Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.10.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.01.23/4(878).1 Հոդ.56.31
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
20.10.2011
Подписан
Նախագահող
Дата подписания
20.10.2011
Дата вступления в силу
20.10.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ԵԿԴ/0090/01/09

ԵԿԴ/0090/01/09

Նախագահող դատավոր՝  Մ. Ռեհանյան

    Դատավորներ` Ա. Դանիելյան 

                      Մ. Արղամանյան

 

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Օհանյանի

 

Հ. Ասատրյանի

Ե. Դանիելյանի

Ա. Պողոսյանի

   
քարտուղարությամբ

Մ. Պետրոսյանի

 

  2011 թվականի հոկտեմբերի 20-ին

Երևան քաղաքում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Արսեն Հայկի Սարգսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2010 թվականի հոկտեմբերի 14-ի որոշման դեմ տուժող` «Ինեկոբանկ» ՓԲԸ վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

1. Քրեական գործը հարուցվել է 2009 թվականի փետրվարի 2-ին:

Նախաքննության մարմնի 2009 թվականի փետրվարի 12-ի որոշմամբ Ա.Սարգսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 34-190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով:

2009 թվականի մայիսի 7-ին Ա.Սարգսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

2009 թվականի մայիսի 21-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի ապրիլի 14-ի դատավճռով Արսեն Հայկի Սարգսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նա դատապարտվել է ազատազրկման 5 տարի ժամկետով` 17.163.000 ՀՀ դրամին համարժեք գույքի բռնագրավմամբ, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ազատազրկման 7 տարի ժամկետով` հանցավոր ճանապարհով ստացված գույքի` 17.163.000 ՀՀ դրամի բռնագրավմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա այն տարածելով նաև «Ինեկոբանկ» փակ բաժնետիրական ընկերությունում «ԷյԹիԷյ մոբայլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ունեցած հաշվեհամարում առկա գումարների և Ա.Սարգսյանի միջոցով «ԷյԹիԷյ մոբայլ» ՍՊ ընկերության կողմից որպես վնասի փոխհատուցում «Ինեկոբանկ» ՓԲ ընկերությանը վճարված 6.585.294 ՀՀ դրամի վրա:

ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի հիման վրա Ա.Սարգսյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 9 տարի ժամկետով` 17.163.000 ՀՀ դրամին համարժեք գույքի և հանցավոր ճանապարհով ստացված գույքի` 17.163.000 ՀՀ դրամի բռնագրավմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա այն տարածելով նաև «Ինեկոբանկ» ՓԲ ընկերությունում «ԷյԹիԷյ մոբայլ» ՍՊ ընկերության ունեցած հաշվեհամարում առկա գումարների և Ա.Սարգսյանի միջոցով «ԷյԹիԷյ մոբայլ» ՍՊ ընկերության կողմից որպես վնասի հատուցում «Ինեկոբանկ» ՓԲ ընկերությանը վճարված 6.585.294 ՀՀ դրամի վրա:

3. Տուժողի և ամբաստանյալ Ա.Սարգսյանի պաշտպանի վերաքննիչ բողոքների հիման վրա քննության առնելով քրեական գործը` Վերաքննիչ դատարանը 2010 թվականի հոկտեմբերի 14-ին որոշում է կայացրել բողոքները մերժելու, իսկ Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի ապրիլի 14-ի դատավճիռը` օրինական ուժի մեջ թողնելու մասին:

Վերաքննիչ դատարանի 2010 թվականի հոկտեմբերի 14-ի որոշման դեմ տուժողի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 17-ի որոշմամբ վերադարձվել է` բողոքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով սահմանված հիմքերի առկայությունը հիմնավորված չլինելու պատճառաբանությամբ, իսկ ամբաստանյալ Ա.Սարգսյանի պաշտպան Կ.Գրիգորյանի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 21-ի որոշմամբ վարույթ է ընդունվել: Վճռաբեկ դատարանի 2011 թվականի փետրվարի 24-ի որոշմամբ ամբաստանյալ Ա.Սարգսյանի պաշտպան Կ.Գրիգորյանի վճռաբեկ բողոքը մերժվել է, իսկ բողոքարկված որոշումը ` թողնվել օրինական ուժի մեջ:

4. ՀՀ սահմանադրական դատարանը 2011 թվականի հուլիսի 12-ի ՍԴՈ-983 որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասը մասնակի ճանաչել է հակասահմանադրական և անվավեր:

 Գործով տուժողը` «Ինեկոբանկ» ՓԲ ընկերությունը, հիմնվելով ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-983 որոշման վրա, 2011 թվականի օգոստոսի 3-ին վճռաբեկ բողոք է բերել` Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010 թվականի ապրիլի 14-ի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի հոկտեմբերի 14-ի որոշումը նոր հանգամանքով վերանայելու խնդրանքով:

2011 թվականի օգոստոսի 26-ին Վճռաբեկ դատարանը ստացել է տուժողի դիմումը` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու դեպքում «Ինեկոբանկ» ՓԲ ընկերությունից 6.585.294 ՀՀ դրամ գումարի բռնագրավման մասով դատական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ, քանի որ ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից իրականացվում են կատարողական գործողություններ:

Վճռաբեկ դատարանը, գտնելով, որ «Ինեկոբանկ» ՓԲԸ վճռաբեկ բողոքը համապատասխանում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի պահանջին, 2011 թվականի սեպտեմբերի 7-ին որոշում է կայացրել բողոքը վարույթ ընդունելու մասին:

Նույն օրը Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել «Արսեն Հայկի Սարգսյանի վերաբերյալ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010 թվականի ապրիլի 14-ի դատավճռի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի հոկտեմբերի 14-ի որոշման կատարումը` «Ինեկոբանկ» ՓԲ ընկերությունից 6.585.294 ՀՀ դրամ գումարի բռնագրավման մասով, կասեցնել մինչև Վճռաբեկ դատարանի կողմից դատական ակտի վերանայման արդյունքում որոշում կայացնելը»:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Գործի փաստական հանգամանքները

5. Ա.Սարգսյանը դատապարտվել է այն բանի համար, որ հանդիսանալով «ԷյԹիԷյ մոբայլ» ՍՊ ընկերության միակ հիմնադիր և Երևանի Թումանյան 27 հասցեում գտնվող «Գլոբալ մոբայլ» վաճառասրահում իրականացնելով բջջային հեռախոսների մանրածախ առևտուր` միջոցներ է ձեռնարկել բանկային քարտերով ապրանքների վաճառք իրականացնելու համար նախատեսված Pօs-տերմինալ ձեռք բերելու համար, որի արդյունքում նշված սարքը «ԷյԹիԷյ մոբայլ» ՍՊ Ընկերության և «Ինեկոբանկ» ՓԲ ընկերության միջև 2008 թվականի հունիսի 23-ին կնքված պայմանագրի համաձայն տեղադրվել է վաճառասրահում: Այնուհետև Ա.Սարգսյանը քննությամբ չպարզված անձանցից ձեռք է բերել բանկային քարտերի կեղծ կրկնօրինակներ և 2008 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում այդ քարտերը գործածելով նշված POS-տերմինալում 18 գործարքով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գործող բանկերի հաճախորդների հաշվեհամարներից գողացել է ընդհանուր առմամբ 17.163.000 ՀՀ դրամին համարժեք գումար և այն փոխանցել է «ԷյԹիԷյ մոբայլ» ՍՊ ընկերության` «Ինեկոբանկ» ՓԲ ընկերությունում բացված հաշվեհամարին` միաժամանակ այդ գործարքները ձևակերպելով իբրև վաճառասրահից իրացված ապրանքի դիմաց վճարում՝ դրանով իսկ խեղաթյուրելով 17.163.000 ՀՀ դրամի չափով գողոնի իրական բնույթը և ծագման աղբյուրը, այսինքն` օրինականացրել է առանձնապես խոշոր չափի հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները: Նշված գումարի մի մասը Ա.Սարգսյանը ելքագրել է «ԷյԹիԷյ մոբայլ» ՍՊ ընկերության հաշվեհամարից և տնօրինել իր հայեցողությամբ:

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

6. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ առկա է դատական ակտը վերանայելու հիմք հանդիսացող նոր հանգամանք, այն է` ՀՀ սահմանադրական դատարանի 2011 թվականի հուլիսի 12-ի թիվ ՍԴՈ-983 որոշումը, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը կայացվել է նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներով:

7. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոքի հեղինակը խնդրել է մասնակիորեն բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի 2010 թվականի հոկտեմբերի 14-ի որոշումը` չեղյալ համարելով «Ինեկոբանկ» ՓԲ ընկերությունից 6.585.294 ՀՀ դրամ գումարի բռնագրավման մասը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

8. Սույն գործը վարույթ է ընդունվել այն հիմքով, որ առկա է նոր հանգամանք` ՀՀ սահմանադրական դատարանի որոշում:

9. ՀՀ Սահմանադրական դատարանը 2011 թվականի հուլիսի 12-ի ՍԴՈ-983 որոշման եզրափակիչ մասում սահմանել է. «ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի` «Այդ գույքը ենթակա է բռնագրավման` անկախ դատապարտյալի կամ որևէ երրորդ անձի սեփականությունը հանդիսանալու կամ նրանց կողմից տիրապետելու հանգամանքից» դրույթն իրավակիրառական պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ` այն մասով, որով բռնագրավումից հետո չի երաշխավորում տուժողի /օրինական տիրապետողի/ գույքային շահերի և սեփականության իրավունքի անհրաժեշտ պաշտպանություն, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 20-րդ հոդվածի 5-րդ մասի և 31-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին հակասող և անվավեր»:

10. ՀՀ սահմանադրական դատարանի 2011 թվականի հուլիսի 12-ի ՍԴՈ-983 որոշումը սույն գործով նոր հանգամանք է, քանի որ կիրառվել է ՍԴՈ-983 որոշման եզրափակիչ մասում մասնակի հակասահմանադրական ճանաչված իրավանորմը` ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասը, իսկ սույն բողոքը ներկայացվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան պահանջների պահպանմամբ:

11. Հաստատելով, որ ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-983 որոշումը սույն գործով նոր հանգամանք է` Վճռաբեկ դատարանը քննության է առնում հետևյալ հարցը. ՍԴՈ-983 որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի հակասահմանադրական ճանաչումն ըստ էության ազդու՞մ է արդյոք սույն գործի ելքի վրա, ուստի հի՞մք է արդյոք սույն գործով Վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի բեկանման համար, թե դա ըստ էության չի ազդում սույն գործի ելքի վրա:

Քրեական գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Արսեն Հայկի Սարգսյանը վերականգնել է տուժող` «Ինեկոբանկ» ՓԲ ընկերությանը պատճառված վնասը, սակայն Առաջին ատյանի դատարանը 2010 թվականի ապրիլի 14-ի դատավճռով որոշել է բռնագրավումը տարածել նաև Ա.Սարգսյանի միջոցով «ԷյԹիԷյ մոբայլ» ՍՊ ընկերության կողմից որպես վնասի հատուցում «Ինեկոբանկ» ՓԲ ընկերությանը վճարված 6.585.294 ՀՀ դրամի վրա (տե՛ս սույն որոշման 2-րդ կետը):

ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-983 որոշման լույսի ներքո գնահատելով բողոքարկված դատական ակտի իրավաչափության հարցը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի ապրիլի 14-ի դատավճռով և այն օրինական ուժի մեջ թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի 2010 թվականի հոկտեմբերի 14-ի որոշմամբ տուժողի օրինական շահերին վերաբերող հարցի` տուժողին վճարված 6.585.294 ՀՀ դրամի իրավական ճակատագրի հարցի լուծումը բացառապես պայմանավորված է եղել ՍԴՈ-983 որոշմամբ` վերաբերելի մասով հակասահմանադրական ճանաչված ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ: Մասնավորապես, սույն գործով ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառման արդյունքում չի երաշխավորվել տուժող «Ինեկոբանկ» ՓԲ ընկերության գույքային շահերի և սեփականության իրավունքի անհրաժեշտ պաշտպանությունը:

12. Հիմք ընդունելով սույն որոշման 10-11-րդ կետերում շարադրված հիմնավորումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատապարտյալ Արսեն Հայկի Սարգսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի հոկտեմբերի 14-ի որոշման` «Ինեկոբանկ» ՓԲ ընկերությունից 6.585.294 ՀՀ դրամ գումարի բռնագրավման մասը պետք է բեկանել և գործն այդ մասով ուղարկել նույն դատարան` նոր քննության:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերանայել ՀՀ Վճռաբեկ դատարանի 2011 թվականի փետրվարի 24-ի որոշումը: Դատապարտյալ Արսեն Հայկի Սարգսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի հոկտեմբերի 14-ի որոշման` «Ինեկոբանկ» ՓԲ ընկերությունից 6.585.294 ՀՀ դրամ գումարի բռնագրավման մասը բեկանել և գործն այդ մասով ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

 Նախագահող՝ Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆ
Դատավորներ` Ս. ՕՀԱՆՅԱՆ
  Հ. ԱՍԱՏՐՅԱՆ
  Ե. ԴԱՆԻԵԼՅԱՆ
  Ա. ՊՈՂՈՍՅԱՆ