Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.10.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.01.23/4(878).1 Հոդ.56.3
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
14.10.2011
Подписан
Նախագահող
Дата подписания
14.10.2011
Дата вступления в силу
14.10.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/0957/02/09

Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/0957/02/09
2011 թ.

Նախագահող դատավոր՝     Ն. Բարսեղյան

Դատավորներ՝  Ն. Հովսեփյան 
                                   Ա. Մկրտչյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Է. Հայրիյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

 

Գ. Հակոբյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2011 թվականի հոկտեմբերի 14-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Աշոտ Ասատրյանի և Նարինե Օթարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.06.2011 թվականի որոշման դեմ՝ ըստ Աշոտ և Իրինա Ասատրյանների, Նարինե Օթարյանի հայցի ընդդեմ Արայիկ Ասատրյանի, Արտաշատի քաղաքապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, երրորդ անձ Արտաշատի նոտարական տարածքի նոտարի` գործարքն անվավեր ճանաչելու, խախտված իրավունքը վերականգնելու, սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Աշոտ և Իրինա Ասատրյանները, Նարինե Օթարյանը պահանջել են վերականգնել խախտված իրավունքը, ճանաչել Աշոտ և Իրինա Ասատրյանների, Նարինե Օթարյանի սեփականության իրավունքն Արտաշատի Դուրյան փողոցի 12-րդ շենքի թիվ 47 բնակարանի նկատմամբ, 10.03.2009 թվականին Արտաշատի նոտարական տարածքում կնքված նվիրատվության գործարքը ճանաչել անվավեր և կիրառել գործարքի անվավերության հետևանքներ:

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ե. Քոչարյան) (այսուհետ` Դատարան) 09.03.2011 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն: Վճռվել է «Ճանաչել հայցվորներ Աշոտ Կարապետի Ասատրյանի և Նարինե Աշոտի Օթարյանի (Ասատրյանի) սեփականության իրավունքը ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Դուրյան փողոցի 12-րդ շենքի թիվ 47 հասցեում գտնվող բնակարանի նկատմամբ: Անվավեր ճանաչել ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Դուրյան փողոցի 12-րդ շենքի թիվ 47 հասցեում գտնվող 74,9քմ մակերեսով բնակարանի և համապատասխան հողամասի բաժնեմասի նկատմամբ ՀՀ Արարատի մարզի Արտաշատ նոտարական տարածքի նոտարի կողմից 2009թ. մարտի 10-ին վավերացված Մարգո Ասատրյանի և Արայիկ Կարապետի Ասատրյանի միջև կնքված նվիրատվության պայմանագիրը և դրա հիման վրա Արայիկ Կարապետի Ասատրյանի անվամբ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Արտաշատի տարածքային ստորաբաժանման կողմից 08.04.2009թ. գրանցման միասնական 03-001-4-10 մատյանի 046 համարի տակ կատարված գրանցումը, կիրառելով գործարքի անվավերության հետևանքներ` վերականգնել Մարգո Ասատրյանի սեփականության իրավունքը ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Դուրյան փողոցի 12-րդ շենքի թիվ 47 հասցեում գտնվող բնակարանի նկատմամբ»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 02.06.2011 թվականի որոշմամբ Արայիկ Ասատրյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` բեկանվել է Դատարանի 09.03.2011 թվականի վճռի` Աշոտ և Իրինա Ասատրյանների, Նարինե Օթարյանի սեփականության իրավունքն Արտաշատի Դուրյան փողոցի 12-րդ շենքի թիվ 47 բնակարանի նկատմամբ ճանաչելու պահանջի մասը, և գործն այդ մասով ուղարկվել է նույն դատարան` նոր քննության: Վճռի մնացած մասը թողնվել է օրինական ուժի մեջ:

 Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Աշոտ Ասատրյանը և Նարինե Օթարյանը:

 Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

 Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ, 273-րդ, 277-րդ հոդվածները, սխալ է մեկնաբանել Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի 13.06.1989 թվականի «Պետական ու հանրային բնակարանային ֆոնդի տներում բնակարանները որպես անձնական սեփականություն քաղաքացիներին վաճառելու մասին» թիվ 272 որոշումը, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 48-րդ, 51-րդ, 53-րդ հոդվածները:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանում են հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա ապացույցները և անտեսել է այն հանգամանքը, որ Արտաշատի Դուրյան փողոցի 12-րդ շենքի թիվ 47 բնակարանը Մարգո Ասատրյանի անվամբ անհատույց սեփականացնելու ժամանակ սեփականաշնորհմանը մասնակցել են, ինչպես նաև սեփականաշնորհման պահին բնակարանում բնակվել են և հաշվառված են եղել նաև Աշոտ ու Նարինե Ասատրյանները:

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքը` նշելով որ այդ օրենքն ուժի մեջ է մտել 01.09.1993 թվականին, մինչդեռ գործի փաստերի համաձայն` սեփականաշնորհումը կատարվել է 1991-1992 թվականներին: Հետևաբար, այն չէր կարող հիմք դառնալ Աշոտ և Նարինե Ասատրյաններին սեփականաշնորհման սուբյեկտ դիտելու համար:

Վերոգրյալի արդյունքում Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի 13.06.1989 թվականի «Պետական ու հանրային բնակարանային ֆոնդի տներում բնակարանները որպես անձնական սեփականություն քաղաքացիներին վաճառելու մասին» թիվ 272 որոշումը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 02.06.2011 թվականի որոշումը և կայացնել գործն ըստ էության լուծող դատական ակտ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) ՀՀ ժողովրդական դեպուտատների Արտաշատի քաղաքային սովետի գործադիր կոմիտեի 14.02.1992 թվականի որոշման հիման վրա տրված օրդերի (դուբլիկատ 12) համաձայն` Մարգո Գեղամի Ասատրյանին իր ընտանիքի 4 անձի հետ հատկացվել է Արտաշատի Դուրյան փողոցի 12-րդ շենքի 5-րդ մուտքի 4-րդ հարկի թիվ 47 երեքսենյականոց բնակարանը 67 քմ բնակելի մակերեսով: Բնակելի տարածության օգտագործման իրավունք են ունեցել Մարգո, Աշոտ, Իրինա և Նարինե Ասատրյանները (հատոր 1-ին, գ.թ. 33):

2) ՀՀ ժողովրդական պատգամավորների Արտաշատի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի 21.05.1991 թվականի նիստի թիվ 11 արձանագրությամբ որոշվել է թույլատրել Արտաշատի Դուրյան փողոցի 12-րդ շենքի թիվ 47 բնակարանն անհատույց սեփականացնելու Մարգո Գեղամի Ասատրյանի անվամբ (հատոր 1-ին, գ.թ. 48):

3) Սեփականաշնորհմանը մասնակցել են, ինչպես նաև սեփականաշնորհման պահին բնակարանում բնակվել են և հաշվառված են եղել Մարգո, Աշոտ, Իրինա և Նարինե Ասատրյանները, հիմք` «Արտաշատի բնակարանային տնտեսություն» ՓԲ ընկերության 15.10.2009 թվականի թիվ 113 տեղեկանքը (հատոր 1-ին, գ.թ. 34):

4) 20.02.1992 թվականին ՀՀ ժողովրդական պատգամավորների Արտաշատի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի և Մարգո Ասատրյանի միջև կնքվել է Արտաշատի Դուրյան փողոցի 12-րդ շենքի թիվ 47 բնակարանը Մարգո Ասատրյանին վաճառելու մասին պայմանագիրը (հատոր 1-ին, գ.թ.43-44):

5) 28.03.2001 թվականի սեփականության իրավունքի գրանցման թիվ 553306 վկայականի համաձայն` Արտաշատի Դուրյան փողոցի 12-րդ շենքի թիվ 47 բնակարանի սեփականատերը Մարգո Ասատրյանն է (հատոր 1-ին, գ.թ. 19-22):

6) 10.03.2009 թվականի նվիրատվության պայմանագրով Մարգո Ասատրյանն Արտաշատի Դուրյան փողոցի 12-րդ շենքի թիվ 47 բնակարանը նվիրել է Արայիկ Կարապետի Ասատրյանին, որից ծագող իրավունքները ենթարկվել են պետական գրանցման, և Արայիկ Ասատրյանին 08.04.2009 թվականին տրվել է սեփականության իրավունքի գրանցման թիվ 2378675 վկայականը (հատոր 1-ին, գ.թ. 23-24, 25-28):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը:

 ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով նախատեսված դեպքերի:

 Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի «Պետական ու հանրային բնակարանային ֆոնդի տներում բնակարանները որպես անձնական սեփականություն քաղաքացիներին վաճառելու մասին» 13.06.1989 թվականի թիվ 272 որոշմամբ հաստատված կանոնադրության 20-րդ կետի համաձայն` պետական և հանրային բնակարանային ֆոնդի տներում բնակարանները որպես անձնական սեփականություն վաճառվում են տվյալ բնակարանը զբաղեցնող վարձակալին կամ Հայկական ԽՍՀ բնակարանային օրենսգրքի 54-րդ հոդվածում նշված նրանց ընտանիքի անդամներին` ընտանիքի բոլոր չափահաս անդամների գրավոր համաձայնության առկայության դեպքում: Նրանց համաձայնությամբ բնակարանը կարող է վաճառվել որպես նրանց ընդհանուր սեփականություն:

 Վճռաբեկ դատարանը նախկինում կայացված իր որոշումներում արդեն իսկ արտահայտել է իրավական դիրքորոշում սեփականաշնորհման իրավական հայեցակարգի առանձնահատկությունների վերաբերյալ` նշելով, որ իրավական ակտի հիշատակված դրույթը պետք է մեկնաբանել սեփականաշնորհման ողջ հայեցակարգի լույսի ներքո: Տվյալ դեպքում պետական և հանրային բնակարանային ֆոնդի տների սեփականաշնորհման համար ընտրվել էր վաճառքի ձևը, որի հիմնական նպատակը պետական և հանրային բնակարանային ֆոնդից յուրաքանչյուր քաղաքացու որոշակի սեփականության բաժնի հատկացումն էր: Այսինքն` չէր կարող ողջ ընտանիքին բնակվելու համար հատկացված բնակարանը վաճառվեր ընտանիքի մեկ անդամին՝ մյուսներին զրկելով բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքից: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտել է, որ վերը նշված տրամաբանությունից է ելնում նաև հետագայում` 29.06.1993 թվականին ընդունված և 01.09.1993 թվականին ուժի մեջ մտած «Պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքը (տես` ըստ հայցի Գարիկ Կուրդիյանի ընդդեմ Թագուհի Կուրդիյանի, Հովհաննես և Տիրան Այվազյանների` ժառանգությունն ընդունած համարելու և ընդհանուր սեփականության իրավունքում բաժինները որոշելու պահանջների մասին թիվ 3-506 (ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.03.2007 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ ժողովրդական դեպուտատների Արտաշատի քաղաքային սովետի գործադիր կոմիտեի 14.02.1992 թվականի որոշման հիման վրա տրված օրդերի (դուբլիկատ 12) համաձայն` Մարգո Ասատրյանին իր ընտանիքի 4 անձի հետ հատկացվել է Արտաշատի Դուրյան փողոցի 12-րդ շենքի 5-րդ մուտքի 4-րդ հարկի թիվ 47 բնակարանը: Բնակելի տարածության օգտագործման իրավունք են ունեցել Մարգո, Աշոտ, Իրինա և Նարինե Ասատրյանները, իսկ ՀՀ ժողովրդական պատգամավորների Արտաշատի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի 21.05.1991 թվականի նիստի թիվ 11 արձանագրությամբ թույլատրվել է Արտաշատի Դուրյան փողոցի 12-րդ շենքի թիվ 47 բնակարանն անհատույց սեփականացնելու Մարգո Ասատրյանի անվամբ: Սեփականաշնորհմանը մասնակցել են, ինչպես նաև սեփականաշնորհման պահին բնակարանում բնակվել են և հաշվառված են եղել Մարգո, Աշոտ, Նարինե Ասատրյանները:

Դատարանը, կիրառելով Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի «Պետական ու հանրային բնակարանային ֆոնդի տներում բնակարանները որպես անձնական սեփականություն քաղաքացիներին վաճառելու մասին» 13.06.1989 թվականի թիվ 272 որոշման 20-րդ կետը և Վճռաբեկ դատարանի 30.03.2007 թվականի թիվ 3-506 (ՎԴ) որոշումը, պատճառաբանել է, որ վեճի առարկա բնակարանը ՀՀ ժողովրդական պատգամավորների Արտաշատի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի 21.05.1991 թվականի նիստի թիվ 11 արձանագրությամբ Մարգո Ասատրյանի անվամբ անհատույց սեփականացնելիս տվյալ բնակարանի նկատմամբ ծագել է ոչ միայն Մարգո Ասատրյանի, այլև նրա ընտանիքի անդամների` Աշոտ Ասատրյանի, Նարինե Աշոտի Ասատրյանի (ամուսնությունից հետո` Օթարյան) սեփականության իրավունքը, քանի որ սեփականաշնորհման ժամանակվանից մինչ օրս վերջիններս գրանցված են վիճելի բնակարանում և մշտապես բնակվել են Հայաստանի Հանրապետությունում, իսկ Իրինա Ասատրյանը վիճելի բնակարանում գրանցում չի ունեցել:

Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ Դատարանն Աշոտ և Նարինե Ասատրյաններին որպես սեփականաշնորհման սուբյեկտներ դիտել է «Պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի ուժով: Մինչդեռ, սույն օրենքն ընդունվել է 29.06.1993 թվականին և ուժի մեջ մտել 01.09.1993 թվականին, իսկ գործում առկա փաստերի համաձայն, վիճելի բնակարանի սեփականացման գործընթացն իրականացվել է 1991-1992 թվականներին, հետևաբար հիշատակված օրենքի վկայակոչումը հիմք չէ տվյալ օրենքի ուժով Աշոտ և Նարինե Ասատրյաններին սեփականաշնորհման սուբյեկտ դիտելու և նրանց սեփականության իրավունքն Արտաշատի Դուրյան փողոցի 12-րդ շենքի թիվ 47 բնակարանի նկատմամբ ճանաչելու համար:

Մինչդեռ, հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական և հանրային բնակարանային ֆոնդի տների սեփականաշնորհմանը վերաբերող դրույթները Վճռաբեկ դատարանի կողմից արդեն իսկ մեկնաբանվել են: Նախկինում կայացված վերոհիշյալ որոշմամբ Վճռաբեկ դատարանը նշել է, որ Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի «Պետական ու հանրային բնակարանային ֆոնդի տներում բնակարանները որպես անձնական սեփականություն քաղաքացիներին վաճառելու մասին» 13.06.1989 թվականի թիվ 272 որոշմամբ հաստատված կանոնադրության 20-րդ կետը պետք է մեկնաբանել սեփականաշնորհման ողջ հայեցակարգի լույսի ներքո և գտել, որ պետական և հանրային բնակարանային ֆոնդի տների սեփականաշնորհման համար ընտրվել էր վաճառքի ձևը, որի հիմնական նպատակը պետական և հանրային բնակարանային ֆոնդից յուրաքանչյուր քաղաքացու որոշակի սեփականության բաժնի հատկացումն էր: Այսինքն` չէր կարող ողջ ընտանիքին բնակվելու համար հատկացված բնակարանը վաճառվեր ընտանիքի մեկ անդամին՝ մյուսներին զրկելով բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքից: Վերը նշված տրամաբանությունից է ելնում նաև հետագայում` 29.06.1993 թվականին ընդունված և 01.09.1993 թվականին ուժի մեջ մտած «Պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքը: Այսինքն` նշված իրավական դիրքորոշման համար բավարար իրավական հիմքն արդեն իսկ առկա էր Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի «Պետական ու հանրային բնակարանային ֆոնդի տներում բնակարանները որպես անձնական սեփականություն քաղաքացիներին վաճառելու մասին» 13.06.1989 թվականի թիվ 272 որոշմամբ, իսկ հետագայում ավելի մանրամասնվել է «Պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքով:

Վերոգրյալի հիման վրա` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Արտաշատի Դուրյան փողոցի 12-րդ շենքի թիվ 47 բնակարանը Մարգո Ասատրյանին վաճառելիս տվյալ բնակարանի նկատմամբ ծագել է նրա և նրա ընտանիքի անդամներ Աշոտ Ասատրյանի և Նարինե Օթարյանի սեփականության իրավունքը:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքի հիմքը վերաբերում է դատական ակտի` Աշոտ և Իրինա Ասատրյանների, Նարինե Օթարյանի սեփականության իրավունքն Արտաշատի Դուրյան փողոցի 12-րդ շենքի թիվ 47 բնակարանի նկատմամբ ճանաչելու պահանջի մասը բեկանելուն, հետևաբար դատական ակտը ենթակա է բեկանման այդ մասով:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:

 

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ: Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:

Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով՝ Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.06.2011 թվականի որոշման` Աշոտ և Իրինա Ասատրյանների, Նարինե Օթարյանի սեփականության իրավունքն Արտաշատի Դուրյան փողոցի 12-րդ շենքի թիվ 47 բնակարանի նկատմամբ ճանաչման պահանջի մասը և այդ մասով օրինական ուժ տալ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 09.03.2011 թվականի վճռին: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.06.2011 թվականի որոշման մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:

2. Արայիկ Ասատրյանից հօգուտ Աշոտ Ասատրյանի և Նարինե Օթարյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրք:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Է. Հայրիյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան