ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0208/02/10 2011թ. |
Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0208/02/10 |
|
Նախագահող դատավոր՝ Գ. Մատինյան | |
Դատավորներ` Լ. Գրիգորյան |
|
Ա. Թումանյան |
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Վ. Աբելյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2011 թվականի դեկտեմբերի 27-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Էդվարդ, Վարդան, Ռոբերտ Հովհաննիսյանների և Մանիկ Պետրոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.08.2011 թվականի որոշման դեմ` ըստ Ալբերտ Հովհաննիսյանի հայցի ընդդեմ Էդվարդ, Վարդան, Ռոբերտ Հովհաննիսյանների, Մանիկ Պետրոսյանի, երրորդ անձ Երևանի քաղաքապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Էրեբունու տարածքային ստորաբաժանման` սեփականության իրավունքի խախտումները վերացնելու պահանջի մասին և Էդվարդ, Վարդան, Ռոբերտ Հովհաննիսյանների, Մանիկ Պետրոսյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Ալբերտ Հովհաննիսյանի, երրորդ անձ Երևանի քաղաքապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Էրեբունու տարածքային ստորաբաժանման` հարկադիր սերվիտուտ սահմանելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Ալբերտ Հովհաննիսյանը պահանջել է արգելել Էդվարդ, Վարդան, Ռոբերտ Հովհաննիսյաններին և Մանիկ Պետրոսյանին օգտվելու սեփականության իրավունքով իրեն պատկանող` Երևանի Ղարիբջանյան փողոցի թիվ 76/1 տան մուտքից:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Էդվարդ, Վարդան, Ռոբերտ Հովհաննիսյանները և Մանիկ Պետրոսյանը պահանջել են Երևանի Ղարիբջանյան փողոցի թիվ 76/1 տան մուտքի նկատմամբ սահմանել հարկադիր սերվիտուտ:
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (դատավոր` Ն. Հովսեփյան) (այսուհետ` Դատարան) 27.05.2011 թվականի վճռով հայցը բավարարվել է, հակընդդեմ հայցը` մերժվել:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26.08.2011 թվականի որոշմամբ Էդվարդ, Վարդան, Ռոբերտ Հովհաննիսյանների, Մանիկ Պետրոսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 27.05.2011 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Էդվարդ, Վարդան, Ռոբերտ Հովհաննիսյանները և Մանիկ Պետրոսյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ալբերտ Հովհաննիսյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 8-րդ և 31-րդ հոդվածները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ, 210-րդ, 211-րդ և 212-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, ինչպես նաև խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 53-րդ, 60-րդ, 146-րդ և 147-րդ հոդվածները:
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանում են հետևյալ փաստարկներով.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 210-րդ հոդվածի բովանդակությունից երևում է, որ հողամասը սերվիտուտով ծանրաբեռնելիս սեփականատերը սեփականության իրավունքից չի զրկվում, այլ միայն սերվիտուտ պահանջող սեփականատիրոջը տրվում է հողամասից սահմանափակ օգտագործման իրավունք: Տվյալ դեպքում կողմերի միջև ձեռք չի բերվել համաձայնություն` կամավոր սերվիտուտ սահմանելու վերաբերյալ, ինչը նշանակում է, որ պետք է սահմանել հարկադիր սերվիտուտ` Երևանի Ղարիբջանյան փողոցի թիվ 76 և 76/1 տների միակ մուտքի նկատմամբ: Մինչդեռ Դատարանը, մերժելով փորձաքննություն նշանակելու մասին միջնորդությունը, հանգել է սխալ եզրակացության և մերժել հարկադիր սերվիտուտ սահմանելու մասին պահանջը, ինչն անտեսվել է նաև Վերաքննիչ դատարանի կողմից:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 26.08.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վճռաբեկ բողոքում նշված փաստարկներն անհիմն են, քանի որ Էդվարդ, Վարդան, Ռոբերտ Հովհաննիսյանները և Մանիկ Պետրոսյանը չեն ներկայացրել պատշաճ և բավարար ապացույցներ, ինչը կհաստատեր այն, որ առանց Ալբերտ Հովհաննիսյանի բնակելի տան մուտքը սերվիտուտով ծանրաբեռնելու` հնարավոր չէ Էդվարդ Հովհաննիսյանին պատկանող բնակելի տուն մուտք գործել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
1. Երևանի Ղարիբջանյան փողոցի թիվ 76 տունը սեփականության իրավունքով պատկանել է Ալբերտ և Էդվարդ Հովհաննիսյանների հորը` Սմբատ Հովհաննիսյանին (հատոր 1-ին, գ.թ.49):
2. Սմբատ Հովհաննիսյանի մահից հետո նշված տան նկատմամբ սեփականության իրավունք են ձեռք բերել Ալբերտ և Էդվարդ Հովհաննիսյանները, որի կապակցությամբ Ալբերտ Հովհաննիսյանին պատկանող թիվ 76 տան մի մասին տրվել է թիվ 76/1 հասցեն (կադաստրային գործ, գ.թ.122):
3. Անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման 10.02.2005 թվականի թիվ 1573542 վկայականի համաձայն` Երևանի Ղարիբջանյան փողոցի 76/1 բնակելի տան սեփականատերն է Ալբերտ Հովհաննիսյանը (հատոր 1-ին, գ.թ.24):
4. Անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման 06.10.2005 թվականի թիվ 2728687 վկայականի համաձայն` Երևան քաղաքի Ղարիբջանյան փողոցի 76 բնակելի տան սեփականատերն է Էդվարդ Հովհաննիսյանը (հատոր 1-ին, գ.թ.59-61):
5. Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից տրված հողի հատկացման գլխավոր հատակագծի համաձայն` Երևանի Ղարիբջանյան փողոցի թիվ 76 և թիվ 76/1 տներն ունեն մեկ ընդհանուր մուտք, բակ և հողամաս (հատոր 1-ին, գ.թ.16-17):
6. Դատարանի կողմից մերժվել է դատաշինարարական փորձաքննություն նշանակելու մասին Էդվարդ Հովհաննիսյանի միջնորդությունը (հատոր 1-ին, գ.թ.128):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի առաջին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Վերոնշյալից հետևում է, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց հետազոտում է նախ՝ գործին դրա վերաբերելիության, օրենքով նման ապացույցի թույլատրելիության, արժանահավատության, իսկ վերաբերելի բոլոր ապացույցները միասին՝ որոշակի փաստ (փաստեր) հաստատելու համար բավարարության տեսանկյունից:
Դատարանը յուրաքանչյուր ապացույցի վերաբերելիությունը և թույլատրելիությունը ստուգելուց հետո պարտավոր է ստուգել նաև տվյալ ապացույցի արժանահավատությունը և ապացույցների միջև հակասության դեպքում մերժել իր կարծիքով ոչ արժանահավատ ապացույցը՝ հիմնավորելով տվյալ մերժումը, իսկ փաստը հաստատել արժանահավատ ապացույցի հիման վրա:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործի հանգամանքները, որոնք օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով դատարանը կարող է կողմի (կողմերի) միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակել:
Վճռաբեկ դատարանն իր` նախկինում կայացրած որոշումներում արդեն իսկ անդրադարձել է փորձաքննություն նշանակելու միջնորդության քննարկման հարցին և նշել է, որ դատարանի նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակելու իրավասությունը դատարանն իրականացնում է դատական հայեցողության իրավունքով` ելնելով հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակից (տե՛ս Ռազմիկ Սարգսյանը և Լիդա Սևոյանն ընդդեմ Ռաֆիկ Հախվերդյանի՝ առուվաճառքի պայմանագիրը լուծելու պահանջի մասին քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 02.03.2007 թվականի թիվ 3-259 (ՎԴ) որոշումը):
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ փորձաքննության նշանակման միջնորդության բավարարումը կամ մերժումը դատարանը լուծում է` ելնելով նաև արդարադատության արդյունավետության շահերի ապահովման սկզբունքից:
Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է նաև, որ նմանատիպ գործերի քննության ժամանակ դատարանը կողմի միջնորդությամբ փորձաքննություն նշանակելու հարցը որոշելիս պետք է հաշվի առնի կոնկրետ վեճի առարկային վերաբերող առանձնահատկությունները, քանի որ օրենսդիրը նմանատիպ դեպքերում հստակ սահմանում է այն գործողությունները, ինչպես նաև ապացույցի այն տեսակը, որով վեճի դեպքում պետք է հաստատվի տվյալ փաստը:
Վերաքննիչ դատարանը, դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, պատճառաբանել է, որ Դատարանը, «պարզելով գործի համար նշանակություն ունեցող բոլոր փաստական հանգամանքները, հետազոտելով և պատշաճ գնահատելով գործում առկա ապացույցները հաստատված է համարել այն հանգամանքը, որ բողոք բերողները դատարանին չեն ներկայացրել իրենց պահանջը հիմնավորող ապացույցներ, մասնավորապես՝ դատարանին չեն ներկայացրել որևէ պատշաճ ապացույց այն մասին, որ առանց պատասխանողներին պատկանող` քաղաք Երևան, Ղարիբջանյան 76/1 հասցեի մուտքի նկատմամբ սերվիտուտ սահմանելու, հնարավոր չէ մուտք գործել Ղարիբջանյան 76 բնակելի տուն»:
Այսպես` սույն գործի փաստերի համաձայն` Երևանի Ղարիբջանյան փողոցի թիվ 76 տան սեփականատերն էր կողմերի հայրը, որի մահից հետո նշված տան նկատմամբ սեփականության իրավունք են ձեռք բերել Ալբերտ և Էդվարդ Հովհաննիսյանները, որի կապակցությամբ Ալբերտ Հովհաննիսյանին պատկանող թիվ 76 տան մի մասին տրվել է թիվ 76/1 հասցեն: Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից տրված հողի հատկացման գլխավոր հատակագծից երևում է, որ Երևանի Ղարիբջանյան փողոցի թիվ 76 և թիվ 76/1 տներն ունեն մեկ ընդհանուր մուտք, բակ և հողամաս: Գործի քննության ժամանակ Դատարանի կողմից կատարվել է տեղատեսություն, իսկ Էդվարդ Հովհաննիսյանի միջնորդությունը` դատաշինարարական փորձաքննություն նշանակելու մասին, մերժվել է:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը, մերժելով դատաշինարարական փորձաքննություն նշանակելու մասին միջնորդությունը, բավարարվել է միայն կատարված տեղատեսությամբ, որով արձանագրել է երկրորդ մուտքի առկայությունը, սակայն ցույց չի տրվել, թե տան որ մասում է գտնվում այդ մուտքը, և արդյոք առկա է հնարավորություն դրանից օգտվելու համար, կամ այդ երկրորդ մուտքը նախատեսված է որպես Երևանի Ղարիբջանյան փողոցի թիվ 76 տան մոտեցման ճանապարհ: Դատարանները գնահատման չեն արժանացրել այն առարկությունը, որ հիշատակված երկրորդ մուտքը պատկանում է կողմերի հարևանին, ու այն ելք չունի դեպի Երևանի Ղարիբջանյան փողոցի թիվ 76 և թիվ 76/1 տները, ինչպես նաև դրանից օգտվելու որևէ տեխնիկական հնարավորություն առկա չէ:
Ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում մասնագիտական գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման և սույն վեճի օբյեկտիվ լուծման նպատակով Դատարանը պետք է բավարարեր փորձաքննություն նշանակելու մասին միջնորդությունը:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում բավարար կերպով հիմնավորված կամ հերքված չէ սերվիտուտ սահմանելու անհրաժեշտությունը, մասնավորապես` պետք է պարզել` արդյոք Երևանի Ղարիբջանյան փողոցի թիվ 76/1 տան բնակիչների համար առկա է իրենց տան մոտեցման համար այլ հնարավորություն` բացի նույն հասցեի թիվ 76/1 տան մուտքից, ինչն էլ սույն գործով առաջացնում է նոր քննության անհրաժեշտություն:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.08.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Վճռաբեկ բողոքի համար սահմանված և հետաձգված պետական տուրքի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Վ. Աբելյան | |
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|