Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.10.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.01.23/4(878).1 Հոդ.56.9
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
14.10.2011
Подписан
Նախագահող
Дата подписания
14.10.2011
Дата вступления в силу
14.10.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1494/02/10

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1494/02/10
2011 թ.

Նախագահող դատավոր՝     Տ. Սահակյան

Դատավորներ՝  Կ. Հակոբյան
                                   Տ. Նազարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Մ. Դրմեյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ

Ա. Բարսեղյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

 

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2011 թվականի հոկտեմբերի 14-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Ստիխտինգ Ադմինիստրատենկանտոր Ֆայնենշլ Փերֆորմանս Հոլդինգս հիմնադրամի (այսուհետ` Հիմնադրամ), «Լուքսթոնա Լիմիթեդ» ընկերության, «Յուկոս Ինթերնեյշնլ ՍK B.V.» ընկերության և Արմեն Միքայելյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.06.2011 թվականի որոշման դեմ` ըստ Հիմնադրամի, «Լուքսթոնա Լիմիթեդ» ընկերության, «Յուկոս Ինթերնեյշնլ ՍK B.V.» ընկերության և Արմեն Միքայելյանի հայցի ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության Արաբկիրի տարածքային բաժնի (այսուհետ` Պետական ռեգիստր), «Նեֆտեննայա կոմպանիա «Ռոսնեֆտ»» ԲԲԸ-ի` առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Հիմնադրամը, «Լուքսթոնա Լիմիթեդ» ընկերությունը, «Յուկոս Ինթերնեյշնլ ՍK B.V.» ընկերությունը և Արմեն Միքայելյանը պահանջել են կիրառել առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ`

1) ՍՊԸ-ի մասնակիցների գրանցման քարտում «մասնակցի անվանումը» սյունակում վերականգնել «Նե‎‎ֆտյանայա կոմպանիա «Յուկոս» ԲԲԸ անվանումը.

2) Պետական գրանցման փաստաթղթերում վերականգնել Արմեն Միքայելյանին «Յուկոս ՍՆԳ Ինվեստմենտ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնում:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ս. Ղազարյան) (այսուհետ` Դատարան) 23.02.2011 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 10.06.2011 թվականի որոշմամբ Հիմնադրամի, «Լուքսթոնա Լիմիթեդ» ընկերության, «Յուկոս Ինթերնեյշնլ ՍK B.V.» ընկերության և Արմեն Միքայելյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 23.02.2011 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Հիմնադրամը, «Լուքսթոնա Լիմիթեդ» ընկերությունը, «Յուկոս Ինթերնեյշնլ ՍK B.V.» ընկերությունը և Արմեն Միքայելյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել «Նեֆտեննայա կոմպանիա «Ռոսնեֆտ»» ԲԲԸ-ն:

 

 2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 3-րդ, 18-րդ, 19-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ, 13-րդ հոդվածները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 3-րդ կետը, որը պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածը, 28-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետը, 48-րդ, 49-րդ, 53-րդ, 122-րդ հոդվածները:

Բողոք բերած անձինք նշված պնդումները պատճառաբանում են հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Դատարանի կողմից արագացված դատաքննության կիրառումը հիմնավորված չէ: Արագացված դատաքննության կիրառումով Դատարանը չի կատարել գործի օբյեկտիվ և բազմակողմանի քննություն, հնարավորություն չի տվել հայցվորներին ներկայացնել և դատական նիստի ընթացքում հիմնավորել իրենց դիրքորոշումները, որի արդյունքում սխալ է մեկնաբանել և կիրառել դատավարական իրավունքի մի շարք նորմեր, որով էլ խախտվել են հայցվորների արդար դատաքննության իրավունքը և կայացվել է սխալ դատական ակտ: Դատարանը հնարավորություն չի տվել հայցվորներին ներկայացնել հայցի հիմքն ու առարկան: Դատարանն առանց որևէ հիմքի, առանց ուսումնասիրելու գործում առկա փաստաթղթերը, որոշում է կայացրել արագացված դատաքննության կիրառման մասին և վճռում հղում կատարել մինչև որոշումը չուսումնասիրված փաստաթղթերին: Փաստորեն, Դատարանը հայցվորներին զրկել է դատական նիստում իրենց կողմից ներկայացված ապացույցները հետազոտելու և դրա արդյունքում իրենց փաստարկները հիմնավորելու հնարավորությունից: Վճռում Դատարանը չի անդրադարձել հայցվորների կողմից բերված և վերջիններիս շահագրգռվածությունը հիմնավորող որևէ փաստի: Այնինչ, լրացուցիչ բացատրություններով հայցվորներն ըստ էության ավելի մանրամասն և հատկապես ՌԴ իրավակիրառ պրակտիկայի վկայակոչմամբ հիմնավորում են սույն գործով իրենց շահագրգռվածության և պատշաճ հայցվոր լինելու հանգամանքը: Ինչպես Դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը պարզապես խուսափել են կատարել իրենց հիմնական պարտականությունը` ապահովել արդարադատություն և դատական պաշտպանություն, և հրաժարվել են ուսումնասիրել բողոք բերողների փաստարկներն ըստ էության` հաշվի առնելով, որ առուվաճառքի պայմանագիրն առոչինչ էր` համաձայն ՌԴ քաղաքացիական օրենսգրքի 169-րդ հոդվածի:

Վերաքննիչ դատարանի կազմում ընդգրկված դատավորները չեն ընթերցել որոշումը, սակայն այն հաստատել են իրենց ստորագրությամբ և կնիքներով: Այդ մասին է վկայում Վերաքննիչ դատարանի որոշման 24-րդ էջի 3-րդ պարբերության սկզբից մինչև 25-րդ էջի 3-րդ պարբերության սկզբի շարադրանքի և 25-րդ էջի 3-րդ պարբերության սկզբից մինչև 26-րդ էջի 3-րդ պարբերության սկզբի շարադրանքի կրկնությունը:

Վերաքննիչ դատարանի որոշումը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի 29.10.2010 թվականի թիվ ՎԴ/4342/05/09 և 10.11.2010 թվականի թիվ ՎԴ/4680/05/09 որոշումներին:

Վճռաբեկ բողոք բերած անձինք վերը նշված հիմքով պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 10.06.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Բողոքաբերները, մինչև սույն բողոքը, տվյալ գործի շրջանակներում օգտագործել են իրենց փաստարկները ներկայացնելու բազմաթիվ հնարավորությունները: Նրանք պնդում են, որ իրենց խոչընդոտել են փաստարկներն արդյունավետ ներկայացնել, ինչը չի համապատասխանում իրականությանը: Անվիճելի է այն, որ մինչև տվյալ բողոքը ներկայացնելը, բողոքաբերները միևնույն գործի շրջանակներում ներկայացրել են չորս մրցակցային փաստաթուղթ` հայց, հայցի վերաբերյալ լրացուցիչ բացատրություններ, վերաքննիչ բողոք և վերաքննիչ բողոքի վերաբերյալ լրացուցիչ բացատրություններ, որոնցում իրենց պնդմամբ հիմնավորում են շահագրգռվածության առկայության փաստը: Ընթացակարգային խախտումները, որոնք բողոքաբերների կարծիքով թույլ են տրվել գործի քննության ընթացքում, չեն կարող վերջնական դատական ակտերի բեկանման հիմք հանդիսանալ, քանի որ նույնիսկ եթե այդ խախտումները տեղի ունեցած լինեին, ինչի հետ պատասխանողը համաձայն չէ, դրանք չեն հանգեցրել և չէին կարող հանգեցնել գործի սխալ լուծմանը: Դատական քննությունը եղել է թափանցիկ և արդար, անց է կացվել օրենքի, ՀՀ Սահմանադրության, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի պահանջներին համապատասխան: Դատարանը հիմնավոր է կիրառել արագացված դատաքննությանը վերաբերող օրենքի կանոնը: Այն դեպքում, երբ դատարանը գտնում է, որ հայցվորները գործով չունեն օրենքով ճանաչվող իրավական շահագրգռվածություն, դրանից տրամաբանորեն հետևում է, որ հայցն ակնհայտ անհիմն է, և այդ դեպքում օրենքը պահանջում է անցնել արագացված դատաքննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

1. 04.08.2006 թվականին Մոսկվա քաղաքի արբիտրաժային դատարանն ընդունել է որոշում, որի համաձայն` «Նե‎‎ֆտյանայա կոմպանիա «Յուկոս» ԲԲԸ-ն ճանաչվել է սնանկ, նրա նկատմամբ սահմանվել է մրցութային վարույթ` երկու տարի ժամկետով, մրցույթի կառավարիչ է նշանակվել Է. Ռեբգունը (1-ին հատոր, գ.թ. 57-59):

2. Վերոհիշյալ մրցութային վարույթի իրականացման շրջանակներում 13.08.2007 թվականին «Նեֆտեննայա կոմպանիա «Ռոսնեֆտ» ԲԲԸ-ի և «Նեֆտեննայա կոմպանիա «Յուկոս» ԲԲԸ-ի մրցութային կառավարիչ Է. Ռեբգունի միջև կնքվել է գույքի առուվաճառքի պայմանագիր, համաձայն որի` «Յուկոս ՍՆԳ Ինվեստմենթ» ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալում «Նե‎‎ֆտյաննայա կոմպանիա «Յուկոս» ԲԲԸ-ին պատկանող 100% բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցվել է «Նեֆտեննայա կոմպանիա «Ռոսնեֆտ» ԲԲԸ-ին (1-ին հատոր, գ.թ. 48-56):

3. Թիվ ԵՔԴ/0002/02/09 քաղաքացիական գործով 09.07.2009 թվականին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Կ.Պետրոսյան) մերժել է «Յուկոս ՍՆԳ Ինվեստմենթ»ՍՊԸ-ի հայցն ընդդեմ «Նեֆտեննայա կոմպանիա «Ռոսնեֆտ» ԲԲԸ-ի` 13.08.2007 թվականի «Նեֆտեննայա կոմպանիա «Ռոսնեֆտ» ԲԲԸ-ի և «Նեֆտեննայա կոմպանիա «Յուկոս» ԲԲԸ-ի մրցութային կառավարիչ Է. Ռեբգունի միջև կնքված N ԿՈՒ/ԿՊ/18/0001107/2863 գույքի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջով: Նշված վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա չէ բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.

Հայցվորների մոտ շահագրգռվածության վերաբերյալ հիմքով վճռաբեկ բողոքն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

Դատարանը և Վերաքննիչ դատարանը մանրամասն ուսումնասիրել են և ճիշտ են գնահատել տվյալ հայցը հարուցելու մեջ հայցվորներից (բողոք բերած անձանց) յուրաքանչյուրի շահագրգռվածության հարցը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ և դրան համընկնող` ՌԴ քաղաքացիական օրենսգրքի 166-րդ հոդվածների համաձայն`առոչինչ գործարքի անվավերության հետևանքների պահանջ կարող է ներկայացնել յուրաքանչյուր շահագրգիռ անձ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն`շահագրգիռ անձն իրավունք ունի նույն օրենսգրքով սահմանված կարգով դիմել դատարան` իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար:

Ելնելով նշված իրավական նորմերից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ շահագրգռվածությունը դատարան ներկայացված որևէ պահանջի քննության նախապայման է, ուստի դատարանը պետք է պարզի բոլոր քննվող գործերով հայցվորի շահագրգռվածության հարցը: Դատարան դիմելով` հայցվորը պետք է հիմնավորի, իսկ դատարանը` պարզի.

1. Հայցվորի որ իրավունքներն են իրականում խախտվել և ինչ անբարենպաստ հետևանքների են հանգեցրել այդ խախտումները,

2. Ներկայացված հայցի նպատակը արդյոք իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն ու վերականգնումն է, և հնարավոր է արդյոք ընտրված միջոցով պաշտպանել կամ վերականգնել հայցվորի իրավունքները (կամ, համապատասխան դեպքերում, նրան պատճառված վնասը փոխհատուցել):

Հայցվորն իրավունք ունի դատարան դիմելու իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության և վերականգման համար:

«Լուքսթոնա Լիմիթեդ» ընկերության մասով առաջին ատյանի և վերաքննիչ դատարանները հանգել են այդ անձի շահագրգռվածության բացակայության վերաբերյալ ճիշտ եզրակացության, քանի որ լուծարվող ընկերության գույքը կամ դրա արժեքի մի մասը ստանալու բաժնետիրոջ իրավունքը կարող է իրականացվել մինչև ընկերության լուծարման պահը, այդ թվում սնանկության կարգով:

Տվյալ գործով կողմերը չեն վիճարկել այն փաստը, որ «Նե‎‎ֆտյանայա կոմպանիա «Յուկոս» ԲԲԸ-ն լուծարվել է սնանկության կարգով` ք. Մոսկվայի Արբիտրաժային դատարանի որոշմամբ`ընկերության պարտատերերի պահանջների ամբողջական բավարարման համար դրա գույքի անբավարարության հիմքով, և այդ մասին համապատասխան գրառումը կատարվել է իրավաբանական անձանց համապատասխան պետական ռեեստրում: Դատարանի որոշմամբ պարտապան ընկերության լուծարումը սնանկության կարգով նշանակում է, որ այդ ընկերության գույքը չի բավարարել պարտատերերի պահանջների ամբողջական բավարարման համար, ինչը բացառում է պարտատերերի հետ հաշվարկից հետո ընկերության գույքի մի մասի ստացումը բաժնետերերի կողմից` այդպիսի գույքի բացակայության պատճառով:

Առաջին ատյանի և վերաքննիչ դատարանները, ճիշտ մեկնաբանելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՌԴ դաշնային օրենքի 23-րդ հոդվածի և դրան համապատասխանող «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի բովանդակությունը, հանգել են հիմնավոր եզրակացության առ այն, որ բաժնետերերի պահանջների բավարարումը կատարվում է լուծարման գործընթացի շրջանակներում և մինչ դրա ավարտը` բոլոր պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքի հաշվին:

Վճռաբեկ դատարանն անհիմն է գտնում «Լուքսթոնա Լիմիթեդ» ընկերության այն փաստարկը, որով հղում է կատարվում ՌԴ Հյուսիս-Կովկասյան Դաշնային արբիտրաժային դատարանի 18.03.2008 թվականի F08-831/08 որոշմանը` որպես այդ անձի շահագրգռվածության հիմնավորում: Այդ կապակցությամբ հիմնավոր է Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն առ այն, որ ռուսական դատարանի այդ որոշման մեջ ներկայացված վեճի փաստական հանգամանքները, ինչպես նաև ներկայացված հայցադիմումներն էականորեն տարբերվում են սույն գործի փաստական հանգամանքներից և ներկայացված պահանջներից: Մասնավորապես, ռուսական դատարանի նշված որոշման մեջ խոսքը գնում է մի գույքի մասին, որը ներառված չի եղել լուծարվող ընկերության գույքի կազմի մեջ, որը ենթակա էր բաշխման նրա մասնակիցների միջև, մինչդեռ սույն վեճում` «Յուկոս ՍՆԳ Ինվեստմենթ» ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալի 100% բաժնեմասը ներառված է եղել լուծարվող «Նե‎‎ֆտյանայա կոմպանիա «Յուկոս» ԲԲԸ-ի գույքի կազմի մեջ և վաճառվել է աճուրդով` վերջինիս սնանկության գոծընթացում:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված գործով ռուսական դատարանը քննել է հայցապահանջ` լուծարված ընկերության չբաշխված գույքի նկատմամբ հայցվորների սեփականության իրավունքը ճանաչելու վերաբերյալ, մինչդեռ սույն գործով ներկայացվել է առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջ:

«Յուկոս Ինթերնեյշնլ ՍK B.V.» ընկերության վերաբերյալ նույնպես առաջին ատյանի և վերաքննիչ դատարանները հանգել են այդ անձի շահագրգռվածության բացակայության մասին ճիշտ եզրակացության, քանի որ պահանջը հիմնված է Լոնդոնի միջազգային արբիտրաժային դատարանի որոշման վրա և ուղղված է արդեն լուծարված «Նե‎‎ֆտյանայա կոմպանիա «Յուկոս» ԲԲԸ-ից գումարի բռնագանձմանը, սակայն ՌԴ քաղաքացիական օրենսգրքի 419-րդ և դրան համապատասխանող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 435-րդ հոդվածների ուժով իրավաբանական անձի պարտավորությունները դադարում են վերջինիս լուծարմամբ:

Ընդ որում, Վերաքննիչ դատարանը հիմնավոր կերպով է մերժել անգլիական իրավունքի կիրառելիության վերաբերյալ «Յուկոս Ինթերնեյշնլ ՍK B.V.» ընկերության փաստարկը` նշելով, որ պայմանագրի նկատմամբ կիրառվող անգլիական իրավունքը կարգավորում է պայմանագրի կողմերի միջև հարաբերությունները: Մինչդեռ պայմանագրի կողմի իրավունակության ծագումն ու դադարումը, այդ թվում պարտավորություններ կրելու` դրանց համար պատասխանատու լինելու ունակությունը, կարգավորվում է իրավաբանական անձի անձնական օրենքով (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1272-րդ հոդված), որը «Նե‎‎ֆտյանայա կոմպանիա «Յուկոս» ԲԲԸ-ի դեպքում Ռուսաստանի Դաշնության օրենքն է: ՌԴ քաղաքացիական օրենսգրքի 419-րդ հոդվածի համաձայն` իրավաբանական անձի լուծարմամբ դադարում են դրա պարտավորությունները:

Վերաքննիչ դատարանը պատճառաբանված կերպով է անհիմն համարել «Յուկոս Ինթերնեյշնլ ՍK B.V.» ընկերության փաստարկները, որոնք բխում են ՌԴ Սահմանադրական դատարանի 09.11.2010 թվականի №1435-О-О որոշումից` որպես իր շահագրգռվածության հիմնավորում: Վերաքննիչ դատարանը վկայակոչել է գործերի փաստական հանգամանքների ակնհայտ տարբերությունը` այդ գործով լուծարվող ընկերության գույքն օտարվել է երրորդ անձանց մինչև ընկերության սնանկ ճանաչվելը, այլ ոչ թե սնանկության գործընթացում, ինչպես տեղի է ունեցել սույն գործով: Ավելին, նշված գործով խոսքը գնում է պարտատիրոջ այնպիսի պահանջի մասին, որը ներկայացվել է և ճանաչվել սնանկության շրջանակներում, մինչդեռ սույն գործով «Յուկոս Ինթերնեյշնլ ՍK B.V.» ընկերության նշված պահանջը չի ճանաչվել դատարանի կողմից ՌԴ-ում սնանկության գործընթացի շրջանակներում: Այդ մասին նշում է հենց հայցվորը` հաստատելով, որ Լոնդոնի արբիտրաժային դատարանի որոշման վրա հիմնված պահանջը Մորավել ընկերությունը ներկայացրել է սնանկության շրջանակներում, սակայն դատարանն այն չի ճանաչել, որից հետո պահանջի իրավունքը Մորավելը զիջել է «Յուկոս Ինթերնեյշնլ ՍK B.V.» ընկերությանը:

Հիմնադրամի մասով առաջին ատյանի և վերաքննիչ դատարանները նույնպես հիմնավոր մատնանշել են նշված անձի մոտ շահագրգռվածության բացակայությունը` ընդգծելով, որ քանի որ ոչ «Նե‎‎ֆտյանայա կոմպանիա «Յուկոս» ԲԲԸ-ի նախկին բաժնետերերը (Լյուքսթոնա Լիմիթեդ), ոչ պարտատերերը (Յուկոս Ինթերնեյշնլ) չեն համարվում առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով հայց ներկայացնելու համար շահագրգռված, ապա Հիմնադրամը չի կարող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի իմաստով շահագրգիռ համարվել այն դեպքում, երբ այն անձինք, ում շահերի պաշտպանության համար Հիմնադրամը գործում է (նախկին բաժնետերեր և պարտատերեր), դատարանի կողմից նույն իրավական նորմի ուժով ճանաչվել են շահագրգռվածություն չունեցող:

Բացի այդ, պնդելով լուծարված «Նե‎‎ֆտյանայա կոմպանիա «Յուկոս» ԲԲԸ-ի բաժնետերերի և պարտատերերի անունից հանդես գալու իր իրավունքը, Հիմնադրամը չի ներկայացրել որևէ բացատրություն և հաստատում առ այն, թե հատկապես ովքեր են այդ անձինք, գործարքի հետ կապված ինչպես և ինչով են խախտվել նրանց իրավունքները, հատկապես ինչպես այդ իրավունքները հնարավոր կլինի վերականգնել հայցի բավարարման դեպքում, պնդում են արդյոք նրանք հայցը ներկայացված առարկայով և հիմքով, համաձայն են արդյոք, որ Հիմնադրամը պաշտպանի իրենց իրավունքները:

Արմեն Միքայելյանի վերաբերյալ առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններն արդարացիորեն նշել են, որ նրա իրավունքները, ներառյալ աշխատանքային իրավունքները, չեն շոշափվել իր կողմից վիճարկվող գործարքով, քանի որ «Յուկոս ՍՆԳ Ինվեստմենթ» ՍՊԸ-ի տնօրենի լիազորությունները դադարեցվել են ոչ թե գործարքով, այլ ընկերության միակ մասնակցի համապատասխան որոշմամբ և դրա հիման վրա իրավաբանական անձանց պետական ռեգիստրում կատարված համապատասխան գրանցմամբ: Ընդ որում, Արմեն Միքայելյանի լիազորությունները կարող էր դադարեցնել և նախկին մասնակիցը` «Նե‎‎ֆտյանայա կոմպանիա «Յուկոս» ԲԲԸ-ն, առանց վիճարկվող գործարքի հետ որևէ առնչության, իսկ գործարքի կատարումից հետո նոր մասնակիցը` «Նեֆտեննայա կոմպանիա «Ռոսնեֆտ»» ԲԲԸ-ն կարող էր թե դադարեցնել, թե չդադարեցնել Արմեն Միքայելյանի լիազորությունները:

«Յուկոս ՍՆԳ Ինվեստմենթ» ՍՊԸ-ի մասնակցի որոշումը` Արմեն Միքայելյանի` որպես տնօրենի լիազորությունները դադարեցնելու մասին, ոչ ոքի կողմից չի վիճարկվել, իսկ նրա կողմից ներկայացված պահանջը` պետական ռեգիստրում գրանցման անվավեր ճանաչելու մասին, մերժվել է ՀՀ վարչական դատարանի կողմից թիվ ՎԴ/4342/05/09 և թիվ ՎԴ/4680/05/09 գործերով, ինչը հաստատվում է գործի նյութերում առկա դատական ակտերով:

Այսպիսով, Արմեն Միքայելյանի կողմից սույն գործով բերված հիմնավորումները, որոնցով նա կարող էր ճանաչվել առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու մասին հայց ներկայացնելու մեջ իրավական շահագրգռվածություն ունեցող անձ, անհիմն են:

Հաշվի առնելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առաջին ատյանի և վերաքննիչ դատարանները ճիշտ են պարզել գործով ապացուցման առարկան` որոշելով, որ դրա շրջանակում նախևառաջ ներառված է հայցվորների` տվյալ պահանջով հայց հարուցելու մեջ շահագրգռվածության առկայության հարցը, և ճիշտ են սահմանել գործով վերաբերելի հանգամանքների շրջանակը` դրա մեջ ներառելով հայցվորների կողմից ներկայացված այն հանգամանքները, որոնք ազդում են սույն հայցը պնդելու համար հայցվորների շահագրգռվածության առկայության հաստատման վրա: Այնուհետև դատարանները ճիշտ են գնահատել այդ հանգամանքները` կատարելով հիմնավորված եզրահանգում` հայցվորներից յուրաքանչյուրի մոտ շահագրգռվածության բացակայության վերաբերյալ:

Նման հանգամանքներում առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների կողմից հայցվորների շահագրգռվածության բացակայության բացահայտումը բավարար իրավական հիմք է հայցն ակնհայտ անհիմն համարելու և մերժելու համար, որի հետևանքով Վերաքննիչ դատարանի կողմից այլ հարցերի քննարկումը, ներառյալ գործարքի առոչնչության հիմքերի և դրա անվավերության հետևանքների կիրառման վերաբերյալ անհրաժեշտ չէր:

Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում փաստարկն առ այն, որ արագացված դատաքննության կիրառմամբ առաջին ատյանի դատարանը հայցվորներին զրկել է հավասարության և մրցակցության պայմաններում արդար դատաքննության իրավունքից, քանի որ արագացված դատաքննությունն օրենքով նախատեսված դեպքերում անձանց անորոշ շրջանակի նկատմամբ կիրառելու համար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված դատավարական ինստիտուտ է և որպես հետևանք, ոչ մի կերպ ինքնին չի կարող խանգարել արդար դատաքննության և կողմերի այլ իրավունքների ապահովմանը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր նախադեպային որոշումներում բազմիցս նշել է, որ առանց բանավոր քննության դատաքննությունը չի խախտում կողմերի դատական պաշտպանության իրավունքն այն դեպքերում, երբ վեճի լուծման համար դատարանին անհրաժեշտ է պարզել հարցերի սահմանափակ շրջանակ, և այդ հարցերը իրավունքի հարցեր են (տես` Allan Jacօbssօn vs. Sweden, դիմում թիվ 8/1997/792/993, 19.02.1998, «49):

Սույն գործով առաջին ատյանի դատարանը հայցադիմում, իսկ այնուհետև դրա պատասխանը ստանալուց հետո բավականին ժամանակ է ունեցել դրանց բովանդակությանը ծանոթանալու և հայցի և պատասխանի բոլոր փաստարկներին և հիմնավորումներին պատշաճ իրավական գնահատական տալու համար: Այնուհետև դատարանը կողմերի մասնակցությամբ դատական նիստ է հրավիրել և անցկացրել, որի ընթացքում լուծել է կողմերի ներկայացված միջնորդությունները և լրացուցիչ հարցմամբ համոզվել, որ հայցվորները հայցի առարկան կամ հիմքը չեն փոփոխում, որից հետո միայն անցել է արագացված դատաքննության, և մերժել է հայցը հայցվորների մոտ շահագրգռվածության բացակայության հիմքով, որը իրավունքի հարց է, այլ ոչ թե փաստի:

Վճռաբեկ դատարանը նշում է, որ կողմերի հավասարության և մրցակցության սկզբունքները, որոնք արդար դատաքննության իրավունքի կարևոր բաղադրատարր են, պահանջում են, որպեսզի դատավարության կողմերն ունենան հավասար հնարավորություններ ներկայացնելու և պաշտպանելու իրենց իրավունքներն ու օրինական շահերը: Դա նշանակում է, որ կողմերի հավասարության սկզբունքը կարող է խախտվել միայն այն դեպքում, երբ կողմերից մեկին ավելի բարենպաստ հնարավորություններ են տրամադրվել ի վնաս կամ ի հաշիվ մյուս կողմի:

Տվյալ դեպքում բողոք բերած անձը չի ներկայացրել որևէ փաստարկ, որով նվազ բարենպաստ հնարավորություններ են ստեղծվել` իրենց իրավունքները և շահերը պաշտպանելու համար:

Բողոք ներկայացրած անձանց հիմնավորումներն այն մասին, որ Դատարանը չի հետազոտել ներկայացված ապացույցները, այդ թվում չի ներգրավել վկաներին, հերքվում են առաջին ատյանի դատարանի վճռի պատճառաբանությամբ առ այն, որ հայցվորների ներկայացրած ապացույցները Դատարանի կողմից ճանաչվել են ոչ վերաբերելի, քանի որ դրանք ուղղված չեն ապացուցելու հայցվորներից որևէ մեկի գործով շահագրգիռ լինելու հանգամանքը: Նման հանգամանքներում, երբ դատարանը հայցի ակնհայտ անհիմն լինելու մասին եզրահանգման է եկել, առաջին ատյանի դատարանն այլևս չէր կարող ուսումնասիրել ոչ պատշաճ հայցվորի կողմից ներկայացված ապացույցները, որոնք ուղղված են հաստատելու դատարանի կողմից ոչ վերաբերելի ճանաչված փաստերը:

Վճռաբեկ բողոքի մնացած, այդ թվում` որոշման տպագիր տեքստում տեղ գտած տեխնիկական թերությունների վերաբերյալ հիմնավորումները չեն ազդել գործի ելքի և կայացված դատական ակտերի իրավական հիմնավորվածության ու օրինականության գնահատման վրա, հետևաբար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով անհիմն են:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.06.2011 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Մ. Դրմեյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան