ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1506/02/09 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1506/02/09 |
Նախագահող դատավոր՝ Կ. Չիլինգարյան | |
Դատավորներ՝ Կ. Հակոբյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Տ. Պետրոսյանի | |
|
Վ. Աբելյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
|
Է. Հայրիյանի | |
Ե. Սողոմոնյանի |
2011 թվականի հոկտեմբերի 14-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ ֆինանսների նախարարի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.04.2011 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի «Ադանա Գրուպ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ՝ Նախարարություն), երրորդ անձ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ՝ Քաղաքապետարան)` պայմանագրի լուծմամբ պատճառված վնասի հատուցման պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է բռնագանձել Նախարարությունից 242.977.000 ՀՀ դրամ` որպես պայմանագրի միակողմանի լուծմամբ պատճառված վնասի հատուցման գումար, ինչպես նաև այդ գումարի նկատմամբ հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված բանկային տոկոսները:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (նախագահող դատավոր` Գ. Խանդանյան) (այսուհետ՝ Դատարան) 12.11.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` 74.962.683 ՀՀ դրամի և դրա նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կարգով հաշվարկված բանկային տոկոսների մասով, իսկ մնացած մասով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 05.04.2011 թվականի որոշմամբ Նախարարության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 12.11.2010 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետը, ՀՀ կառավարության 25.08.1998 թվականի «Ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանելու և այդ փաստաթղթերի կազմման կարգը հաստատելու մասին» թիվ 525 որոշումը, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին կետը, 53-րդ հոդվածի 1-ին կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել վերաքննիչ բողոքի բոլոր փաստարկներին, բազմակողմանի և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա բոլոր ապացույցները, մասնավորապես` հաշվի չի առել այն հանգամանքները, որ Ընկերության կողմից ծախսերի, աշխատանքները հենց Ընկերության կողմից կատարվելու, շինանյութ ձեռք բերելու, իրականացված աշխատանքների ծավալի վերաբերյալ փաստաթղթեր չեն ներկայացվել: Բացի այդ, ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 29.03.2010 թվականի եզրակացությունից երևում է, որ առկա են նախագծով հաստատված, համաձայնեցված և չհաստատված, չհամաձայնեցված աշխատանքներ: Ընդ որում, վերջին աշխատանքները կատարվել են վարձակալությամբ հաստատված հողամասից դուրս, գտնվում են այդ հողամասի ետնամասում և իրականացվել են նախագծից դուրս: Ավելին, վարձակալության պայմանագիրը լուծվել է շինարարության ընթացքում Ընկերության կողմից չհամաձայնեցված փոփոխություններ կատարելու պատճառով: Բացի այդ, ըստ վերոհիշյալ պայմանագրի` Ընկերությունը պարտավոր էր միջոցներ ձեռնարկել հողամասն ամրակալված բարելավումներից և անբաժանելի շինություններից ազատելու, մաքրելու ուղղությամբ, սակայն այդ առումով որևէ քայլ չի կատարել, հետևաբար դրա համար անհրաժեշտ 10.524.975 ՀՀ դրամը ենթակա է նվազեցման վնասի հատուցման գումարից:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.04.2011 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցն ամբողջությամբ մերժել:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Շինարարության ծախսերը հիմնավորող փաստաթղթերի բացակայությունը խոչընդոտ չէ այդ ծախսերը հիմնավորելու համար, ինչպես նաև հիմք չէ Ընկերությանը շինության արժեքի փոխհատուցման իրավունքից զրկելու համար: Սույն գործով իրականացվել է երկու փորձաքննություն, որի արդյունքում հնարավոր է եղել որոշել կատարված ծախսերը մոտավոր ճշտությամբ, հետևաբար անհիմն է բողոք բերած անձի այն փաստարկը, որ առանց ծախսերը հիմնավորող փաստաթղթերի հնարավոր չէ որոշել կառույցի արժեքը:
Սույն գործով ներկայացված ապացույցները բավարար են հանգելու այն հետևության, որ նախագծից դուրս և նախագծով իրականացված շինարարական աշխատանքներն ընդգրկված են եղել Երևանի քաղաքապետի որոշմամբ հատկացված հողամասի սահմաններում և կատարվել են Ընկերության կողմից:
Գործում առկա ապացույցներից, մասնավորապես` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.11.2008 թվականի որոշումից հետևում է, որ վարձակալության պայմանագրի լուծման հիմք չի հանդիսացել Ընկերության կողմից իր պարտավորությունների խախտման հանգամանքը:
Հիմնավոր չէ նաև բողոքի այն փաստարկը, որ վնասի հատուցման գումարից ենթակա է նվազեցման հողամասն ամրակալված բարելավումներից և անբաժանելի շինություններից ազատելու, մաքրելու ուղղությամբ կատարված 10.524.975 ՀՀ դրամ ծախսը, քանի որ հողամասի սեփականատերը հողատարածքը կառույցներից ազատելու պահանջ չի ներկայացրել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Երևանի քաղաքապետի 19.09.2000 թվականի թիվ 1249 որոշմամբ Երևանի Կոմերիտմիության և Սարալանջի փողոցների հատման մասում գտնվող սրճարան-պաղպաղականոցը քանդելու և տեղում նորը կառուցելու նպատակով «Ադանա-2000» ԼՏԸ-ին վարձակալության իրավունքով 20 տարի ժամկետով հատկացվել է 1.300 քմ մակերեսով հողամաս (հատոր 1-ին, գ.թ. 54):
2) Երևանի քաղաքապետի 13.02.2002 թվականի թիվ 222 որոշմամբ փոփոխություն է կատարվել Երևանի քաղաքապետի 19.09.2000 թվականի թիվ 1249 որոշման մեջ` այդ որոշմամբ հատկացված հողամասի հետագա հողօգտագործող ու կառուցապատող է ճանաչվել «Ադանա-2000» ԼՏԸ-ի իրավահաջորդ Ընկերությունը, և վերջինիս թույլատրվել է վերոհիշյալ որոշմամբ նախատեսված սրճարանի տարածքում կառուցել առևտրի և սպասարկման համալիր` ճարտարապետահատակագծային, նախագծային փաստաթղթերի մշակման, համաձայնեցման և շինարարության թույլտվության հայտի ներկայացման համար սահմանելով ժամկետ` մինչև 2002 թվականի սեպտեմբեր ամիսը (հատոր 1-ին, գ.թ. 55):
3) Երևանի քաղաքապետի 19.09.2000 թվականի թիվ 1249 որոշման հիման վրա Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող Երևանի քաղաքապետը և Ընկերությունը 15.05.2002 թվականին կնքել են հողի վարձակալության պայմանագիր, որի 4.5-րդ կետի համաձայն` վարձակալը իրավունք է ունեցել վարձատուից պահանջելու պատճառված վնասների հատուցում` պայմանագիրը միակողմանի վաղաժամկետ լուծելու դեպքում: Նշված պայմանագիրը 17.05.2002 թվականին վավերացվել է նոտարական կարգով, իսկ պայմանագրից ծագած վարձակալության իրավունքը պետական գրանցում է ստացել 06.06.2002 թվականին, և Ընկերությանը տրվել է անշարժ գույքի վարձակալության իրավունքի գրանցման թիվ 0083876 վկայականը (հատոր 1-ին, գ.թ. 48-50, 53):
4) Երևանի քաղաքապետի 01.03.2007 թվականի թիվ 393-Ա որոշմամբ չեղյալ են համարվել Երևանի քաղաքապետի 19.09.2000 թվականի թիվ 1249 և 13.02.2002 թվականի թիվ 222 որոշումները, դրանց հիման վրա տրված թիվ 743-2000 գլխավոր հատակագիծը և 30.12.2002 թվականի թիվ 18-05/1-168 նախագիծը: Միաժամանակ Քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարվել է վաղաժամկետ լուծել Ընկերության հետ կնքված հողօգտագործման պայմանագիրը, կատարել գույքի գնահատման և Ընկերության հատուցման աշխատանքները (հատոր 1-ին, գ.թ. 90):
5) Երևանի քաղաքացիական դատարանի 28.04.2008 թվականի վճռով բավարարվել է Քաղաքապետարանի հայցն ընդդեմ Ընկերության` հողամասի վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ լուծելու և վարձակալության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.11.2008 թվականի որոշմամբ նշված վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ: Տվյալ որոշմամբ միաժամանակ արձանագրվել է, որ Երևանի քաղաքացիական դատարանն անհիմն է հաստատել փաստն առ այն, որ Ընկերությունը չի կատարել Երևանի քաղաքապետի 19.09.2000 թվականի թիվ 1249 և 13.02.2002 թվականի թիվ 222 որոշումներով սահմանված պարտավորությունները: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.03.2009 թվականի որոշմամբ վերադարձվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.11.2008 թվականի որոշման դեմ Ընկերության բերած վճռաբեկ բողոքը (հատոր 1-ին, գ.թ. 37-47, 57-59):
6) «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 29.03.2010 թվականի թիվ 10-0127 դատահաշվապահական, դատատեխնիկական և ապրանքագիտական համալիր փորձաքննության եզրակացության համաձայն` Ընկերության կողմից կառուցված անավարտ շինության համար կատարված շինմոնտաժային աշխատանքների շուկայական արժեքը 2005 թվականի դրությամբ կարող է կազմել ընդամենը 74.962.683 ՀՀ դրամ, այդ թվում` 32.636.339 ՀՀ դրամ` նախագծով փաստացի կատարված շինմոնտաժային աշխատանքների արժեքը և 42.326.344 ՀՀ դրամ` նախագծից դուրս կատարված շինմոնտաժային աշխատանքների արժեքը: Նախագծից դուրս կատարված շինարարական աշխատանքների ծավալներն արտացոլող թիվ 2 աղյուսակում նշված «3110.0 մ3 4-րդ կարգի գրունտում խրամուղի փորել մ/մեխանիզմներով, այդ հողամասի 1250 մ3 նախկինում շինարարության իրականացման ընթացքում է կատարվել, իսկ 1860.0 մ3 գրունտում խրամուղի փորել մ/մեխանիզմներով կատարվել է հատկացված հողամասից դուրս և գտնվում է օրինական հատկացված հողամասի ետնամասում» (հատոր 2-րդ, գ.թ. 4-35):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:
Սույն գործի փաստերի համադրման արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Երևանի քաղաքապետն Ընկերության իրավանախորդին, հետագայում նաև Ընկերությանը վարձակալության իրավունքով հողամաս հատկացնելու մասին 19.09.2000 թվականի թիվ 1249 և 13.02.2002 թվականի թիվ 222 որոշումներն ընդունելով և այդ կապակցությամբ Ընկերության հետ 15.05.2002 թվականին հողամասի վարձակալության պայմանագիր կնքելով` Հայաստանի Հանրապետության համար պարտավորություն է սահմանել` վարձատուի նախաձեռնությամբ հողամասի վարձակալության պայմանագրի վաղաժամկետ լուծման դեպքում վարձակալին հատուցելու նրա կողմից տվյալ հողամասում կառուցված անշարժ գույքի արժեքը: Հայաստանի Հանրապետության համար ծագած նշված պարտավորությունը Երևանի քաղաքապետն ընդունել է նաև վերոհիշյալ որոշումները, դրանց հիման վրա տրված գլխավոր հատակագիծը, նախագիծը չեղյալ համարելու և հողամասի վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ լուծելու մասին իր իսկ 01.03.2007 թվականի թիվ 393-Ա որոշմամբ, որի համաձայն` Քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել է վաղաժամկետ լուծել Ընկերության հետ կնքված հողօգտագործման պայմանագիրը, կատարել գույքի գնահատման և Ընկերության հատուցման աշխատանքները:
Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի այն պնդմանը, որ վարձակալության պայմանագիրը լուծվել է շինարարության ընթացքում Ընկերության կողմից չհամաձայնեցված փոփոխություններ կատարելու պատճառով, ապա Վճռաբեկ դատարանն այն անհիմն է համարում, քանի որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի` օրինական ուժի մեջ մտած 28.11.2008 թվականի որոշմամբ արձանագրվել է, որ Երևանի քաղաքացիական դատարանն անհիմն է հաստատել փաստն առ այն, որ Ընկերությունը չի կատարել Երևանի քաղաքապետի 19.09.2000 թվականի թիվ 1249 և 13.02.2002 թվականի թիվ 222 որոշումներով սահմանված պարտավորությունները:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում նաև շինարարական աշխատանքներն Ընկերության կողմից կատարվելու հանգամանքը վիճարկելու վերաբերյալ վճռաբեկ բողոքի պատճառաբանությունը, իսկ Ընկերության կողմից կատարված ծախսերի, շինանյութ ձեռք բերելու, իրականացված աշխատանքների ծավալի վերաբերյալ փաստաթղթեր ներկայացված չլինելու հանգամանքը փաստացի գոյություն ունեցող գույքի արժեքը համապատասխան փորձագիտական եղանակով որոշված լինելու պայմաններում հիմք չէ գույքի արժեքը հատուցելու պահանջը մերժելու համար:
Ինչ վերաբերում է վնասի հատուցման գումարից հողամասն ամրակալված բարելավումներից և անբաժանելի շինություններից ազատելու, մաքրելու համար պահանջվող 10.524.975 ՀՀ դրամը նվազեցնելու անհրաժեշտության վերաբերյալ վճռաբեկ բողոքի փաստարկին, ապա Վճռաբեկ դատարանը դրան չի անդրադառնում, քանի որ Նախարարությունը սույն գործով այդ գումարի բռնագանձման պահանջ չի ներկայացրել:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները Հայաստանի Հանրապետության կողմից Ընկերության գույքի դիմաց հատուցում տրամադրելու պարտավորություն ունենալու հարցում ճիշտ հետևության են հանգել, սակայն հատուցման ենթակա գումարի չափը ենթակա է նվազեցման հետևյալ պատճառաբանությամբ:
Այսպես` «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 29.03.2010 թվականի թիվ 10-0127 դատահաշվապահական, դատատեխնիկական և ապրանքագիտական համալիր փորձաքննության եզրակացության համաձայն` Ընկերության կողմից կառուցված անավարտ շինության համար կատարված շինմոնտաժային աշխատանքների շուկայական արժեքը 2005 թվականի դրությամբ կարող է կազմել ընդամենը 74.962.683 ՀՀ դրամ, այդ թվում` 32.636.339 ՀՀ դրամ` նախագծով փաստացի կատարված շինմոնտաժային աշխատանքների արժեքը և 42.326.344 ՀՀ դրամ` նախագծից դուրս կատարված շինմոնտաժային աշխատանքների արժեքը: Նախագծից դուրս կատարված շինարարական աշխատանքների ծավալներն արտացոլող թիվ 2 աղյուսակում նշված «3110.0 մ3 4-րդ կարգի գրունտում խրամուղի փորել մ/մեխանիզմներով, այդ հողամասի 1250 մ3 նախկինում շինարարության իրականացման ընթացքում է կատարվել, իսկ 1860.0 մ3 գրունտում խրամուղի փորել մ/մեխանիզմներով կատարվել է հատկացված հողամասից դուրս և գտնվում է օրինական հատկացված հողամասի ետնամասում»:
Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ փորձաքննության եզրակացությունը և այն կազմած փորձագետների ցուցմունքները հաստատում են, որ «նախագծից դուրս» որակումը ստացած աշխատանքներն արդեն իսկ կատարված և ավարտված են եղել նախքան նախագծի հաստատումը և սոսկ այդ պատճառով են ստացել վերոհիշյալ որակումը, իսկ նախկինում կատարված չլինելու պարագայում դրանք անհրաժեշտաբար պետք է ներառվեին նախագծում:
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հաստատված նախագծից դուրս կատարված շինարարական աշխատանքների համար ծախսված գումարները, անկախ այն հանգամանքից, թե այդ աշխատանքները կատարվել են մինչև նախագծի կազմումը, թե դրանից հետո, չեն կարող Ընկերության անշարժ գույքի արժեքը հատուցելու Հայաստանի Հանրապետության պարտավորության մաս կազմել, քանի որ այդ աշխատանքները ներառված չեն նախագծում: Հետևաբար, նախագծից դուրս շինարարական աշխատանքների համար կատարված ծախսերը ենթակա չեն փոխհատուցման:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հայաստանի Հանրապետությունից բռնագանձման է ենթակա միայն օրինական կարգով հաստատված նախագծի սահմաններում իրականացված շինարարական աշխատանքների համար կատարված 32.636.339 ՀՀ դրամ ծախսը և այդ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կարգով հաշվարկված տոկոսները, իսկ մնացած մասով Վերաքննիչ դատարանի դատական ակտը ենթակա է բեկանման:
Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները մասնակիորեն հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի մասնակի հիմնավոր լինելը Վճռաբեկ դատարանը բավարար է համարում՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.04.2011 թվականի որոշման` ՀՀ ֆինանսների նախարարությունից 42.326.344 ՀՀ դրամը և դրա նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կարգով հաշվարկված տոկոսները բռնագանձելու մասը և այդ մասով այն փոփոխել. «Ադանա Գրուպ» ՍՊԸ-ի հայցը նշված մասով մերժել: Որոշման մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:
2. «Ադանա Գրուպ» ՍՊԸ-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 846.527 (ութ հարյուր քառասունվեց հազար հինգ հարյուր քսանյոթ) ՀՀ դրամ` որպես հայցի չբավարարված մասի, 1.269.790 (մեկ միլիոն երկու հարյուր վաթսունինը հազար յոթ հարյուր իննսուն) ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի և 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա պետական տուրքի գումարներ:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Տ. Պետրոսյան | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Է. Հայրիյան | ||
Ե. Սողոմոնյան |