Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.07.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.10.21/57(860).1 Հոդ.1465.6
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
13.07.2011
Подписан
Նախագահող
Дата подписания
13.07.2011
Дата вступления в силу
13.07.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

գործ թիվ ԵՄԴ/0055/01/10

ԵՄԴ/0055/01/10

Նախագահող դատավոր՝ Ս. Չիչոյան

Դատավորներ`      Ե. Դարբինյան

                         Ա. Հովհաննիսյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Դանիելյանի

 

Հ. Ղուկասյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

   
քարտուղարությամբ

Կ. Աբրահամյանի

 2011 թվականի հուլիսի 13-ին

 ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Արշակ Մանուկի Սվազյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2011 թվականի ապրիլի 15-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մ.Սարգսյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

 

1. 2010 թվականի մարտի 17-ին ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 58202910 քրեական գործը` Արշակ Մանուկի Սվազյանի կողմից 2010 թվականի մարտի 17-ին ՀՀ մաքսային սահմանով մաքսային հսկողությունից թաքցված խոշոր չափերով` շուրջ 45.300.000 ՀՀ դրամ արժողությամբ ադամանդյա քարեր Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու դեպքի առթիվ:

Նախաքննության մարմնի 2010 թվականի մարտի 26-ի որոշմամբ Ա.Սվազյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասով:

2010 թվականի մայիսի 3-ին Ա.Սվազյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր ծավալով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասով:

2010 թվականի մայիսի 11-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի հունվարի 24-ի դատավճռով Ա.Սվազյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման 3 տարի ժամկետով` գույքի` մաքսանենգության առարկաների բռնագրավմամբ:

3. Ամբաստանյալ Ա.Սվազյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2011 թվականի ապրիլի 15-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարել է, պատժի մասով բեկանել և փոփոխել է Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի հունվարի 24-ի դատավճիռը, ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա` ամբաստանյալ Ա.Սվազյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառել` սահմանելով փորձաշրջան 2 (երկու) տարի ժամկետով:

4. Վերաքննիչ դատարանի 2011 թվականի ապրիլի 15-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մ.Սարգսյանը, որը Վճռաբեկ դատարանի 2011 թվականի մայիսի 30-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

 

5. Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի հունվարի 24-ի դատավճռի եզրափակիչ մասում նշված է. «Իրեղեն ապացույց ճանաչված ՀՀ ԱԱԾ ֆինանսաբյուջետային վարչությունում պահվող, մաքսանենգության առարկա հանդիսացող, 68.859.000 (վաթսունութ միլիոն ութ հարյուր հիսունինը հազար) ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ ադամանդյա քարերը (1. 8,12 կարատ ընդհանուր քաշով, 2/3, 2/4 որակի, 1 կարատին 90-60 հատ չափսային խմբի ադամանդյա քարեր, 2. 6,13 կարատ ընդհանուր քաշով, 2/3, 2/4 որակի, 1 կարատին 120-90 հատ չափսային խմբի ադամանդյա քարեր, 3. 5,30 կարատ ընդհանուր քաշով, 2/3, 2/4 որակի, 1 կարատին 400-200 հատ չափսային խմբի ադամանդյա քարեր, 4. 5,01 կարատ ընդհանուր քաշով, 2/3, 2/4 որակի, 1 կարատին 200-120 հատ չափսային խմբի ադամանդյա քարեր, 5. 34,14 կարատ ընդհանուր քաշով, 1/2, 1/3 որակի, 1 կարատին 200-120 հատ չափսային խմբի ադամանդյա քարեր, 6. 5,19 կարատ ընդհանուր քաշով, 2/3, 2/4 որակի, 1 կարատին 400-200 հատ չափսային խմբի ադամանդյա քարեր, 7. 5,46 կարատ ընդհանուր քաշով, 1/2 որակի, 1 կարատին 400-200 հատ չափսային խմբի ադամանդյա քարեր, 8. 35,37 կարատ ընդհանուր քաշով, 5/2, 6/2 որակի, 1 կարատին 200-120 հատ չափսային խմբի ադամանդյա քարեր, 9. 4,98 կարատ ընդհանուր քաշով, 2/3, 2/4 որակի, 1 կարատին 200-120 հատ չափսային խմբի ադամանդյա քարեր, 10. 8,15 կարատ ընդհանուր քաշով, 2/3, 2/4 որակի, 1 կարատին 200-120 հատ չափսային խմբի ադամանդյա քարեր, 11. 24,11 կարատ ընդհանուր քաշով, 1/2, 1/3 որակի, 1 կարատին 90-60 հատ չափսային խմբի ադամանդյա քարեր, 12. 9,16 կարատ ընդհանուր քաշով, 3/4, 3/5 որակի, 1 կարատին 90-60 հատ չափսային խմբի ադամանդյա քարեր, 13. 15,11 կարատ ընդհանուր քաշով, 2/3, 2/4 որակի, 1 կարատին 60-40 հատ չափսային խմբի ադամանդյա քարեր, 14. 25,64 կարատ ընդհանուր քաշով, 6/2, 6/3 որակի, 1 կարատին 40-30 հատ չափսային խմբի ադամանդյա քարեր, 15. 50,43 կարատ ընդհանուր քաշով, 3/2, 3/3 որակի, 1 կարատին 10-7 հատ չափսային խմբի ադամանդյա քարեր, 16. 35,12 կարատ ընդհանուր քաշով, 6/4, 6/5, 6/8 որակի, 1 կարատին 7-6 հատ չափսային խմբի ադամանդյա քարեր, 17. 45,98 կարատ ընդհանուր քաշով, 3/3, 3/4, 3/5 որակի, 1 կարատին 7-6 հատ չափսային խմբի ադամանդյա քարեր, 18. 5,01 կարատ քաշով, 6/6 որակի ադամանդյա 1 քար, 19. 1,08 կարատ քաշով, 6/6 որակի ադամանդյա 1 քար, 20. 1,07 կարատ քաշով, 6/6 ադամանդյա 1 քար) բռնագրավել հօգուտ պետության» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, էջ 214):

6. Սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտ կայացնելուց հետո, սակայն մինչև դրա օրինական ուժի մեջ մտնելը, ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է համաներման ակտ, որը կիրառելի է Ա.Սվազյանի նկատմամբ:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

7. Բողոք բերած անձը փաստարկել է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա, Ա.Սվազյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով` խախտել է ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 55-րդ, 61-րդ, 62-րդ հոդվածների, 50-րդ հոդվածի 5-րդ կետի, 70-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 4-րդ մասերի, 215-րդ հոդվածի 1-ին, 6-րդ մասերի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 119-րդ, 360-րդ, 395-398-րդ հոդվածների պահանջները:

Ըստ բողոքի ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, ամբաստանյալ Ա.Սվազյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելով, լիարժեք չի պահպանել ՀՀ քրեական օրենսդրության ընդհանուր մասով ամրագրված պատժի նշանակումը, ինչպես նաև մաքսանենգության առարկայի տնօրինումը կանոնակարգող իրավադրույթները: Բացի այդ, անտեսվել և չի կիրառվել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը, ըստ որի` մաքսանենգության առարկաների վրա չի կարող կիրառվել լրացուցիչ պատիժ հանդիսացող գույքի բռնագրավումը:

8. Բողոք բերած անձը նշում է, որ սույն քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված ադամանդները, մաքսային օրենսդրության և ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն, հանդիսանում են մաքսանենգության առարկաներ և չեն թվարկվում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածում, մասնավորապես, մաքսանենգության առարկաները հանցագործության գործիք, շրջանառությունից հանված առարկա չեն հանդիսանում, դրանք հանցագործությամբ կամ օրենքով չթույլատրված այլ գործողությունների հետևանքով որևէ մեկի օրինական տիրապետումից դուրս չեն եկել, հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամ, այլ արժեքներ կամ մյուս առարկաներ չեն և միևնույն ժամանակ փաստաթուղթ չեն հանդիսանում, հետևաբար մաքսանենգության առարկա հանդիսացող իրեղեն ապացույցների սեփականատերը հայտնի է, որպիսի պայմաններում դատական ակտ կայացնելիս չպետք է կիրառվեր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածը, այլ պետք է մաքսանենգության առարկաները տնօրինվեին գործող քրեական օրենսդրության ընդհանուր մասի դրույթներով, մասնավորապես ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին, 6-րդ մասերով, 55-րդ հոդվածի 1-ին մասով, 50-րդ հոդվածի 3-րդ, 5-րդ մասերով:

9. Բողոքում փաստարկվել է նաև, որ Վերաքննիչ դատարանը չի պատճառաբանել ամբաստանյալ Ա.Սվազյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման իրավաչափությունը, չի նշել, թե ինչու է դատապարտյալի ուղղվելը հնարավոր առանց պատիժը կրելու, հատկապես ո՞ր հանգամանքներն են հիմք տվել հանգելու նման հետևության, չի հիմնավորել, թե նշված նորմի կիրառումն արդյո՞ք արդարացի է, համապատասխանու՞մ է այն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար է լինելու նրան ուղղելու, նոր հանցագործությունները կանխելու համար և ինչու՞մն է արտահայտվել պատժի նպատակը սոցիալական արդարությունը վերականգնելու հարցում, ինչով է այն արդարացի և արդյոք ամբաստանյալի մեղքը հիմնավորված համարելով` ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառումը համաչա՞փ է հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանին և բնույթին, մինչդեռ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը օբյեկտիվորեն հիշատակված հանգամանքները հաշվի առնելով` սահմանել է պատժի տեսակը և չափը` պատճառաբանելով դրանք:

10. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոք բերած անձը խնդրել է բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2011 թվականի ապրիլի 15-ի որոշումը և օրինական ուժ տալ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի հունվարի 24-ի դատավճռին:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է` մաքսանենգության առարկա հանդիսացող 68.859.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ ադամանդյա քարերն արդյոք տնօրինվել են որպես իրեղեն ապացույց, թե բռնագրավման օբյեկտ են հանդիսացել որպես լրացուցիչ պատիժ:

12. ՀՀ քրեական օրենսգրքի 50-րդ հոդվածի համաձայն`

«3. Հատուկ կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից կամ որակավորման դասից զրկելը, ինչպես նաև գույքի բռնագրավումը կիրառվում են միայն որպես լրացուցիչ պատիժներ:

(…):

5. Գույքի բռնագրավումը և որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը՝ որպես լրացուցիչ պատիժներ կարող են նշանակվել միայն սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերում»:

ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի համաձայն`

«1. Գույքի բռնագրավումը դատապարտյալի սեփականությունը համարվող գույքը կամ դրա մի մասը հարկադրաբար և անհատույց վերցնելն է` ի սեփականություն պետության:

2. Գույքի բռնագրավման չափը դատարանը որոշում է` նկատի ունենալով հանցագործությամբ հասցված գույքային վնասի, ինչպես նաև հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի չափը: Գույքի բռնագրավման չափը չի կարող գերազանցել հանցագործությամբ հասցված վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված օգուտի չափը:

3. Գույքի բռնագրավումը կարող է նշանակվել շահադիտական դրդումներով կատարված ծանր և առանձնապես ծանր հանցանքների համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերում, բացառությամբ սույն հոդվածի չորրորդ և հինգերորդ, ինչպես նաև 5.1-ին մասերով նախատեսված դեպքերի:

4. Հանցավոր ճանապարհով ստացված գույքի, այդ թվում` հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և սույն օրենսգրքի 190-րդ հոդվածով նախատեսված արարքների կատարման արդյունքում ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ձեռք բերված գույքի, ներառյալ` այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտների կամ այլ տեսակի օգուտների, այդ արարքների կատարման համար օգտագործված կամ օգտագործման համար նախատեսված գործիքների, իսկ հանցավոր ճանապարհով ստացված գույքի չհայտնաբերման դեպքում` այդ գույքին համարժեք այլ գույքի բռնագրավումը պարտադիր է: Այդ գույքը ենթակա է բռնագրավման` անկախ դատապարտյալի կամ որևէ երրորդ անձի սեփականությունը հանդիսանալու կամ նրանց կողմից տիրապետելու հանգամանքից:

(…)

5.1. Սույն օրենսգրքի 215-րդ հոդվածով նախատեսված մաքսանենգության ճանապարհով Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխված մաքսանենգության առարկաների, իսկ վերջիններիս բացակայության դեպքում դրանց արժեքի բռնագրավումը պարտադիր է:

(…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Իրեղեն ապացույցներ են այն առարկաները, որոնք հանցագործության գործիք են ծառայել կամ իրենց վրա հանցագործության հետքեր են պահպանել, կամ հանցավոր գործողությունների օբյեկտներ են եղել, ինչպես նաև հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամը, այլ արժեքները և մյուս բոլոր առարկանները, որոնք կարող են հանցագործությունը հայտնաբերելու, գործի փաստական հանգամանքները պարզելու, մեղավորներին ի հայտ բերելու, մեղադրանքը հերքելու կամ պատասխանատվությունը մեղմացնելու միջոցներ ծառայել»:

13. Վերը շարադրված նորմերի վերլուծությունից երևում է, որ ՀՀ օրենսդրության մեջ «գույքի բռնագրավում» եզրույթն արտահայտում է իրավական ներգործության երկու տարբեր միջոց. քրեական պատժատեսակ (ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-3-րդ մասեր) և հանցավոր ճանապարհով ստացված գույքի հարկադրական վերցնում (ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ և 5.1 մասեր):

Գույքի բռանգրավումը` որպես պատժատեսակ, բացառապես լրացուցիչ պատիժ է, այն միայն տարածվում է դատապարտյալի սեփականությունը հանդիսացող գույքի վրա, իսկ գույքի բռնագրավման չափը որոշակիորեն սահմանափակված է` կախված հանցագործությամբ հասցված գույքային վնասից, ինչպես նաև հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի չափից: Գույքի բռնագրավումը որպես լրացուցիչ պատժատեսակ կարող է կիրառվել միայն ծանր և առանձնապես ծանր հանցանքների դեպքում (օրենսդրությամբ նախատեսված է նաև բացառություն): Որպես պատժատեսակ` գույքի բռնագրավման առարկան, որպես կանոն, քրեադատավարական իմաստով իրեղեն ապացույց չէ:

Մինչդեռ գույքի բռնագրավումը` որպես հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի հարկադրական վերցնում, տարածվում է այն գույքի վրա, որի նկատմամբ հանցանք կատարած անձը սեփականության իրավունք չունի, քանի որ այն ստացվել է հանցագործության հետևանքով: Իրավական ներգործության այս միջոցը կիրառելի է անկախ հանցագործության ծանրության աստիճանից: Որպես հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի հարկադրական վերցնում` գույքի բռնագրավման առարկան այն քրեադատավարական իմաստով իրեղեն ապացույցն է, որի վերաբերյալ ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված են պահպանման և տնօրինման յուրահատուկ կարգավորումներ:

14. Նախորդ կետում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները համահունչ են ՀՀ Սահմանադրական դատարանի 2011 թվականի հուլիսի 12-ի ՍԴՈ-953 որոշմամբ` լրացուցիչ պատժատեսակ գույքի բռանգրավման և հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագրավման հարաբերակցության վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշմանը: Համաձայն ՀՀ Սահմանադրական դատարանի այդ իրավական դիրքորոշման` «(…) գույքի բռնագրավումը` որպես լրացուցիչ պատժատեսակ, և հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագրավումն իրենց սահմանադրական բովանդակությամբ տարբեր ինստիտուտներ են` տարբեր խնդիրներով և նպատակներով: Բռնագրավման` որպես լրացուցիչ պատժատեսակի ինստիտուտը, որն անմիջականորեն ուղղված է դատապարտյալի սեփականության իրավունքի դեմ, բխում է ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 2-րդ մասից, քանզի այս դեպքում դատապարտյալի գույքի բռնագրավումը հանդես է գալիս որպես պատասխանատվությունից բխող հարկադրանքի միջոց` իրավաչափորեն սահմանափակելով դատապարտյալի սեփականության իրավունքը: Մինչդեռ, հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագրավման պարագայում բռնագրավման նպատակը հանցավոր ճանապարհով ստացված գույքը դատապարտյալից հետ վերցնելն է, ինչի դեպքում դատապարտյալի սեփականության իրավունքի սահմանափակում տեղի չի ունենում»:

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ մաքսանենգության առարկա հանդիսացող 68.859.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ ադամանդյա քարերը հանդիսացել են իրեղեն ապացույց, դրանք ի պահ են հանձնված եղել ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը): Այսինքն` Առաջին ատյանի դատարանի որոշմամբ դրանք տնօրինվել են որպես իրեղեն ապացույցներ:

16. Սույն որոշման 12-14-րդ կետերում շարադրաված իրավական հիմնավորումների լույսի ներքո գնահատելով սույն որոշման 15-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մաքսանենգության առարկա հանդիսացող 68.859.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ ադամանդյա քարերը տնօրինվել են որպես իրեղեն ապացույց, և դրանք բռնագրավվել են ոչ թե որպես լրացուցիչ պատժատեսակ, այլ որպես հանցավոր ճանապարհով ստացված գույք:

17. Սույն որոշման 12-16-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների հիման վրա Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում բողոք բերած անձի այն պնդումը, որ մաքսանենգության առարկա հանդիսացող իրեղեն ապացույցների նկատմամբ չպետք է կիրառվեր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածը, այլ պետք է մաքսանենգության առարկաները տնօրինվեին գործող քրեական օրենսդրության ընդհանուր մասի դրույթներով, մասնավորապես` ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին, 6-րդ մասերով, 55-րդ հոդվածի 1-ին մասով, 50-րդ հոդվածի 3-րդ, 5-րդ մասերով:

18. Սույն որոշման 6-րդ կետում նշված փաստի լույսի ներքո Վճռաբեկ դատարանը պետք է պատասխանի նաև հետևյալ իրավական հարցին` «ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» 2011 թվականի մայիսի 26-ի ԱԺ որոշման ընդունման պայմաններում սույն գործով կարո՞ղ է կիրառվել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը և դրա հիման վրա ամբաստանյալ Ա.Սվազյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառվել:

19. ՀՀ Ազգային ժողովի կողմից 2011 թվականի մայիսի 26-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` առավելագույնը երեք տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատիժների դատապարտված անձինք ազատվում են նշանակված պատժից:

20. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի հունվարի 24-ի դատավճռով Ա.Սվազյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման 3 տարի ժամկետով` գույքի` մաքսանենգության առարկաների բռնագրավմամբ (տե՛ս սույն որոշման 2-րդ կետը):

Բեկանելով և փոփոխելով Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի հունվարի 24-ի դատավճիռը` Վերաքննիչ դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա ամբաստանյալ Ա.Սվազյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառել` սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով (տե՛ս սույն որոշման 3-րդ կետը):

21. Այսպիսով, Վերաքննիչ դատարանի դատական ակտի կայացումից հետո ընդունվել է համաներման ակտ, և այդ ակտի ուժով նշանակված պատժից ազատվում են առավելագույնը երեք տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատիժների դատապարտված անձինք: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված հանգամանքների պայմաններում իրավաչափ չէ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա Ա.Սվազյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը, այլ «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի հիմքով Ա.Սվազյանը ենթակա է նշանակված պատժից ազատման:

22. Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիման վրա բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2011 թվականի ապրիլի 15-ի որոշումը և օրինական ուժ տալ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի հունվարի 24-ի դատավճռին: Միաժամանակ, անհրաժեշտ է Ա.Սվազյանի նկատմամբ կիրառել «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» 2011 թվականի մայիսի 26-ի որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը և վերջինիս ազատել Առաջին ատյանի դատարանի դատավճռով ազատազրկման ձևով նշանակված պատժից` 3 տարի ժամկետով ազատազրկումից:

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Արշակ Մանուկի Սվազյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2011 թվականի ապրիլի 15-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի հունվարի 24-ի դատավճին:

2. Արշակ Մանուկի Սվազյանի նկատմամբ կիրառել «ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» 2011 թվականի մայիսի 26-ի ԱԺ որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը և նրան ազատել ազատազրկման ձևով նշանակված պատժից` 3 տարի ազատազրկումից:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

Ե. Դանիելյան

Հ. Ղուկասյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան