Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.07.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.09.27/53(856).1 Հոդ.1356.4
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
29.07.2011
Подписан
Նախագահող
Дата подписания
29.07.2011
Дата вступления в силу
29.07.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0916/02/08

Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0916/02/08
2011 թ.

Նախագահող դատավոր`  Տ. Նազարյան

     Դատավորներ`  Կ. Հակոբյան 
                                Տ. Սահակյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Սողոմոնյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

2011 թվականի հուլիսի 29-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Վահե Սահակյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.04.2011 թվականի որոշման դեմ` ըստ Վահե Սահակյանի հայցի ընդդեմ Լեոնիդ Ներսիսյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Վահե Սահակյանը պահանջել է բռնագանձել Լեոնիդ Ներսիսյանից 30.000.000 ՀՀ դրամ, ինչպես նաև նշված գումարի երկու ամսվա բանկային տոկոսի դրույքը` 600.000 ՀՀ դրամ:

Երևանի քաղաքացիական դատարանի 02.12.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.03.2009 թվականի որոշմամբ Լեոնիդ Ներսիսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` որոշվել է բեկանել Երևանի քաղաքացիական դատարանի 02.12.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 26.08.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.02.2010 թվականի որոշմամբ Լեոնիդ Ներսիսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` որոշվել է բեկանել Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 26.08.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

Վճռաբեկ դատարանի 21.04.2010 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.02.2010 թվականի որոշման դեմ Վահե Սահակյանի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

Գործի նոր քննության ընթացքում Վահե Սահակյանը պահանջել է բռնագանձել Լեոնիդ Ներսիսյանից 30.000.000 ՀՀ դրամ` որպես փոխառությամբ ստացված գումար, ինչպես նաև նշված գումարի նկատմամբ 24.08.2008 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարումը հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ` ՀՀ կենտրոնական բանկի սահմանած տարեկան բանկային տոկոսի հաշվարկային դրույքաչափով:

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 28.12.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08.04.2011 թվականի որոշմամբ Լեոնիդ Ներսիսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` որոշվել է բեկանել Դատարանի 28.12.2010 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վահե Սահակյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Լեոնիդ Ներսիսյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 39-րդ, 40-րդ, 41-րդ, 42-րդ, 51-րդ, 53-րդ, 54-րդ, 64-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն ամբողջությամբ քննության չի առել գործում առկա ապացույցները, ինչի արդյունքում անտեսել է, որ Վահե Սահակյանը և Լեոնիդ Ներսիսյանը 24.06.2008 թվականին գրավոր ձևով կնքել են փոխառության պայմանագիր, որի համաձայն` Վահե Սահակյանը Լեոնիդ Ներսիսյանին է հանձնել և Լեոնիդ Ներսիսյանը Վահե Սահակյանից ստացել է 30.000.000 ՀՀ դրամ, որը պարտավորվել է վերադարձնել մինչև 24.08.2008 թվականը: Որպես գույքային ապահովում Լեոնիդ Ներսիսյանը ներկայացրել է սեփականության իրավունքով իրեն պատկանող Երևանի Դ. Մալյան նրբանցքի 2-րդ շենքի թիվ 2 բնակարանի սեփականության թիվ 1537620 վկայականն ու նշված բնակարանը գրավի և այլ սահմանափակումների տակ չգտնվելու մասին 24.06.2008 թվականի թիվ 0360532 տեղեկանքը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ 24.06.2008 թվականի փոխառության պայմանագիրը Լեոնիդ Ներսիսյանի կողմից ստորագրված լինելու հանգամանքը հաստատվել է ինչպես «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի, այնպես էլ «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի եզրակացություններով:

Վերաքննիչ դատարանը «Հաշտության պայմանագիր» կոչվող փաստաթուղթը որպես ապացույց գնահատելու հարցի մասով անտեսել է, որ նշված հարցը Դատարանում քննարկվել է, և Դատարանը վերոգրյալ փաստաթուղթը սույն գործով վերաբերելի ապացույց չի համարել, քանի որ այն վեճի առարկային չի վերաբերում:

Ինչ վերաբերում է Լեոնիդ Ներսիսյանի կողմից վկայակոչված մի շարք փաստաթղթերում Վահե Սահակյանի կողմից դրված ստորագրությունները տարբերվելուն և դրանց վերաբերյալ փորձաքննություններ նշանակելու մասին Լեոնիդ Ներսիսյանի հայտարարություններին, ապա այդ մասով Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ նշված հայտարարություններն անհիմն են, քանի որ վերոգրյալ բոլոր փաստաթղթերի տակ ստորագրել է Վահե Սահակյանը:

Իսկ Վահե Սահակյանի կողմից սույն գործով ցուցմունքներ կամ բացատրություններ տալու հարցի մասով Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը նշված հարցին անդրադարձել է և իրավացիորեն մերժել է այդ մասով Լեոնիդ Ներսիսյանի ներկայացրած միջնորդությունը, քանի որ գործում առկա տեղեկանքի համաձայն` Վահե Սահակյանը 2009 թվականից Հայաստանի Հանրապետությունում չի գտնվում:

Այսպիսով, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Լեոնիդ Ներսիսյանն անընդհատ խոչընդոտել և ցանկացել է ձգձգել դատական նիստերն անհիմն միջնորդություններով և դիմումներով:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 08.04.2011 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 28.12.2010 թվականի վճռին:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները

Վահե Սահակյանի փաստարկն այն մասին, որ իր կողմից դատարան ներկայանալը և գործով ապացուցման ենթակա փաստերի վերաբերյալ ցուցմունք տալը պարտադիր չէ, անհիմն է: Վահե Սահակյանի մյուս փաստարկն այն մասին, որ իբրև թե «Հաշտության պայմանագիր» վերնագրով փաստաթուղթը կազմել է պատասխանող կողմը, իրականությանը չի համապատասխանում:

Լեոնիդ Ներսիսյանը սույն գործով բազմիցս հայտնել և պնդել է, որ Վահե Սահակյանին չի ճանաչում, վերջինիս երբեք չի տեսել, նրանից փոխառությամբ 30.000.000 ՀՀ դրամ չի ստացել և նրա հետ փոխառության պայմանագիր չի կնքել, իսկ 24.06.2008 թվականով թվագրված «Փոխառության պայմանագիր» վերնագրով փաստաթղթում Լեոնիդ Ներսիսյանի անունից դրված երեք ստորագրությունները վերջինիս կողմից չեն կատարվել և դրանք կեղծված են ընդօրինակման եղանակով:

Հաշվի առնելով, որ գործում առկա Վահե Սահակյանի կողմից 29.08.2008 թվականին և 18.04.2009 թվականին տրված լիազորագրերում, 24.06.2008 թվականի «Փոխառության պայմանագիր» և 25.12.2008 թվականի «Հաշտության պայմանագիր» վերնագրերով փաստաթղթերում, ինչպես նաև Վահե Սահակյանի անվամբ 09.08.2001 թվականին տրված անձնագրում վերջինիս անունից կատարված ստորագրությունների միջև առկա են ակնհայտ էական տարբերություններ, պատասխանող կողմի մոտ առաջացել է հիմնավոր կասկած, որ 24.06.2008 թվականի «Փոխառության պայմանագիր» վերնագրով փաստաթուղթը Վահե Սահակյանի կողմից չի ստորագրվել և նրա ստորագրությունները նույնպես կեղծված են ընդօրինակման եղանակով: Նշվածից ելնելով` պատասխանող կողմը 24.09.2010 թվականի և 25.11.2010 թվականի դատական նիստերի ժամանակ ներկայացրել է միջնորդություններ` գործով ապացուցման ենթակա փաստերի մասին ցուցմունքներ տալու համար Վահե Սահակյանին հարցաքննելու, դատաձեռագրաբանական և դատափաստաթղթաբանական փորձաքննություն նշանակելու, վերջինիս ստորագրությունների և ձեռագրերի ազատ ու փորձառական նմուշներ ստանալու համար նրան Դատարան կանչելու վերաբերյալ, սակայն Դատարանն անհիմն մերժել է այդ միջնորդությունները:

Այսպիսով, Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական է և հիմնավորված, իսկ Վահե Սահակյանի վճռաբեկ բողոքն անհիմն է:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Լեոնիդ Ներսիսյանի և Վահե Սահակյանի միջև 24.06.2008 թվականին կնքված փոխառության պայմանագրի համաձայն` Լեոնիդ Ներսիսյանը Վահե Սահակյանից ստացել է 30.000.000 ՀՀ դրամ, որը պարտավորվել է վերադարձնել մինչև 24.08.2008 թվականը (հատոր 1-ին, գ.թ. 8):

2) «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 20.10.2010 թվականի փորձագետի թիվ 35501001 եզրակացության «Հետևություններ» բաժնի ձեռագրաբանական մասի 1-ին պարբերության համաձայն` փորձաքննությանը տրամադրված 24.06.2008 թվականի փոխառության պայմանագրի հակառակ կողմի վերևի մասում «… որի համար ստորագրում եմ» բառերի դիմաց և ներքևի աջ մասում տեղավորված, ընդհանուր առմամբ թվով 3 ստորագրությունները կատարվել են Լեոնիդ Ներսիսյանի կողմից: Նույն մասի 5-րդ պարբերության համաձայն` հետազոտելի ստորագրություններն ընդօրինակման արդյունք չեն (հատոր 4-րդ, գ.թ. 77-80):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերության համաձայն` փոխառության պայմանագրով մեկ կողմը (փոխատուն) մյուս կողմի (փոխառուի) սեփականությանն է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխատուին վերադարձնել միևնույն գումարի դրամ (փոխառության գումարը) կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք:

Նույն կետի 2-րդ պարբերության համաձայն` փոխառության պայմանագիրը կնքված է համարվում դրամ կամ այլ գույք հանձնելու պահից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 878-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` փոխառության պայմանագիրը կնքվում է գրավոր:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` ի հավաստումն փոխառության պայմանագրի և դրա պայմանների` կարող է ներկայացվել փոխառուի տված ստացականը կամ փոխատուի կողմից փոխառուին որոշակի դրամական գումար կամ որոշակի քանակի գույք տալը հավաստող այլ փաստաթուղթ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 880-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերության համաձայն` փոխառուն պարտավոր է, փոխառության պայմանագրով նախատեսված ժամկետում և կարգով, փոխատուին վերադարձնել ստացված փոխառության գումարը:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` փոխառության գումարը համարվում է վերադարձված այն փոխատուին հանձնելու կամ նրա բանկային հաշվին փոխանցելու պահին, եթե այլ բան նախատեսված չէ փոխառության պայմանագրով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 882-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` փոխառուն իրավունք ունի վիճարկել փոխառության պայմանագիրը, եթե ապացուցում է, որ ինքը փոխատուից իրականում դրամ կամ այլ գույք չի ստացել կամ ստացել է պայմանագրում նշվածից ավելի պակաս քանակով:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ փոխառության պայմանագիրը գրավոր ձևով կնքվող գործարք է, որի ուժով փոխատուն փոխառուին է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխառության պայմանագրով նախատեսված ժամկետում և կարգով փոխատուին վերադարձնել փոխառության գումարը կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք: Փոխառության պայմանագիրը կնքված է համարվում դրանով նախատեսված դրամը կամ այլ գույքը հանձնելու պահից: Փոխառության պայմանագրից բխող իրավահարաբերություններում փոխառուին իրավունք է վերապահված վիճարկել փոխառության պայմանագիրն այն դեպքում, երբ նա ապացուցում է, որ փոխատուից իրականում դրամ կամ այլ գույք չի ստացել կամ ստացել է պայմանագրում նշվածից ավելի պակաս քանակով:

Սույն գործով Դատարանը հայցը բավարարելու հիմքում դրել է այն պատճառաբանությունները, որ ի հավաստումն սույն գործով կողմերի միջև կնքված փոխառության պայմանագրի` Վահե Սահակյանը Լեոնիդ Ներսիսյանին 24.06.2008 թվականին տվել է 30.000.000 ՀՀ դրամ` մինչև 24.08.2008 թվականը վերադարձնելու պայմանով, իսկ Լեոնիդ Ներսիսյանի պնդումը, որ ինքը Վահե Սահակյանի հետ փոխառության պայմանագիր չի կնքել և գործում եղած «Փոխառության պայմանագիր» վերնագրով փաստաթղթում չի ստորագրել, հերքվում է գործում առկա «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետների ձեռագրաբանական և փաստաթղթաբանական կրկնակի, համալիր, հանձնաժողովային փորձաքննության եզրակացությամբ, որով հաստատվել է, որ նշված փոխառության պայմանագրում Լեոնիդ Ներսիսյանի անուն-ազգանվան դիմաց ստորագրությունները կատարվել են նրա կողմից:

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը բավարարելու հիմքում դրել է այն պատճառաբանությունները, որ գործի նոր քննության ընթացքում Դատարանը, հաշվի առնելով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.02.2010 թվականի որոշմամբ մատնանշված դատավարական խախտումների վերացման անհրաժեշտությունը, պետք է նշանակեր կրկնակի դատաձեռագրաբանական փորձաքննություն, հետամուտ լիներ դատական նիստերին Վահե Սահակյանի ներկայանալուն և ցուցմունք տալուն, հրավիրեր և որպես վկա հարցաքններ Արման Սաղաթելյանին, ուսումնասիրեր և համապատասխան գնահատական տար «Հաշտության պայմանագիր» վերնագրված գրավոր ապացույցին, սակայն Դատարանն ըստ էության կատարել է միայն մեկ պահանջը, այն է` նշանակվել է կրկնակի դատաձեռագրաբանական փորձաքննություն, իսկ մյուս խախտումները չի վերացրել: Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ գործի նոր քննության ընթացքում անհրաժեշտություն կառաջանա նշանակել փորձաքննություն` պարզելու համար` արդյոք 24.06.2008 թվականի փոխառության պայմանագրում դրված ստորագրությունները պատկանում են Վահե Սահակյանին, թե` ոչ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի լուծման համար էական նշանակություն ունի Վահե Սահակյանի և Լեոնիդ Ներսիսյանի միջև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի դրույթներին համապատասխան փոխառության պայմանագիր կնքված լինելու հանգամանքի պարզումը:

Սույն գործի փաստերի համաձայն` Լեոնիդ Ներսիսյանի և Վահե Սահակյանի միջև 24.06.2008 թվականին կնքվել է փոխառության պայմանագիր, որով Լեոնիդ Ներսիսյանը Վահե Սահակյանից ստացել է 30.000.000 ՀՀ դրամ, որը պարտավորվել է վերադարձնել մինչև 24.08.2008 թվականը, իսկ «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 20.10.2010 թվականի փորձագետի թիվ 35501001 եզրակացությամբ հետևություն է արվել այն մասին, որ փորձաքննությանը տրամադրված 24.06.2008 թվականի փոխառության պայմանագրի հակառակ կողմի վերևի մասում «… որի համար ստորագրում եմ» բառերի դիմաց և ներքևի աջ մասում տեղավորված, ընդհանուր առմամբ թվով 3 ստորագրությունները կատարվել են Լեոնիդ Ներսիսյանի կողմից:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործում առկա ապացույցներով հաստատվում է, որ Վահե Սահակյանի` փոխատուի և Լեոնիդ Ներսիսյանի` փոխառուի միջև 24.06.2008 թվականին գրավոր ձևով կնքվել է փոխառության պայմանագիր, որով Վահե Սահակյանը` փոխատուն, Լեոնիդ Ներսիսյանին` փոխառուին է հանձնել 30.000.000 ՀՀ դրամ, իսկ Լեոնիդ Ներսիսյանը` փոխառուն, պարտավորվել է 24.06.2008 թվականի փոխառության պայմանագրով նախատեսված ժամկետում` մինչև 24.08.2008 թվականը, Վահե Սահակյանին` փոխատուին վերադարձնել փոխառության գումարը` 30.000.000 ՀՀ դրամը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշել է գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա, իսկ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները չէին կարող հիմք հանդիսանալ Դատարանի` ըստ էության ճիշտ վճիռը բեկանելու համար:

Մասնավորապես` Արման Սաղաթելյանին որպես վկա հրավիրելու և հարցաքննելու, «Հաշտության պայմանագիր» վերնագրված գրավոր ապացույցն ուսումնասիրելու և համապատասխան գնահատական տալու, ինչպես նաև 24.06.2008 թվականի փոխառության պայմանագրում դրված ստորագրությունները Վահե Սահակյանին պատկանելու հարցի պարզման վերաբերյալ փորձաքննություն նշանակելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում, քանի որ փոխառության պայմանագրից բխող իրավահարաբերություններում փոխառուին իրավունք է վերապահված վիճարկել փոխառության պայմանագիրն այն հիմքով, որ փոխատուից իրականում դրամ կամ այլ գույք չի ստացել կամ ստացել է պայմանագրում նշվածից ավելի պակաս քանակով: Սակայն, սույն գործով Լեոնիդ Ներսիսյանը 24.06.2008 թվականի փոխառության պայմանագիրը չի վիճարկել, իսկ նշված հանգամանքները կարող էին էական նշանակություն ունենալ միայն դրա վիճարկման դեպքում:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նշված հոդվածներով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Առաջին ատյանի դատարանի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.04.2011 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 28.12.2010 թվականի վճռին:

2. Լեոնիդ Ներսիսյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 900.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար հետաձգված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ե. Սողոմոնյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան