ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0060/04/10 2011թ. |
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0060/04/10 |
|
Նախագահող դատավոր՝ Տ. Նազարյան | |
Դատավորներ` Կ. Հակոբյան |
|
Տ. Սահակյան |
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Մ. Դրմեյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2011 թվականի դեկտեմբերի 27-ին
դռնբաց դատական նիստում, քննելով «Գլոբալ Գոլդ Հանքավան» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.03.2011 թվականի որոշման դեմ՝ ըստ դիմումի «Վահան ԵՀԱ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Կազմակերպություն) ընդդեմ Ընկերության՝ սնանկ ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Կազմակերպությունը պահանջել է Ընկերությանը սնանկ ճանաչել:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Սուքոյան) (այսուհետ՝ Դատարան) 17.12.2010 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 25.03.2011 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 17.12.2010 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ, 132-րդ հոդվածների պահանջները, սխալ է մեկնաբանել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը, չի կիրառել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է սույն գործում առկա՝ Կազմակերպության և Ընկերության միջև 17.09.2007 թվականին կնքված աշխատանքի կատարման թիվ 66H-07 պայմանագրի 9.3 կետը, որի համաձայն` բոլոր վեճերը, որոնք ծագում են սույն պայմանագրից կամ նրա հետ կապված, պետք է նախ և առաջ քննարկվեն Կատարողի և Պատվիրատուի լիազորված ներկայացուցիչների կողմից` բարի կամքի համաձայն լուծում գտնելու նպատակով: Եթե սույն պայմանագրի կողմերը ի վիճակի չեն այդ վեճը լուծել որևէ կողմի կողմից մյուս կողմին վեճի մասին գրավոր ծանուցելուց հետո երեսուն (30) օրվա ընթացքում, ապա այդ վեճը պետք է լուծվի իրավասու դատարանի կողմից` գործող օրենսդրությանը համապատասխան:
Մինչդեռ, դիմողը վճարման կապակցությամբ Ընկերությանը երբևէ գրավոր ծանուցում չի տվել և ենթադրյալ վեճը լուծելու որևէ փորձ չի ձեռնարկել, հետևաբար վերջինիս նման գործելակերպը վկայում է այն մասին, որ կամ Ընկերության հետ որևէ վեճ չի ունեցել, կամ ի սկզբանե նպատակ չի ունեցել լուծում գտնել բարի կամքի համաձայն:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն գործում առկա չէ որևէ ապացույց, որը կհաստատեր, որ Ընկերությունն ի վիճակի չէ կատարելու իր դրամական պարտավորությունները: Առկա ապացույցներով ընդամենը հաստատվել է, որ Ընկերությունը չի կատարել իր պայմանագրային պարտավորությունների մի մասը, ինչն ամենևին չի նշանակում, որ Ընկերությունն ընդհանրապես ի վիճակի չէ կատարելու դրանք, առավել ևս, որ կատարված պարտավորությունների ծավալը կազմում է ավելի քան 170.000.000 ՀՀ դրամ:
Այսպիսով, Վերաքննիչ դատարանը Ընկերությանը սնանկ ճանաչելու որոշում է կայացրել՝ դրա համար չունենալով անհրաժեշտ փաստական և իրավական հիմքեր:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ դատական ակտի հիմքում դրված ապացույցները պարզ և հստակ ցույց են տալիս, որ Դատարանն Ընկերության անվճարունակության փաստը քննարկելու փոխարեն ընդամենը պարզել է դիմողի առջև վճարային պարտավորություն ունենալու հանգամանքը, ինչը բավարար չէ իրավաբանական անձին սնանկ ճանաչելու համար:
Ավելին, ներկայումս Ընկերությունն ամբողջությամբ մարել է դիմողի հանդեպ ունեցած իր վճարային պարտավորությունները, այն է՝ վճարել է դիմողի կողմից սնանկության վարույթ հարուցելու համար հիմք հանդիսացած 23.249.681 ՀՀ դրամը, որն էլ կրկին վկայում է այն մասին, որ բացակայում են Ընկերությանը սնանկ ճանաչելու հիմքերը, այսինքն` կողմերի միջև վեճն ըստ էության սպառվել է, որն էլ հիմք է գործի վարույթը կարճելու համար:
Միաժամանակ, ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 3-րդ մասով՝ որպես իրավական փաստարկ պետք է հիմք ընդունել ՀՀ վճռաբեկ դատարանի 21.12.2006 թվականի որոշումը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.03.2011 թվականի որոշումը և գործի վարույթը կարճել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
1. Կազմակերպության և Ընկերության միջև 17.09.2007 թվականին կնքված աշխատանքի կատարման թիվ 66H-07 պայմանագրով Կազմակերպության (այսուհետ՝ Կատարող) պարտավորվել է Ընկերության (այսուհետ՝ Պատվիրատու) համար կատարել որոշակի աշխատանք, իսկ Պատվիրատուն պարտավորվել է վճարել այդ աշխատանքի համար (1-ին հատոր, գ.թ. 12):
2. Նշված պայմանագրի 9.3 կետի համաձայն` բոլոր վեճերը, որոնք ծագում են սույն պայմանագրից կամ նրա հետ կապված, պետք է նախ և առաջ քննարկվեն Կատարողի և Պատվիրատուի լիազորված ներկայացուցիչների կողմից` բարի կամքի համաձայն լուծում գտնելու նպատակով: Եթե սույն պայմանագրի կողմերը ի վիճակի չեն այդ վեճը լուծել որևէ կողմի կողմից մյուս կողմին վեճի մասին գրավոր ծանուցելուց հետո երեսուն (30) օրվա ընթացքում, ապա այդ վեճը պետք է լուծվի իրավասու դատարանի կողմից` գործող օրենսդրությանը համապատասխան (1-ին հատոր, գ.թ. 12):
3. Վերը նշված պայմանագրի հավելված Գ-ի 4-րդ կետի համաձայն՝ Կատարողը յուրաքանչյուր ամսվա համար կատարված փաստացի հորատման աշխատանքները ներկայացնում է Պատվիրատուին մինչև հաջորդող ամսվա հինգերորդ օրը՝ ներկայացնելով հանձնման-ընդունման ակտը և կից կատարված աշխատանքների արդյունքները: Նույն պայմանագրի հավելված Բ-ի համաձայն՝ Պատվիրատուն պետք է վճարի աշխատանքի համար աշխատանքների ընդունման-հանձնման ակտը ներկայացնելուց հետո հինգ բանկային օրվա ընթացքում (1-ին հատոր, գ.թ. 23, 24):
4. Կատարված հորատման աշխատանքների վերաբերյալ 30.09.2007 թվականի թիվ 9, 31.10.2007 թվականի թիվ 11 և 30.11.2007 թվականի թիվ 13 ակտերով վճարման գին է սահմանվել թիվ 9 ակտով՝ 31.985.118 ՀՀ դրամ, թիվ 13 ակտով՝ 45.597.926 ՀՀ դրամ, թիվ 11 ակտով՝ 49.651.755 ՀՀ դրամ (1-ին հատոր, գ.թ. 6-11):
5. Սույն գործով չի վիճարկվել փաստն այն մասին, որ Պատվիրատուի կողմից վճարում է կատարվել նաև 15.05.2008 թվականին՝ 60.000.000 ՀՀ դրամ, իսկ 30.09.2008 թվականին՝ 12.000.000 ՀՀ դրամ: Պատվիրատուի պարտքը 23.09.2010 թվականի դրությամբ կազմում է 23.249.681 ՀՀ դրամ գումար (1-ին հատոր, գ.թ. 3-4):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
Իրավահարաբերության ծագման ժամանակ գործող «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանը կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով` սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկության դիմում) կամ պարտատիրոջ պահանջով (հարկադրված սնանկության դիմում), եթե պարտապանն անվճարունակ է:
Նույն օրենքի նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերի համաձայն՝ պարտապանը դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել` հարկադրված սնանկության դիմումի հիման վրա, եթե թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 30-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն): Վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ կամ եթե առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն`
ա) վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով, և բացակայում է հաշվանցի հնարավորությունը,
բ) պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը):
Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ պարտապանը կարող է պարտատիրոջ պահանջով հարկադրված սնանկության դիմումի հիման վրա դատարանի վճռով սնանկ ճանաչվել, եթե անվճարունակ է, ինչպես նաև այն դեպքում, երբ առկա է օրենքով նախատեսված չափով անվիճելի վճարային պարտավորությունների 30-օրյա կամ ավելի ժամկետով կետանց:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անհիմն է բողոք բերած անձի փաստարկն այն մասին, որ պատասխանողը կարող է սնանկ ճանաչվել միայն իր պարտավորությունների կատարման անհնարինության դեպքում:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և սույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:
Վերոնշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սնանկության գործերով, երբ վճարային պարտավորությունների համար հիմք են պայմանագրերը, էական նշանակություն ունի նաև պայմանագրային պարտավորությունների և դրանց հետ կապված վեճերի լուծման կարգի ուսումնասիրությունը: Այդ հանգամանքը կարևոր է նրանով, որ պայմանագրային պարտավորությունների չկատարումը, կետանցն անձին սնանկ ճանաչելու հիմք են:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված գործերի ենթակայությանը համապատասխան, իրականացնում է դատարանը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պայմանագրով կարող է նախատեսվել կողմերի միջև վեճի կարգավորում` մինչև դատարան դիմելը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիները և իրավաբանական անձինք ազատ են պայմանագիր կնքելիս: Պայմանագիր կնքելուն հարկադրել չի թույլատրվում, բացառությամբ այն դեպքերի, երբ պայմանագիր կնքելու պարտականությունը նախատեսված է սույն օրենսգրքով, օրենքով կամ կամովին ստանձնած պարտավորությամբ: Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն` պայմանագրի պայմանները որոշվում են կողմերի հայեցողությամբ, բացի այն դեպքերից, երբ համապատասխան պայմանի բովանդակությունը սահմանված է օրենքով կամ այլ իրավական ակտերով (հոդված 438):
Վերոնշյալ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ քաղաքացիական իրավունքների պաշտպանության համար օրենսդիրը, ի ապահովումն անձի իրավունքների դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի, նախատեսում է դատարան դիմելու հնարավորություն: Միաժամանակ, պայմանագրային հարաբերությունների դեպքում կողմերը որոշակի ազատություն ունեն ոչ միայն պայմանագիր կնքելու, պայմանագրի տեսակները, պայմանագրի պայմանները որոշելու, այլև պայմանագրի հետ կապված վեճերի լուծման կարգը սահմանելու առումով: Դա բխում է գործարարական հարաբերություններում պայմանագրի կողմերի հարաբերությունների գործընկերային բնույթից, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին կետից, որի համաձայն` քաղաքացիները և իրավաբանական անձինք իրենց պատկանող քաղաքացիական իրավունքները` ներառյալ դրանց պաշտպանության իրավունքը, իրականացնում են իրենց հայեցողությամբ: Այդ նպատակով օրենսդիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ կետով կողմերի համար նախատեսել է իրավական հնարավորություն պայմանագրով նախատեսել ծագած վեճերի կարգավորման կարգ սահմանելու հնարավորություն, մինչև դատարան դիմելը:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդրության վերոնշյալ դրույթների գործողությունն ապահովելու և անձի` դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի ապահովման հարաբերակցության նպատակով դատարանները պայմանագրային վեճեր քննելիս պետք է պարզեն նաև հետևյալ հարցը` արդյոք տվյալ պայմանագրի հետ կապված վեճի լուծման այլ կարգ է սահմանված և արդյոք այն պահպանվել է: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հանգամանքը չի խախտում անձի` իր իրավունքների դատական պաշտպանության սահմանադրական իրավունքը, քանի որ տվյալ դեպքն անձին ընդհանրապես չի զրկում իր` պայմանագրից ծագած իրավունքների խախտման համար դատարան դիմելու իրավունքից, այլ ուղղակի նախատեսում է դրա իրականացման որոշակի կարգ, որը, ելնելով պայմանագրային հարաբերությունների իմաստից, լիովին համաչափ է անձի սահմանադրական իրավունքների համատեքստում:
Սույն գործի փաստերի համաձայն՝ Կազմակերպության և Ընկերության միջև 17.09.2007 թվականին կնքված աշխատանքի կատարման թիվ 66H-07 պայմանագրի 9.3 կետի համաձայն` բոլոր վեճերը, որոնք ծագում են սույն պայմանագրից կամ նրա հետ կապված, պետք է նախ և առաջ քննարկվեն Կատարողի և Պատվիրատուի լիազորված ներկայացուցիչների կողմից` բարի կամքի համաձայն լուծում գտնելու նպատակով: Եթե սույն պայմանագրի կողմերն ի վիճակի չեն այդ վեճը լուծել որևէ կողմի կողմից մյուս կողմին վեճի մասին գրավոր ծանուցելուց հետո երեսուն (30) օրվա ընթացքում, ապա այդ վեճը պետք է լուծվի իրավասու դատարանի կողմից` գործող օրենսդրությանը համապատասխան:
Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով բողոքաբերի այն պնդմանը, թե դիմողը վճարման կապակցությամբ Ընկերությանը երբևէ գրավոր ծանուցում չի տվել և ենթադրյալ վեճը լուծելու որևէ փորձ չի ձեռնարկել, հետևաբար վերջինիս նման գործելակերպը վկայում է այն մասին, որ կամ պատասխանողի հետ որևէ վեճ չի ունեցել, կամ ի սկզբանե նպատակ չի ունեցել լուծում գտնել բարի կամքի համաձայն, արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ կետից և 11-րդ հոդվածի 1-ին կետից բխում է, որ անձն ինքն իր հայեցողությամբ է որոշում իր իրավունքների պաշտպանության եղանակը և ձևը, հետևաբար գումարի բռնագանձման պահանջ ներկայացնելու փոխարեն սնանկ ճանաչելու պահանջի ներկայացումը դեռևս չի կարող վկայել այն մասին, որ կոնկրետ անձը գործում է այլ անձին վնաս պատճառելու մտադրությամբ:
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով կողմերի համար նախատեսված իրավական հնարավորությունը, այն է` պայմանագրից բխող վեճերի կարգավորման կարգ սահմանելը, գնահատելով որպես սնանկ ճանաչելու պահանջի ներկայացման սահմանափակում, սխալ է մեկնաբանել այն: Մասնավորապես, հիմք ընդունելով վերոնշյալ իրավական հարցի վերաբերյալ վերևում ներկայացված մեկնաբանությունները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով այդ հնարավորությունն ամենևին չի սահմանափակում պարտապանի` սնանկ ճանաչելու պահանջի ներկայացման իրավունքը և այն չի ստորադասում գումարի բռնագանձման պահանջ ներկայացնելու իրավունքին: Այսինքն՝ նշված դեպքերից յուրաքանչյուրում կողմն ազատված չէ պայմանագրով նախատեսված պարտականությունը կատարելուց:
Հետևաբար, հիմք ընդունելով վերոնշյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով պետք է պարզվեր վեճի լուծման` պայմանագրով նախատեսված կարգը պահպանված լինելու հանգամանքը, որը Դատարանը չի կատարել, իսկ Վերաքննիչ դատարանը մերժել է դրա վերաբերյալ բողոքի փաստարկները` սխալ մեկնաբանելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ կետը և 11-րդ հոդվածի 1-ին կետը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.03.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Մ. Դրմեյան | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Գ. Հակոբյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |