Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-1000
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.11.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.12.07/65(868) Հոդ.1612
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
29.11.2011
Подписан
Նախագահող
Дата подписания
29.11.2011
Дата вступления в силу
29.11.2011

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

Քաղ. Երևան

29 նոյեմբերի 2011 թ.

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 78-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 3-ՐԴ ՄԱՍԻ 3-ՐԴ ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` պատասխանող կողմի ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետ Ա. Մխիթարյանի,

համաձայն ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 19, 25 և 71-րդ հոդվածների,

դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դիմումի հիման վրա՝ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 2-րդ մասի և 3-րդ մասի 3-րդ պարբերության` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի՝ 08.09.2011թ. սահմանադրական դատարանում մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, ուսումնասիրելով նաև վեճի առարկա հարցի շրջանակներում առկա միջազգային փորձը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2002թ. ապրիլի 3-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 2002թ. ապրիլի 29-ին և ուժի մեջ է մտել 2002 թվականի մայիսի 31-ից:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի վիճարկվող 2-րդ մասը սահմանում է.

 «Իրավախախտման համար սահմանված պատասխանատվությունը վերացնող կամ մեղմացնող կամ իրավախախտում կատարած իրավաբանական և ֆիզիկական անձանց դրությունն այլ կերպ բարելավող իրավական ակտը տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա, այսինքն` ունի հետադարձ ուժ, եթե օրենքով կամ այդ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ»:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասի վիճարկվող 3-րդ պարբերությունը սահմանում է.

 «Ուժը կորցրած իրավական ակտի գործողությունը տարածվում է մինչև դրա ուժը կորցնելու օրը ծագած հարաբերությունների վրա, եթե սույն օրենքով կամ ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին իրավական ակտով այլ բան նախատեսված չէ»:

 

2. Քննության առարկա գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 28.06.2010 թիվ 1001171 հանձնարարագրի հիման վրա «Հ.Ա.Թ.Ա.Կ» ՍՊԸ-ում կատարվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմնի կողմից վերահսկվող` օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության ստուգում: Ստուգման արդյունքում կազմվել է 04.10.2010թ. թիվ 1001171 ստուգման ակտը, որով որպես բացահայտված խախտում արձանագրվել է «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված պահանջի խախտում: 2009թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած` «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ օրենքի (21.08.2008թ., ՀՕ-149-Ն) 1-ին հոդվածով ուժը կորցրած է ճանաչվել «Պարզեցված հարկի մասին» ՀՀ 2000թ. հունիսի 5-ի ՀՕ-61 օրենքը:

 «Հ.Ա.Թ.Ա.Կ» ՍՊԸ-ն հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան` ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Աշտարակի տարածքային հարկային տեսչության` Հարկային տեսչության 04.10.2010թ. թիվ 1001171 ստուգման ակտը մասնակի անվավեր ճանաչելու պահանջով: ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Աշտարակի տարածքային հարկային տեսչությունը ներկայացրել է հակընդդեմ հայց` «Հ.Ա.Թ.Ա.Կ» ՍՊԸ-ից հօգուտ պետական բյուջեի 12.045.100 դրամ բռնագանձելու պահանջով: ՀՀ վարչական դատարանն իր` 01.04.2011թ. վճռով հայցը բավարարել է, իսկ հակընդդեմ հայցը բավարարել է մասնակի: Դատարանի վճռի դեմ բողոք է ներկայացրել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Աշտարակի տարածքային հարկային տեսչությունը: ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 04.05.2011թ. որոշմամբ վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ: ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը 06.09.2011թ. կայացրել է գործի վարույթը կասեցնելու և ՀՀ սահմանադրական դատարան դիմելու մասին որոշում:

 

3. Դիմողի պնդմամբ` իր վարույթում գտնվող գործով կիրառման ենթակա «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 2-րդ մասում և 3-րդ մասի 3-րդ պարբերությունում ամրագրված դրույթները հակասում են ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին: Ըստ դիմողի` «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 2-րդ մասի` ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին հակասելը դրսևորվում է նրանում, որ օրենքի վիճարկվող նորմը նախատեսում է իրավախախտման համար նախատեսված պատասխանատվությունը վերացնող, մեղմացնող, անձի իրավական վիճակն այլ կերպ բարելավող իրավական ակտերին հետադարձ ուժ տալու` ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված ընթացակարգից տարբերվող ընթացակարգ: Մասնավորապես, ըստ վիճարկվող նորմի` անձի իրավական վիճակը բարելավող իրավական ակտերը բոլոր դեպքերում ունեն հետադարձ ուժ, եթե հակառակը նախատեսված չէ օրենքով կամ այդ իրավական ակտով, մինչդեռ ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 4-րդ մասը նախատեսում է, որ վերոնշյալ ակտերն ունեն հետադարձ ուժ, եթե դա նախատեսված է այդ ակտերով:

 «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ պարբերության մեջ ամրագրված նորմի առնչությամբ դիմողը գտնում է, որ այդ նորմի` ՀՀ Սահմանադրությանը հակասությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ այն որոշակիորեն կապված է նույն հոդվածի` վիճարկվող 2-րդ մասի հետ, քանզի այն ամրագրելով «սույն օրենքին» հասկացությունը` կիրառելի է դարձնում «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 2-րդ մասի կանոնը:

 

4. Պատասխանող կողմն ըստ էության չի առարկում դիմող կողմի փաստարկներին` ընդունելով, որ առկա է անհամապատասխանություն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 2-րդ մասի և ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 4-րդ մասի միջև: Պատասխանող կողմը նման անհամապատասխանությունը բացատրում է նրանով, որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի այս նորմն ընդունվել է մինչև 2005թ. նոյեմբերի 27-ի հանրաքվեով ընդունված սահմանադրական փոփոխությունները, իսկ մինչ այդ ՀՀ Սահմանադրությունն անձի իրավական վիճակը բարելավող իրավական ակտերի հետադարձ ուժի վերաբերյալ իրավակարգավորում չէր նախատեսում: Միևնույն ժամանակ, պատասխանող կողմը վիճարկվող նորմը ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 4-րդ մասին չհամապատասխանեցնելու հանգամանքը պատճառաբանում է նրանով, որ Սահմանադրության բարձրագույն իրավաբանական ուժը թույլ է տալիս ապահովել նշված սահմանադրական նորմի անմիջական գործողությունը:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ պարբերության առնչությամբ պատասխանող կողմը գտնում է, որ այդ նորմի` Սահմանադրությանը հակասելն անմիջականորեն բխում է նույն հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորումից: Հետևաբար, վերջինս Սահմանադրությանը համապատասխանեցնելու դեպքում այդ խնդիրը կվերանա:

 

 5. ՀՀ սահմանադրական դատարանը նախ արձանագրում է, որ քննության առարկա իրավադրույթների սահմանադրականության վերաբերյալ վեճը` որպես այդպիսին, բացակայում է դիմող և պատասխանող կողմերի միջև, որոնք գրեթե նույն փաստարկներով արձանագրում են օրենքի նշված դրույթների անհամապատասխանությունը Սահմանադրությանը: Միաժամանակ, սահմանադրական դատարանը գտնում է, որ տվյալ գործի քննությունը ոչ միայն էական նշանակություն կունենա ժամանակի մեջ իրավական ակտի գործողության սահմանադրաիրավական բովանդակության բացահայտման ու իրավական հստակության ապահովման տեսանկյունից, այլև դատական պրակտիկայի համար առավել մատչելի կդարձնի սահմանադրական նորմերի անմիջական կիրառման ինստիտուտի էությունը:

ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածի 3-6-րդ մասերի, ինչպես նաև 42-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համադրված վերլուծությունը վկայում է, որ ՀՀ Սահմանադրությամբ` ժամանակի մեջ իրավական ակտերի գործողության կանոնակարգումը հիմնվում է այն տրամաբանության վրա, որ իրավական ակտերի հետադարձ ուժով գործողության մերժումն ընդհանուր կանոն է, իսկ այդ ակտերի հետադարձ ուժով գործողության հնարավորությունը` բացառություն ընդհանուր կանոնից: Այս մոտեցումը բխում է իրավական որոշակիության, օրենսդրության նկատմամբ լեգիտիմ ակնկալիքների, մարդու իրավունքների երաշխավորման, իրավակիրառ մարմինների կողմից կամայականությունների կանխարգելման նկատառումներից: Նշված ընդհանուր կանոնին համապատասխան` ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերն արգելում են արարքի պատժելիություն սահմանող և պատիժը խստացնող օրենքի հետադարձ ուժով գործողությունը: Նույն հոդվածի 6-րդ մասն արգելում է պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող օրենքի հետադարձ ուժով գործողությունը: Սահմանադրության 42-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` հետադարձ ուժ չունեն նաև անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքներն ու այլ իրավական ակտերը:

Նշված ընդհանուր կանոնից բացառություն են Սահմանադրության 22-րդ հոդվածի 5-րդ մասում և 42-րդ հոդվածի 4-րդ մասում ամրագրված նորմերը: Սահմանադրության 22-րդ հոդվածի 5-րդ մասը, որի համաձայն` արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ, տվյալ հոդվածի իրավակարգավորման տրամաբանության ու առարկայի շրջանակներում վերաբերելի է միայն արարքի համար պատիժ սահմանող օրենքներին, և շեղում է ընդհանուր կանոնից:

Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող հարաբերությունները կարգավորող սահմանադրական նորմերը և դրանցում ամրագրված մոտեցումները համահունչ են միջազգային իրավական փաստաթղթերում ամրագրված դրույթներին: Այսպես, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 11-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ` «Ոչ ոք չպետք է մեղավոր ճանաչվի որևէ քրեական հանցագործության համար` կապված ցանկացած գործողության կամ անգործության հետ, որը, կատարման պահին գործող ներպետական կամ միջազգային իրավունքի համաձայն, քրեական հանցագործություն չի համարվել: Չի կարող նաև կիրառվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը կիրառելի է եղել քրեական հանցագործության կատարման պահին»: Միաժամանակ, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրում (հոդվ. 15), Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայում (հոդվ. 7, մաս 1) և միջազգային իրավական այլ փաստաթղթերում ևս անդրադարձ է արվել խնդրո առարկա հարցերի կարգավորմանը` նախատեսելով, որ արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող քրեական օրենքն ունի հետադարձ ուժ:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքի հետադարձ ուժի հանգամանքը պայմանավորված է Սահմանադրությամբ օժտված իրավունքի ուժով, ինչպես նաև ՀՀ միջազգային պարտավորություններով և օրենսդրի որևէ հայեցողություն չի ենթադրում:

Ինչ վերաբերում է ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված բացառությանը, ապա սահմանադրական դատարանը գտնում է, որ դա հանդես է գալիս որպես առավել ընդհանուր կանոն, չի վերաբերում Սահմանադրության 22-րդ հոդվածի 5-րդ մասի իրավակարգավորմանը, պայմանավորված է օրենսդրի հայեցողությամբ: Վերջինս իր հերթին կարող է դրսևորվել բացառապես միայն տվյալ ակտով կանոնակարգվող իրավահարաբերությունների շրջանակներում:

 Սահմանադրական դատարանը սահմանադրական արդարադատության միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքներով հարկ է համարում ընդգծել նաև, որ վերոհիշյալ մոտեցումները համահունչ են միջազգային պրակտիկային: Վերջինիս համաձայն` որպես կանոն, անձի իրավական վիճակը բարելավող իրավական ակտին (բացառությամբ Սահմանադրության 22-րդ հոդվածի 5-րդ մասի իրավակարգավորման առարկային առնչվող դեպքերի) իրավասու մարմնի կողմից հետադարձ ուժ հաղորդելը թույլատրվում է բացառիկ դեպքերում, և տվյալ ակտն ընդունող մարմնի` այդ ակտին հետադարձ ուժ հաղորդելու որոշումը պետք է հիմնվի հասարակության և պետության համար նման որոշման հնարավոր իրավական հետևանքների բազմակողմանի վերլուծության և գնահատականի վրա:

 

 6. ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 2-րդ մասը փոխառնչվում է ոչ թե ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածի 5-րդ մասի, այլ 42-րդ հոդվածի 4-րդ մասի հետ, հետևյալ պատճառներով.

ա) Սահմանադրության 42-րդ հոդվածի 4-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 2-րդ մասը ենթադրում են իրավաստեղծի հայեցողության առկայություն, ինչը բացառվում է Սահմանադրության 22-րդ հոդվածի 5-րդ մասի պարագայում,

բ) Սահմանադրության 22-րդ հոդվածի 5-րդ մասում խոսքը վերաբերում է միայն օրենքին, այնինչ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 2-րդ մասը և Սահմանադրության 42-րդ հոդվածի 4-րդ մասը վերաբերում են բոլոր իրավական ակտերին,

գ) եթե Սահմանադրության 22-րդ հոդվածի 5-րդ մասը վերաբերում է «պատժելիության» վերացմանը կամ «պատիժը» մեղմացնելուն, ապա 42-րդ հոդվածի 4-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 2-րդ մասը վերաբերում են անձի իրավական վիճակին (դրությանը), նրա պատասխանատվությանը:

Հետևաբար, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 2-րդ մասը պետք է համահունչ ու ներդաշնակ լինի Սահմանադրության 42-րդ հոդվածի 4-րդ մասի իրավական տրամաբանությանը:

Միաժամանակ, անձի իրավական վիճակը բարելավող, նրա պատասխանատվությունը վերացնող կամ մեղմացնող իրավական ակտերի` ժամանակի մեջ գործողությունը կանոնակարգող` ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 4-րդ մասում ամրագրված նորմն ունի անմիջական գործողություն և, ըստ այդմ, եթե ճյուղային օրենսդրությունը չի նախատեսում համապատասխան նորմ, որը սահմանում է տվյալ օրենսդրության` ժամանակի մեջ գործողության կանոնները կամ բովանդակում է նշված սահմանադրական նորմին հակասող նորմեր, ապա կիրառվում է նշված սահմանադրական նորմը` իր անմիջական գործողության ուժով` համաձայն ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի:

 ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 4-րդ մասում ամրագրված նորմը սահմանադրական մակարդակով կարգավորում է ինչպես անձի իրավական վիճակը բարելավող, նրա պատասխանատվությունը վերացնող կամ մեղմացնող օրենքների, այնպես էլ այլ իրավական ակտերի` ժամանակի մեջ գործողությունը, և, ըստ այդմ` այդ դրույթը հասցեագրված է ինչպես օրենսդրին, այնպես էլ այլ իրավաստեղծ մարմիններին: Այդ նորմի իրավական բովանդակությունը հանգում է նրան, որ այն իրավական ակտն ընդունող մարմնի հայեցողությանն է թողնում անձի իրավական վիճակը բարելավող կամ պատասխանատվությունը վերացնող կամ մեղմացնող իրավական ակտին հետադարձ ուժ հաղորդելը (բնականաբար, հաշվի առնելով նաև Սահմանադրության 83.5-րդ հոդվածի պահանջները): Միաժամանակ այս նորմը սահմանում է այդ հայեցողությունն իրացնելու ընթացակարգը, այն է` յուրաքանչյուր կոնկրետ դեպքում իրավական ակտն ընդունող մարմինը, իրացնելով իրեն Սահմանադրությամբ տրված հայեցողական լիազորությունը, տվյալ իրավական ակտին հետադարձ ուժ հաղորդելու նպատակահարմարության դեպքում տվյալ ակտում ամրագրում է այդ ակտին հետադարձ ուժ տալու վերաբերյալ դրույթ: Նշված հայեցողությունն իրացնելու այս ընթացակարգն ինքնանպատակ չէ և տրամաբանորեն բխում է Սահմանադրությամբ` իրավական ակտերի ժամանակի մեջ գործողության կանոնակարգման ընդհանուր տրամաբանությունից:

Սահմանադրական դատարանը միևնույն իրավահարաբերությունը կանոնակարգող սահմանադրական նորմի և օրենքի վիճարկվող նորմի համեմատական վերլուծության արդյունքներով գտնում է, որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված նորմը, շեղվելով ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորման հիմքում ընկած` խնդրո առարկա իրավական ակտերի հետադարձ ուժի բացակայության կանխավարկածից, ամրագրել է այդ իրավական ակտերի հետադարձ ուժի առկայության կանխավարկածը` բացառությունը դարձնելով ընդհանուր կանոն:

Սահմանադրական դատարանը միաժամանակ գտնում է, որ մինչև սույն հակասության օրենսդրորեն հաղթահարումն իրավակիրառական պրակտիկան պետք է առաջնորդվի Սահմանադրության 42-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջով` որպես Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի ուժով անմիջականորեն գործող նորմ:

 

7. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված` անձի իրավական վիճակը բարելավող, նրա պատասխանատվությունը վերացնող կամ մեղմացնող իրավական ակտերի` ժամանակի մեջ գործողության վիճարկվող իրավակարգավորումն ընդունվել է մինչև 2005թ. սահմանադրական փոփոխությունները, երբ, ի տարբերություն գործող Սահմանադրության, նշված իրավական ակտերի` ժամանակի մեջ գործողությունը կանոնակարգող սահմանադրական որևէ դրույթ չէր նախատեսվում: Սահմանադրությամբ խնդրո առարկա իրավահարաբերության կանոնակարգման բացակայության պայմաններում օրենսդիրն ազատ էր այդ իրավահարաբերության ինքնուրույն կանոնակարգում նախատեսելու հարցում, և օրենսդրի հայեցողությանն էր թողնված ընտրությունը` նշված ակտերի հետադարձ ուժի առկայության կամ բացակայության կանխավարկածների միջև:

 Անձի իրավական վիճակը բարելավող, նրա պատասխանատվությունը վերացնող կամ մեղմացնող իրավական ակտերի` ժամանակի մեջ գործողության կանոնակարգումը Սահմանադրության մակարդակով կատարվեց միայն 2005թ. սահմանադրական բարեփոխումների արդյունքում: ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածում, ի տարբերություն վիճարկվող նորմի, ամրագրվեց անձի իրավական վիճակը բարելավող, նրա պատասխանատվությունը վերացնող կամ մեղմացնող իրավական ակտերի հետադարձ ուժի բացառության կանոնը: Նման սահմանադրական կարգավորման պայմաններում ՀՀ Սահմանադրության 117-րդ հոդվածի 1-ին կետի ուժով երկու տարվա ընթացքում անհրաժեշտ փոփոխություն պետք է կատարվեր «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի վիճարկվող 2-րդ մասում, ինչը դեռևս չի իրականացվել:

 

 8. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ պարբերությունում ամրագրված դրույթի բովանդակությունը հանգում է նրան, որ ընդհանուր կանոնի համաձայն` ակտի ուժը կորցնելուց առաջ ծագած հարաբերությունների նկատմամբ կիրառվում է տվյալ ուժը կորցրած ակտը, եթե «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով կամ ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ այս դրույթը չի կարող մեխանիկորեն համադրվել նույն օրենքի 78-րդ հոդվածի 2-րդ մասի հետ, որովհետև դրանց իրավակարգավորման առարկան այլ է: «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ պարբերության սահմանադրականությունը գնահատելիս առաջին հերթին անհրաժեշտ է հաշվի առնել սահմանադրական այն ընդհանուր սկզբունքը, որ ուժը կորցնելուց հետո իրավական ակտի գործողությունն ընդհանրապես դադարեցվում է: Սակայն առկա է նաև մեկ այլ հանգամանք: Քանի որ իրավական ակտին հետադարձ ուժ հաղորդելը Սահմանադրության 42-րդ հոդվածի 4-րդ մասի շրջանակներում հայեցողական իրավակարգավորման առարկա է, ապա բաց կարող են մնալ այնպիսի իրավիճակները, երբ տվյալ իրավական ակտը հետադարձություն չի նախատեսել, նախորդ իրավական ակտը ուժը կորցրել է, միաժամանակ նախկինում կատարած արարքի համար ի հայտ է եկել իրավական պատասխանատվության կոնկրետ խնդիր: Այս պարագայում է, որ օրենսդիրը նախատեսում է դրույթ, համաձայն որի` «Ուժը կորցրած իրավական ակտի գործողությունը տարածվում է մինչև դրա ուժը կորցնելու օրը ծագած հարաբերությունների վրա, եթե սույն օրենքով կամ ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին իրավական ակտով այլ բան նախատեսված չէ»: Այս ձևակերպումից բխում է նաև, որ եթե ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով իրավական ակտի նորմի հետադարձման խնդիր է լուծվել, ապա կգործի հետադարձված նորմը: Նման իրավակարգավորումն իրավաչափ է, առանց որի օրենսդրական լուրջ բաց կարող է առաջանալ:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64, 68 և 71-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 42-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին հակասող և անվավեր:

2. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ պարբերությունը, սույն որոշման հիման վրա «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 2-րդ մասի ուժը կորցնելու պայմաններում, համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

29 նոյեմբերի 2011 թ.
ՍԴՈ-1000