Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-1003
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.12.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.12.14/66(869).1 Հոդ.1645.3
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
02.12.2011
Подписан
Նախագահող
Дата подписания
02.12.2011
Дата вступления в силу
02.12.2011

 ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

Քաղ. Երևան

2 դեկտեմբերի 2011 թ.

1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-ԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՀԱՍՏԱՏՎԱԾ` «ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՄՇԱԿՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՆՀԱՏՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող, զեկուցող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1999 թվականի հունիսի 15-ին Ստրասբուրգում հաստատված` «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» կոնվենցիայում կատարված փոփոխություններում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 08.11.2011թ. ՀՀ սահմանադրական դատարանում մուտքագրված դիմումը:

Ուսումնասիրելով դիմումը, գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Ա. Օսիկյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» կոնվենցիայում կատարված փոփոխությունները և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

«Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» 1981թ. հունվարի 28-ին Ստրասբուրգում ստորագրված կոնվենցիայում կատարված փոփոխությունները հաստատվել են 1999թ. հունիսի 15-ին Ստրասբուրգում` Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից:

«Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» կոնվենցիայում կատարված փոփոխությունների համաձայն` նշված փոփոխություններն ուժի մեջ են մտնում Կոնվենցիայի կողմերի կողմից ընդունվելուց հետո:

«Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» կոնվենցիայում կատարված փոփոխությունների համաձայն Հայաստանի Հանրապետությունը, ի թիվս այլնի, պարտավորվում է`

- փոփոխել «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» 1981թ. կոնվենցիայի 3-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ պարբերությունների շարադրանքը` հետևյալ խմբագրությամբ.

«2. Ցանկացած պետություն կամ Եվրոպական համայնքները կարող են ստորագրման ժամանակ կամ վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին իրենց փաստաթուղթն ի պահ հանձնելիս կամ ավելի ուշ` ցանկացած ժամանակ, ծանուցում ներկայացնել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հասցեագրված հայտարարության միջոցով, որ.

ա. իրենք սույն Կոնվենցիան չեն կիրառելու ավտոմատացված անձնական տվյալների ֆայլերի որոշակի կատեգորիաների նկատմամբ. դրանց ցանկն ի պահ կհանձնվի: Այնուամենայնիվ, այս ցանկում նրանք չպետք է ընդգրկեն ավտոմատացված տվյալներ պարունակող ֆայլերի կատեգորիաներ, որոնց նկատմամբ, իրենց ներպետական իրավունքի համաձայն, կիրառվում են տվյալների պաշտպանության դրույթները: Հետևաբար, նրանք պետք է այս ցանկում փոփոխություններ կատարեն նոր հայտարարության միջոցով, ցանկացած պահի, երբ անձնական տվյալների ավտոմատացված ֆայլերի լրացուցիչ կատեգորիաների նկատմամբ, իրենց ներպետական իրավունքի համաձայն, կիրառվեն տվյալների պաշտպանության դրույթները: Պետությունները Կոնվենցիան կկիրառեն նաև անձանց խմբերի, ասոցիացիաների, հիմնադրամների, ընկերությունների, կորպորացիաների և ուղղակիորեն կամ անուղղակիորեն անհատներից բաղկացած ցանկացած այլ մարմինների վերաբերյալ տեղեկատվության նկատմամբ` անկախ այն հանգամանքից` այդ մարմիններն ունեն իրավաբանական անձի կարգավիճակ, թե` ոչ:

Պետությունները պարտավորվում են նաև Կոնվենցիան կիրառել անձնական տվյալների ֆայլերի նկատմամբ, որոնք չեն մշակվում ավտոմատ կերպով:

 Ցանկացած պետություն կամ Եվրոպական համայնքները, որոնք փոփոխությունների 2.բ. կամ 2.գ. ենթապարբերություններով նախատեսված հայտարարություններից որևէ մեկի միջոցով ընդլայնել են սույն Կոնվենցիայի գործողության ոլորտը, կարող են ծանուցել նշված հայտարարությամբ, որ նման ընդլայնումը պետք է կիրառվի միայն անձնական տվյալների ֆայլերի որոշակի կատեգորիաների նկատմամբ, որոնց ցանկն ի պահ կհանձնվի:

Փոփոխություններով նախատեսված հայտարարություններն ուժի մեջ են մտնում Կոնվենցիան ուժի մեջ մտնելու պահից` այն պետության և Եվրոպական համայնքների համար, որոնք արել են այդ հայտարարությունները, եթե դրանք արվել են ստորագրման ժամանակ կամ վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին իրենց փաստաթուղթն ի պահ հանձնելիս կամ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի ստանալուց երեք ամիս հետո, եթե դրանք արվել են ավելի ուշ` ցանկացած ժամանակ: Այս հայտարարությունները կարելի է ամբողջությամբ կամ մասնակիորեն հետ վերցնել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հասցեագրված ծանուցման միջոցով: Հետ վերցնելն ուժի մեջ է մտնում այդպիսի ծանուցումն ստանալու օրվանից երեք ամիս հետո»:

«Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» 1981թ. կոնվենցիայի 20-րդ հոդվածի նոր` 3-րդ պարբերության ներկա խմբագրությունը թույլ է տալիս, որ յուրաքանչյուր կողմ ունենա քվեարկելու իրավունք, իսկ Կոնվենցիայի կողմ պետությունը պետք է ունենա մեկ ձայնի իրավունք:

«Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» 1981թ. կոնվենցիան նախատեսում է այլ բնույթի պարտավորություններ, որոնք նախատեսված են վերջինիս 21, 22, 23, 24-րդ և այլ հոդվածներում:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 1999 թվականի հունիսի 15-ին Ստրասբուրգում հաստատված` «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» կոնվենցիայում կատարված փոփոխություններում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Վ. Հովհաննիսյան

 

2 դեկտեմբերի 2011 թ.
ՍԴՈ-1003