«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
15 դեկտեմբերի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 60311545
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
2 դեկտեմբերի 2011 թ. |
թիվ 09-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի ԹԻՎ 53 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով և 14 հոդվածի 12-րդ մասով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70 հոդվածի 1-ին մասի դրույթներով Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2001 թվականի հունիսի 25-ի «Վիճակագրական գաղտնիքի պահպանման կարգը հաստատելու մասին» թիվ 53 որոշմամբ հաստատված վիճակագրական գաղտնիքի պահպանման կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) Կարգի II-րդ բաժնի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Վիճակագրական գաղտնիքի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական վիճակագրության մասին», «Հայաստանի Հանրապետության պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագրերի մասին», «Մարդահամարի մասին» և «Գյուղատնտեսական համատարած հաշվառման մասին» ՀՀ օրենքներով, այլ օրենքներով, սույն կարգով, իսկ օրենքով նախատեսված դեպքերում և սահմաններում` նաև այլ իրավական ակտերով:»:
2) Կարգի VII-րդ բաժնի 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14. Վիճակագրական գաղտնիք պարունակող (անվանական) տեղեկությունները պահպանվում են միայն էլեկտրոնային (թվայնացված) շտեմարանների տեսքով` առանց ժամկետի սահմանափակման (այդ տեղեկությունների հիմք հանդիսացող թղթային կրիչների պահպանման ժամկետ չի սահմանվում և դրանք կարող են ոչնչացվել էլեկտրոնային շտեմարան տվյալների մուտքագրումից, ստուգաճշտումից, կոդավորումից և խմբագրումից հետո):»:
3) Կարգի VIII-րդ բաժնի 20-րդ կետի դ)-ը ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Գիտական և հետազոտական շրջանակների, գիտահետազոտական նպատակներ հետապնդող այլ կազմակերպությունների, հաստատությունների և ֆիզիկական անձանց առավել մեծ պահանջարկ պարունակող վիճակագրության համընդգրկուն և ընտրանքային հետազոտությունների անվանազերծված տվյալները Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության համապատասխան ստորաբաժանումները կարող են հրապարակել անվանազերծված տվյալների շտեմարանների տեսքով Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կայքէջում: Այդպիսի պարբերական հետազոտությունների շարքին Հանձնաժողովի եզրակացությամբ կարող են դասվել`
1) Մարդահամարները (հրապարակման ենթակա են ոչ ավել քան գլխավոր համակցության 10%-ի չափով ընտրված անվանազերծված տվյալները),
2) Գյուղատնտեսական համատարած հաշվառումները (հրապարակման ենթակա են ոչ ավել քան գլխավոր համակցության 10%-ի չափով ընտրված անվանազերծված տվյալները),
3) Տնային տնտեսությունների ընտրանքային հետազոտությունները (անվանազերծված տվյալները),
4) Աշխատուժի հետազոտությունները (ընտրանքային հետազոտության անվանազերծված տվյալները),
5) Այլ ընտրանքային (նպատակային) հետազոտությունները (անվանազերծված տվյալները):»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախագահ |
Ս. Մնացականյան |