ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական Վարչական գործ թիվ ՎԴ/4394/05/09 |
Վարչական գործ թիվ ՎԴ/4394/05/09 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ե. Սողոմոնյանի | |
|
Վ. Աբելյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
|
Ա. Բարսեղյանի | |
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի |
2011 թվականի հուլիսի 29-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ըստ Շավարշ, Ռայա և Վրեժիկ Մկրտչյանների, Նելլի, Հրայր, Սաշիկ և Ջուլիետա Զախարյանների, Արշալույս Մինասյանի, Ավագ, Արկադիա, Արտավազդ և Աննա Գևորգյանների հայցի ընդդեմ ՀՀ Կառավարության` ՀՀ Կառավարության 26.06.2009 թվականի թիվ 944-Ն որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով Վճռաբեկ դատարանի 05.05.2010 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ Շավարշ, Ռայա և Վրեժիկ Մկրտչյանների, Նելլի, Հրայր, Սաշիկ և Ջուլիետա Զախարյանների, Արշալույս Մինասյանի, Ավագ, Արկադիա, Արտավազդ և Աննա Գևորգյանների վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` հայցվորները պահանջել են անվավեր ճանաչել ՀՀ Կառավարության 26.06.2009 թվականի թիվ 944-Ն որոշումը:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 01.03.2010 թվականի որոշմամբ հայցը մերժվել է:
Վճռաբեկ դատարանի 05.05.2010 թվականի որոշմամբ Դատարանի 01.03.2010 թվականի որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքը վերադարձվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Շավարշ, Ռայա և Վրեժիկ Մկրտչյանները, Նելլի, Հրայր, Սաշիկ և Ջուլիետա Զախարյանները, Արշալույս Մինասյանը, Ավագ, Արկադիա, Արտավազդ և Աննա Գևորգյանները:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Սույն գործով առկա է նոր հանգամանք:
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.
Վճռաբեկ դատարանը, 05.05.2010 թվականի որոշմամբ վերադարձնելով վճռաբեկ բողոքը և անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածի խախտման վերաբերյալ պատճառաբանությանը, հղում է կատարել նույն օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասին և նշել, որ այն դատավարական նորմ է, իսկ նորմատիվ իրավական ակտի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի դատական ակտերը վճռաբեկ դատարան կարող են բողոքարկվել միայն նյութական իրավունքի խախտման հիմքով: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը դատավարական իրավունքի խախտման հիմքով վճռաբեկ բողոքը քննության ընդունելու վերաբերյալ նշված հիմնավորումը չի քննարկել:
ՀՀ Սահմանադրական դատարանի 08.02.2011 թվականի թիվ ՍԴՈ-936 որոշմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասն այն մասով, որով արգելափակվում է անձի իրավունքը` դատավարական իրավունքի նորմի խախտման հիմքով բողոքարկելու նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի դատական ակտերը, ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 3-րդ, 18-րդ և 19-րդ հոդվածներին հակասող և անվավեր: Նույն որոշմամբ սահմանվել է, որ ՀՀ Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Այսինքն` ՀՀ Սահմանադրական դատարանի 08.02.2011 թվականի թիվ ՍԴՈ-936 որոշումը սույն գործով նոր հանգամանք է, քանի որ նշված որոշմամբ ՀՀ Սահմանադրությանը հակասող է ճանաչվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասն այն մասով, որ մասով կիրառել է Վճռաբեկ դատարանը 05.05.2010 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ` չքննարկելով դատավարական իրավունքի խախտման հիմքով բողոքը քննության ընդունելու վերաբերյալ հիմնավորումը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են «Վճռաբեկ դատարանի 05.05.2010 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը բեկանել և փոփոխել` Դատարանի 01.03.2010 թվականի որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքն ընդունել քննության»:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Վճռաբեկ դատարանը, 05.05.2010 թվականի որոշմամբ վերադարձնելով Դատարանի 01.03.2010 թվականի որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքը, դատավարական իրավունքի նորմերի խախտման հիմքը քննության առարկա չի դարձրել այն պատճառաբանությամբ, որ. «Ինչ վերաբերում է Դատարանի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմերի խախտման մասին բողոք բերած անձի հիմնավորմանը, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի դատական ակտերը կարող են բողոքարկվել Վճռաբեկ դատարան միայն նյութական իրավունքի խախտման հիմքով: Հետևաբար Վճռաբեկ դատարանը դատավարական իրավունքի խախտման հիմքով բողոքը քննության ընդունելու վերաբերյալ նշված հիմնավորումը չի քննարկում»:
2) ՀՀ Սահմանադրական դատարանի 08.02.2011 թվականի «Քաղաքացիներ Շավարշ, Ռայա Մկրտչյանների և այլոց դիմումի հիման վրա` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով» թիվ ՍԴՈ-936 որոշման եզրափակիչ մասի 1-ին կետով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասն այն մասով, որով արգելափակվում է անձի իրավունքը` դատավարական իրավունքի նորմի խախտման հիմքով բողոքարկելու նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի դատական ակտերը, ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 3-րդ, 18-րդ և 19-րդ հոդվածներին հակասող և անվավեր: Նույն որոշման եզրափակիչ մասի 2-րդ կետով սահմանվել է, որ ՀՀ Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
1. Քննելով վճռաբեկ բողոքը նոր հանգամանքի հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական կամ վերաքննիչ դատարանի` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտերը վերանայվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված հիմքերով և կարգով:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վարչական դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի` ուժի մեջ մտած որոշմամբ ամբողջությամբ կամ մի մասով հակասահմանադրական է ճանաչվել այն օրենքը կամ իրավական ակտը, որը կիրառել է դատարանը:
Սույն գործով Վճռաբեկ դատարանը, 05.05.2010 թվականի որոշմամբ վերադարձնելով Դատարանի 01.03.2010 թվականի որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքը, մասնավորապես արձանագրել է, որ. «Ինչ վերաբերում է Դատարանի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմերի խախտման մասին բողոք բերած անձի հիմնավորմանը, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի դատական ակտերը կարող են բողոքարկվել Վճռաբեկ դատարան միայն նյութական իրավունքի խախտման հիմքով: Հետևաբար Վճռաբեկ դատարանը դատավարական իրավունքի խախտման հիմքով բողոքը քննության ընդունելու վերաբերյալ նշված հիմնավորումը չի քննարկում»:
ՀՀ Սահմանադրական դատարանի 08.02.2011 թվականի թիվ ՍԴՈ-936 որոշման եզրափակիչ մասի 1-ին կետով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասն այն մասով, որով արգելափակվում է անձի իրավունքը` դատավարական իրավունքի նորմի խախտման հիմքով բողոքարկելու նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի դատական ակտերը, ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 3-րդ, 18-րդ և 19-րդ հոդվածներին հակասող և անվավեր, իսկ նույն որոշման եզրափակիչ մասի 2-րդ կետով սահմանվել է, որ ՀՀ Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ Սահմանադրական դատարանի 08.02.2011 թվականի թիվ ՍԴՈ-936 որոշումը սույն գործով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված նոր հանգամանք է և Վճռաբեկ դատարանի 05.05.2010 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշման` Վճռաբեկ դատարանի կողմից դատավարական իրավունքի խախտման մասով վճռաբեկ բողոքի հիմքը քննության առարկա չդարձնելու մասը վերանայելու հիմք է:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին կետի ուժով վճռաբեկ բողոքը մասնակիորեն բավարարելու համար:
2. Քննելով դատավարական իրավունքի խախտման հիմքով Դատարանի 01.03.2010 թվականի որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
Դատարանի 01.03.2010 թվականի որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքում, որպես Դատարանի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմերի խախտման հիմնավորում, նշվել է այն հանգամանքը, որ Դատարանը, գործը քննելով գրավոր ընթացակարգով, խախտել է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված` գործի հրապարակային դատաքննության իրավունքը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածի համաձայն` նույն օրենսգրքի 135-րդ հոդվածով նախատեսված գործերը դատարանը քննում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ գործը դատարանի գնահատմամբ ձեռք է բերել հասարակական մեծ հնչեղություն, կամ դրա բանավոր դատաքննությունը կնպաստի գործի հանգամանքների առավել արագ բացահայտմանը:
Սույն գործով Դատարանը, քննարկելով հայցվորների 01.03.2010 թվականի դիմում-միջնորդությունը, պատճառաբանել է, որ Դատարանը գործը քննել է գրավոր ընթացակարգով` հաշվի առնելով, որ գործով առկա չեն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածով սահմանված բանավոր քննության համար անհրաժեշտ հիմքերը: Մասնավորապես` բանավոր ընթացակարգով գործերի քննությունը կարող է տեղի ունենալ, երբ գործը դատարանի գնահատմամբ ձեռք է բերել հասարակական մեծ հնչեղություն կամ դրա բանավոր դատաքննությունը կնպաստի գործի հանգամանքների առավել արագ բացահայտմանը: Ներկայացված հայցադիմումով Դատարանը նման անհրաժեշտություն չի գտել, քանի որ Դատարանի գնահատմամբ նշված գործը չի ունեցել հասարակական մեծ հնչեղություն: Ինչ վերաբերում է գործի հանգամանքների առավել արագ բացահայտմանը, ապա կողմերը դատարանին են ներկայացրել իրենց տիրապետման տակ առկա փաստաթղթերը, և նրանց իրավունքների որևէ սահմանափակում տեղի չի ունեցել:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցվորների 01.03.2010 թվականի դիմում-միջնորդությունը մերժելու մասով Դատարանի եզրահանգումը պատճառաբանված և հիմնավոր է, իսկ այդ մասով ներկայացրած վճռաբեկ բողոքում բերված փաստարկներն անհիմն են և չեն կարող հիմք հանդիսանալ վճռաբեկ բողոքը բավարարելու համար, քանի որ սույն գործով չի հիմնավորվում գործը բանավոր ընթացակարգով քննելու համար անհրաժեշտ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածով սահմանված դեպքերից որևէ մեկի առկայությունը, այն է` գործը հասարակական մեծ հնչեղություն ձեռք բերելու կամ դրա բանավոր դատաքննությունը գործի հանգամանքների առավել արագ բացահայտմանը նպաստելու հանգամանքները:
Վճռաբեկ դատարանը նման եզրահանգման համար հիմք է ընդունում նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումը: Մասնավորապես` Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Պիտեր Բլեդն ընդդեմ Շվեդիայի (դիմում թիվ 46125/06) գործով 10.11.2009 թվականի վճռով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով հրապարակային դատաքննության վերաբերյալ արտահայտել է իրավական դիրքորոշում այն մասին, որ հանգամանքների բացառիկությունը, որը կարող է արդարացնել բանավոր լսումների բացակայությունը, ըստ էության բխում է վեճի բնույթից, որը որոշվում է համապատասխան ազգային դատարանների կողմից, այլ ոչ թե նման իրավիճակներում գործերի հաճախականությունից: Ելնելով նշված իրավական դիրքորոշումից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանը տվյալ գործով գտել է, որ դատարանների կողմից որոշվող իրավունքի հարցը կարող է լուծվել դիմողի ներկայացրած գրավոր դիմումներով և որ այստեղ եղել են բացառիկ հանգամանքներ, որոնք արդարացրել են նույն գործով հրապարակային դատաքննության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ, 204.30-րդ, 204.33-րդ և 204.38-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Շավարշ, Ռայա և Վրեժիկ Մկրտչյանների, Նելլի, Հրայր, Սաշիկ և Ջուլիետա Զախարյանների, Արշալույս Մինասյանի, Ավագ, Արկադիա, Արտավազդ և Աննա Գևորգյանների` նոր հանգամանքի հիմքով բերված վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Վերանայել ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 05.05.2010 թվականի որոշման` Վճռաբեկ դատարանի կողմից դատավարական իրավունքի խախտման մասով վճռաբեկ բողոքի հիմքը քննության առարկա չդարձնելու մասը:
2. Շավարշ, Ռայա և Վրեժիկ Մկրտչյանների, Նելլի, Հրայր, Սաշիկ և Ջուլիետա Զախարյանների, Արշալույս Մինասյանի, Ավագ, Արկադիա, Արտավազդ և Աննա Գևորգյանների` դատավարական իրավունքի խախտման հիմքով բերված վճռաբեկ բողոքը մերժել` ՀՀ վարչական դատարանի 01.03.2010 թվականի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Ե. Սողոմոնյան | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան |