Գլխավոր տեղեկություն
Номер
N 1392-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (28.01.2012-01.01.2023)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2006.10.25/55(510) Հոդ.1119
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
28.09.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.10.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
11.10.2006
Дата вступления в силу
26.10.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2023

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 հոկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 սեպտեմբերի 2006 թվականի N 1392-Ն

ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՏՎՅԱԼ ԽՄԲԱՔԱՆԱԿԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՆՇԱՆԻ ԵՎ ՄԱԿԱՆՇՎԱԾՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի դրույթներին համապատասխան և ելնելով սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոնների կանխարգելման, ինչպես նաև սննդամթերքի անվտանգության ապահովման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել սննդամթերքի տվյալ խմբաքանակի նույնականացման համար օգտագործվող նշանի և մականշվածքի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երկու տարի հետո:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հոկտեմբերի 6
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
սեպտեմբերի 28-ի N 1392-Ն որոշման

Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն  Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՏՎՅԱԼ ԽՄԲԱՔԱՆԱԿԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՆՇԱՆԻ ԵՎ ՄԱԿԱՆՇՎԱԾՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

1. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են սննդամթերքի տվյալ խմբաքանակի նույնականացման համար օգտագործվող նշանին և մականշվածքին ներկայացվող պահանջները:

2. Սույն տեխնիկական կանոնակարգի գործողությունը չի տարածվում`

1) գյուղատնտեսական ապրանքների վրա, որոնք մշակման (աճեցման) վայրից դուրս բերվելուց հետո`

ա) վաճառվում կամ հանձնվում են ժամանակավոր պահեստավորման, նախապատրաստման (վերամշակման) կամ փաթեթավորման կազմակերպություններին (կայաններին).

բ) տեղափոխվում են սննդամթերք արտադրող կազմակերպություններ,

գ) հավաքվում և անմիջապես հանձնվում են արտադրող կամ վերամշակող կազմակերպություններին.

2) վաճառքի կետերում վերջնական սպառողին հանձնված չփաթեթավորված սննդամթերքի վրա, որը փաթեթավորվում է գնորդի պահանջով կամ չափածրարվում է անմիջապես վաճառքից առաջ.

3) այն փաթեթվածքների կամ տարաների վրա, որոնց ամենամեծ կողմի մակերեսը չի գերազանցում 10 սմ2.

4) պաղպաղակների կոնկրետ չափաբաժինների վրա: Խմբաքանակի նույնականացման հնարավորություն տվող տեղեկությունը պետք է նշված լինի խմբային տարայի (փոխադրական տարայի) վրա.

5) ներմուծվող այն սննդամթերքի վրա, որի մականշվածքում կամ տարայի վրա առկա է տվյալ խմբաքանակի նույնականացման համար օգտագործվող նշան (այսուհետ` նշան):

(2-րդ կետը փոփ. 14.07.11 N 967-Ն)

3. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջները պետք է կիրառվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` սննդամթերքի մակնշմանը ներկայացվող պահանջների հետ համատեղ:

 

II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

4. Սույն տեխնիկական կանոնակարգում կիրառված են հետևյալ հասկացությունները`

խմբաքանակ` նույն նշանակության, միևնույն արտադրողի կամ ներմուծողի կողմից գործողության նույն սկզբունքով արտադրված (պատրաստված), նույն բաղադրությամբ և անվտանգությունը բնութագրող նույն սահմանված պահանջներին համապատասխանող սննդամթերքի որոշակի քանակ, որն ուղեկցվում է ապրանքաուղեկից մեկ փաստաթղթով.

փաթեթավորում` փաթեթվածքի կիրառմամբ սննդամթերքի նախապատրաստումը փոխադրմանը, պահմանը, իրացմանը և սպառմանը.

փաթեթվածք` միջոց կամ միջոցների համալիր, որն ապահովում է արտադրանքի պահպանումը վնասվածքներից և կորուստներից, շրջակա միջավայրի աղտոտումից, ինչպես նաև ապահովում է սննդամթերքի շրջանառության (փոխադրման, պահման, իրացման) գործընթացը.

մականշվածք`  փաթեթվածքի և արտադրանքի վրա նշված տեքստը, պայմանական նշագրերը և պատկերները.

խմբաքանակի նույնականացում` ընթացակարգ, որի միջոցով որոշվում է սննդամթերքի պատկանելությունը տվյալ խմբաքանակին.

սպառողական տարա` տարա, որն սպառողին է հանձնվում արտադրանքի հետ միասին և որը չի կատարում փոխադրական տարայի գործառույթ.

փոխադրական տարա`  տարա, որն ինքնուրույն փոխադրական միավոր է.

չափաբաժին` փաթեթվածքում չափածրարված սննդամթերք, որը բնութագրվում է սպառողին հանձնվող յուրաքանչյուր փաթեթվածքի վրա նշված սննդամթերքի անվանական քանակի արժեքով:

(4-րդ կետը լրաց. 14.07.11 N 967-Ն)

 

III. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

5. Սննդամթերքի խմբաքանակի մականշվածքը պետք է սահմանվի սննդամթերքն արտադրող կամ փաթեթավորող կամ ներմուծող (որի կողմից ներմուծվող սննդամթերքի մականշվածքում բացակայում է սույն կանոնակարգի 2-րդ կետի 5-րդ ենթակետի պահանջը) կազմակերպության կողմից` պահպանելով սննդամթերքի տվյալ տեսակի մականշվածքին ներկայացվող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն տեխնիկական կանոնակարգի 7-րդ կետով սահմանված պահանջները:

(5-րդ կետը լրաց. 14.07.11 N 967-Ն)

6. Սննդամթերքի խմբաքանակի չափը պետք է որոշի տվյալ սննդամթերքն արտադրող կամ փաթեթավորող կազմակերպությունը:

7. Սննդամթերքի տվյալ խմբաքանակի յուրաքանչյուր փաթեթվածքի կամ սպառողական տարայի, կամ սպառողական և փոխադրական տարայի վրա արտադրող կամ փաթեթավորող կամ ներմուծող (որի կողմից ներմուծվող սննդամթերքի մականշվածքում բացակայում է սույն կանոնակարգի 2-րդ կետի 5-րդ ենթակետի պահանջը) կազմակերպության կողմից պետք է մակնշվի սննդամթերքի տվյալ խմբաքանակի նույնականացման համար օգտագործվող նշանը` կազմված «L» տառից և խմբաքանակի համարից (օրինակ` L 200):

Մինչև 3 ամիս պիտանիության ժամկետ ունեցող սննդամթերքի խմբաքանակի նույնականացման համար օգտագործվող նշանի և մականշվածքի կիրառումը պարտադիր չէ, եթե սննդամթերքի պիտակի վրա նշված է պիտանիության ժամկետը` օրը, ամիսը:

Խմբաքանակի համարի կառուցվածքը որոշում է արտադրող կամ փաթեթավորող կամ ներմուծող (որի կողմից ներմուծվող սննդամթերքի մականշվածքում բացակայում է սույն կանոնակարգի 2-րդ կետի 5-րդ ենթակետի պահանջը) կազմակերպությունը:

Խմբաքանակի համարը պետք է նշվի նաև արտադրող կամ փաթեթավորող կամ ներմուծող (որի կողմից ներմուծվող սննդամթերքի մականշվածքում բացակայում է սույն կանոնակարգի 2-րդ կետի 5-րդ ենթակետի պահանջը) կազմակերպության կողմից վարվող համապատասխան գրանցամատյանում:

(7-րդ կետը լրաց. 14.07.11 N 967-Ն)

8. Սննդամթերքի խմբաքանակի նույնականացման համար օգտագործվող նշանը պետք է լինի երևացող, ընթեռնելի և չջնջվող:

9. Սննդամթերքի խմբաքանակի նույնականացման համար օգտագործվող նշանը պետք է նշվի նաև տվյալ սննդամթերքի խմբաքանակի ապրանքաուղեկից փաստաթղթում և սերտիֆիկացնող մարմնի կողմից տրված համապատասխանության սերտիֆիկատում:

(9-րդ կետը լրաց. 14.07.11 N 967-Ն)

 

IV. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

10. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին սննդամթերքի տվյալ խմբաքանակի նույնականացման համար օգտագործվող նշանի և մականշվածքի համապատասխանության պետական վերահսկողությունը պետք է իրականացվի «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

(հավելվածը փոփ., լրաց. 14.07.11 N 967-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան