Գլխավոր տեղեկություն
Номер
N 913-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (02.08.2012-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.08.01/37(911) Հոդ.914
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
19.07.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.07.2012
Дата вступления в силу
02.08.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հուլիսի 2012 թվականի N 913-Ն

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔՈՂԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի «ե» կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել քաղաքացիական պաշտպանության քողարկման կարգը` համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հուլիսի 24

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

հուլիսի 19-ի N 913-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔՈՂԱՐԿՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է ռազմական դրության ժամանակ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության քողարկման (այսուհետ՝ քողարկում) հիմնական խնդիրները, միջոցառումների կազմակերպումը և իրականացումը:

2. Քողարկումը միջոցառումների համալիր է` ուղղված քաղաքացիական պաշտպանության միջոցառումների, ուժերի և միջոցների, բնակավայրերի ու կազմակերպությունների առկայության, տեղաբաշխման, կազմի, վիճակի, գործառույթների ու մտադրությունների թաքցմանը և հակառակորդի զինված ուժերի ապակողմնորոշմանը, բոլոր խոցման միջոցներից բնակչությանն ու նյութական արժեքները պաշտպանելու ինժեներատեխնիկական միջոցառումների իրականացմանը:

3. Քողարկման ձևերն են ուժերի և միջոցների նկատմամբ իրականացվող օպերատիվ քողարկումը և բնակավայրերի ու կազմակերպությունների լուսաքողարկումը:

4. Օպերատիվ քողարկումն ընդգրկում է հետևյալ ձևերը` թաքցնումը, տեխնիկայի ներկումը, նմանակումը, ուժերի և միջոցների կեղծ տեղակայման վայրերի ստեղծումը, ցուցադրական գործողությունները և ապատեղեկատվությունը, տեխնիկայի, հատուկ, կարևորագույն նշանակության օբյեկտների ծածկումը՝ քողարկման ցանցերի միջոցով՝ տեղանքի գույներին և ռելիեֆային պայմաններին համապատասխան:

5. Լուսաքողարկումը տեխնիկական միջոցառումների համալիր է, որի նպատակը բնակավայրերի, կազմակերպությունների (օբյեկտների) ապաքողարկող երևույթները վերացնելն է և դրանք դժվար տեսանելի դարձնելը՝ օպտիկական և թռչող սարքերից դիտարկելիս:

 

II. ԼՈՒՍԱՔՈՂԱՐԿՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

6. Հայաստանի Հանրապետության բնակավայրերում ու կազմակերպություններում լուսաքողարկումն ապահովող նախապատրաստական միջոցառումները պետք է իրականացվեն նախօրոք:

7. Լուսաքողարկման միջոցառումներն իրականացվում են երկու ռեժիմով՝ մասնակի մթնեցում և լրիվ մթնեցում:

8. Մասնակի մթնեցման ռեժիմը սահմանվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պետի որոշմամբ և բնակավայրերի ու կազմակերպությունների լուսավորության հիմնական ռեժիմն է: Մասնակի մթնեցման ռեժիմի նպատակն ընդհանուր լուսավորությունն իջեցնելն է՝ չխախտելով կազմակերպությունների արտադրական գործունեությունը և տրանսպորտի աշխատանքը, ինչպես նաև բնակավայրերի կենսագործունեությունը, և պահանջվող ժամկետներում լրիվ մթնեցման ռեժիմ մտցնելու համար պայմանների ստեղծումը:

9. Սովորական լուսավորության ռեժիմից մասնակի մթնեցման ռեժիմի անցնելը պետք է իրականացվի ոչ ավելի, քան 16 ժամվա ընթացքում: Այդ ընթացքում պետք է ավարտվեն բնակավայրերի, ռազմական դրության ժամանակ արտադրական գործունեությունը շարունակող կազմակերպությունների լուսաքողարկման նախապատրաստական աշխատանքները և իրականացվեն հետևյալ միջոցառումները՝

1) գովազդային լուսավորության սարքերի անջատում.

2) լուսավորության մակարդակի իջեցում՝

ա. բնակավայրերի փողոցների, ճանապարհների, զբոսայգիների, պուրակների, մանկական, դպրոցական և առողջապահական հաստատությունների համար,

բ. բնակելի, հանրային, արտադրական և օժանդակ շինությունների համար։

10. Քաղաքային տրանսպորտը, ինչպես նաև երթևեկությունը կարգավորող միջոցները մասնակի մթնեցման ռեժիմում ենթակա չեն լուսաքողարկման:

11. Լրիվ մթնեցման ռեժիմը մտցվում է «Օդային տագնապ» ազդանշանով և ավարտվում «Օդային տագնապի ավարտ» ազդանշանով: Մասնակի մթնեցման ռեժիմից լրիվ մթնեցման ռեժիմի անցնելը պետք է իրականացվի ոչ ավելի, քան 3 րոպեում: Քաղաքային տրանսպորտը լրիվ մթնեցման ռեժիմում չի շահագործվում, իսկ երթևեկությունը կարգավորող միջոցներն անջատվում են:

12. Լրիվ մթնեցման ռեժիմում իրականացվում են հետևյալ միջոցառումները՝

1) արտաքին լուսավորության անջատում.

2) ներքին լույսերի լուսաքողարկման միջոցառումների իրականացում.

3) լրիվ մթնեցման ռեժիմում աշխատանքների համար նախատեսված լուսամփոփների ու լուսային նշանների միացում.

4) լրիվ մթնեցման պայմաններին համապատասխանող արտադրության տեխնոլոգիային անցում:

13. Բնակավայրերը և կազմակերպությունները պետք է լուսաքողարկվեն ամբողջ օբյեկտի կամ դրա մի մասի էլեկտրալուսավորության կենտրոնացված անջատման միջոցով:

14. Բնակավայրերի և կազմակերպությունների արտաքին լուսավորության անջատման և միացման ղեկավարումը նախատեսվում է իրականացնել կենտրոնացված եղանակով: Միացումը և անջատումն իրականացվում են կարգավորական ղեկավարման կետերից, որոնք պետք է անմիջական կապ ունենան քաղաքային կամ համայնքային կարգավորական ղեկավարման կետերի հետ:

15. «Օդային տագնապ» ազդանշանի ժամանակ աշխատանքները շարունակող կազմակերպությունների և առանձին տարածքների աշխատանքային լուսավորությունն անջատվում է ներքին լուսավորության ղեկավարման կենտրոնական կետից:

 

III. ԼՈՒՍԱՔՈՂԱՐԿՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

16. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության լուսաքողարկման միջոցառումները կազմակերպում են Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման տարածքային մարմիններն ու տեղական ինքնակառավարման մարմինները:

17. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության լուսաքողարկման միջոցառումների պլանավորումը և դրանց կատարման նկատմամբ հսկողությունը Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 10-ի N 384-Ն որոշմամբ ստեղծված քաղաքացիական պաշտպանության էներգետիկայի և լուսաքողարկման ծառայությունները:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան