ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0365/02/08 |
Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0365/02/08 |
Նախագահող դատավոր՝ Ն. Հովսեփյան | |
Դատավորներ՝ Ա. Մկրտչյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ա. Բարսեղյանի | |
|
Վ. Աբելյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
|
Գ. Հակոբյանի | |
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2011 թվականի հոկտեմբերի 14-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Արտավազդ Խաչատրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.06.2010 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Արմեն Ավագյանի ընդդեմ Արտավազդ Խաչատրյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Արմեն Ավագյանը պահանջել է բռնագանձել Արտավազդ Խաչատրյանից 69.900 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, ինչպես նաև սկսած 15.10.2005 թվականից՝ պարտքի գումարի նկատմամբ հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված բանկային տոկոսներ:
Երևանի քաղաքացիական դատարանի (դատավոր` Էդ. Ավետիսյան) 07.07.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի (նախագահող դատավոր՝ Վ. Ավանեսյան, դատավորներ` Ա. Խառատյան, Կ. Չիլինգարյան) 20.11.2008 թվականի որոշմամբ բեկանվել է Երևանի քաղաքացիական դատարանի 07.07.2008 թվականի վճիռը, և գործն ուղարկվել է նոր քննության:
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա. Մխիթարյան) (այսուհետ՝ Դատարան) 11.03.2011 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 03.06.2011 թվականի որոշմամբ Դատարանի 11.03.2011 թվականի վճռի դեմ Արմեն Ավագյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է. Դատարանի վճիռը բեկանվել և փոփոխվել է՝ հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արտավազդ Խաչատրյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արմեն Ավագյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 342-րդ հոդվածը, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 48-րդ, 51-րդ, 53-րդ, 62-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ հայցային վաղեմության եռամյա ժամկետի ընթացքը սկսվել է 15.10.2004 թվականից և ավարտվել է 15.10.2007 թվականին: Այն, որ հայցային վաղեմության ժամկետը սկսվել է 15.10.2004 թվականին, ընդունել է նաև Արմեն Ավագյանի ներկայացուցիչն իր՝ 03.10.2010 թվականի հայցային վաղեմության բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու մասին միջնորդությամբ: Նշված միջնորդությամբ նշվել է, որ Արմեն Ավագյանը գտնվել է ԱՄՆ-ում, և հայցային վաղեմության վերջին 6 ամսվա ընթացքում՝ 10.09.2007 թվականին «Միոկարդի ինֆարկտ» ախտորոշմամբ ընդունվել է Ռոջեր Վիլյամս բժշկական կենտրոնի շտապօգնության բաժանմունք, որտեղից դուրս է գրվել 18.09.2007 թվականին: Վերաքննիչ դատարանը նշվածը համարել է բացառիկ դեպք և հարգելի է համարել հայցային վաղեմության ժամկետը բաց թողնելու պատճառները: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Արմեն Ավագյանը, նույնիսկ ծանր հիվանդությամբ, ընդամենը 9 օր է գտնվել բժշկական հաստատությունում, այլ ոչ թե հայցային վաղեմության ժամկետի վերջին 6 ամսվա ամբողջ ընթացքում: Այսինքն՝ Արմեն Ավագյանն ունեցել է իր ենթադրյալ խախտված իրավունքների վերականգնման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու հնարավորություն:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ «Մելլի Տեխնոլոջի» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) կողմից տրված գրության վրա առկա կնիքը չի պատկանում Ընկերությանը, այլ պատկանում է «Մելլի» ընկերությանը, ուստի այդ փաստաթուղթը վերաբերելի ապացույց չէ: Այսինքն՝ խաղային ապարատներն Ընկերությանը չհանձնելու փաստը մնում է չապացուցված, ուստի դրա բացասական հետևանքները կրում է Արմեն Ավագյանը:
Վերաքննիչ դատարանը որպես ապացույց գնահատել է 14.10.2006 թվականի «Համաձայնություն» վերտառությամբ փաստաթուղթը՝ հաշվի չառնելով, որ գործում առկա թվով երկու փորձագիտական եզրակացություններում խոսք չկա այն մասին, որ նշված փաստաթղթում առկա ստորագրությունն ընդհանուր գծերով նման է պատասխանողի ստորագրությանը: Ավելին, փորձագիտական եզրակացություններով հստակ հետևություն չի տրվել առ այն, որ «Համաձայնություն» վերտառությամբ փաստաթուղթը ստորագրվել է Արտավազդ Խաչատրյանի կողմից:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ փորձագիտական եզրակացությամբ տրվել է հստակ պատասխան, որ վերը նշված փաստաթղթում առկա ստորագրություններն ունեն 2-ից մինչև 3 տարվա վաղեմություն՝ հաշված հետազոտությունը սկսելու պահից՝ 10.06.2010 թվականից: Այսինքն՝ եթե 10.06.2010 թվականից հետ հաշվարկ կատարվի 3 տարի, կստացվի որ «Համաձայնություն» վերտառությամբ փաստաթուղթը կազմվել է 10.06.2007 թվականից հետո, մինչդեռ այն թվագրված է 14.10.2006 թվական: Այսպիսով պետք է փաստել, որ Արմեն Ավագյանի կողմից վկայակոչած 14.10.2006 թվականի համաձայնագրի ուժով որպես հայցային վաղեմության ժամկետի սկիզբ չի կարող ընդունվել դրանում նշված կատարման ժամկետը, այն է՝ 14.10.2007 թվականը:
2) Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 347-րդ 411-րդ, 1058-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված վերոնշյալ նյութական և դատավարական նորմերի խախտումները հանգեցրել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 347-րդ 411-րդ, 1058-րդ հոդվածների սխալ կիրառման:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 03.06.2011 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի վճռին:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վերաքննիչ դատարանը, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելով և գնահատելով գործով ներկայացված ապացույցները, իրավացիորեն հարգելի է ճանաչել և վերականգնել է հայցային վաղեմության բաց թողնված ժամկետը:
Հիմնավոր է Վերաքննիչ դատարանի այն հետևությունը, որ Արմեն Ավագյանի կողմից հայցային վաղեմության ժամկետի բացթողումը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 342-րդ հոդվածի ուժով բացառիկ դեպք էր, քանի որ հայցվորը ծանր հիվանդության և անօգնական վիճակի պատճառով չի կարողացել դիմել դատարան մինչև հայցային վաղեմության ավարտը՝ իր իրավունքների պաշտպանության համար:
Բացի այդ, պատասխանող Արտավազդ Խաչատրյանն ընդունել է խաղային ապարատները ստանալու փաստը, սակայն գումարային պատասխանատվությունից խուսափելու համար հայտնել է, որ խաղային ապարատները հանձնել է՝ չներկայացնելով հանձնարարության պատշաճ կատարման որևէ ապացույց:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) 12.05.2004 թվականի հանձնարարությամբ Արմեն Ավագյանն Արտավազդ Խաչատրյանին հանձնարարել է «Լաքի Մեն» ֆիրմայից՝ Գենադի Սվիրիդովից, ստանալ խաղային ապարատներ «Ատրոնիկ» (տաս հատ), մաքսազերծված տեսքով և տեղափոխել Ընկերություն՝ վաճառքի համար (հատոր 1-ին, գ.թ. 14, 15):
2) Արտավազդ Խաչատրյանի և Գենադի Սվիրոդովի կողմից 13.09.2004 թվականին կազմված և ստորագրված փաստաթղթի համաձայն՝ Ալբերտ Խաչատրյանը Գենադի Սվիրիդովից ստացել է 10 Ատրոնիկ՝ խաղերով, շահագործման պատրաստ վիճակում (հատոր 1-ին, գ.թ. 9, 10):
3) Արտավազդ Խաչատրյանին հասցեագրված 15.10.2004 թվականի «Առաջարկություն 12.05.2004 թվականին կնքված համաձայնության վերաբերյալ» վերնագրված փաստաթղթի համաձայն՝ «Համաձայն մեր միջև ձեռք բերված պայմանավորվածության Դուք սույն թվականի սեպտեմբերի 13-ին մեր վստահված անձ Գենադի Սվիրիդովից ստացել եք թվով 10 «Ատրոնիկ» տեսակի խաղային ապարատներ, յուրաքանչյուրը 6.990 ԱՄՆ դոլար արժողությամբ, որը պետք է հանձնեիք «Մելլի Տեխնոլոջի» ՍՊԸ-ին վաճառքի համար, սակայն, նկատի ունենալով, որ Դուք պարտավորություն եք վերցրել անձամբ իրացնել և վերադարձնել նշված գումարը և Ձեր կողմից անցած մեկ ամսվա ընթացքում որևէ վճարում չի կատարվել, ուստի առաջարկում եմ Ձեզ սույն նամակը ստանալու պահից մեկ տարվա ընթացքում ամբողջությամբ մարել 69.900 ԱՄՆ դոլար պարտքը» (հատոր 1-ին, գ.թ. 16):
4) Արտավազդ Խաչատրյանին հասցեագրված 19.12.2007 թվականի «Ծանուցում 12.05.2004 թվականին կնքված համաձայնության վերաբերյալ» փաստաթղթով Արմեն Ավագյանը հայտնել է, որ «Մեր միջև 12.05.2004 թվականին ձեռք բերված համաձայնությամբ 15.10.2004 թվականին առաջարկություն է ուղարկվել Ձեր կողմից 13.09.2004 թվականին ստացված թվով 10 «Ատրոնիկ» տեսակի խաղային ապարատների արժեքը, որը կազմում է 69.900 ԱՄՆ դոլար, մարել մինչև 15.10.2005 թվականը, սակայն Ձեր կողմից անցած մեկ տարվա ընթացքում որևէ վճարում չի կատարվել, որը դիտվում է որպես պարտավորության կատարումից խուսափում: Ձեր գործողություններով պատճառվել է զգալի վնաս, որը ենթակա է փոխհատուցման: Գտնում եմ, որ վեճը ենթակա է լուծման դատական կարգով և նախազգուշացնում եմ, որ իմ կողմից կրած բոլոր վնասները կփոխհատուցվեն Ձեր հաշվին» (հատոր 1-ին, գ.թ. 17):
5) Ընկերության բլանկով, «Մելլի» ընկերության կնիքով կնքված 09.05.2008 թվականի թիվ M26/389-008 ռուսերեն լեզվով գրության համաձայն՝ Արտավազդ Խաչատրյանը «Մելլի» ընկերության հետ որևէ գործարար հարաբերություններ չի ունեցել, նշված ընկերությանը չի հանձնել Արմեն Ավագյանին պատկանող «Ատրոնիկ» խաղային ապարատները (հատոր 1-ին, գ.թ. 56):
6) 14.10.2006 թվականի «Համաձայնագիր» վերնագրված փաստաթղթի համաձայն՝ «Մենք, ներքոստորագրյալներս՝ Արտավազդ Խաչատրյանս և Արմեն Ավագյանս կազմել ենք սույն համաձայնագիրը հետևյալի մասին. Կողմերը համաձայն են երկարացնել վճարման ժամկետ 69.000 ԱՄՆ դոլարի, որը գոյացել է Արտավազդ Խաչատրյանի պարտականությունների չկատարման հետևանքով, ըստ պայմանագրի 12.05.2004 թվականից մինչև 14.10.2007 թվականը» (հատոր 2-րդ, գ.թ. 61, 62):
7) «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 12.09.2009 թվականի թիվ 09-1387 եզրակացության «Հետևություններ» բաժնի համաձայն՝ «ա. Արտավազդ Խաչատրյանի, թե մեկ այլ անձի կողմից է կատարվել 14.10.2006 թվականի «Համաձայնագիր» խորագիրը կրող փաստաթղթի ստորին ձախ մասում «Խաչատրյան Արտավազդ Ալբերտի» բառերի տակ տեղավորված ստորագրությունը պարզել հնարավոր չէ՝ հետազոտելի ստորագրության ինֆորմատիվ գրաֆիկական նյութի սակավության պատճառով: բ. Ներկայացված «Համաձայնագիր» գրառմամբ փաստաթղթում առկա կապտամանուշակագույն ներկանյութով կատարված ստորագրությունների կատարման վաղեմությունը կազմում է 2 տարի (հետազոտության պահից)» (հատոր 4-րդ, գ.թ. 3-5):
8) ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության 02.07.2010 թվականի թիվ 691 եզրակացության «Հետևություններ» բաժնի համաձայն՝ «1. 14.10.2006 թվականի «Համաձայնագիր» խորագիրը կրող փաստաթղթում «Խաչատրյան Արտավազդ Ալբերտի» բառերի տակ եղած ստորագրությունը հավանաբար կատարված չէ Արտավազդ Խաչատրյանի, այլ կատարված է մեկ ուրիշ անձի կողմից: Հարցին կոնկրետ պատասխան տալ հնարավոր չեղավ, հետազոտական մասում նշված պատճառով: 2. Փորձաքննությանը ներկայացված «Համաձայնագիր» խորագիրը կրող փաստաթղթում առկա Խաչատրյան Արտավազդ Ալբերտի բառերի տակ, ինչպես նաև Ավագյան Արմեն Սերգեյի բառերի տակ կապտամանուշակագույն ներկանյութով կատարված ստորագրությունները, եթե դրանք պահվել են նորմալ ջերմային, լուսային և խոնավության պայմաններում, ունեն 2-ից մինչև 3 տարվա վաղեմություն՝ հաշվարկված հետազոտությունը սկսելու պահից» (հատոր 5-րդ, գ.թ. 3-8):
9) Երևանի քաղաքացիական դատարան ներկայացված հայցադիմումի պատասխանով, ինչպես նաև Դատարան ներկայացված դիմումով Արտավազդ Խաչատրյանի ներկայացուցիչը խնդրել է կիրառել հայցային վաղեմություն և այդ հիմքով հայցը մերժել (հատոր 1-ին, գ.թ. 45-48, հատոր 5-րդ, գ.թ. 30):
10) Երևանի քաղաքացիական դատարանում գործի քննության ընթացքում Արմեն Ավագյանի ներկայացուցիչն ընդունել է այն փաստը, որ 15.10.2004 թվականի «Առաջարկություն 12.05.2004 թվականին կնքված համաձայնության վերաբերյալ» վերնագրված փաստաթուղթն Արտավազդ Խաչատրյանի կողմից ստանալու վերաբերյալ ապացույց չի կարող ներկայացնել (հատոր 1-ին, գ.թ. 100):
11) Դատարան 03.12.2010 թվականին ներկայացված միջնորդությամբ Արմեն Ավագյանի ներկայացուցիչը խնդրել է բաց թողնված հայցային վաղեմության ժամկետը ճանաչել հարգելի և այն վերականգնել (հատոր 5-րդ, գ.թ. 33-35):
12) 03.12.2010 թվականին ներկայացված բաց թողնված հայցային վաղեմության ժամկետը հարգելի ճանաչելու և վերականգնելու մասին միջնորդությանը կից ներկայացված Ռոջեր Ուիլյամս բժշկական հիվանդանոցի կողմից տրված գրության համաձայն՝ Արմեն Ավագյանն ընդունվել է Ռոջեր Ուիլյամս բժշկական կենտրոնի շտապօգնության բաժանմունք 2007 թվականի սեպտեմբերի 10-ին և ախտորոշվել է միոկարդի ինֆարկտ: Նա բուժվել և դուրս է գրվել 2007 թվականի սեպտեմբերի 18-ին (հատոր 5-րդ, գ.թ. 36):
13) Արմեն Ավագյանի հայցադիմումը Երևանի քաղաքացիական դատարան է մուտքագրվել 17.03.2008 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 3):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝
1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործով ապացույցներ են նույն օրենսգրքով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Այդ տեղեկությունները հաստատվում են՝ 1. գրավոր և իրեղեն ապացույցներով, 2. փորձագետների եզրակացություններով, 3. վկաների ցուցմունքներով, 4. գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:
Նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը, սահմանելով ապացույցի հասկացությունը, սպառիչ սահմանել է դրանց տեսակները, այն է՝ գրավոր և իրեղեն ապացույցները, փորձագետների եզրակացությունները, վկաների ցուցմունքները, գործին մասնակցող անձանց ցուցմունքները: Ընդ որում, դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա հիմնված ներքին համոզմամբ, ինչպես նաև պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:
Նույն օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է: Նույն օրենսգքրի 333-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պահանջների որոշ տեսակների համար օրենքով կարող են սահմանվել հայցային վաղեմության ընդհանուր ժամկետի համեմատությամբ կրճատ կամ ավելի երկար հատուկ ժամկետներ:
Նույն օրենսգքրի 337-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ հայցային վաղեմության ժամկետի ընթացքը սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Այդ կանոնից բացառությունները սահմանվում են սույն օրենսգրքով և այլ օրենքներով, իսկ նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ այն պարտավորությունների համար, որոնք կատարելու համար որոշված է որոշակի ժամկետ, հայցային վաղեմության ընթացքն սկսվում է այդ ժամկետի ավարտմամբ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է վիճող կողմի դիմումի հիման վրա: Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին վճիռ կայացնելու համար:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է սահմանված կարգով հայցը հարուցելով, ինչպես նաև պարտավոր անձի կողմից պարտքի ճանաչումը վկայող գործողություններ կատարելով:
Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը, ամրագրելով հայցային վաղեմության ընդհանուր երեք տարվա ժամկետը, սահմանել է նաև այդ ժամկետի հաշվարկման կարգը, այն է` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Միաժամանակ, օրենսդրի կողմից ամրագրվել են նաև այն դեպքերը, որոնց առկայության պայմաններում հայցային վաղեմության ժամկետն ընդհատվում է: Ընդ որում, հայցային վաղեմության ժամկետի ընդհատման հիմք կարող է հանդիսանալ սահմանված կարգով հայցի հարուցումը, ինչպես նաև պարտավոր անձի կողմից պարտքի ճանաչումը վկայող գործողություններ կատարելը:
Սույն գործով Դատարանը հայցը մերժելիս հիմք է ընդունել Արմեն Ավագյանի կողմից ներկայացված 15.10.2004 թվականի թվագրությամբ «Առաջարկություն 12.05.2004 թվականին կնքված համաձայնության վերաբերյալ» Արտավազդ Խաչատրյանին հասցեագրված առաջարկությունը և հանգել այն հետևության, որ հայցվորը դեռևս 15.10.2004 թվականին իմացել է իր իրավունքների ենթադրյալ խախտման մասին:
Միաժամանակ Դատարանը, հաստատված համարելով, որ սույն քաղաքացիական գործով հայցվորը դատարան չի ներկայացրել որևէ ապացույց 15.10.2004 թվականի առաջարկությունը, 19.12.2007 թվականի ծանուցումը պատասխանողին ուղարկելու և դրանք Արտավազդ Խաչատրյանի կողմից ստանալու վերաբերյալ, հանգել է այն հետևության, որ սույն գործով բացակայում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված հայցային վաղեմության ընթացքի սկիզբը հաշվարկելու նախապայմանը:
Բացի այդ, Դատարանը, անդրադառնալով գործում առկա 14.10.2006 թվականի համաձայնագրին, արձանագրել է, որ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 12.09.2009 թվականի թիվ Հմ՝ 09-1387 եզրակացությամբ չի պարզվել, թե ում կողմից է կատարված «Համաձայնագիր» խորագիրը կրող փաստաթղթում «Խաչատրյան Արտավազդ Ալբերտի» բառերի տակ առկա ստորագրությունը, իսկ ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության 02.07.2010 թվականի թիվ 691 եզրակացությամբ պարզվել է, որ «Համաձայնագիր» խորագիրը կրող փաստաթղթում «Խաչատրյան Արտավազդ Ալբերտի» բառերի տակ եղած ստորագրությունը հավանաբար կատարված չէ Արտավազդ Խաչատրյանի, այլ կատարված է մեկ ուրիշ անձի կողմից, ինչի պարագայում վիճելի է մնում հայցվորի կողմից վկայակոչված 14.10.2006 թվականի «Համաձայնագիր» վերնագրով փաստաթուղթը կողմերի միջև կնքված լինելու փաստը: Հետևաբար, հայցվորի կողմից վկայակոչված 14.10.2006 թվականի համաձայնագրի ուժով, որպես հայցային վաղեմության ժամկետի սկիզբ, չի կարող հաշվարկվել համաձայնագրում նշված կատարման ժամկետը՝ 14.10.2007 թվականը:
Անդրադառնալով հայցային վաղեմության բաց թողնված ժամկետը հարգելի ճանաչելու և վերականգնելու մասին Արմեն Ավագյանի ներկայացուցչի միջնորդությանը՝ Դատարանը, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Արմեն Ավագյանն ընդունվել է Ռոջեր Ուիլյամս բժշկական կենտրոնի շտապօգնության բաժանմունք 2007 թվականի սեպտեմբերի 10-ին և բուժումից հետո դուրս է գրվել 2007 թվականի սեպտեմբերի 18-ին, եզրակացրել է, որ Արմեն Ավագյանը չի գտնվել այնպիսի վիճակում, որը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 342-րդ հոդվածի տրամաբանությամբ կարող է գնահատվել որպես բացառիկ:
Վերաքննիչ դատարանը, դատական ակտը բեկանելով և այն փոփոխելով, հիմք է ընդունել 14.10.2006 թվականի համաձայնագրում առկա կողմերի միջև պարտավորությունների կատարման վերջնաժամկետը՝ 14.10.2007 թվականը, և հաստատված համարել, որ հայցային վաղեմության ժամկետի հոսքը սկսվել է 14.10.2007 թվականից, իսկ իրավունքների պաշտպանության հայցով Արմեն Ավագյանը դատարան է դիմել 2008 թվականի մարտ ամսին, հետևաբար հայցային վաղեմության եռամյա ժամկետը բաց չի թողել: Միաժամանակ անդրադառնալով «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 12.09.2009 թվականի թիվ Հմ՝ 09-1387 և ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության 02.07.2010 թվականի թիվ 691 եզրակացություններին՝ Վերաքննիչ դատարանը նշել է, որ փորձագետի եզրակացությունը չի կարող դիտվել փաստը հաստատող ստույգ ապացույց, քանի որ դրանով կատեգորիկ հետևություն չի արվել փորձագետին առաջադրված հարցի վերաբերյալ, այլ միայն հավանական եզրահանգում է կատարվել:
Մինչդեռ, սույն գործում առկա՝ Արտավազդ Խաչատրյանին հասցեագրված 15.10.2004 թվականի «Առաջարկություն 12.05.2004 թվականին կնքված համաձայնության վերաբերյալ» վերնագրված փաստաթղթի համաձայն՝ «Համաձայն մեր միջև ձեռք բերված պայմանավորվածության Դուք սույն թվականի սեպտեմբերի 13-ին մեր վստահված անձ Գենադի Սվիրիդովից ստացել եք թվով 10 «Ատրոնիկ» տեսակի խաղային ապարատներ, յուրաքանչյուրը 6.990 ԱՄՆ դոլար արժողությամբ, որը պետք է հանձնեիք «Մելլի Տեխնոլոջի» ՍՊԸ-ին վաճառքի համար, սակայն, նկատի ունենալով, որ Դուք պարտավորություն եք վերցրել անձամբ իրացնել և վերադարձնել նշված գումարը և Ձեր կողմից անցած մեկ ամսվա ընթացքում որևէ վճարում չի կատարվել, ուստի առաջարկում եմ Ձեզ սույն նամակը ստանալու պահից մեկ տարվա ընթացքում ամբողջությամբ մարել 69.900 ԱՄՆ դոլար պարտքը», 14.10.2006 թվականի «Համաձայնագիր» վերնագրված փաստաթղթի համաձայն՝ «Մենք, ներքոստորագրյալներս՝ Արտավազդ Խաչատրյանս և Արմեն Ավագյանս կազմել ենք սույն համաձայնագիրը հետևյալի մասին. Կողմերը համաձայն են երկարացնել վճարման ժամկետ 69.000 ԱՄՆ դոլարի, որը գոյացել է Արտավազդ Խաչատրյանի պարտականությունների չկատարման հետևանքով, ըստ պայմանագրի 12.05.2004 թվականից մինչև 14.10.2007 թվականը»: «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 12.09.2009 թվականի թիվ 09-1387 եզրակացության «Հետևություններ» բաժնի համաձայն՝ «ա. Արտավազդ Խաչատրյանի, թե մեկ այլ անձի կողմից է կատարվել 14.10.2006 թվականի «Համաձայնագիր» խորագիրը կրող փաստաթղթի ստորին ձախ մասում «Խաչատրյան Արտավազդ Ալբերտի» բառերի տակ տեղավորված ստորագրությունը պարզել հնարավոր չէ՝ հետազոտելի ստորագրության ինֆորմատիվ գրաֆիկական նյութի սակավության պատճառով: բ. Ներկայացված «Համաձայնագիր» գրառմամբ փաստաթղթում առկա կապտամանուշակագույն ներկանյութով կատարված ստորագրությունների կատարման վաղեմությունը կազմում է 2 տարի (հետազոտության պահից)»: ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության 02.07.2010 թվականի թիվ 691 եզրակացության «Հետևություններ» բաժնի համաձայն՝ «1. 14.10.2006 թվականի «Համաձայնագիր» խորագիրը կրող փաստաթղթում «Խաչատրյան Արտավազդ Ալբերտի» բառերի տակ եղած ստորագրությունը հավանաբար կատարված չէ Ալբերտ Խաչատրյանի, այլ կատարված է մեկ ուրիշ անձի կողմից: 2. Փորձաքննությանը ներկայացված «Համաձայնագիր» խորագիրը կրող փաստաթղթում առկա Խաչատրյան Արտավազդ Ալբերտի բառերի տակ, ինչպես նաև Ավագյան Արմեն Սերգեյի բառերի տակ կապտամանուշակագույն ներկանյութով կատարված ստորագրությունները, եթե դրանք պահվել են նորմալ ջերմային, լուսային և խոնավության պայմաններում, ունեն 2-ից մինչև 3 տարվա վաղեմություն՝ հաշվարկված հետազոտությունը սկսելու պահից»:
Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել և գնահատել գործով որպես ապացույցներ ձեռք բերված «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 12.09.2009 թվականի թիվ 09-1387 և ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության 02.07.2010 թվականի թիվ 691 եզրակացությունները:
Մասնավորապես, Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 12.09.2009 թվականի թիվ 09-1387 եզրակացությամբ տրվել է հստակ պատասխան այն մասին, որ ներկայացված «Համաձայնագիր» գրառմամբ փաստաթղթում առկա կապտամանուշակագույն ներկանյութով կատարված ստորագրությունների կատարման վաղեմությունը կազմում է 2 տարի (հետազոտության պահից): Այսինքն՝ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ «Համաձայնագիր» խորագիրը կրող փաստաթուղթը կազմվել է ավելի ուշ, քան այն թվագրված է: Ավելին, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ տվյալ եզրակացություններով չի հաստատվել նաև այն հանգամանքը, որ ստորագրությունը կատարված է Արտավազդ Խաչատրյանի կողմից:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհիմն է Վերաքննիչ դատարանի եզրահանգումն այն մասին, որ հայցային վաղեմության ժամկետի հոսքը սկսվել է 14.10.2007 թվականից (14.10.2006 թվականի «Համաձայնագիր» վերնագրված փաստաթղթում նշված պարտավորությունների կատարման վերջնաժամկետից), հետևաբար Արմեն Ավագյանը հայցային վաղեմության եռամյա ժամկետը բաց չի թողել:
Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Արմեն Ավագյանն իր իրավունքների ենթադրյալ խախտման մասին իմացել է 15.10.2004 թվականին (որը «Առաջարկություն 12.05.2004 թվականին կնքված համաձայնության վերաբերյալ» փաստաթղթի կազմման օրն է), հետևաբար, հայցային վաղեմության ժամկետն ավարտվել է 16.10.2007 թվականին, այնինչ իր իրավունքների պաշտպանության համար Արմեն Ավագյանը դատարան է դիմել միայն 17.03.2008 թվականին:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ Դատարանը ոչ իրավաչափորեն սահմանափակել է հայցվորի իրավունքները, քանի որ հաշվի չի առել, որ օրենսդիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 342-րդ հոդվածի ուժով բացառիկ դեպք սահմանել է բացառապես ֆիզիկական անձի համար` ելնելով այն նկատառումից, որ տվյալ դեպքում հայցվորը ոչ թե անփութության կամ անտարբերության պատճառով ժամանակին չի դիմել դատական պաշտպանության, այլ առողջական ծանր վիճակի պատճառով, ապա Վճռաբեկ դատարանն այն գնահատում է անհիմն հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 342-րդ հոդվածի համաձայն՝ բացառիկ դեպքերում, երբ դատարանը հայցվորի անձի հետ կապված հանգամանքների (ծանր հիվանդության, անօգնական վիճակի, անգրագիտության և այլն) հաշվառմամբ հարգելի է ճանաչում հայցային վաղեմության ժամկետի բացթողումը, քաղաքացու խախտված իրավունքը ենթակա է պաշտպանության: Հայցային վաղեմության ժամկետի բացթողման պատճառները կարող են ճանաչվել հարգելի, եթե դրանք տեղի են ունեցել հայցային վաղեմության ժամկետի վերջին վեց ամսում, իսկ եթե այդ ժամկետը հավասար է վեց ամսվա կամ պակաս է վեց ամսից` վաղեմության ժամկետի ընթացքում:
⚖Վճռաբեկ դատարանն իր՝ նախկինում ընդունած որոշումներում անդրադարձել է նշված նորմի վերլուծությանը և արձանագրել է, որ օրենսդիրը սույն դրույթով դատարանին հնարավորություն է ընձեռել հարգելի ճանաչել հայցային վաղեմության ժամկետի բացթողումը բացառիկ դեպքերում: Ընդ որում, քաղաքացու խախտված իրավունքը ենթակա է պաշտպանության միայն այն հանգամանքների պայմաններում, երբ բացառիկ դեպքը կապված է հայցվորի անձի հետ, այն է` հայցվորի ծանր հիվանդությունը, անօգնական վիճակը, անգրագիտությունը և այլն: Հայցային վաղեմության ժամկետի բացթողման պատճառները կարող են ճանաչվել հարգելի, եթե բացթողման պատճառները տեղի են ունեցել հայցային վաղեմության ժամկետի վերջին վեց ամսվա ընթացքում, իսկ եթե հայցային վաղեմության ժամկետը հավասար է վեց ամսվա կամ պակաս է վեց ամսից, ապա վաղեմության ժամկետի ընթացքում (տե՛ս Ռազմիկ Դարբինյանի հայցն ընդդեմ Դանիել Ղասաբողլյանի` 95.000 ԱՄՆ դոլարի բռնագանձման պահանջի մասին գործով Վճռաբեկ դատարանի 02.04.2010 թվականի թիվ ԵԷԴ/0723/02/09 որոշումը):
Սույն գործի փաստերի համաձայն՝ Արմեն Ավագյանի կողմից 03.12.2010 թվականին ներկայացված՝ բաց թողնված հայցային վաղեմության ժամկետը հարգելի ճանաչելու և վերականգնելու մասին միջնորդությանը կից ներկայացվել է Ռոջեր Ուիլյամս բժշկական հիվանդանոցի կողմից տրված գրությունն այն մասին, որ Արմեն Ավագյանն ընդունվել է Ռոջեր Ուիլյամս բժշկական կենտրոնի շտապօգնության բաժանմունք 2007 թվականի սեպտեմբերի 10-ին և բուժումից հետո հիվանդանոցից դուրս է գրվել 2007 թվականի սեպտեմբերի 18-ին:
Վերը նշվածը հաշվի առնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը չի գնահատել այն փաստը, որ Արմեն Ավագյանը բժշկական հաստատությունում բուժվել է ընդամենը 8 օր՝ 2007 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև 2007 թվականի սեպտեմբերի 18-ը: Ու թեև Արմեն Ավագյանին խորհուրդ է տրվել խուսափել ինտենսիվ ֆիզիկական գործողություններից և ճամփորդությունից, տվյալ դեպքում առկա չէ օրենքով նախատեսված այն բացառիկ դեպքը, այն է՝ հայցվորի ծանր հիվանդությունը, անօգնական վիճակը, անգրագիտությունը և այլն, որը բավարար հիմք կհանդիսանար հայցային վաղեմության բաց թողնված ժամկետը հարգելի ճանաչելու և վերականգնելու մասին միջնորդությունը բավարարելու համար, քանի որ Արմեն Ավագյանը զրկված չէր իր իրավունքների ենթադրյալ խախտման հիմքով դիմելու դատարան:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Արմեն Ավագյանը, իր իրավունքների ենթադրյալ խախտման մասին իմացել է 15.10.2004 թվականին (որը «Առաջարկություն 12.05.2004 թվականին կնքված համաձայնության վերաբերյալ» փաստաթղթի կազմման օրն է), իսկ հայցային վաղեմության ժամկետն ավարտվել է 16.10.2007 թվականին, այնինչ իր իրավունքների պաշտպանության համար դատարան է դիմել միայն 17.03.2008 թվականին: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով Արմեն Ավագյանի հայցը ենթակա է մերժման:
2) Հայցային վաղեմություն կիրառելու մասին բողոքի հիմքը հիմնավոր լինելու պայմաններում Վճռաբեկ դատարանը բողոքի երկրորդ հիմքի քննարկմանը չի անդրադառնում:
Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանություններով:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով՝ Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.06.2011 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 11.03.2011 թվականի վճռին:
2. Արմեն Ավագյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 2.097 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա և հետաձգված պետական տուրքի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Ա. Բարսեղյան | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|