Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (14.10.2011-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.01.25/5(879) Հոդ.56.18
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
14.10.2011
Подписан
Նախագահող
Дата подписания
14.10.2011
Дата вступления в силу
14.10.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/1778/02/10

Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/1778/02/10

2011 թ.

Նախագահող դատավոր`

Դատավորներ`

Կ. Չիլինգարյան

Տ. Նազարյան 

Ա. Պետրոսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

 

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

 

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

 

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ

 

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ

 

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

 

Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

 

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

 

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ

 

  2011 թվականի հոկտեմբերի 14-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՌԴ ՊՆ Գյումրու շրջանի բնակարանային շահագործման մասի (այսուհետ` Բնակշահագործման մաս) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.03.2011 թվականի որոշման դեմ՝ ըստ Բնակշահագործման մասի հայցի ընդդեմ Համասփյուռ, Գեորգիյ, Էնգելսի, Արամ, Լիանա և Գեորգի Ստեփանյանների՝ բնակարանից վտարելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Բնակշահագործման մասը պահանջել է Համասփյուռ, Գեորգիյ, Էնգելսի, Արամ, Լիանա և Գեորգի Ստեփանյաններին վտարել Գյումրու Շիրակացու փողոցի 8-րդ զինվորական թաղամասի 19-րդ շենքի թիվ 20 հասցեում գտնվող ծառայողական բնակարանից։

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (դատավոր Ա. Խաչատրյան) (այսուհետ՝ Դատարան) 20.12.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է Համասփյուռ, Գեորգիյ, Էնգելսի և Արամ Ստեփանյաններին վտարել Գյումրու Շիրակացու փողոցի 8-րդ զինվորական թաղամասի 19-րդ շենքի թիվ 20 բնակարանից, իսկ Լիանա և Գեորգի Ստեփանյանների մասով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 10.03.2011 թվականի որոշմամբ Բնակշահագործման մասի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 20.12.2010 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բնակշահագործման մասը։

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Համասփյուռ, Գեորգիյ, Էնգելսի, Արամ, Լիանա և Գեորգի Ստեփանյանները։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՌԴ բնակարանային օրենսգրքի 50-րդ և 53-րդ հոդվածները, «Զինծառայողների կարգավիճակի մասին» ՌԴ օրենքի 15-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա ապացույցները:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Գյումրու Շիրակացու փողոցի 8-րդ զինվորական թաղամասի 19-րդ շենքի թիվ 20 բնակարանը ծառայողական է, և զինվորական ծառայությունից զորացրվելիս Համասփյուռ Ստեփանյանը պարտավոր էր այն ընտանիքի անդամների հետ միասին ազատել և հանձնել Ռուսաստանի Դաշնությանը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ զինծառայող Համասփյուռ Ստեփանյանը թաքցրել է Լիանա և Գեորգի Ստեփանյանների` դատական ակտով իր ընտանիքի անդամ ճանաչված լինելու փաստը:

Վերաքննիչ դատարանը ճիշտ գնահատական չի տվել բնակարանի օրդերին, քանի որ այն միայն ծառայողական բնակարանում բնակվելու իրավունք տվող փաստաթուղթ է:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 10.03.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը, հիմնավորումները

Համասփյուռ Ստեփանյանին, ով կրտսեր սերժանտ է և ծառայել է ՌԴ պաշտպանության նախարարության ԴԻԻ 81594 զորամասում, նրա ընտանիքի հետ` օրդերի հիման վրա, հատկացվել է Գյումրու Շիրակացու փողոցի 8-րդ զինվորական թաղամասի 19-րդ շենքի թիվ 20 բնակարանը: Այդ օրդերում նաև նշվել է Լիանա Ստեփանյանի անունը: Չնայած դրան` 09.06.2009 թվականից մինչև 09.03.2010 թվականն իրացման ժամկետով բնակարանի գնման հավաստագիրը տրվել է 4 անձի հաշվով. Լիանա Ստեփանյանը և նրա որդին` Գեորգի Ստեփանյանը, այդ հավաստագրում չեն ընդգրկվել: Մինչդեռ առկա է նաև Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 23.07.2008 թվականի վճիռը, որի համաձայն` Լիանա Ստեփանյանը և նրա երեխան` Գեորգի Ստեփանյանը, Համասփյուռ Ստեփանյանի ընտանիքի անդամներ են:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Գյումրու Շիրակացու փողոցի թիվ 8 զինվորական թաղամասում գտնվող անշարժ գույքն օգտագործման իրավունքով տրամադրվել է ՀՀ տարածքում տեղակայված Ռուսաստանի զինվորական բազային (գ.թ. 13).

2) ՌԴ պաշտպանության նախարարության Անդրկովկասում ռուսական զորքերի խմբավորման Գյումրու շրջանի ԲՇՄ-ի 06.10.2006 թվականի թիվ 67/1 օրդերի համաձայն` Գյումրու Շիրակացու փողոցի 8-րդ զինվորական թաղամասի 19-րդ շենքի թիվ 20` 34 քմ ընդհանուր մակերեսով երկուսենյականոց բնակարանը տրամադրվել է կրտսեր սերժանտ Համասփյուռ Ստեփանյանի 4 անձից բաղկացած ընտանիքին: Օրդերում ընտանիքի կազմում նշված են ամուսինը` Գ.Է. Ստեփանյանը, որդին` Ա.Գ. Ստեփանյանը և հարսը` Լ.Ս. Ավդալյանը (մինչամուսնական ազգանունն է) (գ.թ. 5).

3) Լիանա Ստեփանյանի որդին` Գեորգի Ստեփանյանը, ծնվել է 14.04.2008 թվականին. վերջինիս հայրն է Արամ Գեորգիյի Ստեփանյանը.

4) Համասփյուռ Ստեփանյանը ՌԴ դաշտային փոստ 04436 զորամասին ուղղված զեկույցում որպես իր ընտանիքի անդամներ Լիանա և Գեորգի Ստեփանյաններին չի նշել (գ.թ. 8,9).

 5) ՌԴ դաշտային փոստ 04436 զորամասի բնակարանային հանձնաժողովի նիստի թիվ 12 արձանագրության քաղվածքի համաձայն` հանձնաժողովը որոշել է սահմանային տարիքի հասնելու պատճառով զորացրվելու կապակցությամբ կրտսեր սերժանտ Համասփյուռ Ստեփանյանին ճանաչել ՌԴ տարածքում բնակմակերեսի կարիքավոր բնակարանային հավաստագրի միջոցով (գ.թ.6).

6) 09.07.2009 թվականին Համասփյուռ Ստեփանյանին տրվել է պետական բնակարանային հավաստագիր, որում որպես վերջինիս հետ համատեղ բնակվող ընտանիքի անդամներ Լիանա և Գեորգի Ստեփանյանները չեն նշվել (գ.թ.43).

7) Համասփյուռ Ստեփանյանի և ՌԴ դաշտային փոստ 81594 զորամասի միջև 24.12.2007 թվականին կնքվել է պարտավորագիր, որով Համասփյուռ Ստեփանյանը պարտավորվել է պետական բնակարանային հավաստագրով ՌԴ Մոսկվայի մարզում բնակարան ձեռք բերելու կապակցությամբ Գյումրու Շիրակացու փողոցի 8-րդ զինվորական թաղամասի 19-րդ շենքի թիվ 20 հասցեում գտնվող ծառայողական բնակարանը հանձնել Գյումրու շրջանի ԲՇՄ-ին և ձեռք բերված բնակարանի սեփականության վկայականը ստանալու պահից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում բնակարանն ազատել իր հետ բնակվող ընտանիքի բոլոր անդամների հետ միասին: Դրա վերաբերյալ ստորագրություններով իրենց համաձայնությունն են տվել նաև Գեորգիյ, Էնգելսի և Արամ Ստեփանյանները (գ.թ.7):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 26.01.1996 թվականին կնքված «Ռուսական զինվորական բազայի կազմի մեջ մտնող անձանց և նրանց ընտանիքի անդամների բնակելի տարածքի ապահովման և օգտագործման մասին» համաձայնագրի 1-ին հոդվածի համաձայն` հայկական կողմն անհատույց պահպանում է ռուսական զինվորական բազայի իրավունքը օգտագործելու Համաձայնագրի ստորագրման պահին ռուսական զինվորական բազային կցված բնակարանային ֆոնդը: Տվյալ բնակելի տարածքը ծառայողական է և ենթակա չէ սեփականաշնորհման, վաճառքի և փոխանակման: Բնակելի տարածքի հաշվառումը, ինչպես նաև դրա օգտագործման կարգը հանձնարարված են ռուսական զինվորական բազայի հրամանատարությանը:

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 29.08.1997 թվականին կնքված «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական զինվորական բազայի տեղակայման հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերով» համաձայնագրի 15-րդ հոդվածի համաձայն` ռուսական զինվորական բազայի ներքին գործունեությունը կարգավորվում է ՌԴ օրենսդրությամբ: Նույն Համաձայնագրի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ՀՀ դատարանների կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կայացվում են վճիռներ՝ կապված պայմանագրային հարաբերություններից և պարտավորություններից բխող պահանջներով ռուսական զինվորական բազայի, նրա կազմի մեջ մտնող անձանց և այդ անձանց ընտանիքի անդամների ու ՀՀ հիմնարկների և քաղաքացիների միջև վնասի հատուցման պահանջով:

ՌԴ բնակարանային օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ծառայողական բնակելի տարածությունները քաղաքացիներին տրամադրվում են առանձին բնակարանների տեսքով: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ծառայողական բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը կնքվում է աշխատանքային հարաբերությունների, ծառայության կամ Ռուսաստանի Դաշնության կամ Ռուսաստանի Դաշնության սուբյեկտի պետական պաշտոն կամ ընտրովի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածում: Աշխատանքային հարաբերությունների կամ Ռուսաստանի Դաշնության կամ Ռուսաստանի Դաշնության սուբյեկտի պետական պաշտոն կամ ընտրովի պաշտոն զբաղեցնելու դադարումը կամ ծառայությունից զորացրվելը ծառայողական բնակելի տարածության վարձակալության պայմանագրի դադարման հիմք է:

«Զինծառայողների կարգավիճակի մասին» ՌԴ օրենքի 15-րդ հոդվածի 14-րդ կետի համաձայն՝ 10 տարի և ավելի զինվորական ծառայություն անցած զինծառայող քաղաքացիներին և նրանց ընտանիքի անդամներին՝ զինվորական ծառայության սահմանային տարիքին հասնելու, առողջական վիճակի կամ կազմակերպական-հաստիքային միջոցառումների կապակցությամբ զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո բնակելի տարածքներով ապահովելը բնակության վայրը փոխելու դեպքում կատարվում է գործադիր իշխանության դաշնային մարմինների կողմից, որոնցում նախատեսված է զինվորական ծառայությունը, դաշնային բյուջեի՝ բնակելի տարածքի շինարարության և ձեռքբերման համար նախատեսված միջոցների հաշվին, այդ թվում պետական բնակարանային հավաստագրերի տրամադրման միջոցով: Այս պայմանով բնակելի տարածքների ապահովման իրավունքը նշված քաղաքացիներին տրվում է մեկ անգամ: Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանը (կամ գործադիր իշխանության այլ դաշնային մարմնին, որում դաշնային օրենքով զինվորական ծառայություն է նախատեսված) նախկին բնակության վայրում բնակելի տարածքների հանձնման և հաշվառումից դուրս գալու մասին փաստաթղթերը տվյալ քաղաքացիների և նրանց հետ համատեղ ապրող ընտանիքի անդամների կողմից իրականացվում են նոր ընտրված բնակության վայրում բնակարան ստանալուց հետո:

ՌԴ բնակարանային օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենսգրքով, դաշնային այլ օրենքներով, պայմանագրով կամ դատարանի վճռի հիման վրա քաղաքացու բնակելի տարածության օգտագործման իրավունքի դադարման դեպքում տվյալ քաղաքացին պարտավոր է ազատել համապատասխան բնակելի տարածությունը (դադարել օգտագործել այն): Եթե տվյալ քաղաքացին բնակելի տարածության սեփականատիրոջ կողմից նշված ժամկետում չի ազատում բնակելի տարածությունը, նա սեփականատիրոջ պահանջով ենթակա է վտարման դատարանի վճռի հիման վրա:

ՌԴ քաղաքացիական օրենսգրքի 688-րդ հոդվածի համաձայն՝ բնակելի տարածության վարձակալության պայմանագրի լուծման դեպքում վարձակալը և պայմանագրի լուծման պահին բնակելի տարածությունում բնակվող այլ քաղաքացիները ենթակա են վտարման:

ՌԴ բնակարանային օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սոցիալական վարձակալության պայմանագրով հատկացվում է պետական կամ համայնքային բնակարանային ֆոնդի բնակելի տարածք, իսկ 5-րդ մասի համաձայն՝ սոցիալական վարձակալության պայմանագրով բնակելի տարածքները չեն հատկացվում օտարերկրյա քաղաքացիներին, քաղաքացիություն չունեցող անձանց, եթե այլ բան չի նախատեսված Ռուսաստանի Դաշնության միջազգային պայմանագրով:

Սույն գործի փաստերի համաձայն՝ Գյումրու Շիրակացու փողոցի 8-րդ զինվորական թաղամասի 19-րդ շենքի թիվ 20՝ 34 քմ ընդհանուր մակերեսով երկուսենյականոց բնակարանը տրամադրվել է զինծառայող կրտսեր սերժանտ Համասփյուռ Ստեփանյանին՝ ընտանիքի 4 անձի հետ, այդ թվում նաև հարսի` Լիանա Ավդալյանի (ամուսնանալուց հետո կրում է ամուսնու ազգանունը` «Ստեփանյան») հետ, որպես ծառայողական բնակարան։ Սահմանային տարիքի հասնելու պատճառով զինվորական ծառայությունից զորացրվելու կապակցությամբ կրտսեր սերժանտ Համասփյուռ Ստեփանյանին տրամադրվել է պետական բնակարանային հավաստագիր, որում որպես վերջինիս հետ համատեղ բնակվող ընտանիքի անդամներ Լիանա և Գեորգի Ստեփանյանները չեն նշվել։ Վերաքննիչ դատարանը Բնակշահագործման մասի վերաքննիչ բողոքը մերժելու հիմքում դրել է այն հանգամանքները, որ «հայցվորը 06.12.2006թ. Համասփյուռ Ստեփանյանին թիվ 67/1 օրդերը տալու պահից արդեն իսկ ունեցել է տեղեկություն այն մասին, որ Լիանա Ավդալյանը հանդիսանում է նրա հարսը և նրա ընտանիքի անդամ», «06.12.2006թ. թիվ 67/1 օրդերով սահմանված` Լիանա Ստեփանյանի (Ավդալյանի) կողմից վիճելի բնակարանը տիրապետելու իրավունքը կորսված լինելու վերաբերյալ ապացույցներ չեն ներկայացվել», <գործում առկա չէ Համասփյուռ Ստեփանյանի ընտանիքի կողմից պետական բնակարանային հավաստագրով փաստացի բնակարան ձեռք բերված լինելու և ադ բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքի վկայական ստացած լինելու մասին վկայող որևէ ապացույց»: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը, կարևորելով այն հանգամանքը, որ սույն գործով հայցը վերաբերում է բնակարանից վտարման պահանջին, նշել է, որ այդ պահանջը կարող է բավարարվել միայն այն դեպքում, երբ հաստատվում է ներկայացված պահանջով պատասխանողի տիրապետման ապօրինի բնույթը, ինչը սույն գործով չի հաստատվել՝ 06.12.2006 թվականի թիվ 67/1 օրդերով սահմանված՝ Լիանա Ստեփանյանի (Ավդալյան) կողմից վիճելի բնակարանը տիրապետելու իրավունքը կորսված լինելու վերաբերյալ ապացույցներ չեն ներկայացվել:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը գործում եղած ապացույցները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել, քանի որ անտեսել է այն հանգամանքը, որ ՌԴ բնակարանային օրենսգրքի 104-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ ծառայողական բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը կնքվում է ծառայության ժամանակահատվածում, և ծառայությունից զորացրվելը ծառայողական բնակելի տարածության վարձակալության պայմանագրի դադարման հիմք է, իսկ ՌԴ բնակարանային օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասից հետևում է, որ բնակելի տարածության օգտագործման իրավունքի դադարման դեպքում տվյալ քաղաքացին պարտավոր է ազատել համապատասխան բնակելի տարածությունը, այսինքն` դադարեցնել բնակելի տարածության օգտագործումը: Նույն նորմերից, ինչպես նաև ՌԴ քաղաքացիական օրենսգրքի 688-րդ հոդվածից բխում է նաև, որ եթե տվյալ քաղաքացին բնակելի տարածության սեփականատիրոջ կողմից նշված ժամկետում չի ազատում բնակելի տարածությունը, ապա վարձակալը և պայմանագրի լուծման պահին բնակելի տարածությունում բնակվող այլ քաղաքացիները սեփականատիրոջ պահանջով ենթակա են վտարման դատարանի վճռի հիման վրա:

Այսինքն` ելնելով վերոնշյալ նորմերի տրամաբանությունից` Գյումրու Շիրակացու փողոցի 8-րդ զինվորական թաղամասի 19-րդ շենքի թիվ 20 բնակարանի վերաբերյալ վարձակալության պայմանագրից բխող հարաբերությունները Համասփյուռ Ստեփանյանի ծառայությունից զորացրվելու պարագայում դադարել են, որպիսի հանգամանքը հիմք է այդ բնակելի տարածությունը նաև Լիաննա Ստեփանյանի ու Գեորգի Արամի Ստեփանյանի կողմից ազատելու համար:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.03.2011 թվականի որոշման` հայցը մերժելու մասը և գործն այդ մասով ուղարկել ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող` Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ
Դատավորներ` Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
  Վ. ԱԲԵԼՅԱՆ
  Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
  Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ
  Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
  Մ. ԴՐՄԵՅԱՆ
  Է. ՀԱՅՐԻՅԱՆ
  Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
  Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ