Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.07.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.09.27/53(856).1 Հոդ.1356.42
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
01.07.2011
Подписан
Նախագահող
Дата подписания
01.07.2011
Дата вступления в силу
01.07.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի վճիռ

Վարչական գործ թիվ ՎԴ/4491/05/09

Վարչական գործ թիվ ՎԴ/4491/05/09
2011 թ.

Նախագահող դատավոր՝ Ք. Մկոյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Մ. Դրմեյանի

 

Վ. Աբելյանի

 

Ա. Բարսեղյանի

Գ. Հակոբյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2011 թվականի հուլիսի 1-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Վերգուշ Վարդանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 19.07.2010 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Վերգուշ Վարդանյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունու տարածքային ստորաբաժանման (այսուհետ՝ Կադաստր), երրորդ անձինք Եղիշ Թորոսյանի, Միշա Գրիգորյանի` Կադաստրի 10.08.2009 թվականի թիվ Թ1Կ-04/3-6486 գրությունը, Եղիշ Թորոսյանի անվամբ սեփականության իրավունքի գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու և Վերգուշ Վարդանյանի սեփականության իրավունքը գրանցելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Վերգուշ Վարդանյանը պահանջել է անվավեր ճանաչել Կադաստրի կողմից տրված 10.08.2009 թվականի թիվ Թ1Կ-04/3-6486 պատասխանը, Երևանի Վ. Շենգավիթի 1-ին փողոցի 27 հասցեում գտնվող 11,7 քմ մակերեսով տանիքի տակ գտնվող նկուղի և 19,95քմ մակերեսով սենյակի` 23,4քմ սենյակին հարող պատի կեսի նկատմամբ Եղիշ Թորոսյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը, ինչպես նաև Կադաստրին պարտավորեցնել գրանցելու Վերգուշ Վարդանյանի սեփականության իրավունքը Երևանի Վ. Շենգավիթի 1-ին փողոցի 27 հասցեում գտնվող, նրան պատկանող անշարժ գույքի նկատմամբ` համաձայն նրա անվամբ սեփականության իրավունքի նախորդ գրանցման, ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի՝ 18.06.2007 թվականի թիվ 07-479 օրինական ուժի մեջ մտած վճռի, ինչպես նաև 192քմ հողամասի մաս կազմող 11,7 քմ մակերեսով հողամասում գտնվող 11,7քմ տանիքի տակ գտնվող նկուղի և 19,95քմ մակերեսով սենյակի` 23,4 սենյակին հարող պատի կեսի նկատմամբ։

ՀՀ վարչական դատարանի 19.07.2010 թվականի (այսուհետ` Դատարան) վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ անվավեր է ճանաչվել Կադաստրի 10.08.2009 թվականի թիվ Թ1Կ-04/3-6486 գրությունը, իսկ հայցը մնացած մասով մերժվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վերգուշ Վարդանյանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Եղիշ Թորոսյանի, Միշա Գրիգորյանի ներկայացուցիչ Գրիգոր Քալաշյանը։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 8-րդ, 42-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին կետը, 163-րդ, 274-րդ հոդվածները, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանի վճիռն օրինական և հիմնավորված չէ, քանի որ, չնայած նրան, որ Դատարանն անվավեր է ճանաչել Կադաստրի 10.08.2009 թվականի թիվ Թ1Կ-04/3-6486 գրությունը՝ գտնելով, որ այն ընդունվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի, 57-րդ, 63-րդ հոդվածների պահանջների խախտմամբ, սակայն Վերգուշ Վարդանյանի սեփականության իրավունքի գրանցումը մերժել է՝ պատճառաբանելով, որ ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի համաձայն՝ պետական գրանցման մերժման հիմք է նաև պետական գրանցման վճարի անդորրագրերի բացակայությունը»։

Այսինքն՝ Դատարանը, անվավեր ճանաչելով վարչական մարմնի՝ պետական գրանցումը մերժելու վերաբերյալ գրությունը, ընդունել է, որ հողատարածքի վերաբերյալ իրավահաստատող փաստաթղթերը ներկայացված են, հաշվի չի առել այն հանգամանքը, որ վճարումները չեն կատարվել միայն պատասխանողի մեղքով, քանի որ հայցվորը, ինչպես երևում է Կադաստրին հասցեագրված 06.08.2009 թվականի դիմումից, պատրաստակամություն է հայտնել գումարը վճարելու, սակայն Կադաստրի կողմից գումարի չափը նրան չի հայտնվել։

Դատարանը, հակասելով իր իսկ եզրահանգմանը, վճարման համար պատասխանողի կողմից ստեղծված խոչընդոտը վերացնելուն և սեփականության իրավունքը գրանցելուն պարտավորեցնելու փոխարեն, առանց որևէ փաստական և իրավական հիմնավորման, հայցի՝ սեփականության իրավունքը գրանցելուն պարտավորեցնելու պահանջը մերժել է։

Ինչ վերաբերում է Եղիշ Թորոսյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու պահանջին, ապա Դատարանն այն մերժել է՝ պատճառաբանելով, որ Եղիշ Թորոսյանի սեփականության իրավունքի գրանցումը կատարվել է Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 05.09.2005 թվականի վճռի հիմքով, հետևաբար այն իրավաչափ է։ Սակայն Դատարանը հաշվի չի առել, որ այդ վճռով Եղիշ Թորոսյանին նկուղ չի տրվել։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ վարչական դատարանի 19.07.2010 թվականի վճռի հայցը մերժելու մասը և այն փոփոխել` հայցապահանջը բավարարել, կամ գործն ուղարկել նոր քննության։

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 13.05.2011 թվականի վճռով անվավեր է ճանաչվել նույն դատարանի 13.12.2005 թվականի թիվ 2-5972 վճռի հիմքում ընկած ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Էրեբունի» տարածքային ստորաբաժանման կողմից 17.11.2005 թվականին տրված թիվ 04/4-5371 տեխնիկական եզրակացությունը։ Առկա է 23.02.2010 թվականին տրված թիվ 26361007 նոր տեխնիկական եզրակացությունը, ըստ որի՝ համասեփականատերերից յուրաքանչյուրի հողամասի չափը կազմել է ոչ թե 192,4քմ, այլ 163,3քմ, ուստի Վերգուշ Վարդանյանի բողոքը ենթակա է մերժել։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. Երևանի Շենգավիթ համայնքի Վ. Շենգավիթ 1-ին փողոցի թիվ 27ա բնակելի տան նկատմամբ, Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 05.09.2005 թվականի թիվ 2-4637 վճռի հիման վրա ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 01011004052 մատյանի թիվ 256 համարի տակ 09.11.2005 թվականին գրանցվել է Եղիշ Թորոսյանի սեփականության իրավունքը և տրվել թիվ 1515088 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականը (հողամասի չափը` 0,02607 հա, շենքի մակերեսը` 122,2 քմ) (հատոր 2-րդ, գ.թ.48-52, 53-57):

2. ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի՝ 18.06.2007 թվականի թիվ 07-479 օրինական ուժի մեջ մտած վճռով Վերգուշ Վարդանյանի հայցն ընդդեմ Եղիշ Թորոսյանի, Արամայիս Օհանջանյանի, Միշա Գրիգորյանի` ընդհանուր գույքում բաժինն առանձնացնելու և սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին բավարարվել է: Վճռվել է «Համատեղ սեփականության իրավունքով Վերգուշ Վարդանյանին, Միշա Գրիգորյանին, Արամայիս Օհանջանյանի իրավահաջորդներին պատկանող` Երևանի Վ. Շենգավիթ 1-ին փողոցի 27 հասցեում գտնվող 770,3քմ մակերեսով ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող հողամասից առանձնացնել և որպես սեփականություն Վերգուշ Վարդանյանին հանձնել վերջինիս կողմից փաստացի օգտագործվող և տիրապետվող 192քմ հողամասը, որի վրա գտնվում է նաև Եղիշ Թորոսյանի նկուղի 11,7քմ մակերեսով տանիքը` ճանաչելով նաև վերջինիս սեփականության իրավունքը նշված 192քմ հողատարածքի վրա առկա 67,7քմ ներքին չափերով շենք-շինությունների նկատմամբ: 16,5քմ մակերեսով տարածքը թողնել Վերգուշ Վարդանյանին` մյուս սեփականատերերի հետ համատեղ օգտագործման իրավունքով: Արամայիս Օհանջանյանի իրավահաջորդներից և Միշա Գրիգորյանից համապարտության կարգով հօգուտ Վերգուշ Վարդանյանի բռնագանձել Վ. Շենգավիթ 1-ին փողոցի 27 հասցեում գտնվող 770,3քմ մակերեսով հողամասից 64քմ մակերեսով հողամասի շուկայական արժեքը» (հատոր 1-ին, գ.թ. 19-21)։

3. ՀՀ վճռաբեկ դատարանի 01.02.2008 թվականի թիվ 3-19/ՎԴ/2008 որոշմամբ Արամայիս Օհանջանյանի իրավահաջորդների՝ Մարինե Հովսեփյանի, Հասմիկ, Աննա, Լիլիթ Օհանջանյանների, Մերի Ստեփանյանի, Հասմիկ Անդրեասյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է մասնակիորեն: ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 18.06.2007 թվականի վճիռը մասնակիորեն բեկանվել և փոփոխել է, վճռի եզրափակիչ մասից հանվել է «Արամայիս Օհանջանյանի իրավահաջորդներին», «Արամայիս Օհանջանյանի իրավահաջորդներից և», ինչպես նաև «համապարտության կարգով» բառերը (հատոր 1-ին, գ.թ. 22-23):

4. Վերգուշ Վարդանյանի 06.08.2009 թվականի սեփականության իրավունքի գրանցում կատարելու մասին դիմումին ի պատասխան Կադաստրի 10.08.2009 թվականի թիվ Թ1Կ-04/3-6486 գրությամբ հայտնվել է, որ «ք. Երևան, Վ. Շենգավիթ, 1-ին փողոց, թիվ 27 տուն հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում կկատարվի ՀՀ ԱԳԿ ՊԿ «Էրեբունի» տարածքային ստորաբաժանում օրենքով սահմանված կարգով պետական գրանցման դիմում ներկայացնելու, նշված հասցեում օգտագործվող 11,7քմ հողատարածքի վերաբերյալ համապատասխան իրավահաստատող փաստաթղթեր ներկայացնելու, ինչպես նաև սահմանված վճարումները կատարելու դեպքում» (հատոր 1-ին, գ.թ. 37, 38):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ՝

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները, որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել, որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:

Սույն գործով Դատարանը Եղիշ Թորոսյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը մասնակի, այն է՝ Երևանի Վ. Շենգավիթի 1-ին փողոցի 27 հասցեում գտնվող 11,7 քմ մակերեսով տանիքի տակ գտնվող նկուղի և 19,95քմ մակերեսով սենյակի` 23,4քմ սենյակին հարող պատի կեսի նկատմամբ անվավեր ճանաչելու պահանջը մերժել է՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ վիճարկվող գրանցման հիմքում դրվել է Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած 05.09.2005 թվականի վճիռը:

Միաժամանակ, Դատարանը, նկատի ունենալով, որ Եղիշ Թորոսյանի անվամբ վիճելի գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջը դատարանի կողմից մերժվում է, իսկ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի համաձայն՝ պետական գրանցման մերժման հիմք է նաև պետական գրանցման վճարի անդորրագրերի բացակայությունը, ապա Դատարանը գտել է, որ հայցվորի կողմից ներկայացված պարտավորեցման հայցը ենթակա է մերժման:

Սույն գործի փաստերի համաձայն` Երևանի Շենգավիթ համայնքի Վ. Շենգավիթ 1-ին փողոցի թիվ 27ա բնակելի տան նկատմամբ Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 05.09.2005 թվականի թիվ 2-4637 վճռի հիման վրա ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 01011004052 մատյանի թիվ 256 համարի տակ 09.11.2005 թվականին գրանցվել է Եղիշ Թորոսյանի սեփականության իրավունքը և տրվել թիվ 1515088 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականը (հողամասի չափը` 0,02607 հա, շենքի մակերեսը` 122,2 քմ):

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած 18.06.2007 թվականի վճռով վճռվել է. «Համատեղ սեփականության իրավունքով Վերգուշ Վարդանյանին, Միշա Գրիգորյանին, Արամայիս Օհանջանյանի իրավահաջորդներին պատկանող` Երևանի Վ. Շենգավիթ 1-ին փողոցի 27 հասցեում գտնվող 770,3քմ մակերեսով ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող հողամասից առանձնացնել և որպես սեփականություն Վերգուշ Վարդանյանին հանձնել վերջինիս կողմից փաստացի օգտագործվող և տիրապետվող 192քմ հողամասը, որի վրա գտնվում է նաև Եղիշ Թորոսյանի նկուղի 11,7քմ մակերեսով տանիքը` ճանաչելով նաև վերջինիս սեփականության իրավունքը նշված 192քմ հողատարածքի վրա առկա 67,7քմ ներքին չափերով շենք-շինությունների նկատմամբ: 16,5քմ մակերեսով տարածքը թողնել Վերգուշ Վարդանյանին` մյուս սեփականատերերի հետ համատեղ օգտագործման իրավունքով»:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքրի 14-րդ հոդվածի համաձայն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, իրավաբանական անձանց և քաղաքացիների համար ու ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվեցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված արդար դատաքննության իրավունքը կդառնա վերացական, եթե պետության իրավական համակարգը թույլ տա, որ դատարանի՝ ի վնաս կողմերից մեկի կայացրած վերջնական, պարտադիր դատական ակտը մնա անկատար: Ավելին, եթե Կոնվեցիայի 6-րդ հոդվածն առանց պաշտպանության թողնի դատական ակտերի ի կատար ածումը, ապա դա, հավանաբար, կհանգեցնի այնպիսի իրողության, որ անհամատեղելի կլինի իրավունքի գերակայության սկզբունքների հետ, որը Պայմանավորվող պետությունները պարտավորվել են պահպանել Կոնվենցիան վավերացնելիս (տես՝ Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 07.05.2002 թվականի վճիռը, կետ 34, Հորնսբին ընդդեմ Հունաստանի 19.03.1997 թվականի վճիռը, կետ 40):

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևանի Վ. Շենգավիթի 1-ին փողոցի 27 հասցեում գտնվող 11,7 քմ մակերեսով տանիքի տակ գտնվող նկուղի նկատմամբ Եղիշ Թորոսյանի սեփականության իրավունքի պետական գրանցումն իրավաչափ է:

Ինչ վերաբերում է պարտավորեցման պահանջի մասով բողոք բերած անձի փաստարկին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ՝

Սույն գործով պարտավորեցման պահանջով Վերգուշ Վարդանյանը պահանջել է նաև պարտավորեցնել Կադաստրին գրանցելու Երևանի Վ. Շենգավիթի 1-ին փողոցի 27 հասցեում գտնվող, նրան պատկանող անշարժ գույքի նկատմամբ՝ համաձայն ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած 18.06.2007 թվականի վճռի: Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած 18.06.2007 թվականի վճռով որպես սեփականություն Վերգուշ Վարդանյանին է հանձնվել նրա կողմից փաստացի օգտագործվող և տիրապետվող 192քմ հողամասը, որի վրա գտնվում է նաև Եղիշ Թորոսյանի նկուղի 11,7քմ մակերեսով տանիքը, ճանաչվել է նաև նրա սեփականության իրավունքը նշված 192քմ հողատարածքի վրա առկա 67,7քմ ներքին չափերով շենք-շինությունների նկատմամբ: 16.5քմ մակերեսով տարածքը թողնվել է Վերգուշ Վարդանյանին` մյուս սեփականատերերի հետ համատեղ օգտագործման իրավունքով։

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոնշյալ դատական ակտով ճանաչվել է Վերգուշ Վարդանյանի սեփականության իրավունքը 192քմ հողամասի նկատմամբ: Այսինքն` վերոնշյալ հողատարածքի նկատմամբ Վերգուշ Վարդանյանի սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:

Ինչ վերաբերում է Դատարանի այն պատճառաբանությանը, որ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի համաձայն՝ պետական գրանցման մերժման հիմք է նաև պետական գրանցման վճարի անդորրագրերի բացակայությունը, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ՝

ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը:

ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի համաձայն` ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով:

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի համաձայն` պետական գրանցումը մերժվում է, եթե գրանցման համար ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին, այսինքն`

ա. չեն համապատասխանում օրենսդրությանը, կամ դրանցով խախտվել են օրենսդրության պահանջները, կազմված են օրենքով սահմանված կարգին ոչ համապատասխան.

բ. բացակայում է պետական գրանցման վճարի անդորրագիրը.

գ. ներկայացվել են մատիտով գրված, ջնջումներով, ուղղումներով, ինչպես նաև ոչ պատշաճ ձևակերպված փաստաթղթեր:

Արգելվում է այլ պատճառներով գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մերժումը, այդ թվում` աննպատակահարմարության պատճառաբանությամբ:

Վճռաբեկ դատարանն իր` նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի վերլուծությանը:

Մասնավորապես Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Կադաստրը միայն ծագած իրավունքները գրանցող պետական մարմին է և չի կարող անձանց համար սահմանել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով չնախատեսված փաստաթղթեր կամ հիմնավորումներ ներկայացնելու պարտականություններ (տես՝ ըստ Բորիս Մկրտչյանի դիմումի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարաշ տարածքային ստորաբաժանման` պետական մարմնի ապօրինի գործողությունները վիճարկելու պահանջի մասին քաղաքացիական գործով 28.09.2006 թվականի թիվ 3-1640(ՎԴ) որոշումը):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, անվավեր ճանաչելով վարչական մարմնի՝ պետական գրանցումը մերժելու վերաբերյալ 10.08.2009 թվականի թիվ Թ1Կ-04/3-6486 գրությունը, միաժամանակ հակասելով իր իսկ եզրահանգմանը, վճարման համար պատասխանողի կողմից ստեղծված խոչընդոտը վերացնելուն և սեփականության իրավունքը գրանցելուն պարտավորեցնելու փոխարեն, առանց որևէ փաստական և իրավական հիմնավորման, հայցի՝ սեփականության իրավունքը գրանցելուն պարտավորեցնելու պահանջը մերժել է։

Դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Վերգուշ Վարդանյանը Կադաստրին հասցեագրած 06.08.2009 թվականի երրորդ դիմումով պատրաստակամություն է հայտնել կատարել «սահմանված վճարումները», սակայն Կադաստրը 10.08.2009 թվականի գրությամբ մերժել է Վերգուշ Վարդանյանի սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելը նաև «սահմանված վճարումները» չկատարելու պատճառաբանությամբ: Ընդ որում, Դատարանը որևէ միջոց չի ձեռնարկել ճշտելու համար, թե վարչական մարմինն ինչ է նկատի ունեցել «սահմանված վճարումները» արտահայտությունը կիրառելիս, արդյոք դա վերաբերել է պետական գրանցման վճարներին, թե այլ վճարումներին։

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի մասնակիորեն հիմնավոր լինելը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ ՀՕ-135-Ն օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ և 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը մասնակիորեն բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ և 118.3-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

 ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 19.07.2010 թվականի վճռի` սեփականության իրավունքի գրանցումը պարտավորեցնելու վերաբերյալ Վերգուշ Վարդանյանի հայցը մերժելու մասը և գործն այդ մասով ուղարկել նույն դատարան` նոր քննության: Վճռի մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Մ. Դրմեյան

Վ. Աբելյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան