Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 42-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.12.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2011.12.26/29(412).1 Հատուկ բաժին
Принят
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով
Дата принятия
05.12.2011
Подписан
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ
Дата подписания
05.12.2011
Дата вступления в силу
06.12.2011

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

5 դեկտեմբերի 2011 թ.
ք. Երևան

թիվ 42-Ա 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

Հեռուստատեսության ԵՎ ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ ընկերության նկատմամբ վարչական տույժ կիրառելու մասին

 

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) աշխատակազմի ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության վերահսկողության բաժնի կողմից իրականացված մոնիտորինգի արդյունքներով 17.11.2011թ. արձանագրվել է, որ «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ ընկերության կողմից խախտվել է «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պարտավորությունը՝ ռադիոհեռուստատեսային հաղորդման ընթացքում հեռարձակել գովազդ յուրաքանչյուր 1 եթերային ժամի հաշվով 14 րոպեից ոչ ավելի տևողությամբ։ Մասնավորապես, «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ ընկերության կողմից 2011թ. հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին հեռարձակված գովազդի տևողությունը մեկ եթերային ժամի հաշվով որոշ դեպքերում գերազանցել է 14 րոպեն՝ հոկտեմբերի 27-ին ժամը 21:00-22:00 միջակայքում հեռարձակված գովազդի տևողությունը կազմել է 15 րոպե 31 վայրկյան, նոյեմբերի 13-ին ժամը 18:00-19:00 միջակայքում հեռարձակված գովազդի տևողությունը կազմել է 16 րոպե 16 վայրկյան, նոյեմբերի 16-ին ժամը 14:00-15:00 միջակայքում հեռարձակված գովազդի տևողությունը կազմել է 16 րոպե 33 վայրկյան։ Ստուգաչափումները իրականացվել են Հանձնաժողովին պատկանող 82351612 գործարանային համարի ԽՍՀՄ արտադրության, ինչպես նաև առանց գործարանային համարի Չինաստանի արտադրության վայրկենաչափերով, որոնք ՀՀ չափագիտության ազգային ինստիտուտի կողմից տրված համապատասխանաբար թիվ 018555 և 018556 ստուգաչափման մասին վկայականների համաձայն թույլատրվում է կիրառել որպես չափման միջոց։

Հարուցված վարչական վարույթի ընթացքում «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ ընկերությունը, ինչպես իր գրավոր բացատրություններում, այնպես էլ վերջինիս ներկայացուցչի բանավոր բացատրություններում, հերքել է խախտման փաստը և պնդել, որ «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ ընկերությունը որպես սեփական հաղորդում է դիտարկում «ԱԼԱ ԲԱԼԱ ՆԻՑԱ», ինչպես նան «ՓԵՍԱՑՈՒՆ ԿՐԿԵՍԻՑ» գեղարվեստական ֆիլմերը և դրանց մասին համապատասխան տեղեկատվության տարածումը իր եթերով համարում է ոչ թե գովազդ, այլ անոնս, և եթե այդ տեղեկատվության տարածման ժամանակահատվածը հանվի դիտարկվող գովազդի ընդհանուր ժամանակահատվածից, ապա գովազդի տևողությանը վերաբերող օրենսդրության պահանջները խախտված չեն լինի։ Միաժամանակ «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ ընկերության ներկայացուցիչը ընդունել է, որ վերոհիշյալ գեղարվեստական ֆիլմերը մոտակա ժամանակաշրջանում իրենց եթերում չեն հեռարձակվելու, ավելին, գովազդում հատուկ նշվել է, որ Ամանորյա տոներին դրանք չեն ցուցադրվելու։ Սակայն, ներկայացուցիչը նաև պնդեց. քանի որ իրենց կողմից հեռարձակված տեղեկություններում որևէ նշում չկար, թե երբ և որտեղ են ցուցադրվելու այդ ֆիլմերը, ապա դրանք չեն կարող համարվել գովազդ, թեև իրենց կողմից հեռարձակված գովազդային բլոկներում տեղեկություն է եղել նաև այդ ֆիլմերի ցուցադրման վայրի և ցուցադրումը սկսելու ժամանակի վերաբերյալ, բայց այդպիսի տեղեկություն պարունակող նյութի ցուցադրումը իրենք համարել են գովազդ և ներառել գովազդի համար սահմանված ժամանակահատվածի մեջ։

Հանձնաժողովի անդամները, գնահատելով վարչական վարույթում առկա ապացույցները՝ Հանձնաժողովի աշխատակազմի ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության վերահսկողության բաժնի կողմից 17.11.2011թ. ներկայացված զեկուցագիրը՝ իրավախախտման փաստի հայտնաբերման վերաբերյալ, «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ ընկերության տնօրենի գրավոր բացատրությունը, վերջինիս ներկայացուցչի բանավոր բացատրությունները, գովազդային հոլովակների տեսագրությունները, ստուգաչափման արձանագրությունը, ինչպես նաև չափման գործիքների ստուգաչափման մասին վկայականները, հանգել են հետևյալ եզրակացությանը.

1. Հանձնաժողովը արձանագրում է, որ «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ ընկերության կողմից 2011թ. հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին հեռարձակված գովազդի տևողությունը մեկ եթերային ժամի հաշվով որոշ դեպքերում գերազանցել է 14 րոպեն՝ հոկտեմբերի 27-ին ժամը 21:00-22:00 միջակայքում հեռարձակված գովազդի տևողությունը կազմել է 15 րոպե 31 վայրկյան, նոյեմբերի 13-ին ժամը 18:00-19:00 միջակայքում հեռարձակված գովազդի տևողությունը կազմել է 16 րոպե 16 վայրկյան, նոյեմբերի 16-ին ժամը 14:00-15:00 միջակայքում հեռարձակված գովազդի տևողությունը կազմել է 16 րոպե 33 վայրկյան։

2. Հանձնաժողովը ընդունում է, որ «ԱԼԱ ԲԱԼԱ ՆԻՑԱ», ինչպես նաև «ՓԵՍԱՑՈՒՆ ԿՐԿԵՍԻՑ» գեղարվեստական ֆիլմերը հանդիսանում են «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ ընկերության սեփական արտադրանքը։

3. Հանձնաժողովը արձանագրում է, որ դիտարկվող ժամանակաշրջանում «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ ընկերության կողմից «ԱԼԱ ԲԱԼԱ ՆԻՑԱ», ինչպես նաև «ՓԵՍԱՑՈՒՆ ԿՐԿԵՍԻՑ» գեղարվեստական ֆիլմերի մասին տարածվել են երկու տեսակի տեղեկություններ։ Տեղեկությունների որոշ մասում նշվել է վերոհիշյալ գեղարվեստական ֆիլմերի ցուցադրման վայրի և ցուցադրումը սկսելու ժամանակահատվածի վերաբերյալ, և «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ ընկերության կողմից այդ տեղեկությունները հաշվարկվել են գովազդի ընդհանուր ժամանակահատվածում։ Տեղեկությունների երկրորդ՝ առավել մեծ ծավալով հեռարձակված հատվածում, նշում չի եղել վերոհիշյալ գեղարվեստական ֆիլմերի ցուցադրման վայրի և ցուցադրումը սկսելու ժամանակահատվածի վերաբերյալ, սակայն նշվել է, որ չեն ցուցադրվելու Ամանորյա հաղորդումների ժամանակ։ Հանձնաժողովը ընդունում է, որ եթե երկրորդ խումբ տեղեկությունների տարածման ժամանակահատվածը հանվի գովազդի ընդհանուր տևողությունից, ապա գովազդի տևողությանը վերաբերող ՀՀ օրենսդրության պահանջները խախտված չեն լինի, սակայն Հանձնաժողովը հիմնավոր չի համարում այդ կապակցությամբ «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ ընկերության կողմից տրված բացատրությունները, քանի որ.

ա) «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն գովազդ է սահմանվել՝ «...տարբեր տեսակի տեղեկատվական միջոցների օգնությամբ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց, ապրանքների, գաղափարների կամ նախաձեռնությունների մասին տեղեկությունների տարածումն անորոշ թվով անձանց շրջանում, որը կոչված է ձևավորելու կամ պահպանելու հետաքրքրությունը տվյալ ֆիզիկական և իրավաբանական անձի, ապրանքների կամ նախաձեռնությունների նկատմամբ։»: Հետևաբար, Հանձնաժողովը արձանագրում է, որ վերոհիշյալ օրենսդրական նորմում որևէ կետ սահմանված չէ առ այն, որ եթե տեղեկություններում նշված չէ գովազդի առարկայի իրացման կամ սպառողների կողմից այն ձեռք բերելու ժամանակը և կարգը, ապա այն չի կարող համարվել գովազդ և պետք է համարվի անոնս, ինչպես պնդում էր «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ ընկերության ներկայացուցիչը։

բ) Հանձնաժողովը չի գտնում, որ «Գովազդի մասին» ՀՀ օրենքում «գովազդ» հասկացությունը ոչ ամբողջական է և այդ տեղեկատվության տարածումը հակասում է սեփական և հայրենական արտադրության հաղորդումների գերակայության սկզբունքին, որն ամրագրված է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ Օրենք)։ Մասնավորապես, Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն՝ «հեռուստառադիոհաղորդում հեռուստատեսությամբ կամ ռադիոյով տարածվող պատկերներ և (կամ) հնչյուններ և (կամ) այլ տեղեկատվություն պարունակող կենդանի կատարման կամ ամրագրված սահմանափակ տևողությամբ նյութ, որը բովանդակության և կազմակերպչական իմաստով ինքնուրույն և ավարտուն է, համարվում է հեղինակային և (կամ) հարակից իրավունքի օբյեկտ.», իսկ նույն հոդվածի 7-րդ պարբերության համաձայն՝ «հայրենական արտադրության հեռուստառադիոհաղորդում Հայաստանի Հանրապետությունում գործող հեռուստառադիոհաղորդումներ արտադրող ընկերությունների կողմից կամ Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կամ իրավաբանական անձի պատվերով արտադրված կամ հայերեն թարգմանված հաղորդում.», հետևաբար, հայրենական արտադրության հեռուստառադիոհաղորդում ճանաչվելու համար անհրաժեշտ նախապայման է ոչ միայն, որ տվյալ հաղորդումը արտադրված կամ թարգմանված լինի հեռուստաընկերության կամ Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կամ իրավաբանական անձի պատվերով, այլ, որ այն տարածվի հեռուստատեսությամբ կամ ռադիոյով։ Մինչդեռ Հանձնաժողովը արձանագրում է, որ «ԱԼԱ ԲԱԼԱ ՆԻՑԱ», ինչպես նաև «ՓԵՍԱՑՈԻՆ ԿՐԿԵՍԻՑ» գեղարվեստական ֆիլմերը թեև հանդիսանում են «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ ընկերության սեփական արտադրանք, սակայն չեն հանդիսանում հեռուստառադիոհաղորդում, քանի որ չեն տարածվել կամ մոտակա ժամանակաշրջանում չեն տարածվելու հեռուստատեսությամբ, հետևաբար, վերոհիշյալ գեղարվեստական ֆիլմերի մասին տեղեկությունների տարածումը չի կարող համարվել հեռուստառադիոհաղորդման անոնս և հանձնաժողովը այն դիտարկում է որպես գովազդ, որն ուղղված է սպառողի մոտ այդ արտադրանքի նկատմամբ հետաքրքրության առաջացմանը։ Ընդ որում, Հանձնաժողովը «գովազդ» հասկացության ձևակերպումը ՀՀ օրենսդրության մեջ համարում է բավարար չափով հստակորեն ձևակերպված՝ օրենսդիրը, ցանկացած տեղեկատվական միջոցների օգնությամբ ապրանքների մասին տեղեկությունների տարածումը անորոշ անձանց շրջանակում համարել է գովազդ, եթե դա նպաստում է ձևավորելու կամ պահպանելու հետաքրքրությունը այդ ապրանքների նկատմամբ։ Հանձնաժողովը գտնում է, որ նշված բոլոր պայմանները այս դեպքում առկա են՝ առկա է արտադրանք և առկա է տեղեկատվական միջոցների օգնությամբ դրա նկատմամբ հետաքրքրության ձևավորման կամ պահպանելու նպատակով տեղեկությունների տարածում։

Միաժամանակ, Հանձնաժողովը ընդունելի չի համարում, որ գովազդ ճանաչվելու համար անհրաժեշտ նախապայման է գովազդվող արտադրանքի ձեռքբերման կարգի մասին տեղեկությունների առկայությունը և արձանագրում է, որ այդ վիճարկվող տեղեկությունների տարածմամբ և հետաքրքրության առաջացման պայմաններում սպառողը ինքը կարող է գովազդային վահանակների կամ այլ միջոցներով կատարված գովազդից պարզել այդ գեղարվեստական ֆիլմերի ցուցադրման տեղը և ժամանակը, հաշվի առնելով, որ «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ ընկերության կողմից հեռարձակված տեղեկությունների առաջին խմբում արդեն իսկ այդ տեղեկությունները որոշակի առումով առկա էին։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով, 19-րդ հոդվածով, 36-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով, 44-րդ հոդվածով, 58-րդ հոդվածով, 60-րդ հոդվածի 10-րդ մասով և «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 19-60-րդ հոդվածներով, Հանձնաժողովը որոշում է.

1. «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ ընկերության նկատմամբ կիրառել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված տույժը՝ տուգանելով նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ ընկերությանը հանձնելու օրվան հաջորդող օրվանից։

3. Սույն որոշումը ենթակա է բողոքարկման ՀՀ վարչական դատարան՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում։

 

Նախագահ

Գ. Ամալյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան