Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.10.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.01.23/4(878).1 Հոդ.56.7
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
14.10.2011
Подписан
Նախագահող
Дата подписания
14.10.2011
Дата вступления в силу
14.10.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/0470/02/10

Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/0470/02/10
2011 թ.

Նախագահող դատավոր՝     Ն. Բարսեղյան

Դատավորներ՝  Ն. Հովսեփյան
                                   Ա. Մկրտչյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

 

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2011 թվականի հոկտեմբերի 14-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Հայփոստ» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.06.2011 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Ընկերության ընդդեմ Ա/Ձ Ռուսլան Բադալյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է Ռուսլան Բադալյանից հօգուտ Ընկերության բռնագանձել 1.162.903 ՀՀ դրամ, պայմանագրով նախատեսված 156.000 ՀՀ դրամ կազմող տուգանքը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի չափով 248.086 ՀՀ դրամ:

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Լ. Արազյան) (այսուհետ` Դատարան) 25.02.2011 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 16.06.2011 թվականի որոշմամբ Ռուսլան Բադալյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, և Դատարանի 25.02.2011 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել` հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 131-րդ, 132-րդ հոդվածները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ կետը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Ռուսլան Բադալյանը հայցադիմումի կամ հակընդդեմ հայցադիմումի ձևով պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջ չի ներկայացրել և առանց համապատասխան հայցապահանջի առկայության, իր նախաձեռնությամբ որոշել է գործարքն անվավեր ճանաչել` հիմնվելով Ռուսլան Բադալյանի առարկությունների վրա:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 16.06.2011 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 25.02.2011 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. Ընկերության և Ռուսլան Բադալյանի միջև 01.10.2007 թվականին կազմվել է թիվ 032 թույլտվությունը, որի համաձայն Ընկերությունը թույլատրել է Ռուսլան Բադալյանին Երևանի թիվ 02 փոստային մասնաճյուղի տարածքում իրականացնել բջջային հեռախոսների վաճառք, իսկ թույլտվություն ստացողը պարտավորվել է իրականացնել բացառապես նշված գործունեությունը, վճարել թույլտվության տարեկան վճարը և գործել Ընկերության ներքին իրավական ակտերի և նույն թույլտվությանը կից տրամադրված 31.07.2007 թվականի Ընկերության ներքին իրավական ակտերին համապատասխան: Պայմանագրի 5-րդ գլխի 15-րդ և 16-րդ կետերի համաձայն` թույլտվության տարեկան վճարը կազմում է 1.560.000 ՀՀ դրամ, որը վճարվում է ամսական համամասնություններով, իսկ 6-րդ գլխի 19-րդ կետի համաձայն` թույլտվություն ստացողի կողմից թույլտվության տարեկան վճարի ամսական համամասնությունը սույն թույլտվությամբ սահմանված ժամկետում չվճարելու դեպքերում թույլտվություն ստացողն Ընկերությանը վճարում է տուգանք` թույլտվության տարեկան վճարի 1 տոկոսի չափով (հատոր 1-ին, գ.թ.7-14):

2. Ընկերության կողմից տրված դուրս գրված հաշիվների և ստացված վճարումների մասին տեղեկանքի համաձայն` Ռուսլան Բադալյանի պարտքը կազմում է 1.162.903 ՀՀ դրամ (հատոր 1-ին գ.թ.15-17):

3. Ընկերությունը պահանջել է Ռուսլան Բադալյանից հօգուտ Ընկերության բռնագանձել 1.162.903 ՀՀ դրամ պարտքի գումար, 156.000 ՀՀ դրամ պայմանագրային տուգանքի գումար, ինչպես նաև 248.086 ՀՀ դրամ` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված բանկային տոկոսի գումար (հատոր 1-ին գ.թ. 2-4):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ:

 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը քաղաքացիական գործը հարուցում է միայն հայցի կամ դիմումի հիման վրա: Իսկ նույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ դատարանը վճիռ կայացնելիս որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:

Այսինքն` վերը նշված հոդվածների իմաստով դատարանը պարտավոր է՝

- քաղաքացիական գործը հարուցել միմիայն համապատասխան հայցի կամ դիմումի հիման վրա,

- քաղաքացիական գործը քննել միմիայն այդ գործով ներկայացված հայցապահանջների շրջանակում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքրի 219-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:

Դատարանը հայցի բավարարման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Ընկերության և Ռուսլան Բադալյանի միջև կնքված պայմանագիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքով չնախատեսված պայմանագիր է, որը չի հակասում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի և այլ իրավական ակտերի պահանջներին և հստակորեն արտահայտում է այն համաձայնությունը և իրավահարաբերությունը, որն Ընկերությունն առաջարկել էր Ռուսլան Բադալյանին, իսկ վերջինս էլ ընդունել է այն:

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի բավարարման և հայցի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ «կնքված «Թույլտվություն» վերտառությամբ փաստաթուղթն իր մեջ պարունակում է տարածքի վարձակալության պայմանագրին վերաբերող դրույթներ, և կողմերի կամքը եղել է տարածքի վարձակալության պայմանագիր կնքելը, որպեսզի Ռուսլան Բադալյանն այդ տարածքում իրականացնի ձեռնարկատիրական գործունեություն, այն է` բջջային հեռախոսների վաճառք», և հաշվի առնելով այդ հանգամանքը` Վերաքննիչ դատարանը գտել է, որ կողմերի միջև կնքված պայմանագիրը չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի պահանջներին, ուստի այն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածի հիմքով անվավեր պայմանագիր է:

Մինչդեռ, հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը վերլուծելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Ընկերության կողմից ներկայացվել է գումարի բռնագանձման պահանջ, իսկ Ռուսլան Բադալյանը չի վիճարկել Ընկերության և իր միջև կնքված պայմանագիրը: Այսինքն` Վերաքննիչ դատարանը դուրս է եկել գործով ներկայացված հայցապահանջի շրջանակներից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի համաձայն` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը, իսկ վերը հիշատակված հոդվածի 2-րդ կետը սահմանում է, որ պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և սույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:

Վերոնշյալ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ պարտապանը պարտավոր է ամբողջությամբ կատարել պարտավորության բովանդակությունից և օրենսդրությունից բխող բոլոր պարտավորությունները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 369-րդ հոդվածի համաձայն` տուժանք է համարվում օրենքով կամ պայմանագրով որոշված այն դրամական գումարը, որը պարտապանը պարտավոր է վճարել պարտատիրոջը պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում:

Նույն օրենսգրքի 408-րդ հոդվածի համաձայն՝ պարտավորության խախտում է համարվում այն չկատարելը կամ անպատշաճ (կետանցով, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների թերություններով կամ պարտավորության բովանդակությամբ որոշվող այլ պայմանների խախտմամբ) կատարելը:

Սույն գործով Ընկերության և Ռուսլան Բադալյանի միջև 01.10.2007 թվականին կազմվել է թիվ 032 թույլտվությունը, որի համաձայն Ընկերությունը թույլատրել է Ռուսլան Բադալյանին իր Երևանի թիվ 02 փոստային մասնաճյուղի տարածքում իրականացնել բջջային հեռախոսների վաճառք, իսկ թույլտվություն ստացողը պարտավորվել է իրականացնել բացառապես նշված գործունեությունը, վճարել թույլտվության տարեկան վճարը և գործել Ընկերության ներքին իրավական ակտերի և նույն թույլտվությանը կից տրամադրված 31.07.2007 թվականի Ընկերության ներքին իրավական ակտերին համապատասխան: Պայմանագրի 5-րդ գլխի 15-րդ և 16-րդ կետերի համաձայն` թույլտվության տարեկան վճարը կազմել է 1.560.000 ՀՀ դրամ, որը պետք է վճարվեր ամսական համամասնություններով, իսկ 6-րդ գլխի 19-րդ կետի համաձայն` թույլտվություն ստացողի կողմից թույլտվության տարեկան վճարի ամսական համամասնությունը նույն թույլտվությամբ սահմանված ժամկետում չվճարելու դեպքերում թույլտվություն ստացողը Ընկերությանը պարտավորվել է վճարել տուգանք` թույլտվության տարեկան վճարի 1 տոկոսի չափով:

Ռուսլան Բադալյանը խախտել է պայմանագրով ստանձնած պարտավորությունները, այն է` սահմանված ժակետներում չի վճարել պարտավորության գումարը, որն Ընկերության կողմից տրված դուրս գրված հաշիվների և ստացված վճարումների մասին տեղեկանքի համաձայն կազմել է 1.162.903 ՀՀ դրամ:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ռուսլան Բադալյանը պատշաճ կարգով չի կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունը, հետևաբար Ընկերության նկատմամբ ունեցած պարտավորության գումարը` ներառյալ տուգանքը, ենթակա է բռնագանձման:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի համաձայն` ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում այդ գումարին վճարվում են տոկոսներ: Տոկոսները հաշվարկվում են կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների:

Վերոնշյալ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու պարագայում վճարման ենթակա գումարին հաշվարկվում են տոկոսներ:

Այսպիսով` վերոհիշյալ հոդվածից և սույն գործում առկա ապացույցներից ելնելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պատասխանողը սահմանված ժամկետում չի կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները, հետևաբար Ընկերության վճարման ենթակա գումարին պետք է հաշվարկվեն նաև տոկոսներ:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի 16.06.2011 թվականի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Առաջին ատյանի դատարանի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.06.2011 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 25.02.2011 թվականի վճռին:

2. Ա/Ձ Ռուսլան Բադալյանից հօգուտ «Հայփոստ» ՓԲԸ-ի բռնագանձել 78.350 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի և վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան