա չի գտնվել, իսկ գործի նյութերում բացակայում է որևէ ապացույց այն մասին, որ դատական նիստերի տեղի և ժամանակի մասին դատապարտյալ Խ.Ավագյանը ծանուցված է եղել, ինչպես նաև դիմում, որը պարունակեր դատապարտյալ Խ.Ավագյանի խնդրանքն իր վերաբերյալ գործի քննությունն իր բացակայությամբ իրականացնելու մասին (տե՛ս սույն որոշման 9-11-րդ կետերը):

Վերաքննիչ բողոքում դատապարտյալ Խ.Ավագյանը բարձրացրել է նաև Առաջին ատյանի դատարանում իր բացակայության հարցը (տե՛ս սույն որոշման 12-րդ կետը):

Ստուգման ենթարկելով Առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը Վերաքննիչ դատարանն անդրադարձել է միայն Խ.Ավագյանի արարքի քրեաիրավական որակման և պատժի հարցերին (տե՛ս սույն որոշման 13-րդ կետը):

Մեջբերված փաստական հանգամանքների վերլուծությունից երևում է, որ Վերաքննիչ դատարանը քննարկման առարկա չի դարձրել Առաջին ատյանի դատարանում դատապարտյալի` իրեն մեղսագրված արարքի քրեաիրավական որակումը ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխություններին համապատասխանեցնելու հարցը քննարկմանը ներկա չգտնվելու փաստարկին:

23. Սույն որոշման 21-րդ և համապատասխանաբար նաև Ա.Արծրունու և Ա.Ղարիբյանի վերաբերյալ որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո մեկնաբանելով սույն որոշման 22-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանն իրավասու չէր դատապարտյալ Խ.Ավագյանին մեղսագրված արարքի քրեաիրավական որակումը ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխություններին համապատասխանեցնելու հարցը քննարկել դատապարտյալի բացակայությամբ, իր հերթին Վերաքննիչ դատարանն իրավաչափ չի գործել չանդրադառնալով այն հանգամանքին, որ Առաջին ատյանի դատարանում դատապարտյալ Խ.Ավագյանն իրեն մեղսագրված արարքի քրեաիրավական որակումը ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխություններին համապատասխանեցնելու հարցի քննարկմանը ներկա չի գտնվել:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը դատապարտյալ Խ.Ավագյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 8-րդ, 15-րդ կետերով Երևանի քրեական դատարանի 2008 թվականի հոկտեմբերի 21-ի դատավճիռը «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2011 թվականի մայիսի 23-ի ՀՕ 143-Ն օրենքին համապատասխանեցնելիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 438-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա պարտավոր էր միջոցներ ձեռնարկել դատական նիստերին դատապարտյալի մասնակցությունն ապահովելու համար: Այդ նպատակով դատարանը, ի թիվս այլ գործողությունների, պետք է պատշաճ միջոցներ ձեռնարկեր նշանակված դատական նիստի տեղի և ժամանակի մասին կողմերին ծանուցելու և վերջիններիս` դատական քննությանը մասնակցելու իրավունքի անխափան իրացումն ապահովելու համար: Միաժամանակ, եթե առկա է գործի քննությունն իր բացակայությամբ իրականացնելու վերաբերյալ դատապարտյալի խնդրանքը, ապա դատարանն իրավասու է դատապարտյալին մեղսագրված արարքի քրեաիրավական որակումը քրեական օրենքում կատարված փոփոխություններին համապատասխանեցնելու հարցը քննարկել նրա բացակայությամբ:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանին, ապա վերջինս դատապարտյալ Խ.Ավագյանի վերաքննիչ բողոքի հիման վրա ստորադաս դատարանի կողմից կայացված որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը դատական ստուգման ենթարկելիս պետք է անդրադառնար Առաջին ատյանի դատարանի կողմից քրեադատավարական օրենքի նորմերի պահպանման խնդրին:

24. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեադատավարական օրենքի էական խախտումներ են դատական քննության ժամանակ սույն օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումները, որոնք գործին մասնակցող անձանց` օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրանցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա: (…):

Հիմք ընդունելով սույն որոշման 20-23-րդ կետերը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները սույն գործով դատական ակտ կայացնելիս թույլ են տվել քրեադատավարական օրենքի խախտում, որն իր բնույթով էական է, ինչը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս բեկանել Առաջին ատյանի դատարանի ու Վերաքննիչ դատարանի որոշումները և գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան` նոր քննության:

25. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ սույն որոշման 18-րդ կետում նշված՝ նյութական իրավունքի նորմերի ենթադրյալ խախտումների վերաբերյալ փաստարկներին հնարավոր է անդրադառնալ միայն սույն որոշման մեջ արձանագրված դատավարական իրավունքի խախտումը վերացնելուց հետո:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Դատապարտյալ Խոսրով Հայրապետի Ավագյանի վերաբերյալ «Դատավճիռը գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու մասին» Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի հուլիսի 14-ի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2011 թվականի սեպտեմբերի 6-ի որոշումները բեկանել և գործն ուղարկել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

 

Ե. Դանիելյան

 

Հ. Ասատրյան

Հ. Ղուկասյան

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան