ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ՏԴ2/0081/02/11 2011թ. |
Քաղաքացիական գործ թիվ ՏԴ2/0081/02/11 |
|
Նախագահող դատավոր՝ Ն. Տավարացյան | |
Դատավորներ` Ս. Միքայելյան |
|
Դ. Խաչատրյան |
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Տ. Պետրոսյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2011 թվականի դեկտեմբերի 27-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ Տավուշի մարզի Բերդի քաղաքապետի (այսուհետ` Քաղաքապետ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.07.2011 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Տանյա Մելիքյանի ընդդեմ Քաղաքապետի` աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումար վճարելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Տանյա Մելիքյանը պահանջել է վերականգնել նախկին աշխատանքում` Բերդի քաղաքային համայնքի մշակույթի տան տնօրենի պաշտոնում, ինչպես նաև Քաղաքապետից բռնագանձել հարկադիր պարապուրդի գումարը:
ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (դատավոր` Զ. Զաքինյան) (այսուհետ` Դատարան) 24.05.2011 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.07.2011 թվականի որոշմամբ Քաղաքապետի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 24.05.2011 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քաղաքապետը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 14-րդ, 15-րդ կետերը, 28-րդ հոդվածը, 32-րդ հոդվածի 3-րդ կետը, որոնք պետք է կիրառեր, կիրառել է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 9-րդ կետը, որը չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 53-րդ, 131-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ համայնքում գործող կազմակերպությունների կազմակերպաիրավական ձևերը հստակ տարանջատված են` բյուջետային հիմնարկներ, առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններ, որոնց ղեկավարների նշանակման և ազատման կարգը ևս տարանջատված է: Այսպես` համայնքի ավագանին համաձայնություն է տալիս միայն բյուջետային հիմնարկների ղեկավարների նշանակմանն ու ազատմանը, իսկ ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների ազատման համար համայնքի ավագանու համաձայնությունը պարտադիր չէ: Բերդի քաղաքային համայնքի մշակույթի տունը համայնքային ոչ առևտրային կազմակերպություն է, հետևաբար, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 9-րդ կետը, որը սահմանում է բյուջետային հիմնարկի ղեկավարի նշանակման և ազատման կարգը, տվյալ պարագայում կիրառելի չէ: Մինչդեռ, Դատարանը, չպարզելով նշված մշակույթի տան կազմակերպաիրավական կարգավիճակը, առանց դրա վերաբերյալ որևէ ապացույցի հետազոտման հաստատված է համարել Տանյա Մելիքյանի` բյուջետային հիմնարկի ղեկավար լինելու փաստը այն դեպքում, երբ դատաքննության ընթացքում այդ հարցն ընդհանրապես քննության առարկա չի դարձվել: Հետևաբար, բողոք բերած անձը մշակույթի տան կազմակերպաիրավական ձևի վերաբերյալ ապացույց չի ներկայացրել, քանի որ հստակ իմացել է դրա կարգավիճակի մասին:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29.07.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Քաղաքապետի 21.02.2007 թվականի թիվ 6 հրամանի և նույն օրը կնքված աշխատանքային պայմանագրի համաձայն` Տանյա Մելիքյանը նշանակվել է Բերդի քաղաքային մշակույթի տան տնօրենի պաշտոնում (հատոր 1-ին, գ.թ. 8, 14-15):
2) Քաղաքապետի 11.03.2011 թվականի խորհրդակցության թիվ 2 արձանագրությունից և «2011թ. մարտի 4-ին և 10-ին համայնքային ենթակայության հիմնարկներում աշխատանքային կարգապահության ստուգումների արդյունքների մասին» տեղեկանքից քաղվածքների համաձայն` մարտի 4-ին` ժամը 11-ին, մշակույթի տան տասներեք աշխատողներից աշխատանքի վայրում եղել են վեցը, բացակայել է տնօրենը: Մարտի 10-ին` ժամը 11:45-ին, աշխատանքի վայրում եղել են վեց աշխատողներ, բացակայել է տնօրենը: Դեռ ավելին, մարտի 10-ին տնօրենն անհարգելի պատճառով աշխատանքի չի ներկայացել ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում (հատոր 1-ին, գ.թ. 53, 57):
3) Բերդի քաղաքապետարանի 04.04.2011 թվականի թիվ 2-04 տեղեկանքի համաձայն` Տանյա Մելիքյանը մարտի 10-ին ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում աշխատանքի չի ներկայացել: Այդ օրը ժամը 16:45-ին վերջինս քաղաքապետարանում բանավոր հայտարարություն է արել աշխատանքի չներկայանալու պատճառի մասին և հրաժարվել է գրավոր բացատրություն տալ (հատոր 1-ին, գ.թ. 9):
4) Քաղաքապետի 14.03.2011 թվականի թիվ 14-Ա կարգադրության համաձայն` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի հիման վրա անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում աշխատանքի չներկայանալու հիմքով լուծվել է Բերդի քաղաքային մշակույթի տան տնօրեն Տանյա Մելիքյանի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը (հատոր 1-ին, գ.թ. 58):
5) Վերաքննիչ բողոքին կից ներկայացվել են Բերդի քաղաքային մշակույթի տան կանոնադրության և իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի պատճենները, որոնց համաձայն` նշված իրավաբանական անձը համայնքային ոչ առևտրային կազմակերպություն է (հատոր 1-ին, գ.թ. 88-95):
6) Սույն գործով չի վիճարկվել Բերդի քաղաքային մշակույթի տան կազմակերպաիրավական կարգավիճակի հարցը, և այն Դատարանում քննության առարկա չի դարձել:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն` գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի` աշխատանքի չներկայանալու դեպքում:
«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 14-րդ և 15-րդ կետերի համաձայն` համայնքի ավագանին օրենքով սահմանված կարգով որոշում է կայացնում համայնքային բյուջետային հիմնարկների, համայնքի մասնակցությամբ առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների ստեղծման, վերակազմակերպման կամ լուծարման մասին, իր որոշմամբ համաձայնություն է տալիս համայնքի ղեկավարի ներկայացրած` բյուջետային հիմնարկների և ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների թեկնածուներին:
Նույն օրենքի 28-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` համայնքի ղեկավարն իր լիազորություններն իրականացնում է իր աշխատակազմի (մասնագետների, կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների), համայնքային բյուջետային հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների միջոցով, իսկ նույն հոդվածի 5-րդ կետի համաձայն` համայնքի ղեկավարն իր ներկայացմամբ և ավագանու համաձայնությամբ նշանակում է համայնքային բյուջետային հիմնարկների ղեկավարներին:
Նույն օրենքի 32-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն` համայնքի ավագանու որոշմամբ նշանակում և ազատում է համայնքի բյուջետային հիմնարկների ղեկավարներին:
«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի վերոհիշյալ նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված օրենքով հստակ տարանջատված են համայնքային ենթակայության իրավաբանական անձանց կազմակերպաիրավական ձևերը (բյուջետային հիմնարկներ, առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններ), ինչպես նաև դրանց ղեկավարների նշանակման և ազատման կարգը: Ընդ որում, օրենքը համայնքի ավագանու համաձայնությունը պարտադիր է համարում միայն բյուջետային հիմնարկների ղեկավարների նշանակման և ազատման, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների նշանակման ժամանակ, իսկ ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների ազատման համար համայնքի ավագանու համաձայնությունը չի պահանջում:
Սույն գործով Դատարանը հայցը բավարարելիս պատճառաբանել է, որ Քաղաքապետը հայցվորի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծել է առանց համայնքի ավագանու որոշման` խախտելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածով նախատեսված պահանջը, որով սահմանվում է համայնքի բյուջետային հիմնարկների ղեկավարներին համայնքի ավագանու որոշմամբ նշանակելու և ազատելու մասին համայնքի ղեկավարի պարտադիր լիազորությունը:
Վերաքննիչ դատարանը հիմնավոր է համարել Դատարանի նշված եզրահանգումը և չի անդրադարձել վերաքննիչ բողոքի այն փաստարկին, որ Դատարանն անտեսել է Բերդի մշակույթի տան` համայնքային ոչ առևտրային կազմակերպություն հանդիսանալու հանգամանքը, հետևաբար, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 9-րդ կետի պահանջը, որը սահմանում է բյուջետային հիմնարկի ղեկավարի նշանակման և ազատման կարգը, այս պարագայում կիրառելի չէ: Ընդ որում, վերաքննիչ բողոքին կից ներկայացված ապացույցներին և բողոքում հայտնված վերոգրյալ հիմնավորումներին գնահատական չտալը Վերաքննիչ դատարանը հիմնավորել է բողոք բերած անձի կողմից նշված դիրքորոշումը Դատարանում չհայտնելու հանգամանքով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` վերաքննիչ դատարանն իրավունք չունի նոր ապացույց ընդունելու և բողոքը քննելիս հիմնվում է միայն այն ապացույցների վրա, որոնք ներկայացվել են առաջին ատյանի դատարանին: Եթե առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ ապացույցը չի ներկայացվել կողմերի կամքից անկախ հանգամանքներով, ապա վերաքննիչ դատարանը բեկանում է գործը և այն ուղարկում համապատասխան առաջին ատյանի դատարան` նոր քննության, եթե գտնում է, որ ապացույցն էական նշանակություն ունի գործի լուծման համար:
Տվյալ նորմի վերլուծությունից հետևում է, որ Վերաքննիչ դատարանում նոր ապացույցների ընդունումն օրենսդիրը պայմանավորել է որոշակի բացառությամբ, այն է՝ եթե
- առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ ապացույցը չի ներկայացվել կողմերի կամքից անկախ հանգամանքներով և
- ապացույցն էական նշանակություն ունի գործի լուծման համար (տե՛ս ըստ հայցի «Ագուր-Քոմփ» ՍՊԸ-ի հիմնադիր անդամ Գոմիդաս Հարթունյանի ընդդեմ ընկերության, ընկերության հիմնադիր անդամ և տնօրեն Ռաֆայել Մկրտչյանի, ընկերության հիմնադիր անդամ Գուրգեն Մարտիրոսյանի` ընկերությունից դուրս գալու, բաժնեմասն առանձնացնելու և որպես դրա հետևանք նրա գրանցման վայրն իր տարածքից հանելու պահանջի մասին քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 14.10.2011 թվականի թիվ ԵԱԴԴ/0832/02/09 որոշումը):
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Բերդի քաղաքային մշակույթի տան կազմակերպաիրավական կարգավիճակի հարցը չվիճարկվելու և այն Դատարանում քննության առարկա չդարձվելու պայմաններում Քաղաքապետը դրա վերաբերյալ Դատարանում դիրքորոշում չէր կարող հայտնել և համապատասխան ապացույցներ չի ներկայացրել իր կամքից անկախ հանգամանքներով:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը պետք է վերաքննիչ բողոքին կից ներկայացված Բերդի քաղաքային մշակույթի տան կանոնադրության և իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի պատճենների հիման վրա բեկաներ Դատարանի վճիռը և գործն ուղարկեր նոր քննության, քանի որ նշված ապացույցների համաձայն` Բերդի քաղաքային մշակույթի տունը համայնքային ոչ առևտրային կազմակերպություն է, որպիսի հանգամանքն էական նշանակություն ունի սույն գործի լուծման համար:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.07.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Տ. Պետրոսյան | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Է. Հայրիյան | ||
Ե. Սողոմոնյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|