Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (23.03.2012-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.05.23/26(900) Հոդ.668
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
23.03.2012
Подписан
Նախագահող
Дата подписания
23.03.2012
Дата вступления в силу
23.03.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0474/02/11

2012թ.   

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0474/02/11

Նախագահող դատավոր՝ Ն. Տավարացյան

Դատավորներ` Ս. Միքայելյան

                    Դ. Խաչատրյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը

(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

 

Ե. Սողոմոնյանի

 

2012 թվականի մարտի 23-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Գուրգեն Խալաթյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.12.2011 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Անի Մարտիրոսյանի ընդդեմ Գուրգեն Խալաթյանի` երեխայի խնամքն ու դաստիարակությունը մորը հանձնելու և երեխայի բնակության վայրն ըստ մոր բնակության վայրի որոշելու պահանջների մասին և ըստ Գուրգեն Խալաթյանի հակընդդեմ հայցի` Անի Մարտիրոսյանին ծնողական իրավունքներից զրկելու, երեխայի խնամքն ու դաստիարակությունը հորը հանձնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Անի Մարտիրոսյանը պահանջել է երեխայի` Աշոտ Խալաթյանի խնամքն ու դաստիարակությունը հանձնել իրեն և բնակության վայրը որոշել ըստ մոր բնակության վայրի:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Գուրգեն Խալաթյանը պահանջել է Անի Մարտիրոսյանին ծնողական իրավունքներից զրկել և երեխայի խնամքն ու դաստիարակությունը հանձնել իրեն:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Հովսեփյան) (այսուհետ` Դատարան) 15.09.2011 թվականի վճռով հայցը մերժվել է, հակընդդեմ հայցը` Անի Մարտիրոսյանին ծնողական իրավունքներից զրկելու պահանջի մասով, մերժվել է, իսկ երեխայի խնամքն ու դաստիարակությունը հորը հանձնելու պահանջի մասով` բավարարվել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14.12.2011 թվականի որոշմամբ Անի Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի 15.09.2011 թվականի վճիռը մասնակիորեն բեկանվել և փոփոխվել է` հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գուրգեն Խալաթյանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

 Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 3-րդ հոդվածը, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 51-րդ, 53-րդ և 59-րդ հոդվածները, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները:

 Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

 Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման հիման վրա չի գնահատել գործում առկա բոլոր ապացույցները, մասնավորապես այն, որ Անի Մարտիրոսյանը չարամտորեն խուսափել է կատարել իր ծնողական պարտականությունները և 2010 թվականի սեպտեմբեր ամսից թողել է երեխային հոր մոտ և մեկնել Ռուսաստանի Դաշնություն: Բացի այդ, Երևանի Արաբկիր վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հարցերի հանձնաժողովը նպատակահարմար է գտել, որ անչափահաս Աշոտ Խալաթյանը բնակվի հոր` Գուրգեն Խալաթյանի հետ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 14.12.2011 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 15.09.2011 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Գուրգեն Խալաթյանը և Անի Մարտիրոսյանը, առանց քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնության, 2004 թվականից փաստացի բնակվել են միասին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով Գուրգեն Խալաթյանին պատկանող Երևանի Շիրվանզադե փողոցի 6-րդ շենքի թիվ 5 բնակարանում: 14.09.2005 թվականին ծնվել է նրանց որդին` Աշոտ Խալաթյանը (հատոր 1-ին, գ.թ.5, 23, 109 և հատոր 2-րդ, գ.թ.19):

2) 2010 թվականի սեպտեմբեր ամսից Անի Մարտիրոսյանը հեռացել է Մոսկվա և երեխային թողել է Գուրգեն Խալաթյանի մոտ (հատոր 2-րդ, գ.թ.36):

3) 2010 թվականի սեպտեմբեր ամսից Աշոտ Խալաթյանը բնակվում է հոր` Գուրգեն Խալաթյանի հետ` Երևանի Շիրվանզադե փողոցի 6-րդ շենքի թիվ 5 բնակարանում:

4) 22.03.2011 թվականին Անի Մարտիրոսյանը (Մոսկվայից վերադառնալուց հետո) դիմել է Դատարան` երեխայի խնամքն ու դաստիարակությունն իրեն հանձնելու և երեխայի բնակության վայրն ըստ մոր բնակության վայրի որոշելու պահանջներով (հատոր 1-ին, գ.թ.4):

 5) Երևանի Արաբկիր վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հարցերի հանձնաժողովի 31.05.2011 թվականի հետազոտության ակտի համաձայն` Անի Մարտիրոսյանն առանց հաշվառման բնակվում է համատեղ սեփականության իրավունքով մորաքրոջը` Էմմա Օհանյանին պատկանող Երևանի Նորաշեն թաղամասի 18-րդ շենքի թիվ 3 բնակարանում, որտեղ բնակվում են Էմմա, Էդուարդ և Գուրգեն Օհանյանները, Լիանա Առաքելյանը, Անի Մարտիրոսյանը և անչափահաս Էդուարդ Օհանյանը: Գուրգեն Խալաթյանը որպես համասեփականատեր մոր, կնոջ և երեխայի` Աշոտ Խալաթյանի հետ բնակվում է Երևանի Շիրվանզադե փողոցի 6-րդ շենքի թիվ 5 բնակարանում (հատոր 1-ին, գ.թ.24, 110):

6) Երևանի Արաբկիր վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հարցերի հանձնաժողովը 01.06.2011 թվականի եզրակացությամբ (այսուհետ` 01.06.2011 թվականի եզրակացություն) նպատակահարմար է գտել Անի Մարտիրոսյանին չզրկել ծնողական իրավունքներից, իսկ անչափահաս Աշոտ Խալաթյանի բնակության վայրը որոշել Գուրգեն Խալաթյանի մոտ` Երևանի Շիրվանզադե փողոցի 6-րդ շենքի թիվ 5 բնակարանում (հատոր 1-ին, գ.թ.109):

7) Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի 16.06.2011 թվականի եզրակացության (այսուհետ` 16.06.2011 թվականի եզրակացություն) համաձայն` նպատակահարմար է անչափահաս Աշոտ Խալաթյանի բնակության վայրը «սահմանել» մոր` Անի Մարտիրոսյանի բնակության վայրով: Հանձնաժողովը երեխայի հոր` Գուրգեն Խալաթյանի կյանքի հետազոտություն չի կատարել (հատոր 1-ին, գ.թ.106):

8) Դատարան դիմելուց հետո 26.08.2011 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի համաձայն` Անի Մարտիրոսյանը դարձել է Երևանի Նորաշեն թաղամասի 18-րդ շենքի թիվ 73 բնակարանի սեփականատերը (հատոր 2-րդ, գ.թ.57):

9) Աշոտ Խալաթյանի փաստաթղթերը հանձնվել են թիվ 7 հիմնական դպրոց` 01.09.2011 թվականից հաճախելու համար: 21.02.2012 թվականին տրված տեղեկանքի համաձայն` Աշոտ Խալաթյանը հաճախում է Երևանի Վ. Մայակովսկու անվան թիվ 7 հիմնական դպրոցի 1/ա դասարան: Դասերին ներկայանում է պատրաստ, պարտաճանաչ: Հայրը` Գուրգեն Խալաթյանը, չափազանց ուշադիր է Աշոտ Խալաթյանի ուսումնառության և դաստիարակության նկատմամբ (հատոր 1-ին, գ.թ.53):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է պատասխանել հետևյալ իրավական հարցադրմանը` արդյոք խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից ներկայացրած հետազոտության ակտը, որն անցկացվել է առանց երեխայի և նրա դաստիարակությանը հավակնող ծնողներից մեկի կյանքի հետազոտության, կարող է դատարանի կողմից գնահատվել որպես վեճի լուծման համար պատշաճ ապացույց:

«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` երեխաների նկատմամբ բոլոր գործողություններում, անկախ այն բանից, թե դրանք ձեռնարկվում են սոցիալական ապահովության հարցերով զբաղվող պետական կամ մասնավոր հիմնարկների, դատարանների, վարչական կամ օրենսդրական մարմինների կողմից, առաջնահերթ ուշադրություն է դարձվում երեխայի շահերի առավել ապահովմանը: Մասնակից պետությունները պարտավորվում են երեխային ապահովել նրա բարեկեցության համար անհրաժեշտ պաշտպանությամբ և հոգատարությամբ` նկատի ունենալով նրա ծնողների, խնամակալների կամ օրենքով նրա համար պատասխանատվություն կրող այլ անձանց իրավունքներն ու պարտականությունները, և այդ նպատակով ձեռնարկվում են համապատասխան բոլոր օրենսդրական ու վարչական միջոցները:

Վերոնշյալից հետևում է, որ դատարանները երեխայի իրավունքները շոշափող ցանկացած գործ քննելիս առաջնայնությունը պետք է տան երեխայի շահերի առավել ապահովմանը: «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայով պետությունը պարտավորվում է օրենսդրական, վարչական միջոցներ ձեռնարկել երեխայի շահերի ապահովման համար, սահմանել երեխայի խնամարկյալների, ծնողների իրավունքների և պարտականությունների ծավալը, հետևել պետական և պատկան մարմինների գործունեությանը տվյալ իրավահարաբերություններում միտված երեխայի բարեկեցությանն անհրաժեշտ պաշտպանությանը և հոգատարությանը:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետի համաձայն` ամուսինների միջև համաձայնության բացակայության դեպքում դատարանը պարտավոր է` որոշել, թե ամուսնալուծությունից հետո ծնողներից ում հետ պետք է ապրեն երեխաները:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերության համաձայն` ծնողական իրավունքները չեն կարող իրականացվել երեխաների շահերին հակառակ։ Երեխաների շահերի ապահովումը պետք է լինի ծնողների հիմնական հոգածության առարկան: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` ծնողների` միմյանցից առանձին ապրելու դեպքում երեխաների բնակության վայրը որոշվում է ծնողների համաձայնությամբ։ Համաձայնության բացակայության դեպքում ծնողների միջև վեճը լուծում է դատարանը` ելնելով երեխաների շահերից և հաշվի առնելով տասը տարին լրացած երեխայի կարծիքը։ Ընդ որում, դատարանը հաշվի է առնում երեխայի կապվածությունը ծնողներից յուրաքանչյուրի, քույրերի ու եղբայրների հետ, երեխայի տարիքը, ծնողների բարոյական և անձնական այլ հատկանիշներ, ծնողներից յուրաքանչյուրի և երեխայի միջև գոյություն ունեցող հարաբերությունները, երեխայի դաստիարակության ու զարգացման համար պայմաններ ստեղծելու հնարավորությունը (ծնողների գործունեության (աշխատանքի) բնույթը, նրանց գույքային ու ընտանեկան դրությունը և այլն)։

Վերը նշված հոդվածներից հետևում է, որ երեխաների ծնողներից մեկի հետ ապրելու հարցը դատարանը որոշում է` առաջնորդվելով երեխայի լավագույն շահերով:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` խնամակալության և հոգաբարձության մարմինը պարտավոր է անցկացնել երեխայի և այն անձի (անձանց) կյանքի հետազոտություն, ովքեր հավակնում են նրա դաստիարակությանը, և դատարան ներկայացնել հետազոտության ակտն ու դրա հիման վրա վեճի էության մասին եզրակացությունը:

Այսինքն` խնամակալության և հոգաբարձության մարմինը օրենքով սահմանված կարգով պարտավոր է անցկացնել թե´ երեխայի և թե´ այն անձի (անձանց) կյանքի հետազոտություն, ովքեր հավակնում են նրա դաստիարակությանը: Վերոնշյալից հետևում է, որ եթե երեխայի դաստիրակությանը հավակնում են մի քանի անձ, ապա խնամակալության և հոգաբարձության մարմինը պարտավոր է անցկացնել նշված բոլոր անձանց կյանքի հետազոտություն և դատարան ներկայացնել հետազոտության ակտը ու դրա հիման վրա վեճի էության մասին եզրակացությունը:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի բավարարման հիմքում դրել է 16.06.2011 թվականի եզրակացությունը, որտեղ բացակայում է երեխայի և նրա հոր կյանքի հետազոտության մասին տեղեկություն: Ավելին, սույն գործով հաշվի չի առնվել Անի Մարտիրոսյանի նոր բնակության վայրի, այն է` 26.08.2011 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի հիման վրա որպես սեփականություն ձեռք բերված բնակարանում վերջինիս կյանքի հետազոտության մասին տեղեկության բացակայությունը:

Մինչդեռ, սույն գործում առկա են երկու տարբեր վարչական շրջանների խնամակալության և հոգաբարձության մարմինների եզրակացություններ: 01.06.2011 թվականի եզրակացությամբ հանձնաժողովն անցկացրել է անչափահաս Աշոտ Խալաթյանի, Գուրգեն Խալաթյանի և Անի Մարտիրոսյանի կյանքի հետազոտություններ ու նպատակահարմար է գտել Անի Մարտիրոսյանին չզրկել ծնողական իրավունքներից, իսկ անչափահաս Աշոտ Խալաթյանի բնակության վայրը որոշել Գուրգեն Խալաթյանի մոտ: 16.06.2011 թվականի եզրակացությունից հետևում է, որ հանձնաժողովն իրականացրել է միայն Անի Մարտիրոսյանի կյանքի հետազոտություն, որի հիման վրա և որոշել է անչափահաս Աշոտ Խալաթյանի բնակության վայրը սահմանել Անի Մարտիրոսյանի բնակության վայրով, որը նրա մորաքրոջ բնակարանն է:

Փաստորեն 01.06.2011 թվականի եզրակացությամբ կյանքի հետազոտությունն անցկացվել է և´ Գուրգեն Խալաթյանի, և´ Անի Մարտիրոսյանի բնակության վայրերում: Գուրգեն Խալաթյանի կյանքի հետազոտումից պարզվել է, որ նա ունի մշտական բնակության վայր, որտեղ ծնվել է Աշոտ Խալաթյանը, որտեղից էլ հաճախում է դպրոց: 16.06.2011 թվականի եզրակացությամբ մոր բնակության վայրը դիտվել է մորաքրոջ տունը, որտեղ Անի Մարտիրոսյանը հաշվառված չէ, ինչը նշանակում է, որ սույն գործի քննության ժամանակ այն չէր կարող համարվել Անի Մարտիրոսյանի համար մշտական բնակության վայր:

Այսպիսով, 16.06.2011 թվականի եզրակացության հիմքում դրված է միայն Անի Մարտիրոսյանի կյանքի հետազոտությունը, մինչդեռ 01.06.2011 թվականի եզրակացության հիմքում դրված են և´ Գուրգեն Խալաթյանի մշտական բնակության վայրի, և´ Անի Մարտիրոսյանի առանց հաշվառման բնակության վայրի հետազոտությունները:

Տվյալ դեպքում Երևանի Աջափնյակ վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմինը 16.06.2011 թվականի եզրակացության հիմքում պարտավոր էր դնել նաև Աշոտ Խալաթյանի և Գուրգեն Խալաթյանի կյանքի հետազոտության անցկացման մասին տեղեկություններ, ինչը, սակայն, չի կատարել:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնի 16.06.2011 թվականի եզրակացությունը, որն անցկացվել է առանց երեխայի` Աշոտ Խալաթյանի և նրա դաստիարակությանը հավակնող ծնողներից մեկի` Գուրգեն Խալաթյանի կյանքի հետազոտության, չի կարող գնահատվել որպես վեճի լուծման համար պատշաճ ապացույց:

Հիմք ընդունելով վերոնշյալը և հաշվի առնելով այն հանագմանքը, որ սույն գործում առկա են երկու միմյանցից տարբեր եզրակացություններ, որոնք դատարանների կողմից արժանացել են տարբեր հակասական իրավական գնահատականների, ինչպես նաև այն, որ Անի Մարտիրոսյանը ձեռք է բերել նոր բնակարան, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ելնելով Աշոտ Խալաթյանի լավագույն շահերից` սույն գործով առկա է նոր քննության անհրաժեշտություն:

 Այսպիսով, վճռաբեկ բողոքի նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

 Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.12.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան