Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-1002
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.12.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.12.14/66(869).1 Հոդ.1645.2
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
02.12.2011
Подписан
Նախագահող
Дата подписания
02.12.2011
Дата вступления в силу
02.12.2011

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

Քաղ. Երևան

2 դեկտեմբերի 2011 թ.

2001 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-ԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՄՇԱԿՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՆՀԱՏՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՀՈՍՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2001 թվականի նոյեմբերի 8-ին Ստրասբուրգում ստորագրված` «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» կոնվենցիայի վերահսկիչ մարմինների և տվյալների անդրսահմանային հոսքերի վերաբերյալ լրացուցիչ արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 08.11.2011թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Ա. Օսիկյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով լրացուցիչ արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) վերահսկիչ մարմինների և տվյալների անդրսահմանային հոսքերի վերաբերյալ լրացուցիչ արձանագրությունը (այսուհետ` Արձանագրություն) ստորագրվել է 2001 թվականի նոյեմբերի 8-ին` Ստրասբուրգում:

2. Արձանագրության նպատակն է սահմանել վերահսկիչ մարմիններ, որոնք պետք է իրենց իրավասության շրջանակներում քննեն ցանկացած անձի կողմից ներկայացված` անձնական տվյալների մշակման մասով իր իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության վերաբերյալ պահանջները:

3. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, պարտավորվում է.

սահմանել մեկ կամ մի քանի իրավասու մարմիններ, որը կամ որոնք պատասխանատու կլինի կամ կլինեն ներպետական իրավունքում միջոցների համապատասխանությունն ապահովելու համար` կիրառելով Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ գլուխներում և սույն Արձանագրությունում ամրագրված սկզբունքները (հոդվ. 1, կետ 1),

ապահովել, որ նշված մարմիններն ունենան հետաքննության, միջամտության լիազորություններ, ինչպես նաև դատական վարույթներում ընդգրկվելու լիազորություն կամ իրավասու դատական մարմինների ուշադրությունը հրավիրելու ներպետական իրավունքի դրույթների խախտումների վրա` կիրառելով սույն Արձանագրության 1-ին հոդվածի 1-ին պարբերությունում նշված սկզբունքները (հոդվ. 1, կետ 2, ենթակետ «ա»),

ապահովել, որ վերահսկիչ մարմիններն ունենան իրենց իրավասության շրջանակներում ցանկացած անձի կողմից ներկայացված` անձնական տվյալների մշակման մասով իր իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության վերաբերյալ պահանջների քննության իրավասություն (հոդվ. 1, կետ 2, ենթակետ «բ»),

երաշխավորել, որ վերահսկիչ մարմիններն իրենց գործառույթները կիրականացնեն լիովին անկախ (հոդվ. 1, կետ 3),

երաշխավորել, որ վերահսկիչ մարմինների բողոքներ առաջացնող որոշումները բողոքարկվեն դատական կարգով (հոդվ. 1, կետ 4),

ապահովել, որպեսզի վերահսկիչ մարմինները, Կոնվենցիայի 4-րդ գլխի դրույթների համաձայն և չխախտելով 13-րդ հոդվածի դրույթները, համագործակցեն միմյանց հետ, իրենց պարտականությունների կատարման համար անհրաժեշտ սահմաններում, մասնավորապես` փոխանակելով ամբողջ օգտակար տեղեկատվությունը (հոդվ. 1, կետ 5),

ապահովել անձնական տվյալների փոխանցումը Կոնվենցիայի Կողմ չհանդիսացող պետության կամ կազմակերպության իրավազորության ներքո գտնվող ստացողին, միայն եթե պետությունը կամ կազմակերպությունն ապահովում է նախատեսված տվյալների փոխանցման համարժեք պաշտպանության մակարդակ (հոդվ. 2, կետ 1),

Արձանագրության 1-ին և 2-րդ հոդվածների դրույթները համարել Կոնվենցիայի լրացուցիչ հոդվածներ, և համապատասխանաբար կիրառել Կոնվենցիայի բոլոր դրույթները (հոդվ. 3, կետ 1):

4. Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2004թ. հուլիսի 1-ին: 2011թ. հոկտեմբերի 17-ի դրությամբ Արձանագրությունն ստորագրել է 42 պետություն, ուժի մեջ է մտել 31 պետության համար: Սույն Արձանագրությունը բաց է Կոնվենցիան ստորագրող պետությունների համար:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2001 թվականի նոյեմբերի 8-ին Ստրասբուրգում ստորագրված` «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» կոնվենցիայի վերահսկիչ մարմինների և տվյալների անդրսահմանային հոսքերի վերաբերյալ լրացուցիչ արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Վ. Հովհաննիսյան

 

2 դեկտեմբերի 2011 թ.
ՍԴՈ-1002

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան