Գլխավոր տեղեկություն
Номер
N 1715-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (22.03.2012-04.04.2013)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.11.16/71(443) Հոդ.1341
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
15.09.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.10.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
31.10.2005
Дата вступления в силу
17.11.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 31 հոկտեմբերի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 սեպտեմբերի 2005 թվականի N 1715-Ն

«ԵՐԵՎԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 2154-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 975-Ն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 13-ի «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 2154-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հոկտեմբերի 21
Երևան


Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
սեպտեմբերի 15-ի N 1715-Ն որոշման


Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«ԵՐԵՎԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` ակադեմիա) կրթական, գիտական, մշակութային բարձրագույն ուսումնական հաստատություն է, որի գործունեությունը նպատակաուղղված է բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի իրականացմանը:

2. Ակադեմիայի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության:

3. Ակադեմիան 1945 թվականին հիմնադրված Երևանի գեղարվեստի պետական ինստիտուտի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 26-ի N 257 որոշմամբ վերանվանված «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» պետական հիմնարկի իրավահաջորդն է:

4. Ակադեմիան շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող պետական ոչ առևտրային կազմակերպություն է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն ձեռք է բերում և իրականացնում սույն կանոնադրությամբ իրեն ամրագրված խնդիրներին համապատասխան իրավունքներ և պարտականություններ:

5. Ակադեմիան իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, կարող է իր գործունեության նպատակներին համապատասխան իրականացնել ուսումնական, ստեղծագործական, հետազոտական, խորհրդատվական, փորձագիտական, գիտաարտադրական վճարովի ծառայություններ և ուսուցում` «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

6. Ակադեմիան ունի ինքնուրույն հաշվեկշիռ, եկամուտների ու ծախսերի նախահաշիվ և բանկային հաշիվ:

7. Ակադեմիան ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ կլոր կնիք, դրոշմակնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

8. Ակադեմիայի անվանումն է`

հայերեն լրիվ` «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

հայերեն կրճատ` «ԵԳՊԱ» ՊՈԱԿ,

ռուսերեն լրիվ`«Ереванская государственная академия художеств» государственная некоммерческая организация,

ռուսերեն կրճատ` ,,ЕГАХ” ГНО,

անգլերեն լրիվ` «Yerevan State Academy Of Fine Arts» state non-commercial organization,

անգլերեն կրճատ` «YSAFA» SNCO։

9. Ակադեմիայի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, Երևան-9, Իսահակյան 36:


II. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

10. Ակադեմիայի գործունեության առարկան և նպատակը կրթական, գիտական, փորձագիտական և հրատարակչական գործունեության իրականացումն է:

11. Ակադեմիայի խնդիրներն են`

ա) անձի մտավոր, հոգևոր և բարոյական զարգացման պահանջմունքների բավարարումը` բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու միջոցով.

բ) արվեստագիտության, դիզայնի, կերպարվեստի և դեկորատիվ կիրառական արվեստի տարբեր ճյուղերի գծով միջազգային չափանիշներին համապատասխան բարձր որակավորմամբ մասնագետների պատրաստումը, վերապատրաստումն ու որակավորման բարձրացումը.

գ) գիտության, կրթության և արվեստի զարգացումը` գիտամանկավարժական աշխատողների և ուսանողների ստեղծագործական գործունեության միջոցով, ստացված արդյունքների օգտագործումը հետազոտական և կրթական գործընթացներում.

դ) կրթության որակի ապահովումը և բարելավման համապատասխան համակարգի ներդրումը.

ե) կրթական գործընթացի անընդհատության, թափանցիկության և հրապարակայնության ապահովումը.

զ) ստեղծագործական, ուսումնագիտական և մեթոդական հետազոտությունների իրականացումը.

է) ազգային մշակութային արժեքների քարոզումը.

ը) կերպարվեստի, դեկորատիվ-կիրառական արվեստի, դիզայնի, համակարգչային գրաֆիկայի տեսական, ստեղծագործական աշխատանքների կատարումը և ցուցադրումը.

թ) համագործակցելով Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների այլ բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ` ուսուցման ձևերի բովանդակության կատարելագործումը.

ժ) սփյուռքի հայ համայնքների հետ կապերի զարգացումը և սփյուռքահայ շնորհաշատ երիտասարդների համար ակադեմիայում ուսանելու պայմանների ստեղծումը.

ժա) սովորողին ազգային, բարոյական և համամարդկային արժեքների ոգով դաստիարակելը.

ժբ) բնակչության շրջանում մշակութային գիտելիքների տարածումը և գեղագիտական ճաշակի բարձրացումը.

ժգ) սովորողների մեջ քաղաքացիական դիրքորոշման, հմտությունների և աշխատանքի նկատմամբ պատասխանատվության արմատավորումը` ժողովրդավարական և քաղաքացիական հասարակության սկզբունքներին համապատասխան:

III. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

12. Ակադեմիան`

ա) իրականացնում է իր ինքնավարությունը` ինքնակառավարման և կոլեգիալության սկզբունքներով.

բ) ինքնուրույն է իրականացնում ուսումնական գործընթացի կազմակերպումը, կրթական տեխնոլոգիաների և սովորողների ընթացիկ ատեստավորման ձևերը, կարգը և պարբերականության ընտրության հարցերը.

գ) ինքնուրույն է որոշում բոլոր տարակարգերի աշխատողների հաստիքացուցակը, իրականացնում է աշխատողների ընտրությունը և բաշխումը` ներառյալ գիտամանկավարժական կազմի համալրումը, պրոֆեսորադասախոսական կազմի, ստեղծագործական արվեստանոցների և ուսումնական ստորաբաժանումների ղեկավարների պաշտոնների զբաղեցման կարգերը.

դ) իրականացնում է ըստ կրթական ծրագրերի` դիմորդների, ներառյալ օտարերկրյա քաղաքացիների ընդունելության, ուսումնական գործընթացի կազմակերպումը.

ե) իրականացնում է անձնակազմի և պրոֆեսորադասախոսական կազմի ընտրության ընթացակարգերի մշակումը և ընտրությունների անցկացումը.

զ) իրականացնում է բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասնագիտությունների և մասնագիտացումների ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի մշակումն ու հաստատումը, ուսումնական գրականության և ուսումնամեթոդական ձեռնարկների հրատարակումը.

է) տեղաբաշխում է աշխատողներին` ըստ ակադեմիայի կառուցվածքային ստորաբաժանումների.

ը) կազմակերպում է մասնագետների որակավորման բարձրացման ու վերապատրաստման դասընթացները.

թ) կազմակերպում է տեղական և միջազգային գիտակրթական ու հետազոտական ծրագրերին մասնակցությունը, գիտական հետազոտությունների իրականացումը.

ժ) կատարում է վճարովի կրթական ծառայություններ, այդ թվում` վճարովի ուսուցում և այլն.

ժա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` իրականացնում է ակադեմիային անհրաժեշտ գույքի, սարքավորումների, տարածքների և այլ միջոցների գնումներ.

ժբ) ինքնուրույն է տնօրինում ակադեմիայի ֆինանսական միջոցները` ներառյալ աշխատավարձի, կրթաթոշակի վճարումները, ուսման վարձի փոխհատուցումը, ուսանողական նպաստների տրամադրումը, ակադեմիայի պահպանմանն ու զարգացմանը, ստեղծագործական և գիտահետազոտական գործունեությանը նպատակաուղղված ծախսերի կատարումը.

ժգ) ինքնուրույն է որոշում իր կառուցվածքը.

ժդ) որոշում է ուսումնական գործընթացի կազմակերպման, կրթական տեխնոլոգիաների և սովորողների ընթացիկ ատեստավորման ձևերի, կարգի ու պարբերականության հարցերը.

ժե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` շնորհում է որակավորման աստիճաններ, ակադեմիայի գիտական և պատվավոր կոչումներ, մրցանակներ.

ժզ) կազմակերպում է գեղարվեստական սրահներ, ցուցասրահներ, թանգարաններ, հրատարակչություն, ինչպես նաև հիմնադրում է կրթահամալիրներ, հիմնարկներ, մասնաճյուղեր, ներկայացուցչություններ.

ժէ) կնքում է պայմանագրեր, համաձայնագրեր և այլ փաստաթղթեր` գիտական, ուսումնական, մշակութային կազմակերպությունների և անհատ անձանց հետ.

ժը) Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների պահպանմամբ` վարձակալության է հանձնում սեփական և իրեն ամրացված գույքը.

ժթ) իրավունք ունի իրականացնելու օրենքով և իր կանոնադրությամբ չարգելված այլ գործունեություն:

13. Ակադեմիայի կառուցվածքային ստորաբաժանումները կարող են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել հանրակրթական, միջին մասնագիտական, ինչպես նաև լրացուցիչ կրթության ծրագրեր:

14. Ակադեմիայի գործունեության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և իր կանոնադրությամբ նախատեսված նպատակներին համապատասխանությունը վերահսկում են հիմնադիրը և պետական կառավարման լիազոր մարմինը:

15. Ակադեմիան իրավունք ունի իրականացնելու ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) բարձրագույն, միջին և հետբուհական մասնագիտական կրթության կազմակերպում.

բ) դիմորդների (այդ թվում` օտարերկրյա) նախապատրաստական դասընթացների կազմակերպում.գ) գիտամանկավարժական կադրերի պատրաստում, վերապատրաստում, որակավորման բարձրացում.

դ) ցուցահանդեսների և այլ մշակութային միջոցառումների կազմակերպում.

ե) հրատարակչական գործ.

զ) համակարգչային ծրագրերի և լեզուների ուսուցման կազմակերպում.

է) սովորողների և աշխատողների սննդի կազմակերպում:

(15-րդ կետը խմբ., լրաց. 01.03.12 N 245-Ն)

16. Ակադեմիայում արհեստակցական միության, ուսանողական և այլ հասարակական կազմակերպությունների գործունեությունը կարգավորվում է «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և իրենց կանոնադրություններով:

 

IV. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

17. Ակադեմիայի կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան, ինքնակառավարման հիման վրա` միանձնյա ղեկավարման ու կոլեգիալության սկզբունքների զուգակցմամբ, ակադեմիայի խորհրդի, գիտական խորհրդի և ռեկտորի գործառույթների իրականացմամբ, ինչպես նաև կարևորագույն հարցերի լուծմանն ակադեմիայի անձնակազմի և ուսանողների մասնակցության սկզբունքների հիման վրա:

18. Ակադեմիայի հիմնադիրն իրավասու է վերջնական լուծում տալու ակադեմիայի գործունեությանը և կառավարմանը վերաբերող ցանկացած հարցի, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

19. Պետական կառավարման լիազոր մարմինը (ասուհետ` լիազոր մարմին)`

ա) վերահսկողություն է իրականացնում ակադեմիայի գործունեության նկատմամբ,

բ) վերահսկողություն է իրականացնում ակադեմիային ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանման նկատմամբ,

գ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

20. Ակադեմիայի խորհուրդը կոլեգիալ կառավարման մարմին է, որն ստեղծվում է
5 տարի ժամկետով` սույն կանոնադրությանը համապատասխան, այդ ընթացքում խորհրդի անդամների մասնակի շրջափոխությամբ: Խորհրդի անդամների թիվը 24-ն է։

Ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմից խորհրդի անդամության թեկնածուներ են առաջադրում ակադեմիայի կառուցվածքային ստորաբաժանումները։

Կառուցվածքային ստորաբաժանման`

ա) կողմից խորհրդի անդամության թեկնածու կարող է առաջադրել ակադեմիայի ցանկացած աշխատող.

բ) կողմից առաջադրված անձանց թեկնածություններն ընտրվում են ակադեմիայի գիտական խորհրդում և ներկայացվում լիազոր մարմին.

գ) պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամները կազմում են խորհրդի անդամների 25 տոկոսը:

Ակադեմիայի ուսանողության ներկայացուցիչներից խորհրդի անդամության թեկնածուներ են առաջադրում ֆակուլտետների ուսանողական խորհուրդները:

Ակադեմիայի ուսանողության խորհրդի կողմից`

ա) խորհրդի անդամության թեկնածու կարող է առաջադրվել բարձր առաջադիմություն և հասարակական ակտիվ դիրքորոշում ունեցող ցանկացած սովորող (ուսանող կամ ասպիրանտ).

բ) ընտրվում են ֆակուլտետներից առաջադրված սովորողների թեկնածությունները և ներկայացվում լիազոր մարմին.

գ) ընտրված խորհրդի անդամները կազմում են խորհրդի անդամների 25 տոկոսը:

Հիմնադրի անունից խորհրդի անդամներ է առաջադրում Հայաստանի Հանրապետության վարչապետը` պետական պաշտոն զբաղեցնող անձանցից (խորհրդի կազմի  25 տոկոսը):

Լիազոր մարմնի կողմից խորհրդի անդամներ են առաջադրվում կրթության, գիտության, մշակույթի և տնտեսության տարբեր ոլորտների ճանաչված ներկայացուցիչներ, ինչպես նաև ճանաչված գործատուներ (խորհրդի կազմի 25 տոկոսը):

Առաջադրված անձանց թեկնածությունների հիման վրա խորհրդի կազմը, լիազոր մարմնի ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

Խորհրդի հերթական նիստերը գումարվում են տարեկան առնվազն մեկ անգամ: Նիստերը համարվում են իրավազոր` խորհրդի անդամների առնվազն 2/3-ի մասնակցության դեպքում: Խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե խորհուրդը դրա մասին այլ որոշում չի ընդունում: Խորհրդի արտահերթ նիստերը հրավիրվում են խորհրդի անդամների առնվազն 1/3-ի պահանջով:

Խորհուրդն իր կազմից, բացի ուսանողության ներկայացուցիչներից, ընտրում է նախագահ՝ անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, բաց քվեարկությամբ: Խորհրդի նախագահը չի կարող լինել ակադեմիայի հաստիքային աշխատող (դեկան, ամբիոնի վարիչ, դասախոս): Խորհրդի նախագահն ակադեմիայում պահպանում է ժամավճարի սկզբունքով դասախոսելու իրավունքը:

Խորհրդի անդամի լիազորությունները կարող են դադարեցվել`

ա) իր դիմումի համաձայն,

բ) խորհրդի անդամի անգործության հիմնավորմամբ կամ մահվան պատճառով,

գ) խորհրդի անդամի թեկնածությունն առաջադրող մարմնի առաջարկությամբ,

դ) ըստ պաշտոնի առաջադրվելու դեպքում` պաշտոնից ազատվելու հետևանքով,

ե) որպես ուսանող առաջադրվելու դեպքում` ուսանողի կարգավիճակը կորցնելու հետևանքով:

Խորհրդի անդամի լիազորությունները, լիազոր մարմնի ներկայացմամբ, դադարեցվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից: Խորհրդի կազմում թափուր տեղեր առաջանալու դեպքում այն համալրվում է սույն կանոնադրության և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան:

Խորհրդի անգործության դեպքում հիմնադիրը կարող է վաղաժամկետ դադարեցնել խորհրդի նախագահի լիազորությունները կամ լուծարել խորհուրդը:

Խորհրդի նախագահը`

ա) նախագահում է խորհրդի նիստերը,

բ) ապահովում է խորհրդի նիստերի աշխատանքների բնականոն իրականացումը,

գ) սահմանում է խորհրդում ելույթների հերթականությունը և ժամանակը:

Խորհրդի իրավասությանն են պատկանում`

ա) ակադեմիայի ռեկտորի ընտրությունը,

բ) ռեկտորի կողմից ներկայացվող` ակադեմիայի գործունեության մասին տարեկան հաշվետվության գնահատումը,

գ) ակադեմիայի բյուջեի հաստատումը,

դ) ակադեմիայի ռազմավարական ծրագրերի հաստատումը,

ե) ակադեմիայի կանոնադրության, դրանում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունը հիմնադրին ներկայացնելը:

21. Ակադեմիայի գիտական խորհուրդը ձևավորվում է սույն կանոնադրությանը համապատասխան:

Գիտական խորհրդի կազմի մեջ մտնում են ակադեմիայի ռեկտորը, պրոռեկտորը, գիտական քարտուղարը, ֆակուլտետների դեկանները, ամբիոնների վարիչները, ակադեմիայի մասնաճյուղերի, ուսումնական և գիտական այլ ստորաբաժանումների ղեկավարները, ուսանողական խորհրդի նախագահը և ֆակուլտետների կողմից ընտրված անդամները:

Գիտական խորհուրդը լուծում է ակադեմիայի գիտամանկավարժական, ուսումնամեթոդական, գիտահետազոտական և գիտատեխնիկական գործունեության կազմակերպման, պլանավորման և կառավարման հիմնահարցերը: Գիտական խորհրդի լիազորությունների ժամկետը 5 տարի է:

Գիտական խորհրդի նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ:

Ակադեմիայի գիտական խորհուրդն իր իրավասությունների սահմաններում`

ա) հաստատում է իր կանոնակարգը.

բ) հատկացված ընդհանուր չափաքանակների շրջանակներում, ռեկտորի ներկայացմամբ, հաստատում է վճարովի հիմունքներով` ըստ մասնագիտությունների ընդունելության տեղերը.

գ) քննարկում է ակադեմիայի` օտարերկրյա պետությունների հետ կապերի ուղղությունները, միջազգային համագործակցության ծրագրերը և ակադեմիայի կողմից կնքվող միջազգային պայմանագրերի նախագծերը.

դ) մշակում է դիմորդների ընդունելության կանոնակարգի նախագծեր և ներկայացնում լիազոր մարմին.

ե) ռեկտորին ներկայացնում է առաջարկություններ ակադեմիայի կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ.

զ) հաստատում է ակադեմիայի կառուցվածքային ստորաբաժանումների օրինակելի կանոնակարգերն ու ներքին կարգապահական կանոնները.

է) քննարկում է ակադեմիայի ուսումնական մասնագիտությունների ու մասնագիտացումների անվանացանկերը.

ը) հաստատում է ուսումնական պլաններն ըստ մասնագիտությունների, որոնք ներկայացվում են լիազոր մարմին.

թ) քննարկում է ակադեմիայի գիտական գործունեության գլխավոր և հեռանկարային ուղղությունները, լսում գիտական հաղորդումներ ակադեմիայում կատարվող գիտահետազոտական և ուսումնական աշխատանքների արդյունքների մասին.

ժ) շնորհում է ակադեմիայի գիտական և պատվավոր կոչումներ, մրցանակներ, անվանական կրթաթոշակներ, պարգևատրում է ակադեմիայի մեդալով, պատվոգրով, հանրապետական ու միջազգային պարգևների և կոչումների համար ներկայացնում է թեկնածություններ.

ժա) հաստատում է ակադեմիայի ֆակուլտետի դեկանի և ամբիոնի վարիչի ընտրությունների կարգերը.

ժբ) իրականացնում է ակադեմիայի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության հետ կապված այլ լիազորություններ, որոնք բխում են սույն կանոնադրությունից:

22. Ակադեմիայի ընթացիկ գործունեությունը ղեկավարում է ակադեմիայի գործադիր մարմինը` ռեկտորը:

Ակադեմիայի ռեկտորն ընտրվում է բաց մրցույթով` ակադեմիայի խորհրդի գաղտնի քվեարկության արդյունքի հիման վրա, խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ, 5 տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան 2 անգամ անընդմեջ ընտրվել ռեկտորի պաշտոնում:

Ակադեմիայի ռեկտորի պաշտոնում կարող է առաջադրվել գիտամանկավարժական փորձ, դոկտորի գիտական աստիճան և (կամ) պրոֆեսորի գիտական կոչում կամ գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և (կամ) դոցենտի կոչում ու Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարչի կամ Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարչի, կամ Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի, կամ Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում ունեցող անձը:

Ռեկտորի ընտրության արդյունքները հաստատում է հիմնադիրը: Արդյունքներն անվավեր ճանաչվելու դեպքում, համաձայն գործող կարգի, նշանակվում է ռեկտորի նոր ընտրություն:

Եթե նույն թեկնածուն ընտրություններում հավաքում է խորհրդի անդամների ձայների առնվազն երկու երրորդը, ապա հիմնադիրը հաստատում է խորհրդի որոշումը:

Իր իրավասությունների սահմաններում ակադեմիայի ռեկտորը`

ա) իրականացնում է ակադեմիայի և դրա կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության ղեկավարումը.

բ) ներկայացնում է ակադեմիան պետական մարմիններում, կազմակերպություններում, հիմնարկներում ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ օտարերկրյա պետություններում.

գ) ապահովում է ըստ մասնագիտությունների մասնագետների պատրաստման և գիտահետազոտական աշխատանքների պետական պատվերների կատարումը.

դ) կնքում է պայմանագրեր, բանկերում բացում հաշիվներ.

ե) աշխատանքային պայմանագրեր է կնքում սահմանված կարգով ընտրված դեկանների, ամբիոնների վարիչների և դասախոսների հետ: Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է ակադեմիայի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին, սահմանում նրանց իրավունքները, պարտականությունները և պատասխանատվության շրջանակը.

զ) հրավիրում է ակադեմիայի խորհրդի, գիտական խորհրդի, ռեկտորատի նիստեր և ապահովում դրանց համագործակցությունը.

է) սահմանված կարգով կարգապահական ներգործության միջոցներ է կիրառում աշխատողների և սովորողների նկատմամբ.

ը) ակադեմիայի ֆինանսական միջոցների շրջանակներում սահմանում է հավելյալ աշխատավարձի չափերը և դրույքաչափերը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` լուծում աշխատողների և սովորողների պարգևատրման ու ֆինանսական օգնությունների հետ կապված հարցերը.

թ) արձակում է հրամաններ ուսանողների և ասպիրանտների ընդունելության, կուրսից կուրս տեղափոխելու, կուրսում թողնելու, հեռացնելու, վերականգնելու, համապատասխան արձակուրդ ձևակերպելու և որակավորման աստիճան շնորհելու մասին.

ժ) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է ակադեմիայի պրոռեկտորներին, սահմանում նրանց գործունեության ոլորտները, պարտականությունները.

ժա) իր բացակայության ժամանակ ռեկտորի պարտականությունների կատարումը դնում է պրոռեկտորներից մեկի վրա.

ժբ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

(22-րդ կետը լրաց. 27.01.11 N 58-Ն)

23. Ռեկտորատն ակադեմիայի ռեկտորին կից և նրա նախագահությամբ գործող խորհրդակցական մարմին է, որի կազմի մեջ մտնում են պրոռեկտորը, ռեկտորի խորհրդականը, գիտական քարտուղարը, ֆակուլտետի դեկանները, ակադեմիայի ուսումնական կամ գիտական այլ ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև ռեկտորի կողմից նշանակված այլ անձինք:

24. Ակադեմիայի պրոռեկտորները նշանակվում են ռեկտորի հրամանով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

V. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

25. Ակադեմիայի կառուցվածքային ստորաբաժանումներն են ֆակուլտետը, ամբիոնը, մասնաճյուղը, բաժինը, լաբորատորիան, գրադարանը, քոլեջը և այլն: Ակադեմիայի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները սահմանվում են սույն կանոնադրությամբ և իրենց կանոնակարգերով:

26. Ակադեմիան իր կառուցվածքային ստորաբաժանումներով ուսումնական և գիտական ամբողջություն է, որի միասնությունն ապահովվում է ուսումնական, կրթական, ստեղծագործական և գիտահետազոտական գործընթացների կազմակերպմանը նրա կառուցվածքային ստորաբաժանումների պարտադիր մասնակցությամբ:

27. Ակադեմիայի ֆակուլտետները գործում են իրենց կանոնակարգերի հիման վրա: Ֆակուլտետն իր իրավասության սահմաններում իրավունք ունի ընդունելու ինքնուրույն որոշումներ, եթե դրանք չեն հակասում ակադեմիայի կողմից ընդունվող որոշումներին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը: Ֆակուլտետը, իր խնդիրներին և իրականացվող մանկավարժական, գիտական աշխատանքներին համապատասխան, կազմում է իր հաստիքացուցակը, որը հաստատվում է ռեկտորի կողմից: Ֆակուլտետը կազմված է ամբիոններից, լաբորատորիաներից, ուսումնական և այլ ստորաբաժանումներից:

Ֆակուլտետի խորհուրդը քննարկում է ֆակուլտետի կանոնակարգը և այն ներկայացնում ակադեմիայի գիտական խորհրդի հաստատմանը։ Ընտրում է ֆակուլտետի դեկանին, լսում դեկանի ամենամյա հաշվետվությունները և գնահատում նրա գործունեությունը: Ֆակուլտետի խորհրդի կազմի ձևավորման ու գործունեության կարգը սահմանվում է ֆակուլտետի կանոնակարգով: Ֆակուլտետի խորհրդի նախագահը ֆակուլտետի դեկանն է:

Ֆակուլտետի խորհուրդը`

ա) ակադեմիայի գիտական խորհրդում հաստատելու համար ռեկտորին է ներկայացնում ֆակուլտետի կառուցվածքում ամբիոններ, լաբորատորիաներ, բաժիններ և այլ կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, վերակազմավորելու և լուծարելու վերաբերյալ առաջարկություններ.

բ) լուծում է ֆակուլտետի ուսումնական, գիտական աշխատանքի, միջազգային կապերի և այլ գործունեության հետ կապված հարցերը.

գ) ակադեմիայի գիտական խորհրդում հաստատելու համար ռեկտորին է ներկայացնում ֆակուլտետի ուսումնական պլանները.

դ) ընտրում է ակադեմիայի գիտական խորհրդում ֆակուլտետի ներկայացուցիչներին.

ե) լուծում է սույն կանոնադրությունից բխող` ֆակուլտետի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության հետ կապված այլ հարցեր:

Ֆակուլտետի խորհրդում որոշումներն ընդունվում են նրա նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ֆակուլտետի խորհրդի որոշումները պարտադիր են ֆակուլտետի աշխատողների, ուսանողների, ասպիրանտների և հայցորդների համար:

28. Ֆակուլտետի գործունեությունն իր իրավասությունների սահմաններում և սույն կանոնադրության համաձայն կազմակերպում և ղեկավարում է ֆակուլտետի դեկանը:

Ակադեմիայի ֆակուլտետի դեկանն ընտրվում է ակադեմիայի գիտական խորհրդի սահմանած կարգով, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով, բաց մրցույթով: Ընտրությունների արդյունքների հիման վրա դեկանի ընտրությունը հաստատվում է ռեկտորի կողմից, եթե պահպանվել է ընտրության օրինականությունը: Դեկանի պաշտոնում կարող են առաջադրվել առնվազն դոցենտի գիտական կոչում ունեցող և կենսաթոշակային տարիքի չհասած դասախոսները: Նույն անձը չի կարող ավելի քան 2 անգամ անընդմեջ ընտրվել ֆակուլտետի դեկանի պաշտոնում:

Ֆակուլտետի դեկանը`

ա) ղեկավարում է ֆակուլտետի կրթական, գիտական, միջազգային կապերը և այլ գործունեությունը.

բ) ապահովում է ֆակուլտետի խորհրդի որոշումների կատարումը.

գ) ռեկտորի հաստատմանն է ներկայացնում դեկանի տեղակալների թեկնածությունները.

դ) սահմանված կարգով ռեկտորին ներկայացնում է առաջարկություններ ուսանողներին կուրսից կուրս փոխադրելու, կուրսում թողնելու, հեռացնելու, վերականգնելու, համապատասխան արձակուրդ ձևակերպելու վերաբերյալ:

29. Ամբիոնները (բաժինները, լաբորատորիաները) ակադեմիայի ֆակուլտետների ուսումնագիտական գործընթացը կազմակերպող հիմնական կառուցվածքային ստորաբաժանումներն են, որոնք գործում են սույն կանոնադրության և ֆակուլտետների ամբիոնների (բաժինների, լաբորատորիաների) կանոնակարգերի հիման վրա:

Ամբիոնի գիտամանկավարժական կազմը բաղկացած է պրոֆեսորներից, դոցենտներից, ավագ դասախոսներից, դասախոսներից:

Ամբիոնի վարիչն ընտրվում է ակադեմիայի գիտական խորհրդի սահմանած կարգով` գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով, բաց մրցույթով և հաստատվում ռեկտորի կողմից: Ամբիոնի վարիչի պաշտոնում կարող են առաջադրվել գիտության դոկտորներ, պրոֆեսորներ, իսկ բացառության դեպքերում` նաև գիտության թեկնածուներ և դոցենտներ: Նույն անձը չի կարող ավելի քան 2 անգամ անընդմեջ ընտրվել ամբիոնի վարիչի պաշտոնում:

Ակադեմիայի ամբիոնների (բաժինների, լաբորատորիաների) պրոֆեսորադասախոսական կազմի աշխատանքի ընդունումը կատարվում է մրցութային կարգով, պայմանագրային հիմունքներով:

30. Ակադեմիայի մասնաճյուղի տնօրենն ընտրվում է մասնաճյուղի խորհրդի նիստում գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով, բաց մրցույթով: Նույն անձը չի կարող ավելի քան 2 անգամ անընդմեջ ընտրվել մասնաճյուղի տնօրենի պաշտոնում:

Ակադեմիայի մասնաճյուղի տնօրենի տեղակալները նշանակվում են մասնաճյուղի տնօրենի հրամանով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

VI. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

31. Ակադեմիայում ուսանողների ընդունելությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

32. Ակադեմիայում ուսուցումն իրականացվում է առկա ձևով:

33. Ակադեմիայում ուսումնական գործընթացը կազմակերպվում է 2 կիսամյակից բաղկացած ուսումնական տարով, և յուրաքանչյուր կիսամյակ ավարտվում է քննաշրջանով:

34. Ակադեմիայում սահմանվում են ուսումնական պարապմունքների հետևյալ հիմնական տեսակները` դասախոսություններ, գործնական (սեմինար), լաբորատոր և անհատական պարապմունքներ, արտադրական պրակտիկաներ, խորհրդատվություններ, ստուգողական աշխատանքներ:

35. Ակադեմիան ուսումնառության ընթացքում ուսանողներին ապահովում է ուսման համար անհրաժեշտ պայմաններով (ուսումնական և այլ գրականություն, լսատեսողական և այլ տեխնիկական միջոցներ, արվեստանոցներ, լաբորատորիաներ, լսարաններ):

36. Ակադեմիայում կիրառվում է բարձրագույն կրթության երկաստիճան համակարգը: Ակադեմիայի ուսուցման յուրաքանչյուր աստիճանի շրջանավարտներին տրվում են համապատասխան մասնագիտական որակավորում և ավարտական փաստաթուղթ (դիպլոմ):

Ուսուցման մեկ աստիճանից մյուսին անցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

37. Ակադեմիայում իրականացվում են գիտահետազոտական և ստեղծագործական աշխատանքներ` գիտական խորհրդի կողմից հաստատված պլաններով, անցկացվում գիտական համաժողովներ, խորհրդակցություններ, սեմինարներ:

38. Գիտահետազոտական աշխատանքներին կարող են մասնակցել ակադեմիայի դասախոսները, գիտաշխատողները, ասպիրանտները, հետազոտողները, հայցորդները և ուսանողները, ինչպես նաև պայմանագրային կարգով հրավիրված այլ մասնագետներ:

 

VII. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԸ

39. Ակադեմիայի սովորողներն են ուսանողը, ասպիրանտը, հետազոտողը և հայցորդը:

40. Ակադեմիայի սովորողների իրավունքները և պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ակադեմիայի կանոնադրությամբ, ներքին կանոններով և այլ ակտերով:

41. Ակադեմիայի ուսանողների, ասպիրանտների, հետազոտողների և հայցորդների համար ստեղծվում են գիտական ազատ ուսումնասիրությունների համար նպաստավոր պայմաններ` այդ նպատակներին հատկացված միջոցների սահմաններում:

42. Ակադեմիայի ուսանողներ են համարվում առաջին և երկրորդ աստիճանների ուսուցման ծրագրերով բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու համար ռեկտորի կողմից հրամանագրված անձինք:

43. Հանրակրթական ուսումնառություն ստացած յուրաքանչյուր ոք կարող է դառնալ ակադեմիայի ուսանող` վճարովի կամ անվճար հիմունքներով, մրցույթով կազմակերպված ընդունելության քննությունները հաջող հանձնելու դեպքում:

Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վճարովի հիմունքներով ուսուցումն իրականացվում է համաձայն կնքված պայմանագրի և լիազոր մարմնի կողմից սահմանված կարգի:

44. Ակադեմիայի ուսանողն իրավունք ունի`

ա) ստանալու գիտության, տեխնիկայի և մշակույթի զարգացման ժամանակակից մակարդակին համապատասխանող գիտելիքներ.

բ) մասնակցելու ակադեմիայի գործունեությանն առնչվող խնդիրների քննարկմանը և ընտրովի մարմինների աշխատանքներին.

գ) ընտրելու և ընտրվելու ակադեմիայի խորհրդում, գիտական խորհրդում, ֆակուլտետի խորհրդում և այլ ընտրովի մարմիններում.

դ) ընտրելու տվյալ մասնագիտության կամ մասնագիտացման ուսուցման համար պարտադիր և տվյալ մասնագիտության կամ մասնագիտացման ուսուցման համար ոչ պարտադիր դասընթացներ, որոնք տրամադրում են համապատասխան ֆակուլտետը (ուսումնական ստորաբաժանումը) և ամբիոնը.

ե) մասնակցելու իր կրթության բովանդակության ձևավորմանը (ուսումնական դասընթացների և մասնագիտացման ընտրությանը)` պահպանելով բարձրագույն մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների պահանջները.

զ) բացի ընտրած մասնագիտության ուսումնական դասընթացներից` յուրացնելու ուսումնական ցանկացած այլ դասընթաց, որը դասավանդվում է ակադեմիայում կամ այլ ցանկացած բարձրագույն ուսումնական հաստատությունում` այդ բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով.

է) անվճար օգտվելու ակադեմիայի գրադարաններից, լաբորատորիաներից, տեղեկատվական պահոցներից, ուսումնական, գիտական, ստեղծագործական, բուժական և այլ ստորաբաժանումների ծառայություններից, մասնակցելու գիտահետազոտական աշխատանքներին, գիտաժողովներին և սեմինարներին.

ը) միավորվելու ուսանողական խորհուրդներում, ուսանողական գիտական ընկերություններում և ուսանողական այլ կազմակերպություններում.

թ) բողոքարկելու ակադեմիայի կառավարման մարմինների որոշումները, հրամաններն ու կարգադրությունները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

ժ) օգտվելու ուսման տարեկան վարձի մասամբ կամ լրիվ փոխհատուցման իրավունքից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

ժա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ակադեմիայի սահմանած կարգով ստանալու սահմանված չափի, այդ թվում` անվանական, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից նշանակված կրթաթոշակ, դրամաշնորհ, ինչպես նաև ուսանողական վարկ.

ժբ) ծանոթանալու ակադեմիայի կանոնադրությանը և այլ նորմատիվ փաստաթղթերին, ակադեմիայի հետ կնքելու պայմանագիր ուսումնառության պայմանների վերաբերյալ.

ժգ) լիազոր մարմնի սահմանած կարգով` անհրաժեշտության դեպքում ստանալու ակադեմիական արձակուրդ` մինչև մեկ տարի ժամկետով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի.

ժդ) մեկ ուսումնական տարվա ընթացքում առնվազն 2 անգամ գտնվելու արձակուրդում` առնվազն 7 շաբաթ ընդհանուր տևողությամբ.

ժե) փոխադրվելու մեկ այլ բարձրագույն ուսումնական հաստատություն, այդ թվում` օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություն` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի.

ժզ) ուսման բարձր առաջադիմության և գիտահետազոտական աշխատանքներին մասնակցելու համար ստանալու բարոյական և (կամ) նյութական խրախուսանք` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ակադեմիայի սահմանած կարգով:

45. Կրթությունն ընդհատած նախկին ուսանողն իրավունք ունի վերականգնվելու ակադեմիայում:

46. Ուսանողը պարտավոր է կատարել ակադեմիայի կանոնադրությամբ և ներքին կարգապահության կանոններով սահմանված պարտականությունները:

47. Ակադեմիայի ուսանողները պարտավոր են`

ա) սահմանված ժամկետներում կատարել ուսումնական առաջադրանքները.

բ) տիրապետել ապագա մասնագետի համար անհրաժեշտ գիտելիքներին և հմտություններին.

գ) պահպանել ակադեմիայի կանոնադրությունը և ներքին կանոնները.

դ) հաճախել ակադեմիայում անցկացվող դասախոսություններին, գործնական (սեմինար) պարապմունքներին:

48. Ուսման վճարի փոխհատուցում նպաստի ձևով տրվում է մրցույթի արդյունքներով ակադեմիա ընդունված, ուսումնական տարվա արդյունքներով բարձր առաջադիմություն ունեցող, սոցիալապես անապահով ուսանողներին` Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած տեղերի թվին և կարգին համապատասխան: Ուսանողներին պետական կրթաթոշակ է տրվում գերազանց և լավ առաջադիմության, հասարակական ակտիվության, պատշաճ վարքագիծ դրսևորելու համար: Պետական կրթաթոշակ տալու կարգը և չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Վճարովի հիմունքներով կրթություն ստացող ուսանողները պարտավոր են ժամանակին վճարել ուսման վարձը, որի չափը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որոշում է ակադեմիան: Ուսման վարձը ժամանակին չվճարելու դեպքում ուսանողները կարող են հեռացվել ակադեմիայից:

49. Այն ուսանողները, ովքեր չեն կատարում ուսումնական պլանները և ուսումնական գործընթացի ժամանակացույցը, ցուցաբերում են ակադեմիական անբավարար առաջադիմություն, խախտում են ակադեմիայի ներքին կարգապահական կանոնները, ռեկտորի կամ նրա կողմից լիազորված անձի հրամանով կարող են ենթարկվել կարգապահական տույժերի` ընդհուպ մինչև ակադեմիայից հեռացվելը:

Արգելվում է ուսանողներին հեռացնել հիվանդության, արձակուրդների, ակադեմիական արձակուրդի կամ հղիության և ծննդաբերության արձակուրդի ընթացքում:

50. Ուսանողներին ուսումնական գործընթացով չնախատեսված աշխատանքներում ներգրավելը` առանց նրանց համաձայնության, արգելվում է:

51. Ակադեմիայի ուսումնական պլանները կատարած ուսանողներին շնորհվում է համապատասխան մասնագիտական որակավորում և տրվում պետական նմուշի ավարտական փաստաթուղթ (դիպլոմ):

52. Դիպլոմում նշվում են ուսումնասիրված դասընթացները, մասնագիտությունը (մասնագիտացումները): Ուսման մեջ հատուկ հաջողություններ ունեցող ուսանողներին տրվում է գերազանցության դիպլոմ:

53. Ակադեմիայի ուսանողության ինքնակառավարման և նրա շահերը պաշտպանող մարմինն ուսանողական խորհուրդն է, որն ապահովում է ուսանողների մասնակցությունն ակադեմիայի կառավարմանը, համապատասխան մարմինների քննարկմանն է ներկայացնում ուսանողությանն առնչվող հարցեր:

54. Ակադեմիայի ասպիրանտ է համարվում բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող և մրցույթով անցած անձը, ով ուսանում է ասպիրանտուրայում և նախապատրաստում գիտությունների թեկնածուի գիտական աստիճան հայցելու ատենախոսություն:

55. Ակադեմիայի դոկտորանտ է համարվում գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող և դոկտորանտուրա հրամանագրված անձը, ով նախապատրաստում է գիտությունների դոկտորի գիտական աստիճան հայցելու ատենախոսություն:

56. Ակադեմիայի հայցորդ է համարվում բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող անձը, ով կցված է ասպիրանտուրային` թեկնածուական մինիմումի քննությունները հանձնելու և գիտությունների թեկնածուի գիտական աստիճան հայցելու ատենախոսություն նախապատրաստելու համար առանց ասպիրանտուրայում ուսանելու, կամ այն անձը, ով ունի գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և նախապատրաստում է գիտությունների դոկտորի գիտական աստիճան հայցելու ատենախոսություն: Հայցորդի կարգավիճակը չի կարող պահպանվել 5 տարվանից ավելի ժամկետով:

57. Ակադեմիայի գիտամանկավարժական կադրերի պատրաստումն ասպիրանտուրայի, դոկտորանտուրայի և հայցորդության ձևով իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

VIII. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ

58. Ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմը և գիտական աշխատողներն իրավունք ունեն իրենց հայեցողությամբ ծրագրի շրջանակներում ուսումնական առարկան շարադրելու, գիտական հետազոտությունների թեմաներ ընտրելու և դրանք իրենց ընտրած մեթոդներով իրականացնելու:

59. Ակադեմիայում սահմանվում են գիտամանկավարժական, պրոֆեսորադասախոսական (ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, դոցենտ, ավագ դասախոս, դասախոս, ասիստենտ) կազմ, գիտական աշխատողներ, ինժեներատեխնիկական, վարչատնտեսական, արտադրական, ուսումնաօժանդակ և այլ կազմի աշխատողներ:

60. Ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմի, գիտական աշխատողների բոլոր թափուր պաշտոններն զբաղեցվում են ակադեմիայի կանոնադրությանը և կանոնակարգերին համապատասխան:

61. Ակադեմիայի գիտամանկավարժական կազմի բոլոր թափուր պաշտոններում նշանակումները կատարվում են համաձայն աշխատանքային պայմանագրի, որը կնքվում է 5 տարի ժամկետով: Աշխատանքային պայմանագրի կնքմանը նախորդում է բաց մրցութային ընտրություն: Աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալուց հետո գիտամանկավարժական աշխատողի հետ կարող է կնքվել նոր աշխատանքային պայմանագիր` մինչև 5 տարի ժամկետով, առանց մրցութային ընտրության` պայմանագրային ժամկետում նրա գիտամանկավարժական գործունեության արդյունքների գնահատման հիման վրա:

62. Ակադեմիայի աշխատողն իրավունք ունի`

ա) ունենալու գիտական հետազոտություն կատարելու ակադեմիական ազատություն.

բ) ազատ որոշելու պետական կրթական չափորոշիչներին համապատասխան ուսումնական դասընթացների բովանդակությունն ու ծրագրերը.

գ) համատեղությամբ կատարելու գիտական, մանկավարժական և այլ բնույթի աշխատանքներ.

դ) ակադեմիայի կանոնադրությամբ սահմանված կարգով ընտրելու և ընտրվելու ակադեմիայի համապատասխան պաշտոններում և կառավարման մարմիններում.

ե) մասնակցելու ակադեմիայի գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը և լուծմանը.

զ) օգտվելու գրադարանների, տեղեկատվական պահոցների, ուսումնական և գիտական ստորաբաժանումների, ինչպես նաև սոցիալ-կենցաղային, բուժական և ակադեմիայի այլ կառուցվածքային ստորաբաժանումների ծառայություններից.

է) ընտրելու դասավանդման այնպիսի մեթոդներ և միջոցներ, որոնք ապահովում են ուսումնական գործընթացի բարձր որակ.

ը) բողոքարկելու ակադեմիայի համապատասխան ստորաբաժանման ղեկավարի հրամանները և կարգադրությունները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

թ) ունենալու կազմակերպական և նյութատեխնիկական պայմաններ` մասնագիտական գործունեության համար:

63. Ակադեմիայի աշխատողները պարտավոր են`

ա) ապահովել կրթական և գիտական գործընթացների արդյունավետությունը.

բ) ապահովել ակադեմիայի կանոնադրությամբ և ներքին կարգապահական կանոններով սահմանված պահանջները.

գ) սովորողների մեջ ձևավորել մասնագիտական որակներ, պատշաճ վարք ու վարվելակերպ, քաղաքացիական դիրքորոշում, հայրենասիրություն.

դ) սովորողների մեջ զարգացնել ինքնուրույնություն, նախաձեռնություն և ստեղծագործական ունակություններ.

ե) առնվազն յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ` սահմանված կարգով անցնել վերապատրաստում կամ մասնագիտական որակավորման բարձրացում։

64. Ակադեմիայի վարչատնտեսական, ինժեներատեխնիկական, արտադրական, ուսումնաօժանդակ և այլ աշխատողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են օրենքով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ, ակադեմիայի կանոնադրությամբ, ներքին կանոնակարգերով և կարգապահական կանոններով:

Գիտության և մանկավարժության բնագավառներում ակնառու նվաճումների համար ակադեմիայի աշխատողներին շնորհվում են ակադեմիայի մրցանակներ: Երիտասարդ գիտնականների համար սահմանվում է առանձին մրցանակ:

 

IX. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

65. Ակադեմիայի կրթական, գիտական և այլ գործունեությունն ապահովելու նպատակով հիմնադիրը ակադեմիային ամրացնում է շենքեր, շինություններ, կառույցներ, հողամասեր և անշարժ գույքի այլ տեսակներ, ինչպես նաև սարքավորումներ ու սպառողական, սոցիալական և մշակութային նշանակության այլ շարժական միջոցներ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան:

66. Ակադեմիայի գույքն ստեղծվում է հետևյալ աղբյուրների հաշվին`

ա) պետական գույքի, որը հանձնվել է ակադեմիային` անհատույց օգտագործման համար.

բ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` պետական պատվերի համար, ինչպես նաև այլ ձևերով հատկացված միջոցներից.

գ) միջոցներ, որոնք գոյանում են ակադեմիայի կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեությունից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից.

դ) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների իրավաբանական ու ֆիզիկական անձանց կատարած ներդրումների (այդ թվում` բարեգործական, հովանավորչական, նպատակային մուծումներ, կտակած գույք).

ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:

67. Ձեռնարկատիրական գործունեության հետևանքով ստացված շահույթն ուղղվում է ակադեմիայի կանոնադրական խնդիրների իրականացմանը:

68. Ակադեմիայի եկամուտները և ծախսերը նախատեսվում և օգտագործվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` հաստատված տարեկան նախահաշվին համապատասխան:

69. Ակադեմիան իրավունք ունի հիմնադրի կողմից սահմանված կարգով վարձակալության տալու ամրացված գույքը: Ամրացված գույքի վարձակալությունից գոյացած վճարները սահմանված կարգով ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

70. Ակադեմիայի գործունեության նկատմամբ վերահսկողություն են իրականացնում լիազոր մարմինը և օրենքով նախատեսված այլ պետական կառավարման մարմիններ:

71. Ակադեմիայի ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունը ենթակա է վերստուգման (աուդիտի)` լիազորված պետական մարմնի կողմից ընտրված անկախ աուդիտորական կազմակերպության կամ ֆինանսների կառավարման պետական լիազոր մարմնի կողմից:

72. Ակադեմիան հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները վճարում է շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների համար օրենքով նախատեսված կարգով ու չափով:

 

X. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

73. Ակադեմիայի վերակազմակերպումը (միացում, միաձուլում, բաժանում, առանձնացում, վերակազմավորում) և լուծարումը կատարվում են օրենքով սահմանված կարգով:

74. Ակադեմիայի լուծարման հետևանքով գոյացած միջոցներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

(Հավելվածը լրաց. 27.01.11 N 58-Ն, խմբ., լրաց. 01.03.12 N 245-Ն)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
  
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
21.03.2013, N 249-Ն 04.04.2013, N 1715-Ն
01.03.2012, N 245-Ն 22.03.2012, N 1715-Ն
27.01.2011, N 58-Ն 10.02.2011, N 1715-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան