Գլխավոր տեղեկություն
Номер
N 1708-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.12.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.12.14/66(869).1 Հոդ.1645.18
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
01.12.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
08.12.2011
Дата вступления в силу
15.12.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 դեկտեմբերի 2011 թվականի N 1708-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԿՑՈՐԴՆԵՐԻ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդների, միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչների կանոնակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. դեկտեմբերի 8
Երևան

 

 

Հավելված

 ՀՀ կառավարության 2011 թվականի

դեկտեմբերի 1-ի N 1708-Ն որոշման

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԿՑՈՐԴՆԵՐԻ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետության (այսուհետ` դեսպանընկալ պետություն) կամ ռազմական և ռազմաքաղաքական գործունեություն իրականացնող միջազգային կազմակերպության (այսուհետ` միջազգային կազմակերպություն) միջև ձեռք բերված պայմանավորվածության կամ միջազգային պայմանագրի համաձայն դեսպանընկալ պետությունում կամ միջազգային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությանը կից նշանակվում են պաշտպանության հարցերով, ռազմական և ռազմաօդային կցորդներ (այսուհետ` ռազմական կցորդներ) կամ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ (այսուհետ` ներկայացուցիչներ):

2. Ներկայացուցիչները և ռազմական կցորդները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերը դեսպանընկալ պետությունում կամ միջազգային կազմակերպությունում:

3. Բարձրագույն սպայական և բարձրագույն քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնող ներկայացուցիչները և ռազմական կցորդները նշանակվում են մինչև չորս տարի ժամկետով, իսկ ավագ սպայական կազմի և համարժեք քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնող ներկայացուցիչները և ռազմական կցորդները` մինչև երեք տարի ժամկետով: Անհրաժեշտության դեպքում նշված ժամկետները կարող են երկարաձգվել կամ կրճատվել:

4. Ներկայացուցիչների և ռազմական կցորդների նշանակմանը ներկայացվում են հետևյալ պահանջները`

1) ռազմական կցորդներ կարող են նշանակվել ավագ և բարձրագույն սպայական կազմի կոչում, բարձրագույն կրթություն ունեցող, Հայաստանի Հանրապետության զինված ուժերում առնվազն հինգ տարվա ծառայության ստաժ ունեցող և դեսպանընկալ պետությունում առավելապես կիրառվող լեզվին տիրապետող զինծառայողները.

2) ներկայացուցիչներ կարող են նշանակվել առնվազն քաղաքացիական հատուկ ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան, բարձրագույն կրթություն, միջազգային կազմակերպության աշխատանքային լեզվին առավելապես տիրապետող քաղաքացիական հատուկ ծառայողները.

3) բարձրագույն սպայական պաշտոն զբաղեցնող ռազմական կցորդները Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի համաձայնությամբ և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի ներկայացմամբ նշանակվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից, իսկ ավագ սպայական կազմի ռազմական կցորդները և քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնող ներկայացուցիչները` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով` նախապես համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հետ:

5. Ներկայացուցիչները և ռազմական կցորդները կարող են ունենալ օգնականներ (մինչև 3 անձ), որոնք համալրվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով` նախապես գրավոր համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հետ:

6. Ներկայացուցչի և ռազմական կցորդի առաջին օգնականի պաշտոնում նշանակված անձանց կարգավիճակը հավասարեցվում է առաջին քարտուղարի, իսկ օգնականինը` երկրորդ քարտուղարի դիվանագիտական ծառայության պաշտոն ունեցող անձանց կարգավիճակին: Ներկայացուցչի այլ անձնակազմի կարգավիճակը հավասարեցվում է դեսպանընկալ պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հիմնարկի տեխնիկական անձնակազմի կարգավիճակին:

7. Ներկայացուցիչներն ու ռազմական կցորդներն իրենց գործունեության ընթացքում ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնակարգով և դեսպանընկալ պետության կամ միջազգային կազմակերպության հետ կնքված միջազգային պայմանագրերով և միջազգային իրավունքի այլ նորմերով` հաշվի առնելով դեսպանընկալ պետության օրենսդրությունը կամ միջազգային կազմակերպությունների կանոնադրությունները և այլ փաստաթղթեր:

 

II. ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

8. Դեսպանընկալ պետություն ժամանելուց հետո ներկայացուցիչները կամ ռազմական կցորդները, հավատարմագրման սահմանված կարգին համապատասխան, ներկայացվում են տվյալ պետության արտաքին գործերի նախարարությանը և ռազմական գերատեսչության ղեկավարությանը կամ միջազգային կազմակերպության համապատասխան մարմիններին:

 9. Եթե դեսպանընկալ պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը միաժամանակ հավատարմագրված է նաև այլ պետությունում (պետություններում) կամ միջազգային կազմակերպություններում, ապա ներկայացուցիչները և ռազմական կցորդները կարող են հավատարմագրվել նաև այդ պետության (պետությունների) ռազմական գերատեսչությունում (գերատեսչություններում) կամ միջազգային կազմակերպությունում (միջազգային կազմակերպություններում)` մշտապես գտնվելով դեսպանընկալ պետությունում` այդ պետության (պետությունների) կամ միջազգային կազմակերպության (միջազգային կազմակերպությունների) և Հայաստանի Հանրապետության միջև ձեռք բերված պայմանավորվածության կամ միջազգային պայմանագրին համապատասխան:

 

III. ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ԿՑՈՐԴՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

10. Ներկայացուցիչները և ռազմական կցորդները դեսպանընկալ պետություններում և միջազգային կազմակերպություններում իրականացնում են այդ պետության և միջազգային կազմակերպության և Հայաստանի Հանրապետության միջև ռազմական և ռազմաքաղաքական համագործակցության համադրման և կոորդինացման աշխատանքները, ինչպես նաև ներկայացնում են այդ երկրների հետ համագործակցության զարգացման վերաբերյալ առաջարկություններ: Ներկայացուցիչները, ռազմական կցորդները և նրանց օգնականները դեսպանընկալ պետություններում իրականացնում են ներկայացուցչական աշխատանք, որը ներառում է դեսպանընկալ պետությունների ռազմական գերատեսչությունների կամ միջազգային կազմակերպությունների հետ պաշտոնական կապերի հաստատում և պահպանում, ռազմական ոլորտում հարաբերությունների զարգացում, հետևում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և դեսպանընկալ պետության, միջազգային կազմակերպության միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության ծրագրերի իրականացմանը, օժանդակություն ցուցաբերում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և զինված ուժերի պատվիրակություններին` դեսպանընկալ պետություն կամ միջազգային կազմակերպություն կատարված այցերի կազմակերպման ժամանակ: Ներկայացուցիչները, ռազմական կցորդները և նրանց օգնականները դեսպանընկալ պետությունների զինված ուժերի հրամանատարության հետ հաստատում են պաշտոնական հարաբերություններ, տեղի ռազմական գերատեսչության հրավերով ներկա են լինում զորահանդեսներին, զորավարժություններին, զորաշարժերին, այցելում ռազմական օբյեկտներ և հաստատություններ: Ռազմական կցորդները համակարգում են նաև դեսպանընկալ պետության ռազմաուսումնական հաստատություններում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության քաղաքացիական հատուկ ծառայողների և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների ուսման և վերապատրաստման առնչությամբ ծագած հարցերը: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հանձնարարությամբ կամ պաշտպանության նախարարության համաձայնությամբ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավարության միջնորդությամբ` ներկայացուցիչները, ռազմական կցորդները և նրանց օգնականները միջազգային իրավունքի նորմերով սահմանված կարգի համաձայն կարող են իրականացնել դիտորդական գործառույթներ:

 

IV. ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ԿՑՈՐԴՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

11. Ներկայացուցիչները և ռազմական կցորդները դեսպանընկալ պետություններում և միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի ռազմաքաղաքական և ռազմական կամ պաշտպանության հարցերով խորհրդականներն են: Ներկայացուցչի և ռազմական կցորդի պաշտոնում նշանակված անձանց կարգավիճակը հավասարեցվում է ավագ սպայական կազմի և համարժեք քաղաքացիական հատուկ ծառայողի համար խորհրդականի, իսկ բարձրագույն սպայական և բարձրագույն քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնողների համար (գեներալներ և պետական խորհրդականներ) արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական պաշտոն ունեցող անձանց կարգավիճակին: Ներկայացուցիչներն ու ռազմական կցորդներն օգտվում են Հայաստանի Հանրապետության դիվանագետների համար օրենքով սահմանված բոլոր արտոնություններից, եթե դեսպանընկալ պետության կամ միջազգային կազմակերպության ընթացակարգերն այլ բան չեն նախատեսում: Ռազմական կցորդներին, ներկայացուցիչներին և նրանց ընտանիքի անդամներին սահմանված կարգով տրամադրվում են դիվանագիտական անձնագրեր:

12. Դեսպանընկալ պետությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունները և հիմնարկները ներկայացուցիչներին և ռազմական կցորդներին ցուցաբերում են անհրաժեշտ օգնություն: Ներկայացուցիչներն ու ռազմական կցորդներն օգտվում են հատուկ կապի միջոցներից, իսկ դրանց բացակայության դեպքում` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական փոստից և գաղտնի կապից:

13. Ներկայացուցիչներն ու ռազմական կցորդները Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից ուղղակիորեն ստանում են հրահանգներ և հանձնարարականներ` դրանց մասին սահմանված կարգով տեղեկացնելով դեսպանընկալ պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարին և նրա հետ համաձայնեցնելով դրանց իրագործման ուղիները: Ներկայացուցիչների, ռազմական կցորդների և նրանց օգնականների անմիջական ենթակայությունը, նրանց և աշխատակազմի գործառնական պարտականությունները սահմանվում են «Դիվանագիտական ծառայության մասին» և «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կանոնագրքերով, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամաններով և սույն կանոնակարգով:

 14. Ներկայացուցիչներն ու ռազմական կցորդները Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից ստացված հրահանգների և հանձնարարականների, այդ թվում` ուղղակիորեն ստացված հրահանգների և հանձնարարականների կատարման համար հաշվետու են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, իսկ ռազմաքաղաքական հարցերով` սահմանված կարգով, նաև դեսպանընկալ պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարին` Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից սահմանված ռազմաքաղաքական խնդիրների ցանկի համաձայն: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից համատեղ պատրաստվում է ռազմաքաղաքական խնդիրների ցանկի նախագիծը և ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատմանը:

15. Ներկայացուցիչներն ու ռազմական կցորդներն իրենց տարեկան գործունեության վերաբերյալ հաշվետվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն, իսկ Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից սահմանված ռազմաքաղաքական խնդիրների ցանկին առնչվող գործունեության տարեկան հաշվետվությունը սահմանված կարգով` դեսպանընկալ պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարին: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը` սահմանված ռազմաքաղաքական խնդիրների ցանկի համաձայն` ռազմական կցորդներին, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին հանձնարարականներ է տալիս Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցով, իսկ հրատապ դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի միջոցով:

16. Ներկայացուցիչներն ու ռազմական կցորդներն իրենց գործունեությունն իրականացնում են սահմանված կարգով հաստատված պաշտոնների նկարագրին համապատասխան:

17. Ներկայացուցիչներին, ռազմական կցորդներին և նրանց ընտանիքի անդամներին յուրաքանչյուր տարին մեկ անգամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ֆինանսական միջոցների հաշվին տրամադրվում են տրանսպորտային միջոցների տոմսեր` դեսպանընկալ պետությունից կամ միջազգային կազմակերպության գտնվելու վայրի պետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ մեկնելու համար, ինչպես նաև` բժշկական և դեսպանընկալ պետությունում պարտադիր կատարման ենթակա այլ տեսակի ապահովագրություն դեսպանընկալ պետությունում (միջազգային կազմակերպությունում) գտնվելու ընթացքում:

18. Ներկայացուցիչների և ռազմական կցորդների պահպանման ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան