ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
13 մարտի 2012 թ. |
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 1996 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԵՎ ՆՐԱՆ ԿԻՑ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ս. Կարայանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2011 թվականի հոկտեմբերի 24-ին Մոսկվայում ստորագրված` «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը վերացնելու մասին» 1996 թվականի դեկտեմբերի 28-ի համաձայնագրում և նրան կից արձանագրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 09.02.2012թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ս. Կարայանի գրավոր բացատրությունը, հետազոտելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը վերացնելու մասին» 1996 թվականի դեկտեմբերի 28-ի համաձայնագրում և նրան կից արձանագրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին արձանագրությունն ստորագրվել է 2011 թվականի հոկտեմբերի 24-ին Մոսկվայում` 1996 թվականի դեկտեմբերի 28-ի Համաձայնագրում և նրան կից Արձանագրությունում փոփոխություններ և լրացումներ կատարելու նպատակով` երկու երկրներում տեղի ունեցած իրավական և տնտեսական փոփոխություններին համապատասխան:
2. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը վերացնելու մասին» համաձայնագիրն ուժի մեջ է 1998 թվականի մարտի 17-ից:
3. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունը փոխադարձության սկզբունքով ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
● աջակցել մյուս կողմին իրենց վերապահված հարկային պարտավորությունների գանձման գործում,
● մյուս կողմի ռեզիդենտի` Հայաստանի Հանրապետությունում օրացուցային տարվա ընթացքում 183 օրվանից ոչ պակաս գտնվելու կամ նախորդ օրացուցային տարում սկսված և ընթացիկ օրացուցային տարում անընդմեջ 183 օրվանից ոչ պակաս ժամանակահատվածում իրականացվող վարձու աշխատանքից ստացվող աշխատավարձը և նման այլ վարձատրությունները հարկել այն եղանակով և դրույքաչափերով, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների համար,
● մյուս կողմի ռեզիդենտի կողմից Հայաստանի Հանրապետությունում մինչև 183 օր լրանալն աշխատանքները դադարեցնելու դեպքում, կատարել վճարման ենթակա հարկի գումարի վերահաշվարկ և նրանց նկատմամբ կիրառել այնպիսի դրույքաչափեր, որոնք գործում են ՀՀ ռեզիդենտ չհանդիսացող ֆիզիկական անձանց նկատմամբ, և տույժեր ու տուգանքներ չկիրառել նման դեպքերում,
● կիրառել ապահովման միջոցներ այնպիսի հարկային պարտավորությունների նկատմամբ, որոնց գանձման համար մյուս պետության օրենսդրությունը նախատեսում է ապահովման միջոցների կիրառում,
● իրավասու մարմինների միջոցով փոխանակել ցանկացած տեղեկատվություն, որը կարող է համարվել էական Համաձայնագրի խնդիրների իրականացման համար,
● մյուս կողմի տեղեկատվության հարցման դեպքում ձեռնարկել իր տրամադրության տակ գտնվող ցանկացած միջոց` ստանալու պահանջված տեղեկատվությունը նույնիսկ այն դեպքում, եթե մյուս կողմն իր սեփական հարկման նպատակների համար այդպիսի տեղեկության կարիք չունի,
● չմերժել տեղեկատվության տրամադրումը միայն այն պատճառով, որ այդ տեղեկատվությունը գտնվում է բանկի, այլ վարկային կազմակերպության, անվանական տնօրինողի, գործակալի կամ վստահված անձի տնօրինության ներքո, կամ այդ տեղեկատվությունը վերաբերում է որևէ անձի տնօրինման իրավունքին:
4. Արձանագրությամբ սահմանված են նաև այն ուժի մեջ մտնելու կարգը և գործողության ժամկետը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2011 թվականի հոկտեմբերի 24-ին Մոսկվայում ստորագրված` «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը վերացնելու մասին» 1996 թվականի դեկտեմբերի 28-ի համաձայնագրում և նրան կից արձանագրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
13 մարտի 2012 թ. |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|