«ԳՐԱՆՑՎԱԾ է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
31 մայիսի 2004 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 60004127
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
30 ապրիլի 2004 թ. ք. Երևան N 43-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ «ՋՐՄՈՒՂ-ԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐԱԿԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 38-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից կենցաղային կարիքների համար խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող սպասարկման որակի նվազագույն պահանջները (հավելված):
1.1. «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը` յուրաքանչյուր տարի մինչև փետրվարի 15-ը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնել սույն որոշման 1-ին կետով հաստատված «Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից կենցաղային կարիքների համար խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող սպասարկման որակի նվազագույն պահանջները» հավելվածի 1.1 և 1.2 կետերով սահմանված ցուցանիշների մեծությունները` այդ և դրան հաջորդող տարվա համար:
(1.1 կետը լրաց. 23.05.08 N 279-Ն, փոփ. 15.04.09 N 160-Ն, 25.04.12 N 128-Ն)
2. (2-րդ կետը խմբ. 21.12.05 N 213-Ն, ուժը կորցրել է 28.09.07 N 389-Ն)
3. Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 10-օրյա ժամկետում զանգվածային լրատվական միջոցներով հրապարակել Ընկերության կողմից սպասարկվող տարածքներում ջրամատակարարման գրաֆիկներն ըստ համայնքների:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ հանրային ծառայությունները |
Ռ. Նազարյան |
Հավելված | |
|
ԵՐԵՎԱՆԻ «ՋՐՄՈՒՂ-ԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐԱԿԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Սույն պահանջները վերաբերում են խմելու ջրի մատակարարման այն համակարգերին, որոնք գտնվում են Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետև` Ընկերություն) հաշվեկշռում կամ շահագործվում են նրա կողմից:
1. Մատակարարվող խմելու ջրի որակը պետք է բավարարի «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջները: Որակի հսկողություն» N 2-III-Ա 2-1 սանիտարական կանոններին և նորմերին (գրանցված է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում 2002 թվականի դեկտեմբերի 28-ին, N 10002340):
1.1 Ընկերությունը պարտավոր է իր կողմից հրապարակված ջրամատակարարման գրաֆիկի համաձայն Երևան քաղաքում`
1) բոլոր սպառողներին ժամը 700 -2400 -ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 12-ժամյա ջրամատակարարմամբ.
2) սպառողների առնվազն 79,1 տոկոսին, իսկ 2013 թվականի մայիսի 1-ից սպառողների առնվազն 86,0 տոկոսին ժամը 700 -2400 -ն ընկած ժամանակահատվածում ապահովել անընդհատ ջրամատակարարմամբ.
3) սպառողների առնվազն 64,3 տոկոսին, իսկ 2013 թվականի մայիսի 1-ից սպառողների առնվազն 68,0 տոկոսին ապահովել 24-ժամյա ջրամատակարարմամբ:
(1.1 կետը լրաց. 28.09.07 N 389-Ն, խմբ. 23.05.08 N 279-Ն, 15.04.09 N 160-Ն, 14.04.10 N 183-Ն, 20.04.11 N 182-Ն, 25.04.12 N 128-Ն)
1.2 Ընկերությունը պարտավոր է իր կողմից հրապարակված ջրամատակարարման գրաֆիկի համաձայն Եղվարդ քաղաքում և Պռոշյան, Առինջ, Քասախ, Քանաքեռավան, Զովունի, Մերձավան, Ուշի, Նոր Երզնկա, Սաղմոսավան, Բալահովիտ, Գետամեջ, Նոր Գեղի, Ռադիոկայան, Մրգաշեն, Արտամետ, Պտղնի, Վերին Պտղնի, Թաիրով, Փարաքար, Ջրվեժ, Խարբերդ, Խարբերդի զոնալ կայան, Դիտակ, Բարձրաշեն, Ջրաշեն, Ջրամբար, Արամուս, Կաթնաղբյուր, Մայակովսկի, Արգավանդ, Գեղանիստ գյուղերում`
1) բոլոր սպառողներին ժամը 700 -2400 -ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 4-ժամյա ջրամատակարարմամբ.
2) սպառողների առնվազն 76,1 տոկոսին ժամը 700 -2400 -ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 6-ժամյա ջրամատակարարմամբ.
3) սպառողների առնվազն 73,9 տոկոսին ժամը 700 -2400 -ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 8-ժամյա ջրամատակարարմամբ.
4) սպառողների առնվազն 51,1 տոկոսին ժամը 700 -2400 -ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 12-ժամյա ջրամատակարարմամբ.
5) սպառողների առնվազն 47,8 տոկոսին ժամը 700 -2400 -ն ընկած ժամանակահատվածում ապահովել անընդհատ ջրամատակարարմամբ.
6) սպառողների առնվազն 47,7 տոկոսին ապահովել 24-ժամյա ջրամատակարարմամբ:
(1.2 կետը լրաց. 28.09.07 N 389-Ն, խմբ. 23.05.08 N 279-Ն, 15.04.09 N 160-Ն, 14.04.10 N 183-Ն, 20.04.11 N 182-Ն, 25.04.12 N 128-Ն)
1.3 (1.3 կետն ուժը կորցրել է 15.04.09 N 160-Ն)
2. (2-րդ կետն ուժը կորցրել է 28.09.07 N 389-Ն)
3. Ընկերությունը պարտավոր է տարեկան առնվազն երկու անգամ` տվյալ տարվա ապրիլ և սեպտեմբեր ամիսների 15-25-ն ընկած ժամանակահատվածներում, տվյալ տարածքի սպառողներին հասու առնվազն մեկ օրաթերթում հրապարակել իր սպասարկման տարածքի ջրամատակարարման գրաֆիկները (այսուհետ` գրաֆիկ), որոնցից առաջինը պետք է գործի տվյալ տարվա մայիսի 1-ից, իսկ երկրորդը՝ հոկտեմբերի 1-ից: Այն պետք է կազմվի և հրապարակվի այնպես, որ սպասարկման տարածքի ցանկացած սպառող հնարավորություն ունենա ծանոթանալու իր գրաֆիկին: Գրաֆիկի հրապարակումից առնվազն երեք աշխատանքային օր առաջ Ընկերությունը պարտավոր է իր սպասարկման տարածքի սպառողներին առնվազն մեկ հեռուստաալիքով երեք օր անընդմեջ՝ օրական առնվազն երկու անգամ, նվազագույնը մեկ ժամ ընդմիջումով, ժամը 1800 -2300 -ն ընկած ժամանակահատվածում իրազեկել նոր գրաֆիկի հրապարակման ժամկետի և օրաթերթի անվանման մասին: Ընկերությունը պարտավոր է հրապարակումից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ օրաթերթի առնվազն մեկական օրինակ պատվիրված նամակով անվճար ուղարկել իր սպասարկման տարածքի տեղական ինքնակառավարման մարմիններ և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: Ընկերությունը պարտավոր է իր սպասարկման տարածքի բոլոր սպառողներին յուրաքանչյուր ամիս նախորդ ամսում սպառված ջրի դիմաց ներկայացվող վճարման փաստաթղթերում ներառել նաև տվյալ սպառողի հաջորդ ամսվա ջրամատակարարման նվազագույն գրաֆիկի ժամերը: Շուրջօրյա ջրամատակարարման դեպքում վճարման փաստաթուղթը պետք է ներառի «ջրամատակարարման գրաֆիկ` 24 ժամ» բառերը, իսկ մնացած դեպքերում` «ջրամատակարարման գրաֆիկ`» բառերը և տվյալ բաժանորդի հաջորդ ամսվա օրական ջրամատակարարման գրաֆիկի սկզբի և ավարտի ժամն ու րոպեն: Ընկերությունն իրավունք չունի նվազեցնել որևէ բաժանորդի ջրամատակարարման գրաֆիկի ժամերը` օրաթերթում վերջին անգամ հրապարակված ջրամատակարարման գրաֆիկի համեմատությամբ:
(3-րդ կետը խմբ. 23.05.08 N 279-Ն, փոփ. 15.04.09 N 160-Ն, լրաց. 14.04.10 N 183-Ն, խմբ. 25.04.12 N 128-Ն)
4. Ընկերությունը պարտավոր է ապահովել խմելու ջրի ճնշումը բազմաբնակարան շենքի և առանձնատան մուտքագծում` առնվազն վերջին հարկի հատակի նիշի վրա եղած հաշվարկային ճնշմանը ավելացրած 0,05ՄՊա (5մ ջրի սյուն): Մուտքագծում փաստացի ճնշումը չպետք է գերազանցի 0,6ՄՊա-ն (60մ ջրի սյուն):
5. Ընկերությունը պարտավոր է սպառողներին տրամադրել վթարային ծառայության, ինչպես նաև տարածքային սպասարկման ստորաբաժանման այն հեռախոսահամարները և հասցեները, որոնցով սպառողները կարող են ստանալ կամ հաղորդել տեղեկատվություն` ներառյալ ահազանգեր, բողոքներ, հարցադրումներ և այլն, այդ թվում` ջրի որակի մասին: Ստացված տեղեկատվությունը գրանցվում է հատուկ մատյանում:
6. Խմելու ջրի մատակարարման համակարգում պլանային աշխատանքներ իրականացնելու պատճառով ջրամատակարարումը լրիվ կամ մասնակի դադարեցվելու կամ ջրամատակարարման հաստատված գրաֆիկը խախտելու դեպքում Ընկերությունը պարտավոր է աշխատանքներն սկսելուց երկու օր առաջ սպառողներին իրազեկել այդ աշխատանքների կատարման և ջրամատակարարումը վերսկսելու կանխատեսվող ժամկետի մասին, որը չպետք է գերազանցի հաստատված գրաֆիկով նախատեսված խմելու ջրի վերջին մատակարարումից հետո 24 ժամը:
7. Մատակարարման համակարգում վթարների դեպքում Ընկերությունը պարտավոր է օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին, հնարավորինս սեղմ ժամկետում իրազեկել սպառողներին վթարի և այն վերացնելուց հետո խմելու ջրի մատակարարման վերսկսման ժամկետի մասին: Բնականոն ջրամատակարարման վերսկսման ժամկետը չպետք է գերազանցի հաստատված գրաֆիկով նախատեսված խմելու ջրի վերջին մատակարարումից հետո 36 ժամը:
8. Սույն պահանջների 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված ժամկետներում խմելու ջրի մատակարարումը որևէ պատճառով չվերականգնելու դեպքում Ընկերությունը պարտավոր է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 22-ի N 130-Ն որոշմամբ հաստատված «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման կանոններով» սահմանված կարգով ջրազրկված տարածքների սպառողներին անվճար ապահովել խմելու ջրի որակին ներկայացվող պահանջներին համապատասխանող ջրով:
9. Եթե Ընկերությունը չի կատարել 8-րդ կետի պահանջը, ապա նա պարտավոր է սպառողների տվյալ ամսվա վճարման ենթակա գումարը նվազեցնել թերմատակարարված ջրի արժեքի քառապատիկի չափով (թերմատակարարված ջրի քանակը որոշվում է նախորդ 3 ամսվա միջին օրական ծախսի և թերմատակարարված օրերի արտադրյալով):
10. Եթե մատակարարվող խմելու ջրի որակը չի համապատասխանում սույն պահանջների 1-ին կետի պայմանին, ապա Ընկերությունն այդ մասին սահմանված կարգով տեղեկացնում է համապատասխան իրավասու մարմիններին, ձեռնարկում անհրաժեշտ բոլոր միջոցները ջրի որակը նշված նորմերին համապատասխանեցնելու համար` զանգվածային լրատվական և հնարավոր այլ միջոցներով տեղեկացնելով սպառողներին:
(Հավելվածը լրաց., փոփ. 28.09.07 N 389-Ն, խմբ. 23.05.08 N 279-Ն, խմբ., փոփ. 15.04.09 N 160-Ն, խմբ., լրաց. 14.04.10 N 183-Ն, խմբ. 20.04.11 N 182-Ն, 25.04.12 N 128-Ն)