Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.03.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.05.23/26(900) Հոդ.650
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
23.03.2012
Подписан
Նախագահող
Дата подписания
23.03.2012
Дата вступления в силу
23.03.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/2005/02/09
2012թ.
  

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/2005/02/09

Նախագահող դատավոր՝ Ն. Տավարացյան

Դատավորներ` Ս. Միքայելյան

                   Դ. Խաչատրյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը

(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Տ. Պետրոսյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Ե. Սողոմոնյանի

2012 թվականի մարտի 23-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Վանիկ Զաքոյանի և Ռոբերտ Գալստյանի վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.09.2011 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Վանիկ Զաքոյանի ընդդեմ Ժենյա Գալստյանի, Արսեն, Ավետիս, Դերենիկ Դեմիրչյանների, Անուշ Սողոմոնյանի իրավահաջորդներ Վարդգես, Սամվել, Արմեն Պողոսյանների, երրորդ անձ Ռոբերտ Գալստյանի` ձեռքբերման վաղեմության հիմքով փաստացի զբաղեցրած հողամասի և շինության նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու և ընդհանուր սեփականությունից դրանք առանձնացնելու պահանջների մասին, և Ռոբերտ Գալստյանի հայցի ընդդեմ Ժենյա Գալստյանի, Արսեն, Ավետիս, Դերենիկ Դեմիրչյանների, երրորդ անձ Վանիկ Զաքոյանի` ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,

 

 Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Վանիկ Զաքոյանը պահանջել է ճանաչել սեփականության իրավունքը Երևան քաղաքի Ավան 4-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 17 տան` իր կողմից փաստացի զբաղեցված 39,5 քմ մակերեսով օրինական շինությունների, 53,9 քմ մակերեսով օրինական հողամասի, ինչպես նաև 5,5 քմ մակերեսով բակի նկատմամբ և վերը նշված շինություններն ու հողամասն առանձնացնել ընդհանուր սեփականությունից:

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 12.03.2010 թվականի վճռով հաստատվել է կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը, և քաղաքացիական գործի վարույթը կարճվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.06.2010 թվականի որոշմամբ գործին մասնակից չդարձված անձ Ռոբերտ Գալստյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 12.03.2010 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Դիմելով դատարան՝ Ռոբերտ Գալստյանը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել սեփականության իրավունքը Երևան քաղաքի Ավան 4-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 17 բնակելի տան` իրեն պատկանող մասի և դրանով ծանրաբեռնված, ինչպես նաև սպասարկման համար անհրաժեշտ հողամասի նկատմամբ:

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 17.11.2010 թվականի որոշմամբ նշված քաղաքացիական գործերը միացվել են մեկ վարույթում:

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (նախագահող դատավոր` Ա. Բադիրյան) (այսուհետ՝ Դատարան) 10.06.2011 թվականի վճռով հայցերը մերժվել են։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 28.09.2011 թվականի որոշմամբ Վանիկ Զաքոյանի և Ռոբերտ Գալստյանի վերաքննիչ բողոքները մերժվել են, և Դատարանի 10.06.2011 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։

Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Վանիկ Զաքոյանը և Ռոբերտ Գալստյանը։

Վճռաբեկ բողոքների պատասխաններ չեն ներկայացվել։

 

2. Վանիկ Զաքոյանի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, ինչի արդյունքում սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ, 187-րդ և 280-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը չի կատարել գործի լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն, մասնավորապես` հաշվի չի առել, որ 01.03.2010 թվականի հաշտության համաձայնությամբ Ժենյա Գալստյանը և Արսեն, Ավետիս, Դերենիկ Դեմիրչյանները հաստատել են, որ վիճելի անշարժ գույքի նկատմամբ ճանաչվի բողոք բերած անձի սեփականության իրավունքը։

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն հանգամանքը, որ բողոք բերած անձը դատաքննության ընթացքում հայտնել է, որ վիճելի անշարժ գույքի առուվաճառքի գործարքը 1973 թվականին կնքել է Ժենյա Գալստյանի և Արսեն, Ավետիս, Դերենիկ Դեմիրչյանների իրավանախորդ Սարգիս Դեմիրչյանի հետ, ինչն էլ բավարար հիմք է տվել ենթադրելու, որ այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն, իսկ վերջինս 1973-1990 թվականն ընկած ժամանակահատվածում երբևէ չի դիմել համապատասխան մարմիններ բողոք բերած անձին վտարելու պահանջով: Ավելին, բողոք բերած անձն իրականացրել է վիճելի անշարժ գույքի կապիտալ շինարարական վերափոխումներ, մասնավորապես` բարեկարգել է տան հատակը, առաստաղը, տանիքը, հիմնովին քանդել է տան պատերից մեկը և վերակառուցել այն, ավելացրել է բնակելի մակերեսը, ինչպես նաև կատարել է տան կոմունալ վճարումները, վճարել է հողի հարկն ու գույքահարկը, տեղադրել է ջրահեռացման համակարգ, ջրաչափ, էլեկտրական հաշվիչ, այսինքն` իրականացրել է գույքի կառավարմանն ու պահպանմանն ուղղված գործողություններ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 28.09.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության։

 

2.1. Ռոբերտ Գալստյանի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, ինչի արդյունքում չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ, 178-րդ, 187-րդ, 280-րդ, 1225-րդ, 1226-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Սարգիս Դեմիրչյանի և բողոք բերած անձի հայր Եղիշ Գալստյանի միջև 07.07.1958 թվականին կնքված պայմանագրով հաստատվում է, որ վիճելի տան առաջին հարկը, բացառությամբ այդ պայմանագրում նշված 32 քմ մակերեսով սենյակի և միջանցքի, կառուցել է բողոք բերած անձի հայրը։ Ավելին, Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել նաև գործում առկա մյուս ապացույցները` 1958 թվականի գլխավոր հատակագիծը, վիճելի բնակելի տան հատակագիծը, բողոք բերած անձի և նրա ընտանիքի անդամների անձնագրերում առկա հաշվառման վերաբերյալ գրառումները, հողի հարկի, գույքահարկի, կոմունալ վճարների անդորրագրերը, որոնցով հիմնավորվում են պատասխանողների և նրանց իրավանախորդի կողմից իրենց անշարժ գույքից հոժարակամ հրաժարվելու, բողոք բերած անձին և նրա իրավանախորդին հանձնելու, իսկ վերջիններիս կողմից այդ գույքն օրինական հիմքերով ձեռք բերելու և որպես սեփականը տիրապետելու և օգտագործելու հանգամանքները:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 28.09.2011 թվականի որոշման` Ռոբերտ Գալստյանի հայցը մերժելու մասը և այն փոփոխել` հայցը բավարարել։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Ավան տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր) 31.08.2009 թվականի թիվ Ս/Ղ առ Ելք Գ-1161ա գրության համաձայն` Երևան քաղաքի Ավան 4-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 17 հասցեի հողամասի օրինական մակերեսը 450 քմ է, փաստացի մակերեսը` 725,5 քմ: Նշված հասցեի սեփականատերերն են Ժենյա Գալստյանը, Արսեն, Ավետիս և Դերենիկ Դեմիրչյանները (հիմք` 03.08.1990 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը) և Անուշ Սողոմոնյանը (հիմք` Երքաղխորհրդի գործկոմի 24.11.1995 թվականի թիվ 44/9 որոշումը): Վանիկ Զաքոյանը զբաղեցնում է 60,9 քմ ներքին մակերեսով շինություններ, որից 39,5 քմ-ն օրինական շինություններ են, 21,4 քմ-ը` ինքնակամ կառուցված: Շինություններով ծանրաբեռնված հողամասի մակերեսը կազմում է 73,1 քմ, առկա է նաև 5,5 քմ մակերեսով բակ: Նշված հողատարածքից 19,2 քմ-ն ինքնակամ զբաղեցված է: Վանիկ Զաքոյանի կողմից զբաղեցված հողատարածքը հնարավոր է առանձնացնել` մուտքի հողատարածքը թողնելով ընդհանուր օգտագործման (հատոր 1-ին, գ.թ. 8)։

2) Դերենիկ Դեմիրչյանի կողմից տրված և 09.02.2010 թվականին նոտարական կարգով վավերացված հայտարարության համաձայն` վերջինս չի առարկել, որ Երևան քաղաքի Ավան 4-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 17 հասցեում գտնվող փաստացի զբաղեցված հողամասը և դրա վրա կառուցված շինությունները սեփականաշնորհվեն Վանիկ Զաքոյանի անվամբ: Միաժամանակ նշել է, որ վերը նշված գույքի (օրինական, անօրինական շինությունների և հողամասի) նկատմամբ որևէ պահանջ չունի (հատոր 1-ին, գ.թ. 52-53)։

3) Սույն գործով հայցվոր Վանիկ Զաքոյանի և պատասխանողներ Ժենյա Գալստյանի, Արսեն, Ավետիս, Դեմիրչյանների, Անուշ Սողոմոնյանի իրավահաջորդներ Վարդգես, Սամվել, Արմեն Պողոսյանների միջև 01.03.2010 թվականին կնքված հաշտության համաձայնության համաձայն` պատասխանողները հաստատել են, որ Վանիկ Զաքոյանը 1973 թվականին գնել է Երևանի Ավան 4-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 17 տան և հողամասի իր կողմից փաստացի զբաղեցված մասը, այն է` 60,9 քմ ներքին մակերեսներով շինություններ, որից 39,5 քմ-ը` օրինական, իսկ 21,4 քմ-ը` ինքնակամ կառուցված, ինչպես նաև 5,5 քմ բակ, որոնք գտնվում են 73,1 քմ հողամասի վրա, որից 19,2 քմ-ն ինքնակամ զբաղեցված է: Պատասխանողները հաստատել են, որ վերը նշված գույքի (օրինական, ինքնակամ շինությունների և հողամասի) նկատմամբ որևէ պահանջ չունեն: Պատասխանողները տվել են իրենց համաձայնությունը, որպեսզի ձեռքբերման վաղեմության հիմքով ճանաչվի Վանիկ Զաքոյանի սեփականության իրավունքը 39,5 քմ օրինական շինությունների և 59,4 օրինական հողամասի նկատմամբ, և այդ օրինական շինություններն ու հողամասն առանձնացվեն ընդհանուր` 450 քմ, հողամասից` մուտքի հողամասը թողնելով ընդհանուր օգտագործման (հատոր 1-ին, գ.թ. 54)։

4) Գործում առկա բաժանորդի էպիկրիզների, 01.06.2009 թվականի խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման պայմանագրի, բաժանորդի հաշվի քաղվածքների, «ԱրմենՏել» ՓԲԸ-ի 22.12.2010 թվականի գրության համաձայն` Վանիկ Զաքոյանը Երևանի Ավան 4-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 17 հասցեի էլեկտրաէներգիայի, խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և հեռախոսակապի ծառայությունների մատուցման բաժանորդ է (հատոր 4-րդ, գ.թ. 13-27)։

5) Ժենյա Գալստյանի 25.11.2010 թվականի հայտարարության համաձայն` Վանիկ Զաքոյանը գնման պահից Երևանի Ավան 4-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 17 հասցեում գտնվող փաստացի զբաղեցված հողամասի և շինության համապատասխան հողի հարկի և գույքահարկի գումարները տվել է իրեն, որոնք էլ վճարել է իր անվամբ (հատոր 4-րդ, գ.թ. 28)։

6) 21.01.1942 ԶԺ թիվ 939932 ծննդյան վկայականի համաձայն` Ռոբերտ Եղիշի Գալստյանը ծնվել է 13.01.1942 թվականին, ծնողներն են Եղիշ Ենոքի Գալստյանը և Շողիկ Գալուստի Գալստյանը (հատոր 1-ին, գ.թ. 83)։

7) Սարգիս Դեմիրչյանի և Եղիշ Գալստյանի միջև 07.07.1958 թվականին կնքված պայմանագրի համաձայն` Սարգիս Դեմիրչյանին Երևանի Կիրովյան ռայոնի շրջսովետի կողմից Ավան 1-ին կվարտալ թիվ 51 հասցեում հողամաս է հատկացվել: Պայմանները չներելու պատճառով նա դիմել է Եղիշ Գալստյանին, պայմանավորվել են, որ միասին բնակարան կառուցեն, ընդ որում, առաջին հարկի համար պահանջվող շինանյութերը պետք է գներ Եղիշ Գալստյանը: Եղիշ Գալստյանը պարտավորվել է բնակարանը կառուցելուց հետո առաջին հարկի 32 քմ մակերեսով սենյակը մեկ միջանցքով հանձնել Սարգիս Դեմիրչյանին: Առաջին հարկի վրա ծախսված գումարը կազմել է 17.000 ռուբլի, որը ծախսվել է Եղիշ Գալստյանի կողմից: Սարգիս Դեմիրճյանը պարտավորվել է երկրորդ հարկը կառուցել իր միջոցներով (հատոր 1-ին, գ.թ. 86)։

8) Երևանի Ավանի թիվ 2 սեփական տնատիրության 02.04.2010 թվականի տեղեկանքի համաձայն` Եղիշ Գալստյանը 1958 թվականից մինչև իր մահը (16.02.1976 թվականը) գրանցված բնակվել է Երևան քաղաքի Ավան 4-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 17 տանը (նախկին հասցեն` Ավան 1-ին կվարտալ, թիվ 51 տուն): Նրա որդին` Ռոբերտ Գալստյանը, 1958 թվականից մինչև այժմ գրանցված բնակվում է վերոգրյալ հասցեում (հատոր 1-ին, գ.թ. 91):

9) Կադաստրի 28.01.2011 թվականի թիվ Ա/Ա առ Ելք գ-1601ա գրության համաձայն` Երևան քաղաքի Ավան 4-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 17 հասցեի անշարժ գույքը Երքաղխորհրդի գործկոմի կողմից տրված ակտի հիման վրա սեփականության իրավունքով գրանցվել է Սարգիս Դեմիրչյանի անվամբ, որից հետո 5-2879 ժառանգության իրավունքի վկայագրի և 03.08.1996 թվականին տրված 5-2878 սեփականության վկայականի համաձայն` բաժնային սեփականության իրավունքով գրանցվել է Ժենյա Գալստյանի, Արսեն, Ավետիս և Դերենիկ Դեմիրչյանների անվամբ (հատոր 3-րդ, գ.թ. 67)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքները նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

Վանիկ Զաքոյանի վճռաբեկ բողոքը հիմնավոր է, իսկ Ռոբերտ Գալստյանի վճռաբեկ բողոքը հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

«ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն՝ օրենսգրքի 187-րդ հոդվածի գործողությունը տարածվում է նաև այն դեպքերի վրա, երբ գույքի տիրապետումն սկսվել է 1999 թվականի հունվարի 1-ից առաջ և շարունակվում է օրենսգիրքը գործողության մեջ դնելու պահին։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել սեփականատեր չունեցող գույքի նկատմամբ, ինչպես նաև այն գույքի, որի սեփականատերն անհայտ է, կամ որից սեփականատերը հրաժարվել է, կամ որի նկատմամբ սեփականության իրավունքը նա կորցրել է օրենքով նախատեսված այլ հիմքերով։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից՝ այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին՝ առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն)։

Վերոնշյալ հոդվածների համադրումից հետևում է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման միջոց։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի վերլուծությունից հետևում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայությունը։ Մասնավորապես դրանք են՝

1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ։ Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքը անձի փաստացի տիրապետմանն անցնելիս։ Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման։ Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով։ Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը ձեռք է բերում և տիրապետելու է որպես սեփականություն,

2. փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն՝ գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում։ Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում,

3. տիրապետումը պետք է լինի 10 տարի և անընդմեջ։ Այսինքն՝ 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի։ Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն,

4. տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն՝ փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տե`ս ըստ հայցի Մարուսյա Աբրահամյանի, Ռուբիկ Սիմոնյանի ընդդեմ Միխայել Սիմոնյանի, Ջուլիետա Հակոբջանյանի, Արթուր Սիմոնյանի, Լարիսա Գևորգյանի, Արման, Անահիտ և Ջուլիետա Սիմոնյանների` բնակելի տարածության օգտագործման իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու և վտարելու պահանջի մասին և Միխայել Սիմոնյանի հակընդդեմ հայցի` սեփականության իրավունքի գրանցման վկայականը մասնակի անվավեր ճանաչելու, ձեռքբերման վաղեմության ուժով փաստացի տիրապետմամբ զբաղեցրած հողամասի և շինության նկատմամբ իր և ընտանիքի անդամների սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին թիվ 3-1451(ՎԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 10.10.2007 թվականի որոշումը)։

Վանիկ Զաքոյանի հայցի մասով Դատարանի վճռի հիմնավորվածության և օրինականության հարցը քննարկելիս Վերաքննիչ դատարանը հիմնավոր է համարել Դատարանի այն պատճառաբանությունը, որ Կադաստրի 31.08.2009 թվականի թիվ Գ-1161ա տեղեկանքով հերքվում է հայցի հիմքում ընկած այն հիմնական փաստարկը, որ Վանիկ Զաքոյանը 1973 թվականին ներքին առուծախի պայմանագրով Ժենյա Գալստյանից, Արսեն, Ավետիս, Դերենիկ Դեմիրչյաններից գնել է վիճելի տան իր կողմից զբաղեցված մասը: Մասնավորապես` նշված փաստաթղթով ապացուցվում է, որ վերջիններս վիճելի տան համասեփականատերեր են դարձել 1990 թվականին և իրավասու չէին 1973 թվականին տնօրինչական գործողություններ կատարել:

Ռոբերտ Գալստյանի հայցի մասով Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ թողնելիս Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ Սարգիս Դեմիրչյանի, իսկ նրա մահից հետո վերջինիս ժառանգների անվամբ կատարված սեփականության իրավունքի գրանցումը, հանդիսանալով վարչական ակտ, պահպանում է իր ուժը և դրա չվիճարկված լինելու պայմաններում Ժենյա Գալստյանի, Ավետիս, Արսեն և Դերենիկ Դեմիրչյանների սեփականության իրավունքի դադարման, հետևաբար Ռոբերտ Գալստյանի սեփականության իրավունքի ծագման հարցը չի կարող քննարկման առարկա դառնալ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման ինստիտուտի կիրառման շրջանակներում:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին։

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը։

Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին։

Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլև պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը։

Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը։

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում։ Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե`ս ըստ հայցի Ռազմիկ Մարությանի ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների, ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի՝ ժառանգական գույքի ընդունման փաստի ճանաչման և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին և Ստեփան և Անահիտ Մարությանների հակընդդեմ հայցի՝ սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան և հողամասի բաժանման պահանջի մասին ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի թիվ 3-54(ՎԴ) որոշումը)։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն՝ վերաքննիչ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչպես նաև այն օրենքը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս։

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, գտնելով, որ Վանիկ Զաքոյանի կողմից վիճելի անշարժ գույքի տիրապետումը հիմնված չէ այնպիսի փաստի վրա, որը տիրապետողին կարող է բավարար հիմքեր տալ ենթադրելու, որ նա այդ գույքը իր տիրապետմանն անցնելու պահից տիրապետել է որպես սեփականը, գնահատման առարկա չի դարձրել սույն գործում առկա ապացույցները և չի պատճառաբանել, թե ինչու են այդ ապացույցները մերժվում։ Մասնավորապես, Վերաքննիչ դատարանի կողմից գնահատման առարկա չեն դարձվել Դերենիկ Դեմիրչյանի 09.02.2010 թվականի հայտարարությունը և 01.03.2010 թվականին կնքված հաշտության համաձայնությունը:

Նշված ապացույցներով, մասնավորապես, պատասխանողներն ընդունել են վիճելի անշարժ գույքի դիմաց Վանիկ Զաքոյանի կողմից գումար վճարելու և այն հատուցմամբ ձեռք բերելու փաստը: Ավելին, նշված փաստաթղթերով պատասխանողները չեն առարկել, որ վիճելի անշարժ գույքի նկատմամբ ճանաչվի Վանիկ Զաքոյանի սեփականության իրավունքը, այսինքն` ըստ էության հրաժարվել են այդ գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից՝ առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության: Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է Ժենյա Գալստյանի 25.11.2010 թվականի հայտարարությունն այն մասին, որ Վանիկ Զաքոյանը գնման պահից վիճելի հասցեում գտնվող փաստացի զբաղեցված հողամասի և շինության համապատասխան հողի հարկի և գույքահարկի գումարները տվել է իրեն, որոնք էլ վճարել է իր անվամբ։

Վերաքննիչ դատարանը, Ռոբերտ Գալստյանի վերաքննիչ բողոքի մերժման հիմքում դնելով այն հանգամանքը, որ սեփականության իրավունքի գրանցումը վիճարկված չլինելու պայմաններում սեփականության իրավունքի դադարման, հետևաբար սեփականության իրավունքի ծագման հարցը ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման ինստիտուտի կիրառման շրջանակներում չի կարող քննարկման առարկա դառնալ, չի նշել այն իրավական նորմը, որի հիման վրա եկել է նման եզրահանգման:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքների հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը բավարար է համարում՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

 1. Վանիկ Զաքոյանի վճռաբեկ բողոքը բավարարել, իսկ Ռոբերտ Գալստյանի վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.09.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։

 2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում։

 3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Տ. Պետրոսյան

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան