Գլխավոր տեղեկություն
Номер
N 1923-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.01.2012-07.02.2013)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2012.01.25/5(879) Հոդ.60
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.12.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.01.2012
Дата вступления в силу
01.01.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
07.02.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 դեկտեմբերի 2011 թվականի N 1923-Ն

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՏՈՒՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ԵՎ (ԿԱՄ) ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1917-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 2012 թվականի սոցիալական փաթեթի սահմանաչափը մեկ անձի կամ մեկ դրույքի համար սահմանել 132000 դրամ:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական մարմինների և կրթության, մշակույթի ու սոցիալական պաշտպանության ոլորտների պետական ոչ առևտրային կազմակերպությունների համար 2012 թվականի սոցիալական փաթեթում ներառված ծառայությունների ցանկը և բովանդակությունը՝ համաձայն N 1 հավելվածի:

3. Սահմանել՝

1) բժշկական ապահովագրության ծառայություններ մատուցող ընկերությունների չափորոշիչները, առողջության ապահովագրության բազային փաթեթը և առողջության ապահովագրության պայմանագրի օրինակելի ձևը՝ համաձայն NN 2, 3 և 4 հավելվածների.

2) հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման ծառայության չափորոշիչները՝ համաձայն N 5 հավելվածի.

3) սոցիալական փաթեթի ուսման վճարի ծառայության մեջ ներառված ուսումնական հաստատությունների ցանկը՝ համաձայն N 6 հավելվածի.

4) Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հանգիստն ապահովող հաստատությունների ցանկը՝ համաձայն N 7 հավելվածի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2012 թ. հունվարի 18

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2011 թվականի

 դեկտեմբերի 29-ի N 1923-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈՒ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Սոցիալական ապահովության միջոցառումների իրականացման նպատակով աշխատողներին առաջարկվող սոցիալական փաթեթը ներառում է հետևյալ ծառայությունները`

1) բժշկական ապահովագրություն.

2) հիփոթեքային վարկի ամսական վճարի մարում.

3) ուսման վճար.

4) հանգստի ապահովում Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:

2. Սույն հավելվածով սահմանվում է, որ`

1) բժշկական ապահովագրության ծառայությունն աշխատողների համար պարտադիր պայման է, իսկ նրանց անմիջական ընտանիքի անդամների համար` կամավոր.

2) հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման ծառայությունից կարող է օգտվել աշխատողը կամ նրա ամուսինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Սոցիալական փաթեթի բովանդակությունը, ծառայությունների ցանկը, ծառայությունները մատուցող կազմակերպությունների ցանկերը և (կամ) չափորոշիչները հաստատելու մասին» N 1923-Ն որոշման N 5 հավելվածի չափորոշիչների բավարարման դեպքում.

3) ուսման վճարից կարող է (են) օգտվել աշխատողը և (կամ) աշխատողի անմիջական ընտանիքի անդամը (անդամները).

4) հանգստի ապահովման ծառայությունից կարող են օգտվել աշխատողները և նրանց անմիջական ընտանիքի անդամները:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2011 թվականի

 դեկտեմբերի 29-ի N 1923-Ն որոշման

 

Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ Ն Ե Ր

 

ԲԺՇԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. Սոցիալական փաթեթում ներառված բժշկական ապահովագրության ծառայության ընտրության դեպքում աշխատողը հնարավորություն ունի իր ցանկությամբ ընտրելու ցանկացած ապահովագրական ընկերություն, որը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ստացել է պետական գրանցում, և ապահովագրական գործունեության իրականացման լիցենզիա:

2. Աշխատողը կարող է ընտրել ապահովագրական ընկերությունների կողմից առաջարկվող բժշկական ապահովագրության ցանկացած փաթեթ` անհրաժեշտության դեպքում լրավճարելով տարբերությունը:

3. Աշխատողի բժշկական ապահովագրության փաթեթը պետք է պարունակի առնվազն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Սոցիալական փաթեթի բովանդակությունը, ծառայությունների ցանկը, ծառայությունները մատուցող կազմակերպությունների ցանկերը և (կամ) չափորոշիչները հաստատելու մասին» N 1923-Ն որոշման N 3 հավելվածում ներկայացված առողջության ապահովագրության բազային փաթեթի ծառայությունները:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2011 թվականի

 դեկտեմբերի 29-ի N 1923-Ն որոշման

 

Բ Ա Զ Ա Յ Ի Ն  Փ Ա Թ Ե Թ

 

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ

 

Ապահովագրավճար՝

Ապահովագրական գումար՝

52000 դրամ

3800000 դրամ

 

Փաթեթը ներառում է հիվանդանոցային պայմաններում` սուր, անհետաձգելի և պլանային հետևյալ բժշկական ծառայությունները, ինչպես նաև այն նախահիվանդանոցային հետազոտությունները, որոնց հաջորդում է տվյալ հիվանդության հիվանդանոցային բուժումը:

 

1. ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

 

1) թերապևտիկ բուժում պահանջող հիվանդություններ.

2) վիրաբուժական բուժում պահանջող հիվանդություններ, այդ թվում՝ նաև նյարդավիրաբուժական, սրտի վիրահատական և ներանոթային միջամտությունների իրականացում (ընդ որում, կորոնար անոթների ստենտավորումը հատուցվում է ոչ դեղապատ ստենտի արժեքի չափով), գինեկոլոգիական և այլն.

3) վնասվածքների (կոտրվածքներ, հոդախախտեր, վերքեր, սալջարդեր, պոլիտրավմաներ) բուժում.

4) էլեկտրահարությունների, այրվածքների և ցրտահարությունների բուժում:

 

Ծանոթագրություններ.

 

1. Հատուցման ենթակա են այն հիվանդանոցային ծախսերը, որոնք ներառում են հատկացված դեղորայքի և բժշկական պարագաների (ներարկիչներ, ներարկման համակարգ և այլն) արժեքները, անհրաժեշտ լաբորատոր և գործիքային հետազոտությունների արժեքները, վիրահատական և կոնսերվատիվ բուժումը, հիվանդանոցի աշխատակազմի աշխատանքի վարձատրությունը:

2. Հատուցման ենթակա չեն հիվանդանոցներում հատկացվող սննդի, առանձնահատուկ հարմարավետ հիվանդասենյակների և անհատական խնամքի համար սահմանված վճարները:

3. Հատուցման ենթակա են պետական պատվերի շրջանակում բուժվող հիվանդությունների կապակցությամբ ապահովագրված անձի կողմից վճարման ենթակա համավճարները:

4. Հատուցման ենթակա են նախահիվանդանոցային այն հետազոտությունները, որոնց հաջորդում է տվյալ հիվանդության հիվանդանոցային բուժումը:

5. Ապահովագրությունը գործում է միայն Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքներում:

6. Ընտանիքի անդամները չեն կարող ապահովագրվել այն դեպքում, երբ աշխատողը հրաժարվում է ապահովագրվելուց:

7. Հատուցման ենթակա չեն ֆորս-մաժորի (միջուկային պայթյուն, ճառագայթային, ռադիոակտիվ կամ քիմիական վարակ, ռազմական գործողություններ, քաղաքացիական պատերազմ, հասարակական հուզումներ կամ գործադուլներ) հետևանքով առաջացած հիվանդությունները:

 

2. ԱԽՏՈՐՈՇԻՉ ԼԱԲՈՐԱՏՈՐ ԵՎ ԳՈՐԾԻՔԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հատուցման ենթակա են սուր, անհետաձգելի և պլանային դեպքերում ախտորոշման, ինչպես նաև բուժման ընթացքի վերահսկման նպատակով հիվանդանոցային բուժման համար իրականացվող լաբորատոր և գործիքային հետազոտությունները՝

 

1) լաբորատոր`

ա. կլինիկական,

բ. բիոքիմիական,

գ. իմունաբանական,

դ. մանրէաբանական,

ե. հորմոնալ,

զ. գենետիկ,

է. պաթոհիստոլոգիական,

ը. PCR և այլն.

 

2) գործիքային`

ա. ռենտգենաբանական,

բ. համակարգչային տոմոգրաֆիա,

գ. մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա,

դ. ուլտրաձայնային հետազոտություններ,

ե. ռադիոիզոտոպային հետազոտություններ,

զ. ֆունկցիոնալ հետազոտում (ԷՍԳ, էլեկտրամիոգրաֆիա, սպիրոգրաֆիա, դոպլեր, դուպլեքս հետազոտություններ և այլն),

է. էնդոսկոպիկ հետազոտություններ (էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա, կոլոնոսկոպիա, ցիստոսկոպիա և այլն),

ը. նեյրոֆիզիոլոգիական հետազոտություններ (ԷԷԳ, աուդիոմետրիա և այլն):

 

3. ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԲՈՒԺԶՆՆՈՒՄԸ

 

Փաթեթը ներառում է նաև տարեկան կանխարգելիչ բուժզննում՝ 3000 դրամի սահմանում (արյան և մեզի քննություններ, գործիքային քննություն (ԷՍԳ), ընդհանուր պրակտիկայի բժշկի խորհրդատվություն):

 

4. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Առողջության ապահովագրական փաթեթով որպես ապահովագրական պատահար չեն դիտվում և փոխհատուցման ենթակա չեն`

1) ամբուլատոր հետազոտությունները և բուժումը (ներառյալ՝ դեղորայքայինը).

2) առանց բժշկական ցուցումների իրականացվող բժշկական ծառայությունները, դեղորայքը, հոսպիտալացումը.

3) պետական պատվերի ծրագրում ընդգրկված հիվանդությունների և իրավիճակների բուժումը.

4) ցանկացած կանխարգելիչ և կազդուրիչ միջոցառումները, իմունականխարգելիչ պատվաստումները և այլն.

5) թոքերի քրոնիկ ոչ յուրահատուկ հիվանդությունները` թոքերի էմֆիզեմա, պնևմոսկլերոզ.

6) բնածին անոմալիաները և զարգացման արատները կամ անատոմիական առանձնահատկությունները, ժառանգական և գենետիկ հիվանդությունները` պարբերական հիվանդությունը, էպիլեպսիան, դեֆորմացիաները և քրոմոսոմային խանգարումները, մանկական ուղեղային պարալիչը.

7) ողնաշարի միջողնային սկավառակների ախտահարումները, դեգեներատիվ դիստրոֆիկ փոփոխությունները, օստեոխոնդրոզը.

8) շաքարային դիաբետը և դրա հետևանքները.

9) քրոնիկ հիվանդությունները, որոնք պահանջում են մշտական, պահպանողական բուժում և դինամիկ հսկողություն՝ բացառությամբ դրանց անհետաձգելի (կյանքին սպառնացող) սրացումները՝ ապահովագրության ժամկետի ընթացքում.

10) հեմոդիալիզի անցկացում պահանջող քրոնիկական երիկամային անբավարարությունը.

11) աուտոիմուն և շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդությունները.

12) քաշի և խոսքի շտկումը, սեռի վիրաբուժական փոփոխումը.

13) կոսմետիկ, էսթետիկ կամ ապահովագրված անձի հոգեբանական վիճակը բարելավելու նպատակներով իրականացվող պլաստիկ և վերականգնողական վիրահատությունները, այդ թվում՝ մաշկի հիվանդության կապակցությամբ (կոշտուկներ, պտկիկներ, գորտնուկներ և խալեր, կանդիլոմաներ), քթի միջնապատի շտկումը, դրանց բարդացումները՝ բացառությամբ դժբախտ պատահարի հետևանքով առաջացածները.

14) աչքի էքսիմեր լազերային վիրահատությունները.

15) ատամնաբուժությունը.

16) ոչ ավանդական, այլընտրանքային (ոչ գիտական) բուժման ու ախտորոշման մեթոդները, փորձարարական կամ հետազոտական մեթոդներով բուժումը, կազդուրման ավանդական համակարգերը, հեռաբժշկության հետ կապված ծառայությունները.

17) սանատոր-առողջարանային բուժումը և ցանկացած ֆիզիոթերապևտիկ միջոցառումները.

18) վերականգնողական (ռեաբիլիտացիոն) բուժումը.

19) ներարգանդային սերմնավորումը և էքստրակորպորալ բեղմնավորումը.

20) ռեպրոդուկտիվ (վերարտադրողական) ֆունկցիայի և էրեկտիլ դիսֆունկցիայի (իմպոտենցիա) հետ կապված հետազոտությունները և բուժումը, հակաբեղմնավորիչ կոնսերվատիվ միջամտությունները, այդ թվում՝ ՆԱՄ-ի տեղադրումը և հեռացումը, դիսմենորեան, հակաբեղմնավորիչ միջոցները.

21) առավելապես սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները (ախտորոշում և բուժում).

22) քրոնիկական վիրուսակրությունը, բացիլակրությունը, պարազիտակրությունը (հեպատիտ B, C, D, E, F).

23) լյարդային անբավարարությունը.

24) ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը.

25) ճառագայթային հիվանդությունները.

26) օրգանների և վերջույթների պրոթեզավորումները, էնդոպրոթեզավորումները (բացառությամբ դժբախտ պատահարի արդյունքի), բժշկական սարքավորումները, իմպլանտները, տեսողական և լսողական սարքերի ձեռքբերումը, ինչպես նաև այլ կարգավորիչ բժշկական հարմարանքներ ձեռք բերելու և դրանց հարմարեցման համար կատարված ծախսերը, հաշմանդամային սայլակները, օրթոպեդիկ սարքերը և այլն, կենսաակտիվ հավելումները, վիտամինաթերապիան, կոսմետիկ պարագաները.

27) հոգեկան հիվանդությունները, դրանց հետևանքները և սահմանային վիճակները (նևրոզ, փսիխոպաթիա, փսիխոզ և այլն), հոգեթերապևտի ծառայություններ, հիպնոս.

28) ապահովագրված անձի կողմից բժշկի նշանակումներին չհետևելու կամ դրանցից հրաժարվելու հետևանքով առաջացած ծախսերը.

29) ալկոհոլիզմը, թմրամոլությունը և տոքսիկոմանիան և դրանց հետևանքով առաջացած հիվանդությունները.

30) ապահովագրված անձի կողմից հակաօրինական գործողությունների արդյունքում առաջացած վնասվածքները և հիվանդությունները:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2011 թվականի

 դեկտեմբերի 29-ի N 1923-Ն որոշման

 

Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի  Ձ ԵՎ

 

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ

 

1. Ապահովագրության պայմանագիր

1.1. Պայմանագրի բովանդակությունը

1. Պայմանագիրը կազմված է 2 մասից՝ վկայագրից՝ համաձայն N 1 ձևի, և ստորև ներկայացված պայմաններից, ընդ որում, վկայագիրը կազմվում է 3 օրինակից, որոնցից առաջին օրինակը պայմանների հետ միասին տրվում է ապահովագրված անձին (ապահովադրին), մյուս օրինակները` ապահովագրական ընկերությանը և տվյալ անձի համար վճարող հիմնարկին (կազմակերպությանը):

1.2. Վկայագիրը բաղկացած է առնվազն 15 մասից, որոնց մի մասը նախապես լրացված է, իսկ մյուս մասը ենթակա է լրացման՝

1.2.1. վկայագրի անվանումը, օրինակ, «Բյուջետային աշխատողների բժշկական ապահովագրություն», կամ «Սոցիալական փաթեթով առողջության ապահովագրություն», կամ «Բյուջետային աշխատողների առողջության պետական ապահովագրություն», կամ «Առողջության պետական ապահովագրություն» (նախապես լրացված է),

1.2.2. վկայագրի համարը,

1.2.3. ապահովագրողի անվանումը, հասցեն և այլ վավերապայմաններ (նախապես լրացված է),

1.2.4. ապահովադրի անունը, հայրանունը, ազգանունը, անձնագրի տվյալները, հասցեն, հեռախոսահամարը, աշխատանքի վայրը,

 1.2.5. ապահովագրված անձի (անձանց) անունը, հայրանունը, ազգանունը, անձնագրի տվյալները, հասցեն, հեռախոսահամարը (եթե ապահովադիրն ու ապահովագրված անձը նույն անձն է, ապա կարելի է պարզապես համապատասխան նշում կատարել),

1.2.6. ապահովագրավճարը վճարող կազմակերպությունը (անվանումը, հասցեն և այլ վավերապայմաններ),

1.2.7. ապահովագրական պայմանագրի գործողության ժամկետը (այս կետում նշվում է, որ ապահովագրության պայմանագիրը գործում է պայմանագրի կնքումից 15 օր հետո և գործում է 365 օր),

1.2.8. տարածքային սահմանափակումները (նախապես լրացված է), Հայաստանի Հանրապետություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն,

1.2.9. ապահովագրական ծածկույթը (տե՛ս 1.3-րդ կետը),

1.2.10. ապահովագրական գումարը (նախապես լրացված է), 3,800,000 դրամ,

1.2.11. չհատուցվող գումարը (նախապես լրացված է), չի կիրառվում,

1.2.12. ապահովագրավճարի չափը (տե՛ս 1.3-րդ կետը),

1.2.13. ապահովագրավճարի վճարման կարգը (նշվում է, որ ապահովագրավճարը կամ դրա առաջին մասը պետք է վճարվի պայմանագրի կնքումից հետո 10 օրվա ընթացքում), այդ թվում՝ վճարումների քանակը, վճարվելիք գումարները և վճարման ժամկետները,

1.2.14. վկայագիրը կնքելու և տալու ամսաթվերը,

1.2.15. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող այլ տվյալներ:

1.3. Վկայագրի «Ծածկույթ» մասը պարունակում է մի քանի ներգրված մասեր (ծածկույթներ), որոնցից միայն առաջինն է պարտադիր, իսկ մնացածը՝ ըստ ընտրության: Ընդ որում, պարտադիր բազային ծածկույթը և դրա ապահովագրավճարը միասնական ու պարտադիր են բոլոր ապահովագրական ընկերությունների համար: Վկայագրի ծածկույթներն են՝

1.3.1. պարտադիր բազային ծածկույթ՝ 52 հազ. դրամի չափով (պարտադիր, միասնական),

1.3.2. օրինակ, ըստ ընտրության «Ամբուլատորիա» ծածկույթ՝ XXXX դրամ,

1.3.3. օրինակ, ըստ ընտրության «Ատամնաբուժություն» ծածկույթ՝ XXXX դրամ,

1.3.4. օրինակ, ըստ ընտրության «Ամբողջական փաթեթ» ծածկույթ՝ XXXX դրամ,

1.3.5. և այլն (ըստ կոնկրետ ապահովագրական ընկերության առաջարկած փաթեթների):

1.4. Պայմանագիրը կարող է դադարեցվել ապահովադրի՝ աշխատանքից ազատվելու փաստով: Այս դեպքում ապահովագրողին ներկայացվում է աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու վերաբերյալ փաստաթուղթ և ապահովագրավճարը վճարած կազմակերպության կողմից դիմում դադարեցման արդյունքում վերադարձվող վճարի վերադարձման մասին: Դադարեցման արդյունքում վերադարձվող վճարը կարող է վճարվել միայն ապահովագրավճարը վճարած կազմակերպությանը: Դադարեցման արդյունքում վերադարձվող վճարը հաշվարկվում է սկզբնական ապահովագրավճարի չլրացած ժամկետի համամասնությունից 20 տոկոս նվազեցմամբ, ընդ որում, 20 տոկոսը հաշվարկվում է սկզբնական ապահովագրավճարից: Եթե տվյալ ապահովագրության պայմանագրի գործողության ընթացքում տվյալ պայմանագրի շրջանակներում տեղի է ունեցել ապահովագրական պատահար, որի արդյունքում ապահովագրողը վճարել է կամ պետք է վճարի ապահովագրական հատուցում, ապա պայմանագրի դադարեցման դեպքում ապահովագրավճարը չի վերադարձվում:

1.5. Եթե ապահովագրական պատահարի ի հայտ գալու պահին ապահովագրավճարը (կամ դրա այն մասը, որն այդ պահին պետք է վճարված լիներ) դեռևս վճարված չէ, ապա ապահովագրողն ազատվում է ապահովագրական հատուցում իրականացնելու պարտավորությունից:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Ձև

 

Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի  Ձ ԵՎ

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹՈՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ

 

Վ Կ Ա Յ Ա Գ Ի Ր N

 

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ

 

Սույն պայմանագիրը (վկայագիրը) կազմված է ____________ ապահովագրականի Առողջության ապահովագրության պայմանների (այսուհետ` պայմաններ) հիման վրա, որոնք կցվում են սույն պայմանագրին և դրա անբաժանելի մասն են:

 

ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂ

ԱՊԱՀՈՎԱԴԻՐ

«_____________» ________

Հասցեն ՀՀ, Երևան, _________

Հեռ. 374 (10) ______________

Ֆաքսը 374 (10) ____________

Հաշվարկային հաշիվը _______

Բանկը ____________________

Գրանցման համարը _________

Գրանցման վկայականը ______

ՀՎՀՀ _____________________

Լիցենզիա               ԱՊՈ

Անունը, հայրանունը, ազգանունը

Հասցեն ______________________________________________

Հեռ. _________________________________________________

Անձնագրի տվյալները __________________________________

(համարը, սերիան, ում կողմից է տրված և տալու ամսաթիվը)

Հիմնարկը ____________________________________________

ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐԸ ՎՃԱՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ (ՀԻՄՆԱՐԿ)

 

ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ԱՆՁԸ

Ապահովադիրն է

Նրա ընտանիքի անդամն է

ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏԸ

Ապահովագրված անձանց գույքային և անձնական շահերը, որոնք կապված են ապահովագրական պատահարների (ռիսկերի) ի հայտ գալու հետ:

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

Ապահովագրության պայմանագիրը գործում է պայմանագրի կնքումից հետո 15-րդ օրը և գործում է 365 օր:

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

Հայաստանի Հանրապետություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ (ՌԻՍԿԵՐ), ԾԱԾԿՈՒՅԹ

Սույն վկայագրին կից Առողջության ապահովագրության պայմաններում ներկայացված ապահովագրական ծածկույթների համաձայն՝

1. Պարտադիր բազային ծածկույթ՝ 52000 դրամ
2. «Ամբուլատորիա» ծածկույթ XXXX դրամ
3. «Ատամնաբուժություն» ծածկույթ XXXX դրամ

4. «Ամբողջական փաթեթ» ծածկույթ՝

XXXX դրամ

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՒՄԱՐԸ

Յուրաքանչյուր ապահովագրված անձի համար` 3,800,000 դրամ

Սույն պայմանագրով ապահովագրված անձանց համար` ____ դրամ

ՈՉ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՉՀԱՏՈՒՑՎՈՂ ԳՈՒՄԱՐԸ

Չի կիրառվում:

ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐԸ

52,000 դրամ

ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

 

ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

1. Ապահովադիրը կամ ապահովագրված անձը պետք է հեռախոսով կամ գրավոր, այդ թվում՝ էլեկտրոնային նամակով ընկերությանը տեղյակ պահի ախտորոշում կամ բուժում պահանջող իր առողջական վիճակի մասին՝ 24 ժամվա ընթացքում կամ հնարավորության դեպքում՝ անմիջապես՝ բացառությամբ շտապ և անհետաձգելի բուժօգնության դեպքերի: Նշված ժամկետը խախտելու դեպքում` ապահովադիրը կամ ապահովագրված անձը պարտավոր է գրավոր հիմնավորել ուշացման պատճառը: Ուշ տեղեկացումը հիմք չէ հատուցման մերժման համար՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ապահովագրական պատահարի մասին տեղեկությունների բացակայությունը կարող էր ազդել ապահովագրողի` ապահովագրական հատուցման վճարման հետ կապված պարտավորությունների իրականացման վրա:

2. Սույն պայմանագրի պայմանները, այդ թվում՝ լուծման պայմանները, ապահովագրական հատուցման պայմանները և կարգը ներկայացված են _______________ ապահովագրականի Առողջության ապահովագրության պայմաններում, որոնք սույն պայմանագրի անբաժանելի մասն են:

Եթե ապահովագրական պատահարի ի հայտ գալու պահին ապահովագրավճարը (կամ դրա այն մասը, որն այդ պահին պետք է վճարված լիներ) դեռևս վճարված չէ, ապահովագրողն ազատվում է ապահովագրական հատուցում իրականացնելու պարտավորությունից:

 

ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂ

ԱՊԱՀՈՎԱԴԻՐ

Գործադիր տնօրեն

 

Վկայագրին և պայմաններին

ծանոթացել եմ և համաձայն եմ։ 

Ստացա դրանցից մեկական օրինակ։

_____________________

(ստորագրությունը)

_____________________

(ստորագրությունը)

   
Կ.Տ.

 _____ _______________ 20 թ.

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2011 թվականի

 դեկտեմբերի 29-ի N 1923-Ն որոշման

 

Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ Ն Ե Ր

 

ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԻ ԱՄՍԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՄԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

 

1. Սոցիալական փաթեթի այս ծառայությունն ընտրած աշխատողն իրավունք ունի օգտվելու հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման ծառայությունից, եթե աշխատողի հիփոթեքային պայմանները համապատասխանում են «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ» փակ բաժնետիրական ընկերության կողմից վերաֆինանսավորվող հիփոթեքային վարկերի ընդհանուր պայմաններին: Դրա մասին աշխատողն իրեն հիփոթեք տրամադրած բանկից կամ վարկային կազմակերպությունից ներկայացնում է տեղեկանք՝ համաձայն ձևի:

2. Աշխատողն իրավունք ունի օգտվելու հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման ծառայությունից՝ նույնիսկ այն դեպքում, երբ նա կամ նրա ամուսինը հիփոթեքային վարկն ստացել է նախքան ծառայությունն ուժի մեջ մտնելը:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Ձև

 

 Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

«ԱԶԳԱՅԻՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՈՒՎԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Սույն տեղեկանքը տրվում է այն մասին, որ քաղաքացի XXXX-ին տրված վարկը լիովին բավարարում է «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ» փակ բաժնետիրական ընկերության կողմից սահմանված վերաֆինանսավորվող հիփոթեքային վարկերի ընդհանուր պայմանները և չափորոշիչները:

 

Տնօրեն _______________________

(ստորագրությունը)

_________________________________

(անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 
 

____ _______________ 20 թ.

 

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2011 թվականի

 դեկտեմբերի 29-ի N 1923-Ն որոշման


 Ց Ա Ն Կ

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՆԵՐԱՌԱԾ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. Սույն ցանկով ներկայացված են այն ուսումնական հաստատությունները, որոնք ընդգրկվում են սոցիալական ապահովության փաթեթում:

2. Սոցիալական փաթեթում ընդգրկվում են հետևյալ կրթական ծրագրերն իրականացնող պետական և հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատությունները`

1) բակալավրի, մագիստրոսի, հետազոտողի կրթական ծրագրեր.

2) նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր.

3) հանրակրթական հիմնական ծրագրեր (բացառությամբ մասնագիտացված և հատուկ ծրագրերի):

3. Բակալավրի, մագիստրոսի, հետազոտողի կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ցանկերը հրապարակված են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կայքում:

4. Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ցանկերը հրապարակված են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից:

5. Հանրակրթական հիմնական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ցանկը հրապարակված է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կայքում:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2011 թվականի

 դեկտեմբերի 29-ի N 1923-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՆԳԻՍՏՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության մեջ ընդգրկվում են Հայաստանի Հանրապետությունում գրանցված՝ «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից` նախարարի սահմանած կարգով հաշվառված զբոսաշրջային օպերատորները, որոնք առաջարկում են զբասաշրջային փաթեթներ Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, և որոնց ցանկը հրապարակված է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան