Գլխավոր տեղեկություն
Номер
N 1795-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.12.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.12.23/70(873).1 Հոդ.1697.4
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
08.12.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.12.2011
Дата вступления в силу
24.12.2011

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 դեկտեմբերի 2011 թվականի N 1795-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ «ԾԱՂԿՈՒՆՔԻ Հ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածը, 64-րդ հոդվածի 2-րդ մասը, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Ծաղկունքի Հ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Ծաղկունք բաց դպրոց» հիմնադրամի (այսուհետ` հիմնադրամ):

2. Հաստատել հիմնադրամի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական կառավարման լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը:

4. Սահմանել, որ՝

1) «Ծաղկունքի Հ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է «Ծաղկունք բաց դպրոց» հիմնադրամը.

2) «Ծաղկունքի Հ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքը հիմնադրամին է տրամադրվում անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով:

5. Հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար (այսուհետ` ժամանակավոր կառավարիչ) նշանակել Տիգրան Հակոբյանին (անձնագիր` AK 0432335, տրված՝ 004-ի կողմից, 2010 թվականի հունվարի 29-ին):

6. Առաջարկել հիմնադրամի ժամանակավոր կառավարչին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել հիմնադրամի պետական գրանցումը:

7. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` հիմնադրամի պետական գրանցումից հետո եռամսյա ժամկետում՝

1) հաստատել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը.

2) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի հետ համատեղ ապահովել գույքի հանձնման-ընդունման, համապատասխան ակտերի կնքման, փոխանցման ակտի հաստատման գործընթացը, ինչպես նաև «Ծաղկունքի Հ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը, որպես հիմնադրի կողմից գույքային ներդրում, սեփականության իրավունքով փոխանցել հիմնադրամին և հաստատել հիմնադրամի գույքի կազմը.

3) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ համատեղ՝ երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 7-րդ կետում նշված գույքի անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը, պետական գրանցումը և պայմանագրի նոտարական վավերացումը` պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացնելով հիմնադրամի միջոցների հաշվին:

8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հետ համատեղ՝ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել սույն որոշումից բխող բյուջետային ծախսերի վերաբաշխման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. դեկտեմբերի 21
Երևան

 

 

Հավելված

 ՀՀ կառավարության 2011 թվականի

դեկտեմբերի 8-ի N 1795-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ԾԱՂԿՈՒՆՔ ԲԱՑ ԴՊՐՈՑ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Ծաղկունք բաց դպրոց» հիմնադրամը (այսուհետ` հիմնադրամ) հիմնադրի որոշման հիման վրա հիմնադրված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որը հետապնդում է հանրակրթական նպատակներ:

2. Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 8-ի N 1795-Ն որոշման՝ հիմնադրամը հանդիսանում է «Ծաղկունքի Հ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը:

3. Հիմնադրամն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին, «Հիմնադրամների մասին», «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին (այսուհետ` օրենքներ), այլ իրավական ակտերին և սույն կանոնադրությանը համապատասխան:

4. Հիմնադրամի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության: Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական կառավարման մարմինը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունն է (այսուհետ՝ նախարարություն):

5. Հիմնադրամի անվանումն է`

1) հայերեն լրիվ` «Ծաղկունք բաց դպրոց» հիմնադրամ.

2) ռուսերեն լրիվ` «Тсаккунк открытая школа» фонд.

3) անգլերեն լրիվ` «Tsagհkսnq օpen scհօօl» fօսnd։

6. Հիմնադրամի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, գյուղ Ծաղկունք:

 

II. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

 

7. Հիմնադրամն իրավաբանական անձ է, ստեղծված է համարվում պետական գրանցման պահից և գործում է անժամկետ:

8. Հիմնադրամը Հայաստանի Հանրապետությունում և նրանից դուրս կարող է ստեղծել մասնաճյուղեր և ներկայացուցչություններ, ինչպես նաև հիմնարկներ, որոնք գործում են հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված կանոնադրություններին համապատասխան:

9. Հիմնադրամն ունի առանձնացված գույք, որը հաշվառվում է ինքնուրույն հաշվեկշռում, կարող է իր անունից ձեռք բերել և իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

10. Հիմնադրամն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով բացելու բանկային հաշիվներ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների բանկերում` Հայաստանի Հանրապետության դրամով և (կամ) արտարժույթով:

11. Հիմնադրամի գործունեության ընթացքում ստացված ամբողջ եկամուտը պետք է օգտագործվի նրա կանոնադրական խնդիրների լուծման համար:

12. Հիմնադրամն իր կանոնադրությանը համապատասխան իրականացնում է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի տիրապետումը, օգտագործումը և տնօրինումը:

13. Հիմնադրամն ունի իր անվանմամբ կլոր կնիք (հայերեն, ռուսերեն և անգլերեն գրառումներով), դրոշմակնիք և ձևաթղթեր, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով գրանցված խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

14. Հիմնադրամի իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

III. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՒՅՔՆ ՈՒ ՆՐԱ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

 

15. Հիմնադրամը որպես սեփականություն ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Հիմնադրի կողմից հիմնադրամին որպես սկզբնական միջոց հանձնված գույքը, ինչպես նաև ֆինանսական միջոցները հիմնադրամի սեփականությունն են: Հիմնադրամն այդ գույքն օգտագործում է իր կանոնադրությամբ սահմանված նպատակով:

16. Հիմնադրամի ակտիվների արժեքի 20 տոկոսից ավելին գերազանցող գործարքները կնքվում են Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնությամբ:

17. Հիմնադրամի օգտագործման տակ գտնվող անշարժ գույքը, այդ թվում` հողամասը, ինչպես նաև հիմնադրամի կանոնադրական նպատակների և խնդիրների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ գույքը կարող են օտարվել միայն Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնությամբ:

18. Հիմնադրամի կողմից ստեղծված, ձեռք բերված կամ այլ քաղաքացիների, կազմակերպությունների կողմից հանձնված գույքը՝ ներառյալ դրամական միջոցները, բաժնետոմսերը, այլ արժեթղթերը և մտավոր սեփականության նկատմամբ իրավունքները հիմնադրամի սեփականությունն են:

19. Հիմնադրամի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ իր հիմնադիրների, հիմնադրամի մարմինների անդամների, ինչպես նաև հիմնադրամի աշխատողների՝ բացառությամբ աշխատողների աշխատավարձի և հիմնադրամի մարմինների անդամների պարտականությունների կատարմամբ պայմանավորված` փոխհատուցման ենթակա ծախսերի, ինչպես նաև այն դեպքերի, երբ հիմնադրամի հիմնադիրները, հիմնադրամի մարմինների անդամները, ինչպես նաև հիմնադրամի աշխատողները հանդիսանում են կանոնադրությամբ նախատեսված շահառուներ:

 

IV. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

20. Հիմնադրամի գործունեության առարկան հանրակրթական հիմնական և հանրակրթական լրացուցիչ ծրագրերի իրականացումն է:

21. Հիմնադրամի գործունեության նպատակը սովորողների կողմից հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնի յուրացումը, անհատի բազմակողմանի զարգացումը, նրա առողջության պահպանումը, ինչպես նաև ինքնակրթության և լրացուցիչ կրթության պահանջմունքների բավարարման պայմանների ստեղծումն ապահովելն է:

22. Հիմնադրամի գործունեությունը հիմնվում է ժողովրդավարության, մարդասիրության, հանրամատչելիության, թափանցիկության, անձի ազատ զարգացման, ինքնավարության և կրթության աշխարհիկ բնույթի պահպանման, ինչպես նաև ազգային և համամարդկային արժեքների զուգորդման սկզբունքների վրա:

23. Հիմնադրամը պատասխանատու է հանրակրթության պետական չափորոշչի, հանրակրթական պետական ծրագրի, սովորողների տարիքային, ֆիզիոլոգիական ու սոցիալ-հոգեբանական զարգացման առանձնահատկություններին, հակումներին և ընդունակություններին համապատասխան կրթության բովանդակության ուսուցման մեթոդների և ձևերի ընտրության, ինչպես նաև նրանց կյանքի անվտանգության և առողջության պահպանման համար:

24. Հիմնադրամի կողմից հանրակրթություն և լրացուցիչ կրթություն իրականացնելիս հանրակրթական հիմնական ծրագրերը, որպես անբաժանելի մաս, կարող են ներառել`

1) ուսումնամեթոդական, փորձարարական հետազոտական աշխատանքները.

2) մանկավարժական աշխատողների մասնագիտական կատարելագործման միջոցառումները.

3) սովորողների համար հանրակրթական լրացուցիչ դասընթացների կազմակերպումը.

4) սովորողների առողջության պահպանման միջոցառումները.

5) սովորողների սննդի կազմակերպումը.

6) սովորողների` տրանսպորտային կազմակերպված փոխադրումները.

7) սովորողների երկարօրյա ուսուցման և (կամ) գիշերակացի կազմակերպումը.

8) ուսումնաարտադրական բազաներում, մարզաառողջարարական ճամբարներում սովորողների ուսուցման, դաստիարակության ու հանգստի կազմակերպումը:

25. Հիմնադրամը կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) լրացուցիչ հանրակրթական ծրագրերի իրականացում.

2) համակարգչային ծրագրերի և լեզուների լրացուցիչ ուսուցման կազմակերպում.

3) ուսումնաարտադրական գործունեության ծավալում և արտադրանքի իրացում.

4) արտադպրոցական դաստիարակության կազմակերպում:

26. Հիմնադրամը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով կարող է զբաղվել միայն լիցենզիայի հիման վրա:

 

 V. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

27. Հիմնադրամում ուսուցումն իրականացվում է գրական հայերենով` «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:

28. Հիմնադրամում Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների համար ստեղծված դասարաններում հանրակրթությունը կարող է կազմակերպվել իրենց մայրենի կամ ազգային լեզվով` հայերենի պարտադիր ուսուցմամբ` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:

29. Սովորողների ուսումնական առաջադիմության ընթացիկ և ամփոփիչ (կիսամյակային և տարեկան) գնահատումը, դրանց ձևերի, մեթոդների, հաճախականության, առաջադրանքների բովանդակության ընտրությունը կատարում է հիմնադրամը` հանրակրթության պետական չափորոշչին և այլ նորմատիվ իրավական ակտերին համապատասխան:

30. Տարրական, հիմնական և միջնակարգ հանրակրթական ծրագրերի ավարտին իրականացվում է հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին սովորողների գիտելիքների, կարողությունների և հմտությունների համապատասխանության ստուգում` պետական ամփոփիչ ատեստավորում:

31. Հիմնադրամում շրջանավարտին, ըստ կրթության 2-րդ և 3-րդ մակարդակների, տրվում է հանրակրթական ծրագրերի յուրացումը հավաստող ավարտական փաստաթուղթ` վկայական կամ ատեստատ:

32. Հիմնադրամի առաջին դասարան ընդունվում են այն երեխաները, որոնց վեց տարին լրացել է կամ լրանում է մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ: Հիմնադրամի սովորողին այլ հանրակրթական դպրոց տեղափոխելը և ազատելը կատարվում է նախարարության սահմանած կարգով: Հիմնադրամում հանրակրթական հիմնական ծրագրերին համապատասխան ուսումնական գործընթացը կարող է իրականացվել խմբային կամ անհատական ուսուցման եղանակով:

33. Հիմնադրամում դասարանների կազմավորման կարգը, ըստ սովորողների տարիքի, դասարանի խտության և սովորողների կողմից ուսումնասիրվող հանրակրթական հիմնական, ընդհանուր, այդ թվում՝ հոսքային կամ առանձին առարկաների խորացված ուսուցման ծրագրերի յուրացման արդյունքի, սահմանում է հիմնադիրը: Հիմնադրի խտությունից ավելի պակաս խտությամբ դասարան կարող է բացվել հիմնադրամի լրացուցիչ ֆինանսավորման միջոցների հաշվին (այսուհետ` շահույթ)` հոգաբարձուների խորհրդի որոշմամբ:

34. Առանձին առարկաների դասաժամերին դասարանը կարող է բաժանվել խմբերի՝

1) համաձայն ուսումնական պլանի.

2) հոգաբարձուների խորհրդի որոշմամբ` շահույթի հաշվին:

35. Խմբային ուսուցումը կարող է կազմակերպվել նաև ուսումնաարտադրական, փորձարարական բազաներում և մարզաառողջարարական ճամբարներում:

36. Համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության սահմանած կարգի, ըստ կրթական մակարդակի, կարող են կազմակերպվել բազմահամակազմ դասարաններ:

37. Հիմնադրամում անհատական կրթությունը կարող է կազմակերպվել սովորողի հետ անհատական աշխատանքի, տնային ուսուցման, ինքնակրթության, ընտանեկան և կրթության կազմակերպման դրսեկության ձևի այլ եղանակներով` ըստ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության սահմանած կարգի:

38. Հիմնադրամում ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ից:

39. Հիմնադրամում ուսումնադաստիարակչական աշխատանքի կազմակերպման հիմնական ձևը դասն է: Դասի տևողությունը սահմանվում է հանրակրթության պետական չափորոշչով: Ուսումնական տարվա տևողությունը սահմանվում է առաջին դասարանում՝ 30 շաբաթ, երկրորդ դասարանում՝ 32 շաբաթ, 3-12-րդ դասարաններում՝ 34 շաբաթ: Ուսումնական շաբաթվա հնգօրյա կամ վեցօրյա տևողությունը սահմանում է հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը` նախարարության համաձայնությամբ:

40. Ուսումնական տարվա ընթացքում հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին համապատասխան նախատեսվում են աշնանային, ձմեռային, գարնանային և ամառային արձակուրդներ: Արձակուրդների ժամկետները և տևողությունը սահմանում է նախարարությունը: Բացառիկ դեպքերում արձակուրդների տրամադրման ժամկետները կարող են փոփոխվել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից` համաձայնեցնելով նախարարության հետ:

41. Հիմնադրամը կանոնադրությամբ սահմանված կարգով ուսումնական պլանները կազմում է նախարարության կողմից հաստատված օրինակելի ուսումնական պլանների հիման վրա:

42. Հիմնադրամն օրինակելի ուսումնական պլանի դպրոցական բաղադրիչով նախատեսված ժամաքանակը բաշխում է պետական բաղադրիչով սահմանված, համայնքային կարիքներ, նախարարության կողմից երաշխավորված կամ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից մշակված և նախարարության կողմից հավանություն ստացած առարկաներին:

43. Հիմնադրամի ուսումնական պլաններում առանձին առարկաներին հատկացվող ժամերի քանակը չպետք է պակաս լինի նախարարության կողմից հաստատված օրինակելի ուսումնական պլանով նախատեսված ժամերի քանակից:

44. Սովորողների կողմից կրթական յուրաքանչյուր ծրագրի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, փոխադրման և ավարտման կարգը սահմանում է նախարարությունը: Հանրակրթական ծրագրի (բացառությամբ նախադպրոցական) նախորդ աստիճանը կամ տվյալ ուսումնական տարվա ծրագիրը չյուրացրած սովորողին չի թույլատրվում անցնել հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան:

45. Հիմնադրամից սովորողին այլ հանրակրթական դպրոց տեղափոխելը և (կամ) ազատելը կատարվում են նախարարության կողմից սահմանված կարգով` հետևյալ դեպքերում՝

1) ծնողի դիմումի հիման վրա.

2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա:

46. Առողջական վիճակի պատճառով հիմնադրամ ժամանակավորապես կամ մշտապես հաճախել չկարողացող կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների համար հիմնադրամը կազմակերպում է տնային ուսուցում` համաձայն նախարարության կողմից սահմանված կարգի:

47. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձինք կարող են ուսումնառության մեկ ձևից անցնել այլ ձևի կամ փոխադրվել առանձնահատուկ կրթության այլ ուսումնական հաստատություն` համաձայն նախարարության սահմանած կարգի:

48. Հիմնադրամում ուսման մեջ բացառիկ հաջողությունների հասած, կարգապահական տույժի չենթարկված կամ կարգապահական տույժը մարած ավագ դպրոցի շրջանավարտը, սահմանված կարգով, ներկայացվում է «Գերազանցության մեդալով» պարգևատրման: Տարեկան գերազանց առաջադիմություն ունեցող և կարգապահական տույժի չենթարկված կամ կարգապահական տույժը մարած սովորողը պարգևատրվում է գովասանագրով, իսկ հիմնական դպրոցի շրջանավարտը, նախարարության սահմանած կարգով՝ գերազանցության վկայականով:

 

VI. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԸ

 

49. Հիմնադրամի շահառուները կրթական, գիտական և սույն կանոնադրությամբ նախատեսված բնագավառներին առնչություն ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք են:

 

VII. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

50. Հիմնադրամը կանոնադրական նպատակներն իրականացնելու համար օրենքով սահմանված կարգով իրավունք ունի`

 1) անարգել տարածելու տեղեկություններ իր գործունեության մասին.

 2) ստանալու անհրաժեշտ տեղեկություններ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, հասարակական կազմակերպություններից իր կանոնադրական նպատակների իրականացման համար.

 3) ստեղծելու մասնաճյուղեր, ներկայացուցչություններ և հիմնարկներ.

 4) ստեղծելու տնտեսական ընկերություններ կամ լինելու նրանց մասնակից.

 5) իրականացնելու օրենքով չարգելված ցանկացած այլ գործունեություն:

51. Հիմնադրամը պարտավոր է`

 1) գործել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին, ինչպես նաև իր կանոնադրությանը համապատասխան.

 2) հրապարակել ամենամյա հաշվետվություն իր գործունեության մասին.

 3) օրենքով սահմանված կարգով վարել գործավարություն և հաշվապահական հաշվառում.

 4) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով տեղեկատվություն և հաշվետվություններ ներկայացնել պետական մարմիններ.

 5) ապահովել սույն կետում նշված հաշվետվություններին ծանոթանալու մատչելիությունը.

 6) իրականացնել օրենքով սահմանված այլ պարտականություններ:

 

VIII. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

52. Հիմնադրամի կառավարման մարմիններն են`

1) հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը (այսուհետ` խորհուրդ), որը հիմնադրամի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինն է.

2) հիմնադրամի տնօրենը, որը հիմնադրամի ընթացիկ գործունեությունը ղեկավարող կառավարիչն է:

53. Խորհուրդը բաղկացած է 7 անդամից, որի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը`

1) երկուսին` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունից.

2) երկուսին` «Դար» տարածաշրջանային զարգացման և մրցակցության հիմնադրամի առաջադրմամբ, «Դար» տարածաշրջանային զարգացման և մրցակցության հիմնադրամի ներկայացուցիչներից.

3) երկուսին` «ԱՅԲ» կրթական հիմնադրամի առաջադրմամբ, «ԱՅԲ» կրթական հիմնադրամի ներկայացուցիչներից.

4) մեկին` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ծաղկունքի գյուղական համայնքի առաջադրմամբ՝ Ծաղկունք համայնքից:

54. Հոգաբարձուների խորհրդի անդամ կարող են լինել 18 տարին լրացած գործունակ ֆիզիկական անձինք:

55. Հոգաբարձուների խորհրդի անդամները չեն կարող լինել հիմնադրամի այլ մարմնի անդամ: Հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների ժամկետը չի սահմանափակվում:

56. Հոգաբարձուների խորհրդի անդամներն իրավունք ունեն`

1) առաջարկություններ ներկայացնելու նիստերի օրակարգի և քննարկվող հարցերի վերաբերյալ.

2) նախապատրաստելու և հոգաբարձուների խորհրդի քննարկմանը ներկայացնելու հարցեր, առաջարկություններ և որոշումների նախագծեր.

 3) ստանալու տեղեկություններ հիմնադրամի գործունեությանը վերաբերող ցանկացած հարցի վերաբերյալ.

4) ստանալու իր պարտականությունների կատարմամբ պայմանավորված ծախսերի փոխհատուցում:

 57. Հոգաբարձուների խորհրդի անդամները պարտավոր են`

1) մասնակցել հոգաբարձուների խորհրդի նիստերին.

2) իրենց պարտականությունների կատարման ընթացքում գործել` ելնելով հիմնադրամի շահերից:

58. Հոգաբարձուների խորհրդի իրավասությանն են պատկանում`

1) հիմնադրամի ռազմավարական և տարեկան ծրագրերի հաստատումը.

2) հիմնադրամի բյուջեի և դրա փոփոխությունների, տարեկան ֆինանսական հաշվետվությունների ու հիմնադրամի գործունեության տարեկան հաշվետվությունների հաստատումը.

3) հիմնադրամի գույքի տնօրինման կարգի հաստատումը.

4) հիմնադրամի վերակազմակերպման մասին որոշման ընդունումը.

5) հիմնադրամի լուծարման հարցով դատարան դիմելու մասին որոշման ընդունումը.

6) հիմնադրամի լուծարման հանձնաժողովի (լուծարողի) նշանակումը, լուծարման կարգի ու ժամկետների սահմանումը, լուծարման միջանկյալ հաշվեկշռի հաստատումը, լուծարման հաշվեկշռի հաստատումը.

7) խորհրդի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը.

8) խորհրդի նախագահի, տնօրենի և սույն կանոնադրությամբ սահմանված այլ մարմինների ընտրության ու նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը.

9) սույն կանոնադրությամբ նախատեսված՝ հիմնադրամի այլ մարմինների ձևավորումը.

10) սույն կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, կանոնադրության փոփոխությունը, կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին որոշումների ընդունումը.

11) հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումը.

12) տարեկան մեկ անգամ տնօրենի հաշվետվությունները լսելը.

13) իր որոշումների կատարման ընթացքի վերահսկումը.

14) հիմնադրամի աուդիտ իրականացնող անձի (աուդիտորի) ընտրությունը.

15) հիմնադրամի կառուցվածքի հաստատումը.

16) հիմնադրամի հաստիքացուցակի հաստատումը.

17) տնօրենի աշխատանքային պայմանների և տնօրենի թեկնածուի նկատմամբ պահանջների սահմանումը.

18) իր կազմից խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրությունը.

19) «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն կանոնադրությամբ նախատեսված, ինչպես նաև հիմնադրամի այլ մարմիններին չվերապահված այլ լիազորությունների իրականացումը:

59. Հոգաբարձուների խորհրդի նախագահը`

1) կազմակերպում է հոգաբարձուների խորհրդի աշխատանքները, անհրաժեշտության դեպքում կարող է կազմավորել խորհրդի ժամանակավոր հանձնախմբեր, սույն կանոնադրությամբ նախատեսված՝ հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկման (ստուգում, ուսումնասիրում և այլն) իրականացման և սույն կանոնադրությամբ նախատեսված հարցերի նախնական քննարկման և դրանց վերաբերյալ հոգաբարձուների խորհրդին եզրակացություններ (տեղեկանքներ) ներկայացնելու համար.

2) գումարում է հոգաբարձուների խորհրդի նիստերը և նախագահում դրանք.

3) կազմակերպում է նիստերի արձանագրության վարումը.

4) հոգաբարձուների խորհրդի քննարկմանն է ներկայացնում հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծ` օրենքով նախատեսված դեպքերում.

5) տնօրենի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր:

60. Հոգաբարձուների խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները, հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, կատարում է անդամներից մեկը:

61. Հիմնադրամի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է տնօրենը, որին ընտրում և պաշտոնից ազատում է հոգաբարձուների խորհուրդը:

62. Տնօրենի տեղակալներին նշանակում և պաշտոնից ազատում է տնօրենը` հոգաբարձուների խորհրդի համաձայնությամբ:

63. Տնօրենը`

1) կազմակերպում է խորհրդի որոշումների կատարումը.

2) տնօրինում է հիմնադրամի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները, գործարքներ է կնքում հիմնադրամի անունից.

3) ներկայացնում է հիմնադրամը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.

4) հիմնադրամի անունից հանդես է գալիս առանց լիազորագրի.

5) տալիս է լիազորագրեր.

6) կնքում է պայմանագրեր մինչև մեկ մլն դրամ կամ դրան համարժեք այլ արտարժույթի չափով: Նշված սահմանաչափը գերազանցող պայմանագրերը ենթակա են հաստատման հոգաբարձուների խորհրդի կողմից.

7) բանկերում բացում է հիմնադրամի հաշվարկային (այդ թվում` արտարժութային) և այլ հաշիվներ.

8) խորհրդի հաստատմանն է ներկայացնում հիմնադրամի աշխատանքային ներքին կանոնակարգը, առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և հիմնադրամի կողմից հիմնադրվող տնտեսական ընկերությունների կանոնադրությունները, հիմնադրամի վարչակազմակերպական կառուցվածքը, հաստիքացուցակը.

9) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

10) սահմանված կարգով աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է հիմնադրամի աշխատողներին, նրանց հետ կնքում է աշխատանքային պայմանագրեր.

11) հիմնադրամի աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ.

12) հաշվետու է խորհրդին.

13) ընդունում է որոշում կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի արժեքի մինչև 20 տոկոսը կազմող արժեքով ուղղակիորեն կամ անուղղակիորեն գույք ձեռք բերելու, օտարելու կամ օտարելու հնարավորության հետ կապված գործարքներ կատարելու մասին: Հիմնադրամի ակտիվների արժեքի 20 տոկոսից ավելին գերազանցող գործարքները կնքվում են հոգաբարձուների խորհրդի համաձայնությամբ:

64. Հիմնադրամի տնօրենն այլ կազմակերպություններում կարող է զբաղեցնել վճարովի պաշտոններ՝ միայն խորհրդի համաձայնությամբ:

65. Տնօրենի պաշտոնին կարող է ընտրվել Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, ով ունի բարձրագույն կրթություն:

66. Տնօրեն չի կարող ընտրվել այն անձը`

1) ով դատապարտվել է հանցագործություն կատարելու համար, և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ.

2) ում օրենքի համաձայն արգելվում է ղեկավար պաշտոններ զբաղեցնել.

3) ով նախընթաց 3 տարիների ընթացքում եղել է սնանկանալու պատճառով լուծարված և իրենց պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավարը:

67. Տնօրեն ընտրված անձի լիազորությունները դադարեցվում են հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, եթե`

1) նա դիմում է դրա մասին.

2) լրացել է նրա 65 տարին.

3) նա իր գրավոր համաձայնությամբ ընտրվել կամ նշանակվել է այլ պաշտոնում կամ անցել է իր պաշտոնի հետ անհամատեղելի այլ աշխատանքի.

4) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով նա ավելի քան չորս ամիս անընդմեջ չի ներկայացել աշխատանքի.

5) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա նա ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած:

68. Տնօրենի լիազորությունները դադարում են նրա մահվամբ:

 

IX. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ

 

69. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է յուրաքանչյուր 2 ամիսը մեկ անգամ` գումարվող հերթական նիստերի միջոցով: Խորհրդի արտահերթ նիստ գումարում է խորհրդի նախագահը` իր կամ խորհրդի անդամների առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: Խորհրդի քարտուղարը 3 աշխատանքային օրվա ընթացքում խորհրդի արտահերթ նիստի օրակարգի և ժամկետի մասին գրավոր տեղեկացնում է խորհրդի անդամներին:

70. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին: Քվեարկության ժամանակ խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն: Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ:

71. Եթե խորհրդի նիստում քննարկվում է հիմնադրամի խորհրդի որևէ անդամի կամ նրա հետ փոխկապակցված անձի (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր), գույքային կամ այլ շահերի վերաբերյալ հարց, ապա խորհրդի տվյալ անդամը քվեարկությանը չի մասնակցում:

72. Խորհրդի նախագահի, հիմնադրամի տնօրենի ընտրության և պաշտոնից ազատման, ինչպես նաև հիմնադրամի անվանման փոփոխության, լուծարման և կանոնադրության փոփոխության կամ նոր խմբագրությամբ հաստատման մասին որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Հիմնադրամի վերակազմակերպման մասին որոշումներն ընդունում է հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների որակյալ (2/3) մեծամասնությամբ:

73. Խորհրդի անդամները կարող են նիստերին մասնակցել նաև ուղիղ հեռակապի միջոցով:

74. Խորհրդի նիստերին պարտադիր մասնակցում է հիմնադրամի տնօրենը` խորհրդակցական ձայնի իրավունքով:

75. Հիմնադրամի տնօրենը որոշումներն ընդունում է ինքնուրույն` ելնելով խորհրդի որոշումներից և հիմնադրամի շահերից:

76. Խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել հրավիրված անձինք:

77. Խորհրդի նիստերն արձանագրվում են: Արձանագրությունն ստորագրում են տվյալ նիստին մասնակցող խորհրդի բոլոր անդամները:

 

X. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ

 

78. Հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կարող է կատարել ինչպես հիմնադրամի հիմնադիրը, այնպես էլ հիմնադրամի խորհուրդը` սույն կանոնադրությամբ սահմանված կարգով: Կանոնադրության այդ փոփոխությունները չեն կարող վերաբերել հիմնադրամի նպատակներին կամ շահառուներին: Կանոնադրության 17-րդ կետը և 63-րդ կետի 6-րդ և 13-րդ ենթակետերը կարող են փոփոխվել միայն հիմնադրամի հիմնադրի որոշմամբ:

 

XI. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

79. Հիմնադրամն ինքնուրույն է պլանավորում իր գործունեությունը, մշակում զարգացման հեռանկարները և ընդունում իր գործունեության վերաբերյալ որոշումներ:

80. Հիմնադրամի` այլ իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ գործունեության բոլոր հարաբերություններն իրականացվում են պայմանագրային հիմունքներով:

81. Հիմնադրամն ինքնուրույն է ընտրում իր կողմից կնքվող պայմանագրերի առարկան և պայմանները:

82. Իր կանոնադրական գործունեությունն իրականացնելիս` հիմնադրամն իրավունք ունի սեփական նախաձեռնությամբ ընդունելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող ցանկացած որոշում:

 

XII. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ

 

83. Հիմնադրամի գործունեության նկատմամբ վերահսկողություն են իրականացնում հիմնադիրը, հիմնադրի կողմից լիազորված, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ պետական կառավարման մարմինները:

84. Հիմնադրամի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, իսկ օրենքով սահմանված դեպքում` նաև այլ իրավասու պետական մարմիններ` իրենց իրավասություններին և ստուգումների ու ուսումնասիրությունների` օրենքով նախատեսված ընթացակարգերին համապատասխան: Հիմնադրամի ֆինանսական գործունեության վերստուգումը կատարվում է անկախ աուդիտորի կողմից` առնվազն յուրաքանչյուր տարին մեկ անգամ: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների մեկ երրորդի պահանջով կարող է կատարվել արտահերթ աուդիտ: Անկախ աուդիտորն ընտրվում է մրցութային կարգով և հաստատվում հիմնադրամի խորհրդի կողմից:

85. Յուրաքանչյուր տարի հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ հիմնադրամն իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տեղեկություններ հրապարակող մամուլում պարտավոր է հրապարակել`

1) հաշվետվություն իր գործունեության մասին: Հաշվետվությունը պետք է պարունակի տեղեկություններ իրականացված ծրագրերի, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափի, հոգաբարձուների խորհրդի անդամների, տնօրենի և հիմնադրամի աշխատակազմում ընդգրկված անձանց անուններն ու ազգանունները, եթե նրանք օգտվել են հիմնադրամի միջոցներից և ծառայություններից հաշվետու տարվա ընթացքում.

2) ֆինանսական հաշվետվությունների մասին աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) եզրակացությունը, եթե հիմնադրամի ակտիվների արժեքը գերազանցում է 10 մլն դրամը:

 

XIII. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

86. Հիմնադրամը կարող է վերակազմակերպվել միայն հիմնադրամի` այլ հիմնադրամի միացման կամ այլ հիմնադրամի հետ միաձուլման ձևով:

87. Հիմնադրամի վերակազմակերպումը կատարվում է հիմնադրի որոշմամբ` օրենքով սահմանված կարգով:

88. Հիմնադրամի լուծարումը նրա գործունեության դադարումն է` առանց նրա իրավունքներն ու պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:

89. Հիմնադրամի լուծարման մասին որոշում կարող է ընդունել միայն դատարանը` շահագրգիռ անձանց դիմումով: Հիմնադրամի անունից որպես շահագրգիռ անձ կարող է հանդես գալ հոգաբարձուների խորհուրդը:

90. Հիմնադրամը կարող է լուծարվել, եթե`

1) հիմնադրամի գույքը բավարար չէ նրա գործունեության իրականացման համար, և անհրաժեշտ գույք ստանալու հնարավորությունն իրական չէ.

2) հիմնադրամն իր գործունեությամբ շեղվել է կանոնադրությամբ նախատեսված նպատակներից.

3) հնարավոր չէ հասնել հիմնադրամի նպատակներին և կատարել այդ նպատակների փոփոխություններ.

4) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

91. Հիմնադրամը լուծարվում է օրենքով սահմանված կարգով:

92. Պարտատերերի կողմից պահանջների բավարարումից հետո, ինչպես նաև այն դեպքում, երբ լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատելու պահին հիմնադրամը չունի պարտավորություններ պարտատերերի նկատմամբ, գույքն ուղղվում է հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան