ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 փետրվարի 2008 թվականի N 134-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՄ ՄՇՏԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ (ԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ) ԴԻՄՈՒՄԻ ՀԵՏ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴԻՄՈՒՄԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ, ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԻ, ՄՇՏԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԱՆՁՆԱԳՐԻ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ ԵՎ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14‑րդ և 17-րդ հոդվածների 2-րդ մասերի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ստանալու (կացության կարգավիճակը երկարաձգելու) դիմումի հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ստանալու (կացության կարգավիճակը երկարաձգելու) դիմումի քննարկման կարգը` համաձայն N 2 հավելվածի.
3) ժամանակավոր կացության քարտի, մշտական կացության քարտի և Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագրի նկարագրերը և ձևերը` համաձայն N 3 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2008 թ. փետրվարի 25 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2008 թվականի փետրվարի 7-ի N 134-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՄ ՄՇՏԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ (ԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ) ԴԻՄՈՒՄԻ ՀԵՏ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
1. Ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ստանալու (կացության կարգավիճակը երկարաձգելու) համար օտարերկացիները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն (այսուհետ` անձնագրային և վիզաների վարչություն) ներկայացնում են`
1) դիմում.
2) 35 x 45 մմ չափսի երեք գունավոր լուսանկար.
3) անձնագիրը, անձնագրի պատճենը և անձնագրի նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը.
4) Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ստանալու (կացության կարգավիճակը երկարաձգելու) հանգամանքը հիմնավորող փաստաթղթեր.
5) առողջական վիճակի մասին տեղեկանք.
6) պետական տուրքի վճարման անդորրագիրը:
2. Անձնագրային և վիզաների վարչությունում կացության կարգավիճակ ստանալու համար դիմող օտարերկրացին Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 7-ի N 134-Ն որոշման N 1 հավելվածի 1-ին կետում նշված փաստաթղթերը ներկայացնելիս լրացնում է դիմում-հարցաթերթիկ` համաձայն ձևի, որում նշվում են`
1) տրամադրվող (երկարաձգվող) կացության կարգավիճակի տեսակը.
2) ազգանունը, անունը, հայրանունը.
3) քաղաքացիությունը.
4) ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը.
5) ծննդյան վայրը.
6) ազգությունը.
7) այցելության նպատակը և զբաղմունքը.
8) ընտանեկան դրությունը.
9) 16 տարին չլրացած երեխայի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը և քաղաքացիությունը.
10) Հայաստանի Հանրապետությունում և արտասահմանում բնակության հասցեները.
11) անձնագրի սերիան և համարը, երբ և ում կողմից է տրվել.
12) նշում` օտարերկրացու կողմից կացության կարգավիճակ ստանալուց հետո 15-օրյա ժամկետում, իսկ մշտական բնակության վայրի փոփոխման դեպքում` 7-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան տեղական ռեգիստրին հայտնելու պարտականության վերաբերյալ տեղեկացված լինելու մասին.
13) դիմում-հարցաթերթիկը լրացնելու օրը, ամիսը, տարեթիվը.
14) օտարերկրացու ստորագրությունը.
15) դիմում-հարցաթերթիկի աջ անկյունում փակցվում է 35 x 45 մմ չափսի լուսանկար:
3. Ժամանակավոր կացության կարգավիճակը երկարաձգելու համար «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում նշված հիմքերով դիմող օտարերկրացիները չեն ներկայացնում սույն ցանկի 1-ին կետի 3-րդ ենթակետով սահմանված` անձնագրի նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը` բացառությամբ այն դեպքերի, երբ օտարերկրացու անձնագիրն այդ ժամանակահատվածում փոխանակվել է:
(3-րդ կետը լրաց. 03.11.11 N 1576-Ն)
4. Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կացության կարգավիճակ և կացության քարտ ստանալու, ժամանակավոր կացության կարգավիճակի ժամկետը երկարաձգելու համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված արտոնություններից օգտվելու նպատակով`
1) Հայաստանի Հանրապետությունում հանրակրթական և մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորող կամ որպես մանկավարժ, դասախոս աշխատող օտարերկրյա անձի ծնողն անձնագրային և վիզաների վարչություն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝
ա. իր զավակի ծննդյան վկայականը և ծննդյան վկայականի՝ նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը (ժամանակավոր կացության կարգավիճակի ժամկետը երկարաձգելու դեպքում ծննդյան վկայականի՝ նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը չի ներկայացվում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ծննդյան վկայականն այդ ժամանակահատվածում փոխանակվել է),
բ. հանրակրթական և մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող համապատասխան ուսումնական հաստատությունից իր զավակի` Հայաստանի Հանրապետությունում սովորելու կամ որպես մանկավարժ, դասախոս աշխատելու փաստը հավաստող տեղեկանք և դրա պատճենը.
2) Հայաստանի Հանրապետությունում հանրակրթական և մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորող կամ որպես մանկավարժ, դասախոս աշխատող օտարերկրյա անձի ամուսինն անձնագրային և վիզաների վարչություն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝
ա. ամուսնության վկայականը և ամուսնության վկայականի՝ նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը (ժամանակավոր կացության կարգավիճակի ժամկետը երկարաձգելու դեպքում ամուսնության վկայականի՝ նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը չի ներկայացվում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ամուսնության վկայականն այդ ժամանակահատվածում փոխանակվել է),
բ. հանրակրթական և մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող համապատասխան ուսումնական հաստատությունից ամուսնու` Հայաստանի Հանրապետությունում սովորելու կամ որպես մանկավարժ, դասախոս աշխատելու փաստը հավաստող տեղեկանք և դրա պատճենը.
3) Հայաստանի Հանրապետությունում հանրակրթական և մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորող կամ որպես մանկավարժ, դասախոս աշխատող օտարերկրյա անձի զավակն անձնագրային և վիզաների վարչություն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝
ա. իր ծննդյան վկայականը կամ հայրության ճանաչման վկայականը, ինչպես նաև իր ծննդյան վկայականի կամ հայրության ճանաչման վկայականի՝ նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը (ժամանակավոր կացության կարգավիճակի ժամկետը երկարաձգելու դեպքում ծննդյան վկայականի կամ հայրության ճանաչման վկայականի՝ նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը չի ներկայացվում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ծննդյան կամ հայրության ճանաչման վկայականներն այդ ժամանակահատվածում փոխանակվել են),
բ. հանրակրթական և մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող համապատասխան ուսումնական հաստատությունից իր ծնողի` Հայաստանի Հանրապետությունում սովորելու կամ որպես մանկավարժ, դասախոս աշխատելու փաստը հավաստող տեղեկանք և դրա պատճենը.
4) Հայաստանի Հանրապետությունում հանրակրթական և մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորող կամ որպես մանկավարժ, դասախոս աշխատող օտարերկրյա անձի քույրը կամ եղբայրն անձնագրային և վիզաների վարչություն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝
ա. քրոջ կամ եղբոր ծննդյան վկայականը, ինչպես նաև քրոջ կամ եղբոր ծննդյան վկայականի՝ նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը (ժամանակավոր կացության կարգավիճակի ժամկետը երկարաձգելու դեպքում ծննդյան վկայականի՝ նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը չի ներկայացվում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ծննդյան վկայականն այդ ժամանակահատվածում փոխանակվել է),
բ. հանրակրթական և մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող համապատասխան ուսումնական հաստատությունից քրոջ կամ եղբոր` Հայաստանի Հանրապետությունում սովորելու կամ որպես մանկավարժ, դասախոս աշխատելու փաստը հավաստող տեղեկանք և դրա պատճենը:
(4-րդ կետը լրաց. 17.11.11 N 1608-Ն)
5. Սույն կարգի 4-րդ կետի 1-4-րդ ենթակետերի «ա» պարբերություններով պահանջվող փաստաթղթերի՝ նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունները չեն ներկայացվում, եթե տվյալ փաստաթղթերը տրվել են Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական լիազոր մարմնի կողմից: Այդ փաստաթղթերի՝ Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական լիազոր մարմնի կողմից տրված լինելու դեպքում ներկայացվում են նաև դրանց պատճենները:
(5-րդ կետը լրաց. 17.11.11 N 1608-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ձև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՑՈՒԹՅԱՆ _________________________ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ (ԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ) (ընդգծել) FOR RECEIVING RESIDENCY STATUS (FOR EXTENDING THE TERM OF RESIDENCY STATUS) IN THE REPUBLIC OF ARMENIA
1. Ազգանունը, անունը, հայրանունը _____________________________________ Name, Surname, mild name
2. Քաղաքացիությունը ________ 3. Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը _______________ Citizenship Date of birth
4. Ծննդյան վայրը _________________________________________________ Place of birth
5. Ազգությունը __________________________________________________ Nationality
6. Այցելության նպատակը և զբաղմունքը __________________________________ Purpose of visit ____________________________________________________________
7. Ընտանեկան դրությունը ___________________________________________ Family status
8. 16 տարին չլրացած երեխայի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը և քաղաքացիությունը Children under 16 /name, surname, date of birth/ citizenship ____________________________________________________________ ____________________________________________________________ ____________________________________________________________ ____________________________________________________________
9. Հայաստանի Հանրապետությունում և արտասահմանում բնակության հասցեները Addres in the Republic of Armenia and abroad _____________________________________________________________ _____________________________________________________________
10. Անձնագրի սերիան և համարը, երբ և ում կողմից է տրվել _______________________ Passport number
11. Տեղեկացված եմ կարգավիճակ ստանալուց հետո 15-օրյա ժամկետում, իսկ Հայաստանի Հանրապետությունում իմ մշտական բնակության վայրի փոփոխման դեպքում 7-օրյա ժամկետում տեղական ռեգիստրին հայտնելու պարտականության մասին: I am informed about my responsibility to providing any information to the local registar within 15 days after getting the residence card and in case of changing my permanent residence in the Republic of Armenia in 7 days term:
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2008 թվականի փետրվարի 7-ի N 134-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՄ ՄՇՏԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ (ԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ) ԴԻՄՈՒՄԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ
1. Օտարերկրացուն Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ տալու և կացության կարգավիճակը երկարաձգելու որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը (այսուհետ` անձնագրային և վիզաների վարչություն)` Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 7-ի N 134-Ն որոշման N 1 հավելվածում նշված փաստաթղթերն ստանալուց հետո` 30-օրյա ժամկետում: Անձնագրային և վիզաների վարչությունն օտարերկրացուն կացության կարգավիճակ տալու որոշումն ընդունում է «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ և 16-րդ հոդվածների 1-ին մասերով նախատեսված հիմքերի առկայության դեպքում, իսկ կացության կարգավիճակը երկարաձգելու որոշումը` «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «գ» և «դ» կետերով նախատեսված հիմքերի բացակայության դեպքում:
2. Օտարերկրացուն Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ տալու հարցն անձնագրային և վիզաների վարչությունը համաձայնեցնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության (այսուհետ` ազգային անվտանգության ծառայություն) հետ` գրավոր կամ էլեկտրոնային եղանակով` ազգային անվտանգության ծառայություն ուղարկելով օտարերկրացու անձնագրի և դիմում-հարցաթերթիկի պատճենները, իսկ Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանող օտարերկրացիների դեպքում` միայն ցուցակները:
3. Ազգային անվտանգության ծառայությունն օտարերկրացուն կացության կարգավիճակ տալու կամ կացության կարգավիճակը երկարաձգելու հարցի վերաբերյալ 7-օրյա ժամկետում անձնագրային և վիզաների վարչություն է ներկայացնում իր համաձայնության կամ առարկության վերաբերյալ տեղեկատվություն:
4. «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածում նշված կացության կարգավիճակ տալը մերժելու հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում անձնագրային և վիզաների վարչության կողմից ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ստանալու դիմումները կարող են մերժվել: Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ տալու դիմումը մերժելու մասին անձնագրային և վիզաների վարչության որոշումն օտարերկրացին կարող է բողոքարկել դատական կարգով:
5. Օտարերկրացուն Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ տալու կամ կարգավիճակ տալը մերժելու որոշման կրկնօրինակն անձնագրային և վիզաների վարչությունը որոշումն ընդունելուց հետո եռօրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան սույն կարգի 1-ին կետում նշված ժամկետում ուղարկում է կացության կարգավիճակ ստանալու համար դիմած օտարերկրացուն:
6. Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ստացած օտարերկրացիներին տրվում է համապատասխանաբար ժամանակավոր կացության կամ մշտական կացության քարտ:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2008 թվականի փետրվարի 7-ի N 134-Ն որոշման |
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԻ, ՄՇՏԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԱՆՁՆԱԳՐԻ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ ԵՎ ՁԵՎԵՐԸ
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԻ ԵՎ ՄՇՏԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ՁԵՎԸ
1. Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կացության և մշտական կացության քարտերը` 80x120մմ չափսի, Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացու ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակը հաստատող հիմնական փաստաթղթեր են:
2. Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր և մշտական կացության քարտի դիմային էջի վերևի ձախ մասում հայերեն մեծատառերով տպագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառերը: Ստորև` ձախ մասում հայերեն և անգլերեն մեծատառերով տպագրված են «ԿԱՑՈՒԹՅԱՆ ՔԱՐՏ», «RESIDENCE CARD» բառերը: Դրանից ներքև տեղ է հատկացված օտարերկրացու լուսանկարը փակցնելու համար: Լուսանկարից ներքև նախատեսված է տող` քարտն ստացողի ստորագրության համար: Դրանից ներքև տպագրվում է կացության քարտի սերիան և համարը: Քարտի աջ կողմի վերևի մասում անգլերենով, մեծատառերով նշված են «REPUBLIC OF ARMENIA» բառերը, որից ներքև նշվում են օտարերկրացու անձնագրի սերիան և համարը, ապա` հայերենով և անգլերենով նշվում են օտարերկրացու ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, քաղաքացիությունը, կացության կարգավիճակը, քարտը տալու և վավերականության, կացության կարգավիճակի երկարաձգման ժամկետները:
3. Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կացության և մշտական կացության քարտի հակառակ կողմում առանձին կետերով, հայերենով և անգլերենով տպագրված են`
1) սույն քարտն ստացած օտարերկրացին ունի Հայաստանի Հանրապետությունում բնակվելու, Հայաստանի Հանրապետություն մուտքի և Հայաստանի Հանրապետությունից ելքի իրավունք.
The holder of this card has a right to live in the Republic of Armenia, exit and enter the Republic of Armenia.
2) կացության քարտը կորցնելու դեպքում օտարերկրացին անհապաղ դիմում է քարտը տրամադրած մարմնին.
In gase of loss of the residence card should turn immediately to police authorities.
3) կացության կարգավիճակը երկարաձգելու դիմումը ներկայացվում է կարգավիճակի ժամկետը լրանալուց առնվազն 30 oր առաջ, իսկ ուսման նպատակով ժամանակավոր կացության կարգավիճակը երկարաձգելու դիմումը կարող է ներկայացվել մինչև ժամանակավոր կարգավիճակի ժամկետը լրանալու վերջին օրը.
The holder of this card should apply to update authority 30 days before the expiring date, but in case of study propouses the holder of this card can apply to update before the date of expiration..
4) նշումներ.
OBSERVATIONS:
(3-րդ կետը լրաց. 27.05.10 N 635-Ն)
4. Ժամանակավոր և մշտական կացության քարտի երկու երեսի կենտրոնում գունավոր պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, որը երիզվում է վարդագույն և կապտավուն զարդանախշով:
5. Ժամանակավոր և մշտական կացության քարտերը պատրաստվում են սերիաներով` յուրաքանչյուրը 10.000 տպաքանակով: Սերիաները նշագրվում են լատիներեն մեծատառերով (AA, AB, AC և այլն): Ժամանակավոր կացության և մշտական կացության քարտերի համարակալումն սկսվում է 0000001 և ավարտվում` 0010000 թվանշաններով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԱՆՁՆԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ՁԵՎԸ
6. Հատուկ կացության կարգավիճակ ստացած օտարերկրացու հատուկ անձնագիրը` 88x125մմ չափսի, 12 էջից բաղկացած, Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացու հատուկ կացության կարգավիճակը հաստատող հիմնական փաստաթուղթ է:
7. Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագրի շապիկը մուգ կարմիր գույնի է, որի վերևի մասում մեծատառերով տպագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառերը: Կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, որից ներքև տպագրված են «ՀԱՏՈՒԿ ԱՆՁՆԱԳԻՐ» բառերը, ապա` անգլերենով, համեմատաբար փոքր տառերով տպագրված են «REPUBLIC OF ARMENIA», «SPECIAL PASSPORT» բառերը:
8. Շապիկի վրա պատկերված Հայաստանի Հանրապետության զինանշանը և գրառումները բրոնզագույն են:
9. Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագրի շապիկի հակառակ երեսի կենտրոնում գունավոր պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Էջը վերևից և կողքերից երիզված է վարդագույն զարդանախշով:
10. Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագրի 1-ին, 4-12-րդ էջերը վերևից և կողքերից երիզված են բաց մանուշակագույն զարդանախշերով, էջերի վերևի մասերում պատկերված են կամարաձև, իսկ ներքևի մասերում՝ ձվաձև զարդանախշեր: Էջերի կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը:
11. Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագրի 1-3-րդ էջերի վերևի մասերում հայերեն և անգլերեն մեծատառերով տպագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», «REPUBLIC OF ARMENIA» բառերը:
12. Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագրի 1-ին էջում զինանշանի պատկերից վերև հայերեն և անգլերեն մեծատառերով նշված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», «REPUBLIC OF ARMENIA» բառերը, իսկ Հայաստանի Հանրապետության զինանշանից ներքև` «ՀԱՏՈՒԿ ԱՆՁՆԱԳԻՐ», «SPECIAL PASSPORT» բառերը: Նույն էջի ներքևի մասում` կենտրոնում նշվում են հատուկ անձնագրի սերիան և համարը:
13. Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագրի 2-րդ էջում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», «REPUBLIC OF ARMENIA» բառերից ներքև հայերենով նշվում են օտարերկրացու ազգանունը, անունը, հայրանունը, քաղաքացիությունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, անձնագիրը տալու օրը, ամիսը, տարեթիվը, անձնագիր տրամադրած մարմնի համապատասխան ծածկագիրը, օտարերկրացու սեռը, ծննդավայրը, անձնագրի վավերականության ժամկետը:
14. Էջի ներքևի մասում տպագրված են «Անձնագրի տիրոջ ստորագրությունը», «SIGNATURE OF HOLDER» բառերը: Նույն էջի աջ մասում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը` երիզված շրջանաձև զարդանախշով:
15. Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագրի 3-րդ էջում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», «REPUBLIC OF ARMENIA» բառերից հետո նշված հաջորդականությամբ, անգլերենով նշվում են փաստաթղթի անվանումը, տեսակը, երկրի ծածկագիրը, անձնագրի սերիան և համարը, օտարերկրացու ազգանունը, անունը, հայրանունը, քաղաքացիությունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, անձնական համարը, սեռը, ծննդավայրը, հատուկ անձնագիրը տալու օրը, ամիսը, տարեթիվը, վավերականության ժամկետը, տրամադրող մարմնի ծածկագիրը:
16. Նույն էջի ձախ մասում տեղ է հատկացված անձնագիր ստացող օտարերկրացու` 35 x 45 մմ չափսի լուսանկարի համար, իսկ աջ մասերում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը` երիզված շրջանաձև զարդանախշով:
17. Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագրի 4-12-րդ էջերը նախատեսված են նշումների համար: Նշված էջերի վերևի մասերում հայերեն և անգլերեն մեծատառերով տպագրված են «ՆՇՈՒՄՆԵՐ», «OBSERVATIONS» բառերը:
18. Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագրի 5-12-րդ էջերի ներքևի մասերում, դակման միջոցով նշվում են հատուկ անձնագրի սերիան և համարը:
19. Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագրի վերջին էջի (շապիկի ներսի կողմում) կենտրոնում հայերեն և անգլերեն մեծատառերով տպագրված են «ՀԱՏՈՒԿ ԱՆՁՆԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է:», «SPECIAL PASSPORT IS THE PROPERTY OF THE REPUBLIC OF ARMENIA.», իսկ ներքևի մասում՝ «ՀԱՏՈՒԿ ԱՆՁՆԱԳԻՐԸ 12 ԷՋԻՑ Է:» «SPECIAL PASSPORT CONTAINS 12 PAGES.» նախադասությունները:
20. Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագրերը պատրաստվում են սերիաներով` յուրաքանչյուրը 10.000 տպաքանակով: Սերիաները նշագրվում են լատիներեն մեծատառերով (AA, AB, AC և այլն): Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագրերի համարակալումներն սկսվում են 0000001 և ավարտվում 0010000 թվանշաններով:
21. Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագրի բոլոր էջերը համարակալվում են արաբական թվերով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
|
Նշումներ Observations
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
02.05.2024, N 628-Ն | 12.05.2024, N 134-Ն | |
16.12.2021, N 2041-Ն | 01.01.2022, N 134-Ն | |
15.06.2018, N 693-Ն | 09.07.2018, N 134-Ն | |
05.04.2012, N 419-Ն | 01.06.2012, N 134-Ն | |
17.11.2011, N 1608-Ն | 10.12.2011, N 134-Ն | |
03.11.2011, N 1576-Ն | 24.11.2011, N 134-Ն | |
27.05.2010, N 635-Ն | 10.06.2010, N 134-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|