Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.03.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.05.23/26(900) Հոդ.652
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
23.03.2012
Подписан
Նախագահող
Дата подписания
23.03.2012
Дата вступления в силу
23.03.2012

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3430/02/09
2012թ.
  

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3430/02/09

Նախագահող դատավոր՝ Ա. Մկրտչյան

Դատավորներ` Ն. Հովսեփյան

                   Ն. Տավարացյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը

(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2012 թվականի մարտի 23-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Արմենուհի Մալխասյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.09.2011 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Լուսինե Իսրաելյանի ընդդեմ Կարեն Խաչատրյանի և Արմենուհի Մալխասյանի, երրորդ անձ Արմեն Սարգսյանի` բաժնեմասի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Լուսինե Իսրաելյանը պահանջել է անվավեր ճանաչել Կարեն Խաչատրյանի և Արմենուհի Մալխասյանի միջև 30.03.2007 թվականին կնքված բաժնեմասի առուվաճառքի պայմանագիրը (այսուհետ՝ Պայմանագիր)` հայցի հիմքում դնելով այն հանգամանքը, որ համատեղ սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը ամուսնու կողմից օտարվել է առանց իր համաձայնության, որի արդյունքում խախտվել է իր սեփականության, ինչպես նաև գույքը նախապատվության իրավունքով ձեռք բերելու իրավունքը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 04.08.2010 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.12.2010 թվականի որոշմամբ Լուսինե Իսրաելյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 04.08.2010 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (դատավոր` Ս. Թադևոսյան) (այսուհետ՝ Դատարան) 27.05.2011 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 02.09.2011 թվականի որոշմամբ Արմենուհի Մալխասյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 27.05.2011 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արմենուհի Մալխասյանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Լուսինե Իսրաելյանի ներկայացուցիչը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին կետը և 471-րդ հոդվածի 3-րդ կետը, որոնք պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ կետը, 289-րդ և 305-րդ հոդվածները, 436-րդ և 470-րդ հոդվածների 1-ին կետերն ու 448-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 481-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետը, 48-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետերը, 51-րդ, 53-րդ և 219-րդ հոդվածների 1-ին կետերը, 220-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետը և 221-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ բողոք բերած անձի մոտ չի բացակայել Պայմանագրով իրավունք ձեռք բերելու կամահայտնությունը, որպիսի հանգամանքը հաստատվում է նրանով, որ Պայմանագիրը կնքելուց հետո «ԳԵՎՈՐԳՅԱՆ-ՄԱՆՐԻԿՅԱՆ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) կանոնադրական կապիտալում Կարեն Խաչատրյանի ունեցած 100 տոկոս բաժնեմասի նկատմամբ իր իրավունքը ենթարկել է պետական գրանցման, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկել Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Երևանի Սայաթ-Նովա փողոցի 29/4 հասցեում գտնվող կիսաքանդ տաղավարով ծանրաբեռնված հողամասի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու ուղղությամբ:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Կարեն Խաչատրյանի մոտ չի բացակայել Պայմանագրով իրավունք փոխանցելու կամահայտնությունը, որպիսի հանգամանքը հաստատվում է նրանով, որ Պայմանագիրը կնքելու օրը վերջինս հանձնման-ընդունման ակտով իրեն է հանձնել Ընկերության կնիքը, կանոնադրությունը, պետական գրանցման վկայականը` ներդիրներով, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականները, ինչպես նաև առկա բոլոր հաշվապահական և հարկային հաշվառման փաստաթղթերը, Ընկերության բոլոր պայմանագրերը, հրամանները, որոշումները և Ընկերության ստեղծած, Ընկերության համար իրավունքներ և պարտականություններ առաջացնող այլ փաստաթղթերը: Բացի այդ, սույն քաղաքացիական գործի քննության ժամանակ Կարեն Խաչատրյանը երբևէ չի հայտնել դիրքորոշում այն մասին, որ իր մոտ բացակայել է Արմենուհի Մալխասյանին որոշակի իրավունքներ փոխանցելու կամահայտնությունը, ավելին, իր կողմից ներկայացված հայցադիմումի պատասխանում պնդել է, որ հանդիսանալով Ընկերության միակ մասնակիցը և տնօրենը` իր հայեցողությամբ տնօրինել է Ընկերության բաժնեմասերը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ անգամ վերը նշված կամքի և կամահայտնության բացակայության պայմաններում Պայմանագիրը ենթակա էր ոչ թե անվավեր ճանաչման, այլ այն կարող էր դիտվել առոչինչ (կեղծ) գործարք, և կիրառվեին անվավերության հետևանքներ, հետևաբար անգամ Վերաքննիչ դատարանի եզրահանգումները ճիշտ լինելու դեպքում Դատարանի վճիռը չի կարող մնալ օրինական ուժի մեջ, որով անվավեր է ճանաչվել Պայմանագիրը:

Վերաքննիչ դատարանը, քննարկման առարկա դարձնելով Պայմանագրի կողմերի միջև միմյանց որոշակի իրավունքներ և պարտականություններ փոխանցելու կամքի ու կամահայտնության բացակայության փաստը, դուրս է եկել վերաքննության սահմաններից, քանի որ այդ փաստը քննարկման առարկա չի դարձվել Դատարանի կողմից: Այսինքն` Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելու հիմքում դրել է այնպիսի փաստեր, որոնց վերաբերյալ ինքը զրկված է եղել որևէ դիրքորոշում հայտնելու հնարավորությունից:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Պայմանագիրն իր ամուսնու ցուցումով կնքվելու, Պայմանագրի էական պայմանների վերաբերյալ Կարեն Խաչատրյանի հետ պայմանավորվածություն ձեռք չբերվելու, Պայմանագրում նշված գումարը չվճարվելու պայմաններում այն կարող էր ոչ թե անվավեր ճանաչվել որպես վիճահարույց գործարք, այլ համարվել չկնքված, եթե Լուսինե Իսրաելյանի կողմից ներկայացվեր նման պահանջ, իսկ քանի որ նման պահանջ չի ներկայացվել, ուստի Վերաքննիչ դատարանի կողմից վճիռը ենթակա էր բեկանման, իսկ հայցը` մերժման:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Պայմանագրի գնի մասին պայմանն օրենսդիրն էական պայման չի համարում, իսկ ապրանքի համար չվճարելը դիտվում է որպես պարտավորության խախտում կամ չկատարում, որպիսի իրավահարաբերությունների կարգավորմանն օրենսդիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի առանձին դրույթներ է նվիրել` որպես հետևանք նախատեսելով ոչ թե պայմանագիրն անվավեր ճանաչելը, այլ այն լուծելը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Լուսինե Իսրաելյանն է վկայակոչել այն փաստերը, որ Պայմանագիրը կնքելիս Կարեն Խաչատրյանի մոտ բացակայել է անհրաժեշտ լիազորությունը, իսկ Արմենուհի Մալխասյանն իմացել է այդ մասին, որի պայմաններում Լուսինե Իսրաելյանի վրա պետք է դրվեր նշված փաստերի ապացուցման պարտականությունը: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը նշված պարտականությունը վերջինիս վրա չի դրել, իսկ Լուսինե Իսրաելյանն իր հերթին ինչպես չի ապացուցել այդ երկու պայմանների միաժամանակյա առկայությունը, այնպես էլ չի ներկայացրել դրանց վերաբերյալ ապացույցներ, ուստի դրանց վիճելի մնալու դեպքում բացասական հետևանքները պետք է կրեր ոչ թե ինքը, այլ` Լուսինե Իսրաելյանը:

Վերաքննիչ դատարանի որոշումը զուրկ է իրավական հիմնավորումից, քանի որ նույն քաղաքացիական գործով, նույն հայցադիմումի շրջանակներում մի դեպքում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 17.12.2010 թվականի որոշմամբ էական նշանակություն է տալիս Կարեն Խաչատրյանի մոտ վիճելի գործարքը կնքելու համար անհրաժեշտ լիազորությունների բացակայության և գործարքի մյուս կողմի՝ Արմենուհի Մալխասյանի այդ մասին իմանալու ակնհայտ հնարավորության առկայության փաստերը պարզելուն` այն համարելով գործի լուծման նախապայման, իսկ 02.09.2011 թվականի որոշման մեջ նշում է, որ վիճարկվող գործարքի` մյուս կողմի լիազորությունների մասին իմանալու կամ չիմանալու գնահատման հարցերը չեն կարող ազդել սույն քաղաքացիական գործի ելքի վրա:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 02.09.2011 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 04.08.2010 թվականի վճռին:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Արմենուհի Մալխասյանի պնդումն այն մասին, որ իր և Կարեն Խաչատրյանի միջև չի բացակայել միմյանց իրավունքներ և պարտականություններ փոխանցելու կամքն ու կամահայտնությունը, ընդամենը բողոք բերող կողմի հայտարարությունն է, որը չի հիմնավորվում գործի փաստական հանգամանքներով: Բողոք բերողը չի կարող պնդումներ անել Կարեն Խաչատրյանի փոխարեն: Այն, որ Կարեն Խաչատրյանը և Արմենուհի Մալխասյանը ստորագրել են վիճարկվող գործարքը, այն ստացել է պետական գրանցում, և Կարեն Խաչատրյանը գործարքով գնորդին է հանձնել ընկերության կնիքն ու փաստաթղթերը, դեռ չեն հերքում գործով հաստատված ապացույցներն առ այն, որ Արմենուհի Մալխասյանը վիճարկվող գործարքը կնքել է Արմեն Մալխասյանի ցուցումով, այսինքն` անձամբ չակնկալելով փոխանցել կամ ստանալ ոչ մի իրավունք ու պարտականություն, և որ Արմենուհի Մալխասյանին գործարքի գինը չի վճարվել: Կարեն Խաչատրյանի պնդումն այն մասին, որ որպես ընկերության տնօրեն միանձնյա է տնօրինել բաժնեմասերը, ևս չի հերքում վերաքննիչ դատարանի եզրահանգումներն առնվազն այնքանով, որքանով որ Կարեն Խաչատրյանը չի հանդիսացել ընկերության միանձնյա սեփականատեր, ընկերությունը եղել է Կարեն Խաչատրյանի և իր ընդհանուր սեփականությունը, իսկ Կարեն Խաչատրյանը կնոջ սեփականությունը տնօրինելու լիազորություն չի ստացել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Կարեն Խաչատրյանի և Լուսինե Իսրաելյանի միջև ամուսնությունը Երևանի Ամուսնության պալատում գրանցվել է 09.08.1996 թվականին (հ. 1-ին, գ.թ.12).

2) Սասուն Խաչատրյանն Ընկերության կանոնադրական կապիտալում իր ունեցած 100 տոկոս բաժնեմասը վաճառել է Կարեն Խաչատրյանին, որի հիման վրա ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության Կենտրոնի տարածքային բաժնում 08.06.2004 թվականին գրանցում է կատարվել այն մասին, որ Ընկերության միակ մասնակիցը և տնօրենն է Կարեն Խաչատրյանը (հ. 1-ին, գ.թ.55).

3) Կարեն Խաչատրյանի և Արմենուհի Մալխասյանի միջև 30.03.2007 թվականին կնքվել է Պայմանագիր, որի համաձայն` Կարեն Խաչատրյանը Արմենուհի Մալխասյանի սեփականությանն է հանձնել Ընկերության կանոնադրական կապիտալում իր ունեցած 100 տոկոս բաժնեմասը: Այդ Պայմանագրի հիման վրա ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության Կենտրոնի տարածքային բաժնում 06.04.2007 թվականին գրանցում է կատարվել այն մասին, որ Ընկերության միակ մասնակիցը և տնօրենն է Արմենուհի Մալխասյանը (հ. 1-ին, գ.թ.15, 55).

4) Կարեն Խաչատրյանի ներկայացուցիչ Անուշիկ Պողոսյանը հայցադիմումի պատասխան է ներկայացրել նաև այն մասին, որ Կարեն Խաչատրյանն «իր հայեցողությամբ է տնօրինել բաժնեմասը», «Պայմանագիրը կնքվել է օրենքի շրջանակներում, օրենքի պահանջներին համապատասխան» (հ. 1-ին, գ.թ.81):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ կետի առաջին նախադասության համաձայն` համատեղ սեփականության մասնակիցներից յուրաքանչյուրն իրավունք ունի կնքել ընդհանուր գույքը տնօրինելու գործարքներ, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ: Նույն կետի երկրորդ նախադասության համաձայն` համատեղ սեփականության մասնակիցներից մեկի կողմից կնքված` ընդհանուր սեփականության տնօրինման գործարքը կարող է անվավեր ճանաչվել մնացած մասնակիցների պահանջով` գործարք կնքող մասնակցի մոտ անհրաժեշտ լիազորությունների բացակայության դեպքում, եթե ապացուցվի, որ գործարքի մյուս կողմն իմացել է կամ ակնհայտորեն պետք է իմանար այդ մասին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջև կնքված պայմանագրով:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը, հաշվի առնելով ընդհանուր համատեղ սեփականության իրավունքի ծագման հիմքը` ամուսնական հարաբերությունները և օրենքով նախատեսված այլ դեպքերը, ըստ էության ամրագրել է ընդհանուր գույքը տնօրինելու ժամանակ մյուս համասեփականատերերի` գույքի տնօրինման գործարք կնքելու իրավունքի առկայության կանխավարկածը (տես` Անուշ Արտաշեսյանի հայցն ընդդեմ Արմենուհի Ստեփանյանի, ՀՀ Երևանի «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի, Լյուդվիկ Հովհաննիսյանի`բնակարանի առուվաճառքի պայմանագիրը և սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու պահանջների մասին գործով Վճռաբեկ դատարանի 18.09.2009 թվականի թիվ ԵԱՔԴ/0275/02/08 որոշումը, ինչպես նաև Հասմիկ Ղազարյանի ընդդեմ «Արցախբանկ» ՓԲԸ-ի, Սարգիս Թերզյանի, երրորդ անձ Խորեն Սարգսյանի` հիփոթեքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին գործով Վճռաբեկ դատարանի 27.12.2011 թվականի թիվ ԵԱՔԴ/1023/02/10 որոշումը):

Վճռաբեկ դատարանի որոշումներով արձանագրվել է, որ համատեղ սեփականության մասնակիցներից մեկի կողմից կնքված` ընդհանուր սեփականության տնօրինման գործարքն անվավեր ճանաչելու համար բավարար չէ համատեղ սեփականության մասնակիցների` ամուսիններ հանդիսանալու մասին գործարքի մյուս կողմի, մասնավորապես, գնորդի տեղեկացված լինելու փաստը: Նման պահանջը դատարանի կողմից կարող է բավարարվել միայն, եթե միաժամանակ առկա են երկու պայմաններ`

1) համատեղ սեփականության մասնակցի մոտ վիճելի գործարքը կնքելու համար անհրաժեշտ լիազորությունների բացակայություն.

2) գործարքի մյուս կողմի` այդ մասին իմանալը կամ դրա մասին ողջամտորեն ենթադրելու ակնհայտ հնարավորության առկայությունը (տես` ըստ Թագուշ Պետրոսյանի հայցի ընդդեմ Ժաննա Ղազարյանի` «Բիզնես կենտրոն» ԲԲԸ-ի բաժնետոմսերի 16.08.2004 թվականի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին և ըստ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ Ցոլակ Միլիտոսյանի հայցի ընդդեմ Թագուշ Պետրոսյանի և Ժաննա Ղազարյանի` «Բիզնես կենտրոն» ԲԲԸ-ի բաժնետոմսերի 16.08.2004 թվականի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին թիվ 3-459 (ՏԴ) գործով Վճռաբեկ դատարանի 30.03.2007 թվականի որոշումը, ինչպես նաև Հասմիկ Ղազարյանի ընդդեմ «Արցախբանկ» ՓԲԸ-ի, Սարգիս Թերզյանի, երրորդ անձ Խորեն Սարգսյանի` հիփոթեքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին գործով Վճռաբեկ դատարանի 27.12.2011 թվականի թիվ ԵԱՔԴ/1023/02/10 որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` ամուսիններ Կարեն Խաչատրյանի և Լուսինե Իսրաելյանի միջև այլ բան նախատեսող համաձայնություն չի եղել: Այսինքն` Կարեն Խաչատրյանը, որպես համատեղ սեփականության մասնակից, ունեցել է համատեղ սեփականություն հանդիսացող բաժնեմասերի տնօրինման գործարք կնքելու իրավունք: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Լուսինե Իսրաելյանի կողմից բաժնեմասերի առուվաճառքի գործարքն անվավեր ճանաչելու պահանջը դատարանի կողմից կարող էր բավարարվել միայն Կարեն Խաչատրյանի մոտ վիճելի գործարքը կնքելու համար անհրաժեշտ լիազորությունների բացակայության և դրա մասին գործարքի մյուս կողմի` գնորդ Արմենուհի Մալխասյանի կողմից իմանալու կամ դրա մասին ողջամտորեն ենթադրելու ակնհայտ հնարավորության առկայության փաստը ապացուցված համարելու դեպքում:

Սույն գործով ստորադաս դատարանները, հաստատված համարելով այն հանգամանքը, որ Կարեն Խաչատրյանը և Արմեն Սարգսյանը եղել են վաղեմի ծանոթներ, և Արմենուհի Մալխասյանը պետք է իմանար, որ Կարեն Խաչատրյանը և Լուսինե Իսրաելյանն ամուսիններ են, այդ հանգամանքը բավարար է համարել եզրակացնելու համար, որ Արմենուհի Մալխասյանն իմացել է կամ ակնհայտորեն պետք է իմանար բաժնեմասերի` Կարեն Խաչատրյանի և Լուսինե Իսրաելյանի համատեղ սեփականությունը հանդիսանալու ու Կարեն Խաչատրյանի մոտ բաժնեմասերի առուվաճառքի գործարքի կնքման համար անհրաժեշտ լիազորության բացակայության մասին:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ կետի երկրորդ նախադասության վերը նշված կարգավորումը, գտնում է, որ միայն Կարեն Խաչատրյանի և Լուսինե Իսրաելյանի` ամուսիններ լինելու փաստի հաստատումը բավարար հիմք չէ ենթադրելու, որ Կարեն Խաչատրյանը համատեղ գույքը տնօրինելու լիազորություն չի ունեցել, քանի որ ընդհանուր սեփականության մասնակիցներից մեկի կողմից կնքված` ընդհանուր սեփականության տնօրինման գործարքը մնացած մասնակիցների պահանջով կարող է անվավեր ճանաչվել միայն այն դեպքում, եթե ապացուցվի, որ գործարքի մյուս կողմն իմացել է կամ ակնհայտորեն պետք է իմանար այդ մասին:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի դատաքննությամբ չի ապացուցվել այն հանգամանքը, որ Արմենուհի Մալխասյանն իմացել է կամ ակնհայտորեն պետք է իմանար համասեփականատերերի միջև համաձայնության բացակայության մասին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը:

Մինչդեռ, սույն գործով հայցվոր Լուսինե Իսրաելյանը Կարեն Խաչատրյանի` վիճելի գործարքը կնքելու համար անհրաժեշտ լիազորությունների բացակայության և այդ մասին գործարքի մյուս կողմի` գնորդ Արմենուհի Մալխասյանի կողմից իմանալու կամ իմանալու ակնհայտ հնարավորության առկայությունը հիմնավորող որևէ հիմնավոր ապացույց չի ներկայացրել:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը քաղաքացիական գործը հարուցում է միայն հայցի կամ դիմումի հիման վրա, իսկ նույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ դատարանը վճիռ կայացնելիս որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը։

 Այսինքն` վերը նշված հոդվածների իմաստով դատարանը պարտավոր է՝

- քաղաքացիական գործը հարուցել միմիայն համապատասխան հայցի կամ դիմումի հիման վրա,

- քաղաքացիական գործը քննել միմիայն այդ գործով ներկայացված հայցապահանջների շրջանակում։

Սույն գործով ստորադաս դատարանները հայցի բավարարման հիմքում դրել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 195-րդ, 289-րդ, 436-րդ, 446-րդ, 449-րդ, 470-րդ և 305-րդ հոդվածները` պատճառաբանելով, որ վեճի առարկա պայմանագիրը չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի պահանջներին, քանի որ կողմերի միջև համաձայնություն ձեռք չի բերվել պայմանագրի էական պայմանների վերաբերյալ, և բացակայել են կողմերի կամքը միմյանց փոխանցելու որոշակի իրավունքներ և պարտականություններ, որի արդյունքում ուղղակիորեն խախտվում է հայցվորի համասեփականության իրավունքը, ինչպես նաև գնման նախապատվության իրավունքը։

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված փաստերը սույն գործով չէին կարող քննության առարկա դառնալ, քանի որ սույն գործով հայցվորի կողմից վեճի առարկա պայմանագրի անվավերության նման հիմք չի նշվել:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքում նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է: Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.09.2011 թվականի որոշումը և այն փոփոխել. Լուսինե Իսրաելյանի հայցը մերժել:

2. Լուսինե Իսրաելյանից հօգուտ Արմենուհի Մալխասյանի բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի և 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրք:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան