Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.10.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.01.23/4(878).1 Հոդ.56.14
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
14.10.2011
Подписан
Նախագահող
Дата подписания
14.10.2011
Дата вступления в силу
14.10.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0498/02/10

Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0498/02/10
2011 թ.

Նախագահող դատավոր՝     Դ. Խաչատրյան

Դատավորներ՝  Ն. Տավարացյան
                                    Ս. Միքայելյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Անտոնյանի

 

Վ. Աբելյանի

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

 

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2011 թվականի հոկտեմբերի 14-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Մայսկի Մացակյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.11.2010 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Մանուշակ և Կարինե Ջուհարյանների ընդդեմ Մայսկի Մացակյանի և Հրանտ Անտոնեսյանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Էրեբունի» տարածքային ստորաբաժանման` մետաղական և քարե ինքնակամ ավտոտնակներն ապամոնտաժելու պահանջի մասին,

 

 ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Մանուշակ և Կարինե Ջուհարյանները պահանջել են ապամոնտաժել Երևանի Չեխովի նրբանցքի թիվ 1 հասցեում իրենց պատկանող 0,066517 հա հողամասում Հրանտ Անտոնեսյանի և Մայսկի Մացակյանի կողմից ինքնակամ կառուցված և օգտագործվող քարե և մետաղական ավտոտնակները:

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (դատավոր` Ա. Կուբանյան) (այսուհետ՝ Դատարան) 02.08.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11.11.2010 թվականի որոշմամբ Մայսկի Մացակյանի վերաքննիչ բողոքը մերժվել է` Դատարանի 02.08.2010 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մայսկի Մացակյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Մանուշակ և Կարինե Ջուհարյանները:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 53-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Սույն գործի լուծման համար էական նշանակություն ունի ՀՍՍՀ աշխատավորների դեպուտատների Երևանի Լենինյան շրջսովետի գործադիր կոմիտեի 27/11 նիստի թիվ 28 արձանագրության քաղվածքը, համաձայն որի` գործադիր կոմիտեն որոշել է թույլատրել Երևանի Չեխովի փողոցի 16-րդ շենքի թիվ 42 բնակարանի բնակիչ Մայսկի Մացակյանին Չեխովի նրբանցքի 1-ին փակուղու թիվ 1 տան բակում, որի սեփականատերն էր Անուշավան Պետրոսյանը, տեղադրելու շարժական ավտոտնակ` անձնական օգտագործման մեքենայի համար: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը սույն գործի քննության ժամանակ գործի քննությամբ ձեռք բերված ապացույցները չի գնահատել բոլոր ապացույցների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 11.11.2010 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Ավտոտնակը տեղադրվել է որպես շարժական գույք, որն ինքնին նշանակում է ժամանակավոր, ուստի դրա հետևանքով զբաղեցված հողամասի կարգավիճակն ու պատկանելիությունը չի փոխվում: Անուշավան Պետրոսյանը միայն հողամասի ժամանակավոր օգտագործման համար է տվել իր համաձայնությունը, և վերջինիս սեփականության իրավունքը չի կարող սահմանափակվել իր կամքին հակառակ` բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Սեփականատերն իր հողամասի օգտագործման կարիքն ունի, ուստի և իրավունք ունի պահանջել ազատելու իր հողամասի ժամանակավոր զբաղեցված տարածքը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. 04.04.2008 թվականին Սերյոժա Ջուհարյանը Անուշավան Պետրոսյանի որդի Միխայել Պետրոսյանից գնել է Երևանի Չեխովի նրբանցքի թիվ 1 հասցեի` 269,7 քմ բնակելի տան, 110,9 քմ ավտոտնակների և 0,063 հա բնակելի տան կառուցման և սպասարկման, օգտագործման, բնակավայրերի նշանակության հողամասը (հատոր 2-րդ, գ.թ. 57):

2. 30.01.2010 թվականին տրված սեփականության իրավունքի թիվ 568 վկայագրի համաձայն` Մանուշակ Ջուհարյանը նշված գույքի 1/2-ի սեփականատերն է, իսկ նույն օրը տրված ժառանգության իրավունքի թիվ 569 և 570 վկայագրերի` Մանուշակ և Կարինե Ջուհարյանները ժառանգել են համապատասխանաբար գույքի 1/16 և 7/16 բաժինները (հատոր 1-ին, գ.թ. 16-18):

3. 02.03.2010 թվականին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Էրեբունի» տարածքային ստորաբաժանման կողմից մերժվել է անշարժ գույքի նկատմամբ Մանուշակ և Կարինե Ջուհարյանների ժառանգության իրավունքի պետական գրանցումն այն պատճառով, որ օրինական հողամասից 5,7 քմ պակաս է օգտագործվում և ձախակողմյան հարևանի կողմից առկա է հողամասի ինքնակամ զավթում նույն չափով (հատոր 1-ին, գ.թ. 20):

4. ՀՍՍՀ աշխատավորների դեպուտատների Երևանի Լենինյան շրջսովետի գործադիր կոմիտեի 1975 թվականի որոշմամբ թույլատրվել է Երևանի Չեխովի փողոցի 16-րդ շենքի թիվ 42 բնակարանի բնակիչ Մայսկի Մացակյանին տեղադրելու շարժական ավտոտնակ անձնական օգտագործվող «ժիգուլի» մակնիշի ավտոմեքենայի համար` Երևանի Չեխովի փողոցի 1-ին փակուղու թիվ 19 տան բակում, որի սեփականատերն էր Անուշավան Պետրոսյանը (հատոր 1-ին, գ.թ. 51):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը: Իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` հողամասի սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը: Չօրինականացված ինքնակամ կառույցը պետության, համայնքի կամ այլ շահագրգիռ անձի հայցով, որի իրավունքները և օրենքով պահպանվող շահերը խախտվել են, ենթակա է քանդման, իսկ հողամասը` նախկին վիճակի վերականգնման` հողամասի սեփականատիրոջ հաշվին:

Սույն գործով Վերաքննիչ դատարանն օրինական ուժի մեջ է թողել հայցը բավարարելու վերաբերյալ Դատարանի վճիռն այն պատճառաբանությամբ, որ «…կողմերի միջև բացակայում են պայմանագրից բխող հարաբերություններ, գույքի սեփականատեր հանդիսանում են հայցվորները, վիճելի գույքը տիրապետում են պատասխանողները, որպիսի պայմաններում Դատարանը միանգամայն իրավացիորեն կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածի կանոնները»:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վիճելի ավտոտնակը չի համարվում ինքնակամ կառույց և դրա վրա չեն տարածվում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի դրույթներն այն պատճառով, որ սույն գործով ավտոտնակը տեղադրվել է օրինական կարգով, առկա է վիճելի ավտոտնակը հիշյալ հողամասում տեղադրելու իրավական հիմք, այն է` ՀՍՍՀ աշխատավորների դեպուտատների Երևանի Լենինյան շրջսովետի գործադիր կոմիտեի 1975 թվականի որոշում, որով թույլատրվել է Երևանի Չեխովի փողոցի 16-րդ շենքի թիվ 42 բնակարանի բնակիչ Մայսկի Մացակյանին տեղադրելու շարժական ավտոտնակ անձնական օգտագործվող «ժիգուլի» մակնիշի ավտոմեքենայի համար` Երևանի Չեխովի փողոցի 1-ին փակուղու թիվ 19 տան բակում, որի սեփականատերն էր Անուշավան Պետրոսյանը:

Այսինքն` հողամասի սեփականատիրոջ համաձայնության առկայության պայմաններում տիրապետումը չի կարող դիտվել ապօրինի:

Ելնելով վերոնշյալից` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը և ապա Վերաքննիչ դատարանը պատշաճ չեն գնահատել սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ՀՍՍՀ աշխատավորների դեպուտատների Երևանի Լենինյան շրջսովետի գործադիր կոմիտեի 1975 թվականի որոշումը, ինչի արդյունքում խախտվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար: Ընդ որում, դատական ակտը մասնակիորեն բեկանելու հիմքում Վճռաբեկ դատարանը դնում է այն հանգամանքը, որ Հրանտ Անտոնեսյանի կողմից ոչ վերաքննիչ և ոչ էլ վճռաբեկ բողոքներ չեն ներկայացվել:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

 ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.11.2010 թվականի որոշման` Մայսկի Մացակյանին վերաբերող մասը և այդ մասով գործն ուղարկել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

 3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ս. Անտոնյան

Վ. Աբելյան

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան