Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.05.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.09.27/53(856).1 Հոդ.1356.64
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
11.05.2011
Подписан
Նախագահող
Дата подписания
11.05.2011
Дата вступления в силу
11.05.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

գործ թիվ ԿԴ/0003/11/10

ԿԴ/0003/11/10

Նախագահող դատավոր՝  Հ. Տեր-Ադամյան

 

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Դանիելյանի

 

Հ. Ասատրյանի

Հ. Ղուկասյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

   
քարտուղարությամբ

Մ. Պետրոսյանի


մասնակցությամբ
դիմողի ներկայացուցիչ

Վ. Ենոքյանի

 

  2011 թվականի մայիսի 11-ին

 ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2011 թվականի փետրվարի 9-ի որոշման դեմ «Արցախբանկ» ՓԲԸ-ի Սայաթ-Նովա մասնաճյուղի կառավարիչ Զ.Ավետիքյանի և ներկայացուցիչ Վ.Ենոքյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

 

1. Նախաքննության մարմնի 2010 թվականի օգոստոսի 19-ի որոշմամբ «Արցախբանկ» ՓԲԸ-ի «Սայաթ-Նովա» մասնաճյուղի կառավարիչ Զ.Ավետիքյանի դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Վերոնշյալ որոշման դեմ դիմող Զ.Ավետիքյանը բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին:

Կոտայքի մարզի դատախազ Է.Անդրիկյանի 2010 թվականի հոկտեմբերի 14-ի գրությամբ դիմողին հայտնվել է, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին 2010 թվականի օգոստոսի 19-ի որոշումն օրինական է և հիմնավորված:

2. «Արցախբանկ» ՓԲԸ-ի «Սայաթ-Նովա» մասնաճյուղի կառավարչի ժամանակավոր պաշտոնակատար Ա.Տոնոյանը 2010 թվականի նոյեմբերի 19-ին բողոք է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)` խնդրելով վերացնել քրեական գործի հարուցումը մերժելու մասին 2010 թվականի օգոստոսի 19-ի որոշումը:

Առաջին ատյանի դատարանը 2010 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ բողոքը բավարարել է, արձանագրել է անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու՝ վարույթն իրականացնող մարմնի պարտականությունը և վերացրել քրեական գործի հարուցումը մերժելու մասին 2010 թվականի օգոստոսի 19-ի որոշումը:

3. Դատախազ Է.Անդրիկյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2011 թվականի փետրվարի 9-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարել է և բեկանել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին 2010 թվականի օգոստոսի 19-ի որոշումը վերացնելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը:

4. Վերաքննիչ դատարանի 2011 թվականի փետրվարի 9-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք են բերել «Արցախբանկ» ՓԲԸ-ի կառավարիչ Զ.Ավետիքյանը և ներկայացուցիչ Վ.Ենոքյանը:

Վճռաբեկ դատարանի 2011 թվականի մարտի 18-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

 

5. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտի եզրափակիչ մասը շարադրել է հետևյալ կերպ.

«1. Վերաքննիչ բողոքը բավարարել:

2. Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննիչ Հ.Մեհրաբյանի կողմից 19.08.2010թ. կայացված քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացնելու մասին 07.12.2010թ. որոշումը բեկանել:

3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վճռաբեկ դատարան այն ստանալու պահից 15-օրյա ժամկետում» (տե՛ս Նյութեր, հատոր 2, էջ 46):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

6. Բողոքի հեղինակները նշել են, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նյութական և դատավարական իրավունքի խախտումներ: Մասնավորապես, խախտվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 123-րդ, 126-րդ, 127-րդ և 394-րդ հոդվածների պահանջները:

Ի հիմնավորումն իրենց վերոգրյալ փաստարկի՝ բողոքաբերները նշել են, որ Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննիչ բողոքի սահմաններից և անդրադարձել դատավարության մասնակցի իրավունքների ենթադրյալ խախտմանը, որի վերաբերյալ վերաքննիչ բողոք չի բերվել:

Բողոքաբերները նշել են նաև, որ Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել այն հանգամանքին, որ Կոտայքի մարզի ոստիկանությունը, կատարելով քրեադատավարական գործողություններ, զրկել է «Արցախբանկ» ՓԲԸ-ին իր շահերը պաշտպանելու իրավունքից, բացատրություններ տալու, հակափաստարկներ և այլ ապացույցներ ներկայացնելու հնարավորությունից, որի արդյունքում խախտվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածով նախատեսված մրցակցության սկզբունքը:

Բացի այդ, բողոքաբերների պնդմամբ, Վերաքննիչ դատարանի կողմից խախտվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի պահանջները: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանի դատական ակտի եզրափակիչ մասից անհասկանալի է, թե Վերաքննիչ դատարանը բեկանել է Առաջին ատյանի դատական ակտը և գործն ուղարկել է նոր քննության, թե օրինական ուժ է տվել նախաքննության մարմնի որոշմանը:

Բողոքաբերները նշել են նաև, որ Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քրեական օրենսգրքի 345-րդ հոդվածի դիսպոզիցիան, որի արդյունքում փոխվել է հոդվածի իմաստը:

7. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ բողոք բերած անձինք խնդրել են բեկանել Վերաքննիչ դատարանի 2011 թվականի փետրվարի 2-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմանը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

8. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործն ըստ էության չլուծող դատական ակտերի բողոքարկման արդյունքում Վերաքննիչ դատարանի կողմից կայացվող ակտերի շրջանակի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:

9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի 2011 թվականի փետրվարի 9-ի որոշումն արդյո՞ք անորոշ է:

10. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի համաձայն`

«1. Գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերաքննության արդյունքում վերաքննիչ դատարանը`

1) մերժում է վերաքննիչ բողոքը` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ: Այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը, սակայն դատարանի կայացրած գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի պատճառաբանված, սխալ պատճառաբանված կամ չպատճառաբանված է, ապա վերաքննիչ դատարանը պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը.

2) ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վերաքննիչ բողոքը` համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով դատական ակտը: Բեկանված մասով կայացվում է գործն ըստ էության լուծող դատական ակտ, կամ գործն ուղարկվում է համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալը: Չբեկանված մասոով դատական ակտը մտնում է օրինական ուժի մեջ.

3) քաղաքացիական հայցի մասով ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և այդ մասով հաստատում կողմերի հաշտության համաձայնությունը.

4) մասնակիորեն կամ ամբողջությամբ բեկանում և փոփոխում է ստորադաս դատարանի ակտը, եթե ստորադաս դատարանի հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, և եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից.

5) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը կամ առանց քննության է թողնում քաղաքացիական հայցն ամբողջովին կամ դրա մի մասը:

2. Գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքում վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, կամ կայացնում է նոր դատական ակտ, որն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից»:

Մեջբերված քրեադատավարական դրույթի վերլուծությունից երևում է, որ գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքում վերաքննիչ դատարանի կողմից կայացվող որոշումները մանրամասն օրենսդրական կարգավորում են ստացել: Մինչդեռ գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեմ բերված բողոքների քննության արդյունքում վերաքննիչ դատարանի կողմից կայացվող նոր դատական ակտերի կայացմանը վերաբերող օրենսդրական ձևակերպումն անորոշ է, քրեադատավարական օրենքը չի հստակեցնում «նոր դատական ակտ» հասկացությունը և չի սահմանում, թե վերաքննիչ դատարանի որ որոշումներն են համարվում «նոր դատական ակտ»:

11. Նախորդ կետում նշված օրենսդրական անորոշությունից խոսափելու նպատակով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասում շարադրված վերաքննիչ դատարանի լիազորությունները պետք է կիրառելի լինեն գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքում վերաքննիչ դատարանի կողմից կայացվող նոր դատական ակտերի նկատմամբ: Այլ կերպ՝ գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայման արդյունքում նոր դատական ակտ կայացնելիս վերաքննիչ դատարանը պետք է ղեկավարվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված լիազորություններով:

12. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունը և հիմնավորվածությունն ստուգելու արդյունքում Վերաքննիչ դատարանը բեկանել է այն՝ առանց մանրամասնելու գործի հետագա ընթացքը (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

13. Սույն որոշման 11-րդ կետում արտահայտված իրավական դիրքորոշման լույսի ներքո գնահատելով սույն որոշման 12-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումն անորոշ է:

14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Դատարանը (…) արտահայտում է միայն իրավունքի շահերը»:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անորոշ դատական ակտ կայացնելու պարագայում դատարանը խախտում է իրավունքի շահը արտահայտելու իրավական պահանջը:

15. Ելնելով սույն որոշման 10-14-րդ կետերում շարադրված հիմնավորումներից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով դատական ակտ կայացնելիս թույլ է տվել քրեադատավարական օրենքի խախտում: Այդ խախտումն իր բնույթով էական է, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ հոդվածների համաձայն՝ հիմք է կայացված դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար:

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Քրեական գործի հարուցումը մերժելու մասին ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննիչ Հ.Մեհրաբյանի 2010 թվականի օգոստոսի 19-ի որոշումը վերացնելու վերաբերյալ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը բեկանելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2011 թվականի փետրվարի 9-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

Ե. Դանիելյան

Հ. Ասատրյան

 

Հ. Ղուկասյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան