ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
13 մարտի 2012 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի (զեկուցող), Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2012 թվականի փետրվարի 15-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև «Զարգացման քաղաքականության երրորդ ծրագիր» ֆինանսավորման համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 02.03.2012թ. ՀՀ սահմանադրական դատարանում մուտքագրված դիմումը:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով քննության առարկա համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Հայաստանի Հանրապետության (այսուհետ` Ստացող) և Միջազգային զարգացման ընկերակցության (այսուհետ` Ընկերակցություն) միջև «Զարգացման քաղաքականության երրորդ ծրագիր» ֆինանսավորման համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2012թ. փետրվարի 15-ին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի կողմից:
Ստացողի և Ընկերակցության միջև 2009թ. հուլիսի 7-ին և 2011թ. հունվարի 26-ին ստորագրված` Զարգացման քաղաքականության առաջին և երկրորդ ծրագրերի ֆինանսավորման համաձայնագրերում ամրագրված պարտավորությունների` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործերով համապատասխանաբար ընդունվել են ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-819 և ՍԴՈ-950 որոշումները:
2. Համաձայնագրի հիմնական նպատակն է Հայաստանի Հանրապետությունում աղքատության կայուն կրճատումը:
Համաձայնագիրը բաղկացած է նախաբանից և 6 հոդվածներից, ինչպես նաև երկու Լրացումներից և մեկ Հավելվածից:
Համաձայնագրում ամրագրված են դրա ընդհանուր պայմանները (սահմանումները), Ծրագրին առնչվող դրույթներ, Ծրագրի ֆինանսավորման կարգը և պայմանները, Ստացողի ֆինանսական բնույթի մի շարք պարտավորությունները, Ընկերակցության իրավական պաշտպանության միջոցները և այլ դրույթներ:
Սահմանված է, որ Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ՀՀ օրենսդրությամբ նախատեսված վավերացման ներքին ընթացակարգերն ավարտվելուց հետո, բայց ոչ ուշ, քան ստորագրման ամսաթվին հաջորդող 90-րդ օրը: Միաժամանակ, նախատեսված են Համաձայնագրի ուժի մեջ մտնելու լրացուցիչ այլ պայմաններ:
Համաձայնագրի առաջին և երկրորդ Լրացումները վերաբերում են Ծրագրի գործադրմանն ուղղված գործողություններին, ֆինանսական միջոցների հասանելիությանը, առհանման տրանշը բաց թողնելու պայմաններին և վարկի մայր գումարի մարման ժամանակացույցին:
Համաձայնագրի 2-րդ հոդվածի 2.01. բաժնին համապատասխան` Ընկերակցությունը Ստացողին տրամադրելու է 32 600 000 Փոխառության հատուկ իրավունքներին համարժեք գումարով վարկ: Վճարման արժույթը դոլարն է:
Ֆինանսավորումը պետք է հատկացվի առհանման մեկ մասնաբաժնով (տրանշով), որից Ստացողը կարող է կատարել համապատասխան ֆինանսավորման առհանումներ:
3. Ըստ Համաձայնագրի` Ստացողն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
- մարել վարկի մայր գումարը կիսամյակային մուծումներով` սկսած 2017թ. հուլիսի 15-ից մինչև 2037թ. հունվարի 15-ը: Ընդսմին, վճարվելիք տոկոսային մասնաբաժինն սկսած 2017թ. հուլիսի 15-ից մինչև 2027թ. հունվարի 15-ը պետք է կազմի 1,65 տոկոս, իսկ 2027թ. հուլիսի 15-ից մինչև 2037թ. հունվարի 15-ը` 3,35 տոկոս (Համաձայնագրի 2-րդ հոդվածի 2.07. բաժին և երկրորդ Լրացում),
- վճարել տարեկան պարտավորության վճար` վարկի գումարի մեկ տոկոսի կեսի չափով` ֆինանսավորման չառհանված մնացորդի նկատմամբ,
- վճարել տարեկան սպասարկման վճար` մեկ տոկոսի երեք քառորդի չափով` վարկի գումարի առհանված մնացորդի նկատմամբ,
- վճարել տարեկան տոկոսավճար` մեկ և քառորդ տոկոսի չափով` վարկի գումարի առհանված մնացորդի նկատմամբ (Համաձայնագրի 2-րդ հոդվածի 2.03., 2.04., 2.05. բաժիններ),
- Ընկերակցության ուսումնասիրությանն ու քննարկմանը ներկայացնել ծրագրի իրականացման առաջընթացի մասին հաշվետվություն այնպիսի մանրամասնությամբ, ինչպես Ընկերակցությունը ողջամիտ կերպով կպահանջի,
- Ընկերակցությանն անհապաղ տեղեկացնել ցանկացած այնպիսի իրավիճակի մասին, որը կարող է էապես բացասաբար ազդել Ծրագրի նպատակների վրա,
- պահպանել սոցիալական ապահովության ցանցերը, կենսաթոշակների և սոցիալական գերակա ծախսային ծրագրերը անապահով և խոցելի խմբերի համար` պահպանելով դրանց մասնաբաժինը 2011թ. բյուջեում,
- չօգտագործել ֆինանսական միջոցները բացառված ծախսերի ֆինանսավորման համար («բացառված ծախս» հասկացության սահմանումը տրված է Համաձայնագրի հավելվածում),
- պահպանել երկու տարվա ընթացքում բոլոր փաստաթղթային արխիվները (պայմանագրեր, պատվերներ, հաշիվ-ապրանքագրեր, ստացականներ և այլն), որոնք փաստում են ֆինանսավորման շրջանակում կատարված ծախսերի մասին,
- պատրաստել և փակման ամսաթվից (31.12.2012թ.) հետո` ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում Ընկերակցությանը ներկայացնել այնպիսի ծավալով կամ մանրամասնությամբ հաշվետվություն, որն Ընկերակցությունը ողջամտորեն կպահանջի ծրագրի իրականացման առնչությամբ:
Ելնելով գործի քննության արդյունքներից և նկատի ունենալով, որ Համաձայնագրի դրույթները համահունչ են ՀՀ Սահմանադրության 9-րդ հոդվածի պահանջներին, ինչպես նաև ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2012 թվականի փետրվարի 15-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև «Զարգացման քաղաքականության երրորդ ծրագիր» ֆինանսավորման համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
13 մարտի 2012 թ. |