Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.12.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.02.22/9(883).1 Հոդ.136.34
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
27.12.2011
Подписан
Նախագահող
Дата подписания
27.12.2011
Дата вступления в силу
27.12.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական վերաքննիչ 

դատարանի որոշում 

Վարչական գործ թիվ ՎԴ/2836/05/10

Վարչական գործ թիվ ՎԴ/2836/05/10

2011 թ.

Նախագահող դատավոր`

Դատավորներ`

Ա. Աբովյան

Ա. Առաքելյան

Գ. Ղարիբյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ

Վ. Աբելյանի

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ

 

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

 

Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

 

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ

 

2011 թվականի դեկտեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Վարդան Պետրոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 08.06.2011 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Վարդան Պետրոսյանի ընդդեմ ՀՀ կենտրոնական բանկի (այսուհետ՝ Կենտրոնական բանկ)՝ «Ավանգարդ ինվեստ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) գործադիր տնօրեն Վարդան Պետրոսյանի նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու վերաբերյալ Կենտրոնական բանկի նախագահի 06.05.2010 թվականի թիվ 1/389-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

 ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Վարդան Պետրոսյանը պահանջել է անվավեր ճանաչել Կենտրոնական բանկի նախագահի 06.05.2010 թվականի թիվ 1/389-Ա որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ռ. Սարգսյան) (այսուհետ` Դատարան) 23.12.2010 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08.06.2011 թվականի որոշմամբ Վարդան Պետրոսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 23.12.2010 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարդան Պետրոսյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կենտրոնական բանկը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 5-րդ, 7-րդ, 8-րդ, 63-րդ հոդվածները, «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 392-րդ, 394-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 392-րդ հոդվածի 5-րդ մասը, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ, 24-րդ, 25-րդ, 26-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ 28.03.2010 թվականի դրությամբ փաստաթղթերի տրամադրված չլինելը դեռևս չէր կարող որակվել որպես խոչընդոտում կամ գնահատվել խոչընդոտման փաստի համար բավարար ապացույց: Տվյալ դեպքում պետք է ապացուցվեր և հաստատվեր հետևյալ փաստական հանգամանքներից որևէ մեկը, այն է՝

- Վարդան Պետրոսյանը պահանջի կատարման անհնարինություն չի ունեցել, այսինքն՝ պահանջված փաստաթղթերը պահանջի պահին առկա են եղել և կարող էին տրամադրվել, կամ

- դրանց բացակայությամբ պայմանավորված, տրամադրման անհնարինության մասին ստուգող խմբին ժամանակին պատշաճ բացատրություն չի տրվել:

Վերաքննիչ դատարանը գործի բազմակողմանի քննություն իրականացնելու դեպքում կպարզեր, որ ստուգող խմբի կողմից պահանջված փաստաթղթերի մի մասը, որոնք չեն տրամադրվել, Ընկերությունում առկա չեն եղել: Այսինքն՝ դրանք չտրամադրելը կապված է եղել պահանջի կատարման անհնարինության հետ, որի մասին ստուգողները տեղեկացվել են: Հետևաբար նման պայմաններում կարող էր արձանագրվել միայն այլ բնույթի խախտում, այն է՝ Ընկերությունը չի տիրապետել այն փաստաթղթերը, որոնց պետք է տիրապետեր:

Վերաքննիչ դատարանը, սխալ մեկնաբանելով «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 392-րդ հոդվածի 5-րդ մասը, անտեսել է այն հանգամանքը, որ նշված նորմով խախտման փաստի արձանագրման օր է համարվում նույն օրը: Այսինքն՝ համապատասխան արձանագրությունը պետք է կազմվի նույն՝ խախտում թույլ տալու օրը: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը փաստաթղթերի և տեղեկատվության ներկայացման պահանջը սահմանված ժամկետում չկատարելու փաստն ի հայտ գալու «նույն օրը» փոխարինել է այդ փաստից բխող հետևանքների գնահատման այլ օրով:

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել և գնահատել գործում առկա ապացույցները:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 08.06.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

2. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Հայցվորի այն պնդումը, որ թիվ 4 և թիվ 8 պահանջագրերով սահմանված տեղեկատվություն տրամադրելն անհնարին է եղել, ապա հարկ է նշել, որ Կենտրոնական բանկի նախագահի որոշման հիմքում դրվել է այն հանգամանքը, որ վերստուգող խմբին չի տրամադրվել պահանջված տեղեկատվությունը և դրանք չտրամադրելու պատճառների վերաբերյալ որևէ բացատրություն չներկայացնելը: 29.03.2010 թվականի արձանագրության հիմքում դրված են ոչ թե «խոչընդոտումները», այլ նշված օրերին տեղի ունեցած փաստերը, որոնք հանգեցրել են խոչընդոտմանը: Բացի այդ, «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 392-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված չէ, որ գործողությունները կդիտարկվեն խոչընդոտում միայն այն դեպքում, երբ դրանք նշված հոդվածի համաձայն կարձանագրվեն նույն օրը: Ավելին, փաստաթղթերի և տեղեկատվության ներկայացման պահանջի՝ այդ պահանջով սահմանված ժամկետում չկատարելը, դեռևս չի նշանակում, որ տվյալ փաստը ենթակա է գնահատման որպես խոչընդոտում: Կենտրոնական բանկի կողմից բազմիցս նշվել է, որ խոչընդոտման պահը հանդիսացել է խոչընդոտման ակտը կազմելու օրը, երբ հայցվորի գործողությունների արդյունքում փաստվել է, որ ստուգման ծրագրով նախատեսված ոլորտների ստուգումն այլևս չի կարող իրականացվել նշված ծրագրով նախատեսված ժամկետներում: Նշվածի արդյունքում Վերաքննիչ դատարանը եկել է ճիշտ եզրահանգման այն մասին, որ արձանագրությունը 29.03.2010 թվականին կազմելն իրավաչափ է եղել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Կենտրոնական բանկի 05.03.2010 թվականի թիվ 68 ստուգման լիազորագրով Անահիտ Ֆադունցը, Հայկ Եսայանը, Ստեփան Փայասլյանը և Վարդան Խաչատրյանը լիազորվել են Ընկերությունում իրականացնել ստուգում (հատոր 1-ին, գ.թ. 55):

2) 12.03.2010 թվականի թիվ 1 պահանջագրով վերստուգող խումբն Ընկերությունից պահանջել է մինչև 12.03.2010 թվականի ժամը 13.00-ն տրամադրել Ընկերության կողմից տրամադրված վարկերի համար կատարված մոնիտորինգների արդյունքները և կից փաստաթղթերը (հատոր 1-ին, գ.թ. 56):

3) Վերստուգող խմբի ղեկավար Անահիտ Ֆադունցին ուղղված 12.03.2010 թվականի գրությամբ Ընկերությունը հայտնել է, որ «Ի պատասխան Ձեր թիվ 1 առ 12.03.2010 թվականի պահանջագրի՝ հայտնում եմ, որ մոնիտորինգի արձանագրությունների փաթեթը ներկայացված է և գտնվում է Ընկերության խորհրդի նախագահի մոտ, և այն Ձեզ կներկայացվի 1 աշխատանքային օրվա ընթացքում» (հատոր 2-րդ, գ.թ. 16):

4) «13.03.2010 թվական» թվագրված փաստաթղթի համաձայն՝ «Համաձայն պահանջագիր 1-ի ստացել եմ 17 վարկային գործերի մոնիտորինգները: Ստացող՝ Վ. Խաչատրյան, հանձնող՝ Վ. Պետրոսյան» (հատոր 1-ին, գ.թ. 87):

5) 19.03.2010 թվականի թիվ 4 պահանջագրով վերստուգող խումբն Ընկերությունից պահանջել է մինչև 22.03.2010 թվականի ժամը 16.00-ն տրամադրել Ընկերության կողմից տրամադրված թվով 12 առևտրային վարկերի նպատակային օգտագործումը հավաստող փաստաթղթերը (հատոր 1-ին, գ.թ. 48):

6) 22.03.2010 թվականի թիվ 5 պահանջագրով վերստուգող խումբն ի լրումն թիվ 4 պահանջագրի պահանջել է տրամադրել ևս թվով 4 վարկերի նպատակային օգտագործումը հավաստող փաստաթղթերը և թիվ 4 պահանջագրով պահանջված փաստաթղթերի տրամադրման ժամկետը սահմանել է 26.03.2010 թվականի ժամը 13.00-ն (հատոր 1-ին, գ.թ. 47):

7) Վերստուգող խմբի ղեկավար Անահիտ Ֆադունցին ուղղված 29.03.2010 թվականի գրությամբ Ընկերությունը հայտնել է, որ «Ի պատասխան 19.03.2010 թվականի թիվ 4 պահանջագրի՝ հայտնում եմ, որ Ընկերության կողմից տրամադրված առևտրային վարկերի նպատակային օգտագործումը հավաստող փաստաթղթերը պահանջվում են վարկառուներից և դեռևս ոչ բոլորն են ներկայացվել մեզ: Առ 30.03.2010 թվականը հավաքագրված բոլոր փաստաթղթերը կներկայացվեն ժամը 17.00-ին» (հատոր 1-ին, գ.թ. 53):

8) 30.03.2010 թվականի գրությանը կից Ընկերությունը վերստուգող խմբին ներկայացրել է թիվ 4 և թիվ 5 պահանջագրերով պահանջված առևտրային վարկերից թվով 4 առևտրային վարկերի նպատակային օգտագործումը հավաստող փաստաթղթեր (հատոր 2-րդ, գ.թ. 2):

9) 25.03.2010 թվականի թիվ 8 պահանջագրով վերստուգող խումբն Ընկերությունից պահանջել է մինչև 26.03.2010 թվականի ժամը 16.00-ն տրամադրել «Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ-ի տնօրենի փոփոխությունը հավաստող փաստաթղթերը, մասնակիցների և աշխատակիցների ցուցակն առ 01.03.2010 թվականը, 2009 թվականի տարեկան հաշվետվությունը (հատոր 1-ին, գ.թ. 54):

10) 29.03.2010 թվականի գրությամբ Ընկերությունը հայտնել է, որ «Ի պատասխան 25.03.2010 թվականի թիվ 8 պահանջագրի՝ հայտնում եմ, որ.

1. «Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ-ի տնօրենի փոփոխության և մասնակիցներին վերաբերող հաստատող փաստաթղթերը (պետ. ռեգիստրի վկայականի պատճենը) սահմանված ժամկետում արդեն իսկ տրամադրվել է:

2. «Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ-ի աշխատակիցների ցուցակը Ընկերությունը չի տիրապետում և չի տիրապետել ֆինանսական գործառնություններն իրականացնելիս (վարկեր տրամադրելիս), ուստի չեն կարող տրամադրվել:

3. Մեր հարցմանն ի պատասխան «Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ-ն մեզ հայտնել է, որ 2009 թվականի ֆինանսական հաշվետվությունները դեռևս ամփոփված չեն և նախատեսված է դրանք ամփոփել օրենքով սահմանված ժամկետներում, որից հետո կտրամադրվի մեզ: Միևնույն ժամանակ «Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ-ն պատրաստակամություն է հայտնել տրամադրել ցանկացած առանձին վերցրած ցուցանիշ»: Գրության վրա առկա է. «Ստացա բնօրինակը 29.03.2010թ. ժ.1 Հ. Եսայան. ստորագրություն» (հատոր 1-ին, գ.թ. 49):

11) «Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ-ի տնօրենն իր 11.08.2010 թվականի թիվ ԱՎՄ-Ն-10/113 գրությամբ հայտնել է, որ «Ես՝ «Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ-ի տնօրեն Գևորգ Գևորգյանս սույն գրությամբ հայտարարում եմ հետևյալը. 2010 թվականի մարտի 26-ին Ընկերության ղեկավար, գործադիր տնօրեն Վարդան Պետրոսյանի նախաձեռնությամբ (հրավերով) և ներկայությամբ ք. Երևան, Սարալանջի 1 հասցեի Ընկերության գրասենյակում հանդիպել եմ տվյալ պահին Ընկերությունում ստուգում իրականացնող Կենտրոնական բանկի վերստուգող խմբի ղեկավար Անահիտ Ֆադունցին, ում հետ զրույցի ընթացքում նրան տեղեկացրել եմ, որ «Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ-ի 2009 թվականի ֆինանսական հաշվետվությունները դեռևս ամփոփված չեն և հարկային մարմիններին հանձնված չեն, ուստի չեն կարող տրամադրվել» (հատոր 1-ին, գ.թ. 89):

12) Վերստուգող խմբի 29.03.2010 թվականի «ՀՀ կենտրոնական բանկի կողմից վերստուգվող անձի մոտ ստուգում իրականացնելու ընթացքում վերստուգվող անձի, նրա ղեկավարների կամ այլ աշխատակիցների կողմից ստուգմանը խոչընդոտելու վերաբերյալ» արձանագրության (ակտ) համաձայն՝ «Վերստուգում իրականացնող խմբի կողմից պահանջվել է՝

12.03.2010 թվականի թիվ 1 պահանջագրով կազմակերպությունից պահանջվել է տրամադրված վարկերի համար կատարված մոնիտորինգների արդյունքները, սակայն առ 29.03.2010 թվականի ժամը 11.00-ն չի տրամադրվել առևտրային վարկերի մոնիտորինգի արդյունքները: Պահանջագրի վերջնաժամկետը սահմանվել է 12.03.2010 թվականի ժամը 13.00-ն:

19.03.2010 թվականի թիվ 4 պահանջագրով կազմակերպությունից պահանջվել է առևտրային վարկերի նպատակային օգտագործումը հավաստող փաստաթղթեր, սակայն առ 29.03.2010 թվականի ժամը 11.00-ն նշված փաստաթղթերը չեն տրամադրվել: Պահանջագրի վերջնաժամկետը սահմանվել է 22.03.2010 թվականի ժամը 16.00-ն:

25.03.2010 թվականի թիվ 8 պահանջագրով կազմակերպությունից պահանջվել է նրա հետ կապված անձ և խոշոր վարկառու «Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ-ի մասնակիցների և աշխատակիցների ցուցակն առ 01.03.2010 թվականը, 2009 թվականի տարեկան հաշվետվությունները, սակայն առ 29.03.2010 թվականի ժամը 11.00-ն չի տրամադրվել վերը նշված փաստաթղթերը: Պահանջագրի վերջնաժամկետը սահմանվել է 26.03.2010 թվականի ժամը 16.00-ն:

«Ավանգարդ Ինվեստ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն խոչընդոտեց ստուգմանը»: Արձանագրությունը ստորագրված է վերստուգող խմբի ղեկավարի և անդամների կողմից (հատոր 1-ին, գ.թ. 88):

13) 13.04.2010 թվականի ««Ավանգարդ Ինվեստ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Վարդան Պետրոսյանի վերաբերյալ» թիվ 22/01 արձանագրության համաձայն՝ Կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության վարչության կողմից հայտնաբերվել է Ընկերության գործադիր տնօրեն Վարդան Պետրոսյանի կոմից թույլ տրված խախտում: Ընկերության գործադիր տնօրենի կողմից 28.03.2010 թվականի դրությամբ վերստուգող խմբին չեն տրամադրվել, մասնավորապես.

1. 12.03.2010 թվականի թիվ 1 պահանջագրով կազմակերպությունից պահանջվել էր ներկայացնել տրամադրված վարկերի համար կատարված մոնիտորինգների արդյունքները: Պահանջագրում նշված պահանջների իրականացման վերջնաժամկետը սահմանվել էր 12.03.2010 թվականի ժամը 13.00-ն:

2. 19.03.2010 թվականի թիվ 4 պահանջագրով կազմակերպությունից պահանջվել էր առևտրային վարկերի նպատակային օգտագործումը հավաստող փաստաթղթեր: Պահանջագրում նշված պահանջների իրականացման վերջնաժամկետը սահմանվել էր 22.03.2010 թվականի ժամը 16.00-ն:

3. 25.03.2010 թվականի թիվ 8 պահանջագրով կազմակերպությունից պահանջվել էր վերստուգող խմբին տրամադրել «Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ-ի տնօրենի փոփոխությունը հավաստող փաստաթղթերը, մասնակիցների և աշխատակիցների ցուցակն առ 01.03.2010 թվականը, ինչպես նաև 2009 թվականի տարեկան հաշվետվությունը: Պահանջագրում նշված պահանջների իրականացման վերջնաժամկետը սահմանվել էր մինչև 26.03.2010 թվականի ժամը 16.00-ն: Միաժամանակ արձանագրվել է, որ «Նկարագրվածը համաձայն «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 392-րդ հոդվածի 5-րդ մասի համարվում է ստուգման խոչընդոտում և հանգեցնում է «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 393-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված պահանջների խախտմանը»: Նշված արձանագրությունը ստորագրված է ՖՎՎ վարկային կազմակերպությունների և գրավատների վերահսկողության բաժնի պետ Արթուր Մխիթարյանի, ՖՎՎ վարկային կազմակերպությունների և գրավատների վերահսկողության բաժնի վերահսկող Անահիտ Ֆադունցի և ԻՎ ֆինանսական վերահսկողության իրավական սպասարկման բաժնի պետ Անի Մակարյանի կողմից (հատոր 1-ին, գ.թ. 52):

14) Կենտրոնական բանկի նախագահի 06.05.2010 թվականի թիվ 1/389-Ա որոշմամբ, հիմք ընդունելով 13.04.2010 թվականի ««Ավանգարդ Ինվեստ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Վարդան Պետրոսյանի վերաբերյալ» թիվ 22/01 արձանագրությունը, Վարդան Պետրոսյանը զրկվել է որակավորման վկայականից: Որոշմամբ որպես պատասխանատվության կիրառման իրավական հիմք նշվել են «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի «ե» կետը, 19-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը (հատոր 1-ին, գ.թ. 50-51):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի համաձայն` դատարանը ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաբերելի է այն ապացույցը, որն ավելի կամ պակաս հավանական է դարձնում վեճը լուծելու համար էական նշանակություն ունեցող որևէ փաստի գոյությունը, քան այն կլիներ առանց այդ ապացույցի: Ոչ վերաբերելի ապացույցն անթույլատրելի է: Վերաբերելի ապացույցը թույլատրելի է, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը (պաշտոնատար անձը), որն ընդունել է վիճարկվող իրավական ակտը կամ կատարել է վիճարկվող գործողությունը կամ չի կատարել որևէ հայցվող գործողություն, սակայն հայցվորի պնդմամբ պարտավոր էր այն կատարել, կրում է իր որոշման, գործողության կամ անգործության համար հիմք ծառայած փաստական հանգամանքների ապացուցման բեռը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները, որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել, որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով, իսկ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելը պարզում է գործում եղած բոլոր վերաբերելի և թույլատրելի ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ և միայն նշված պահանջների պահպանման արդյունքում որոշում հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ մերժելու հարցը: Ընդ որում, վարչական մարմինը կամ պաշտոնատար անձն է կրում իր որոշման համար հիմք ծառայած փաստական հանգամանքների ապացուցման բեռը:

«ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 391-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կենտրոնական բանկը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի, վարկային կազմակերպությունների, … և իրենից լիցենզիա ստացած այլ անձանց և Բյուրոյի (այսուհետ՝ վերստուգվող անձինք) ստուգումները (այսուհետ՝ վերստուգվող անձանց մոտ ստուգումներ) իրականացնում է սույն գլխով նախատեսված հիմքերով, դեպքերում և կարգով, իսկ սույն մասով սահմանված անձանց օտարերկրյա պետություններում գործող մասնաճյուղերում, դուստր կազմակերպություններում՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված դեպքերում և կարգով:

«ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 392-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ստուգումներն անցկացվում են վերստուգվող անձի հիմնադիր փաստաթղթերի, դրանցում կատարված փոփոխությունների, կառավարման բոլոր մարմինների ներքին ակտերի, կատարված գործառնությունների արդյունքում կազմված հաշվապահական հաշվառման փաստաթղթերի, ֆինանսական հաշվետվությունների, ներքին և արտաքին գրագրությունների, պայմանագրերի (ակտերի, արձանագրությունների և այլն), ինչպես նաև համակարգիչներում, էլեկտրոնային կամ փաստաթղթային կրիչների վրա պահպանվող տեղեկատվության ուսումնասիրության և վերլուծության միջոցով: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սույն գլխով նախատեսված պարտականությունները վերստուգվող անձի, նրա ղեկավարների կամ այլ աշխատակիցների կողմից չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, այդ թվում` ուշացնելը, ինչպես նաև կեղծ կամ անարժանահավատ տվյալներ ներկայացնելը համարվում է ստուգման խոչընդոտում: Յուրաքանչյուր նման դեպք նույն օրը վերստուգող խմբի ղեկավարի, իսկ ստուգման դեպքում Կենտրոնական բանկի իրավասու պաշտոնատար անձի կողմից ձևակերպվում է արձանագրությամբ (ակտով) և ներկայացվում Կենտրոնական բանկի նախագահին և վերստուգվող անձին:

«ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 393-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետի համաձայն՝ վերստուգվող անձը պարտավոր է վերստուգող խմբի համար վերստուգող խմբի պահանջով կազմակերպել վերստուգող խմբի հանդիպում վերստուգվող անձի հաճախորդների և (կամ) մասնակիցների հետ: Իսկ նույն մասի 2-րդ պարբերության համաձայն՝ վերստուգվող անձը պարտավոր է կատարել վերստուգող խմբի ղեկավարի և անդամների օրինական պահանջները, ինչպես նաև վերստուգող խմբի ղեկավարին և անդամներին ներկայացնել գրավոր և բանավոր բացատրություններ, տեղեկություններ և պարզաբանումներ ստուգման ենթակա փաստաթղթերի և տեղեկատվության վերաբերյալ:

«ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 394-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի համաձայն՝ վերստուգող խումբն ստուգումներ իրականացնելու նպատակով իրավասու է վերստուգվող անձից, նրա ղեկավարներից և իրավասու աշխատակիցներից պահանջել ստուգման համար անհրաժեշտ փաստաթղթեր, թեկուզ և դրանք պարունակեն բանկային, առևտրային կամ այլ գաղտնիք կազմող տեղեկություններ, այդ թվում` … վերստուգվող անձի մոտ առկա վերստուգվող անձի հաճախորդների, մասնակիցների և կոնտրագենտների վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկատվություն:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները: Իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ Կենտրոնական բանկն օժտված է վարկային կազմակերպությունում ստուգում իրականացնելու իրավասությամբ: Վերստուգող խումբն իրավասու է ստուգման նպատակով վերստուգվողից պահանջելու ստուգման համար անհրաժեշտ փաստաթղթեր, այդ թվում` վերստուգվող անձի մոտ առկա վերստուգվող անձի հաճախորդների, մասնակիցների և կոնտրագենտների վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկատվություն, իսկ վերստուգվող անձը պարտավոր է կատարելու վերստուգող խմբի օրինական պահանջները, որոնք չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը համարվում է ստուգման խոչընդոտում: Ընդ որում, յուրաքանչյուր խոչընդոտման դեպքը նույն օրը վերստուգող խմբի ղեկավարի կողմից ձևակերպվում է արձանագրությամբ:

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելիս պատճառաբանել է, որ «փաստաթղթերի և տեղեկատվության ներկայացման պահանջի՝ այդ պահանջով սահմանված ժամկետից ուշ ներկայացնելու դեպքում այդ փաստը ենթակա է գնահատման որպես ստուգման խոչընդոտում, եթե դա ազդել է ստուգման բնականոն ընթացքի վրա և վտանգել դրա ծրագրի իրականացումը: Իսկ նման հետևանքի առաջ գալը բնականաբար կարող է գնահատել ստուգման համար պատասխանատուն՝ Կենտրոնական բանկը: Այդպիսի գնահատման օրն էլ հենց հանդիսանում է տվյալ իրավահարաբերության պարագայում «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 392-րդ հոդվածի 5-րդ մասում հիշատակված «նույն օրը»: Իսկ այդ գնահատման դրսևորումը հանդիսանում է արձանագրության կազմումը»: Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը նշել է, որ «խոչընդոտման երեք փաստերից մեկի հաստատված չհամարվելը տվյալ դեպքում չի կարող ազդել ընդունված որոշման իրավաչափության վրա», և գտել է, որ հիմնավոր է Դատարանի եզրահանգումն այն մասին, որ «Կենտրոնական բանկի վերստուգող խմբի կողմից ներկայացված 19.03.2010 թվականի թիվ 4 պահանջագրով կազմակերպությունից պահանջված առևտրային վարկերի նպատակային օգտագործումը հավաստող փաստաթղթերն առ 28.03.2010 թվականի դրությամբ չեն ներկայացվել Կենտրոնական բանկի վերստուգող խմբին, բացի այդ, 25.03.2010 թվականի թիվ 8 պահանջագրով կազմակերպության կողմից «Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ-ի տնօրենի փոփոխությունը հավաստող փաստաթղթերը 28.03.2010 թվականի դրությամբ չեն ներկայացվել Կենտրոնական բանկի վերստուգող խմբին, որպիսի փաստական հանգամանքի հիման վրա դատարանը հաստատված է համարում, որ Կենտրոնական բանկի նախագահի 06.05.2010 թվականի թիվ 1/389-Ա որոշումն ընդունվել է «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 392-րդ հոդվածի 1-ին մասի, «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի «ե» կետի, 19-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի պահանջներին համապատասխան»:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի նշված եզրահանգումներն անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի կողմից «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 392-րդ հոդվածի 5-րդ մասին տրված մեկնաբանությանը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է, քանի որ փաստաթղթերի և տեղեկատվության ներկայացման պահանջով սահմանված ժամկետից ուշ ներկայացնելու դեպքում այդ փաստը ենթակա է գնահատման որպես ստուգման խոչընդոտում, իսկ նման հետևանքը գնահատվում է ստուգմանը խոչընդոտելու նույն օրը՝ համապատասխան արձանագրություն կազմելու միջոցով: Այսինքն՝ ստուգմանը խոչընդոտելու յուրաքանչյուր դեպք վերստուգող խմբի կողմից պետք է գնահատվի նույն օրը՝ յուրաքանչյուր դեպքով առանձին արձանագրություն կազմելու միջոցով: Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել նշված նորմը, քանի որ նման մեկնաբանությամբ փոխել է այդ նորմի իմաստը:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ «խոչընդոտման երեք փաստերից մեկի հաստատված չհամարվելը տվյալ դեպքում չի կարող ազդել ընդունված որոշման իրավաչափության վրա», ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում պետք է պարզել այն իրավական հարցադրումը, թե արդյո՞ք 19.03.2010 թվականի թիվ 4 պահանջագրով պահանջված փաստաթղթերն ունենալու պարտավորություն Ընկերությունն ունեցել է, թե՝ ոչ:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ վարչարարություն իրականացնելիս վարչական մարմիններին արգելվում է միայն ձևական պահանջների պահպանման նպատակով անձանց ծանրաբեռնել պարտականություններով կամ մերժել նրանց որևէ իրավունք տրամադրելը, եթե նրանց վրա դրված պարտականությունները բովանդակային առումով կատարված են:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ վարչարարությունը պետք է ուղղված լինի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով հետապնդվող նպատակին, և դրան հասնելու միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթի ընթացքում պարտավոր է վարույթի մասնակիցներին և նրանց ներկայացուցիչներին հնարավորություն տալ արտահայտվելու վարչական վարույթում քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է վարչական մարմինը` անձի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:

Սույն գործի փաստերի համաձայն՝ 19.03.2010 թվականի թիվ 4 պահանջագրով վերստուգող խումբն Ընկերությունից պահանջել է մինչև 22.03.2010 թվականի ժամը 16.00-ն տրամադրել Ընկերության կողմից տրամադրված թվով 12 առևտրային վարկերի նպատակային օգտագործումը հավաստող փաստաթղթերը, իսկ 22.03.2010 թվականի թիվ 5 պահանջագրով վերստուգող խումբն ի լրումն թիվ 4 պահանջագրի պահանջել է տրամադրել ևս թվով 4 վարկերի նպատակային օգտագործումը հավաստող փաստաթղթերը: Թիվ 4 պահանջագրով պահանջված փաստաթղթերի տրամադրման ժամկետը սահմանել է 26.03.2010 թվականի ժամը 13.00-ն: Վերստուգող խմբի ղեկավար Անահիտ Ֆադունցին ուղղված 29.03.2010 թվականի գրությամբ Ընկերությունը հայտնել է, որ «Ի պատասխան 19.03.2010 թվականի թիվ 4 պահանջագրի՝ հայտնում եմ, որ Ընկերության կողմից տրամադրված առևտրային վարկերի նպատակային օգտագործումը հավաստող փաստաթղթերը պահանջվում են վարկառուներից և դեռևս ոչ բոլորն են ներկայացվել: Առ 30.03.2010 թվականը հավաքագրված բոլոր փաստաթղթերը կներկայացվեն ժամը 17.00-ին», իսկ 30.03.2010 թվականի գրությանը կից Ընկերությունը վերստուգող խմբին ներկայացրել է թիվ 4 և թիվ 5 պահանջագրերով պահանջված առևտրային վարկերից թվով 4 առևտրային վարկերի նպատակային օգտագործումը հավաստող փաստաթղթեր:

Վերոգրյալից ելնելով և սույն գործի փաստերի համադրմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը չի պարզել, թե Ընկերությունը տիրապետել է արդյոք վերը նշված պահանջագրերով պահանջված փաստաթղթերը, կամ պահանջված փաստաթղթերն ունենալու պարտավորություն Ընկերությունն ունեցել է, թե՝ ոչ: Այսինքն՝ պահանջագրերով սահմանված ժամկետներում պահանջված փաստաթղթերը տրամադրված չլինելու հանգամանքը դեռևս բավարար չէ հաստատված համարելու ստուգմանը խոչընդոտելու փաստի առկայությունը կամ այն գնահատել որպես խոչընդոտման փաստի համար բավարար ապացույց: Ավելին, տվյալ դեպքում պետք է ապացուցվեր և հաստատված համարվեր հանգամանքն այն մասին, որ պահանջագրերով պահանջված փաստաթղթերի տրամադրման անհնարինություն Ընկերությունը չի ունեցել: Հետևաբար, միայն նման փաստի ապացուցված լինելու պայմաններում հնարավոր կլիներ հաստատված համարել, որ տեղի է ունեցել ստուգման խոչընդոտում:

Ինչ վերաբերում է 25.03.2010 թվականի թիվ 8 պահանջագրով սահմանված ժամկետում պահանջված փաստաթղթերի տրամադրված չլինելու վերաբերյալ եզրահանգմանը, Վճռաբեկ դատարանն այն նույնպես համարում է անհիմն:

Սույն գործի փաստերի համաձայն՝ 25.03.2010 թվականի թիվ 8 պահանջագրով վերստուգող խումբն Ընկերությունից պահանջել է մինչև 26.03.2010 թվականի ժամը 16.00-ն տրամադրել «Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ-ի տնօրենի փոփոխությունը հավաստող փաստաթղթերը, մասնակիցների և աշխատակիցների ցուցակն առ 01.03.2010 թվականը, ինչպես նաև 2009 թվականի տարեկան հաշվետվությունը: 29.03.2010 թվականի գրությամբ Ընկերությունը հայտնել է, որ «Ի պատասխան 25.03.2010 թվականի թիվ 8 պահանջագրի՝ հայտնում եմ, որ 1. «Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ-ի տնօրենի փոփոխության և մասնակիցներին վերաբերող հաստատող փաստաթղթերը (պետ. ռեգիստրի վկայականի պատճենը) սահմանված ժամկետում արդեն իսկ տրամադրվել է, 2. «Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ-ի աշխատակիցների ցուցակը Ընկերությունը չի տիրապետում և չի տիրապետել ֆինանսական գործառնություններն իրականացնելիս (վարկեր տրամադրելիս), ուստի չեն կարող տրամադրվել, 3. Մեր հարցմանն ի պատասխան «Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ-ն մեզ հայտնել է, որ 2009 թվականի ֆինանսական հաշվետվությունները դեռևս ամփոփված չեն և նախատեսված է դրանք ամփոփել օրենքով սահմանված ժամկետներում, որից հետո կտրամադրվի մեզ: Միևնույն ժամանակ «Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ-ն պատրաստակամություն է հայտնել տրամադրել ցանկացած առանձին վերցրած ցուցանիշ»: Իսկ «Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ-ի տնօրենն իր 11.08.2010 թվականի թիվ ԱՎՄ-Ն-10/113 գրությամբ հայտնել է, որ «Ես՝ «Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ-ի տնօրեն Գևորգ Գևորգյանս սույն գրությամբ հայտարարում եմ հետևյալը. 2010 թվականի մարտի 26-ին Ընկերության ղեկավար, գործադիր տնօրեն Վարդան Պետրոսյանի նախաձեռնությամբ (հրավերով) և ներկայությամբ, ք. Երևան, Սարալանջի 1 հասցեի Ընկերության գրասենյակում հանդիպել եմ տվյալ պահին Ընկերությունում ստուգում իրականացնող Կենտրոնական բանկի վերստուգող խմբի ղեկավար Անահիտ Ֆադունցին, ում հետ զրույցի ընթացքում նրան տեղեկացրել եմ, որ «Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ-ի 2009 թվականի ֆինանսական հաշվետվությունները դեռևս ամփոփված չեն և հարկային մարմիններին հանձնված չեն, ուստի չեն կարող տրամադրվել»:

Վերոգրյալից ելնելով և սույն գործի փաստերի համադրմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության 29.03.2010 թվականի գրությամբ հաստատվում է հանգամանքն այն մասին, որ «Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ-ի տնօրենի փոփոխության և մասնակիցներին վերաբերող հաստատող փաստաթղթերը (պետ. ռեգիստրի վկայականի պատճենը) սահմանված ժամկետում տրամադրվել է վերստուգող խմբին: Իսկ նշված ընկերության աշխատակիցների ցուցակին և 2009 թվականի տարեկան հաշվետվությանն Ընկերությունն ուղղակի չի տիրապետել: Մինչդեռ, Կենտրոնական բանկը որևէ թույլատրելի և վերաբերելի ապացույցներով հակառակը չի հիմնավորել, այն դեպքում, երբ նման փաստերն ապացուցելու պարտականությունը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի ուժով դրված է վարչական մարմնի վրա:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները հերքվում են վերը նշված պատճառաբանություններով:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-118.18-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վարդան Պետրոսյանի վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 08.06.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:

2. Պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ
Դատավորներ`

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

  Վ. ԱԲԵԼՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
  Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ
  Մ. ԴՐՄԵՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
  Է. ՀԱՅՐԻՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

  Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ