ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 դեկտեմբերի 2011 թվականի N 1769-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 198-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործավարության կարգը հաստատելու մասին» N 198-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշումը 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին կետով.
«2.1. Սահմանել, որ պետական կառավարման մարմինները միմյանց հետ գրագրություն (պատասխան ակնկալող գրություններ) իրականացնում են առավելագույնը 7 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ լրացուցիչ ուսումնասիրություններ, հիմնավորումներ պահանջող հարցերի դեպքում` առավելագույնը ևս 3 աշխատանքային օրվա ընթացքում` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերի: Սահմանված ժամկետներում պատասխան չստանալու դեպքում պատասխան ակնկալող գրության հեղինակ հանդիսացող պետական կառավարման մարմինը դրա մասին գրավոր տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետին:».
2) որոշման 1-ին կետով հաստատված կարգում`
ա. 15-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 15.1-ին կետով.
«15.1. Եթե Հայաստանի Հանրապետության օրենքների և Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, կառավարության և վարչապետի որոշումների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և մյուս շահագրգիռ մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում առարկություններ և առաջարկություններ չեն ստացվում, ապա դա համարվում է տվյալ մարմնի կողմից նախագծի վերաբերյալ տրված դրական կարծիք և նախագիծն առանց դրանց կարող է ներկայացվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:»,
բ. կարգը 33-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 33.1-ին և 33.2-րդ կետերով.
«33.1. Արձանագրությունները կազմվում, խմբագրվում և Հայաստանի Հանրապետության կառավարության նիստը վարողին են ներկայացվում ստորագրման ոչ ուշ, քան նիստի անցկացման հաջորդ աշխատանքային օրը:
33.2. Արձանագրությունը Հայաստանի Հանրապետության կառավարության նիստը վարողի կողմից ստորագրվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ էլեկտրոնային և թղթային տարբերակներով առաքվում է հասցեատերերին:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|