Գլխավոր տեղեկություն
Номер
N 129-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.03.2012-18.04.2013)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.02.22/9(883) Հոդ.136
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
09.02.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.02.2012
Дата вступления в силу
03.03.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 փետրվարի 2012 թվականի N 129-Ն

ԵՐԵՎԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԵՏԻՑ ՀԱՏՈՒԿ ԵՎ ԿԱՐԵՎՈՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՅՍՄԻԿ ԽՈՑԵԼԻՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1760-Ն որոշման հավելվածի 7-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Երևանի տարածքում սեյսմիկ պաշտպանության տեսակետից հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների սեյսմիկ խոցելիության գնահատման ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) Երևանի տարածքում սեյսմիկ պաշտպանության տեսակետից հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների սեյսմիկ խոցելիության գնահատման ծրագրի իրականացման ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` Երևանի տարածքում սեյսմիկ պաշտպանության տեսակետից հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների սեյսմիկ խոցելիության գնահատման աշխատանքներն իրականացնել համաձայն սույն որոշման հավելվածում ներկայացված ժամանակացույցի:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Երևանի տարածքում սեյսմիկ պաշտպանության տեսակետից հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների սեյսմիկ խոցելիության գնահատման ծրագրի ֆինանսավորման հնարավորության հարցը, սահմանված կարգով ներկայացված հայտի առկայության պայմաններում, քննարկել համապատասխան տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2012 թ. փետրվարի 15
Երևան 

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2012 թվականի
փետրվարի 9-ի N 129-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ԵՐԵՎԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԵՏԻՑ ՀԱՏՈՒԿ ԵՎ ԿԱՐԵՎՈՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՅՍՄԻԿ ԽՈՑԵԼԻՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

I. ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Երևան քաղաքում գոյություն ունեցող հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների գերակշռող մեծամասնությունը նախագծվել և կառուցվել են մինչև 1988 թվականը, և նրանց նախագծման հիմքում ընդունված սեյսմիկ ուժերն անհամեմատ ցածր են սպասվելիք ուժերից: Այդ է վկայում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» (այսուհետ՝ ՍՊԱԾ) գործակալության կողմից 1998 թվականին կազմված և հաստատված` Հայաստանի Հանրապետության տարածքի սեյսմիկ գոտիացման (շրջանացման) նոր քարտեզը: Քանի որ Երևան քաղաքում մինչև 1988 թվականը կառուցված բոլոր շենքերի ու շինությունների նախագծային սեյսմակայունությունն ընդունված է եղել 7-8 բալ ըստ ՄՍԿ-64 (MSK-64) բալայնության սանդղակի, իսկ ըստ Հայաստանի Հանրապետության տարածքի սեյսմիկ գոտիացման քարտեզի Երևան քաղաքի տարածքը գտնվում է սեյսմիկ երրորդ գոտում` գետնի սպասվելիք առավելագույն Amax=0.4g արագացումով (բալականությունը IX և բարձր ըստ ՄՍԿ-64 (MSK-64) սանդղակի, ապա ակնհայտ է դառնում, որ տարածաշրջանի հնարավոր ուժեղ երկրաշարժի ժամանակ (մագնիտուդան` M>5.5) տեղի կունենան բազմաթիվ շենքերի կամ նրանց առանձին մասերի փլուզում, որը կբերի մեծ թվով մարդկային զոհերի և ահռելի նյութական կորուստների: Ծրագրի իրականացումն անհրաժեշտ նախադրյալներ կստեղծի հանրապետությունում շենքերի և շինությունների վերականգնմանն ու ուժեղացմանն ուղղված հիմնավորված ծրագրերի մշակման ու իրականացման համար, ինչն իր հերթին կնպաստի Երևանի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցմանը:

 

II. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

2. 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետևանքների վերլուծությունը ցույց տվեց, որ Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունեցող շենքերի գերակշռող մասի սեյսմակայունությունն ավելի ցածր է, քան սպասվող սեյսմիկ վտանգի մակարդակը, և փաստորեն նրա ամբողջ տարածքը գտնվում է բարձր սեյսմիկ ռիսկի գոտում:

3. 1989 թվականից սեյսմիկ ռիսկի նվազեցմանն ուղղված մեծ մասշտաբի աշխատանքներ են իրականացվել Հայաստանի Հանրապետության հյուսիսային շրջաններում: Կատարվել է շենքերի և շինությունների դասակարգում` ըստ վնասվածության աստիճանի, ապամոնտաժվել են վթարային շենքերն ու շինությունները, իսկ չափավոր և զգալի վնասվածքներ ունեցողները` վերականգնվել և ուժեղացվել են: Միաժամանակ, Երևանն ու Հայաստանի Հանրապետության մնացած մարզերը, որոնք նույնպես ընկած են բարձր սեյսմիկ ռիսկի գոտիներում, բավական անտեսվել են: Սեյսմիկ ռիսկի նվազեցումը գտնվում է Հայաստանի Հանրապետության կառավարության ուշադրության կենտրոնում և 1999 թվականին ընդունվել են երկու որոշումներ` ուղղված Հայաստանի Հանրապետության տարածքի և Երևան քաղաքի սեյսմիկ ռիսկի նվազեցման պետական համալիր ծրագրերի կատարմանը (Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 7-ի N 392 և 1999 թվականի հունիսի 10-ի N 429 որոշումներ): ՍՊԱԾ գործակալությունը հանդիսանում է այդ ծրագրերի պատասխանատու կատարողը և կոորդինատորը: Այս ծրագրի շրջանակներում առանձնահատուկ ուշադրության են արժանանում շենքերի ու շինությունների սեյսմիկ խոցելիության գնահատման աշխատանքները` որպես սեյսմիկ ռիսկի նվազեցմանն ուղղված միջոցառումների առաջին էտապ:

4. Ներկայումս Հայաստանի Հանրապետության համար սեյսմիկ ռիսկը հասել է իր առավելագույն մակարդակին ամբողջ պատմության ընթացքում, ինչը պայմանավորված է սեյսմիկ ակտիվության նոր ցիկլով, շենքերի և շինությունների ցածր սեյսմակայունությամբ, ուրբանիզացման բարձր մակարդակով, հատուկ և կարևոր նշանակության շինություններին (քիմիական գործարաններ, հիդրոէլեկտրակայաններ, ջերմաէլեկտրակայաններ, բազմաբնակարան բնակելի շենքեր, դպրոցներ, ջրամբարներ, կենսապահովման գծեր, առողջապահական հիմնարկներ և այլն) հատկացված ոչ բավարար ուշադրությամբ, բնակչության վատ տեղեկացմամբ, սոցիալ-տնտեսական վիճակով և այլ գործոններով: Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունվել են բազմաթիվ օրենքներ և որոշումներ ուղղված ազգաբնակչության առողջության ու անվտանգության ապահովմանը, սակայն շատ խնդիրներ այս բնագավառում դեռևս մնում են չլուծված, մասնավորապես, շենքերի ու շինությունների բարձր խոցելիությունը:

5. Ոլորտի զարգացման միտումները 2013-2014 թվականներին անհրաժեշտ է առաջնահերթ ուղղել Երևանի տարածքում սեյսմիկ պաշտպանության տեսակետից հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների սեյսմիկ խոցելիության գնահատման, Հայաստանի Հանրապետության տարածքի սեյսմիկ շրջանացման նոր քարտեզի կազմման, բնակավայրերի և կենսաապահովման գծերի սեյսմիկ ռիսկի գնահատման ու ռիսկի նվազեցման ուղղությամբ աշխատանքներ կատարելու, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առաջարկներ ներկայացնելու նպատակով:

 

III. ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

6. Երևան քաղաքում գոյություն ունեցող հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների սեյսմիկ խոցելիության աստիճանի գնահատումը և սեյսմիկ ռիսկի նվազեցումը պահանջում է գոյություն ունեցող շենքերի և շինությունների մանրակրկիտ հետազննում, որը հանդիսանում է նախնական փուլ` տեխնիկատնտեսական առումով սեյսմակայունության նպատակահարմար մակարդակ ապահովելու համար: Կարևորագույն խնդիր է շենքերի փաստացի տեխնիկական վիճակի գնահատումը, նրանց ծավալահատակագծային ու կոնստրուկտիվ լուծումների ուսումնասիրումը, փաստացի սեյսմիկ խոցելիության գնահատումը` հաշվի առնելով վերջին երկրաշարժերի հետևանքներն ու կուտակված փորձը:

7. Հիմնվելով շենքերի և շինությունների մեր ունեցած մեծածավալ տվյալների բազայի, ինչպես նաև մեր կողմից իրականացված բազմաթիվ նախնական հետազննությունների արդյունքների վրա, Երևան քաղաքում գոյություն ունեցող հատուկ և կարևոր նշանակության օբյեկտները կարելի է դասել 4 խմբի`

1) խումբ 1` 2-4-հարկանի քարե պատերով շենքեր են` կառուցված մինչև 1960-ական թվականները: Դրանք կառուցվել են անհատական նախագծերով (դիզայնով), և շատերն ունեն ճարտարապետական կարևոր նշանակություն: Երևան քաղաքում գոյություն ունեցող հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների մոտ 30%-ը պատկանում են այս խմբին: Սպիտակի երկրաշարժի ժամանակ սույն կետում նշված շենքերը հիմնականում ստացան ուժեղ վնասվածքներ, ձևախախտումներ, իսկ շատերն էլ փլուզվեցին: Նշված խմբի շենքերն ունեն հետևյալ հիմնական ծավալահատակագծային ու կոնստրուկտիվ բնութագրերը`

ա. բարդ հատակագծային լուծում, կոշտությունների և զանգվածների ոչ համաչափ բաշխում` ըստ շենքի գլխավոր երկրաչափական առանցքների ու շենքի բարձրության,

բ. սեյսմակայուն շինարարության նախագծման ժամանակակից նորմերի պահանջների բացակայություն,

գ. սեյսմապաշտպան համակարգերի բացակայություն,

դ. կրող պատերում գոյություն ունեցող պատուհանների ու դռների բացվածքների թույլատրելիից շատ մեծ չափեր,

ե. փայտյա կոնստրուկցիաներից իրականացված ծածկեր.

2) խումբ 2` 3-5-հարկանի, ներքին ե/բ կարկասով և պարփակող լայնական ու երկայանական քարե կրող պատերով շենքեր են: Երևան քաղաքում գոյություն ունեցող հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների մոտ 45%-ը պատկանում են այս խմբին: Դրանց մի մասը կառուցվել են տիպային նախագծերով և հատակագծում հիմնականում ուղղանկյունաձև են: Այս խմբի շենքերում կան բազմաթիվ անհամապատասխանություններ սեյսմակայուն շինարարության նախագծման ժամանակակից նորմերի պահանջների հետ: Սպիտակի երկրաշարժի ժամանակ սույն կետում նշված շենքերն ստացան ուժեղ վնասվածքներ, ձևախախտումներ, մի մասը փլուզվեցին և մի մասն էլ ենթակա էին վերականգնման.

3) խումբ 3` 9-12-հարկանի, հավաքովի երկաթբետոնյա կոնստրուկցիաներից իրականացված խոշորապանելային շենքեր են: Երևան քաղաքում գոյություն ունեցող հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների մոտ 15%-ը պատկանում են այս խմբին: Սպիտակի երկրաշարժի ժամանակ այս տիպի շենքերը ստացան չափավոր վնասվածքներ, ձևախախտումներ, բայց չփլուզվեցին և դրանք ենթակա էին վերականգնման.

4) խումբ 4` 6-9-հարկանի, հավաքովի երկաթբետոնյա կոնստրուկցիաներից իրականացված կարկասային շենքեր են: Երևան քաղաքում գոյություն ունեցող հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների մոտ 10%-ը պատկանում են այս խմբին: Սպիտակի երկրաշարժի ժամանակ այս տիպի շենքերի հիմնական մասը փլուզվեց, քանի որ կարկասային շենքերում հավաքովի երկաթբետոնյա կոնստրուկտիվ տարրերի միացման հանգույցներն ընկած են առավելագույն ճիգերի գոտում և աշխատանքներն իրականացվում էին ցածր որակով, այն դեպքում, երբ սեյսմակայունությունը գլխավորապես կախված է այդ հանգույցների միացման տեղից և որակից: Դասակարգված չորս խմբերի բոլոր շենքերի նախագծային սեյսմակայունությունն ընդունված է եղել 7-8 բալ` ըստ ՄՍԿ-64 (MSK-64) բալայնության սանդղակի, այն դեպքում, երբ Երևան քաղաքի տարածքի սեյսմայնությունն անհամեմատ ավելի բարձր է և ներկայումս գնահատվում է 9 բալ և բարձր ըստ նույն սանդղակի: Բոլոր շենքերի շինարարական աշխատանքներն իրականացվել են ցածր որակով և բազում թերություններով:

8. Ծրագրի իրականացման համար նախատեսվում է ստեղծել 3 աշխատանքային խմբեր` «Ա», «Բ», «Գ»: «Ա» խումբը կզբաղվի շենքերին և շինություններին վերաբերող տվյալների բազայի ստեղծմամբ, ինչպես նաև կօգնի «Բ» և «Գ» խմբերին, երբ վերջիններս զբաղված կլինեն շենքերի և շինությունների ակնադիտական և գործիքային հետազննությունների իրականացմամբ: «Բ» խումբը պետք է կատարի շենքերի և շինությունների համալիր վերլուծությունը և նրանց կրող կոնստրուկտիվ տարրերի ամրության բնութագրերի որոշումը: «Գ» խումբը պետք է ուսումնասիրի շենքերի և շինությունների դինամիկական բնութագրերը և կատարի տարածքի ուսումնասիրություններ: «Ա» խումբը կատարում է անհրաժեշտ տվյալների հավաքում` համաձայն նախօրոք որոշված ձևաչափի: Համապատասխանաբար «Բ» խումբն ակնադիտական հետազննությունների ժամանակ առանձնացնում է համապատասխան շենքեր և շինություններ՝ հետագա մանրակրկիտ ուսումնասիրելու համար: Ծրագրի ընթացքում պետք է վերլուծվեն շենքերի նախագծային փաստաթղթերը, եթե դրանք պահպանվել են, հակառակ դեպքում պետք է իրականացվեն չափագրումային աշխատանքներ: «Բ» և «Գ» խմբերի կողմից մանրամասն կհետազննվեն Երևան քաղաքի 5 հատուկ և 25 կարևոր նշանակության օբյեկտներ: Կուսումնասիրվեն շենքերի կրող կոնստրուկտիվ տարրերը, կբացահայտվեն և կգնահատվեն բետոնե, երկաթբետոնե ու մետաղական կոնստրուկցիաների վնասվածքների աստիճաններն ու առաջացման պատճառները, կորոշվեն բետոնի ամրության բնութագրերը, խտությունն ու որակը, կոնստրուկտիվ տարրերի միացումների որակը և այլն: Հետազննություններն ամբողջական դարձնելու համար նախատեսվում են օգտագործել կրող կոնստրուկտիվ տարրերի ամրության բնութագրերի որոշման ժամանակակից սարքավորումներ, թվային հեռաչափական գործիքներ, ինչպես նաև թվային ֆոտոխցիկ` ֆիքսելու համար կոնստրուկցիաների հայտնաբերված վնասվածքները, թերությունները, դեֆորմացիաները և շենքերի ու շինությունների ընդհանուր տեսքերը: Դինամիկ բնութագրերը որոշելու համար կօգտագործվի ուժեղ շարժումների Շվեյցարական արտադրության ՍՄԱՉ (SMACH) գործիքը, որը թույլ է տալիս գրանցել շենքի և գրունտի միկրոտատանումները հաճախականությունների լայն սպեկտրում:

 

IV. ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

9. Այս աշխատանքի արդյունքում կգնահատվի Երևան քաղաքում գոյություն ունեցող 5 հատուկ և 25 կարևոր նշանակության օբյեկտների սեյսմիկ խոցելիության աստիճանը (շենքի սեյսմիկ խոցելիության աստիճանի գնահատումը շենքի վարքի կանխատեսումն է ուժեղ երկրաշարժի դեպքում) և կմշակվեն առաջարկություններ սեյսմիկ ռիսկի նվազեցման նպատակով: Սույն ծրագրով նախատեսվում է գնահատել հետևյալ օբյեկտների սեյսմիկ խոցելիության աստիճանը`

1) սեյսմիկ պաշտպանության հատուկ օբյեկտներ`

ա. ՀՀ Ազգային ժողովի վարչական շենք,

բ. ՀՀ կառավարության N 1 տուն,

գ. ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության վարչական շենք,

դ. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության վարչական շենք,

ե. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության վարչական շենք.

2) նախագիծը կլինի շարունակական և հաջորդ փուլերում կներառվեն աղետների կառավարում ապահովող հատուկ նշանակության բոլոր օբյեկտները.

3) սեյսմիկ պաշտպանության կարևոր օբյեկտներ: Կարևոր օբեկտներից կգնահատվեն Երևան քաղաքի 5 տարբեր վարչական շրջաններում գտնվող 25 բազմաբնակարան բնակելի շենքեր (յուրաքանչյուր վարչական շրջանում 5 շենք), որոնք ունեն տարբեր ծավալահատակագծային ու կոնստրուկտիվ լուծումներ և կառուցված են տարբեր գրունտային պայմաններում` ըստ սեյսմիկ հատկությունների: Այս աշխատանքի արդյունքում պարզ կդառնա նաև գոյություն ունեցող մնացած բոլոր նմանատիպ շենքերի սեյսմիկ խոցելիության աստիճանը: Սույն ծրագրի իրականացումը հնարավորություն կտա բարձրացնել ինչպես բնակչության, այնպես էլ պետական մարմինների պատրաստվածության մակարդակը դիմակայելու ուժեղ երկրաշարժերին, զգալիորեն ցածրացնել տարածաշրջանի սեյսմիկ ռիսկը, պակասեցնել հետևանքները ինչպես ուժեղ երկրաշարժերից, այնպես էլ երկրաշարժի բնական և տեխնածին աղետներից, ապահովել Հայաստանի Հանրապետության տնտեսական և սոցիալական կայունությունը, ինտեգրել տարածաշրջանի ընթացիկ սեյսմիկ վտանգի մոնիթորինգի ժամանակակից ձևերը միջազգային համակարգերում:

10. Ընդհանուր առմամբ Երևան քաղաքում գոյություն ունեցող հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների սեյսմիկ խոցելիության գնահատումը հնարավորություն կտա զգալիորեն բարձրացնել ազգաբնակչության սեյսմիկ պաշտպանվածության մակարդակը՝ ունենալով`

1) դասակարգված շենքերն ու շինություններն ըստ կոնստրուկտիվ լուծումների և ըստ ծառայության ժամկետների.

2) շենքերում բացահայտված հակասեյսմիկ միջոցառումների գոյությունն ու ծավալները.

3) շինմոնտաժային աշխատանքների կատարման գնահատված որակը.

4) առանձնացված առավել վտանգ ներկայացնող շենքերն ու շինություններն ըստ կոնստրուկտիվ լուծումների և ըստ շինհրապարակի սեյսմիկ պայմանների.

5) շենքերի և շինությունների գնահատված փաստացի սեյսմակայունությունը, որպեսզի ապահովվի պահանջվող սեյսմապաշտպանության մակարդակը.

6) օբյեկտների ուժեղացման առավել ռացիոնալ մշակված ձևերը, որոնք կսահմանափակեն հակասեյսմիկ միջոցառումների կատարման ծավալը` հասցնելով նվազագույնի.

7) դասակարգված շենքերն ու շինություններն ըստ նրանց վնասվածության աստիճանի, համապատասխան գործող շինարարական նորմերի.

8) շենքերի և շինությունների քանդելու նպատակահարմարությունը կամ անհրաժեշտությունը փոխելու նրանց գործառնական նշանակությունը.

9) հակասեյսմիկ միջոցառումների ծախսերի գնահատումը.

10) գնահատված շենքի վարքը հնարավոր սեյսմիկ ազդեցությունների դեպքում և մշակված միջոցառումներ նրանց ուժեղացման ու սեյսմակայունության բարձրացման համար:

 

V. ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿԸ

 

11. Նախատեսվող աշխատանքների իրականացման արժեքը 30 680 հազ. դրամ է, իսկ ֆինանսատնտեսական հաշվարկը ներկայացված է NN 1 և 2 աղյուսակներում:

Աղյուսակ 1. Երևանի տարածքում սեյսմիկ պաշտպանության տեսակետից հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների սեյսմիկ խոցելիության գնահատման ընթացիկ ծախսեր` 2013-2014 թվականների`

Ընթացիկ ծախսերը

Արժեքը
(դրամ)

2013 թ.

2014 թ.

Ծրագրի ղեկավար (1 մասնագետ)
(24 ամիս) x (1 մարդ) x (100000 դրամ)

2 400 000

1 200 000

1 200 000

Գլխավոր մասնագետներ
(6 մասնագետներ)
(18 ամիս) x (6 մարդ) x (80000 դրամ)

8 640 000

4 000 000

4 640 000

Առաջատար մասնագետներ
(6 մասնագետ)
(18 ամիս) x (6 մարդ) x (70000 դրամ)

7 560 000

3 000 000

4 560 000

Առաջին կարգի մասնագետներ 
 (4 մասնագետ)
(16 ամիս) x (4 մարդ) x (50000 դրամ)

3 200 000

1 600 000

1 600 00

Տեխնիկներ (5 մասնագետ)
(16 ամիս) x (5 մարդ) x (40000 դրամ)

3 200 000

1 770 000

1 430 000

Համակարգչային աքսեսուարներ

120 000

120 000

-

Գրենական պիտույքներ

120 000

60 000

60 000

Տրանսպորտային և այլ ծախսեր

1 560 000

800 000

760 000

Ընթացիկ ծախսերի ֆոնդ

26 800 000

12 550 000

14 250 000

Աղյուսակ 2. Երևանի տարածքում սեյսմիկ պաշտպանության տեսակետից հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների սեյսմիկ խոցելիության գնահատման կապիտալ ծախսեր` 2013-2014 թվականների`

Կապիտալ ծախսերը

Արժեքը
(դրամ)

2013 թ.

2014 թ.

Դինամիկական փորձարկումների համակարգ (սեյսմիկ տատանումների եռաչափ սենսոր, բազմալիք անալոգաթվային փոխարկիչ, համակարգիչներ)

1 100 000

1 100 000

-

Թվային մակածող սարքավորում

2x225000 =
450 000

225 000

225 000

Թվային սքլերոմետր, առանց քայքայման բետոնի ամրությունը որոշող սարք

2x300000 =
600 000

300 000

300 000

Համակարգիչ

2x270000 =
540 000

540 000

-

Դյուրակիր համակարգիչ

450 000

450 000

-

Թվային ֆոտոխցիկ

240 000

24 000

-

Գրասենյակային պարագաներ

500 000

300 000

200 000

Ընդամենը` կապիտալ ծախսերի արժեքը

3880 000

3155 000

725 000

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2012 թվականի
փետրվարի 9-ի N 129-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

ԵՐԵՎԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԵՏԻՑ ՀԱՏՈՒԿ ԵՎ ԿԱՐԵՎՈՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՅՍՄԻԿ ԽՈՑԵԼԻՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԾՐԱԳՐԻ

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Գործողությունները

Կատարողը

Ժամկետը

Ֆինանսական ապահովումը

1

2

3

4

5

6

1.

Խնդիր 1.
Երևան քաղաքի կառուցապատման տվյալների բազայի հավաքագրում

Գործողություն 1.
Ճշգրտել Երևան քաղաքի հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների քանակը, որոնք ենթակա են հետազննման

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

01.2013-03.2013 թթ.

ՀՀ պետական բյուջե

Գործողություն 2.
Ստեղծել շենքերի և շինությունների հետազննման ծրագրեր

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

02.2013-06.2013 թթ.

ՀՀ պետական բյուջե

2.

Խնդիր 2.
Շենքերի և շինությունների մանրակրկիտ հետազննում

Գործողություն 1. Նախագծային-տեխնիկական փաստաթղթերի ուսումնասիրություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

04.2013-09.2013 թթ.

ՀՀ պետական բյուջե

Գործողություն 2.
Շենքերի և շինությունների դինամիկ բնութագրերի և կրող կոնստրուկցիաների ամրության բնութագրերի որոշումը գործիքային եղանակով

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

05.2013-01.2014 թթ.

ՀՀ պետական բյուջե

Գործողություն 3. Նախագծային լուծումների համեմատումը փաստացի շինությունների հետ և կատարված շինմոնտաժային աշխատանքների որակի ստուգումը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

10.2013-03.2014 թթ.

ՀՀ պետական բյուջե

Գործողություն 4.
Շենքերի և շինությունների ընդհանուր տեխնիկական վիճակի գնահատումը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

11.2013-06.2014 թթ.

ՀՀ պետական բյուջե

3.

Խնդիր 3.
Շենքերի և շինությունների սեյսմակայունության գնահատումը

Գործողություն 1.
Սեյսմիկ բնութագրերով առավել անբարեհաջող շինարարական հրապարակների որոշումը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

12.2013-01.2014 թթ.

ՀՀ պետական բյուջե

Գործողություն 2.
Գրունտի ռեակցիայի սպեցիֆիկ սպեկտորների և հաշվարկային ակսելերոգրամաների կառուցումը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

01.2014-06.2014 թթ.

ՀՀ պետական բյուջե

Գործողություն 3.
Շենքերի և շինությունների մոդելավորումը և հաշվարկը` հաշվի առնելով «գրունտ-կառույց» համագործակցությունը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

02.2014-07.2014 թթ.

ՀՀ պետական բյուջե

Գործողություն 4.
Սեյսմակայունության և սեյսմիկ խոցելիության գնահատման չափանիշների դասակարգում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

04.2014-08.2014 թթ.

ՀՀ պետական բյուջե

4.

Խնդիր 4.
Առաջարկություններ խոցելի շենքերի և շինությունների ուժեղացման վերաբերյալ

Գործողություն 1.
Շենքերի և շինությունների ուժեղացման կոնստրուկտիվ լուծումների մշակումը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

04.2014-11.2014 թթ.

ՀՀ պետական բյուջե

Գործողություն 2.
Շենքերի և շինությունների սեյսմակայունության բարձրացման նոր ոչ ավանդական մեթոդների մշակում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

05.2014-11.2014 թթ.

ՀՀ պետական բյուջե

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
04.04.2013, N 330-Ն 18.04.2013, N 129-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան