Գլխավոր տեղեկություն
Номер
N 18-Ն
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (25.02.2012-13.04.2012)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2012.02.15/5(418) Հոդ.51
Принят
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Дата принятия
31.01.2012
Подписан
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Дата подписания
31.01.2012
Дата вступления в силу
25.02.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.07.2022

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

8 փետրվարի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 60612079

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

31 հունվարի 2012 թ.

ք. Երևան

N 18-Ն 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններում լրագրողների հավատարմագրման օրինակելի կարգը հաստատելու մասին» N 333-Ն որոշումը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հավատարմագրման կարգը` համաձայն հավելվածի:

 

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ

Տ. Մուկուչյան

 

 

Հավելված

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի

2012 թ. հունվարի 31-ի

N 18-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ

 

1. Սույն կարգը սահմանում է լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի կամ լրատվական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձի (այսուհետ` լրագրող) կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրման կանոնները և հավատարմագրված լրագրողի` ընտրական հանձնաժողովներում գործունեության կազմակերպման հիմնադրույթները` նպատակ ունենալով ապահովել կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության թափանցիկությունը և այդ գործունեության մասին անմիջական տեղեկատվություն ստանալու նպատակով լրագրողների համար ստեղծել բարենպաստ պայմաններ:

2. Լրագրողի հավատարմագրումն իրականացվում է «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և սույն կարգին համապատասխան:

Լրագրողի գործունեությունն ընտրական հանձնաժողովներում կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգով՝ խոսքի ազատության ապահովման միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին համապատասխան:

3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը`

1) որևէ ձևով կամ եղանակով չի իրականացնում լրագրողի մասնագիտական գործունեության գրաքննություն.

2) բոլոր լրագրողների համար ապահովում է ոչ խտրական պայմաններ.

3) լրագրողների համար նախատեսված տեղեկատվությունը հավատարմագրված լրագրողներին տրամադրում է միաժամանակ.

4) հավատարմագրված լրագրողներին հնարավորինս շուտ տեղեկացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի այն միջոցառումների ժամանակի և անցկացման վայրի մասին, որոնց կարող են ներկա գտնվել լրագրողները:

Տեղեկատվությունը լրագրողին փոխանցելու պատշաճ ձև է համարվում էլեկտրոնային փոստով հաղորդումը: Լրագրողի էլեկտրոնային հասցեի բացակայության դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը միջոցներ է ձեռնարկում տեղեկատվությունն այլ միջոցներով փոխանցելու համար:

4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հավատարմագրման և հավատարմագրված լրագրողների գործունեության կազմակերպման համար պատասխանատու է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղարը:

5. Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվելու համար լրատվական գործունեություն իրականացնողը գրավոր դիմում է ներկայացնում կենտրոնական ընտրական հանձնաժողով: Դիմումում լրացվում է`

1) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը, եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է` նրա ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում) և բնակության վայրը.

2) հավատարմագրման ներկայացվող լրագրողի, ըստ անձնագրի՝ ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում).

3) լրագրողի ներկայացրած լրատվության միջոցի (լրատվության միջոցների) անվանումը (անվանումները).

4) լրատվական գործունեություն իրականացնողի և լրագրողի էլեկտրոնային հասցեները, հեռախոսահամարներն ու հեռապատճենների համարները (եթե այդպիսիք առկա են):

6. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վարում է լրագրողների հավատարմագրման մատյան:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղարը լրագրողին (լրագրողներին) հավատարմագրելու համար լրատվական գործունեություն իրականացնողի դիմումը ստանաուց հետո այն անմիջապես գրանցում է լրագրողների հավատարմագրման մատյանում, որտեղ նշվում են դրա ստացման օրը և սույն կարգի 5-րդ կետով նախատեսված դիմումում մատնանշված տեղեկությունները:

Մատյանի համապատասխան սյունակներում գրանցվում են լրագրողին հավատարմագրելու կամ հավատարմագրումը մերժելու մասին գրառումը, դրա մասին լրատվական գործունեություն իրականացնողին գրություն ուղարկելու օրը, հավատարմագրման վերջնաժամկետը, հավատարմագրման դադարեցման մասին նշումը, հավատարմագրման դադարեցման հիմնավորումը (համառոտ) և այլ տեղեկություններ:

7. Հավատարմագրումն իրականացվում է մեկ տարի ժամկետով, եթե լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացրած դիմումում ավելի կարճ ժամկետ նշված չէ:

8. Հավատարմագրման ենթակա են յուրաքանչյուր լրատվության միջոցը ներկայացնող ոչ ավելի, քան 2 լրագրող և 2 լուսանկարիչ կամ տեսաձայնագրման 2 օպերատոր:

9. Լրագրողի հավատարմագրումը մերժվում է, եթե սույն կարգի 5-րդ կետում նշված դիմումը չի բովանդակում սահմանված տեղեկությունները կամ խախտվում է սույն կարգի 8-րդ կետի պահանջը կամ առկա է լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու սույն կարգի 11-րդ կետի 1-ին, 2-րդ կամ 3-րդ ենթակետերում նշված հիմքերից որևէ մեկը:

10. Հավատարմագրումը մերժվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից` դիմումը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում: Սահմանված ժամկետում մերժում չտրվելու դեպքում լրագրողը համարվում է հավատարմագրված:

11. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցնել, եթե`

1) նա անգործունակ կամ սահմանափակ գործունակ է ճանաչվել դատական կարգով.

2) դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար, և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ.

3) նա տարածել է ընտրական հանձնաժողովների (պաշտոնատար անձանց) գործունեության մասին այնպիսի տեղեկություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը, ինչը հաստատվել է դատարանի վճռով.

4) հավատարմագրումը դադարեցնելու մասին դիմել է նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողը.

5) դադարել է գործել լրագրողին հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողը, և դադարեցվել է լրագրողի ներկայացրած լրատվության բոլոր միջոցների տարածումը:

Լրագրողի հավատարմագրման դադարեցումն իրականացվում է լրագրողների հավատարմագրման մատյանում համապատասխան գրառում կատարելու միջոցով:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղարը լրագրողի հավատարմագրման դադարեցման դեպքում գրավոր տեղեկացնում է լրագրողին հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողին:

12. Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի հավատարմագրման համար սույն կարգի 5-րդ կետով նախատեսված դիմումին կից պետք է ներկայացվի նաև Հայաստանի Հանրապետությունում լրագրողի հավատարմագրման` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրված վկայականի պատճենը, իսկ բնօրինակը ներկայացնում է լրագրողը:

Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի հավատարմագրման դադարեցման հիմք է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում նրա հավատարմագրման դադարեցումը:

Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի` կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրման համար Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրում չի պահանջվում, եթե Հայաստանի Հանրապետության տարածքում սահմանված կարգով գործում է տվյալ լրատվական գործունեություն իրականացնողի առանձնացված ստորաբաժանումը, որի միջոցով առաջադրվել է լրագրողի հավատարմագրման խնդիրը:

13. Ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների նիստերը, ինչպես նաև քվեարկության ընթացքը զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները` անկախ կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրված լինելու հանգամանքից, կարող են լուսանկարահանել, տեսանկարահանել` չխախտելով քվեարկության բնականոն ընթացքը և ընտրողների քվեարկության գաղտնիության իրավունքը: Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները իրավունք չունեն միջամտելու ընտրական հանձնաժողովի աշխատանքներին:

14. Ընտրական հանձնաժողովների նիստերին (ներառյալ` քվեարկության օրը` քվեարկության սենյակում) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները` անկախ կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրված լինելու հանգամանքից, վերնազգեստի վրա պարտադիր կարգով տեսանելի ձևով պետք է կրեն ընտրական հանձնաժողովում ներկա լինելու իրավունքը հավաստող վկայական, այն է` լրատվական գործունեություն իրականացնողի կողմից նրանց տրամադրված վկայականը:

15. Ընտրական հանձնաժողովների նիստերին (ներառյալ` քվեարկության օրը` քվեարկության սենյակում) իրավունք ունի միաժամանակ ներկա գտնվել յուրաքանչյուր լրատվության միջոցը ներկայացնող ոչ ավելի, քան 1 լրագրող և 1 լուսանկարիչ կամ տեսաձայնագրման 1 օպերատոր:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.06.2022, N 51-Ն 02.07.2022, N 18-Ն
09.11.2016, N 121-Ն 19.12.2016, N 18-Ն
15.03.2012, N 53-Ն 13.04.2012, N 18-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան