ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
13 մարտի 2012 թ. |
2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ԱՆՁՆԱԳՐԱՎԻԶԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԵՏԱԳԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒ ԿԻՐԱՌՄԱՆ ՇՈՒՐՋ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԿԻՑ ՎԵՐԱՊԱՀՈՒՄՈՎ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հ. Հունանյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2008 թվականի նոյեմբերի 14-ին ստորագրված` Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետություններում նոր սերնդի անձնագրավիզային փաստաթղթերի պետական տեղեկատվական համակարգերի ստեղծման և դրանց հետագա զարգացման ու կիրառման շուրջ համագործակցության մասին համաձայնագրում (կից վերապահումով) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 02.03.2012թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հ. Հունանյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով Համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետություններում նոր սերնդի անձնագրավիզային փաստաթղթերի պետական տեղեկատվական համակարգերի ստեղծման և դրանց հետագա զարգացման ու կիրառման շուրջ համագործակցության մասին համաձայնագիրը (կից վերապահումով) (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2008 թվականի նոյեմբերի 14-ին:
2. Համաձայնագրի նպատակն է մարդու և քաղաքացու անձնական տվյալները մշակելիս նրա իրավունքների և ազատությունների պաշտպանությունն ապահովող նոր սերնդի անձնագրավիզային փաստաթղթերի պետական տեղեկատվական համակարգերի ստեղծման գործընթացի ներդաշնակեցումը:
3. Սույն Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է, մասնավորապես`
● ստեղծել նոր սերնդի անձնագրավիզային փաստաթղթերի պետական տեղեկատվական համակարգեր ՀՀ ազգային անվտանգության համակարգի կատարելագործման, Համաձայնագրի մասնակից պետությունների քաղաքացիների մեկնումը երրորդ երկրներ և երրորդ երկրների քաղաքացիների մուտքը սույն Համաձայնագրի մասնակից պետություններ փոխադարձ կերպով ապահովելու, քաղաքացիների կողմից Համաձայնագրի մասնակից պետությունների սահմանների հատման համար լավագույն պայմանների ստեղծման նպատակով (հոդվ. 3).
● պետական տեղեկատվական համակարգեր ստեղծելիս հետևել հետևյալ պայմաններին`
- քաղաքացիների կենսաչափական տվյալների արձանագրում` առանց ինքնասիրությունը նվաստացնելու և առողջությանը վնաս հասցնելու,
- քաղաքացիների` նոր սերնդի անձնագրավիզային փաստաթղթերում ներառված կենսաչափական տվյալների ապօրինի կրկնօրինակման հնարավորության բացառում,
- պետական տեղեկատվական համակարգում ընդգրկված տեղեկատվության գաղտնիության ապահովում և այդ տեղեկատվության սահմանափակում միայն այն տեղեկություններով, որոնք անհրաժեշտ են նոր սերնդի անձնագրավիզային փաստաթղթերի իսկությունն ստուգելու համար,
- քաղաքացիների մասին պետական տեղեկատվական համակարգում ընդգրկված տեղեկատվության մատչելիության ապահովումն իրենց համար` ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան (հոդվ. 4).
● ընդունել ՀՀ օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտեր, որոնցով որոշվում են`
- անձը հաստատող փաստաթղթերում կենսաչափական տվյալների օգտագործման հնարավորությունը,
- մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների պաշտպանության միջոցները կենսաչափական տվյալների արձանագրման և քաղաքացիների մասին տեղեկատվության հետագա ավտոմատացված մշակման ժամանակ, ինչպես նաև քաղաքացիների վերաբերյալ անհատական, այդ թվում` կենսաչափական տվյալների պահպանման համակարգի հսկողության սկզբունքները,
- ՀՀ գործադիր իշխանության` նոր սերնդի անձնագրավիզային փաստաթղթերի պատրաստմանը, ձևակերպմանը և վերահսկողությանը մասնակցող ՀՀ մարմինների լիազորությունները, պատասխանատվությունը և փոխգործակցությունը,
- պետական տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության մատչելիության կարգը,
- քաղաքացիների մասին նոր սերնդի անձնագրավիզային փաստաթղթերում գրվող տեղեկատվության կառուցվածքը և բովանդակությունը, դրա փաստաթղթային ձևակերպման, մշակման, պահպանման, օգտագործման և պաշտպանության կարգը,
- պետական տեղեկատվական համակարգերի շահագործման հարցերը,
- կենսաչափական տվյալների օգտագործման ոլորտում միջազգային չափանիշների հետ ներդաշնակեցված այն չափանիշների մշակման կարգը, որոնք անհրաժեշտ են նոր սերնդի անձնագրավիզային փաստաթղթերն ԱՊՀ շահագրգիռ պետություններում ներդնելու համար (հոդվ. 5).
● նոր սերնդի անձնագրավիզային փաստաթղթերի պետական տեղեկատվական համակարգերի արդյունավետ փոխգործակցության համար ապահովել`
- ԱՊՀ մասնակից պետություններում նոր սերնդի անձնագրավիզային և նույնականացման այլ փաստաթղթերի փոխադարձ տեստավորման անցկացումը,
- նոր սերնդի անձնագրավիզային փաստաթղթերի պետական տեղեկատվական համակարգերի անդրսահմանային տեղեկատվական փոխգործակցության կազմակերպման հետ կապված առաջարկությունների մշակումը` հաշվի առնելով տեղեկատվական անվտանգության պահանջները,
- պատրաստման և տպագրական պաշտպանության տեխնոլոգիաների, կենսաչափական և այլ տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաև տեղեկատվության պաշտպանության միջոցների մշակումն ու օգտագործումը,
- տվյալների, այդ թվում` անհատական բնույթի, պաշտպանված տեղեկատվական փոխանակության կազմակերպումը միգրացիոն և սահմանային վերահսկողության խնդիրների լուծման ժամանակ,
- նոր սերնդի անձնագրավիզային փաստաթղթերի պետական տեղեկատվական բանկի ստեղծումը,
- նոր սերնդի անձնագրավիզային փաստաթղթերում առկա տեղեկատվության չթույլատրված հաշվառման հնարավորությունը կանխելու ուղղությամբ առաջարկությունների մշակումը (հոդվ. 7):
4. Սույն Համաձայնագրի` «Համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելը» վերտառությամբ 14-րդ հոդվածի նկատմամբ Հայաստանի Հանրապետությունն արել է վերապահում:
5. 2012թ. փետրվարի 7-ի դրությամբ Համաձայնագիրն ուժի մեջ է մտել Բելառուսի Հանրապետության (24.12.2009թ.), Ղազախստանի Հանրապետության (24.12.2009թ.), Մոլդովայի Հանրապետության (24.12.2009թ.), Ռուսաստանի Դաշնության (09.04.2010թ.) համար:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2008 թվականի նոյեմբերի 14-ին ստորագրված` Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետություններում նոր սերնդի անձնագրավիզային փաստաթղթերի պետական տեղեկատվական համակարգերի ստեղծման և դրանց հետագա զարգացման ու կիրառման շուրջ համագործակցության մասին համաձայնագրում (կից վերապահումով) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
13 մարտի 2012 թ. |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|