ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
Շենգավիթ թաղային համայնքի ավագանի
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 նոյեմբերի 2005 թվականի թիվ 01
քաղ. Երևան
ՇԵՆԳԱՎԻԹ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով` Շենգավիթի համայնքի ավագանին որոշում է`
Հաստատել Շենգավիթի համայնքի ավագանու կանոնակարգը (հավելված):
Թաղապետ՝ |
Մ. Սարգսյան |
Հավելված |
Շենգավիթի համայնքի ավագանու կանոնակարգը
1. Ընդհանուր դրույթներ
1.1 Սույն Կանոնակարգն ընդունված է ՀՀ Սահմանադրության և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի հիման վրա, կարգավորում է ավագանու գործունեությունը, նիստերի նախապատրաստումն ու անցկացումը:
1.2 Համայնքի ավագանին ներկայացուցչական մարմին է և համայնքի բնակչության բարեկեցության բարելավման նպատակով սեփական պատասխանատվությամբ իրականացնում է ժողովրդի իշխանությունը, օրենքի շրջանակներում ապահովում համայնքային խնդիրների լուծումը և տնօրինում համայնքի սեփականությունը:
1.3. Համայնքի ավագանին գործում է Գ. Նժդեհի փող. թիվ 26 շենքում:
2. Համայնքի ավագանու գործունեության կազմակերպումը
Ավագանու նիստերն անցկացվում են ոչ պակաս, քան երկու ամիսը մեկ անգամ, կարող են անցկացվել նաև արտահերթ նիստեր:
Համայնքի ավագանին իրեն վերապահված լիազորությունների իրականացման համար, իր որոշմամբ կարող է ստեղծել մշտական գործող կամ ժամանակավոր հանձնաժողովներ:
Ավագանու նիստում կարող է քննարկվել համայնքի շահերին վերաբերող ցանկացած հարց: Քննարկվող հարցերի վերաբերյալ ավագանին ընդունում է որոշումներ և ուղերձներ, կազմում արձանագրություններ: Ավագանու աշխատանքը տարվում է հայերեն լեզվով:
Համայնքի ավագանու իրավասությունները, ավագանու անդամի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են օրենքով:
3. Համայնքի ավագանու նիստի օրակարգը և որոշման նախագծերի նախապատրաստումը
Համայնքի ավագանու հերթական նիստից առնվազն յոթ օր առաջ համայնքի ղեկավարը հրապարակում է տեղեկություն ավագանու նիստի ժամանակի, վայրի վերաբերյալ և օրակարգի նախագիծը: Հրապարակումն իրականացվում է համայնքի ավագանու նստավայրում դրանք փակցնելու միջոցով, ինչպես նաև այն վայրերում, որոնք մատչելի են համայնքի յուրաքանչյուր մասի բնակչի համար՝ առնվազն մեկ տեղ յուրաքանչյուր երկու հազար բնակչի համար: Հնարավորության դեպքում այդ տեղեկությունը լրացուցիչ կերպով կարող է տարածվել զանգվածային լրատվության միջոցներով և ինտերնետային ցանցի միջոցով:
Համայնքի ավագանու անդամներին տրամադրված, նիստի հետ կապված փաստաթղթերը, եթե դրանք քննարկվելու են դռնբաց նիստում, պետք է դրված լինեն համայնքի ավագանու նստավայրում՝ բոլորի համար մատչելի տեղում:
Անձանց պահանջով նրանց պետք է տրամադրվեն այդ փաստաթղթերի պատճենները՝ դրա ծախսերը ծածկող վճարի դիմաց:
Նշված փաստաթղթերի հրապարակումները փակցնելու տեղերը սահմանվում են ավագանու աշխատակարգով:
Համայնքի ավագանու նիստի օրակարգի նախագիծը ձևավորում են համայնքի ղեկավարը և ավագանու անդամները՝ համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարին նիստից առնվազն տասը օր առաջ ներկայացրած գրավոր հարցերից:
Հարցերի հեղինակները պետք է ներկայացնեն որոշման նախագծեր: Յուրաքանչյուր նախագծին կցվում են դրա ընդունման անհրաժեշտության հիմնավորումները և յուրաքանչյուր որոշման նախագծի իրականացման ֆինանսական ծախսերի նախահաշիվները:
Նիստի օրակարգի նախագիծը, դրանում ընդգրկված հարցերի որոշման նախագծերը և համապատասխան փաստաթղթերը նիստն սկսելուց առնվազն յոթ օր առաջ տրամադրվում են ավագանու անդամներին:
Նիստի օրակարգը հաստատվում է համայնքի ավագանու որոշմամբ:
4. Նորընտիր ավագանու նիստը
Նորընտիր ավագանու առաջին նիստը գումարվում է ոչ ուշ, քան ավագանու լիազորություններն ստանձնելու պահից քսան օրվա ընթացքում:
Համայնքի ավագանու նիստերը հրավիրում և վարում է համայնքի ղեկավարը կամ պաշտոնակատարը: Նրանք ունեն խորհրդակցական ձայնի իրավունք:
Համայնքի ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են ավագանու անդամների կեսից ավելին: Եթե կես ժամվա ընթացքում չի ապահովվում նիստի իրավազորությունը կամ նիստին չի ներկայանում համայնքի ղեկավարը, ապա նիստի չկայացման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում են նիստին ներկայացած ավագանու անդամները:
Համայնքի ավագանու որոշումները և ուղերձներն ընդունվում են ավագանու նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ:
Համայնքի ավագանու որոշման մեջ նշվում են որոշման նախագծին կողմ, դեմ և ձեռնպահ քվեարկած ավագանու անդամների ազգանունները, որոնց դիմաց նրանք ստորագրում են:
Համայնքի ավագանու նիստը շարունակվում է մինչև օրակարգի սպառումը: Նիստը կարող է ընդհատվել ավագանու որոշմամբ կամ օրենքով նախատեսված դեպքերում:
Որոշումը կնքում է համայնքի ղեկավարը: Համայնքի ավագանու նիստը դռնբաց է: Առանձին դեպքերում ավագանու նիստին ներկա անդամների ձայների երկու երրորդի որոշմամբ կարող է անցկացվել դռնփակ նիստ:
Համայնքի ավագանին նիստին կարող է հրավիրել և լսել ցանկացած անձի: Համայնքի ղեկավարի հրավերով ավագանու նիստին մասնակցում են համայնքի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցները: Համայնքի ավագանու որոշումների վերաբերյալ համայնքի ղեկավարը եռօրյա ժամկետում ավագանուն կարող է ներկայացնել գրավոր առարկություններ և առաջարկություններ համապատասխան հիմնավորումներով, եթե ավագանու որոշումը, իր կարծիքով, հակասում է օրենքին կամ ավագանու նախկին որոշումներին:
Եթե համայնքի ղեկավարն ավագանու որոշման դեմ առարկում է, ապա եռօրյա ժամկետում հրավիրում է ավագանու արտահերթ նիստ, իսկ որոշման կատարումը հետաձգվում է՝ մինչև այդ նիստում ավագանու կողմից դրա քննարկումը: Ավագանին քննարկում է նշված առարկությունները և որոշում է ընդունում նիստին ներկա ավագանու անդամների ձայների մեծամասնությամբ: Նշված նիստում և նախատեսված ժամկետներում որոշումը չվերանայելու կամ ավագանու նիստը չկայանալու դեպքում որոշումն ուժի մեջ է մտնում և ենթակա է պարտադիր կատարման:
Համայնքի ավագանու անդամը համայնքի ղեկավարի որոշումները ստանալուց հետո եռօրյա ժամկետում, կարող է պահանջել հրավիրել ավագանու արտահերթ նիստ, եթե համայնքի ղեկավարի որոշումը, իր կարծիքով, հակասում է գործող օրենսդրությանը կամ ավագանու որոշումներին: Այս դեպքում ավագանու նիստ պետք է հրավիրվի այդ մասին պահանջը համայնքի ղեկավարին ներկայացվելուց հետո՝ եռօրյա ժամկետում սույն կանոնակարգի 5-րդ կետով սահմանված կարգով: Եթե համայնքի ավագանին գտնի, որ համայնքի ղեկավարի որոշումը (այսուհետ՝ բողոքարկվող որոշում) հակասում է օրենսդրությանը կամ ավագանու որոշումներին, ապա նա պարտավոր է համայնքի ղեկավարին ներկայացնել գրավոր առարկություններ կամ առաջարկություններ՝ համապատասխան հիմնավորումներով, առաջարկելով համայնքի ղեկավարին՝ փոխել բողոքարկվող որոշումը:
Համայնքի ղեկավարի բողոքարկվող որոշումը փոփոխելու մասին համայնքի ավագանու որոշումը համայնքի ղեկավարին հանձնելու պահից համայնքի ղեկավարի բողոքարկվող որոշման գործողությունը կասեցվում է մինչև համայնքի ղեկավարի կողմից դրա քննարկումը, եթե բողոքարկվող որոշումը դեռևս չի կատարվել, և եթե բողոքարկվող որոշման կատարումը հնարավոր է հետաձգել: Համայնքի ղեկավարը եռօրյա ժամկետում պարտավոր է քննարկել համայնքի ավագանու որոշումը և դրա վերաբերյալ կայացնել համապատասխան որոշում՝ իր բողոքարկվող որոշումը օրենսդրությամբ կամ համայնքի ավագանու որոշումներին համապատասխանեցնելու կամ համայնքի ավագանու որոշումը չընդունելու մասին: Իր որոշումը համայնքի ղեկավարը պարտավոր է անմիջապես ուղարկել համայնքի ավագանու անդամներին: Համայնքի ղեկավարի կողմից սույն մասով նշված համապատասխան որոշումներից որևէ մեկն ընդունելու պահից որոշման կասեցումը դադարեցվում է:
Եթե համայնքի ղեկավարը եռօրյա ժամկետում համայնքի ավագանու որոշման վերաբերյալ որևէ որոշում չի կայացնում, ապա համայնքի ղեկավարի բողոքարկվող որոշումը համարվում է վերացված:
Համայնքի ղեկավարի որոշումները համայնքի ավագանին կարող է բողոքարկել դատական կարգով:
Ավագանու նիստը համարվում է ավարտված, եթե սպառվել են օրակարգի բոլոր հարցերը: Ավագանու որոշմամբ օրակարգում ընդգրկված հարցը կարող է տեղափոխվել հաջորդ նիստի քննարկմանը:
5. Համայնքի ավագանու արտահերթ նիստը
Համայնքի ավագանու արտահերթ նիստ գումարում է համայնքի ղեկավարը կամ նրա պաշտոնակատարը իր կամ ավագանու անդամների՝ օրենքով սահմանված թվի առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ: Ավագանու արտահերթ նիստն անցկացվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում: Արտահերթ նիստի օրակարգը, դրանում ընդգրկված հարցերի որոշման նախագծերը և համապատասխան փաստաթղթերն ավագանու անդամներին տրամադրվում են նիստից մեկ օր առաջ: Արտահերթ և հերթական նիստերում քննարկվող հարցերի որոշման նախագծերի ընդունման համար անհրաժեշտ փաստաթղթերին ներկայացվում են համանման պահանջները:
6. Համայնքի ավագանու նիստում հարցեր քննարկելու և որոշումներ ընդունելու կարգը
6.1 Ավագանու նիստը սկսվում է ավագանու անդամների հաշվառմամբ, որն անցկացնում է թաղային համայնքի աշխատակազմի քարտուղարը:
6.2 Տվյալ նիստի օրակարգի նախագիծը ձևավորում են համայնքի ղեկավարը և ավագանու անդամները:
6.3 Հերթական նիստը սկսվում է օրակարգի հաստատմամբ, իսկ մինչ այդ հարցերը չեն քննարկվում:
6.4 Օրակարգային հարցի քննարկումը սկսվում է հարցն առաջարկողի զեկուցմամբ: Զեկուցողին տրվում են հարցեր: Հարցերը պետք է ձևակերպվեն հակիրճ և հստակ: Նիստը վարելու կարգի վերաբերյալ առաջարկություններն արվում են մինչև մտքերի փոխանակությունն սկսելը:
Մտքերի փոխանակությանը, բացի ավագանու անդամներից և թաղային համայնքի ղեկավարից, այլ անձինք կարող են մասնակցել միայն ավագանու որոշմամբ:
Օրակարգային յուրաքանչյուր հարցի վերաբերյալ կարելի է ելույթ ունենալ ոչ ավելի, քան երկու անգամ: Ելույթի իրավունքի զիջում այլ անձի չի թույլատրվում:
Զեկուցողին ելույթի համար տրվում է մինչև 7 րոպե, երկրորդ ելույթի համար՝ մինչև 3 րոպե:
Թաղային համայնքի ղեկավարն անհրաժեշտության դեպքում ելույթի ժամանակը կարող է ավելացնել մինչև 3 րոպե:
6.5 Մտքերի փոխանակության ժամանակ թաղային համայնքի ավագանու նիստերում արտահերթ ձայնի իրավունք ունի թաղային համայնքի ղեկավարը, որի ելույթը չի սահմանափակվում:
6.6 Մտքերի փոխանակությունն ավարտելուց հետո զեկուցողին տրվում է մինչև 10 րոպե տևողությամբ եզրափակիչ խոսքի իրավունք:
6.7 Քննարկվող հարցի վերաբերյալ զեկուցողի առաջարկությունը քվեարկության է դրվում առաջին հերթին: Զեկուցողի առաջարկությունը չընդունվելու դեպքում քվեարկվում են մտքերի փոխանակության ժամանակ արված մյուս առաջարկությունները: Այդ առաջարկությունների քվեարկման հաջորդականությունը որոշում է թաղային համայնքի ղեկավարը:
6.8 Թաղային համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու մասին առաջարկության որոշման նախագիծն ընդունվում է ավագանու անդամների ձայների մեծամասնությամբ:
6.9 Քննարկվող հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, բացառությամբ սույն կանոնակարգով նախատեսված դեպքերի: Յուրաքանչյուր քվեարկության ժամանակ ավագանու անդամն ունի մեկ ձայնի իրավունք՝ կողմ, ձեռնպահ կամ դեմ: Քվեարկությանը չմասնակցած ավագանու անդամն իրավունք չունի քվեարկել քվեարկությունից հետո:
6.10 Քվեարկությունը սկսվելուց առաջ նախագահողը կրկնում է քվեարկության դրվող առաջարկությունը, հիշեցնում, թե ձայների ինչ քանակով է ընդունվում որոշումը (ուղերձը):
6.11 Եթե նախագահողը հարցը դնում է քվեարկության, ոչ ոք չի կարող միջամտել, քանի դեռ չեն հայտարարվել քվեարկության արդյունքները:
6.12 Ավագանու անդամը քվեարկում է անձամբ: Քվեարկության իրավունքի զիջում չի թույլատրվում: Քվեարկությունից հետո համայնքի ղեկավարը բարձրաձայն հայտարարում է քվեարկության արդյունքները:
6.13 Թաղային համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու առաջարկության, թաղային համայնքի ավագանու անդամի քվեարկությունների կեսից ավելիի բացակայություններն անհարգելի ճանաչելու մասին որոշումներն ընդունվում են փակ քվեարկությամբ: Փակ քվեարկություն կարող են անցկացնել միայն առանձին դեպքերում, երբ նիստին ներկա անդամների երկու երրորդը նման որոշում է ընդունել:
6.14 Համայնքի ավագանու որոշումների վերաբերյալ համայնքի ղեկավարը եռօրյա ժամկետում ավագանուն կարող է ներկայացնել գրավոր առարկություններ և առաջարկություններ՝ համապատասխան հիմնավորումներով, եթե ավագանու որոշումը, իր կարծիքով, հակասում է օրենքին կամ ավագանու նախկին որոշումներին:
Եթե համայնքի ղեկավարն ավագանու որոշման դեմ առարկում է, ապա եռօրյա ժամկետում հրավիրում է ավագանու արտահերթ նիստ, իսկ որոշման կատարումը հետաձգվում է մինչև այդ նիստում ավագանու կողմից դրա քննարկումը: Ավագանին քննարկում է նշված առարկությունները և որոշում է ընդունում նիստին ներկա ավագանու անդամների ձայների մեծամասնությամբ: Նշված նիստում և նախատեսված ժամկետներում որոշումը չվերանայելու կամ ավագանու նիստը չկայանալու դեպքում որոշումն ուժի մեջ է մտնում և ենթակա է պարտադիր կատարման:
Համայնքի ավագանու որոշումները համայնքի ղեկավարը կարող է բողոքարկել դատական կարգով:
Թաղային համայնքի ավագանու որոշումներն ու ուղերձները կարող են հրապարակվել ռադիոյով, հեռուստատեսությամբ, մամուլում, հասարակական վայրերում կամ այլ ձևով՝ բնակչությանը այն մատչելի դարձնելու միջոցով:
7. Համայնքի ավագանու իրավասությունները
Համայնքի ավագանին օրենքով սահմանված կարգով ՝
7.1 Ընդունում է իր կանոնակարգը:
7.2 Հաստատում է համայնքի զարգացման ծրագիրը:
7.3 Հաստատում է համայնքի բյուջեն, բյուջեի՝ համայնքի ղեկավարի առաջարկած փոփոխությունները և բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:
7.4 Վերահսկում է համայնքի բյուջեի կատարումը և համայնքի ստացած վարկերի և այլ ներգրավված ֆինանսական միջոցների օգտագործումը:
7.5 Որոշում է կամավոր լիազորությունների իրականացման կարգը և անհրաժեշտ ֆինանսական միջոցները՝ համայնքի ղեկավարի ներկայացմամբ:
7.6 Նախաձեռնում և օրենքով սահմանված կարգով նշանակում է տեղական հանրաքվե:
7.7.1 Վերահսկողություն է իրականացնում համայնքի ղեկավարի կողմից իր լիազորությունների իրականացման նկատմամբ:
7.7.2 Դատական կարգով կարող է վիճարկել համայնքի ղեկավարի օրենքին և իրավական այլ ակտերին հակասող որոշումները:
7.8 Որոշում է համայնքի ղեկավարի վարձատրության չափը:
7.9 Որոշում է կայացնում առաջարկություն ներկայացնել Երևանի քաղաքապետին՝ համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու վերաբերյալ:
7.10 Որոշում է կայացնում միջհամայնքային միավորումներ ձևավորելու մասին, ինչպես նաև առաջարկություն է ներկայացնում պետական լիազորված մարմին՝ այլ համայնքների հետ միավորվելով նոր համայնք ստեղծելու վերաբերյալ:
7.11 Որոշում է կայացնում միջհամայնքային միավորումում իր ներկայացուցիչը նշանակելու վերաբերյալ:
7.12 Որոշում է կայացնում պետական մարմիններից և պաշտոնատար անձանցից համայնքի խնդիրներին վերաբերող և օրենքով սահմանված գաղտնի տեղեկություններ չպարունակող փաստաթղթեր ստանալու վերաբերյալ: Այդ պահանջի կատարումը մեկամսյա ժամկետում պարտադիր է պետական մարմինների և պաշտոնատար անձանց համար:
7.13 Որոշում է կայացնում ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ:
7.14 Օրենքով սահմանված կարգով որոշում է կայացնում համայնքային բյուջետային հիմնարկների, համայնքի մասնակցությամբ առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների ստեղծման, վերակազմակերպման կամ լուծարման մասին:
7.15 Իր որոշմամբ համաձայնություն է տալիս համայնքի ղեկավարի ներկայացրած բյուջետային հիմնարկների և ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների թեկնածուներին:
7.16 ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատում է համայնքի մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների խորհուրդների և վերստուգիչ մարմինների կազմը: Այդ մարմիններում ավագանու առաջադրած ներկայացուցիչների թիվը կարող է լինել միայն կեսից պակաս:
7.17 Հաստատում է առևտրի, հասարակական սննդի և սպասարկման ոլորտի գործունեության համայնքային կանոնները ՝ օրենքով սահմանված կարգով:
7.18 Սահմանում է օրենքով սահմանված տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը:
7.19 Սահմանում է համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը:
7.20 Համայնքի ղեկավարի առաջարկությամբ որոշում է կայացնում համայնքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարելու մասին, հաստատում է դրանց վարձավճարների և օտարման գների չափերը և պայմանները, իսկ հրապարակային սակարկությունների դեպքում՝ մեկնարկային գները:
7.21 Որոշում է կայացնում համայնքային նշանակության փողոցների, պողոտաների, հրապարակների, զբոսայգիների, համայնքային ենթակայության կրթական, մշակութային և այլ հիմնարկների ու կազմակերպությունների անվանման և վերանվանման վերաբերյալ:
7.22 Իր որոշմամբ վավերացնում է ՀՀ և այլ պետությունների համայնքների հետ համագործակցելու մասին պայմանագրերը: Համայնքի գործունեությունը համակարգելու, ինչպես նաև ընդհանուր շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակով որոշում է կայացնում համայնքի հիմնադրած միություններին անդամակցելու և դրանց անդամության վճարները մուծելու մասին:
7.23 Որոշում է կայացնում վարկերի և օրենքով սահմանված կարգով այլ միջոցների ներգրավման վերաբերյալ:
7.24 Որոշում է կայացնում ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներին համայնքի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու կամ պատվավոր կոչումից զրկելու վերաբերյալ:
7.25 Որոշում է կայացնում համայնքի զինանշանի վերաբերյալ:
7.26 Հաստատում է համայնքի ղեկավարի աշխատակազմի և բյուջետային հիմնարկների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը:
7.27 Հաստատում է համայնքի գլխավոր հատակագիծը և գոտևորման փաստաթղթերը, ինչպես նաև «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքով սահմանված քաղաքաշինական այն փաստաթղթերը, որոնց պատվիրատուն է համայնքը:
7.28 Հաստատում է բնակավայրի քաղաքաշինական կանոնադրությունը:
7.29 Հաստատում է համայնքի սեփականության ամենամյա գույքագրման փաստաթղթերը:
7.30 Պետական լիազորված մարմին առաջարկություն է ներկայացնում կամ համաձայնություն է տալիս համայնքի անվանափոխության վերաբերյալ: Համայնքի ավագանին իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով սահմանված այլ լիազորություններ:
8. Համայնքի ավագանու առաջարկությունը համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու մասին
Համայնքի ղեկավարի պաշտոնանկության վերաբերյալ առաջարկությունը կարող է արվել համայնքի ավագանու անդամների՝ օրենքով սահմանված թվի առնվազն մեկ երրորդի գրավոր նախաձեռնությամբ:
Այդ առաջարկությունը համայնքի ավագանին կարող է անել համայնքի ղեկավարի կողմից համայնքի բյուջե փաստացի ստացված եկամուտների սահմաններում պարտադիր լիազորությունները չկատարելու կամ պետության պատվիրակած լիազորություններն անբավարար կատարելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած որոշմամբ անվավեր են ճանաչվել համայնքի ղեկավարի՝ օրենքին կամ իրավական այլ ակտերին հակասող մի շարք որոշումները, կամ առկա է համայնքի ղեկավարի կողմից ավագանու որոշումները պարբերաբար խախտելու վերաբերյալ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած որոշումը:
Այդ նիստին համայնքի ղեկավարի անհարգելի պատճառով չներկայանալու դեպքում համայնքի ավագանին կազմում է արձանագրություն, որը եռօրյա ժամկետում ուղարկվում է Երևանի քաղաքապետին: Արձանագրությունը Երևանի քաղաքապետի համար հիմք է իր կողմից համայնքի ղեկավարի անվստահության գործընթացը նախաձեռնելու համար: Համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու առաջարկությունն ընդունվում է ավագանու անդամների ՝ օրենքով սահմանված թվի ձայների կեսից ավելիով: Որոշումը եռօրյա ժամկետում ուղարկվում է Երևանի քաղաքապետին՝ դրան կցելով համայնքի ղեկավարի կարծիքը:
Համայնքի ավագանին համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու առաջարկությունը կարող է քննարկել համայնքի ղեկավարի լիազորություններն ստանձնելուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո:
9. Համայնքի ավագանու անդամի այլ պաշտոններ զբաղեցնելու սահմանափակումը
Համայնքի ավագանու անդամը չի կարող միաժամանակ՝
1) Աշխատել նույն համայնքի ղեկավարի աշխատակազմում, համայնքի բյուջետային հիմնարկներում, լինել համայնքային հիմնարկների և կազմակերպությունների ղեկավար:
2) Լինել մեկ այլ համայնքի ղեկավար կամ ավագանու անդամ:
3) Աշխատել իրավապահ, պետական անվտանգության և դատական մարմիններում:
Սույն հոդվածով սահմանված, ինչպես նաև զինված ուժերում ծառայելու կամ ծառայության անցնելու դեպքերում համայնքի ավագանու անդամը պարտավոր է մինչև ավագանու հերթական նիստը գրավոր հրաժարվել ավագանու անդամությունից, հակառակ դեպքում նրա լիազորությունները դադարեցվում են:
10. Համայնքի ավագանու անդամի իրավունքները
Համայնքի ավագանու անդամն իրավունք ունի՝
10.1 Առաջարկություններ ներկայացնել ավագանու նիստերի օրակարգի և քննարկվող հարցերի վերաբերյալ:
10.2 Նախապատրաստել և ավագանու քննարկմանը ներկայացնել հարցեր, որոշումների և ուղերձների նախագծեր:
10.3 Համայնքի ղեկավարից պահանջել և ստանալ նրա գործունեության վերաբերյալ պաշտոնական տեղեկանքներ:
10.4 Համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի որոշումները կամ գործողությունները բողոքարկել դատարան, եթե խախտվել են նրա՝ որպես ավագանու անդամի իրավունքները:
10.5 Ստանալ դրամական փոխհատուցում՝ սույն օրենքով սահմանված կարգով իր պարտականություններն իրականացնելու հետևանքով կատարած ծախսերի դիմաց:
10.6 Համայնքի ավագանու անդամը, իր պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ծախսերի դիմաց, իր ցանկությամբ և ավագանու որոշմամբ կարող է ստանալ ամսական դրամական փոխհատուցում՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի ամենամսյա պատգամավորական ծախսերի մինչև 30 տոկոսի չափով:
11. Համայնքի ավագանու անդամի պարտականությունները
Համայնքի ավագանու անդամը պարտավոր է իր գործունեության ընթացքում առաջնորդվել օրենքով և համայնքի բարօրությանն ուղղված համոզմունքով:
Համայնքի ավագանու անդամը պարտավոր է՝
11.1 Մասնակցել ավագանու նիստերին:
11.2 Պարբերաբար հանդիպել համայնքի բնակչության հետ, համայնքի ընտրողներին տեղեկացնել համայնքի ավագանու աշխատանքների մասին:
11.3 Մասնակցել ավագանու կողմից անցկացվող քաղաքացիների ընդունելություններին:
11.4 Չմասնակցել ավագանու այն որոշման քվեարկությանը, որն առնչվում է իր, իր ընտանիքի անդամների և իր մերձավոր բարեկամների (ծնող, քույր, եղբայր, երեխա) շահերին:
11.5 Անհամատեղելի պաշտոններում ընտրվելու կամ նշանակվելու դեպքում անհապաղ գրավոր տեղյակ պահել ավագանուն կամ համայնքի ղեկավարին:
12. Համայնքի ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը
Համայնքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, եթե՝
12.1 Դադարեցվել է նրա՝ ՀՀ քաղաքացիությունը:
12.2 Նա ավագանու անդամության հետ անհամատեղելի պաշտոն է զբաղեցնում:
12.3 Նա մեկ տարվա ընթացքում, անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից:
12.4 Դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով նա անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած է ճանաչվել կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռով նա դատապարտվել է ազատազկրման և կրում է պատիժը:
12.5 Նա հրաժարական է տվել:
12.6 Նա զորակոչվել կամ ծառայության է անցել զինված ուժերում:
12.7 Նա մահացել է:
Բացառությամբ սույն կարգի 12.7 ենթակետի, սույն բաժնով նախատեսված մյուս դեպքերում ավագանու անդամի լիազորությունները դադարեցվում են համայնքի ավագանու հերթական նիստը սկսվելու պահից: Դրա վերաբերյալ համայնքի ավագանին կազմում է արձանագրություն, որն ստորագրում են ավագանու մյուս անդամները կամ համայնքի ղեկավարը:
Սույն կարգի 12.7 ենթակետով նախատեսված դեպքերում ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են ավագանու որոշմամբ: Նիստը գումարելու անհնարինության դեպքում ավագանու մյուս անդամները կազմում են ավագանու անդամի լիազորությունների դադարեցման մասին արձանագրություն:
Ավագանու անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են նաև, եթե օրենքով սահմանված կարգով տվյալ համայնքը վերակազմակերպվում է որպես այլ վարչատարածքային միավոր:
13. Համայնքի ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը
Եթե համայնքի ավագանու անդամի լիազորությունների դադարեցման հետևանքով անհնարին է դառնում համայնքի ավագանու հետագա նիստերի անցկացումը, ապա ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որն ստորագրում են ավագանու մնացած անդամները կամ համայնքի ղեկավարը:
Տվյալ արձանագրությունը Երևանի քաղաքապետի միջոցով ներկայացվում է պետական լիազորված մարմին: ՀՀ կառավարությունը, օրենքով սահմանված կարգով, պետական լիազորված մարմնի ներկայացմամբ նշանակում է ավագանու արտահերթ ընտրություններ: