Գլխավոր տեղեկություն
Номер
N 382-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.04.2012-20.10.2012)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.04.18/20(894) Հոդ.436
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.03.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.04.2012
Дата вступления в силу
19.04.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մարտի 2012 թվականի N 382-Ն


 ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԽԹԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների 2012 թվականի ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների 2012 թվականի ծրագրի միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. ապրիլի 6

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2012 թվականի

մարտի 29-ի N 382-Ն որոշման

 

2012 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԽԹԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

I. ՆԱԽԱԲԱՆ

 

1. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ընդհանուր նկարագիրը

 

Տեղեկատվական տեխնոլոգիաների (այսուհետ՝ ՏՏ) ոլորտը հանդիսանում է Հայաստանի տնտեսության ամենամեծ և ամենաարագ զարգացող ճյուղերից մեկը: Այն առաջատար դիրք է գրավում տեխնոլոգիական ինովացիաների, օտարերկրյա ներդրումների և աշխատուժի կատարելագործման բնագավառներում: Թե՛ միջազգային կորպորացիաները, թե՛ նորաստեղծ ընկերությունները հաջող գործունեություն են ծավալում երկրում` ընդլայնելով իրենց բիզնեսը Հայաստանում: Հարուստ գիտակրթական ավանդույթները և բարձրակարգ կադրերն օգնեցին Հայաստանին ներգրավել տեղեկատվական, հեռահաղորդակցման և բարձր տեխնոլոգիաների ոլորտի համաշխարհային բազմաթիվ ընկերություններ: Այսօր Հայաստանում արդեն գործում են Եվրոպայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի տեխնոլոգիաների ոլորտի մի շարք ընկերությունների գիտահետազոտական և ծրագրավորման կենտրոններ: Այդ հաստատություններն աշխատում են աշխարհի բազմաթիվ կորպորացիաների կողմից կիրառվող գերժամանակակից տեխնոլոգիաներով և միջոցներով` թողարկելով նոր արտադրանք և ծառայություններ, կամ առաջարկելով բիզնես խնդիրների նոր լուծումներ:

2000 թվականից ի վեր ՏՏ-ի ոլորտը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ճանաչվել է երկրի տնտեսական առաջընթացի կարևորագույն բաղադրիչներից մեկը: 2008 թվականի Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված ՏՏ-ի ոլորտի զարգացման բազմակողմանի ռազմավարությունն ուղղված է զարգացնելու հեռահաղորդակցության և բիզնես ինկուբացիայի ենթակառուցվածքը, բարձրացնելու տեխնիկական կրթությամբ շրջանավարտների թիվը և որակավորումը, ընդլայնելու տեխնոլոգիական ոլորտի սկսնակ ընկերությունների աջակցման և ֆինանսավորման մեխանիզմները և խթանելու հայկական տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների (այսուհետ՝ ՏՀՏ) ոլորտի այլ կարևոր բնագավառների աճը: Այդ ռազմավարության հաջող իրականացումը կապահովի Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի բարձր մրցունակությունը և ճանաչումը ամբողջ աշխարհում, որի վառ ապացույցն են 2010-2011 թվականների ոլորտի զարգացումները:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանն իր հարևան ԱՊՀ և Մերձավոր Արևելքի երկրների շարքում համարվում է առաջատար երկրներից մեկը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը, կարևորելով ՏՀՏ-ի արդյունաբերության զարգացումը ոչ միայն որպես առանձին ոլորտ, այլ նաև որպես Հայաստանի տնտեսության ընդհանուր առաջընթացի, արտադրողականության բարձրացման և համաշխարհային տնտեսության մեջ մրցունակությունն ապահովելու հիմնական գործոն, հատուկ շեշտադրել է Հայաստանում ՏՀՏ-ի ոլորտի արդյունավետության շարունակական աճի ապահովումը, տնտեսության այլ բնագավառներում ոլորտի արտադրանքի և ծառայությունների կիրառումն ու երկրում տեղեկատվական հասարակության ձևավորումը։

2001 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացավ Հայաստանի Հանրապետության ինֆորմացիոն (տեղեկատվական) տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացման հայեցակարգը, իսկ 2008 թվականին` ՏՏ-ի ոլորտի զարգացման հայեցակարգը։ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2001 թվականի հուլիսի 20-ի N ՆՀ-896 հրամանագրով ստեղծվեց Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդը (այսուհետ` ՏՏԶԱԽ), որի նախագահը Հայաստանի Հանրապետության վարչապետն է։ ՏՏԶԱԽ-ը, հանդիսանալով կապող օղակ Հայաստանի Հանրապետության կառավարության և ՏՏ-ի բիզնեսի, կրթական հաստատությունների, ՏՏ-ի հասարակական կազմակերպությունների, դոնոր և միջազգային կազմակերպությունների միջև, կազմակերպում և անց է կացնում տեղեկատվական հասարակության կայացմանը և ՏՏ-ի արդյունաբերության խնդիրների լուծմանը նպաստող քննարկումներ։

Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային հասարակության ձևավորման հայեցակարգին հավանություն տալու մասին» N 7 արձանագրային որոշմամբ հաստատվել է Հայաստանում էլեկտրոնային հասարակության ձևավորման հայեցակարգը` հաջորդող մի քանի տարիներին իրականացնելու համար:

Կնքվել են համագործակցության մի շարք պայմանագրեր և փոխըմբռնման հուշագրեր ինչպես այլ պետությունների` Հնդկաստանի Հանրապետության, Եգիպտոսի Արաբական Հանրապետության և այլն, այնպես էլ համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են «Մայքրոսոֆթը», «Ալկաթելը», «Հյուլեթ Փակարդը», «Սան Մայքրոսիսթեմսը», «Նեյշնլ Ինսթրումենթսը», «Մենթոր Գրաֆիքսը», «Սիսկոն», «Ինթելը», «Սինոփսիսը», «Դ-Լինքը» և այլն։

Ավանդական են դարձել «Արմթեք» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների միջազգային համաժողովը և «Դիջիթեք» տեղեկատվական, հեռահաղորդակցման և բարձր տեխնոլոգիաների մասնագիտացված ցուցահանդեսը:

Ոլորտն այսօր դարձել է ՏՏ-ի շուկայի բարձր եկամտաբերություն ապահովող ճյուղը և գրավիչ է խոշորածավալ օտարերկրյա ուղղակի ներդրումների համար:

Վերջին տասը տարիներին ոլորտում գրանցվել է նոր ընկերությունների կտրուկ աճ թե՛ տեղական նորաստեղծ ընկերությունների, թե՛ արտասահմանյան մասնաճյուղերի: Ընդ որում, արտասահմանյան ընկերությունների ավելի քան 80 տոկոսն ստեղծվել է 2000-2011 թվականների ընթացքում: 2011 թվականի գործող ՏՏ-ի ընկերությունների թիվը մոտ 300 է:

Առաջատար երկրների և միջազգային փորձի վերլուծական ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետությունում դրանց առաջավոր ուղղությունների տեղայնացման արդյունքում ՏՏ-ի ոլորտում բարձր վարձատրությամբ նոր աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ արձանագրվել է նշանակալի առաջընթաց, մասնավորապես, 2011 թվականի դրությամբ ոլորտում ներգրավված է մոտ 5500 մասնագետ, իսկ հեռահաղորդակցության ոլորտի հետ միասին` ավելի քան 10000 մասնագետ, ընդ որում` ծրագրավորողների համախառն տարեկան աշխատավարձը կազմում է շուրջ 5.280-14.520 մլն ԱՄՆ դոլար:

Հայաստանի համախառն ներքին արդյունքում ՏՏ-ի ոլորտի մասնաբաժինը կազմել է 1.7 տոկոս, ինչը կարող է համեմատվել Հնդկաստանի (1.4 տոկոս) և Գերմանիայի (1.3 տոկոս) հետ: 2011 թվականի ՏՏ-ի ընկերությունների ընդհանուր հասույթը հասել է 205 մլն ԱՄՆ դոլարի: ՏՏ-ի ոլորտի ընկերությունների արտադրանքի ու ծառայությունների շուրջ 50 տոկոսն արտահանվում է:

Վերը նշվածը վկայում է տարածաշրջանի և միջազգային շուկաներում հանրապետությունից արտահանվող ՏՏ-ի ոլորտի արդյունքի կայուն մասնաբաժնի ապահովման, ինչպես նաև արտահանման բնագավառում ոլորտի մասնաբաժնի և եկամտաբերության ավելացման մասին:

Հայաստանի Հանրապետության կառավարության Կայուն զարգացման ծրագրի 235-րդ կետով նախանշված ցուցանիշների կատարման ուղղությամբ ևս արձանագրվել է որոշակի առաջընթաց: Մասնավորապես, կառավարման գործընթացների բարելավման և հանրության համար վերջիններիս թափանցիկության բարձրացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային հասարակության ձևավորման հայեցակարգի շրջանակում 2010 թվականին ներդրվել է www.e-gov.am էլեկտրոնային կառավարման պորտալը, որում մատուցվում են լիցենզիաների հայտերի էլեկտրոնային ընդունման, կազմակերպությունների էլեկտրոնային գրանցման, հարկային հաշվետվությունների էլեկտրոնային ներկայացման, էլեկտրոնային վիզայի, Մտավոր սեփականության գործակալության էլեկտրոնային հայտերի ընդունման, էլեկտրոնային ստորագրությունների ստացման, էլեկտրոնային գնումների և այլ ծառայություններ: Հայաստանի Հանրապետության պետական գերատեսչությունների գերակշիռ մեծամասնությունն ստեղծել և ներդրել է սեփական ինտերնետային կայքէջը: Նշենք, որ 2008-2010 թվականներին Հայաստանի միջազգային ինտերնետային կապի թողունակությունն աճել է շուրջ 10 անգամ` 1083 մբիթ/վրկ-ից հասնելով 10547 մբիթ/վրկ-ի, իսկ ներքին ինտերնետ կապի թողունակությունը շուրջ 8 անգամ` 434 մբիթ/վրկ-ից հասնելով 3681 մբիթ/վրկ-ի: Հայաստանի Հանրապետության բնակչության ինտերնետ հասանելիությունը 5 տոկոսից աճել է` 2010 թվականին կազմելով շուրջ 44 տոկոս: Հայաստանի Հանրապետությունում համակարգիչների հագեցվածության մակարդակի բարձրացման ուղղությամբ իրականացվել է «Համակարգիչ բոլորի համար» ծրագիրը:

Հայաստանը 2011 թվականին ստանձնել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (այսուհետ` ՍՏՀԿ) շրջանակում գործող տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների աշխատանքային խմբի համակարգումը: 2011 թվականի նոյեմբերի 13-16-ը աշխատանքային խմբի՝ Թուրքիայում կայացած նիստում հաստատվել է համակարգող երկրի` Հայաստանի կողմից ներկայացված 2011-2013 թվականների աշխատանքային ծրագրի նախագիծը, որը մշակվել էր ՍԾՏՀ-ի անդամ-երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի կողմից ընդունված հռչակագրի և համատեղ հայտարարությունների դրույթներին համապատասխան:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հետևողականորեն և աստիճանական կերպով շարունակում է աջակցել ոլորտի հետագա զարգացմանը։

2011 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով հատկացվել էր 80 մլն դրամ` որպես պետական աջակցություն` ուղղված ՏՏ-ի ոլորտի զարգացմանը։ Նշված ծրագրի շրջանակում կատարվել են հետևյալ միջոցառումները`

 

1) Հայաստանի ՏՏ-ի ոլորտը ներկայացնելը և խթանելը Հայաստանում և արտերկրում, հետազոտությունը, հասարակական իրազեկումը

Ծրագրի իրականացմամբ ակնկալվում էր ապահովել ՏՏ-ի ոլորտի զարգացման միտումների վերլուծությունն ու մարտահրավերների ուսումնասիրությունը, ոլորտի առաջխաղացումների ներկայացումը, ոլորտի զարգացման խթանման, ներկայացման և առաջմղման համար մեխանիզմների մշակումը: Այդ ուղղությամբ իրականացված ՏՏ-ի ոլորտի հետազոտության արդյունքում մշակվել է ՏՏ-ի ոլորտի ներկա իրավիճակի վերլուծությունը, ինչպես նաև կատարվել է ՏՏ-ի ձեռնարկությունների վերաբերյալ ուղեցույցի թարմացում, ինչը, ըստ էության, ապահովել է ծրագրում նախանշված նպատակների արդյունավետ իրականացումը:

 

2) «Հայաստանում կազմակերպվող ցուցահանդեսներ, համաժողովներ» միջոցառման շրջանակում անց են կացվել մի շարք համաժողովներ, ցուցահանդեսներ, մրցույթներ: Դրանք են`

Միջոցառման իրականացմամբ` հայաստանյան ՏՏ-ի ոլորտի ձեռքբերումները տեղական ցուցահանդեսներում, համաժողովներում և այլ միջոցառումներում ներկայացնելու արդյունքում, ակնկալվում էր ապահովել հասարակական իրազեկման բարձրացումը, տնտեսության այլ ճյուղերում ՏՏ-ի գործիքների և լուծումների ներդրման խթանումը, որի արդյունքում` արտադրողականության աճի ու ապրանքների և ծառայությունների արտահանման ավելացումը: Կարող ենք փաստել, որ ծրագրի իրականացման արդյունքում ապահովվել է վերը նշված արդյունքների ձեռքբերման բարձր արդյունավետություն, մասնավորապես՝

ա) 2011 թվականի հոկտեմբերի 7-9-ը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (այսուհետ` ԻՏՁՄ) կողմից կազմակերպվող «ԴիջիԹեք-2011» տեղեկատվական, հեռահաղորդակցման և բարձր տեխնոլոգիաների 7-րդ ամենամյա միջազգային ցուցահանդեսը, որի հիմնական նպատակը բարձր տեխնոլոգիաների ընկերությունների, գործարար սպառողների և հասարակության միջև հաղորդակցման բարենպաստ միջավայր ստեղծելն է: Ցուցահանդեսը հայաստանյան ՏՀՏ-ի դաշտի իրական պատկերն ուսումնասիրելու, ընկալելու, ձեռքբերումներն արձանագրելու, առկա մարտահրավերներն ու հնարավորությունները տեսնելու հարթակ է և միտված է ՏՏ-ի ընկերությունների շուկա մուտք գործելուն և իրենց ապրանքների և ծառայությունների ցուցադրմանը, ինչպես նաև միջազգային կապերի ընդլայնմանը: «Դիջիթեք»-ը լուծում է նաև մի շարք այլ կարևոր խնդիրներ. նախ խթանում է արտերկրում Հայաստանի, որպես բարձր տեխնոլոգիական իրադարձությունների երկրի իմիջի ձևավորմանը, բացի դրանից՝ ցուցահանդեսն ունի ներդրումների ներգրավման նպատակ՝ արտասահմանյան ներդրողներին հնարավորություն տալով տեղում ծանոթանալու ամբողջ ՏՀՏ-ի համայնքին և նախանշելու հետագա ծրագրեր: Ցուցահանդեսն ունի նաև կրթական նպատակ` երիտասարդ սերնդի այցելուներին ցուցադրելով, որ ապագան տեխնոլոգիական զարգացմանն է:

«Դիջիթեք-2011» ցուցահանդեսին մասնակցեցին տեղական, սինգապուրյան, թայվանական, ռուսական, լեհական, վրացական 115 ընկերություններ, ինչը 70 տոկոս ավելին էր նախորդ տարվա 68 ընկերությունների մասնակցության համեմատ: Տարեցտարի աճում է նաև ցուցահանդեսի այցելուների թիվը՝ 2011 թվականին գրանցելով ավելի քան 18.000 անձի այցելություն:

Ընկերությունները ցուցահանդեսի ընթացքում ներկայացրել են ՏՀՏ-ի սարքավորումներ և համակարգեր, ֆինանսաբանկային և հաշվապահական լուծումներ, արտադրության և բիզնես պրոցեսների ավտոմատացում, բարձր տեխնոլոգիական և ինժեներական լուծումներ, կրթությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, էլեկտրոնային կառավարում, համակարգչային գրաֆիկա և մուլտիմեդիա և այլն:

Ցուցահանդեսի ընթացքում բալթյան երկրների առաջատար ՏՏ-ի դիստրիբյուտոր «Ակմե Քոմփյութեր Քոմփոնենթսը» (ACC, այսուհետ` ԷյՍիՍի) հայտնեց հայկական ՏՏ-ի շուկա իր մուտք գործելու մասին: Ընկերությունը ներկայացնում է համաշխարհային առաջատար արտադրողների` «Ասուս», «Դելլ», «ԷլՋի», «Սոնի», «Ֆիլիպս», «Դ-Լինկ» և այլն:

Ոլորտին առնչվող կրթական ծրագրերը ցուցահանդեսում ներկայացրեցին Հայաստանի պետական ճարտարագիտական, Հայ-ռուսական (Սլավոնական), Հայաստանի Ամերիկյան և Եվրասիա միջազգային համալսարանները, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը և այլ կրթական հաստատություններ:

«Դիջիթեք-2011» ցուցահանդեսում առանձին տաղավարով հանդես եկավ նաև Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը,

բ) «Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի (STEP) շրջանակում «VC» վենչուրային համաժողովի ֆինանսավորում» միջոցառում.

2006 թվականի մայիսից իրականացվող «Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի (STEP ծրագիր)» նպատակն է խթանել հայ գիտնականների և մասնավոր հատվածի միջև փոխգործակցությունը, ինչպես նաև նպաստել ընդհանուր իրազեկության մակարդակի բարձրացմանը, գիտնականների ու գործարարների պատրաստակամությանը հաստատելու փոխշահավետ կապեր և ներգրավելու անհրաժեշտ միջոցներ:

Միջոցառման շրջանակում 2011 թվականին իրականացվել է բիզնես համագործակցության աջակցության (ԲՀԱ) դրամաշնորհների մրցույթը, որին ներկայացվել է 12 ծրագիր: Կիսաեզրափակիչ փուլ անցած 8 թիմերի ներկայացուցիչների համար կազմակերպվել է վերապատրաստում. յուրաքանչյուր թիմին տրամադրվել է անհատական խորհրդատվություն Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (այսուհետ` ՁԻՀ) կողմից: Վերջնական փուլը` Վենչուրային համաժողովը, տեղի է ունեցել 2011 թվականի հոկտեմբերի 11-ին: Գնահատման արդյունքում ընտրվել են 4 հաղթող թիմ, որոնցից յուրաքանչյուրին տրամադրվել է 15000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի մրցանակ, որի 50 տոկոսը համաֆինանսավորվել է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, իսկ 50 տոկոսը` ԱՄՆ-ի Քաղաքացիական հետազոտությունների և զարգացման հիմնադրամի կողմից:

Միջոցառման շրջանակում 2011 թվականին իրականացվել է նաև «Տեխնոլոգիական ձեռներեցություն գործնական սեմինար և գործուղման դրամաշնորհ» ծրագիրը, որին դիմել են 12 կազմակերպություն, որոնց ներկայացուցիչները հունիսի 28-30-ը մասնակցել են «Տեխնոլոգիական ձեռներեցություն» գործնական սեմինարին: Սեմինարի վերջում թիմերից յուրաքանչյուրը ներկայացրել է իր բիզնես առաջարկը:

Գնահատման արդյունքում 2011 թվականի օգոստոսին ընտրվել են 3 հաղթող ծրագրեր, որոնց ներկայացուցիչները, որպես մրցանակ, ստացել են ԱՄՆ գործուղման հնարավորություն` հնարավոր գործընկերների և ներդրողների հետ բանակցություններ վարելու համար:

Միջոցառման շրջանակում 2011 թվականին իրականացվել են նաև ՏՏ-ի ոլորտի կլաստերային սեմինարներ,

գ) «ՏՏ ոլորտի մասնավոր հատվածի հետ «Տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների լիդերները` առանց փողկապների» արտագնա հանդիպում-քննարկումների ֆինանսավորում» միջոցառման շրջանակում 2011 թվականի փետրվարի 18-20-ը Աղվերանի «Արթուրս» հյուրանոցային համալիրում անցկացվել է «ՏՀՏ լիդերները՝ առանց փողկապների» խորագրով 2011 թվականի առաջին հանդիպում-քննարկումը, որը նվիրված էր ԻՏՁՄ-ի 2011-2013 թվականների երկարաժամկետ ռազմավարության և դրանում մատնանշված խնդիրների լուծման համար գործողությունների ծրագրի նախագծի քննարկմանը: Ֆորումի շրջանակում կազմակերպված թեմատիկ աշխատաժողովների արդյունքների ամփոփումը ԻՏՁՄ-ին հնարավորություն տվեց պատրաստելու միության 2011-2013 թվականների ռազմավարությունը, որն այնուհետև հաստատվեց 2011 թվականի ապրիլի 8-ին կայացած ԻՏՁՄ-ի 11-րդ համագումարին:

2011 թվականի թվով երկրորդ ֆորումը կազմակերպվեց Երևանում 2011 թվականի մայիսի 27-ին և հունիսի 6-ին: Հանդիպման ընթացքում ներկայացվեց նաև Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվական, հեռահաղորդակցման տեխնոլոգիաների, ճարտարագիտության և ինովացիաների խթանման լրացուցիչ միջոցառումների անհրաժեշտության մասին հայեցակարգը:

2011 թվականի սեպտեմբերի 17-19-ը Աղվերանի «Աղվերան» հյուրանոցային համալիրում անցկացվել է «ՏՀՏ լիդերները՝ առանց փողկապների» խորագրով երրորդ հանդիպում-քննարկումը, որը նվիրված էր Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացվելիք ՀՊՃՀ ինստիտուտի բարեփոխումների և Հայաստանում տեխնոլոգիական ձեռներեցության առաջնային զարգացման առաջարկությունների քննարկմանը:

2011 թվականի հոկտեմբերի 28-30-ը Ստեփանակերտում անցկացվեց 2011 թվականի 4-րդ «ՏՀՏ-ի լիդերների հանդիպում» համաժողովը:

2011 թվականի դեկտեմբերի 9-11-ը Դիլիջանի «Բեսթ Վեսթերն Փարադայս» հյուրանոցային համալիրում տեղի ունեցավ 2011 թվականի 5-րդ ՏՀՏ-ի լիդերների հանդիպում-քննարկումը, որը նվիրված էր էլեկտրոնային առևտրի ոլորտում առկա խնդիրների քննարկմանը:

Նշված հանդիպումների իրականացմամբ բարձրացվել է հասարակության իրազեկվածությունը և ամրապնդվել են ՏՏ-ի ոլորտի ներքին կապերը` հիմք ստեղծելով նորարարությունների, արտադրողականության բարձրացման և ՏՏ-ի ոլորտի ու հանրության միջև առավել լայն կապերի ամրապնդման համար,

դ) 2011 թվականի հոկտեմբերի 10-11-ը Երևանում տեղի ունեցավ «ԱրմԹեք 2011» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների 4-րդ ամենամյա համաժողովը, որն անցկացվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի բարձր հովանու ներքո: Համաժողովի նպատակն է լուսաբանել Հայաստանի տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող բարձր տեխնոլոգիաների ոլորտի աճը, խթանել միջազգային համագործակցությունը և ներդրումների ներգրավումը, նպաստել ՏՏ-ի ոլորտի մասնագետների միջև համագործակցությանը, Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտը դարձնել գլոբալ ճանաչելի:

Համաժողովի կազմակերպման նպատակով 2011 թվականի հունվարին կազմվել էր համաժողովի կազմկոմիտե և երեք աշխատանքային խմբեր՝ ծրագրային աշխատախումբ, մարքեթինգային աշխատախումբ և լոգիստիկ աշխատախումբ:

ՁԻՀ-ի կողմից գրանցվել է www.armtechcongress.am դոմեյնը և վերաբացվել է համաժողովի վեբկայքը: Վերամշակվել և համաժողովի կայքէջում տեղադրվել է համապատասխան բովանդակություն:

Համաժողովի օրակարգը ներառում էր ավելի քան 60 խոսնակներ, որոնց թվում էին Հայաստանի ՏՀՏ-ի և բարձր տեխնոլոգիաների ոլորտի ճանաչված մասնագետներ, համաշխարհային խոշորագույն ՏՏ-ի ընկերությունների` ներառյալ Սիսկոյի, Մենթոր Գրաֆիքսի (Mentor Graphics), Ինթելի, Սինոփսիսի, Դ-Լինքի և այլ կազմակերպությունների ղեկավար պաշտոնյաներ և միջազգային փորձագետներ ԵՄ-ից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, ԱՊՀ երկրներից և Արևելյան Ասիայից:

Համաժողովն աննախադեպ հնարավորություն ընձեռեց ավելի քան 250 մասնակիցների քննարկելու ոլորտի ռազմավարական խնդիրները, գնահատելու զարգացման միտումները և ծանոթանալու ոլորտի վերջին նորամուծություններին:

Միջոցառման արդյունավետ և ամբողջական կազմակերպման նպատակով ներգրավված համաֆինանսավորումը կազմել է ավելի քան 10 մլն դրամ,

ե) «ԴիջիԹեք բիզնես ֆորում» միջոցառման շրջանակում 2011 թվականի 24-25-ը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրում տեղի ունեցավ 4-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումը, որն իր շուրջը հավաքեց տեխնոլոգիական ապրանքներ ու ծառայություններ մատուցողներին և գործարար սպառողներին: Ֆորումի ընթացքում իրենց տեխնոլոգիական նորագույն լուծումներն ու ինովացիոն մոտեցումները ներկայացրեցին շուրջ 30 կազմակերպություններ:

ԴիջիԹեք բիզնես ֆորումին զուգահեռ տեղի ունեցավ նաև Մայքրոսոֆթ ինովացիոն ֆորումը, որի շրջանակում նշվեց Մայքրոսոֆթ Հայաստանի 5-րդ տարեդարձը, ամփոփվեց ընկերության գործունեությունը, քննարկվեցին ձեռքբերումները կրթության ոլորտում, նորաբաց Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը և «Երևակայության Գավաթ» մրցույթը Հայաստանում և այլն: Ֆորումի ընթացքում կնքվեց եռակողմ համագործակցության համաձայնագիր ԻՏՁՄ-ի, ՁԻՀ-ի և «Ֆինանսաբանկային քոլեջ» հիմնադրամի միջև:

3) «Միջազգային համագործակցություն» միջոցառման շրջանակում իրականացվել են հետևյալ աշխատանքները՝

ա) «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի ծրագրի իրականացում» միջոցառման շրջանակում 2011 թվականի մայիսի 11-ին տեղի ունեցավ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի (այսուհետ` ՄԻԿ) բացման պաշտոնական արարողությունը:

Բացման արարողության ընթացքում ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության, ՁԻՀ-ի, Մայքրոսոֆթ ԱրԷյ ընկերության և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի միջև ստորագրվեց Փոխըմբռնման հուշագիր, որով կողմերը վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը շարունակել համագործակցությունը` Կենտրոնի կայացմանն աջակցելու գործում:

ՄԻԿ-ը համագործակցություն է հաստատել «Մայքրոսոֆթ» ընկերության հայազգի աշխատակիցների հետ, ովքեր ձևավորել են Հայաստանի ՄԻԿ-ին աջակցության խումբ և պատրաստակամություն են հայտնել նպաստելու կենտրոնի ծրագրերի իրականացմանը: Այս համագործակցության շրջանակում արդեն իսկ 2011 թվականի հոկտեմբերին կազմակերպվել են մի շարք սեմինարներ:

2011 թվականին ՄԻԿ-ի կողմից կազմակերպվել են մի քանի մակարդակներով կարճաժամկետ և երկարաժամկետ մասնագիտական դասընթացներ և սեմինարներ: Դասընթացների մասնակիցների մեծամասնությունն այժմ ընդգրկված են ՄԻԿ-ի ծրագրերում: 2011 թվականին կազմակերպված դասընթացների ընդհանուր տևողությունը շուրջ 900 ժամ է, դասընթացների և սեմինարների մասնակիցների թիվը` շուրջ 900:

ՄԻԿ-ը հանդիսացել է Մայքրոսոֆթի ամենամյա «Երևակայության գավաթ» մրցույթի համակազմակերպիչ: Մրցույթի արդյունքում հաղթող են ճանաչվել «Իքս-Թիչ», «Էկո-ֆրենդս» և «Անակա» թիմերը` զբաղեցնելով համապատասխանաբար 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը:

ՄԻԿ-ը մշակել է «Նորարար գաղափար» մրցույթի նոր ձևաչափ` Հեքըթոն [ՅԱՆ] Երևան, որը կայացել է 2011 թվականի դեկտեմբերի 17-18-ը, և նվիրված էր Երևան քաղաքի խնդիրների լուծմանը: Մրցույթն անց է կացվել պետական, մասնավոր և հասարակական մի շարք կազմակերպությունների համատեղ ջանքերով: Մրցույթին մասնակցեցին ավելի քան 40 թիմ: Մրցույթի արդյունքում տրվեցին մրցանակներ 8 անվանակարգերով` 7 թիմերի:

«Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի ծրագրի իրականացում» միջոցառման համաֆինանսավորումը 2011 թվականին կազմել է ավելի քան 160 մլն դրամ,

բ) «Հայ-հնդկական ՏՀՏ ուսումնական կենտրոնի ծրագրերի իրականացում» միջոցառման շրջանակում 2007 թվականին որոշվել էր նախաձեռնել հայ-հնդկական ՏՀՏ-ի ոլորտների համագործակցության համատեղ ծրագիր և հիմնել ՏՀՏ-ի ուսումնական կենտրոն ՁԻՀ-ի հետ համատեղ: Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունների միջև 2009 թվականի հունիսին կնքվել էր փոխհամաձայնության հուշագիր` Հայաստանում հայ-հնդկական ՏՀՏ-ի վերապատրաստման կենտրոն ստեղծելու մասին:

Կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը տեղի է ունեցել 2011 թվականի նոյեմբերի 7-ին Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի մասնաշենքում:

2011 թվականի փետրվարի 3-4-ը կազմակերպվել է Բարձր արտադրողականության հաշվողական տեխնոլոգիայի վերաբերյալ գիտահետազոտական սեմինար, որը վարվել է հնդիկ մասնագետների կողմից: Սեմինարի նպատակն էր ներկայացնել ԲԱՀ-ի օգտագործման հնարավորությունները գիտահետազոտական աշխատանքների և ծրագրերի իրականացման համար: Սեմինարին մասնակցել է 20 անձ:

Հունիսի 15-18-ը իրականացվել է «Վեբ աշխատածրագրերի անվտանգություն» կարճատև դասընթաց: Դասընթացի հիմնական նպատակն էր ծանոթացնել ուսանողներին վեբ աշխատածրագրերի անվտանգության տեսության և գործնական հմտությունների հետ: Դասընթացին մասնակցել է 19 անձ:

Մասնագետների կողմից իրականացվել են կենտրոնի ցանցի և համակարգչային տեխնիկայի տեղադրման աշխատանքները, ինչպես նաև «ՊԱՐԱՄ» գերհամակարգչի և էլեկտրոնային կրթության համակարգի տեղադրման աշխատանքները:

Հոկտեմբերի 26-ին Հնդկաստանից Հայաստան են ժամանել երկու մասնագետ, որոնք կես տարվա ընթացքում ՁԻՀ-ի հետ համատեղ կմշակեն կենտրոնի աշխատանքային պլանը և ուսումնական ծրագիրը, կիրականացնեն ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ դասընթացներն ուսանողների, դասախոսական անձնակազմի և ՏՏ-ի մասնագետների համար,

գ) «Ինթել և Սիսկո ընկերությունների հետ համատեղ ծրագրերի իրականացում» միջոցառման շրջանակում Ամերիկյան «Հյուլեթ Փակարդ» և «Ինթել» ընկերությունների հետ համատեղ մշակվել է «Համակարգիչ ուսուցիչների համար» ծրագիրը` ուղղված դպրոցների ուսուցիչներին, որոնց հիմնական մասը չունեն համակարգչից օգտվելու հնարավորություն թե՛ տանը, թե՛ աշխատավայրում:

«Ինթել» ընկերության հետ համատեղ մշակվել է նաև «Դպրոցական համակարգիչ» ծրագիրը, որի շրջանակում հայ աշակերտները հնարավորություն կունենան ստանալու շարժական և տարբեր այլ կարգի լուծումներ` բավարարելով տեխնոլոգիական ուսուցման և տեղեկատվական հասանելիության արդի պահանջները: Այս ծրագրի փորձնական փուլում ներառված հայաստանյան 2 կրթահամալիրների աշակերտներին «Ինթել» ընկերության կողմից նվիրվել է 60 դյուրակիր համակարգիչ, որոնք ակտիվորեն կիրառվում են աշակերտների կողմից ուսումնական պրոցեսում:

 «Դպրոցական համակարգիչ» փորձնական ծրագրի շրջանակում 2011 թվականի հունիսի 20-24-ը Երևանում դպրոցների ուսուցիչների համար անցկացվել է «Աշխատանք «1 աշակերտ-1 համակարգիչ» ուսումնական մոդելով» դասընթացը: Դասընթացին մասնակցել են 25 ուսուցիչներ` Երևանից, Հայաստանի տարբեր մարզերից և Արցախից: 4 ուսուցիչներ մասնակցել են նաև Ինթելի կողմից Վրաստանի Քութայիսի քաղաքում կազմակերպված «1 աշակերտ-1 համակարգիչ» ուսումնական մոդելի ճանաչողական-գործնական դասընթացին: Դասընթացներին մասնակցած ուսուցիչները հետագայում կներգրավվեն «Դպրոցական համակարգիչ» ծրագրի լայնամասշտաբ ներդրման գործընթացում` որպես «Ուսուցիչների ուսուցիչներ»:

Պիլոտային ծրագրում ներգրավված էր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կողմից հուլիսի 20-ից նախաձեռնված «Դասարան անիվների վրա» նախագիծը, որն իրականացվում էր Երևան-Եղեգնաձոր-Գորիս-Շուշի-Ստեփանակերտ-Ամարաս-Գանձասար երթուղով:

2011 թվականի մարտից ՍԻՍԿՈ Ցանցային ակադեմիայում մեկնարկել են երկարաժամկետ մասնագիտական դասընթացները: Անցկացվել է 6 ուղղություններով դասընթացներ, մասնակիցների թիվը՝ շուրջ 90: Նոյեմբերից մեկնարկել է նաև երկու կարճաժամկետ դասընթաց հետևյալ թեմաներով՝ օբյեկտակողմնորոշված ծրագրավորում և տվյալների շտեմարաններ, մասնակիցների թիվը՝ մոտ 20 ուսանող:

ՍԻՍԿՈ-ի հետ համագործակցությունն ընդլայնելու նպատակով ՁԻՀ-ն իրականացրել է ՍԻՍԿՈ լաբորատորիաների համաշխարհային ցանցի ուսումնասիրություն և Հայաստանի Հանրապետությունում լաբերի հիմնադրման պոտենցիալի գնահատում: Նախատեսվում է նաև «ՍԻՍԿՈ» կենտրոնի հիմնադրումը, ինչի նպատակով մշակվել է կենտրոնի մոդելը` հիմնված ՍԻՍԿՈ Ձեռներեցության ինստիտուտների և ՍԻՍԿՈ լաբորատորիաների համաշխարհային ցանցերի ուսումնասիրության արդյունքների վրա:

«ԷյչՓի», «ՍԻՍԿՈ» և «Մայքրոսոֆթ» վերազգային ընկերությունների աջակցությամբ ՁԻՀ-ը և ԻՏՁՄ-ն Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ մշակել են «Երևանյան դպրոցներում ՏՏ-ի խմբակների ստեղծման ծրագիրը», որը կոչված է բարձրացնելու դպրոցականների ՏՏ-ի գիտելիքները և խթանելու հետաքրքրությունը ոլորտի նկատմամբ: Ծրագրի պիլոտային փուլին մասնակցող 31 երևանյան դպրոցներում կազմակերպվել և անցկացվել են մեկամսյա անվճար ՏՏ-ի խմբակներ 5-րդ դասարանցիների համար:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների 2011 թվականի ծրագրի իրականացումը նշանակալի ներդրում է ունեցել Հայաստանում տնտեսական զարգացման, միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ենթակառուցվածքի ստեղծման, Հայաստանի տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ենթակառուցվածքի ամրապնդման, ինչպես նաև համաշխարհային շուկայում և, հատկապես, աճի բարձր պոտենցիալով շուկայական թիրախային սեգմենտներում հայաստանյան ՏՏ-ի ոլորտի ներթափանցման ու ներկայության ապահովման, եկամուտների բարձրացման և գիտելիքահենք տնտեսության կայացման գործընթացում:

Ծրագրով նախատեսված պետական պարտավորությունների միջոցով հնարավորություն ընձեռվեց երկրի տնտեսական դաշտ ներգրավել նորանոր ներդրումներ, ինչպես նաև համաշխարհային ճանաչում ունեցող ՏՏ-ի կազմակերպությունների` խթանելով տնտեսության այլ ճյուղերում ՏՏ-ի լուծումների ներդրումը, ՏՏ-ի ոլորտում հաջողությունների հասած երկրների և համապատասխան միջազգային կառույցների հետ համագործակցության հաստատման և ընդլայնման միջոցով նշված երկրների փորձը երկրում ներդնելով: Վերջինս իր հերթին խթան հանդիսացավ Հայաստանի վարկանիշի բարձրացման, սփյուռքահայության հետ համագործակցության ընդլայնման, հայաստանյան ՏՏ-ի ոլորտի ձեռքբերումները տեղական ցուցահանդեսներում, համաժողովներում և այլ միջոցառումներում ներկայացնելու արդյունքում հասարակական իրազեկման բարձրացման, նոր աշխատատեղերի ստեղծման, ոլորտի մասնագետների մասնագիտական հմտությունների զարգացման գործում:

 

2. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հիմնախնդիրները

 

Տեղեկատվական տեխնոլոգիաները մեր տնտեսության ամենամեծ հավակնություններ ունեցող ոլորտներից է, որն ապահովում է մեծ քանակությամբ բարձր վարձատրվող աշխատատեղեր և Հայաստանի տնտեսության մեջ ամենաբարձր հավելյալ արժեք ձևավորող ոլորտն է, ինչով էլ լիովին հիմնավորված հայտնվել է երկրի տնտեսության զարգացման գերակայությունների շարքում: Սակայն վերլուծությունները ցույց են տալիս, որ ՏՏ-ի ոլորտից մեր ակնկալիքները կարող են արդարանալ զարգացման հետևողական, նպատակային քաղաքականություն վարելու դեպքում, երբ ոլորտի հիմնախնդիրները` ելնելով տարածաշրջանային և համաշխարհային զարգացումների թելադրանքից, արագ լուծումներ ստանան, երբ ապահովվի խոշոր արտասահմանյան ընկերությունների մուտքը և նոր ներդրումների հոսքը Հայաստան: ՏՏ-ի ոլորտը պետք է ունենա առավել համախմբվելու, արտաքին աշխարհում համակարգված քայլերով շուկաներ գրավելու և ընդհանուր ոլորտային խնդիրները համատեղ լուծելու կարողություն: Տեխնոլոգիաների զարգացման մերօրյա սրընթաց ժամանակաշրջանում ՏՀՏ-ի ներդրումն այսօր վերածվել է օբյեկտիվ անհրաժեշտության, որն իր հերթին նպաստում է տնտեսության զարգացմանը, գիտության, մշակույթի ու յուրաքանչյուր անհատի, քաղաքացու առաջընթացին:

ՏՏ-ի ոլորտի զարգացման միտումների հետ մեկտեղ, ոլորտի մասնավոր հետազոտությունների, փորձագիտական ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքում բացահայտվել են մի շարք հիմնախնդիրներ, որոնք պայմանավորված են ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ գործոններով։ Դրանք են, մասնավորապես, ՏՀՏ-ի ոլորտի և տեղեկատվական հասարակության ձևավորման բարդությունները, ՏՏ-ի ոլորտի առաջնային զարգացումն ու տեղեկատվական հասարակության կայացումն ապահովող կիրարկման մեխանիզմների բարելավումը, ՏՏ-ի ոլորտի զարգացմանն ու տեղեկատվական հասարակության կայացմանը նպաստող ներդրումների խթանման հետ կապված խնդիրները, ՏՏ-ի ընկերությունների արտադրանքի և ծառայությունների` տեղական, ինչպես նաև համաշխարհային շուկաներում հեղինակության և ճանաչման դժվարությունները, ՏՀՏ-ի ոլորտում որակյալ և մրցունակ կրթական միջավայրի ձևավորման, կադրերի մասնագիտական ուսուցման ու վերապատրաստման առկա դժվարությունները, ՏՏ-ի ոլորտում գործունեության ծավալման և ՏՏ-ի գործիքների համատարած կիրառման համար բարենպաստ գործարար միջավայրի և համաշխարհային չափանիշներին համապատասխանող անհրաժեշտ ՏՀՏ-ի ենթակառուցվածքների անբավարարությունը:

Նշված հիմնախնդիրների հաղթահարմանն են ուղղված 2012 թվականի ընթացքում նախատեսվող ծրագրային միջոցառումները` կարևոր նախապայման հանդիսանալով ոլորտի զարգացման նոր ռազմավարության և երկրի ընդհանուր տնտեսական աճի ապահովման համար։

 

II. ՏՏ-Ի ՈԼՈՐՏԻ ԽԹԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

3. ՏՏ-ի ոլորտի խթանման ծառայությունների 2012 թվականի ծրագրի (այսուհետ` ծրագիր) մշակման և իրականացման հիմքը «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն է։

4. Ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել նաև`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշումը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 28-ի նիստի «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների արդյունաբերությունը Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկը ճանաչելու մասին» N 58 արձանագրային որոշումը.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի «Կայուն զարգացման ծրագիրը հաստատելու մասին» N 1207-Ն որոշումը.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը հաստատելու մասին» N 380-Ա որոշումը.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008-2012 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 878-Ն որոշումը.

6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 28-ի նիստի «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» N 35 արձանագրային որոշումը.

7) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի փետրվարի 25-ի նիստի «Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային հասարակության ձևավորման հայեցակարգին հավանություն տալու մասին» N 7 արձանագրային որոշումը։

 

III. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

5. Ծրագրի իրականացման հիմնական նպատակը Հայաստանում տեղեկատվական և գիտելիքի վրա հիմնված առաջադեմ հասարակության և զարգացած ու համաշխարհային ճանաչում ունեցող ՏՏ-ի ոլորտի կայացմանն աջակցելն է։ Մասնավորապես`

1) Հայաստանում ՏՀՏ-ի կատարելագործված ենթակառուցվածքներով, համակարգչային բարձր գրագիտությամբ, համակարգչային հագեցվածության և ինտերնետ հասանելիության բարձր աստիճանով, համատարած կիրառվող էլեկտրոնային ծառայությունների համակարգերով, մեծածավալ տեղական ՏՏ-ի շուկայի առկայությամբ և առաջադեմ գիտելիքահենք արդյունաբերությամբ երկրի վարկանիշի ապահովումը.

2) մեծ հավելյալ արժեք ստեղծող հետազոտական և բարդ ինժեներական լուծումներ և ծառայություններ մատուցող ընկերություններով, միջազգային շուկաներում մրցունակ տեղական ՏՏ-ի արտադրանքով զարգացած տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կայացումը.

3) համաշխարհային շուկայում մրցակցային առավելություններ ունեցող հայկական ՏՏ-ի ապրանքային նշանի ներթափանցումն ու ներկայությունն ապահովող միջոցառումների իրականացումը.

4) հայկական ՏՀՏ-ի ոլորտի մի շարք կարևոր բնագավառների աճը խթանելու նպատակով համապատասխան կրթությամբ մասնագետների պատրաստման, որակյալ աշխատուժի աճի պահպանման և զարգացման խնդիրների լուծումը:

6. Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքներն են`

1) ՏՏ-ի ոլորտի զարգացման միտումների վերլուծությունն ու մարտահրավերների ուսումնասիրությունը, ոլորտի առաջխաղացումների ներկայացումը, ոլորտի զարգացման խթանման, ներկայացման և առաջմղման համար մեխանիզմների մշակումը.

2) հայաստանյան ՏՏ-ի ոլորտի ձեռքբերումները տեղական ցուցահանդեսներում, համաժողովներում և այլ միջոցառումներում ներկայացնելու արդյունքում հասարակական իրազեկման բարձրացումը, տնտեսության այլ ճյուղերում ՏՏ-ի գործիքների և լուծումների ներդրման խթանումը, որի արդյունքում` արտադրողականության աճի ու ապրանքների և ծառայությունների արտահանման ավելացումը.

3) ՏՏ-ի ոլորտի զարգացմամբ հաջողությունների հասած երկրների և համապատասխան միջազգային կառույցների հետ համագործակցության հաստատման և ընդլայնման միջոցով նշված երկրների փորձի ներդրումը, սփյուռքահայության հետ համագործակցության ընդլայնումը, ներդրումների ներգրավումը, նպատակային երկարաժամկետ ծրագրերի իրականացումը և երկրի տնտեսական դաշտ համաշխարհային ճանաչում ունեցող ՏՏ-ի կազմակերպությունների ներգրավումը` վերջիններիս փորձի, հեղինակության ու կապերի շնորհիվ Հայաստանի վարկանիշի բարձրացումը` հասցնելով այն զարգացած երկրների վարկանիշի մակարդակին և նպաստելով Հայաստանի, որպես տարածաշրջանային ՏՏ-ի հանգույցի իմիջի ձևավորմանը.

4) ոլորտի մասնագիտական կարողությունների զարգացումը, մասնավորապես, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի գարծունեության ապահովումը, դասընթացների, սեմինարների և այլ միջոցառումների կազմակերպումը, Սիսկոյի ցանցային ակադեմիայի գործունեության ապահովումը, մասնագիտական դասընթացների կազմակերպումը, Ինթել կազմակերպության հետ համատեղ վերապատրաստման դասընթացների իրականացումը, ինչպես նաև ՏՏ-ի ոլորտի նշված վերազգային կազմակերպությունների հետ ստորագրված հուշագրերով նախատեսված այլ միջոցառումների իրականացումը:

 

IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ

 

7. Ծրագիրն իրականացվում է պետական և մասնավոր հատվածների սերտ համագործակցությամբ` որպես պետական աջակցություն` ուղղված Հայաստանում ՏՏ-ի ոլորտի շարունակական զարգացմանը և միջազգային շուկաներում դիրքավորմանը, երկրում գիտելիքահենք տնտեսության ձևավորման ուղղությամբ իրական հնարավորությունների ստեղծմանը:

 

V. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

8. Հայաստանի ՏՏ-ի ոլորտի ներկայացում և խթանում Հայաստանում ու արտերկրում, հետազոտություն, հասարակական իրազեկում`

1) ՏՏ-ի ոլորտի զարգացման հայեցակարգով առաջնային խնդիրներից է հանդիսանում արտերկրում և Հայաստանում ոլորտը ներկայացնելը, ՏՏ-ի ոլորտում հաջողությունների հասած երկրների և համապատասխան միջազգային կառույցների հետ համագործակցության խթանումն ու ապահովումը, միջազգային ՏՏ-ի կազմակերպություններին անդամակցումը, Հայաստանի վարկանիշի ձևավորումը` որպես ՏՏ-ի տարածաշրջանային կենտրոն, այդ թվում` նպաստելով Հայաստանում մի շարք միջազգային նշանակության միջոցառումների պարբերական անցկացմանը, նպատակային երկարաժամկետ ծրագրերի իրականացումը և երկրի տնտեսական դաշտ համաշխարհային ճանաչում ունեցող ՏՏ-ի կազմակերպությունների ներգրավումը` վերջիններիս փորձի, հեղինակության ու կապերի շնորհիվ Հայաստանի վարկանիշի բարձրացման և հայկական ՏՏ-ի ապրանքային նշանի առաջխաղացման նպատակով.

2) Հայաստանի ՏՏ-ի ոլորտի ներկայացումը և խթանումը Հայաստանում ու արտերկրում, հասարակության իրազեկումը պատշաճ կերպով կազմակերպելու համար անհրաժեշտ է համապատասխան նյութերի նախապատրաստում և տպագրում։ Այդ նպատակով անհրաժեշտ է իրականացնել ոլորտին վերաբերող հետազոտություններ և վերլուծություններ, որոնք կներկայացնեն ՏՏ-ի ոլորտի ներկա իրավիճակը, այդ թվում` հիմնական խնդիրները և մարտահրավերները, ռազմավարական զարգացման հեռանկարները և վերջին տարիներին գրանցված նվաճումները։ Դրանք կհանդիսանան կարևոր գործիք ոչ միայն բազմաթիվ միջոցառումների, հանդիպումների ընթացքում հայկական ՏՏ-ի ոլորտն ամփոփ և դիտարժան ներկայացնելու, այլև տեղեկատվական աղբյուր կհանդիսանան ՏՏ-ի ոլորտի առջև ծառացած հիմնական խնդիրների և դրանց լուծման հնարավոր ուղիների, ոլորտի աճի հեռանկարների, ներդրումների խթանման և հետագա զարգացման ռազմավարության մշակման համար.

3) Հայաստանի ՏՏ-ի ոլորտի ներկայացումը միջազգային և տեղական շուկաներում, խոշորագույն ցուցահանդեսներում և գագաթնաժողովներում հանդիսանում է կրիտիկական գործոն Հայաստանի` որպես ՏՏ-ի երկրի վարկանիշը ձևավորելու, հայկական ՏՏ-ի ոլորտի կարողությունները և ձեռքբերումները ցուցադրելու, առանձին ընկերությունների կողմից իրենց ծրագրային փաթեթները և ծառայությունները ներկայացնելու ու բիզնես կապեր ստեղծելու, միջազգայնորեն մրցունակ հայկական ՏՏ-ի ապրանքային նշանը ձևավորելու, ինչպես նաև ոլորտի վերջին միջազգային նվաճումներին ծանոթանալու և շուկայական ուսումնասիրություններ կատարելու համար.

4) Հայաստանում կազմակերպվող միջոցառումները (ցուցահանդեսները, համաժողովները, մրցույթները և այլն) նպատակ ունեն ցուցադրելու հայկական ՏՏ-ի ոլորտի ձեռքբերումները և նվաճումները, կառավարության, մասնավոր հատվածի, գիտական և կրթական հաստատությունների և դոնոր կազմակերպությունների համագործակցության, միասնության և համատեղ ջանքերի արդյունքները։ Դրանք կնպաստեն նաև իրազեկության բարձրացմանը և ոլորտի ներքին կապերի ամրապնդմանը` հիմք ստեղծելով նորարարությունների, արտադրողականության բարձրացման և ՏՏ-ի ոլորտի ու առավել լայն հանրության միջև կապերի ամրապնդման համար Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկազմակերպվեն «Դիջիթեք-2012» ցուցահանդեսը, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրում` «Դիջիթեք բիզնես ֆորում 2012» համաժողովը, Աղվերանի «Աղվերան», Հանքավանի «Անի», Դիլիջանի «Բեսթ Վեսթերն Փարադայս» և Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցային համալիրներում` ՏՏ-ի ոլորտի մասնավոր հատվածի հետ «ՏՀՏ լիդերները` առանց փողկապների» խորագրով պարբերաբար անցկացվող արտագնա հանդիպում-քննարկումները, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի (STEP) շրջանակում «VC» վենչուրային համաժողովը, ԱՄՆ-ում՝ «Արմթեք 2012» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի գլոբալ համաժողովը:

9. Միջազգային համագործակցություն`

1) Հայաստանի տնտեսության և, մասնավորապես, երկրի ՏՏ-ի ոլորտի մրցունակության բարձրացման համար կարևոր նշանակություն ունի ՏՏ-ի խոշոր վերազգային կազմակերպությունների ներկայությունը Հայաստանում և դրանց հետ կառավարության և (կամ) մասնավոր հատվածի մակարդակով համատեղ ներդրումային և կրթական ծրագրերի մշակումն ու իրականացումը։ Այդ գործընթացի հիմնական նպատակն է խթանել արտասահմանյան ներդրումները Հայաստանում, ստեղծել նոր աշխատատեղեր, ինչպես նաև ծանոթանալ և կիրառել լավագույն միջազգային փորձը։ Նման նախաձեռնությունները պահանջում են երկարաժամկետ պետական պարտավորությունների ստանձնում, քանի որ նման պարտավորության առկայությունը հանդիսանում է համագործակցության երաշխավորման հիմնական գրավական, իսկ որոշ դեպքերում նաև նախապայման.

2) միջոցառման շրջանակում կշարունակվեն իրականացվել Հայ-հնդկական ՏՀՏ-ի ուսումնական կենտրոնի, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի ծրագրի և Ինթել ու Սիսկո ընկերությունների հետ համատեղ ծրագրերը:

 

VI. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

10. Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով` որպես ծրագրի իրականացմանը պետական աջակցության կողմնորոշիչ չափաքանակ է սահմանվել 80.000.0 հազ. դրամը:

11. ՏՏ-ի ոլորտի խթանման ծառայությունների 2012 թվականի ծրագիրը կֆինանսավորվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին։

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2012 թվականի

մարտի 29-ի N 382-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԽԹԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN
ը/կ

Միջոցառումը

Կատարողը

Կատարման ժամկետը

Կատարման արդյունքները

1

2

3

4

5

1.

Հայաստանի ՏՏ-ի ոլորտը ներկայացնելը և խթանելը Հայաստանում և արտերկրում, հետազոտություն, հասարակական իրազեկում

   

Այս միջոցառումները նպատակ ունեն վերլուծելու ՏՏ-ի ոլորտի զարգացման միտումները և ուսումնասիրելու մարտահրավերները, ներկայացնելու ոլորտի առաջխաղացումները, ձևավորելու մեխանիզմներ ոլորտի զարգացման խթանման, ներկայացնելու և առաջմղման համար:

 

1.1. ՏՏ-ի ոլորտի հետազոտություն, ընկերությունների վերաբերյալ ուղեցույց և ներկա իրավիճակի վերլուծություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ (համաձայնությամբ)

2012 թ.
ընթացքում

ՏՏ-ի ոլորտի հետազոտության, ներկա իրավիճակի վերլուծության և գնահատման արդյունքում ոլորտի հիմնական խնդիրների և մարտահրավերների բացահայտում

 

1.2. «Դիջիթեք 2012» ցուցահանդեսի և դրա շրջանակում այլ միջոցառումների ֆինանսավորում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (համաձայնությամբ)

2012 թ.
2-րդ կիսամյակ

«Դիջիթեք-2012» ցուցահանդեսի և դրա շրջանակում իրականացվող այլ միջոցառումներին ակնկալվում է շուրջ 20000 մարդու այցելություն: Ցուցահանդեսը հնարավորություն կտա ոլորտի ընկերությունների միջև նոր կապեր ստեղծելուն, ինչպես նաև ոլորտի նոր ընկերություններին շուկա մուտք գործելուն և իրենց ապրանքներն ու ծառայությունները ցուցադրելուն:

 

1.3. «Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի (STEP) շրջանակում «VC» վենչուրային համաժողովի ֆինանսավորում» միջոցառման կազմակերպում և իրականացում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ (համաձայնությամբ)

2012 թ.
2-րդ կիսամյակ

Միջոցառման, մասնավորապես, դրա շրջանակում անցկացվող «Բիզնես համագործակցության աջակցման» արդյունքում՝ մասնավոր ընկերությունների և գիտնականների թիմերի միջև գիտահետազոտական ոլորտում գործընկերության խթանում` երկու կողմերի համար տնտեսապես փոխշահավետ նոր հնարավորությունների զարգացմամբ:
Մրցույթի անցկացման արդյունքում՝ մինչև 5 դրամաշնորհների տրամադրում:

 

1.4. ՏՏ-ի ոլորտի մասնավոր հատվածի հետ «ՏՀՏ-ի լիդերները` առանց փողկապների» խորագրով անցկացվող պարբերաբար արտագնա հանդիպում-քննարկումների կազմակերպում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (համաձայնությամբ)

2012 թ.
ընթացքում

Միջոցառման շրջանակում կկազմակերպվեն մինչև 5 «ՏՀՏ-ի լիդերները` առանց փողկապների» հանդիպումներ Աղվերանի «Աղվերան», Հանքավանի «Անի», Դիլիջանի «Բեսթ Վեսթերն Փարադայս» և Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցային համալիրներում: Ակնկալվում է, որ կմասնակցեն ոլորտի 100 կազմակերպությունների ներկայացուցիչներ, պետական 5 գերատեսչությունների ղեկավարներ, 25 նորաստեղծ ընկերությունների ներկայացուցիչներ, ոլորտի գործունեությունը լուսաբանող 20 լրագրողներ:

 

1.5. «Դիջիթեք բիզնես ֆորում 2012» համաժողով

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (համաձայնությամբ)

2012 թ.
1-ին կիսամյակ

Միջոցառումը կներկայացնի տնտեսության այլ ճյուղերում ՏՏ-ի ոլորտի գործիքների և լուծումների կիրառման հնարավորությունները, կնպաստի գործնական կապերի ստեղծմանը:

 

1.6. «ԱրմԹեք 2012» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի գլոբալ համաժողովի կազմակերպում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ (համաձայնությամբ)

2012 թ.
2-րդ կիսամյակ

Միջոցառումը կնպաստի գործարար և մասնագիտական տեղեկատվության ստացմանը և բարձր տեխնոլոգիաների համաշխարհային ոլորտում կարևոր կապերի հաստատմանը:
Հնարավորություն կտա ներկայացնելու ՏՏ-ի և ԲՏ-ի զարգացումները, ձևավորելու հարթակ արտասահմանյան ներդրումների խթանման, արտերկրում տեղական կազմակերպությունների առաջխաղացման համար:

2.

Միջազգային համագործակցություն

   

Այս միջոցառման հիմնական նպատակներն են նպաստել լավագույն միջազգային փորձի ներդրմանը Հայաստանում։ Նպաստել տարածաշրջանում Հայաստանի իմիջի ձևավորմանը՝ որպես ՏՏ-ի հանգույցի:
Միաժամանակ կապահովի նման նախաձեռնությունների շրջանակում ստանձնված պետական պարտավորությունների ապահովմանը:

 

2.1. Հայ-հնդկական ՏՀՏ-ի ուսումնական կենտրոնի բնականոն գործունեության ապահովում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ (համաձայնությամբ)

2012 թ. ընթացքում

Ուսումնական ծրագրերի, դասընթացների, ինչպես նաև բարձր արտադրողականության հաշվողական տեխնոլոգիաներով (HPC) հետազոտական ծրագրերի իրականացում

 

2.2. «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի բնականոն գործունեության ապահովում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ (համաձայնությամբ)

2012 թ.
ընթացքում

Կենտրոնի գործունեության ապահովում, դասընթացների, սեմինարների և այլ միջոցառումների կազմակերպում:
Մոտավորապես 500 ուսանողի և մասնագետի կարողությունների զարգացում, մինչև 10 թիմի նախագծերի իրականացման աջակցություն:

 

2.3. Կարողությունների զարգացման և բովանդակության ձևավորման համատեղ ծրագրերի իրականացում Ինթել, Սիսկո և այլ վերազգային ընկերությունների հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ (համաձայնությամբ)

2012 թ.
ընթացքում

Սիսկոյի ցանցային ակադեմիայի գործունեության ապահովում, մասնագիտական դասընթացների կազմակերպում, Սիսկոյի հետ ստորագրված հուշագրով նախատեսված այլ միջոցառումների իրականացում: Ինթել կազմակերպության հետ համատեղ վերապատրաստման դասընթացների իրականացում, բովանդակության ձևավորում:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան