Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.12.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.02.22/9(883).1 Հոդ.136.10
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
27.12.2011
Подписан
Նախագահող
Дата подписания
27.12.2011
Дата вступления в силу
27.12.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/0862/02/10

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/0862/02/10

2011 թ.

Նախագահող դատավոր՝    Կ. Հակոբյան

Դատավորներ՝  Տ. Սահակյան

                      Տ. Նազարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Գ. Հակոբյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Է. Հայրիյանի

 

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2011 թվականի դեկտեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.11.2010 թվականի որոշման դեմ՝ ըստ դիմումի Գերասիմ Սամվելյանի` սեփականության իրավունքով ավտոմեքենան տիրապետելու փաստը հաստատելու պահանջի մասին,

 

 ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Գերասիմ Սամվելյանը պահանջել է հաստատել 27.08.2008 թվականին թիվ 535374 փոխադրման ամփոփագրով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված «Ֆոլկսվագեն Պասսատ» մակնիշի «WVWPD63B52P129719» նույնացման համարով ավտոմեքենան սեփականության իրավունքով տիրապետելու փաստը։

27.07.2010 թվականին նշանակված դատական նիստում Կոմիտեն ներգրավվել է որպես երրորդ անձ:

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (դատավոր Ս. Ուզունյան) (այսուհետ` Դատարան) 24.09.2010 թվականի վճռով դիմումը մերժվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24.11.2010 թվականի որոշմամբ Դատարանի 24.09.2010 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել՝ դիմումը բավարարվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Գերասիմ Սամվելյանը։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 51-րդ և 53-րդ հոդվածները,189-րդ հոդվածի 2-րդ կետի 8-րդ ենթակետը, 219-րդ և 221-րդ հոդվածները, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ և 273-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետը, որոնք չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը մանրամասն անդրադարձել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին 27.02.2009 թվականի կայացված որոշմանը, վերլուծել է այդ որոշմամբ հաստատված փաստական հանգամանքները, որի արդյունքում եզրակացրել է, որ Գերասիմ Սամվելյանի կողմից ներմուծված ավտոմեքենայի որոշ մասեր պատկանում են այլ ավտոմեքենաների, իսկ Գերասիմ Սամվելյանն ապացույց չի ներկայացրել բողոքում նշված ավտոմեքենաների իրական սեփականատերերի հայտնաբերված լինելու, ինչպես նաև նրանց կողմից իրենց ավտոմեքենաներն օրենքով սահմանված կարգով հետ չպահանջելու վերաբերյալ:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Գերասիմ Սամվելյանը որևէ ապացույց չի ներկայացրել մեքենայի շարժիչի փոփոխության օրինականության, այդ փոփոխությունն օրենքով սահմանված կարգով համապատասխան պետական մարմիններում գրանցված լինելու վերաբերյալ, չի անդրադարձել մեքենային տեղադրված իրական շարժիչի գտնվելու վայրի, փոփոխության կատարման ժամանակի, ներկայումս մեքենային տեղադրված շարժիչի ձեռքբերման օրինականության հանգամանքներին:

Վերաքննիչ դատարանը բավարարվել է միայն այն հանգամանքով, որ երկու ավտոմեքենաներն էլ միջազգային հետախուզման մեջ չեն գտնվում: Մինչդեռ, տվյալ ավտոմեքենան միջազգային հետախուզման մեջ չգտնվելու հանգամանքը չի ապացուցում շարժիչների փոփոխության օրինականությունը և այդ փաստի գրանցված լինելը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 24.11.2010 թվականի որոշումն ու օրինական ուժ տալ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 24.09.2010 թվականի վճռին։

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանի 24.11.2010 թվականի որոշումը հիմնավոր է, քանի որ Վերաքննիչ դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա գնահատել է գործում առկա ապացույցները, մասնավորապես` քրեական գործի հարուցումը մերժելու մասին 27.02.2009 թվականի որոշումը, որտեղ նշվել է, որ 10.10.2008 և 18.11.2008 թվականներին, ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ից ստացված տեղեկությունների համաձայն, «WVWPD63B52P129719» նույնացման համարով ավտոմեքենա արտադրվել է 2001 թվականին, արտադրության կոդ` 3317612 (համապատասխանում է ՀՀ ներմուծված ավտոմեքենայի կոդին), շարժիչի համարն է` AWM 083305, իսկ այժմ մեքենային տեղադրված AWM 051253 համարով շարժիչը գործարանի կողմից դրվել է 2001 թվականի արտադրության «WVWPD63B01P272351» նույնացման համարով ավտոմեքենային և այն, որ նշված երկու ավտոմեքենաներն էլ միջազգային հետախուզման մեջ չեն գտնվում, իսկ ներմուծման փաստաթղթերն օրինական են:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) 27.08.2008 թվականին Գերասիմ Սամվելյանը թիվ 535374 փոխադրման ամփոփագրով Հայաստանի Հանրապետության տարածք է ներմուծել «Ֆոլկսվագեն Պասսատ» մակնիշի «WVWPD63B52P129719» նույնացման համարով ավտոմեքենան (հատոր 1-ին, գ.թ. 11).

2) 02.11.2009 թվականին Գերասիմ Սամվելյանը դիմել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե վերոնշյալ ավտոմեքենան մաքսազերծելու խնդրանքով: 10.11.2009 թվականի թիվ 28958/11-5 գրությամբ դիմումը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ 2009 թվականի հոկտեմբերի 26-ին ուժի մեջ է մտել «ՀՀ մաքսային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով ՀՀ մաքսային օրենսգրքի 130-րդ հոդվածը լրացվել է նոր` 5-րդ մասով, որի համաձայն` հետախուզման մեջ գտնվող, ինչպես նաև շարժիչի կամ նույնացման համարի վերադաջման կամ ջնջված համարներով, կամ հափշտակության այլ հատկանիշների առկայությամբ ավտոմեքենայի մաքսային հայտարարագիրը մաքսային մարմնին է ներկայացվում ավտոմեքենայի նկատմամբ բարեխիղճ ձեռք բերողի սեփականությունը ճանաչելու մասին դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում, և որ նշված ավտոմեքենայի մաքսային ձևակերպումը հնարավոր կլինի օրենքով նշված վճռի առկայության դեպքում (հատոր 1-ին, գ.թ. 19-20).

3) ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության պետ Հ. Պողոսյանը, պարզելով, որ Գերասիմ Սամվելյանը նշված ավտոմեքենան ձեռք է բերել օրինական ճանապարհով, ավտոմեքենայի նույնացման, շարժիչի և փոխանցման տուփի համարները վերադաջված չեն, այն միջազգային հետախուզման մեջ չի գտնվում, փաստաթղթերն օրինական են, 27.02.2009 թվականին որոշում է կայացրել քրեական գործի հարուցումը հանցագործության դեպքի բացակայության հիմքով մերժելու մասին (հատոր 1-ին, գ.թ. 13):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է ավտոմեքենայի նկատմամբ որպես բարեխիղճ ձեռք բերողի սեփականությունը ճանաչելու մասին հայցի հիման վրա հարուցված գործի քննությունը Կոմիտեի իրավունքներին և պարտականություններին առնչություն ունենալու հարցին (տե՛ս Վահրամ Մարգարյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության` որպես բարեխիղճ ձեռք բերողի սեփականությունը ճանաչելու պահանջի մասին ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2007 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0710/02/10):

Մասնավորապես` Վճռաբեկ դատարանը նշել է, որ Կոմիտեն մաքսային ձևակերպում իրականացնող մարմին է, որն իրականացնում է հայտարարագրի գրանցման եղանակով, և գործի քննությունը չի առնչվում Կոմիտեի իրավունքներին ու պարտականություններին` արձանագրելով, որ դատարանի վճռով Կոմիտեի որևէ իրավունք չի խախտվել, և վերջինս չի ծանրաբեռնվել լրացուցիչ պարտականություններով:

Այնուհանդերձ, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Կոմիտեն սույն գործով դատարանի կողմից արդեն իսկ ներգրավվել է որպես երրորդ անձ, հետևաբար և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի առաջին կետի 7-րդ ենթակետի ուժով օժտված է դատական ակտը բողոքարկելու իրավունքով, ուստի Վճռաբեկ դատարանը սույն բողոքը քննելիս չի կարող հաշվի չառնել Կոմիտեի դատավարական կարգավիճակից բխող հետևանքները, ուստիև քննարկման առարկա է դարձնում վճռաբեկ բողոքում առկա փաստարկները:

ՀՀ մաքսային օրենսգրքի 130-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի համաձայն` հետախուզման մեջ գտնվող, ինչպես նաև շարժիչի կամ նույնացման համարի վերադաջված կամ ջնջված համարներով կամ հափշտակության այլ հատկանիշների առկայությամբ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 8702, 8703, 8704, 8705 ապրանքային դիրքերին դասվող ապրանքներ և (կամ) տրանսպորտային միջոցներ Հայաստանի Հանրապետություն ներմուծելու դեպքում տեղափոխողը կամ նրա լիազորած անձը ներմուծմանը հաջորդող տասնօրյա ժամկետում մաքսային մարմին է ներկայացնում ժամանակավոր հայտարարագիր` վճարելով մաքսային վճարները, ինչը հիմք է այդ ապրանքների և (կամ) տրանսպորտային միջոցների ժամանակին չհայտարարագրման համար օրենքով սահմանված տույժերից և վարչական պատասխանատվությունից ազատելու համար: Նույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված ապրանքների և (կամ) տրանսպորտային միջոցների համար մաքսային հայտարարագիրը մաքսային մարմին է ներկայացվում նշված ապրանքների և (կամ) տրանսպորտային միջոցների նկատմամբ բարեխիղճ ձեռք բերողի սեփականությունը ճանաչելու մասին դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները: Իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը:

Վերոնշյալ նորմերի` «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի կանոններով մեկնաբանությունից հետևում է, որ ՀՀ մաքսային օրենսգրքի 130-րդ հոդվածի 5-րդ մասի կիրառելիության համար անհրաժեշտ են, որպեսզի արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 8702, 8703, 8704, 8705 ապրանքային դիրքերին դասվող ապրանքները և (կամ) տրանսպորտային միջոցները

1. գտնվեն հետախուզման մեջ

2. առկա լինեն շարժիչի կամ նույնացման համարի վերադաջում կամ համարների ջնջում կամ հափշտակության այլ հատկանիշներ:

Վճռաբեկ դատարանը նշված վերլուծության հիման վրա արձանագրում է, որ շարժիչի կամ նույնացման համարի վերադաջումը կամ համարների ջնջումը հափշտակության հատկանիշներ են, որոնք պետք է առկա լինեն ՀՀ մաքսային օրենսգրքի 130-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված կանոնները կիրառելու համար: Այսինքն` օրենսդիրը նշված կանոնների կիրառելիությունն ամեն դեպքում կապում է հափշտակության հատկանիշների հետ, որոնց առկայության դեպքում միայն կարող է կիրառվել ՀՀ մաքսային օրենսգրքի 130-րդ հոդվածի 5-րդ մասի կանոնը, այսինքն` տրանսպորտային միջոցների նկատմամբ բարեխիղճ ձեռք բերողի սեփականության իրավունքը կարող է ճանաչվել դատական կարգով, իսկ մաքսային հայտարարագիրը մաքսային մարմին ներկայացվի, եթե առկա է համապատասխան դատական ակտը, և այն մտել է օրինական ուժի մեջ:

Սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության պետ Հ. Պողոսյանը, պարզելով, որ Գերասիմ Սամվելյանը նշված ավտոմեքենան ձեռք է բերել օրինական ճանապարհով, ավտոմեքենայի նույնացման, շարժիչի և փոխանցման տուփի համարները վերադաջված չեն, այն միջազգային հետախուզման մեջ չի գտնվում, փաստաթղթերն օրինական են, 27.02.2009 թվականին որոշում է կայացրել քրեական գործի հարուցումը հանցագործության դեպքի բացակայության հիմքով մերժելու մասին:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության պետ Հ. Պողոսյանի քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշմամբ հանցագործության` տվյալ դեպքում հափշտակության հատկանիշների բացակայությունը հաստատված լինելու պայմաններում ՀՀ մաքսային օրենսգրքի 130-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերը կիրառելի չեն:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գերասիմ Սամվելյանի դիմումը` ՀՀ մաքսային օրենսգրքի 130-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի հիմքով ավտոմեքենան սեփականության իրավունքով տիրապետելու փաստը հաստատելու պահանջը, ենթակա է մերժման:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ: «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։

Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։

Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով՝ Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.11.2010 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 24.09.2010 թվականի վճռին` սույն որոշման պատճառաբանություններով։

2. Գերասիմ Սամվելյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրք:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

 

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Գ. Հակոբյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան